ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր Հ. Դավթյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
ՍԴ3/0003/01/13 | ||||||
|
| |||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ավետիսյանի | |
|
Հ. Գրիգորյանի Լ. Թադևոսյանի Ա. պ ողոսյանի |
|
քարտուղարությամբ՝ |
Գ. ՔՈԼՈԶՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատախազ՝ |
Գ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ |
Ն. ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻ |
|
7 փետրվարի 2025 թվական |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գ.Էլիզբարյանի և տուժողի իրավահաջորդ Վ.Վարյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2012 թվականի փետրվարի 29-ին, ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է թիվ 90851312 քրեական գործը՝ թիվ 38862 զորամասի ԿՍ-19 մարտկոցի կառավարման դասակի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Վանոյի Վարյանի կողմից 2012 թվականի փետրվարի 29-ին, ժամը 10։00-ի սահմաններում, դիտակետում դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի «ԲԼ» 7492 համարի ինքնաձիգից իր ծնոտի ստորին շրջանին կրակոց արձակելու, հրազենային վնասվածքով տեղում մահանալու փաստի առթիվ։
Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել Հովհաննես Աշոտի Հակոբյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), Էրիկ Միքայելի Սարգսյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) և Գևորգ Վիրաբի Մանուկյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով։
2․ 2013 թվականի հունվարի 14-ին, թիվ 90851312 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
3. Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի օգոստոսի 6-ի դատավճռով Հովհաննես Աշոտի Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով։ Հ.Հակոբյանի նկատմամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել՝ արարքի ապաքրեականացման հիմքով։
4. Նույն դատավճռով Էրիկ Միքայելի Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 ամիս ժամկետով։
5. Նույն դատական ակտով դատապարվել է նաև Գևորգ Վիրաբի Մանուկյանը։ Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման՝ 4 ամիս ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցվել է նրա կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը և պատիժը համարվել է կրած։
6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ տուժող Տիգրան Վարյանի իրավահաջորդ Վանո Վարյանի ներկայացուցիչ Ա.Սաքունցի և գործով մեղադրողի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2013 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ իսկ Էրիկ Սարգսյանի մասով դատավճիռը բեկանել է․ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ, ամբաստանյալ Էրիկ Սարգսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեսական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։
7. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ գործով մեղադրողի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Սաքունցի վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ վերադարձվել են։
8. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), 2024 թվականի հունիսի 4-ին, Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրել է վճիռ, որով արձանագրել է Տիգրան Վարյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 2-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի, ինչպես նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտումներ։
9. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գ.Էլիզբարյանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի՝ Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով 2024 թվականի հունիսի 4-ի վճիռը, բացառիկ վերանայման բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ հարուցվել է Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման բացառիկ վերանայման վարույթ:
10. Վանո Վարյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի՝ Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով 2024 թվականի հունիսի 4-ի վճիռը, նույնպես բացառիկ վերանայման բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
11․ Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի և դեկտեմբերի 24-ի որոշումներով սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության բանավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
12. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանը, վկայակոչելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վերաբերյալ նախկինում արտահայտված դիրքորոշումները, ինչպես նաև Եվրոպական դատարանի՝ Վարյանն ընդդեմ Հայաստանի վճռով ձևավորված մոտեցումները, նշել է, որ համաձայն այդ վճռի՝ քննությունը լիարժեք չի բացահայտել Տիգրան Վարյանի մահվան հետ կապված բոլոր հանգամանքները, իշխանությունները չեն իրականացրել նրա մահվան հանգամանքների բացահայտմանն ուղղված լրիվ և բազմակողմանի քննություն և համապատասխանաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտում։ Արդյունքում, բողոքաբերը գտել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի արձանագրված ընթացակարգային խախտումը վերացնելու պատշաճ միջոցը՝ Վճռաբեկ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին» որոշումը վերանայելն է։
13. Տուժող Տիգրան Վարյանի իրավահաջորդ Վանո Վարյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանը, վկայակոչելով Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պաշտպանվող՝ կյանքի իրավունքի դատաիրավական և նյութաիրավական խախտումները, գտել է, որ կայացված վճիռը հիմք է գործը ՀՀ իրավասու մարմնում վերանայելու համար։ Արդյունքում բողոքաբերը խնդրել է հարուցել բացառիկ վերանայման վարույթ, բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի օգոստոսի 6-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 28-ի և Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումները և կայացնել նոր դատական ակտ՝ Եվրոպական դատարանի վճռով արտահայտված իրավական դիրքորոշման շրջանակներում։
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
14. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի օգոստոսի 6-ի դատավճռով Հովհաննես Աշոտի Հակոբյանը դատապարտվել է այն բանի համար, որ «[Ն]ա հանդիսանալով թիվ 38862 զորամասի ԿՍ-19 մարտկոցի ղեկավարման դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, հանդիսանալով պետ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է ` խիստ պետի տպավորություն թողնելու և իր գերակա դիրքն ընդգծելու նպատակով, 2011թ. նոյեմբերին, նշանակված լինելով մարտական հերթապահության մարտկոցի հրամանատարական կետի պատասխանատու, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, իր նկատմամբ ստորադրյալ, նույն դասակի կապ ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայող, շարքային Տ.Վարյանի կողմից արթուն հերթափոխի պարտականությունները կատարելու ժամանակ քնելու պատճառով, ոտքով մեկ անգամ հարվածել է նրա գլխի շրջանին: Բացի այդ Հ.Հակոբյանը հանդիսանալով պետ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է` խիստ պետի տպավորություն թողնելու և իր գերակա դիրքն ընդգծելու նպատակով, կրկին 2011թ. նոյեմբերին նշանակված լինելով մարտական հերթապահության որպես մարտկոցի հրամանատարական կետի պատասխանատու, զինվորական գոտին իրեն չտալու պատճառով վիճաբանել է իր նկատմամբ ստորադրյալ, շարքային Տ.Վարյանի հետ և անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը մեկ անգամ ապտակել և 4 անգամ ոտքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Բացի այդ, Հ.Հակոբյանը հանդիսանալով պետ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է` խիստ պետի տպավորություն թողնելու և իր գերակա դիրքն ընդգծելու նպատակով, կրկին 2011թ. նոյեմբերին նշանակված լինելով մարտական հերթապահության որպես մարտկոցի հրամանատարական կետի պատասխանատու, նոր զուգարանի համար փոս փորելու պահանջը չկատարելու պատճառով վիճաբանել է իր նկատմամբ ստորադրյալ, շարքային Տ.Վարյանի հետ և անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը հայհոյանք է տվել նրա հասցեին, և 3 անգամ ձեռքով հարվածել է վերջինիս կրծքավանդակին:
Բացի այդ Հ.Հակոբյանը հանդիսանալով պետ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է` խիստ պետի տպավորություն թողնելու և իր գերակա դիրքն ընդգծելու նպատակով, 2012թ. հունվարի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ժամը 15.00-ի սահմաններում, մարտկոցի ճաշարանում իր գլխարկը բերելու պահանջը չկատարելու պատճառով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը` սեռական բնույթի հայհոյանք է տվել իր նկատմամբ ստորադրյալ, շարքային Տ.Վարյանի հասցեին և 3 անգամ բռունցքով հարվածել նրա կրծքավանդակի շրջանին: Բացի այդ Հ.Հակոբյանը հանդիսանալով պետ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է` խիստ պետի տպավորություն թողնելու և իր գերակա դիրքն ընդգծելու նպատակով, նշանակված լինելով մարտական հերթապահության մարտկոցի հրամանատարական կետում որպես մարտական դիրքի պատասխանատու 2012թ. փետրվարի 28-ին ժամը 21.30-ի սահմաններում, իրեն հայհոյելու պատճառով, վիճաբանել է իր նկատմամբ ստորադրյալ, շարքային Տ.Վարյանի հետ և անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը սեռական բնույթի հայհոյանք է տվել վերջինիս հասցեին և մեկ անգամ բռունցքով հարվածել նրա կրծքավանդակին, որոնց հետևանքով Տ.Վարյանը 2012թ. փետրվարի 29-ին ժամը 10.00-ի սահմաններում ԿՍ-19 մարտակոցի հրամանատարական դիտակետում իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի «ԲԼ» 7492 համարի ինքնաձիգից կրակոց է արձակել իր ծնոտի ստորին շրջանին և ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է, դրանով իսկ էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին` պետ-ստորադրյալ փոխհարաբերություններին, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` տուժող Տ.Վարյանի մահը:
Բացի այդ Հ.Հակոբյանը, նշանակված լինելով մարտական հերթապահության ԿՍ-19 մարտկոցի հրամանատարական կետում որպես մարտական դիրքի պատասխանատու, խախտելով մարտական հերթապահության կրելու կանոնները, 2012թ. փետրվարի 28-ին ժամը 16.00-ի սահմաններում ինքնակամ թողել է մարտական դիրքը, հացի մեքենայով գնացել է նույն զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի մշտական տեղակայման վայր և նույն օրը ժամը 21.00-ին վերադարձել է հրամանատարական կետ, դրանով իսկ սպառնալիք ստեղծել հակառակորրդի անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դիմակայելու համար: Բացի այդ, Հ.Հակոբյանը նշանակված լինելով մարտական հերթապահության ԿՍ-19 մարտկոցի հրամանատարական կետում որպես մարտական դիրքի պատասխանատու, խախտելով մարտական հերթապահության կրելու կանոնները և մարտական հերթապահության կազմակերպման ու անցկացման կանոնադրության պահանջները, հսկողություն չի իրականացրել դիրքի անձնակազմի նկատմամբ, գրաֆիկի համաձայն չի կատարել հերթափոխերը, ինչի հետևանքով մարտական հերթապահության նշանակված զինծառայողները սահմանված ժամերին չեն իրականացրել հակառակորդի դիրքերի դիտարկում, չեն կատարել արթուն հերթափոխի դիտորդի պարտականությունները, որով իսկ սպառնալիք ստեղծել հակառակորդի անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դիմակայելու համար (…)»1։
14.1. Նույն դատական ակտով Էրիկ Միքայելի Սարգսյանը դատապարտվել է այն բանի համար, որ «[Ն]ա հանդիսանալով թիվ 38862 զորամասի ԿՍ-19 մարտկոցի ղեկավարման դասակի կապի ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժանտ, 2012թ. փետրվարի 27-ին ժամը 17.00-ի սահմաններում ընդգրկված լինելով մարտական հերթապահության ԿՍ-19 հրամանատարական կետում որպես դիտորդ, կացարանում, ափսեները չլավանալու պատճառով վիճաբանել է նույն ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայող, շարքային Տ.Վարյանի հետ, որի ընթացքում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, ստորացրել է վերջինիս պատիվն ու արժանապատվությունը` հայհոյանք է տվել նրա հասցեին և բռնություն գործադրելով` մեկ անգամ բռունցքով հարվածել է Տ.Վարյանի կրծքավանդակին:
Բացի այդ, Է.Սարգսյանը 2012թ. փետրվարի 28-ին ժամը 21.30-ի սահմաններում ընդգրկված լինելով մարտական հերթապահության ԿՍ-19 հրամանատարական կետում որպես դիտորդ, կացարանում, առանց հիմնավոր պատճառի խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, ստորացրել նույն ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայող, շարքային Տ.Վարյանի պատիվն ու արժանապատվությունը` հայհոյանք է տվել նրա հասցեին և բռնություն գործադրելով` մեկ անգամ բռունցքով հարվածել է Տ.Վարյանի կրծքավանդակին (…)»2։
14.2. Առաջին ատյանի դատարանի դատավճռով Գևորգ Վիրաբի Մանուկյանը դատապարտվել է այն բանի համար, որ «[Ն]ա հանդիսանալով թիվ 38862 զորամասի ԿՍ-19 մարտկոցի տնտեսական ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժանտ, հանդիսանալով պետ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է` խիստ պետի տպավորություն թողնելու և իր գերակա դիրքն ընդգծելու նպատակով 2012թ. փետրվարի 21-ին ժամը 18.00-ի սահմաններում հանդիսանալով մարտկոցի ճաշարանի տվյալ օրվա վերակարգում նշանակված իր նկատմամբ ստորադրյալ, նույն մարտկոցի ղեկավարման դասակի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայող, շարքային Տ.Վարյանի կողմից մաքրության աշխատանքները ժամանակաին չկատարելու պատճառով, սեռական բնույթի հայհոյանք է տվել և 3 անգամ բռունցքով հարվածել է վերջինիս կրծքավանդակի շրջանին, դրանով իսկ էական վնաս հացնելով զինվորական ծառայության շահերին, պետ-ստորադրյալ փոխհարաբերություններին (…)»3։
15․ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ գտել է, որ քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում հաստատվել է, որ Տ.Վարյանի մահը վրա է հասել ինքնասպանության, այլ ոչ թե սպանության հետևանքով, ձեռնարկվել են բոլոր հնարավոր քննչական և դատավարական միջոցառումները` հանցագործությունը բացահայտելու համար, մեղավորները ենթարկվել են քրեական պատասխանատվության և պատժի: Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքի պահանջին` գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածը, որը նախատեսում էր գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու ինստիտուտը` հետաքննության և նախաքննության մարմինների կողմից քրեադատավարական օրենքի էական խախտումներ թույլ տալու դեպքում, որոնք չեն կարող վերացվել դատական քննության ընթացքում, ՀՀ Սահմանադրական դատարանի 2007 թվականի հուլիսի 24-ի թիվ ՍԴՈ-710 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին հակասող և անվավեր4:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 4-ի վճիռն արդյո՞ք ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը վերանայելու հիմք է:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն` «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝
1) նոր հանգամանքներով վարույթը.
(...)
2. Բացառիկ վերանայման ենթակա են՝
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, (…).
(…)
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»։
Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հետևյալ հիմքերով․
(…)
5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...)»։
18. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը։
19. Այսպես, Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է սույն գործով տուժող Տիգրան Վարյանի՝ Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումներ: Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը Վարյանն ընդդեմ Հայաստանի՝ 2024 թվականի հունիսի 4-ի վճռով արձանագրել է, որ տեղի են ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական5 և դատավարական6 հայեցակետերի, ինչպես նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի7 խախտումներ։
20. Հիմք ընդունելով Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից անձի` Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման փաստի արձանագրումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 4-ի վճիռը՝ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը վերանայելու հիմք է:
II. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված ակտերի բեկանման հիմքերը.
21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռն արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի օգոստոսի 6-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը բեկանելու և փոփոխելու հիմք է:
22. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:
Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) վճիռը, որով Դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում` վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ»8:
Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ. «Կոնվենցիայի խախտում արձանագրած Դատարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (…)»9:
23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակի բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան կամ դադարեցնելով քրեական հետապնդումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կարճելով վարույթը:
2. Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանելու բողոքարկվող դատական ակտը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա: (…)»:
24. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2013 թվականի մայիսի 31-ին կայացված ՍԴՈ-1099 որոշմամբ ՀՀ Սաhմանադրական դատարանն իրավաչափ է համարել նոր (նոր երևան եկած) հանգամանքի հիմքով հարուցված վարույթով բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասն անփոփոխ թողնելու օրենսդրական հնարավորությունը` պայմանով, որ ներկայացվեն ծանրակշիռ փաստարկներ այն մասին, որ համապատասխան հանգամանքը չի ազդում գործի ելքի վրա: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ նոր հանգամանքն ըստ էության կասկածի տակ չի կարող դնել գործի ելքը, դրա հիման վրա գործի կրկին քննությունը չի կարող ծառայել իր «restitutio in integrum» հնարավորինս ապահովելու նպատակին՝ այդպիսին կատարելը կդառնա ինքնանպատակ, ավելին, կհակասի իրավական որոշակիության սկզբունքին:
25. Դատական վարույթի վերաբացումը կամ գործի նոր քննությունը` որպես մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին 2000 թվականի հունվարի 19-ի հանձնարարականում, որին ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշման մեջ ևս հղում է կատարել:
Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
26. Գործի վերաբացումը Եվրոպական դատարանի կողմից ևս գնահատվում է որպես «restitutio in integrum»-ը հնարավորինս ապահովելու միջոց: Ընդ որում, Եվրոպական դատարանը, հղում կատարելով Հանձնարարականին և համարելով, որ վարույթի վերսկսումը կարող է տեղի ունենալ «բացառիկ» հիմքերով, այդպիսիք է համարում հատկապես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման դեպքերը, երբ գործի քննությունն իրականացվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ: Եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում շեշտել է, որ այս դեպքում հատուցման ամենապատշաճ ձևը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նոր քննությունը՝ արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ: Եվրոպական դատարանի համար կայուն պրակտիկա է դարձել նաև գործերի վերաբացման վերաբերյալ դրույթներն ընդգրկել վճռի մեջ10:
Այսպիսով, Եվրոպական դատարանի որդեգրած մոտեցման համաձայն` համապատասխան անհատական միջոցառումների կիրառումը, մասնավորապես գործի վերաբացումն անհրաժեշտ է և ըստ այդմ, մինչև խախտումը եղած իրավիճակի վերականգնումը՝ հնարավոր, որպես կանոն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման պարագայում11:
27. Եվրոպական դատարանը Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրել է հետևյալը.
«(…) i) Նյութաիրավական հայեցակետը
101. Դիմումատուի որդին՝ Տ.Վարյանը, եղել է ժամկետային զինծառայող, որը իշխանության մարմինների հսկողության և պատասխանատվության ներքո պարտադիր զինվորական ծառայություն անցնելիս մահացել է (․․․)։
102. Ներպետական վարույթների շրջանակներում (․․․), ինչպես նաև Դատարան ներկայացրած իր գանգատում դիմումատուն ակնհայտորեն կասկածի տակ է դրել իշխանության մարմինների այն եզրահանգումը, ըստ որի՝ իր որդին կատարել է ինքնասպանություն։ Այնուամենայնիվ, իր նկատառումներում թեպետ դիմումատուն շարունակել է բողոքել, որ քննությամբ չեն պարզվել իր որդու մահվան հանգամանքները և պնդել է, որ միակ առաջադրված վարկածը եղել է ինքնասպանությունը (․․․), նա բացահայտորեն բողոքել է, որ իր որդին կատարել է ինքնասպանություն՝ գտնվելով իշխանության մարմինների բացառիկ հսկողության ներքո և նրա նկատմամբ շարունակաբար դրսևորված վատ վերաբերմունքի հետևանքով (․․․), և չի ներկայացրել որևէ կոնկրետ փաստարկ, որով ըստ էության կվիճարկվեր քննության այն եզրակացությունը, որ նրա որդին գործել է ինքնասպանություն (ի հակադրություն դրա՝ Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Ayvazyan v. Armenia], թիվ 56717/08, § 87, 2017 թվականի հունիսի 1, և վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը, § 129, և որպես համեմատություն՝ վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 132)։
103. Դատարանը նշում է, որ քննության իրականացման գործընթացում առկա են եղել մի շարք լուրջ թերություններ, ինչի հետևանքով չեն պարզաբանվել Տ.Վարյանի մահվան մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում, ի թիվս այլնի, նրա մարմնի վրա մի շարք չպարզաբանված ոչ հրազենային վնասվածքների առկայությունը, ինչպես նաև դեպքի օրը տեղի ունեցած իրադարձությունների նկարագրության մասով ծառայողական քննության եզրակացության և քրեական գործով քննության եզրահանգումների միջև փաստացի անհամապատասխանությունները (տե՛ս ստորև՝ 122-126-րդ պարբերությունները)։
104. Այնուամենայնիվ, Դատարան ներկայացված նյութը թույլ չի տալիս «ողջամիտ կասկածից վեր» չափանիշով (տե՛ս վերևում՝ 95-րդ պարբերության մեջ մեջբերված նախադեպային իրավունքը) հաստատել այն վարկածը, որ Տ.Վարյանի կյանքը դիտավորյալ են խլել (ի հակադրություն դրա՝ վերևում հիշատակված՝ Բեկերի գործը, §§ 45-54, և Լապշինն ընդդեմ Ադրբեջանի [Lapshin v. Azerbaijan], թիվ 13527/18, §§ 110-20, 2021 թվականի մայիսի 20, տե՛ս նաև, mutatis mutandis Միժիգարովան ընդդեմ Սլովակիայի [Mižigárová v. Slovakia], թիվ 74832/01, § 89, 2010 թվականի դեկտեմբերի 14)։ Այսպիսով, Տ.Վարյանի սպանության վերաբերյալ ցանկացած պնդում կրում է բացառապես ենթադրական բնույթ (տե՛ս, mutatis mutandis, Դուրդուն ընդդեմ Թուրքիայի [Durdu v. Turkey], թիվ 30677/10, §§ 59-61, 2013 թվականի սեպտեմբերի 3, վերևում հիշատակված՝Նանա Մուրադյանի գործը, §§ 130-31, և վերևում հիշատակված` Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, §§ 134-31):
105. Համաձայն քննության (թե՛ քրեական գործով և թե՛ ծառայողական) եզրահանգումների և ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին և կրտսեր սերժանտ Է.Ս.-ին և Գ.Մ.-ին առաջադրված մեղադրանքների (․․․)՝ Տ.Վարյանը գործել է ինքնասպանություն նրա վերադասների և ծառայակիցների կողմից շարունակաբար դրսևորված վատ վերաբերմունքի և ոտնձգությունների հետևանքով (․․․)։
106. Կառավարությունը պնդել է, որ չնայած ներպետական մակարդակում անցկացված քննությունների եզրահանգումների՝ իշխանության մարմինները չպետք է պատասխանատվության ենթարկվեն Տ.Վարյանի մահվան համար, քանի որ նրա մոտ չի դրսևորվել որևէ նշան, որ նա կարող էր որոշել վերջ դնել իր կյանքին (․․․)։
107. Դատարանը, այնուամենայնիվ, վերահաստատում է, որ բանակում ինքնասպանության դեպքերով նախկինում գտել է, որ պետությունը պատասխանատվություն է կրում այն տուժողների մահվան համար, որոնց դրդել են ինքնասպանության՝ զինվորական ծառայության ընթացքում ծաղրուծանակի ենթարկելով և վատ վերաբերմունք ցուցաբերելով ((․․․) տե՛ս նաև վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 135)։
108. Ավելին, ներպետական իշխանություններից պահանջվում է ձեռնարկել գործնական միջոցներ, որոնք ուղղված են ժամկետային զինծառայողներին զինվորական կյանքին ներհատուկ վտանգներից արդյունավետորեն պաշտպանելուն, և պատշաճ ընթացակարգեր այն թերությունները և սխալները հայտնաբերելու համար, որոնք այդ առնչությամբ կարող են առաջանալ տարբեր մակարդակներում պատասխանատուների կողմից։ Իշխանություններից նաև պահանջվում է պայմանագրային զինծառայողների շրջանում ապահովել բարձր մասնագիտական չափանիշներ՝ ժամկետային զինծառայողներին պաշտպանելու նպատակով (…):
109. Դատարանն այս առնչությամբ նշում է, որ ներպետական մակարդակում իրականացված քննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով (ինչպես նաև ծառայողական քննության եզրահանգումներով) հաստատվել է Տ.Վարյանին իր վերադասների և ծառայակիցների կողմից դաժանաբար նվաստացնելու, ծաղրուծանակի ենթարկելու և ֆիզիկական բնույթի վատ վերաբերմունք ցուցաբերելու, այդ թվում՝ բռնություն գործադրելու և ֆիզիկական շահագործման ենթարկելու կրկնվող դեպքերի մի ամբողջ շղթա, ինչը ճանաչվել է որպես նրա կողմից ինքնասպանություն գործելու պատճառ (…)։ Մասնավորապես ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն՝ Տ.Վարյանի վերադասը, հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին և հարվածել է նրան մի քանի անգամ այնպիսի անհիմն պատրվակներով, ինչպիսիք են, օրինակ, Հ.Հ.-ի գլխարկը անմիջապես չբերելը կամ մեկ այլ դեպքում՝ նրա գոտին չտալը (…)։ Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն նաև նվաստացրել է Տ.Վարյանին, ի թիվս այլնի, ստիպելով նրան կատարել լրացուցիչ աշխատանք, ինչպես օրինակ՝ զուգարանի համար փոս փորելը (…), և նրան վրդովվեցնելու նպատակով նրա սեռական կյանքի վերաբերյալ անպարկեշտ կատակներ անելով (…)։ Տ.Վարյանի նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերել նաև կրտսեր սերժանտ Գ.Մ.-ն (…), մեկ այլ ժամկետային զինծառայող, որի ենթական եղել է Տ.Վարյանը, ինչի մասին վկայում են նրան առաջադրված մեղադրանքները (…), և բազմիցս՝ կրտսեր սերժանտ Է.Ս.-ն, որը ևս եղել է ժամկետային զինծառայող (…)։
110. Դատարանը նաև նշում է, որ կողմերի միջև վիճելի է եղել Տ.Վարյանին բանակ զինակոչելիս մարտական կամ ոչ մարտական ծառայության համար պիտանի ճանաչելու փաստը (…)։ Այս առնչությամբ այն նկատում է, որ զորակոչի գործընթացի շրջանակներում իրականացված պարտադիր բժշկական զննության ընթացքում Տ. Վարյանի մոտ ախտորոշվել է կոնկրետ սրտային պաթոլոգիա (միտրալ փականի արտանկում, որն առաջացնում է միտրալ հետհոսք), և որ Կառավարության կողմից տրամադրված նրա անձնական գործում առկա չէ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի այն որոշումը, որով Տ.Վարյանը ճանաչվել է մարտական ծառայության համար պիտանի (…)։ Միաժամանակ դիմումատուն իր գանգատի մեջ և հետագայում Դատարանում բերված իր փաստարկներում պնդել է, որ իր որդին զորակոչվել է ոչ մարտական ծառայության (…), մինչդեռ ծառայողական քննությանը վերաբերող փաստաթղթերում, մասնավորապես՝ ծառայողական հանձնաժողովի արձանագրության և 2012 թվականի մարտի 13-ին Պաշտպանության նախարարության կողմից արձակված որոշման մեջ արտացոլված է այն փաստը, որ Տ.Վարյանը զորակոչվել է 26-րդ կետի «դ» ենթակետով և 17-րդ կետի «բ» ենթակետով (Պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի թիվ 175 հրամանի թիվ 1 հավելված. (..))։ Դատարանը այս առնչությամբ նշում է, որ իր հետագա նկատառումներում Կառավարությունը ներառել է տվյալ ժամանակահատվածում գործող և, ի թիվս այլնի, զորակոչից առաջ բժշկական զննության իրականացման կարգը կարգավորող թիվ 175 որոշմանը հղում, որի թիվ 1 հավելվածում՝ 26-րդ կետի «դ» ենթակետում, նշվում է, որ այն անձինք, որոնց մոտ ախտորոշվել է տվյալ փաստաթղթում նշված սրտային պաթոլոգիան, պիտանի են միայն ոչ մարտական ծառայության համար (…)։ Չնայած նույն որոշման մեջ նշվում է, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումները զինակոչիկների վերաբերյալ վերջնական են, դրանում նաև նշվում է, որ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը որոշումներ է ընդունում ստորադաս փորձաքննական մարմինների եզրակացությունների հաստատման կամ մերժման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, զինծառայողներին և զինապարտներին փորձաքննության ենթարկելու վերաբերյալ (…)։
111. Այս հանգամանքներում, հաշվի առնելով, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ պարզաբանում կամ բացատրություն, այդ թվում՝ առ այն, թե արդյոք բողոքարկվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ Տ.Վարյանին մարտական ծառայության համար պիտանի ճանաչելու մասին որոշումը, Դատարանը չի կարող վերջնականապես արձանագրել, որ Տ.Վարյանը զորակոչվել է միայն ոչ մարտական ծառայություն իրականացնելու։
112. Ամեն դեպքում չի վիճարկվում այն փաստը, որ Տ.Վարյանը եղել է ֆիզիկապես թերզարգացած (չնայած ակնհայտորեն ոչ այնքան, որ ճանաչվեր մարտական ծառայության համար ոչ պիտանի՝ 2010 թվականի փետրվարի 26-ի թիվ 175 հրամանի թիվ 1 հավելվածի 17-րդ կետի «բ» ենթակետի համաձայն. տե՛ս վերևում՝ 65-րդ պարբերությունը), կամ այն փաստը, որ նրա մոտ առկա է եղել սրտային պաթոլոգիա, որով պայմանավորված՝ նա հավանաբար դառնում էր մարտական ծառայության համար ոչ պիտանի։ Այնուհանդերձ, նույնիսկ եթե ենթադրենք, որ Տ.Վարյանը իսկապես զորակոչվել է մարտական ծառայության, Պաշտպանության նախարարի 2012 թվականի մարտի 13-ին արձակված հրամանի մեջ նշվում է, որ միջադեպը կարող էր կանխվել, եթե «համապատասխան պաշտոնյաները ժամանակին քննեին Տ.Վարյանի՝ ֆիզիկապես թույլ լինելու հանգամանքը ...» (…): Դատարանն այս առնչությամբ նկատում է, որ ինչպես պարզվել է քննությունների ընթացքում, Տ.Վարյանն այլ զինծառայողների փոխարեն մի քանի հերթափոխով իրականացրել է ակտիվ զինվորական ծառայություն, նրան ստիպել են անել մաքրության մեծ մասը և հազվադեպ տրամադրել են մի քանի օր տևողությամբ հանգիստ։ Բացի այս ֆիզիկական ծանրաբեռնվածությունից՝ ընդհանուր առմամբ ընդունվել է, որ զինծառայողները, այդ թվում՝ նրա անմիջական վերադասը՝ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն մշտապես ծաղրուծանակի են ենթարկել Տ.Վարյանին՝ բռնություն գործադրելով և ծաղրելով, անվանարկելով նրան և այլն, այնքան, որ նա նախընտրել է շարունակաբար հերթապահություն իրականացնել, միայն թե խուսափեր այդ կերպ իր հետ վարվողներից (…)։
113. Դատարանը նշում է, որ Տ.Վարյանի վերադասներից առնվազն երկուսը (ավագ լեյտենանտ Հ.Հ.-ից բացի, որը ակնհայտորեն եղել է Տ.Վարյանի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի ամենաակտիվ մասնակիցներից մեկը) տարբեր չափով տեղեկացված են եղել բռնության մասին, սակայն ակնհայտորեն չեն զեկուցել դրա մասին իրենց վերադասներին և ոչ էլ միջոցներ են ձեռնարկել ինքնուրույն դրա դեմ պայքարելու համար։ Մասնավորապես ավագ սերժանտ Վ.Ն.-ը նշել է, որ տեղեկացել է դեպքի մասին 2011 թվականի նոյեմբերին, երբ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն ծեծել է Տ.Վարյանին (…), իսկ կապիտան Ա.Հ.-ն բացահայտ ընդունել է, որ նա չի ձեռնարկել միջոցներ՝ իրականում տեղի ունեցածը պարզելու համար պարզապես այն պատճառով, որ նրան զեկուցել են, որ ամեն ինչ կարգին է, և նա համարել է, որ ծառայակիցները պարզապես կատակներ են արել, այլ ոչ թե ծաղրել են Տ.Վարյանին։ Կապիտան Ա.Հ.-ն չի զեկուցել ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի կողմից իր պարտականությունները չկատարելու մասին իր վերադասին, որն էլ չի ձեռնարկել որևէ քայլ՝ այդ առնչությամբ ներկայացված բողոքի մասով (…)։
114. Դեպքի օրվա և նախորդող երկու օրերին տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ Դատարանը նշում է հետևյալը:
115. 2012 թվականի փետրվարի 27-ին, այսինքն՝ դեպքից երկու օր առաջ, Տ.Վարյանի նկատմամբ ևս մեկ անգամ վատ վերաբերմունք է դրսևորվել, այս անգամ կրտսեր սերժանտ Է.Ս.-ի կողմից, որը ստորացրել և հարվածել է նրան՝ (…) ափսեները լվանալու վերաբերյալ տարաձայնության պատճառով (կամ մաքրության պատճառով՝ համաձայն հանձնաժողովի արձանագրության. տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը)։ Տ.Վարյանի հանդեպ վատ վերաբերմունք էր դրսևորվել նաև դեպքին նախորդող գիշերը։ Մասնավորապես 2012 թվականի փետրվարի 28-ի երեկոյան, թե՛ կրտսեր սերժանտ Է.Ս.-ն և թե՛ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն ստորացրել և ֆիզիկական բռնության են ենթարկել Տ. Վարյանին ևս մեկ անգամ, ինչը, ըստ շարքային Ռ.Ա.-ի, ըստ երևույթին, շատ է վշտացրել նրան (…): Որևէ բան առնվազն առկա նյութերում չի վկայում այն մասին, որ այլ նշանակալից դեպք է տեղի ունեցել այս իրադարձությունների միջև և հաջորդ առավոտյան, երբ Տ.Վարյանը հայտնաբերվել է մահացած։
116. Ամփոփելով կարող ենք ասել, որ Դատարան ներկայացված նյութերը, այդ թվում, ի թիվս այլնի, հետմահու իրականացված հոգեբուժական փորձաքննության արձանագրությունը (…), ծառայողական հանձնաժողովի արձանագրությունը և Պաշտպանության նախարարի 2012 թվականի մարտի 13-ի հրամանը (…), ինչպես նաև քրեական գործով ներպետական դատարանների եզրահանգումները (…), ավելի քան բավարար են եզրակացնելու համար, որ Տ.Վարյանը դարձել է իր անմիջական վերադասների (ավագ լեյտենանտ Հ.Հ.) և ծառայակիցների (կրտսեր սերժանտ Գ.Մ. և Է.Ս.) կողմից կատարված ծանր և երկարաժամկետ բռնության զոհ, և որ որևէ միջոց չի ձեռնարկվել նրան այդ բռնությունից արդյունավետորեն պաշտպանելու համար, որը, ինչպես նախկինում ընդունվել է, դարձել է նրա կողմից ինքնասպանություն գործելու պատճառ։
117. Կառավարությունը հղում է կատարել Ներքին ծառայության կանոնագրքի 6-րդ հոդվածին (…) պնդելու համար, որ ներպետական օրենսդրությամբ նախատեսված են, ի թիվս այլնի, պաշտպանության արդյունավետ միջոցներ՝ զինծառայողների անվտանգությունը և պաշտպանվածությունն ապահովելու համար (…)։ Դատարանը նշում է սակայն, որ Ներքին ծառայության կանոնագրքի որևէ մեջբերված դրույթ ոչ միայն չի վերաբերում զինվորական ծառայության ընթացքում ցուցաբերվող վատ վերաբերմունքից պաշտպանության կոնկրետ միջոցառումներին, այլև ինքնասպանության դեպքերի կանխմանն ուղղված միջոցառումներին, ինչպես օրինակ՝ հոգեբանական աջակցության տրամադրումը։ Դատարանը նախկինում՝ զինվորական ծառայության ընթացքում ենթադրյալ ինքնասպանության մեկ այլ գործով գտել է, որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերում չի գործել հոգեբանական գնահատման և աջակցության համակարգ, այդ թվում՝ նախնական և հետագա հոգեբանական հետազոտության, ինքնասպանության դեպքերի կանխման և հոգեբանական աջակցության տրամադրման մասով (տե՛ս վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, §§ 139-144)։ Ի վերջո, Դատարանն այս առնչությամբ նշում է, որ Պաշտպանության նախարարն իր 2012 թվականի մարտի 13-ի հրամանի մեջ հիշատակել է «Ինքնասպանության և ինքնավնասման դեպքերի կանխարգելման խումբը» (…)։ Չնայած կողմերի փաստարկներում առկա չի եղել որևէ տեղեկություն՝ զինված ուժերում այդ խմբի կարգավիճակի և դերի մասին, Դատարանը նշում է, որ ցանկացած պարագայում նույն հրամանի մեջ նշված է եղել, որ խումբը չի կատարել «զինծառայողների հետ կոնկրետ կանխարգելիչ աշխատանք» (նույն տեղում)։ Ամեն դեպքում Կառավարության փաստարկներում կամ Դատարան ներկայացված նյութերում որևէ բան չի փաստում այն մասին, որ հոգեբանական աջակցություն է տրամադրվել Տ. Վարյանին, որը, ըստ զինվորական մարմինների, եղել է «ֆիզիկապես թույլ, ինքնամեկուսացված և անինքնավստահ», հետևաբար գտնվել է խոցելի վիճակում ((...) և տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 144)։
118. Հաշվի առնելով այս բոլոր նկատառումները՝ Դատարանը եզրակացնում է, որ տվյալ դեպքում իշխանության մարմինները չեն կատարել իրենց հսկողության ներքո գտնվելու ընթացքում Տ.Վարյանի կյանքի իրավունքը պաշտպանելու իրենց դրական պարտավորությունը։
119. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` նյութաիրավական հայեցակետի մասով:
ii) Դատավարական հայեցակետը
120. Դատարանը նախևառաջ նշում է, որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն իր սեփական նախաձեռնությամբ քննություն է սկսել դեպքի օրը, այսինքն՝ 2012 թվականի փետրվարի 29-ին (տե՛ս վերևում՝ 8-րդ և 9-րդ պարբերությունները)։ Քրեական գործով քննությունը, որի հետևանքով հետապնդում է իրականացվել, և դատապարվել է Տ.Վարյանի վերադասը՝ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն, և կրտսեր սերժանտներ Գ.Մ.-ն և Է.Ս.-ն, կատարվել է շատ արագ՝ դեպքի օրվանից առնվազն մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մոտավորապես 2013 թվականի հունվարին (…), իսկ դատավարությունն ավարտվել է 2013 թվականի օգոստոսին (…), այսինքն՝ մեղադրական ակտը կազմվելուց առնվազն յոթ ամիս հետո։ Հետևաբար Դատարանը գտնում է, որ քննությունն իրականացվել է անհրաժեշտ բարեխղճությամբ, և այն անհիմն չի ձգձգվել։
121. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը վերահաստատում է, որ այսպիսի քննությունները պետք է լինեն բազմակողմանի, ինչը նշանակում է, որ իշխանության մարմինները պետք է լրջորեն փորձեն պարզել տեղի ունեցածը և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա՝ քննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների համար որպես հիմք ընդունելու համար (…):
122. Դատարանը նկատում է, որ չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին, որոնք նշել է Կառավարությունը (…)՝ քննությամբ չի բացահայտվել Տ.Վարյանի մահվան մի քանի կարևոր հանգամանքներ։
123. Մասնավորապես որևէ պատշաճ բացատրություն չի տրվել ոչ հրազենային վնասվածքների բնույթի և ծագման առնչությամբ, որոնք հայտնաբերվել են դիահերձման ընթացքում և տեսանելի են եղել դեպքի վայրի զննության ընթացքում արված լուսանկարներում (…), այդ թվում՝ քթի արմատին և երկու կոպերին առկա վերքերը։ Համաձայն դիահերձման արձանագրության՝ այս վնասվածքները հասցվել են կոշտ, բութ առարկայով (կամ առարկաներով) Տ.Վարյանի մահվանից կարճ ժամանակ առաջ և ուղղակիորեն կապված չեն մահվան պատճառի հետ (…)։ Կառավարությունն այս առնչությամբ հղում է կատարել դիահերձումն իրականացրած դատաբժշկական փորձագետի կողմից դիահերձման արձանագրության տրամադրումից հետո անցկացված հարցաքննության ընթացքում տրված ցուցմունքին, որով նա, ըստ էության, հրաժարվել է դրանում արձանագրված իր այն եզրակացությունից, որ տվյալ ոչ հրազենային վնասվածքները հասցվել են մահվանից կարճ ժամանակ առաջ (…)։ Դատարանը նախևառաջ նկատում է, որ տվյալ ժամանակահատվածում գործող քրեական դատավարության իրավունքի համաձայն՝ դատաբժշկական փորձագետը կարող է հարցաքննվել միայն իր եզրակացությունը պարզաբանելու կամ կիրառված մեթոդները կամ օգտագործված մեթոդաբանությունը պարզաբանելու համար։ Սակայն փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել նրա եզրակացությանը (…)։ Երկրորդ, տվյալ դատաբժշկական փորձագետն անձամբ կատարել է դիահերձումը, արձանագրել է համապատասխան վնասվածքները և հայտնել է իր պաշտոնական կարծիքը, որ դրանք հասցվել են մինչև մահը վրա հասնելը։ Այսպիսի հանգամանքներում նույն փորձագետի կողմից կտրականապես այլ կարծիք հայտնելն իր արձանագրությունը տրամադրելուց մոտ հինգ ամիս հետո՝ քննիչի կողմից նրան ցույց տրված լուսանկարների հիման վրա (…), դժվար թե կարելի է համարել այն ոչ հրազենային վնասվածքների պատշաճ բացատրությունը, որոնք առկա են եղել մարմնի վրա, երբ այն հայտնաբերվել է։
124. Ավելին, համաձայն կրտսեր սերժանտ Է.Ս.-ի և շարքային Ռ.Ա.-ի՝ 2012 թվականի փետրվարի 29-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների նկարագրության (տե՛ս, inter alia, վերեւում՝ 13-րդ, 14-րդ եւ 21-րդ պարբերությունները)՝ նկարագրություն, որը երկուսն էլ շարունակել են պնդել ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի հետ իրենց համապատասխան առերեսումների ընթացքում (…), Հ.Հ.-ն գնացել է հենակետ Տ. Վարյանի մարմինն այնտեղ հայտնաբերվելուց կարճ ժամանակ առաջ. փաստ, որը միայն նա է հերքել քննության ընթացքում, ինչպես նաև ծառայողական քննության ընթացքում (…)։ Սակայն նախաքննության մարմինը ոչ միայն չի փորձել պարզաբանել հարցը, այլև այս կարևոր բաղադրիչը լիովին դուրս է թողնվել մեղադրական եզրակացության մեջ շարադրված իրադարձությունների նկարագրությունից (…)։
125. Ավելին, չնայած ծառայողական քննության արձանագրությունը, որը պարունակել է Տ.Վարյանի մահվան հանգամանքների առնչությամբ մի շարք փաստացի եզրահանգումներ, դրան նախորդող իրադարձությունները և զինծառայակիցների միջև առկա անառողջ միջավայրի և ոչ կանոնադրական հարաբերությունների ընդհանուր գնահատականը (…) ըստ էության ներառվել է քրեական գործի նյութերում, նախաքննության մարմինների կողմից պարզված իրադարձությունների տարբերակի և ծառայողական քննության հանձնաժողովի կողմից պարզված իրադարձությունների տարբերակի միջև առկա են եղել մի շարք զգալի անհամապատասխանություններ, որոնց վերաբերյալ պարզաբանումներ չեն տրվել և ոչ էլ անդրադարձ է կատարվել մեղադրական եզրակացության մեջ (…)։ Օրինակ՝ համաձայն ծառայողական հանձնաժողովի արձանագրության՝ Տ.Վարյանի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի որոշ դրվագներ, այդ թվում՝ հերթապահության ընթացքում քուն մտնելու և զուգարանի համար պարտադրաբար փոս փորելու մասով, վերագրվել են կրտսեր սերժանտ Է.Ս.-ին (…), մինչդեռ քրեական գործով քննության ընթացքում նույն դրվագները վերագրվել են ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին (…)՝ առանց որևէ կոնկրետ բացատրության։ Ավելին, համաձայն ծառայողական հանձնաժողովի արձանագրության՝ կրակոցը լսելուն պես բոլորը (ենթադրաբար հիշյալ երեք ծառայողները) գնացել են հենակետ և հայտնաբերել են մարմինը (…), մինչդեռ համաձայն մեղադրական ակտի՝ կրտսեր սերժանտ Է.Ս.-ն է հայտնաբերել մարմինը, որից հետո ավագ լեյտենանտն ուղևորվել է հենակետ, և մեղադրական եզրակացության մեջ առկա չէ որևէ նշում, որ լսվել է կրակոց (…)՝ չնայած շարքային Ռ.Ա.-ն նշել է դա իր՝ 2012 թվականի փետրվարի 29-ի ցուցմունքի մեջ (…)։
126. Ի վերջո, Դատարանը նկատում է, որ 2012 թվականի օգոստոսի 15-ի իրենց համատեղ փորձագիտական եզրակացության մեջ ձգաբանական և դատաբժշկական փորձագետների հանձնաժողովը նշել է, որ Տ.Վարյանի հրազենային վիրավորումը կարող էր նաև հասցված լինել մեկ այլ անձի կողմից (…)։ Այնուհանդերձ, քննության ընթացքում, ըստ էության, այս վարկածը որևէ տրամաբանական զարգացում չի ունեցել։
127. Դատարանն այս առնչությամբ վերահաստատում է, որ քննության արդյունավետությունը չի կարող գնահատվել միայն կազմված զեկույցների, հարցաքննված վկաների կամ ձեռնարկված այլ քննչական միջոցառումների թվով։ Քննության եզրակացությունները պետք է հիմնված լինեն բոլոր համապատասխան բաղադրիչների բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա (...), ինչը, ինչպես ցույց է տրվել վերևում՝ 122-126-րդ պարբերություններում, չի եղել Տ.Վարյանի մահվան հանգամանքների քննության դեպքում։
128. Այս համատեքստում Դատարանը լուրջ կասկածներ ունի քրեական գործով ներպետական քննության պատշաճ կերպով իրականացման վերաբերյալ: Այսպիսով, այն գտնում է, որ սույն գործով իրականացված քննությունը չի եղել բավականաչափ բազմակողմանի, ինչի հետևանքով լիովին չեն բացահայտվել Տ.Վարյանի մահվան հանգամանքները։
129. Հաշվի առնելով վերը նշված եզրահանգումը, որ Տ.Վարյանի մահվան հանգամանքների քննությունը բավականաչափ բազմակողմանի չի եղել, Դատարանը եզրակացնում է, որ ներպետական իշխանությունները սույն գործով արդյունավետ քննություն չեն իրականացրել:
130. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դատավարական հայեցակետի մասով :
(…)
142. Դատարանը վերահաստատում է, որ 13-րդ հոդվածն անկախ գոյություն ունենալ չէր կարող. այն պարզապես լրացնում է Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նյութաիրավական մյուս դրույթները (տե՛ս Զավոլոկան ընդդեմ Լատվիայի [Zavoloka v. Latvia], թիվ 58447/00, § 35 (ա), 2009 թվականի հուլիսի 7): Այն կարող է միայն կիրառվել Կոնվենցիայի կամ արձանագրությունների մեկ կամ մեկից ավելի հոդվածների հետ համատեղ կամ դրանց լույսի ներքո, որոնց կապակցությամբ առկա է եղել ենթադրյալ խախտում: 13-րդ հոդվածը հիմք ընդունելու համար դիմումատուն պետք է ներկայացնի փաստարկելի պնդում Կոնվենցիայի մեկ այլ դրույթով ևս (տե՛ս, օրինակ, Ուոլթերն ընդդեմ Իտալիայի (որոշում) [Walter v. Italy (dec.)], թիվ 18059/06, 2006 թվականի հուլիսի 11)։
143. Անդրադառնալով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի հետ կապված իր եզրահանգումներին (տե՛ս վերևում՝ 128-130-րդ պարբերությունները), Դատարանը համարում է, որ սույն գործով անհրաժեշտ չէ քննել, թե արդյոք տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի որդու մահվան գործով քննության ենթադրյալ անարդյունավետության մասով (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 161 և Անահիտ Մկրտչյանի գործը, § 105):
144. Ինչ վերաբերում է դիմումատուի բողոքին, որ Հայաստանի օրենսդրությամբ չեն նախատեսվում իր որդու մահվան հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու միջոցներ (…), Դատարանը նշում է, որ այն նախկինում գտել է, որ ցանկացած անձի երեխայի կյանքի կորստի հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման համար տվյալ ժամանակահատվածում դիմելու հնարավորություն տվող օրենսդրական դրույթների բացակայությամբ խախտվում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջները (տե՛ս վերևում հիշատակված՝ Միրզոյանի գործը, §§ 79-83, և վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Կարապետյանի գործը, § 146): Դատարանը սույն գործով այլ եզրահանգում անելու որևէ պատճառ չի տեսնում։
145. Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ դիմումատուն ներպետական վարույթի շրջանակներում չի պահանջել որևէ վնասի փոխհատուցում (տե՛ս վերևում՝ 138-րդ պարբերությունը), Դատարանը նկատում է, որ դիմումատուն մասնավորապես բողոք է ներկայացրել այնպիսի ներպետական իրավական դրույթների բացակայության հետ կապված, որոնք հնարավորություն կտային նրան իր որդու կյանքի իրավունքի խախտման հետևանքով կրած կորստի համար պետությունից պահանջելու ոչ նյութական վնասի հատուցում (տե՛ս վերևում՝ 137-րդ և 139-րդ պարբերությունները)։ Հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն տվող իրավական դրույթների բացակայությունը (տե՛ս վերևում՝ 144-րդ պարբերությունը), պարզ չէ, թե դիմումատուն ինչ արդյունք (առկայության դեպքում) կարող էր ունենալ, եթե նա, այնուհանդերձ, ներպետական վարույթի շրջանակներում դիմեր ոչ նյութական վնասի հատուցման համար։
Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ դիմումատուն կարող էր դիմել Սահմանադրական դատարան՝ տվյալ ժամանակահատվածում գործող քաղաքացիական իրավունքի համապատասխան դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար (տե՛ս վերևում՝ 138-րդ պարբերությունը), ապա Դատարանը նախկինում վճռել է, որ իրավական պաշտպանության սահմանադրական միջոցը, որպես կանոն, չի համարվում ներպետական իրավական պաշտպանության միջոց, որը պետք է սպառվեր՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանադրական դատարանի դատական դերի առանձնահատկությունները (տե՛ս Վոլոդյա Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի [Volodya Avetisyan v. Armenia], թիվ 39087/15, § 33, 2022 թվականի մայիսի 3, և դրանում մեջբերված նախադեպային իրավունքը)։
146. Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ Դատարանը մերժում է Կառավարության առարկությունը՝ ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասով, և գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի կողմից՝ իր որդու կյանքի իրավունքի խախտման հետևանքով կրած ոչ նյութական վնասի համար հատուցում պահանջելու իրավական հնարավորության բացակայության մասով»12։
28. Սույն որոշման 14-15-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 21-27-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների, Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ թեև Եվրոպական դատարանը սույն գործով արձանագրել է նյութաիրավական և քրեադատավարական հայեցակետերի խախտումներ, որոնցով լրջորեն կասկածի տակ է դրվել ներպետական մարմինների կողմից իրականացվող քննության համապատասխանությունը, սակայն, միևնույն ժամանակ կասկածի տակ չի դրել ստորադաս դատարանների դատական ակտերով հաստատված՝ սույն գործով դատապարտված անձանց հանցավոր արարքների հիմքում ընկած փաստական հանգամանքները, ինչպես նաև դատապարտյալների արարքներին տրված քրեաիրավական գնահատականները։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված նյութաիրավական և դատավարական իրավունքի խախտումները մասնավորապես վերաբերել են՝
- գործի քննության իրականացման գործընթացում մի շարք լուրջ թերությունների առկայությանը, ինչի հետևանքով չեն պարզաբանվել Տ.Վարյանի մահվան մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում, ի թիվս այլնի՝ նրա մարմնի վրա մի շարք չպարզաբանված ոչ հրազենային վնասվածքների առկայությունը, ինչպես նաև դեպքի օրը տեղի ունեցած իրադարձությունների նկարագրության մասով ծառայողական քննության եզրակացության և քրեական գործով քննության եզրահանգումների միջև փաստացի անհամապատասխանությունները13,
- անմիջական վերադասների և ծառայակիցների կողմից կատարված ծանր և երկարաժամկետ բռնությունից տուժողին արդյունավետորեն պաշտպանելու համար միջոցներ չձեռնարկելուն14,
- իշխանության մարմինների հսկողության ներքո գտնվող Տ.Վարյանի կյանքի իրավունքը պաշտպանելու դրական պարտավորությունը չկատարելուն15,
- սույն գործով արդյունավետ քննություն չիրականացնելուն16:
Բացի այդ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ քրեական գործով ներպետական քննությունը բավականաչափ բազմակողմանի չի եղել, ինչի հետևանքով լիովին չեն բացահայտվել Տ.Վարյանի մահվան հանգամանքները17։
Անդրադառնալով Տ․Վարյանի՝ ինքնասպանություն կատարելու վարկածը դիմումատուի կողմից կասկածի տակ դնելու պնդումներին, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ կոնկրետ փաստարկ, որով ըստ էության կվիճարկվեր քննության այն եզրակացությունը, որ Տ․Վարյանն ինքնասպանություն է գործել18։
Արդունքում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ ներկայացվածը թույլ չի տալիս «ողջամիտ կասկածից վեր» չափանիշով հաստատել այն վարկածը, որ Տ․Վարյանի կյանքը դիտավորյալ են խլել, իսկ վերջինի սպանության վերաբերյալ ցանկացած պնդում կրում է բացառապես ենթադրական բնույթ19։
29. Վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռով արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հովհաննես Հակոբյանի, Էրիկ Սարգսյանի և Գևորգ Մանուկյանի նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բեկանումը և նրանց վերաբերյալ գործի կրկին քննությունը՝ որպես մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, չի նպաստի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կայունության և թույլ տրված հնարավոր դատական սխալների վերացման անհրաժեշտության միջև արդարացի հավասարակշռության ապահովմանը և չի կարող ծառայել «restitutio in integrum» հնարավորինս ապահովելու նպատակին, ավելին, կհակասի իրավական որոշակիության սկզբունքին։ Այլ խոսքով՝ տվյալ դեպքում ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումը չի վերականգնի մինչև խախտումը եղած իրավիճակը։
30. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 4-ի վճիռը, որով արձանագրվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի, ինչպես նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտումներ, սույն գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 6-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը բեկանելու հիմք չէ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Էլիզբարյանի և տուժող Տիգրան Վարյանի իրավահաջորդ Վանո Վարյանի ներկայացուցիչ Ա.Չատինյանի բողոքների հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Բացառիկ վերանայման արդյունքում Հովհաննես Աշոտի Հակոբյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Էրիկ Միքայելի Սարգսյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով) և Գևորգ Վիրաբի Մանուկյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
_________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 234-236։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթ 236։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 234-246։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7, թերթեր 152-167։
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով 2024 թվականի հունիսի 4-ի վճիռը, գանգատ թիվ48998/14, կետ 119։
6 Տե՛ս նույն վճիռը, կետ 130։
7 Տե՛ս նույն վճիռը, կետ 146։
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Scozzari and Giunta v. Italy գործով 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250։
9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Selcuk and Asker v. Turkey գործով 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125։
10 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ի թիվս այլոց, Gencel v. Turkey գործով 2003 թվականի հոկտեմբերի 23-ի վճիռը, գանգատ թիվ 53431/99, Ceylan v. Turkey գործով 2005 հոկտեմբերի 11-ի վճիռը, գանգատ թիվ 46454/99, Bracci v. Italy գործով 2005 թվականի հոկտենբերի 13-ի վճիռը, գանգատ թիվ 36822/02, Somogyi v. Italy գործով 2004 թվականի մայիսի 18-ի վճիռը, գանգատ թիվ 67972/01։
11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արարատ Մուրադխանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ/01/13, Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ/05/13 և Կարինե Համբարձումյանի գործով 2021 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0121/01/10 որոշումները։
12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վարյանն ըննդեմ Հայաստանի գործով 2024 թվականի հունիսի 4-ի վճիռը, գանգատ թիվ 48998/14։13 Տե՛ս նույն վճիռը, կետ 103։
14 Տե՛ս նույն վճիռը, կետ 116։
15 Տե՛ս նույն վճիռը, կետ 118։
16 Տե՛ս նույն վճիռը, կետ 129։
17 Տե՛ս նույն վճիռը, կետեր 122-128։
18 Տե՛ս նույն վճիռը, կետեր 102։
19 Տե՛ս նույն վճիռը, կետ 104։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. Ավետիսյան Հ. Գրիգորյան Լ. Թադևոսյան
|
|
Ա. Պողոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական: