ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Կ-ԲՕ-002973 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 7657-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.12.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«30» դեկտեմբեր 2024 թ.

N 7657-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Կ-ԲՕ-002973 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Առողջապահության նախարարություն է ներկայացվել թիվ 01/27284-2024 և 01/27350 միջնորդագրերը:

Թիվ 01/27350 միջնորդագրի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության համաձայն պարզվել է հետևյալը.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը 2024 թվականի դեկտեմբերի 05-ին թիվ 01/26817-2024 գրությամբ Տեսչական մարմնին է տրամադրել Արթուր Սամվելի Սարգսյանի մասնագիտական որակավորման փաստաթղթերը դիպլոմ, «Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան»-ի կողմից տրված օրդինատուրայի դիպլոմը և առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիրը):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան»-ի կողմից տրված օրդինատուրայի դիպլոմը ենթակա է փոխճանաչման` Տեսչական մարմնի կողմից այն ներկայացվել է Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային-տեղեկատվական կենտրոն փոխճանաչման նպատակով: Պատասխան գրությամբ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային-տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ «Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի» կողմից Արթուր Սամվելի Սարգսյանին 107724 121096 (գրանցման համար N22-0582) համարի դիպլոմ երբևիցե չի տրվել, հետևաբար նշված դիպլոմը կեղծ է:

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային-տեղեկատվական կենտրոնի կողմից տրամադրվել է նաև Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի գրությունը, որի համաձայն`

1. «Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան»-ի 2022 թվականի հետբուհական կրթական մասնագիտական ծրագրի ուսանողների անձնական գործերում առկա չէ Արթուր Սամվելի Սարգսյանի անունը:

2. «Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան»-ի 2022 թվականի հետբուհական կրթական մասնագիտական «Պլաստիկ վիրաբուժություն» ծրագրին ուսանողների մասնակցության թույլտվության տրամադրման մասին ռեկտորի հրամաններում առկա չէ Արթուր Սամվելի Սարգսյանի անունը:

3. «Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան»-ի 2022 թվականի հետբուհական կրթական մասնագիտական ծրագրի ուսանողներին տրված դիպլոմների վերաբերյալ գրանցամատյանում Արթուր Սամվելի Սարգսյանին տրված` 29.06.2022թ. դիպլոմ` 107724 121096 վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:

Թիվ 01/27284 միջնորդագրի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության համաձայն պարզվել է հետևյալը.

Զննման օրերին Ընկերության տնօրեն Արման Ռազմիկի Աբրահամյանը տեղում չի եղել, հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատվել տնօրենի հետ, սակայն տարբեր պատճառաբանություններով չի ներկայացել և չի լիազորել որևէ մեկին զննմանը մասնակցելու, վերջինիս տեղեկացվել է, որ չներկայանալու և զննում իրականացնելը արգելելու դեպքում կդիտարկվի որպես խոչընդոտ և կկազմվի խոչընդոտման արձանագրություն (Հիմք՝ արձանագրություններ):

Տեսչական մարմնի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 13/22327, հոկտեմբերի 22-ի թիվ 13/23140, նոյեմբերի 15-ի թիվ 13/25137 գրություններ են ուղարկվել Ընկերությանը և բազմիցս պահանջվել է ներկայացնել վարչական վարույթին առնչվող փաստաթղթեր, սակայն Ընկերության կողմից չեն ներկայացվել գրությամբ հայցվող փաստաթղթերը։

2024 թվականի նոյեմբերի 19-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182․7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 1738 արձանագրությունը, որը պատշաճ ձևով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու ծանուցագրի հետ միասին ուղարկվել է Ընկերության տնօրեն Արման Ռազմիկի Աբրահամյանին, սակայն ծանուցել չի հաջողվել և համաձայն Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 29․1-րդ հոդվածի 14-րդ մասի տեղադրվել է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Միաժամանակ, Առողջապահության նախարարություն մուտքագրված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ N48-16820324-24 գրությամբ ներկայացված տեղեկատվության պահանջի մասին հոկտեմբերի 18-ի դիմումի համաձայն` «ԱՐԹԿՈՍՄԵԴ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Ամիսներ առաջ ևս «ԱՐԹԿՈՍՄԵԴ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, ով վիրահատությունից հետո գիտակցության չգալով մահացել էր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահվան դեպքով վիրահատության վիրահատող բժիշկը եղել է «ԱՐԹԿՈՍՄԵԴ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկ-վիրաբույժ` Արթուր Սամվելի Սարգսյանը:

Դեպքի առթիվ 08.10.2024 թվականին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչի շրջանակներում պաշտոնական հարցում է կատարվել Առողջապահության նախարարություն` Արթուր Սամվելի Սարգսյանի մասնագիտական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ:

Ի պատասխան վերջինիս գրությանը` Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Ընկերությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող բուժաշխատողների վերաբերյալ տեղեկատվություն, միաժամանակ հայտնելով, որ Առողջապահության նախարարությունը երբևիցե չի ունեցել տեղեկատվություն` Արթուր Սամվելի Սարգսյանի վերաբերյալ: Որից և պարզ է դառնում, որ Ընկերությունը` իրականացնելով կադրային փոփոխություն` պատշաճ 3 աշխատանքային օրվա ընթացքում չի տեղեկացրել Առողջապահության նախարարությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը, պարզ է դառնում, որ վիրահատող բժիշկ Արթուր Սամվելի Սարգսյանը` չունենալով համապատասխան հետդիպլոմային կրթության փաստը հավաստող վկայական (որի կրթական ծրագրի տևողությունը Հայաստանի Հանրապետությունում 4 տարի է, ինչի ժամանակ ուսանողներին տրվում է նեղ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ) և այն, որ Առողջապահության նախարարության կողմից չի գնահատվել մասնագիտական գործունեության համապատասխանությունը` վերջինս իրականացնում է վիրահատություններ, որոնցից մեկի ժամանակ գրանցվել է պացիենտների սրտի կանգ, ում ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «ԱՍՏՂԻԿ» բժշկական կենտրոն և նույն «ԱՐԹԿՈՍՄԵԴ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մեկ այլ դեպքում արձանագրվել է մահ, արդյունքում պարզ է դառնում, որ «ԱՐԹԿՈՍՄԵԴ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հետագա գործունեության իրականացումը համարվում է անմիջական վտանգ կամ ռիսկ մարդկանց կյանքի կամ առողջության համար:

 Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի` ավագ բուժաշխատողը առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձն է, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն ու բժշկի որակավորում, մասնագիտացում և օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրեր: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 13 հավելվածի «Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք» 20-րդ կետի «կադրային հագեցվածություն» բաժնում սահմանված է, որ ավագ բուժաշխատող պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժ՝ համապատասխան հետդիպլոմային կրթությամբ մասնագիտացված և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

 Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-ին մասի` սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակով ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման պահանջի դեպքում անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները լիցենզավորող մարմին պետք է ներկայացվեն մինչև լիցենզավորված գործունեության իրականացումն սկսելուց հինգ աշխատանքային օր առաջ, իսկ դրանց փոփոխությունները՝ դրանք կատարվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ օրենքով որակավորված անձանց նկատմամբ սահմանված այլ պահանջներ լինելու դեպքի, երբ սահմանված է, որ որակավորված անձը պետք է ապահովի նաև այլ նախապայմաններ, որոնք անհրաժեշտ են լիցենզիա ստանալու համար:

 Միաժամանակ, Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետի պահանջի համաձայն` (...) Լիցենզիա ստանալուց հետո բուժաշխատողի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը սույն կետով նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացնում փոփոխություններից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում (…):

 «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված են լիցենզիայի գործողության կասեցման դեպքերը: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելու կամ սույն օրենքով սահմանված դեպքերում անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները լիցենզավորվող մարմին ժամանակին չներկայացնելու դեպքերում: Վերոգրյալ մասի 3-րդ կետի համաձայն` լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման դեպքում: Միաժամանակ, նույն մասի 5-րդ կետի համաձայն` լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում:

 Արդյունքում խախտվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, «Լիցենզավորման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերի, Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 5-րդ հավելվածի 18-րդ կետի և N 13 հավելվածի «Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք» 20-րդ կետի «կադրային հագեցվածության» բաժնի պահանջները:

 Հիմք ընդունելով վերոգրյալ փաստական հանգամանքները և «Լիցենզավորման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 01/27284-2024 և 01/27350-2024 միջնորդագրերը, Երևան քաղաքի վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ N48-16820324-24 գրությամբ ներկայացված տեղեկատվության պահանջի մասին հոկտեմբերի 18-ի դիմումը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային-տեղեկատվական կենտրոնի կողմից ներկայացված թիվ L10185-24-OR գրությունը, «Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան»-ի 09.12.2024թ.-ի N 8854/03.02-18/35 գրությունը`

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն (ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա Զ. Անդրանիկի փողոց 5/7) Առողջապահության նախարարության կողմից 2021 թվականի օգոստոսի 27-ին տրված N Կ-ԲՕ-002973 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն:

4. Սույն հրամանն ուժի մեջ է «ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ