ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր` Ա․ Կարապետյան |
ԳԴ1/0036/01/23 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||||
|
| |||||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | ||
|
|
|
Լ. Թադևոսյանի Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
21 մարտի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալներ Նարեկ Վալենտինի Ադամյանի և Անդրանիկ Լյովայի Ավագյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հունվարի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է թիվ 43111423 քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի որոշումներով Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Սարգսյանը և Գրիշա Գաբրիելյանը ճանաչվել են տուժողներ։
ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Վ.Մարտոյանի՝ 2023 թվականի մարտի 17-ի որոշմամբ, Նարեկ Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ, Անդրանիկ Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
2023 թվականի հուլիսի 21-ին, թիվ 43111423 քրեական վարույթից անջատվել է մեղադրյալներ Նարեկ Ադամյանի և Անդրանիկ Ավագյանի վերաբերյալ նոր վարույթ, որին շնորհվել է 43111423/1 համարը։
2023 թվականի օգոստոսի 1-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանը, արագացված կարգի կիրառմամբ քննության առնելով քրեական գործը, 2023 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճռով Նարեկ Ադամյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով Ն.Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է 2023 թվականի մարտի 15-ից մինչև մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը, և պատժի կրման սկիզբը հաշվվել է Ն.Ադամյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Նույն դատավճռով Անդրանիկ Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով Ա.Ավագյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է 2023 թվականի մարտի 15–ից մինչև մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա Ա.Ավագյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության ՀՀ տարածքը չլքելու և բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականությունների սահմանմամբ։ Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։
3. Մեղադրող Ս.Խաչատրյանի և մեղադրյալ Նարեկ Ադամյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 19-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժել է, իսկ Ն.Ադամյանի բողոքը՝ բավարարել։ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ մեղադրյալ Նարեկ Ադամյանի նկատմամբ նշանակված պատժի մասով, փոփոխվել է, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության ՀՀ տարածքը չլքելու և բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականությունների սահմանմամբ։ Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ ստորադաս դատարանները չեն պահպանել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ, 69-րդ, 84-րդ հոդվածների պահանջները, արդյունքում թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները՝ նախկինում դատապարտված չլինելը, մեղքն ընդունելը, չեն կարող ողջամտորեն նվազեցնել նրանց կատարած արարքների հանրային վտանգավորության աստիճանը և բավարար չեն նրանց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար:
5.1. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ստորադաս դատարանները բազմակողմանի վերլուծության և գնահատման չեն ենթարկել քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքները, և հաշվի չեն առել, որ մեղադրյալների կողմից հանցանքը խմբի կազմում կատարելը ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված չէ որպես որակյալ հատկանիշ, ուստի այն պետք է դիտել որպես մեղադրյալների քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանք։
5.1. Միաժամանակ բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակել է նույն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով սահմանված նվազագույն պատժաչափը՝ անտեսելով նրանցից յուրաքանչյուրի արարքների հանրային վտանգավորության աստիճանն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները:
Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 19-ի որոշումը, վերացնել Նարեկ Ադամյանի և Անդրանիկ Ավագյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը և նրանց նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Համաձայն Նարեկ Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման՝ «[Նա] 2023 թվականի մարտի 15-ին՝ ժամը 22-ի սահմաններում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Գրիշա Մանուկի Գաբրիելյանի, նույն դասակի պարեկ Սամվել Սարգսյանի և նույն դասակի կրտսեր պարեկ Դավիթ Ազատի Հովհաննիսյանի, օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ խմբի կազմում բռնություն է գործադրել:
Այսպես՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի Գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի, նույն դասակի պարեկ Սամվել Գարիկի Սարգսյանի և կրտսեր պարեկ Դավիթ Ազատի Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մարտի 15-ին՝ ժամը 22-ի սահմաններում, նշված բնակավայրի գյուղամիջյան ճանապարհով երթևեկելու ժամանակ նույն բնակավայրի բնակիչ Նարեկ Վալենտինի Ադամյանը կանգնած է եղել ճանապարհի միջնամասում և դուրս չի եկել ճանապարհից, որտեղով պարեկային ծառայողների անցնելու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել վերջիններիս հասցեին։
Մեքենան կայանելուց հետո պարեկային ծառայության աշխատակիցները մոտեցել են Նարեկ Ադամյանին՝ պարզելու համար իրենց հայհոյելու պատճառը, սակայն վերջինս շարունակել է հայհոյանքները և դրսևորել ագրեսիվ վարքագիծ: Պարեկային ծառայության աշխատակիցները վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3 հոդվածի պահանջները խախտելու (…) համար փորձել են վարչական ձերբակալման ենթարկել Նարեկ Ադամյանին, սակայն վերջինս պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ սկսել է հայհոյանքներ հնչեցնել ու քաշքշել նրանց:
Այդ ընթացքում նույն բնակավայրի բնակիչներ Նարեկ Աշոտի Եփրեմյանը, Անդրանիկ Լյովայի Ավագյանը լրացնելով Նարեկ Ադամյանի գործողությունները, նույնպես քաշքշել են նրանց, որի ընթացքում Նարեկ Ադամյանը, Նարեկ Եփրեմյանը և Անդրանիկ Ավագյանը ձեռքերով հարվածներ են հասցրել Գրիշա Գաբրիելյանին, այնուհետև Նարեկ Եփրեմյանը բռունցքով հարվածներ է հասցրել Սամվել Սարգսյանի դեմքի շրջանին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ»1։
6.1. Համաձայն Անդրանիկ Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման՝ «[Նա] 2023 թվականի մարտի 15-ին՝ ժամը 22-ի սահմաններում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Գրիշա Մանուկի Գաբրիելյանի, նույն դասակի պարեկ Սամվել Սարգսյանի և նույն դասակի կրտսեր պարեկ Դավիթ Ազատի Հովհաննիսյանի, օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ խմբի կազմում բռնություն է գործադրել:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի Գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի, նույն դասակի պարեկ Սամվել Գարիկի Սարգսյանի և կրտսեր պարեկ Դավիթ Ազատի Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մարտի 15-ին՝ ժամը 22-ի սահմաններում, նշված բնակավայրի գյուղամիջյան ճանապարհով երթևեկելու ժամանակ նույն բնակավայրի բնակիչ Նարեկ Վալենտինի Ադամյանը կանգնած է եղել ճանապարհի միջնամասում և դուրս չի եկել ճանապարհից, որտեղով պարեկային ծառայողների անցնելու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել վերջիններիս հասցեին։
Մեքենան կայանելուց հետո պարեկային ծառայության աշխատակիցները մոտեցել են Նարեկ Ադամյանին՝ պարզելու համար իրենց հայհոյելու պատճառը, սակայն վերջինս շարունակել է հայհոյանքները և դրսևորել ագրեսիվ վարքագիծ: Պարեկային ծառայության աշխատակիցները վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3 հոդվածի պահանջները խախտելու (…) համար փորձել են վարչական ձերբակալման ենթարկել Նարեկ Ադամյանին, սակայն վերջինս պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ սկսել է հայհոյանքներ հնչեցնել ու քաշքշել նրանց:
Միջադեպի ժամանակ այնտեղ գտնվող նույն բնակավայրի բնակիչներ՝ Նարեկ Վալենտինի Ադամյանի ընկերներ՝ Անդրանիկ Լյովայի Ավագյանը և Նարեկ Աշոտի Եփրեմյանը, լրացնելով Նարեկ Ադամյանի գործողությունները, նույնպես քաշքշել են Գրիշա Գաբրիելյանին, Սամվել Սարգսյանին և Դավիթ Հովհաննիսյանին, ձեռքերով հարվածներ են հասցրել Գրիշա Գաբրիելյանին, այնուհետև Նարեկ Եփրեմյանը բռունցքով հարվածներ է հասցրել Սամվել Սարգսյանի դեմքի շրջանին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ»2։
7. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(…)Անդրադառնալով մեղադրյալ Նարեկ Ադամյանի անձին, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայության հարցերին՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.
Որպես մեղադրյալ Նարեկ Ադամյանի անձը բնութագրող հանգամանքներ՝ Դատարանը հաշվի է առնում այն, որ նա ամուսնացած է, չի աշխատում և ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 8 տեղեկանքի՝ նախկինում դատված չի եղել:
Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես մեղադրյալ Նարեկ Ադամյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում մեղքն ընդունելը, կատարածի համար զղջալը և խոստովանական ցուցմունքներ տալը։
Անդրադառնալով մեղադրյալ Անդրանիկ Ավագյանի անձին, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայության հարցերին՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.
Որպես մեղադրյալ Անդրանիկ Ավագյանի անձը բնութագրող հանգամանքներ՝ Դատարանը հաշվի է առնում այն, որ նա ամուսնացած չէ, աշխատում է և ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 8 տեղեկանքի՝ նախկինում դատված չի եղել:
Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես մեղադրյալ Անդրանիկ Ավագյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում մեղքն ընդունելը, կատարածի համար զղջալը և խոստովանական ցուցմունքներ տալը։
(…)
Անդրադառնալով Նարեկ Ադամյանին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության գնահատմանը և հաշվի առնելով հանցանքի կատարման եղանակը և բնույթը, ինչպես նաև դրան նախորդող և հաջորդող իրադրություններում Նարեկ Ադամյանի գործողությունները՝ Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նախքան ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրումը Նարեկ Ադամյանը խոչընդոտել է իր վարչական ձերբակալմանը, որի համար հիմք է հանդիսացել այդ վայրում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցներին վերջինիս կողմից հայհոյելը:
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանն արձանագրում է, որ Նարեկ Ադամյանի անձը և նրան մեղսագրվող արարքն օժտված են հանրային բարձր վտանգավորության աստիճանով:
Անդրադառնալով Անդրանիկ Ավագյանին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության գնահատմանը և հաշվի առնելով հանցավոր իրադրությունը, մասնավորապես տուժողների նկատմամբ նախահարձակ չլինելը, ինչպես նաև Նարեկ Ադամյանի և Նարեկ Եփրեմյանի գործողությունները լրացրած լինելու փաստը՝ Դատարանն արձանագրում է, որ Անդրանիկ Ավագյանի անձը և նրան մեղսագրվող արարքը հանրային բարձր վտանգավորության աստիճանով օժտված չեն:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներով և հաշվի առնելով մեղադրյալ Նարեկ Ադամյանի և Անդրանիկ Ավագյանի կատարած արարքների հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար պատիժ է սահմանված բացառապես ազատազրկման ձևով՝ գտնում է, որ մեղադրյալներից յուրաքանչյուրի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով՝ 2 (երկու) տարի ժամկետով։
(…)
Անդրադառնալով մեղադրյալ Նարեկ Ադամյանի նկատմամբ նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին և հաշվի առնելով նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման հանգամանքներն ու եղանակը, Դատարանն արձանագրում է, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից հնարավոր չէ փաստել, որ մեղադրյալ Նարեկ Ադամյանի նկատմամբ նշանակվող պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը բացակայում է և ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժն իրական կրելու: Այլ կերպ ասած՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա մեղադրյալ Նարեկ Ադամյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու պայմաններում հնարավոր չէ հասնել պատժի նպատակների իրացվելիությանը, հետևաբար՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Նարեկ Ադամյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը: Վերոհիշյալ հետևությունը կատարելիս Դատարանը հաշվի է առնում ինչպես Նարեկ Ադամյանի անձը բնութագրող հանգամանքները, այնպես էլ նրա անձի և մեղսագրվող արարքի հանրային բարձր վտանգավորության աստիճանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատման արժանացնելով մեղադրյալ Անդրանիկ Ավագյանի տարիքը, նրա անձը դրականորեն բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո դրսևորած դրական վարքագիծը (մեղքը ընդունելը, կատարածի համար զղջալը և խոստովանական ցուցմունքներ տալը), ինչպես նաև հանցավոր իրադրությունում նրա դերակատարությունը՝ Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում քրեական պատժի նպատակների իրացումը, այդ թվում` պատժի ենթարկված անձին ուղղելու հավանականությունը, զգալիորեն բարձր է:
Վերոգրյալի հիման վրա, հաշվի առնելով մեղադրյալ Անդրանիկ Ավագյանի կատարած հանցագործության և նրա անձի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը՝ Դատարանը գալիս է հետևության, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, մեղադրյալ Անդրանիկ Ավագյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժն իրական կրելու, ուստի նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել: Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա մեղադրյալ Անդրանիկ Ավագյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու և նրա նկատմամբ 2 (երկու) տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:
Դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ մեկտեղ անհրաժեշտ է Անդրանիկ Ավագյանի նկատմամբ սահմանել փորձաշրջանի ընթացքում առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու և բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականություններ (…)»3:
8․ Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունվարի 19-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը, համակողմանիորեն ուսումնասիրելով ԳԴ1/0036/01/23 քրեական գործով մեղադրյալ Նարեկ Ադամյանի կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, հանցավոր վարքագծի դրսևորմանն ուղեկցող հանգամանքները (մեղադրյալը կատարել է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություն, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին), կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, ինչպես նաև հաշվի առնելով նրա անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող հանգամանքները, մասնավորապես այն, որ Նարեկ Ադամյանը փաստացի ընդունել է իր մեղքը, զղջացել է կատարածի համար, խոստովանական ցուցմունքներ է տվել և միջնորդել է վարույթը քննել արագացված կարգով, Արծվանիստ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից բնութագրվել է դրական, նախկինում դատապարտված չի եղել, գտնում է, որ նշանակված պատժի ռեալ (իրական) չկիրառման միջոցով նույնպես հնարավոր կլինի ապահովել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացումը։
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև միայն մեղադրյալի կողմից մեղքն ընդունելն և արագացված վարույթ կիրառելու միջնորդություն ներկայացնելը, խոստովանական ցուցմունք տալը և կատարածի համար զղջալը, չեն կարող ինքնին հիմնավորել պատիժը պայմանականորեն չկիրառելը, սակայն վերը նշված հանգամանքներն ունեն էական նշանակություն նրանց հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում:
(…)
Ամփոփելով՝ Վերաքննիչ դատարանը, քրեական օրենքով արգելված արարքի կատարման եղանակի և բնույթի հաշվառմամբ, գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ բնույթը կարող է հաղթահարված համարվել նաև ազատությունից զրկելու ձևով արտահայտված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով։
(…)
Անդրադառնալով մեղադրյալ Անդրանիկ Լյովայի Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով վերջնական պատիժ նշանակված 1 տարի 11 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման ձևով պատիժը՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման փաստացի կրելու վերաբերյալ դատախազի կողմից վերաքննիչ բողոքում նշված փաստարկներին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Վերաքննիչ դատարանը, համակողմանիորեն ուսումնասիրելով մեղադրյալ Անդրանիկ Լյովայի Ավագյանի կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող հանգամանքները, մասնավորապես այն, որ Անդրանիկ Ավագյանը փաստացի ընդունել է իր մեղքը և միջնորդել է վարույթը քննել արագացված կարգով, բնութագրվում է դրական, 2023 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 27-ը մասնակցել է վարժական հավաքներին, «ԱՏ Քոմփանի» ՍՊ ընկերությունում աշխատում է որպես էքսկավատորի վարորդ, հանդիսանում է ընտանիքի միակ աշխատողը, ինչպես նաև քրեական օրենքով արգելված արարքի կատարման եղանակը և բնույթը, գտնում է, որ նշանակված պատժի ռեալ (իրական) չկիրառման միջոցով նույնպես հնարավոր է հասնել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացմանը՝ վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները։
Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ վերը նշված հանգամանքների ամբողջական վերլուծությունը բավարար հիմք է տալիս հետևություն անելու մեղադրյալ Անդրանիկ Ավագյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված ազատազրկման ձևով պատիժը կիրառելու աննպատակահարմարության մասին:
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ բնույթը կարող է հաղթահարված համարվել նաև ազատությունից զրկելու ձևով արտահայտված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով (…)»4:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալներ Ն.Ադամյանի և Ա.Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
10. ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ (…):
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործությամբ պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, հանցագործության շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզգուշության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով, ինչպես նաև նշանակվող պատժի` հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությամբ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն՝ «1.Քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքներ են՝
(…)
2) հանցանքը խմբի (…) կազմում կատարելը (…)»։
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատարանը հանցանք կատարած անձի նկատմամբ (…) ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս հանգում է հետևության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին։
(…)
4. Պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները.
1) անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորությունը,
2) պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,
3) հանցանք կատարածի անձը,
4) պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պահանջի բացակայությունը կամ այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը, եթե հանցագործությամբ վնաս է պատճառվել (…)»:
11. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում5: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։
12. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվորեն գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա6` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն7:
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ արարքի հանրային վտանգավորության բնույթի որոշման հարցում Վճռաբեկ դատարանը կարևորում է խախտված քրեաիրավական նորմով պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը: Պատիժ նշանակելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել տվյալ ժամանակահատվածում քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը8։
13․ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով սահմանված հանցակազմը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին և բնութագրվում որպես հանցավոր արարք, որը ոտնձգում է իշխանության ներկայացուցիչների դեմ: Նշված հանցավոր արարքի օբյեկտ են հանդիսանում ոչ միայն իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորների կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը։ Քննարկվող հանցագործություններն առաջին հերթին ուղղված են հանրային մարմինների կառավարման բնականոն գործունեության դեմ, հետևաբար օժտված են հասարակական և հանրային բարձր վտանգավորությամբ, քանի որ ոտնձգում են իշխանության ներկայացուցիչների կողմից կառավարման հետ կապված իրենց՝ օրենքով սահմանված լիազորությունների անխափան իրականացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ։ Ընդ որում, տվյալ հանցակազմի՝ հասարակական և հանրային բարձր վտանգավորությունը պայմանավորվում է նաև հանցագործության սուբյեկտիվ կողմի հատկանիշով, մասնավորապես, այն հանգամանքով, որ հանցանք կատարող անձը գործում է ուղղակի դիտավորությամբ և գիտակցում է, որ բռնություն է գործադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ։
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Անդրանիկ Ավագյանին և Նարեկ Ադամյանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք, 2023 թվականի մարտի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, պաշտոնատար անձ հանդիսացող պարեկային ծառայողներ Գ.Գաբրիելյանի, Ս.Սարգսյանի և Դ.Հովհաննիսյանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, վերջիններիս նկատմամբ խմբի կազմում բռնություն գործադրելու դիտավորությամբ, հայհոյանքներ են հնչեցնել ու քաշքշել նրանց, ձեռքերով հարվածներ հասցրել Գ.Գաբրիելյանին` պատճառելով ֆիզիկական ցավ9։
- Առաջին ատյանի դատարանը, Անդրանիկ Ավագյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, գտել է, որ մեղադրյալի անձը և նրան մեղսագրվող արարքը հանրային բարձր վտանգավորության աստիճանով օժտված չեն՝ հաշվի առնելով հանցավոր իրադրությունը, մասնավորապես՝ տուժողների նկատմամբ նախահարձակ չլինելը, ինչպես նաև Նարեկ Ադամյանի և Նարեկ Եփրեմյանի գործողությունները լրացրած լինելու փաստը։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով մեղադրյալ Ա.Ավագյանի կատարած հանցագործության և նրա անձի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը, եզրահանգել է, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, և մեղադրյալ Ա.Ավագյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժն իրական կրելու:
Անդրադառնալով մեղադրյալ Նարեկ Ադամյանի նկատմամբ նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը և բնույթը, հաշվի առել հանցագործության կատարման հանգամանքներն ու եղանակը, անձը բնութագրող հանգամանքները և արդյունքում հանգել եզրակացության, որ մեղադրյալ Ն․Ադամյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու պայմաններում հնարավոր չէ հասնել պատժի նպատակների իրացվելիությանը և վերջինիս ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժն իրական կրելու10:
- Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով մեղադրյալ Անդրանիկ Ավագյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին, վերլուծելով նրան վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներն ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող հանգամանքները, գտել է, որ մեղադրյալ Ա․Ավագյանի նկատմամբ նշանակված պատժի ռեալ (իրական) չկիրառման միջոցով նույնպես հնարավոր է հասնել քրեական օրենքով նախատեսված՝ պատժի նպատակների իրացմանը՝ վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները։
Վերոգրյալի հետ մեկտեղ, թույլատրելի համարելով մեղադրյալ Նարեկ Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը, Վերաքննիչ դատարանը հաշվի է առել այն, որ Ն․Ադամյանը փաստացի ընդունել է մեղքը, զղջացել է կատարածի համար, խոստովանական ցուցմունքներ է տվել և միջնորդել վարույթը քննել արագացված կարգով, Արծվանիստ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից բնութագրվել է դրական, նախկինում դատապարտված չի եղել։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թեև միայն մեղադրյալի կողմից մեղքն ընդունելն ու արագացված վարույթ կիրառելու միջնորդություն ներկայացնելը, խոստովանական ցուցմունք տալը և կատարածի համար զղջալը չեն կարող ինքնին հիմնավորել պատիժը պայմանականորեն չկիրառելը, սակայն այդ հանգամանքներն ունեն էական նշանակություն` նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում11։
15. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն արձանագրել են մեղադրյալներ Ա․Ավագյանի և Ն․Ադամյանի քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, մինչդեռ երկու մեղադրյալների պարագայում էլ որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք պետք է դիտարկեին հանցանքը խմբի կազմում կատարելը, որը ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով որպես նշված հանցագործության որակյալ հատկանիշ նախատեսված չէ։ Հետևաբար բողոքաբերի՝ սույն որոշման 5․1․-րդ կետում վկայակոչված փաստարկի հետ չհամաձայնելու հիմքեր չկան։
16․ Վերոգրյալի հաշվառմամբ ևս Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Անդրանիկ Ավագյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, հաշվի առնելով ինչպես Ա․Ավագյանին մեղսագրվող հանցանքի և նրա անձի հանրային վտանգավորության աստիճանը, բնութագրող հանգամանքները, այնպես էլ հանցավոր իրադրությունում նրա դերակատարությունն ու հանցագործությունից հետո դրսևորած դրական վարքագիծը, ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը հանգել են ճիշտ հետևության։
Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են։
17․ Ինչ վերաբերում է մեղադրյալ Նարեկ Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացվելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունների իրավաչափությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել նրա դերը հանցանքի կատարմանը, մասնավորապես այն, որ Նարեկ Ադամյանն է նախահարձակ եղել և նրա հակաիրավական վարքագծի արդյունքում է ծագել վիճաբանությունը՝ պարեկային ծառայողների և մեղադրյալների միջև։ Մասնավորապես, համաձայն Ն․Ադամյանին ներկայացված մեղադրանքի, կանգնած լինելով գյուղամիջյան ճանապարհի միջնամասում և տեսնելով ճանապարհն անցնող պարեկային ծառայողներին, Ն․Ադամյանը դուրս չի եկել ճանապարհից, առանց որևէ պատճառի վերջինների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, իսկ երբ նրանք մոտեցել են Ն.Ադամյանին՝ փորձելով պարզել իրենց հայհոյելու պատճառը՝ նա շարունակել է հայհոյանքներ հնչեցնել և դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ քաշքշելով իշխանության ներկայացուցիչներին։
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից Ն.Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված անձը բնութագրող տվյալները՝ նախկինում դատապարված չլինելը, մեղքն ընդունելը, դրական բնութագրվելը, խոստովանական ցուցմունքներ տալը, իրենց համակցության մեջ, չեն կարող ողջամտորեն փաստել Ն.Ադամյանի կատարած արարքի և նրա անձի՝ հանրային վտագավորության աստիճանի նվազեցման մասին և մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք հանդիսանալ։
18․ Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Ն․Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, բավարար չափով գնահատման չի ենթարկել հանցավոր արարքի կատարման հետևանքով խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, մեղադրյալ Ն.Ադամյանին վերագրվող արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, վերջինի ակտիվ դերակատարությունը հանցանքի կատարմանը և հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ՝ այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ՝ գիտակցելով, որ բռնություն է գործադրում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Նարեկ Ադամյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:
19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Նարեկ Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, ինչպես Ա.Ավագյանի, այնպես էլ Ն.Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում եկել է հիմնավոր և իրավաչափ հետևության, և թույլ չի տվել նյութական կամ դատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին նրա կողմից կայացված դատական ակտը բեկանելու հիմք հանդիսանալ։ Ուստի անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին, որով Ն․Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ էր նշանակվել ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով, և հաշվակցվել էր 2023 թվականի մարտի 15-ից մինչև մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը՝ Ն․Ադամյանին վերջնական թողնելով կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 304-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Նարեկ Վալենտինի Ադամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 19-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճռին՝ Նարեկ Ադամյանին վերջնական թողնելով կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված ազատազրկումը՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։
2. Նարեկ Վալենտինի Ադամյանի պատժի կրման սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:
3․ Անդրանիկ Լյովայի Ավագյանի վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը թողնել անփոփոխ։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 165-166։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 169-170։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 125-128։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 157, 158։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
6 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 6-րդ և 6.1.-րդ կետերը։
10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ | |
|
Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական: