ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍԴ/0015/01/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.02.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Սյունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Ն. Օհանյան

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

ՍԴ/0015/01/23

նախագահող դատավոր՝

 Ա.Բեկթաշյան

դատավորներ՝

 Մ.Մելքոնյան

 Ա.Մաթևոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ավետիսյանի

 

Հ. Գրիգորյանի

Լ. Թադևոսյանի

Ա. պողոսյանի

 

21 փետրվարի 2025 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Սեյեդ Ալիռեզա Սեյեդ Ռեզայի Մուսավիանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 84115022 քրեական վարույթը։

2022 թվականի նոյեմբերի 9-ին Ս.Մուսավիանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։

Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ Ս.Մուսավիանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

2023 թվականի փետրվարի 20-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի մարտի 9-ի դատավճռով մեղադրյալ Ս.Մուսավիանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցվել է Ս.Մուսավիանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը` 1 (մեկ) օրը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով իրավասու մարմնի վրա։

3. Դատախազ Է.Պետրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 9-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա և որի արդյունքում մեղադրյալ Ս.Մուսավիանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

Բողոք բերած անձը գտել է, որ Ս.Մուսավիանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ չեն գնահատվել վերջինիս արարքի բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը։ Այս առնչությամբ բողոքաբերը նշել է, որ մեղադրյալը թմրամիջոցի մաքսանենգությունը կատարել է իր կնոջ ներգրավմամբ և Իրանի Իսլամական Հանրապետությունից վերջինիս անվամբ առաքանին ուղարկելիս տեղյակ չի պահել թմրամիջոցի առկայության մասին։

Միևնույն ժամանակ, բողոքաբերը գտել է, որ Ս.Մուսավիանի կողմից մեղքի ընդունումը, խոստովանական ցումունք տալը և դատապարտված չլինելը բավարար չէին պատիժը պայմանականորեն չկիրառելու համար։

5.1. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Ս.Մուսավիանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս չի պահպանվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դրույթները և 3 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու պայմաններում որևէ պարտականություն չի նշանակվել, որոնք կոչված են նպաստելու անձի վերասոցիալականացմանը և փորձաշրջան սահմանելիս պարտադիր ենթակա են նշանակման։

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է մեղադրյալ Ս.Մուսավիանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու ազատազրկման ձևով նշանակված պատիժը՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ս.Մուսավիանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ «(…) նա Իրանի Իսլամական Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության մաքսային և ՀՀ պետական սահմանով՝ դեպի Հայասատանի Հանրապետության տարածք մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ապօրինի տեղափոխել է զգալի չափերով՝ 10,89 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Այսպես.

Սեյեդ Ալիռեզա Սեյեդ Ռեզա Մուսավիանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվելու ընթացքում, գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ձեռք է բերել զգալի չափերով՝ 10,89 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ապօրինի Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու նպատակով, փաթեթավորել է պոլիէթիլենային թաղանթով, տեղադրել պահպանակի մեջ և թաքցրել տոմատի մածուկի պարունակությամբ պլաստմասե տարայում, որից հետո այն տեղադրել է կենցաղային ապրանքներով լի ստվարաթղթե արկղի մեջ, պատրաստել առաքանի, ապա ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռեզա Գհոլի Հաջիզադեհին պատվիրել է այն տեղափոխել Հայաստանի Հանրապետություն՝ որպես առաքանու ստացող հայտնելով իր կնոջ՝ Սեյեդեհ Աթիյեհ Մոհամմադզադեհ Զիյաբարի տվյալները:

2022թ. հոկտեմբերի 31-ին Ռեզա Գհոլի Հաջիզադեհը իր «Սկանիա» մակնիշի իրանական 88SD869 պետհամարանիշի ավտոբուսով Իրանի Իսլամական Հանրապետությունից հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Նույն օրը՝ ժամը 4։30-ի սահմաններում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչություն Մեղրիի մաքսային կետ-բաժնում, մաքսային ծառայության աշխատակիցների կողմից մաքսային հսկողության շրջանակներում «Սկանիա» մակնիշի իրանական 88SD869 պետհամարանիշի ավտոբուսի մեջ գտնվող, Սեյեդ Ալիռեզա Սեյեդ Ռեզա Մուսավիանի կողմից ՀՀ առաքված առաքանին ենթարկվել է մաքսային զննման, որի ընթացքում առաքանու մեջ գտնվող տոմատի մածուկով լի տարայի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված զգալի չափերով՝ 10,89 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը»1։

8. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ Ս.Մուսավիանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով, արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը որպես մեղադրյալ Սեյեդ Ալիռեզա Մուսավիանի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը (…):

Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Սեյեդ Ալիռեզա Մուսավիանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն։

(…)

Մեղադրյալ Սեյեդ Ալիռեզա Մուսավիանի նկատմամբ նշանակվելիք պատժատեսակների, պատժաչափերի, պատիժը կրելու նպատակահարմարության (…) հարցերի վերաբերյալ Դատարանն արձանագրում է հետևյալը.

- Սեյեդ Ալիռեզա Մուսավիանին մեղսագրված հանցագործության առարկան «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն է, որը, համեմատաբար նվազ վտանգավորություն ունեցող թմրամիջոցի տեսակ է։

- Սեյեդ Ալիռեզա Մուսավիանի անձը բնութագրող տվյալները, (…) պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող նշված հանգամանքը և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունն իրենց համակցությամբ բավարար են հանգելու այն հետևության, որ նրա նկատմամբ նպատակահարմար է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 399 հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված ազատազրկում պատժատեսակը՝ 3 (երեք) տարի ժամկետով։ Ավելին, վերը թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են մեղադրյալի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հանցագործությունների կանխմանը, այսինքն՝ Դատարանը նպատակահարմար է գտնում ՀՀ քրեական օրենսգրքի 84 հոդվածի կիրառումը (…)»2։

9. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) մեղադրյալ Սեյեդ Ալիռեզա Մուսավիանին մեղսագրվող հանցագործության առարկան «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը համեմատաբար նվազ վտանգավորություն ունեցող թմրամիջոցի տեսակ է, քանի որ հարաբերականորեն ավելի մեծ քաշն է պատժելի համարվում:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Սեյեդ Ալիռեզա Մուսավիանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կիրառելու նպատակահարմարության հարցը քննարկելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները, այդ թվում՝ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հանգել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ճիշտ հետևության։

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր չհամարելով դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի փաստարկները, հարկ է համարում արձանագրել, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճառաբանությունները կառուցված են տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, և որպես այդպիսին ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար:

Ինչ վերաբերում է դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Սեյեդ Ալիռեզա Սեյեդ Ռեզայի Մուսավիանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս չի պահպանել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դրույթները՝ 3 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու պայմաններում որևէ պարտականություն չի նշանակել, որոնք կոչված են նպաստելու անձի վերասոցիալականացմանը և փորձաշրջան սահմանելիս պարտադիր ենթակա են նշանակման, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ փաստարկն անհիմն է, քանի որ Դատարանը պարտավոր չէ փորձաշրջան սահմանելու պայմաններում պարտադիր որևէ պարտականություն նշանակել (…)»3:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Ս.Մուսավիանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում4: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։

12. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա5` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն6:

ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Թմրամիջոցի (…) մաքսանենգությունը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով դրանք ապօրինի տեղափոխելը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը կամ սահմանափակումը խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»:

13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Ս.Մուսավիանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ նա Իրանի Իսլամական Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության մաքսային և ՀՀ պետական սահմանով՝ դեպի Հայասատանի Հանրապետության տարածք մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ապօրինի տեղափոխել է զգալի չափերով՝ 10.89 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց7:

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ս.Մուսավիանին մեղսագրված հանցագործության առարկան «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն է, որը, համեմատաբար նվազ վտանգավորություն ունեցող թմրամիջոցի տեսակ է։

Ըստ Առաջին ատյանի դատարանի՝ Ս.Մուսավիանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը` առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունն էականորեն նվազեցնում են մեղադրյալի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակներին8։

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 9-ի դատավճիռը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ։

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով դատախազի փաստարկի հետ, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը պարտավոր չէր փորձաշրջան սահմանելու պայմաններում պարտադիր որևէ պարտականություն նշանակել9։

14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Ս.Մուսավիանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները, ինչպես նաև ստորադաս դատարանների դատական ակտերը կայացնելուց հետո մեղադրյալ Ս.Մուսավիանի երեխա ունենալու հանգամանքը10 բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ս.Մուսավիանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Ս.Մուսավիանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները, ինչպես նաև ստորադաս դատարանների դատական ակտերը կայացնելուց հետո մեղադրյալ Ս.Մուսավիանի երեխա ունենալու հանգամանքը ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Մուսավիանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկի՝ թմրամիջոցի մաքսանենգություն,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը, գործելով ուղղակի դիտավորությամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության մաքսային և ՀՀ պետական սահմանով՝ դեպի Հայասատանի Հանրապետության տարածք, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ապօրինի տեղափոխել է թմրամիջոց,

գ) թմրամիջոցի մաքսանենգության առարկայի չափը, այն, որ մեղադրյալին մեղսագրվում է զգալի չափերով՝ 10.89 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն, որն առավել մոտ է թմրամիջոցի տվյալ տեսակի զգալի չափի վերին շեմին,

դ) հանցագործության եղանակը, այն, որ մեղադրյալը թմրամիջոցը, ապօրինի ՀՀ տեղափոխելու նպատակով, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, թաքցրել է տոմատի մածուկի պարունակությամբ պլաստմասե տարայում, որից հետո այն տեղադրել է կենցաղային ապրանքներով լի ստվարաթղթե արկղի մեջ, պատրաստել առաքանի, ապա ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնող՝ Ռ.Հաջիզադեհին պատվիրել է այն տեղափոխել ՀՀ՝ որպես առաքանու ստացող հայտնելով իր կնոջ՝ Ս.Զիյաբարի տվյալները:

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Ս.Մուսավիանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։

17 Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Մուսավիանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

18. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ դատարանը պարտավոր չէ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատապարտյալի վրա պարտադիր որևէ պարտականություն դնել՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում նշված փաստարկին՝ հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասից ուղղակիորեն բխում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը դատապարտյալի վրա դնում է մեկ կամ մի քանի պարտականություն։

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Ս.Մուսավիանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։ Ուստի, անհրաժեշտ է Ս.Մուսավիանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված ու ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ` սահմանված 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով ազատազրկումը` պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Սեյեդ Ալիռեզա Սեյեդ Ռեզայի Մուսավիանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մարտի 9-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշումը փոփոխել։ Սեյեդ Ալիռեզա Սեյեդ Ռեզայի Մուսավիանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված ու նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ սահմանված՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը հաշվել Սեյեդ Ալիռեզա Սեյեդ Ռեզայի Մուսավիանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

________________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 111-112։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 67-77։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 110-121։

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

10 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթ 77։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Հ. Գրիգորյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան