ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1552-Ա |
«25» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Ջիվան Հայրապետյանի 2025 թվականի մարտի 28-ի թիվ Դ-33382-25 դիմումի (այսուհետ՝ նաև Դիմում) հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
Դիմումի առարկայի քննության կապակցությամբ 2025 թվականի ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին հրավիրված լսումներին մասնակցել է Ջիվան Հայրապետյանը և վերջինիս ներկայացուցիչ՝ Հրաչյա Համբարձումյանը:
Ուսումնասիրելով Դիմումը, Դիմումին կից, ինչպես նաև վարույթի շրջանակներում ստացված ապացույցները, 2025 թվականի ապրիլի 17-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով Դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Լսումների ընթացքում Ջիվան Հայրապետյանը, հիմք ընդունելով Դիմումին կից ներկայացված ապացույցները, խնդրեց փոխհատուցել «Zhongtong» մակնիշի «790 CD 61» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի և «Porsche Macan 2.0T» մակնիշի «37 HX 852» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի մասնակցությամբ տեղի ունեցած պատահարի արդյունքում «Porsche Macan 2.0T» մակնիշի «37 HX 852» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցին պատճառված վնասի՝ ապահովագրական ընկերության կողմից չվճարված մասը, որը «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մարտի 26-ին կազմված «Վնասների գնահատման կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի» թիվ 019563 եզրակացության համաձայն՝ կազմում է 8,721,000 (ութ միլիոն յոթ հարյուր քսանմեկ հազար) ՀՀ դրամ:
2021 թվականի դեկտեմբերի 2-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ XB496163 վկայագրի և տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 01XX496123 վկայականի համաձայն՝ «Zhongtong» մակնիշի «790 CD 61» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը:
2025 թվականի մարտի 4-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AF191041 վկայագրի համաձայն՝ «Porsche Macan 2.0T» մակնիշի «37 HX 852» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Ջիվան Հայրապետյանի սեփականությունը:
«Արմենիա ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից թիվ AYR050320250240895 նույնականացուցիչով պատահարի առաջացման պատճառների առաջնային (լրացուցիչ) փորձաքննության վերաբերյալ 2025 թվականի մարտի 11-ին կազմված թիվ FP15102841 եզրակացության «3. Հետևություններ» բաժնում նշված է, որ ներկայացված ճանապարհատրանսպորտային իրադրության պայմաններում՝ «Zhongtong» մակնիշի «790 CD 61» հաշվառման համարանիշի ավտոմոբիլի վարորդը, լուսացույցով կարգավորվող խաչմերուկում ձախ շրջադարձ (կամ հետադարձ) կատարելիս ճանապարհը չզիջելով հանդիպակաց ուղղությունից ուղիղ և դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցներին, մասնավորապես՝ «Porsche Macan 2.0T» մակնիշի «37 HX 852» հաշվառման համարանիշի ավտոմոբիլին, ստեղծել է խոչընդոտ վերջինիս վարորդի երթևեկության համար և ընդհարվել է այդ «Porsche Macan 2.0T» մակնիշի «37 HX 852» հաշվառման համարանիշի ավտոմոբիլին, թույլ է տվել ՃԵԿ-ի 36 և 90, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ և դրանցով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը: Փորձագետը նաև գտել է, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի RL-1-001 կանոնների N 7 հավելվածի 27-րդ կետի համաձայն՝ ներկայացված պայմաններում «Porsche Macan 2.0T» մակնիշի «37 HX 852» հաշվառման համարանիշի ավտոմոբիլի վարորդի կողմից տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի դիտարկվում:
«Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մարտի 26-ին կազմված «Վնասների գնահատման կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի» թիվ 019563 եզրակացության համաձայն՝ մնացորդային մեթոդաբանությամբ գնահատման արդյունքում ստացված՝ «Porsche Macan 2.0T» մակնիշի «37 HX 852» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցին պատճառված վնասի չափը կրկնակի փորձաքննության արդյունքներով կազմում է 10,521,000 (տասը միլիոն հինգ հարյուր քսանմեկ հազար) ՀՀ դրամ:
2021 թվականի դեկտեմբերի 3-ին «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի և «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):
Պայմանագրով «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կողմից «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության անհատույց օգտագործմանն են հանձնվել Պայմանագրի թիվ 1 հավելվածում ընդգրկված տրանսպորտային միջոցները, որոնց թվում՝ նաև «Zhongtong» մակնիշի «790 CD 61» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը:
Պայմանագրի 1.3-րդ կետի հիման վրա «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի և «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության միջև կազմվել է հանձնման-ընդունման ակտ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը՝ իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար, բացառությամբ նույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքի անհատույց օգտագործման պայմանագրով (փոխատվության պայմանագիր) մի կողմը (փոխատուն) պարտավորվում է գույքը հանձնել կամ հանձնում է մյուս կողմի (փոխառուի) անհատույց ժամանակավոր օգտագործմանը, իսկ վերջինս պարտավորվում է այդ գույքը վերադարձնել նույն վիճակում` հաշվի առնելով դրա բնականոն մաշվածքը, կամ պայմանագրով որոշված վիճակում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն, ինչպես նաև իր կողմից «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքներում ներգրավված կամավորի՝ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Zhongtong» մակնիշի «790 CD 61» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը Պայմանագրով հանձնված է «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության անհատույց օգտագործմանը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 60-րդ, 685-րդ, 1058-րդ, 1072-րդ, 1074-րդ հոդվածների և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Ջիվան Հայրապետյանի 2025 թվականի մարտի 28-ի թիվ Դ-33382-25 դիմումով ներկայացված պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|