ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ 21/32-559-23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.02.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Մ. Մելքոնյան

21/32-559-23

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

 

քարտուղարությամբ՝

մասնակցությամբ՝ դատախազ՝

պաշտպաններ՝

 

ԳՔՈԼՈԶՅԱՆԻ

 ԵԲԱԲԵԼՅԱՆԻ

Վ. ԽԵՉՅԱՆԻ

Մ․ ՀԱԿՈԲՅԱՆԻ

7 փետրվարի 2025 թվական

ք. Երևան

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի օգոստոսի 7-ի որոշման դեմ հանձնման ենթակա անձ Էմիլ Գարիկի Թորոսյանի պաշտպան ՎԽեչյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի դեկտեմբերի 19-ին և 25-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված, միջպետական հետախուզման մեջ գտնվող Էմիլ Գարիկի Թորոսյանին հանձնելու մասին միջնորդությունը։

2024 թվականի հունիսի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության աշխատակիցները հայտնաբերել և ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ԷԹորոսյանին։

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի հունիսի 22-ի որոշմամբ ԷԹորոսյանի նկատմամբ կիրառվել է հանձնելու նպատակով կալանավորում՝ 2 (երկու) ամիս ժամկետով։

2. ՀՀ գլխավոր դատախազի՝ 2024 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ բավարարվել է ԷԹորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը և թույլատրվել է վերջինիս հանձնումը Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին։

3. Հանձնման ենթակա անձ ԷԹորոսյանի պաշտպան ՎԽեչյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ բողոքը մերժել է և ՀՀ գլխավոր դատախազ ԱՎարդապետյանի՝ 2024 թվականի հուլիսի 12-ի «Հանձնման թույլտվության վերաբերյալ» որոշումը թողել անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հանձնման ենթակա անձ ԷԹորոսյանի պաշտպան ՎԽեչյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման բանավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ մասնավորապես՝ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի, «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 5-րդ, 9-րդ հոդվածների, «Հայաստանի անկախության մասին» ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 23-ի հռչակագրի 4-րդ կետի, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի կոնվենցիայի 89-րդ հոդվածի պահանջները, որն ակնհայտորեն ազդել է վարույթի ելքի վրա։

5.1. Բողոքաբերը փաստարկել է, որ ԷԹորոսյանը քրեական պատասխանատվության ենթարկվելու համար չի կարող հանձնվել ՌԴ իրավապահ մարմիններին, քանի որ օրենքի ուժով՝ ծննդյան պահից, հանդիսանում է ՀՀ քաղաքացի։ Մասնավորապես, ԷԹորոսյանը ծննդով կամ, այլ կերպ ասած, «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-2-րդ կետերի և 11-րդ հոդվածի ուժով (օրենքի ուժով), դեռևս իր ծնվելու պահին, հանդիսացել է ՀՀ քաղաքացի, քանի որ, նախ՝ նա ծնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, նրա ծնվելու պահին՝ 1991 թվականի հոկտեմբերի 15-ին, նրա ծնողներից առնվազն մեկը՝ մայրը, եղել է ՀՀ քաղաքացի, և բացակայել է օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված՝ ԷԹորոսյանի ծնողների գրավոր համաձայնությունը՝ վերջինիս քաղաքացիության վերաբերյալ։ Հակառակ պարագայում կստացվի, որ ԷԹորոսյանը ծնվելու պահից հանդիսացել է քաղաքացիություն չունեցող անձ, իսկ նման մեկնաբանությունը ուղղակիորեն հակասում է ոչ միայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին, այլև՝ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի և «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին։

Բողոքաբերը նշել է, որ բացի վերոհիշյալից՝ տվյալ դեպքում առկա է ԷԹորոսյանին ՀՀ քաղաքացի ճանաչելու նաև այլ հիմք Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մուրմանսկի մարզի վարչության կողմից 2024 թվականի հունիսի 26-ին տրված թիվ 3/247807159580 տեղեկանքի համաձայն՝ ծննդյան պահին ինչպես ԷԹորոսյանի մայրը, այնպես էլ հայրը հանդիսացել են ՀՀ քաղաքացիներ, քանի որ հայրը հանդիսացել է ԽՍՀՄ կամ ՀԽՍՀ քաղաքացի և ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել միայն 1998 թվականին, իսկ «Հայաստանի անկախության մասին» ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 23-ի հռչակագրի 4-րդ կետի ուժով դեռևս 1990 թվականի օգոստոսի 23-ից սահմանվել է ՀՀ քաղաքացիություն, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ 1995 թվականից, երբ ԷԹորոսյանը եղել է 4 տարեկան, վերջինս նույն օրենքի 10-րդ հոդվածի ուժով ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն։

Բողոքաբերը, անդրադառնալով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության միգրացիոն ծառայության 2024 թվականի հունիսի 4-ի գրությանը, նշել է, որ այն ինքնին բավարար չէ հաստատված համարելու, որ ԷԹորոսյանը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, քանի որ այդ տեղեկանքը տրվել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի հիման վրա, սակայն այդ հոդվածը վերաբերում է քաղաքացիության ձեռքբերմանը և կիրառելի է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ 1995 թվականից, իսկ տվյալ դեպքում ԷԹորոսյանն օրենքի ուժով է ճանաչվել ՀՀ քաղաքացի՝ նրա ծննդյան պահին գործող օրենսդրության համաձայն։

5.2. Բողոքաբերը նաև փաստարկել է, որ բողոքարկվող որոշումը կայացվել է բացարկման ենթակա դատավորի կողմից, քանի որ վերջինս պաշտպանության կողմին չի պարզաբանել նրանց իրավունքները, անհիմն մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունները։

5.3. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև այն հարցին, որ ՌԴ իրավապահ մարմինները բավարար երաշխիք չեն տվել, որ ԷԹորոսյանի իրավունքները կպաշտպանվեն, քանի որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս դադարել է Եվրոպայի Խորհրդի անդամ լինելուց և չեղարկել է իր կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վավերացումը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող տրամադրել այնպիսի երաշխիքներ, որոնք կհամապատասխանեն Եվրոպայի Խորհրդի կողմից հաստատված չափանիշներին։

6. Վերոգրյալ հիմնավորումներով, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 7-ի որոշումը և միաժամանակ կայացնել նոր դատական ակտ՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ 2024 թվականի հուլիսի 12-ի հանձնման թույլտվության վերաբերյալ որոշումը վերացնելու մասին:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Էմիլ Թորոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմամթերք ապօրինի ձեռք բերելը և պահելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը1։

8. Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մուրմանսկի մարզի ներքին գործերի վարչությունը Էմիլ Գարիկի Թորոսյանի վերաբերյալ հարցմանն ի պատասխան նշել է հետևյալը «(․․․) հայտնում եմ, որ Մուրմանսկի մարզի ՆԳՎ 06122000թ-ի որոշման 1991թ ծնված Էմիլ Գարիկի Թորոսյանը ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» 28111991թ-ի թիվ 1948-1 ՌԴ օրենքի 18 հոդվածի «ա» կետի համաձայն։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու համար ԷԳ Թորոսյանը չի դիմել։ (...

Է․Գ․ Թորոսյանը չի դիմել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Մուրմանսկի ՆԳՎ միգրացիայի հարցերով վարչություն չի դիմել այլ երկրի քաղաքացիություն կամ կացության ձև ունենալու մասին գրավոր ծանուցմամբ կամ այլ պետությունում մշտական բնակության իրավունքը հաստատող այլ վավեր փաստաթուղթ ունենալու մասին ծանուցմամբ կամ ՌԴ քաղաքացու կողմից այլ երկրի քաղաքացիություն դադարեցնելու, ինչպես նաև չի դիմել ժամանակավոր կացության վայրի կամ փախստականի կարգավիճակ ստանալու համար»2։

9ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչության կողմից 2023 թվականի հունիսի 13-ին տրված տեղեկանքի համաձայն՝ «Էմիլ Գարիկի Թորոսյան ծնված 15101991թ ՀՀ-ում քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ չկան։ ՀՀ քաղաքացու անձնագիր չի ստացել»։ Միաժամանակ հայտնվել է, որ ԱՎ վարչության արխիվային պահոցում ԷԳԹորոսյան տվյալներով անձի ՀՀ-ում կացության կարգավիճակի վերաբերյալ, ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի շտեմարանում տեղեկություններ առկա չեն, ինչպես նաև վերջինս ՀՀ-ում ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու նպատակով Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն չի դիմել3։

10. ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիության շնորհման վարչությունը, ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի մայիսի 23-ի գրության, 2024 թվականի հունիսի 4-ին հայտնել է «Էմիլ Գարիկի Թորոսյանի (ծնված 15101991թ.) ՀՀ քաղաքացիության պատկանելիության հարցը կարգավորվում է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, որի համար կարևոր փաստական հանգամանք է համարվում նրա ծնողների քաղաքացիության պատկանելության վերաբերյալ տեղեկատվությունը։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական պահոցում Էմիլ Գարիկի Թորոսյանի (ծնված 15101991թ.) և իր հոր՝ Գարիկ Ռոբերտի Թորոսյանի (ծնված 16071970թ.) ՀՀ քաղաքացիության, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագրերով փաստաթղթավորված լինելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։ Վերջիններս հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ։

Մայրը՝ Լուսինե Վրույրի Բարսեղյանը (ծնված՝ 19051971թ) հանդիսանում է ՀՀ քաղաքացի և 18052023թ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վանաձոր /2/ անձնագրային ծառայության կողմից ստացել է ՀՀ քաղաքացու AL սերիայի թիվ 0251561 անձնագիրը։

Հաշվի առնելով վերոգրյալը, Էմիլ Գարիկի Թորոսյանին (ծնված 15101991թ.) «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով ՀՀ քաղաքացի համարելու որևէ հիմք առկա չէ։

Միաժամանակ հայտնում ենք, որ Էմիլ Գարիկի Թորոսյան (ծնված 15.10.1991թ.) տվյալներով անձի կողմից ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ապաստան ստանալու վերաբերյալ դիմում չի ներկայացվել»4։

11. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վանաձորի թիվ 1 բաժնի կողմից տրված պատասխանի համաձայն՝ Գարիկ Ռոբերտի Թորոսյանին 26021987թ տրված 10UL685918 համարի նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագրի դիմումի թիվ 1 ձևը ՀՀ ՆԳՆ ՄՔԾ Վանաձոր 1 բաժնի արխիվային քարտադարանում չի հայտնաբերվել5։

12. Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մուրմանսկի մարզի վարչության կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ «Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գրառումներում առկա են տեղեկություններ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ընդունելու մասին (․․․) Թորոսյան Գարիկ Ռոբերտի, ծնված՝ 16 հուլիսի 1970թ․ (․․․) 18-րդ հոդվածի «դ» կետի հիման վրա «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» Ռուսաստանի Դաշնության 1991 թվականի նոյեմբերի 28-ի № 1948-1 օրենք Մուրմանսկի մարզի Ներքին գործերի վարչության 1998 թվականի նոյեմբերի 6-ի եզրակացություն»6։

13. ՀՀ գլխավոր դատախազը 2024 թվականի հուլիսի 12-ի հանձնման թույլտվության վերաբերյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(․․․) Համաձայն ՌԴ գլխավոր դատախազության կողմից ներկայացված փաստաթղթերի՝ Է.Թորոսյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։

Համաձայն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2024 թվականի հունիսի 4-ի գրության՝ Էմիլ Թորոսյանին «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի հատկանիշներով ՀՀ քաղաքացի համարելու որևէ հիմք առկա չէ։

ՌԴ գլխավոր դատախազությունը տրամադրել է միջազգային պայմանագրերով նախատեսված՝ ԷԹորոսյանի իրավունքների պաշտպանության երաշխիքներ։

Այսպիսով, Է․Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը մերժելու համար միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքեր չկան (․․․)»7։

14. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը«(...) Ինչ վերաբերում է Էմիլ Թորոսյանի ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ բողոքում նշված հիմնավորումներին, ապա Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ նյութերում առկա է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի կողմից 04062024 թվականին տրված թիվ 42/94/1/88470-24 գրությունը, որի համաձայն՝ Էմիլ Գարիկի Թորոսյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։

Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի /01071998 թվականի/ 477-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետության իրավասու մարմինների ներկայացրած դատավարական գործողությունների վերաբերյալ հարցումների կատարումը կարող է մերժվել այդ պայմանագրերով նախատեսված հիմքերով, հետևաբար նկատի ունենալով, որ սույն դեպքում չկա որևէ հիմք, որով կարող է մերժվել Էմիլ Թորոսյանի հանձնումը Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պահպանվել են և միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները, արդյունքում կայացվել է հանձնման թույլտվության վերաբերյալ որոշումը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ Էմիլ Գարիկի Թորոսյանին Ռուսաստանի Դաշնությանը հանձնելուն խոչընդոտող հիմքեր առկա չեն, իսկ վերաքննիչ բողոքով ներկայացված փաստարկները բավարար չեն վերջինիս հանձնման թույլտվության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի իրավաչափ որոշումը վերացնելու համար, հետևաբար պաշտպան Վ.Խեչյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ գլխավոր դատախազի «Հանձնման թույլտվության վերաբերյալ» 12․07․2024 թվականի որոշումը թողնել անփոփոխ (․․․)»8։

15. Վճռաբեկ դատարանի հարցմանն ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալը՝ 2025 թվականի հունվարի 23-ի թիվ 42/94/1/16204-25 գրությամբ հայտնել է հետևյալը. « (...) Էմիլ Թորոսյանի դիմումի շրջանակներում առկա է վերջինիս հոր՝ Գարիկ Ռոբերտի Թորոսյանի /ծնված՝ 16.07.1970թ./ ՌԴ քաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ ՌԴ իրավասու մարմինների կողմից տրված տեղեկանք, որի համաձայն վերջինս ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն 06.11.1998թ.-ի ՌԴ Մուրմանսկի մարզի եզրակացությամբ՝ 28.11.1991թ.-ի «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 1948-1 օրենքի 18-րդ հոդվածի «գ» կետի հիմքով։

Հարկ է նկատել, որ համաձայն նշված դրույթի՝ հաշվառման հիմքով ՌԴ քաղաքացիություն են ձեռք բերում նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքում բնակվող, ինչպես նաև 06.02.1992թ.-ից հետո ՌԴ տարածք բնակվելու նպատակով տեղափոխված նախկին ԽՍՀՄ այն քաղաքացիները, ովքեր մինչև 31.12.2000թ.-ը հայտնել են ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ ցանկություն։

Հաշվի առնելով վերոնշյալ դրույթը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում գործող ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածով ամրագրված՝ երկքաղաքացիության արգելքը /ՀՀ քաղաքացին չի կարող միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի/, ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից նախկինում նշված դրույթի վերաբերյալ ՌԴ իրավասու մարմիններից ստացվել է պարզաբանում, համաձայն որի՝ նշված հիմքով քաղաքացիություն ստացած անձինք ՌԴ քաղաքացի են համարվում 28.11.1991թ.-ի «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 1948-1 օրենքի ուժի մեջ մտնելու պահից /հաշվառման հիման վրա/, ուստի առկա փաստական հանգամանքների շրջանակներում Գարիկ Ռոբերտի Թորոսյանը Ձեր գրությամբ նշված ժամանակահատվածում հանդիսացել է ՌԴ քաղաքացի և վերջինիս նկատմամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն /քանի որ անձը ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն մինչև «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը՝ 28.11.1995թ./։

(...) ՀՀ պահեստազորում զինվորական հաշվառման ընթացակարգի և հիմքերի վերաբերյալ պարզաբանում տրամադրելը դուրս է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության իրավասությունից, այն՝ օրենքով վերապահված է ՀՀ պաշտպանության ոլորտում լիազոր մարմնին։

(...) Ինչ վերաբերում է (...) Գարիկ Թորոսյանի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով քաղաքացի ճանաչվելու հարցին, ապա նշված խմբագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացի են ճանաչվում Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն։ Գարիկ Ռոբերտի Թորոսյանի մասով սույն գրության 1-ին հարցադրման մեկնաբանության առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու պահին Գարիկ Ռոբերտի Թորոսյանը հանդիսացել է ՌԴ քաղաքացի, ուստի նշված հիմքը վերջինիս նկատմամբ կիրառելի չէ։

Ավելին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում հետագայում կատարված փոփոխություններով սույն դրույթով սահմանվել է ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար դիմում ներկայացնելու պահանջ, ինչը պայմանավորված է եղել իրավակիրառ պրակտիկայում առաջացող մի շարք խնդիրներով, այդ թվում՝ նախկին ՀԽՍՀ քաղաքացի հանդիսացող անձանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև հետապնդել է առանց անձի համաձայնության /կամարտահայտության/ ՀՀ քաղաքացիությունից բխող պարտականություններով չծանրաբեռնելու նպատակ։

Այսպիսով, վերոնշյալ դրույթի նոր գործող խմբագրության համաձայն՝ «(...) անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե օրենքով սահմանված կարգով դիմել և ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ։ Այս դեպքում անձը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի ուժի մեջ մտնելու պահից»։ Այսինքն՝ Գարիկ Թորոսյանին ՀՀ քաղաքացի ճանաչելու համար անհրաժեշտ է վերջինիս կողմից ներկայացված դիմում, որի շրջանակներում նոր միայն համապատասխան վարչարարությամբ կհաստատվեր կամ կհերքվեր օրենքով սահմանված բոլոր պայմանների առկայությունը և կկայացվեր համապատասխան որոշում։ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում նման դիմում առկա չէ։

(...) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով սահմանված են երեխաների ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու հատուկ իրավակարգավորումներ՝ 11-րդ և 16-րդ հոդվածներով։ Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ ծնված երեխաների նկատմամբ կիրառելի են օրենքի 16-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները /օրենքի առաջին խմբագրության համաձայն՝ նշված դրույթները տարածվել են օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ /28.11.1995թ./ մինչև 14 տարեկան երեխայի/, իսկ 11-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները կիրառելի են նշված օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծնված երեխաների նկատմամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էմիլ Գարիկի Թորոսյանը ծնվել է 15.10.1991թ., այսինքն՝ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը /28.11.1995թ./, ուստի՝ նրա ՀՀ քաղաքացիության պատկանելիության հարցը քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված իրավակագավորումների շրջանակներում, որի համար էական նշանակության փաստական հանգամանք է դիմումատուի ծնողների ՀՀ քաղաքացիություն ձեռքբերած լինելու հարցը։

Էմիլ Թորոսյանի կողմից ներկայացված փաստական հանգամանքների շրջանակներում, Էմիլ Թորոսյանի հայրը՝ Գարիկ Թորոսյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, որպես նախկին ՀԽՍՀ քաղաքացի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո /10-րդ հոդվածի շրջանակներում/ ձեռք չի բերել ՀՀ քաղաքացիություն, ինչով պայմանավորված, Էմիլ Թորոսյանն օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով չի հանդիսանում ՀՀ քաղաքացի (...)»9։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

16. 2024 թվականի նոյեմբերի 15-ին ընդունված և նույն թվականի դեկտեմբերի 12-ին ուժի մեջ մտած «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած՝ քրեական իրավական օգնության իրականացման հարաբերությունների վրա:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած՝ իրավական օգնության իրականացման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են 1998 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 54.1-ին, 54.2-րդ, 54.3-րդ և 54.4-րդ գլուխները»:

Մեջբերված նորմից հետևում է, որ մինչև «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը ծագած՝ իրավական օգնության իրականացման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի դրույթները։

17. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Էմիլ Գարիկի Թորոսյանի հանձնման որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։

18. ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե իրական սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի»։

«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Քիշնևի կոնվենցիայի 89-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանձնումը չի կատարվում, եթե.

ա) անձը, որի հանձնումը հայցվում է, հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի է.

(․․․)

3. Հանձնումը մերժելու դեպքում հայցող Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացվի մերժման հիմքերի մասին, դրա վերաբերյալ որոշում ընդունվելու պահից 10 օրվա ընթացքում»։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի»:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում`

1) քաղաքացիության ճանաչմամբ.

2) ծննդով. (...)»։

Նույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում`

(...)

3) Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն: (...)»։

Նույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ «Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (․․․)»։

Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝

1) եթե առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, կամ

2) եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը, կամ

3) եթե ծնողների (ծնողի) համաձայնության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ (...)»։

19. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մուրմանսկի մարզի ներքին գործերի վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Մուրմանսկի մարզի ներքին գործերի վարչության՝ 2000 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ, 1991 թվականին ծնված Էմիլ Գարիկի Թորոսյանը ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» 1991 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1948-1 Ռուսաստանի Դաշնության օրենքի 18 հոդվածի «ա» կետի համաձայն10։

- ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված 2023 թվականի հունիսի 13-ի տեղեկանքի համաձայն՝ ԷԹորոսյանի՝ ՀՀ-ում քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ չկան, վերջինս ՀՀ քաղաքացու անձնագիր չի ստացել11։

- ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիության շնորհման վարչության 2024 թվականի հունիսի 4-ի գրության համաձայն՝ ԷԹորոսյանի ՀՀ քաղաքացիության պատկանելիության հարցը կարգավորվում է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, որի համար կարևոր փաստական հանգամանք է համարվում նրա ծնողների քաղաքացիության պատկանելության վերաբերյալ տեղեկատվությունը։

Նույն գրության համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական պահոցում ԷԹորոսյանի և իր հոր՝ Գ.Թորոսյանի՝ ՀՀ քաղաքացիության, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագրերով փաստաթղթավորված լինելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, վերջիններս հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, իսկ մայրը՝ Լ.Բարսեղյանը, հանդիսանում է ՀՀ քաղաքացի։

Վերոգրյալի հիման վրա, վերոնշյալ գրությամբ փաստվում է, որ Է.Թորոսյանին «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով ՀՀ քաղաքացի համարելու որևէ հիմք առկա չէ12։

- ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վանաձորի թիվ 1 բաժնի գրության համաձայն՝ ԳԹորոսյանին 1987 թվականի փետրվարի 26-ին տրված 10UL685918 համարի նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագրի դիմումի թիվ 1 ձևը ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վանաձոր 1 բաժնի արխիվային քարտադարանում չի հայտնաբերվել13։

- Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մուրմանսկի մարզի վարչության կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ ԳԹորոսյանը «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» Ռուսաստանի Դաշնության 1991 թվականի նոյեմբերի 28-ի № 1948-1 օրենքի 18-րդ հոդվածի «գ» կետի հիման վրա Մուրմանսկի մարզի Ներքին գործերի վարչության 1998 թվականի նոյեմբերի 6-ի եզրակացությամբ ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն14։

- ՀՀ գլխավոր դատախազը, 2024 թվականի հուլիսի 12-ի հանձնման թույլտվության վերաբերյալ որոշմամբ, ի թիվս այլի, արձանագրելով, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2024 թվականի հունիսի 4-ի գրության համաձայն՝ Էմիլ Թորոսյանին «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի հատկանիշներով ՀՀ քաղաքացի համարելու որևէ հիմք առկա չէ և ՌԴ գլխավոր դատախազությունը տրամադրել է միջազգային պայմանագրերով նախատեսված՝ ԷԹորոսյանի իրավունքների պաշտպանության երաշխիքներ, բավարարել է ԷԹորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը և թույլատրել վերջինիս հանձնումը Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին15։

- Վերաքննիչ դատարանը 2024 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ, արձանագրելով, որ նյութերում առկա է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի կողմից 2024 թվականի հունիսի 4-ին տրված գրությունը, որի համաձայն՝ Էմիլ Գարիկի Թորոսյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ինչպես նաև պահպանվել են միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները, անփոփոխ է թողել ՀՀ գլխավոր դատախազի՝ հանձնման թույլտվության վերաբերյալ 2024 թվականի հուլիսի 12-ի որոշումը16։

- ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի գրության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ ծնված երեխաների նկատմամբ կիրառելի են օրենքի 16-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները (օրենքի առաջին խմբագրության համաձայն՝ նշված դրույթները տարածվել են օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ (1995 թվականի նոյեմբերի 28-ին) մինչև 14 տարեկան երեխայի նկատմամբ), իսկ 11-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները կիրառելի են նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծնված երեխաների նկատմամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էմիլ Գարիկի Թորոսյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 15-ին, այսինքն՝ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը (1995 թվականի նոյեմբերի 28-ին), ուստի՝ նրա ՀՀ քաղաքացիության պատկանելիության հարցը քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված իրավակագավորումների շրջանակներում, որի համար էական նշանակության փաստական հանգամանք է դիմումատուի ծնողների՝ ՀՀ քաղաքացիություն ձեռքբերած լինելու հարցը.

Էմիլ Թորոսյանի հայրը՝ Գարիկ Թորոսյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ձեռք բերել 1998 թվականի նոյեմբերի 6-ին՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 1948-1 օրենքի 18-րդ հոդվածի «գ» կետի հիմքով, իսկ նշված հիմքով քաղաքացիություն ստացած անձինք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են համարվում 1991 թվականի նոյեմբերի 28-ի՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 1948-1 օրենքի ուժի մեջ մտնելու պահից, ուստի ԳԹորոսյանը 1991 թվականից մինչև 1998 թվականն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի և վերջինիս նկատմամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 10-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն, քանի որ անձը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն՝ մինչև «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը՝ 1995 թվականի նոյեմբերի 28-ը։

Է.Թորոսյանի կողմից ներկայացված փաստական հանգամանքների շրջանակներում, Է.Թորոսյանի հայրը՝ Գարիկ Թորոսյանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, որպես նախկին ՀԽՍՀ քաղաքացի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո (10-րդ հոդվածի շրջանակներում) ձեռք չի բերել ՀՀ քաղաքացիություն, ինչով պայմանավորված, Էմիլ Թորոսյանն օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով չի հանդիսանում ՀՀ քաղաքացի17։

20. Սույն վարույթի փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 18-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ Էմիլ Թորոսյանը ծնվել է մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը, արձանագրում է, որ վերջինի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հարցը չի կարող քննարկվել նշված օրենքի 11-րդ հոդվածի շրջանակներում։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրությունից բխում է, որ Է.Թորոսյանի հայրը՝ Գարիկ Թորոսյանը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, քանզի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ձեռք բերել 1998 թվականի նոյեմբերի 6-ին՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 1948-1 օրենքի 18-րդ հոդվածի «գ» կետի հիմքով, իսկ նշված հիմքով քաղաքացիություն ստացած անձինք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են համարվում 1991 թվականի նոյեմբերի 28-ի՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 1948-1 օրենքի ուժի մեջ մտնելու պահից։ Ուստի Գ.Թորոսյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն, քանի որ անձը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն՝ մինչև «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում, Էմիլ Թորոսյանի նկատմամբ կիրառելի է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, որի պայմաններում նա ՀՀ քաղաքացի չի հանդիսանում։

21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում նշված դատողությունն անհիմն է, քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածներով նախատեսված դատավորի բացարկի որևէ հիմքի առկայությունը հաստատող փաստական տվյալ վերջինիս կողմից չի ներկայացվել։

22. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 5.3-րդ կետում վկայակոչված պնդմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը տրամադրել է միջազգային պայմանագրերով նախատեսված՝ ԷԹորոսյանի իրավունքների պաշտպանության երաշխիքներ18։

23. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Էմիլ Գարիկի Թորոսյանի հանձնման որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ է:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 7-ի որոշումը՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ Էմիլ Գարիկի Թորոսյանի հանձնման թույլտվության վերաբերյալ 2024 թվականի հուլիսի 12-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին, պետք է թողնել օրինական ուժի մեջ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Էմիլ Գարիկի Թորոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի օգոստոսի 7-ի որոշումը թողնել անփոփոխ։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

__________________________

1 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 33-37, 46-54։

2 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 23-24։

3 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 18-19։

4 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 90-91։

5 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթ 168։

6 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 169։

7 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 144-146։

8 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 226-230։

9 Տե՛ս, նյութեր, հատոր 3, թերթեր 88-90։

10 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը։

11 Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը։

12 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը։

13 Տե՛ս, սույն որոշման 11-րդ կետը։

14 Տե՛ս, սույն որոշման 12-րդ կետը։

15 Տե՛ս, սույն որոշման 2-րդ և 13-րդ կետերը։

16 Տե՛ս, սույն որոշման 14-րդ կետը։

17 Տե՛ս, սույն որոշման 15-րդ կետը։

18 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 20-22։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան