ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«27» դեկտեմբեր 2024 թ. |
N 7598-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Կ-ԲՕ-002973 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ ԱՐԹՈՒՐ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Առողջապահության նախարարություն է ներկայացվել թիվ 01/27350-2024 միջնորդագիրը:
Միջնորդագրի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության համաձայն պարզվել է հետևյալը.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը 2024 թվականի դեկտեմբերի 05-ին թիվ 01/26817-2024 գրությամբ Տեսչական մարմնին է տրամադրել Արթուր Սամվելի Սարգսյանի մասնագիտական որակավորման փաստաթղթերը (դիպլոմ, «Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան»-ի կողմից տրված օրդինատուրայի դիպլոմը և առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիրը):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան»-ի կողմից տրված օրդինատուրայի դիպլոմը ենթակա է փոխճանաչման` Տեսչական մարմնի կողմից այն ներկայացվել է Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային-տեղեկատվական կենտրոն փոխճանաչման նպատակով: Պատասխան գրությամբ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային-տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ «Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի» կողմից Արթուր Սամվելի Սարգսյանին 107724 121096 (գրանցման համար N22-0582) համարի դիպլոմ երբևիցե չի տրվել, հետևաբար նշված դիպլոմը կեղծ է:
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային-տեղեկատվական կենտրոնի կողմից տրամադրվել է նաև Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի գրությունը, որի համաձայն`
1. «Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան»-ի 2022 թվականի հետբուհական կրթական մասնագիտական ծրագրի ուսանողների անձնական գործերում առկա չէ Արթուր Սամվելի Սարգսյանի անունը:
2. «Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան»-ի 2022 թվականի հետբուհական կրթական մասնագիտական «Պլաստիկ վիրաբուժություն» ծրագրին ուսանողների մասնակցության թույլտվության տրամադրման մասին ռեկտորի հրամաններում առկա չէ Արթուր Սամվելի Սարգսյանի անունը:
3. «Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան»-ի 2022 թվականի հետբուհական կրթական մասնագիտական ծրագրի ուսանողներին տրված դիպլոմների վերաբերյալ գրանցամատյանում Արթուր Սամվելի Սարգսյանին տրված` 29.06.2022թ. դիպլոմ` 107724 121096 վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:
Միաժամանակ, Առողջապահության նախարարություն մուտքագրված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ N48-16820324-24 գրությամբ ներկայացված տեղեկատվության պահանջի մասին հոկտեմբերի 18-ի դիմումի համաձայն` «ԱՐԹԿՈՍՄԵԴ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ` վերակենդանացման բաժանմունք: Ամիսներ առաջ ևս «ԱՐԹԿՈՍՄԵԴ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, ով վիրահատությունից հետո գիտակցության չգալով մահացել էր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահվան դեպքով վիրահատության վիրահատող բժիշկը եղել է «ԱՐԹԿՈՍՄԵԴ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկ-վիրաբույժ` Արթուր Սամվելի Սարգսյանը:
Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի` ավագ բուժաշխատողը առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձն է, որն ունի համապատասխան բարձրագույն կրթություն ու բժշկի որակավորում, մասնագիտացում և օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրեր: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 13 հավելվածի «Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք» 20-րդ կետի «կադրային հագեցվածություն» բաժնում սահմանված է, որ ավագ բուժաշխատող պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժ՝ համապատասխան հետդիպլոմային կրթությամբ մասնագիտացված և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված են լիցենզիայի գործողության կասեցման դեպքերը: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` մասնագիտական գիտելիքներ կամ լիցենզիայի պահանջներով կամ պայմաններով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության դեպքում` միայն այդ անձի մասով, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի:
Արդյունքում, խախտվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 13 հավելվածի «Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք» 20-րդ կետի «կադրային հագեցվածության» բաժնի պահանջները:
Հիմք ընդունելով վերոգրյալը փաստական հանգամանքները և «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Տեսչական մարմնի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 01/27350-2024 միջնորդագիրը, Երևան քաղաքի վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ N48-16820324-24 գրությամբ ներկայացված տեղեկատվության պահանջի մասին հոկտեմբերի 18-ի դիմումի համաձայն, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային-տեղեկատվական կենտրոնի կողմից ներկայացված թիվ L10185-24-OR գրությունը, «Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան»-ի 09.12.2024թ.-ի N 8854/03.02-18/35 գրությունը`
Հրամայում եմ`
1. Կասեցնել «ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն (ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա Զ. Անդրանիկի փողոց 5/7) Առողջապահության նախարարության կողմից 2021 թվականի օգոստոսի 27-ին տրված N Կ-ԲՕ-002973 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի գործողությունը` ավագ բուժաշխատող Արթուր Սամվելի Սարգսյանի մասով` մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն:
4. Սույն հրամանն ուժի մեջ է «ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |