ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կանոններ
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 16.04.2025
Ընդունող մարմին
Անդամ պետություններ
Ստորագրող մարմին
Անդամ պետություններ

Ա. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ*

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱՆՈՆ

 

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

1. Եզրույթների օգտագործումը

2. Վավերական տեքստեր

3. Փոփոխությունները

Գլուխ 2. Դատարանի կազմը և կառավարումը

Բաժին I.Դատարանի կազմին և կառավարմանը վերաբերող ընդհանուր դրույթներ

4. Լիագումար նիստեր

5. 45-րդ հոդվածի համաձայն հանդիսավոր երդումը

6. Դատախազի գրասենյակի, Քարտուղարության անձնակազմի, բանավոր և գրավոր թարգմանիչների հանդիսավոր երդումը

7. Միանձնյա դատավորը` համաձայն 39-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի (iii) պարբերության

8. Մասնագիտական վարքագծի կանոնագիրք

Բաժին II. Դատախազի գրասենյակը

9. Դատախազի գրասենյակի գործունեությունը

10. Տեղեկությունների և ապացույցների պահումը

11. Դատախազի գործառույթների պատվիրակումը

Բաժին III. Քարտուղարությունը

Ենթաբաժին 1 Քարտուղարությանը վերաբերող ընդհանուր դրույթներ

12. Քարտուղարի և Քարտուղարի տեղակալի որակավորումները և ընտրությունը

13. Քարտուղարի գործառույթները

14. Քարտուղարության գործունեությունը

15. Արձանագրությունները

Ենթաբաժին 2. Տուժողների և վկաների հարցերով բաժինը

16. Քարտուղարի պարտականությունները տուժողների և վկաների մասով

17. Բաժնի գործառույթները

18. Բաժնի պարտականությունները

19. Աշխատանքի փորձը Բաժնում

Ենթաբաժին 3. Պաշտպանը

20. Քարտուղարի պարտականությունները՝ պաշտպանության կողմի իրավունքների մասով

21. Իրավաբանական օգնության նշանակումը

22. Պաշտպանի նշանակումը և որակավորումները

Բաժին IV. Իրավիճակներ, որոնք կարող են անդրադառնալ Դատարանի գործունեության վրա

Ենթաբաժին 1. Պաշտոնից ազատելը և կարգապահական միջոցները

23. Ընդհանուր սկզբունքը

24. Լուրջ զանցանքի և պարտականությունների լուրջ խախտման սահմանումը

25. Նվազ ծանր զանցանքի սահմանումը

26. Բողոքների ստացումը

27. Պաշտպանության կողմի իրավունքներին վերաբերող ընդհանուր դրույթներ

28. Պարտականությունների կասեցումը

29. Ընթացակարգը՝ պաշտոնից ազատելու վերաբերյալ դիմում ներկայացվելու դեպքում

30. Ընթացակարգը՝ կարգապահական միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմում ներկայացվելու դեպքում

31. Պաշտոնից ազատելը

32. Կարգապահական միջոցները

Ենթաբաժին 2. Գործառույթների կատարումից ազատելը, բացարկ հայտնելը, մահը և պաշտոնաթողությունը

33. Դատավորին, Դատախազին կամ Դատախազի տեղակալին գործառույթների կատարումից ազատելը

34. Դատավորին, Դատախազին կամ Դատախազի տեղակալին բացարկ հայտնելը

35. Դատավորի, Դատախազի կամ Դատախազի տեղակալի՝ գործառույթների կատարումից ազատելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պարտականությունը

36. Դատավորի, Դատախազի, Դատախազի տեղակալի, Քարտուղարի կամ Քարտուղարի տեղակալի մահը

37. Դատավորի, Դատախազի, Դատախազի տեղակալի, Քարտուղարի կամ Քարտուղարի տեղակալի պաշտոնաթողությունը

Ենթաբաժին 3. Դատավորների փոխարինումը և պահեստային դատավորները

38. Փոխարինումը

39. Պահեստային դատավորները

Բաժին V. Հրապարակումը, լեզուները և գրավոր թարգմանությունը

40. Որոշումների հրապարակումը Դատարանի պաշտոնական լեզուներով

41. Դատարանի աշխատանքային լեզուները

42. Գրավոր և բանավոր թարգմանությունների ծառայությունները

43. Դատարանի փաստաթղթերի հրապարակման նկատմամբ կիրառվող ընթացակարգը

Գլուխ 3. Իրավազորությունը և ընդունելիությունը. 43

Բաժին I 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների հետ կապված հայտարարությունները և դրանց ներկայացումը

44. 12-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հայտարարությունը

45. Իրավիճակի ներկայացումը Դատախազին

Բաժին II. 15-րդ հոդվածի համաձայն քննության հարուցումը

46. Դատախազին 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն տրամադրվող տեղեկությունները

47. 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ստացվող ցուցմունքները

48. 15-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան քննություն սկսելու համար բավարար հիմքերի առկայությունը որոշելը

49. 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն կայացվող որոշումը և դրա մասին ծանուցումը

50. Քննություն սկսելը Մինչդատական վարույթի պալատի կողմից թույլատրվելու ընթացակարգը

Բաժին III 17-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների համաձայն վիճարկումը և նախնական որոշումները

51. 17-րդ հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկությունները

52. 18-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծանուցումը

53. 18-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոխանցումը

54. 18-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Դատախազի կողմից ներկայացվող դիմումը

55. 18-րդ հոդվածի 2-րդ կետի հետ կապված քննությունը

56. 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն վերանայում իրականացնելուց հետո Դատախազի դիմումը

57. 18-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն կիրառվող ժամանակավոր միջոցները

58. 19-րդ հոդվածի համաձայն իրականացվող վարույթը

59. 19-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն վարույթին մասնակցելը

60. Վիճարկումներն ստանալու իրավասություն ունեցող մարմինը

61. 19-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն կիրառվող ժամանակավոր միջոցները

62. 19-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն իրականացվող վարույթը

Գլուխ 4. Վարույթների տարբեր փուլերին վերաբերող դրույթներ

Բաժին I. Ապացույցներ

63. Ապացույցներին վերաբերող ընդհանուր դրույթներ

64. Ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հետ կապված ընթացակարգը

65. Վկաներին ցուցմունք տալուն պարտադրելը

66. Հանդիսավոր երդումը

67. Աուդիո կամ տեսակապի տեխնիկական միջոցներով իրական ժամանակում ցուցմունք տալը

68. Վկայի նախապես արձանագրված ցուցմունքը

69. Համաձայնություններ ապացույցների վերաբերյալ

70. Ապացուցման սկզբունքները՝ սեքսուալ բնույթի բռնի գործողության հետ կապված գործերով

71. Սեքսուալ բնույթի այլ վարքագծի վերաբերող ապացույցներ

72. Ապացույցների վերաբերելիության կամ թույլատրելիության քննության in camera (դռնփակ) ընթացակարգը

73. Արտոնյալ հաղորդակցությունը և տեղեկատվությունը

74. Վկայի կողմից իր դեմ ցուցմունք տալը

75. Ընտանիքի անդամների կողմից մեղադրումը

Բաժին II. Տեղեկությունների հրապարակումը

76. Մինչդատական վարույթի փուլում մեղադրող կողմի վկաների մասին տեղեկությունների հրապարակումը

77. Դատախազի տրամադրության կամ վերահսկողության ներքո գտնվող նյութերին ծանոթացումը

78. Պաշտպանության կողմի տրամադրության կամ վերահսկողության ներքո գտնվող նյութերին ծանոթացումը

79. Պաշտպանության կողմի կողմից տեղեկությունների հրապարակումը

80. 31-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերն օգտագործելու ընթացակարգերը

81. Հրապարակման սահմանափակումները

82. 54-րդ հոդվածի 3 կետի «ե» ենթակետի համաձայն պահպանվող նյութի և տեղեկության հրապարակման սահմանափակումները

83. 67-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն անմեղության ապացույցների վերաբերյալ որոշումը

84. Դատաքննության նպատակների համար տեղեկության հրապարակումը և լրացուցիչ ապացույցները

Բաժին III. Տուժողները և վկաները

Ենթաբաժին 1. Տուժողների սահմանումը և նրանց վերաբերող ընդհանուր սկզբունքը

85. Տուժողների սահմանումը

86. Ընդհանուր սկզբունքը

Ենթաբաժին 2. Տուժողների և վկաների պաշտպանությունը

87. Պաշտպանական միջոցները

88. Հատուկ միջոցները

Ենթաբաժին 3. Տուժողների մասնակցությունը վարույթներին

89. Վարույթին տուժողի մասնակցության վերաբերյալ դիմումը

90. Տուժողների օրինական ներկայացուցիչները

91. Վարույթներին օրինական ներկայացուցիչների մասնակցությունը

92. Տուժողներին և նրանց օրինական ներկայացուցիչներին ծանուցումը

93. Տուժողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների կարծիքները

Ենթաբաժին 4. Տուժողների վնասի հատուցումը

94. Դիմումի հիման վրա կիրառվող ընթացակարգը

95. Դատարանի նախաձեռնությամբ ընթացակարգը

96. Վնասի հատուցմանը վերաբերող վարույթների հրապարակայնությունը

97. Հատուցման չափի գնահատումը

98. Նպատակային ֆոնդը

99. Համագործակցությունը և պաշտպանական միջոցները՝ 57-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետով և 75-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված բռնագրավման նպատակով

Բաժին IV. Այլ դրույթներ

100. Վարույթի անցկացման վայրը

101. Ժամկետները

102. Գրավոր հաղորդակցությունից բացի այլ հաղորդակցություն

103. Amicus curiae (իրավախորհրդատու) և դիտարկումների ներկայացման այլ ձևեր

Գլուխ 5. Քննությունը և քրեական հետապնդումը

Բաժին I 53-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն քննություն նախաձեռնելու վերաբերյալ Դատախազի որոշումը

104. Դատախազի կողմից տեղեկությունների գնահատումը

105. Դատախազի՝ քննություն չնախաձեռնելու վերաբերյալ որոշման մասին ծանուցումը

106. Դատախազի՝ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշման մասին ծանուցումը

Բաժին II 53-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ընթացակարգը

107. 53-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն ներկայացված վերանայման դիմումը

108. Մինչդատական վարույթի պալատի որոշումը՝ 53-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն

109. Մինչդատական վարույթի պալատի կողմից վերանայումը ՝ 53-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն

110. Մինչդատական վարույթի պալատի որոշումը՝ 53-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն

Բաժին III Ապացույցներ հավաքելը

111. Հարցաքննության արձանագրության վերաբերյալ ընդհանուր դրույթներ

112. Հարցաքննության արձանագրումն առանձին դեպքերում

113. Համապատասխան անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ հավաքելը

114. 56-րդ հոդվածի համաձայն եզակի քննչական հնարավորությունը.

115. Մասնակից պետության տարածքում ապացույցներ հավաքելը՝ 57-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն

116. Պաշտպանության կողմի դիմումով ապացույցներ հավաքելը՝ 57-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն

Բաժին IV Ազատության սահմանափակման և ազատությունից զրկելու հետ կապված ընթացակարգերը

117. Կալանավորումը արգելանքի վերցնելու պետությունում

118. Դատարանի նստավայրում նախնական կալանքը

119. Պայմանական ազատումը

120. Խափանման միջոցները

Բաժին V 61-րդ հոդվածի համաձայն մեղադրանքների հաստատման հետ կապված վարույթը

121. Վարույթը՝ մինչև մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումը

122. Մեղադրվող անձի ներկայությամբ մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսման ընթացակարգը

123. Մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումներին անձի ներկայությունն ապահովելուն ուղղված միջոցները

124. Մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումներին ներկա գտնվելու իրավունքից հրաժարվելը

125. Համապատասխան անձի բացակայությամբ մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումներ անցկացնելու մասին որոշումը

126. Համապատասխան անձի բացակայությամբ մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումը

Բաժին VI Մինչդատական փուլի ավարտը

127. Բազմաթիվ մեղադրանքների կապակցությամբ տարբեր որոշումներ ընդունելու դեպքում կիրառվող ընթացակարգը

128. Մեղադրանքների փոփոխումը

129. Մեղադրանքների հաստատման վերաբերյալ որոշման մասին ծանուցումը

130. Դատական պալատի կազմավորումը

Գլուխ 6. Դատաքննության ընթացակարգը

131. Մինչդատական վարույթի պալատի կողմից փոխանցվող՝ վարույթի արձանագրությունները

132. Նախնական դատական խորհրդակցություններ

133. Ընդունելիությունը կամ իրավազորությունը վիճարկող միջնորդությունները

134. Դատաքննությանը վերաբերող միջնորդությունները

135. Մեղադրյալի բժշկական փորձաքննությունը

136. Համատեղ և առանձին դատաքննություններ

137. Դատաքննության արձանագրությունը

138. Ապացույցների պահպանումը

139. Մեղքն ընդունելու մասին որոշումը

140. Ցուցումներ՝ վարույթի և ցուցմունքներ վերցնելու վերաբերյալ

141. Ապացույցների ներկայացման դադարեցումը և եզրափակիչ ելույթները

142. Խորհրդակցությունները

143. Պատժի կամ վնասի հատուցման հետ կապված հարցերով լրացուցիչ լսումները

144. Դատական պալատի որոշումների հանձնումը

Գլուխ 7. Պատժամիջոցները

145. Պատժի սահմանումը

146. 77-րդ հոդվածի համաձայն տուգանք նշանակելը

147. Բռնագրավման վերաբերյալ կարգադրությունները

148. Տուգանքները և բռնագրավված գույքը Նպատակային ֆոնդին փոխանցելու մասին կարգադրությունները

Գլուխ 8. Բողոքարկումը և վերանայումը

Բաժին I. Ընդհանուր դրույթներ

149. Վերաքննիչ պալատում վարույթը կարգավորող կանոնները

Բաժին II. Մեղավոր ճանաչելու, արդարացնելու մասին որոշումների, պատժի և վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունների դեմ ներկայացված բողոքները

150. Բողոքները

151. Բողոքարկման ընթացակարգը

152. Բողոքից հրաժարվելը

153. Վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունների դեմ ներկայացված բողոքներով դատավճիռը

Բաժին III. Այլ որոշումների դեմ ներկայացված բողոքները

154. Դատարանի թույլտվությունը չպահանջող բողոքները

155. Դատարանի թույլտվությունը պահանջող բողոքները

156. Բողոքարկման ընթացակարգը

157. Բողոքից հրաժարվելը

158. Բողոքի վերաբերյալ դատավճիռը

Բաժին IV. Մեղադրական դատավճռի կամ նշանակված պատժի վերանայումը

159. Վերանայման վերաբերյալ դիմումը

160. Վերանայման նպատակով տեղափոխումը

161. Վերանայման մասին որոշումը

Գլուխ 9. Դատարանի դեմ ուղղված հանցագործությունները և Դատարանի նկատմամբ անթույլատրելի վարքագիծը

Բաժին I. Արդարադատության իրականացման դեմ ուղղված հանցագործությունները՝ 70-րդ հոդվածի համաձայն

162. Իրավազորության իրականացումը

163. Կանոնադրության և Կանոնների կիրառումը

164. Վաղեմության ժամկետները

165. Քննությունը, քրեական հետապնդումը և դատաքննությունը

166. Պատիժները՝ 70-րդ հոդվածի համաձայն

167. Միջազգային համագործակցությունը և դատական աջակցությունը

168.Ne bis in idem (նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության բացառումը)

169. Անհապաղ կալանավորումը

Բաժին II. Դատարանում անթույլատրելի վարքագիծը ՝ 71-րդ հոդվածի համաձայն

170. Վարույթը ձախողելը

171. Դատարանի ցուցումը կատարելուց հրաժարվելը

172. 70-րդ և 71-րդ հոդվածներով նախատեսված վարքագիծը

Գլուխ 10. Կալանավորված կամ մեղավոր ճանաչված անձին տրվող փոխհատուցումը

173. Փոխհատուցման դիմումը

174. Փոխհատուցում պահանջելու ընթացակարգը

175. Փոխհատուցման գումարը

Գլուխ 11. Միջազգային համագործակցությունը և դատական աջակցությունը

Բաժին I. 87-րդ հոդվածի համաձայն համագործակցության վերաբերյալ դիմումները

176. Դատարանի՝ միջազգային համագործակցությանը և դատական աջակցությանը վերաբերող ցանկացած հաղորդակցության փոխանցման և ստացման համար պատասխանատու մարմինները

177. Հաղորդակցության ուղիները

178. Մասնակից պետությունների կողմից ընտրվող լեզուն՝ 87-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն

179. Կանոնադրության մասնակից չհանդիսացող պետություններին ուղղվող դիմումների լեզուն

180. Հաղորդակցության ուղիների կամ համագործակցության վերաբերյալ դիմումների ներկայացման լեզուների հետ կապված փոփոխությունները

Բաժին II. 89-րդ և 90-րդ հոդվածների համաձայն փոխանցման, տարանցիկ տեղափոխման վերաբերյալ դիմումները և զուգահեռ դիմումները

181. Ազգային դատարանում գործի ընդունելիության վիճարկումը

182. Տարանցիկ տեղափոխման վերաբերյալ դիմումը՝ 89-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետի համաձայն

183. Հնարավոր ժամանակավոր փոխանցումը

184. Փոխանցման հետ կապված միջոցառումները

185. Պատժի ժամկետը լրանալու դեպքերից բացի այլ դեպքերում Դատարանի կողմից սահմանված կալանքից անձին ազատ արձակելը

186. Զուգահեռ դիմումները գործի ընդունելիությունը վիճարկելու համատեքստում

Բաժին III. Կալանավորման և փոխանցման հետ կապված փաստաթղթերը՝ 91-րդ և 92-րդ հոդվածների համաձայն

187. Փոխանցման վերաբերյալ դիմումն ուղեկցող փաստաթղթերի թարգմանությունը

188. Նախնական կալանքից հետո փաստաթղթերի ներկայացման ժամկետը

189. Դիմումը հիմնավորող փաստաթղթերի փոխանցումը

Բաժին IV 93-րդ հոդվածի համաձայն համագործակցությունը

190. Վկաներին առնչվող դիմումն ուղեկցող՝ ինքն իր դեմ ցուցմունք տալու մասին ցուցումը

191. Դատարանի կողմից 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն տրամադրվող երաշխիքները

192. Արգելանքի տակ գտնվող անձի փոխանցումը

193. Պատժի կատարման պետությունից անձի ժամանակավոր փոխանցումը

194. Դատարանից հայցվող համագործակցությունը

Բաժին V 98-րդ հոդվածի համաձայն համագործակցությունը

195. Տեղեկությունների տրամադրումը

Բաժին VI. Պայմանների անփոփոխելիության կանոնը՝ 101-րդ հոդվածի համաձայն

196. 101-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ կարծիքների ներկայացումը

197. Փոխանցման ժամկետի երկարաձգումը

Գլուխ 12. Կատարումը

Բաժին I. Պետությունների դերը` ազատազրկման ձևով պատժի կատարման գործում, և պատժի կատարման նշանակված պետության փոխոխումը՝ 103-րդ և 104-րդ հոդվածների համաձայն

198. Դատարանի և պետությունների միջև հաղորդակցությունը

199. Մաս 10-ով նախատեսված գործառույթների իրականացման համար պատասխանատու մարմինը

200. Պատժի կատարման պետությունների ցանկը

201. Արդարացի բաշխման սկզբունքները

202. Դատապարտյալին պատժի կատարման պետություն փոխանցելու ժամկետները

203. Դատապարտված անձի կարծիքները

204. Նշանակմանը վերաբերող տեղեկությունները

205. Կոնկրետ դեպքում նշանակումից հրաժարվելը

206. Դատապարտված անձի փոխանցումը պատժի կատարման պետություն

207. Տարանցիկ տեղափոխումը

208. Ծախսերը

209. Պատժի կատարման նշանակված պետության փոխոխումը

210. Պատժի կատարման նշանակված պետության փոխոխման ընթացակարգը

Բաժին II Պատժի կատարումը, դրա նկատմամբ հսկողությունը և անձի փոխանցումը՝ 105-րդ, 106-րդ և 107-րդ հոդվածների համաձայն

211. Պատժի կատարման և ազատազրկման պայմանների նկատմամբ հսկողությունը

212. Անձի գտնվելու վայրի մասին տեղեկությունը՝ տուգանքների, բռնագրավման և վնասի հատուցման միջոցների կատարման նպատակով

213. 107-րդ հոդվածի 3-րդ կետի համար նախատեսված ընթացակարգը

Բաժին III Այլ հանցանքների համար քրեական հետապնդման կամ պատժելու սահմանափակումը՝ 108-րդ հոդվածի համաձայն

214. Ավելի վաղ դրսևորած վարքագծի համար քրեական հետապնդում իրականացնելու կամ պատժի կատարման վերաբերյալ դիմումը

215. Քրեական հետապնդում իրականացնելու կամ դատավճռի կատարման վերաբերյալ դիմումին առնչվող որոշումը

216. Պատժի կատարման վերաբերյալ տեղեկությունները

Բաժին IV Տուգանքների, բռնագրավման միջոցների կամ վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունների կատարումը

217. Տուգանքների, բռնագրավման կամ վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունների կատարմանն ուղղված համագործակցությունը և միջոցները

218. Բռնագրավման կամ վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունները

219. Վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունների փոփոխման արգելքը

220. Տուգանքներ սահմանող դատավճիռների փոփոխման արգելքը

221. Գույքի կամ ակտիվների տնօրինման կամ բաշխման վերաբերյալ որոշումը

222. Աջակցություն հանձնման կամ ցանկացած այլ միջոցի իրականացման գործում

Բաժին V Պատժի ժամկետի կրճատման հարցի վերանայումը՝ 110-րդ հոդվածի համաձայն

223. Պատժի ժամկետի կրճատման հարցի վերանայման չափորոշիչները

224. Պատժի ժամկետի կրճատման հարցի վերանայման ընթացակարգը

Բաժին VI Փախուստը

225. Փախուստի դեպքում 111-րդ հոդվածի համաձայն ձեռնարկվող միջոցները

 

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

 

Կանոն 1

Եզրույթների օգտագործումը

 

Սույն փաստաթղթում՝

- «հոդված» նշանակում է Հռոմի կանոնադրության հոդվածներ,

- «Պալատ» նշանակում է Դատարանի պալատ,

- «Մաս» նշանակում է Հռոմի կանոնադրության մասեր,

- «Նախագահող դատավոր» նշանակում է Պալատի նախագահող դատավոր,

- «Նախագահ» նշանակում է Դատարանի նախագահ,

- «Կանոնակարգեր» նշանակում է Դատարանի կանոնակարգեր,

- «Կանոններ» նշանակում է Ընթացակարգի և ապացուցման կանոններ:

 

Կանոն 2

Վավերական տեքստեր

 

Կանոններն ընդունվել են 50-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ Դատարանի պաշտոնական լեզուներով: Բոլոր տեքստերը հավասարապես վավերական են:

 

Կանոն 3

Փոփոխությունները

 

1. Կանոնների՝ 51-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան առաջարկվող փոփոխություններն ուղարկվում են Մասնակից պետությունների ասամբլեայի բյուրոյի նախագահին:

2. Մասնակից պետությունների ասամբլեայի բյուրոյի նախագահն ապահովում է, որ բոլոր առաջարկվող փոփոխությունները թարգմանվեն Դատարանի պաշտոնական լեզուներով և փոխանցվեն Մասնակից պետություններին:

3. 1-ին և 2-րդ ենթականոններում ներկայացված ընթացակարգը կիրառվում է նաև 51-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ժամանակավոր կանոնների նկատմամբ:

 

Գլուխ 2. Դատարանի կազմը և կառավարումը

 

Բաժին I. Դատարանի կազմին և կառավարմանը վերաբերող ընդհանուր դրույթներ

 

Կանոն 4

Լիագումար նիստեր

 

1. Դատավորները լիագումար նիստ են գումարում ոչ ուշ, քան ընտրվելուց երկու ամիս անց: Այդ առաջին նիստում դատավորները, 5-րդ կանոնին համապատասխան, հանդիսավոր երդվելուց հետո՝

ա) ընտրում են Նախագահ և փոխնախագահներ,

բ) նշանակում են բաժանմունքների դատավորներ:

2. Հետագայում դատավորներն առնվազն տարին մեկ անգամ լիագումար նիստ են գումարում Կանոնադրությանը, Կանոններին և Կանոնակարգերին համապատասխան իրենց գործառույթներն իրականացնելու համար և անհրաժեշտության դեպքում գումարում են հատուկ լիագումար նիստեր, որոնք հրավիրում է Նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ դատավորների կեսի դիմումով:

3. Յուրաքանչյուր լիագումար նիստի քվորում կազմում է դատավորների երկու երրորդը:

4. Կանոնադրությամբ կամ Կանոններով այլ բան նախատեսված չլինելու դեպքում լիագումար նիստերի որոշումները կայացվում են ներկա գտնվող դատավորների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Նախագահը կամ Նախագահի պարտականությունները կատարող դատավորը ունի վճռորոշ ձայնի իրավունք:

5. Կանոնակարգերը լիագումար նիստերում ընդունվում են հնարավորինս սեղմ ժամկետում:

 

Կանոն 5

45-րդ հոդվածի համաձայն հանդիսավոր երդումը

 

1. 45-րդ հոդվածով նախատեսված կարգով, մինչև Կանոնադրությանը համապատասխան իրենց գործառույթների կատարումը, տրվում է հետևյալ հանդիսավոր երդումը.

ա) դատավորի դեպքում՝

«Ես հանդիսավոր երդվում եմ որպես Միջազգային քրեական դատարանի դատավոր արժանապատվորեն, հավատարմորեն, անաչառորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականություններն ու իրականացնել իմ լիազորությունները, ինչպես նաև պահպանել քննությունների ու քրեական հետապնդման և խորհրդակցությունների գաղտնիությունը»:

բ) Դատախազի, Դատախազի տեղակալի, Դատարանի Քարտուղարի և

Քարտուղարի տեղակալի դեպքում՝

«Ես հանդիսավոր երդվում եմ որպես Միջազգային քրեական դատարանի (պաշտոնը) արժանապատվորեն, հավատարմորեն, անաչառորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականություններն ու իրականացնել իմ լիազորությունները, ինչպես նաև պահպանել քննությունների և քրեական հետապնդման գաղտնիությունը»:

2. Երդումը, որն ստորագրում է այն տված անձը և հավաստվում է Մասնակից պետությունների ասամբլեայի բյուրոյի նախագահի կամ փոխնախագահի կողմից, հանձնվում է Քարտուղարություն և պահվում Դատարանի արձանագրություններում:

 

Կանոն 6

Դատախազի գրասենյակի, Քարտուղարության անձնակազմի, բանավոր և գրավոր թարգմանիչների հանդիսավոր երդումը

 

1. Աշխատանքի անցնելիս Դատախազի գրասենյակի և Քարտուղարության անձնակազմի յուրաքանչյուր անդամ տալիս է հետևյալ երդումը.

«Ես հանդիսավոր երդվում եմ որպես Միջազգային քրեական դատարանի (պաշտոնը) արժանապատվորեն, հավատարմորեն, անաչառորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականություններն ու իրականացնել իմ լիազորությունները, ինչպես նաև պահպանել քննությունների և քրեական հետապնդման գաղտնիությունը»:

Երդումը, որը ստորագրում է այն տված անձը և հավաստվում է համապատասխան դեպքերում Դատախազի կամ Դատախազի տեղակալի, Քարտուղարի կամ Քարտուղարի տեղակալի կողմից, հանձնվում է Քարտուղարություն և պահվում է Դատարանի արձանագրություններում:

2. Մինչև որևէ պարտականություն կատարելը՝ բանավոր կամ գրավոր թարգմանիչը տալիս է հետևյալ երդումը.

«Ես հանդիսավոր հայտարարում եմ, որ իմ պարտականությունները կկատարեմ հավատարմորեն և անաչառորեն և լիովին կպահպանեմ գաղտնիության պարտականությունը»:

Երդումը, որը ստորագրում է այն տված անձը և հավաստվում է Դատարանի Նախագահի կամ նրա ներկայացուցչի կողմից, հանձնվում է Քարտուղարություն և պահվում Դատարանի արձանագրություններում:

 

Կանոն 7

Միանձնյա դատավորը` համաձայն 39-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի (iii) պարբերության

 

1. 39-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի (iii) պարբերությանը համապատասխան Մինչդատական վարույթի պալատի կողմից դատավորին միանձնյա դատավոր նշանակելու դեպքում դա կատարվում է նախապես սահմանված օբյեկտիվ չափորոշիչների հիման վրա:

2. Նշանակված դատավորը համապատասխան որոշումներ է ընդունում այն հարցերի վերաբերյալ, որոնց համար Կանոնադրությամբ և սույն Կանոններով ուղղակիորեն չի նախատեսվում որոշում ընդունել Պալատի լրիվ կազմով:

3. Մինչդատական վարույթի պալատն իր նախաձեռնությամբ կամ անհրաժեշտության դեպքում կողմի պահանջով կարող է որոշում ընդունել այն մասին, որ միանձնյա դատավորի գործառույթները պետք է իրականացվեն Պալատի լրիվ կազմով:

 

Կանոն 8

Մասնագիտական վարքագծի կանոնագիրք

 

1. Նախագահությունը, Քարտուղարի առաջարկության հիման վրա, Դատախազի հետ խորհրդակցելուց հետո կազմում է փաստաբանների մասնագիտական վարքագծի կանոնագրքի նախագիծը: Այդ առաջարկությունը նախապատրաստելիս Քարտուղարը խորհրդակցություններ է անցկացնում 20-րդ կանոնի 3-րդ ենթականոնին համապատասխան:

2. Այնուհետև Կանոնագրքի նախագիծն ընդունման նպատակով փոխանցվում է Մասնակից պետությունների ասամբլեա՝ 112-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն:

3. Կանոնագրքով նախատեսվում են դրանում փոփոխություններ կատարելու ընթացակարգերը:

 

Բաժին II.

Դատախազի գրասենյակը

 

Կանոն 9

Դատախազի գրասենյակի գործունեությունը

 

Դատախազի գրասենյակի ղեկավարման և կառավարման հետ կապված իր պարտականությունները կատարելիս Դատախազը սահմանում է Գրասենյակի գործունեությունը կարգավորող կանոնակարգեր: Դատախազն այդ կանոնակարգերը կազմելիս կամ փոփոխելիս խորհրդակցում է Քարտուղարի հետ ցանկացած հարցի կապակցությամբ, որը կարող է անդրադառնալ Քարտուղարության գործունեության վրա:

 

Կանոն 10

Տեղեկությունների և ապացույցների պահումը

 

Դատախազը պատասխանատու է Գրասենյակի կողմից իրականացվող քննությունների ընթացքում ձեռք բերված տեղեկությունների և իրեղեն ապացույցների պահման, պահպանման և անվտանգության ապահովման համար:

 

Կանոն 11

Դատախազի գործառույթների պատվիրակումը

 

Բացառությամբ Դատախազին հատուկ լիազորությունների, որոնք ամրագրված են Կանոնադրությամբ, inter alia, 15-րդ և 53-րդ հոդվածներում ներկայացված լիազորությունների՝ Դատախազը կամ Դատախազի տեղակալը կարող է Դատախազի գրասենյակի՝ 44-րդ հոդվածի 4-րդ կետում նշված աշխատակիցներից բացի այլ աշխատակիցների լիազորել ներկայացնելու իրեն իր գործառույթներն իրականացնելիս:

 

Բաժին III.

Քարտուղարությունը

 

Ենթաբաժին 1

Քարտուղարությանը վերաբերող ընդհանուր դրույթներ

 

Կանոն 12

Քարտուղարի և Քարտուղարի տեղակալի որակավորումները և ընտրությունը

 

1. Ընտրվելուց անմիջապես հետո Նախագահությունը կազմում է 43-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանված չափորոշիչներին համապատասխանող թեկնածուների ցուցակը և այն փոխանցում է Մասնակից պետությունների ասամբլեային՝ առաջարկություններ ներկայացնելու խնդրանքով:

2. Նախագահը Մասնակից պետությունների ասամբլեայից առաջարկություններ ստանալուց հետո այդ ցուցակն առաջարկությունների հետ միասին անհապաղ փոխանցում է լիագումար նիստ:

3. 43-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված կարգով Դատարանը լիագումար նիստում, հնարավորինս սեղմ ժամկետում, ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրում է Քարտուղարին՝ հաշվի առնելով Մասնակից պետությունների ասամբլեայի առաջարկությունները: Եթե քվեարկության առաջին փուլում որևէ թեկնածու չի ստանում ձայների բացարձակ մեծամասնությունը, ապա քվեարկության հաջորդ փուլերն անցկացվում են այնքան ժամանակ, քանի դեռ թեկնածուներից մեկը չի ստանում ձայների բացարձակ մեծամասնությունը:

4. Եթե ի հայտ է գալիս Քարտուղարի տեղակալի անհրաժեշտություն, ապա Քարտուղարը կարող է այդ նպատակով Նախագահին ներկայացնել առաջարկություն: Նախագահն այդ հարցի վերաբերյալ որոշում ընդունելու համար գումարում է լիագումար նիստ: Եթե Դատարանը լիագումար նիստում ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշում է ընդունում, որ պետք է ընտրվի Քարտուղարի տեղակալ, ապա Քարտուղարը Դատարան է ներկայացնում թեկնածուների ցուցակ:

5. Քարտուղարի տեղակալը լիագումար նիստում Դատարանի կողմից ընտրվում է այն նույն ընթացակարգով, ինչ Քարտուղարը:

 

Կանոն 13

Քարտուղարի գործառույթները

 

1. Չսահմանափակելով Դատախազի գրասենյակի` Կանոնադրության համաձայն տեղեկություն ստանալու, ձեռք բերելու և տրամադրելու և այդ նպատակով կապուղիներ հաստատելու լիազորությունները՝ Քարտուղարը հանդես է գալիս որպես Դատարանի կապուղի:

2. Քարտուղարը պատասխանատու է նաև Դատարանի ներքին անվտանգության ապահովման համար՝ խորհրդակցելով Նախագահության և Դատախազի, ինչպես նաև հյուրընկալող պետության հետ:

 

Կանոն 14

Քարտուղարության գործունեությունը

 

1. Քարտուղարության գործունեության կազմակերպման և կառավարման իր պարտականությունները կատարելիս Քարտուղարը Քարտուղարության գործունեությունը կարգավորելու նպատակով սահմանում է կանոնակարգեր: Այդ կանոնակարգերը կազմելիս կամ փոփոխելիս Քարտուղարը խորհրդակցում է Դատախազի հետ ցանկացած հարցով, որը կարող է անդրադառնալ Դատախազի գրասենյակի գործունեության վրա: Կանոնակարգերը հաստատում է Նախագահությունը:

2. Կանոնակարգերով նախատեսվում է, որ պաշտպանն ունի Քարտուղարությունից համապատասխան և ողջամիտ վարչական աջակցություն ստանալու հնարավորություն:

 

Կանոն 15

Արձանագրությունները

 

1. Քարտուղարը վարում է Դատարան ներկայացված յուրաքանչյուր գործի վերաբերյալ բոլոր մանրամասն տեղեկությունները պարունակող տվյալների բազա՝ պայմանով, որ առկա է որևէ փաստաթուղթ կամ որևէ տեղեկություն չհրապարակելու վերաբերյալ դատավորի կամ Պալատի որևէ կարգադրություն, և ապահովվում է գաղտնի անձնական տվյալների պաշտպանությունը: Տվյալների բազայի վերաբերյալ տեղեկությունները հանրությանը հասանելի են Դատարանի աշխատանքային լեզուներով:

2. Քարտուղարը վարում է նաև Դատարանի մյուս արձանագրությունները:

 

Ենթաբաժին 2.

Տուժողների և վկաների հարցերով բաժինը

 

Կանոն 16

Քարտուղարի պարտականությունները տուժողների և վկաների մասով

 

1. Քարտուղարը տուժողների մասով պատասխանատու է հետևյալ գործառույթների իրականացման համար՝ Կանոնադրությանը և սույն Կանոններին համապատասխան.

ա) ծանուցում կամ տեղեկացնում է տուժողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին,

բ) աջակցում է նրանց իրավաբանական խորհրդատվություն ստանալու հարցում և կազմակերպում է նրանց իրավաբանական ներկայացուցչությունը և նրանց օրինական ներկայացուցիչներին տրամադրում է պատշաճ աջակցություն, օգնություն և տեղեկություններ, այդ թվում՝ այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել նրանց պարտականություններն անմիջականորեն կատարելու համար, դատավարության բոլոր փուլերում նրանց իրավունքների պաշտպանության նպատակով՝ 89-91-րդ կանոններին համապատասխան,

գ) օգնում է նրանց մասնակցել դատավարության տարբեր փուլերին՝ 89-91-րդ կանոններին համապատասխան,

դ) ձեռնարկում է գենդերազգայուն միջոցներ՝ դատավարության բոլոր փուլերին սեքսուալ բնույթի բռնի գործողության զոհերի մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:

2. Տուժողների, վկաների և այլ անձանց մասով, որոնք ռիսկի են ենթարկվում իրենց կողմից տրված ցուցմունքների հետևանքով, Քարտուղարը պատասխանատու է հետևյալ գործառույթների կատարման համար՝ Կանոնադրությանը և սույն Կանոններին համապատասխան.

ա) նրանց տեղեկացնում է Կանոնադրությամբ և Կանոններով սահմանված իրենց իրավունքների մասին, ինչպես նաև Տուժողների և վկաների հարցերով բաժնի առկայության, գործառույթների և դիմելու հնարավորությունների մասին,

բ) ապահովում է, որ նրանք ժամանակին իրազեկվեն Դատարանի համապատասխան որոշումների մասին, որոնք կարող են շոշափել նրանց շահերը՝ գաղտնիության վերաբերյալ դրույթների պահպանմամբ:

3. Իր գործառույթները կատարելու նպատակով Քարտուղարը կարող է վարել այն տուժողների հատուկ գրանցամատյան, որոնք հայտնել են կոնկրետ գործի հետ կապված մասնակցություն ունենալու իրենց մտադրությունը:

4. Քարտուղարը Դատարանի անունից կարող է պետությունների հետ բանակցություններ վարել տրավմայի կամ սպառնալիքների ենթարկված տուժողների, վկաների կամ այլ անձանց, որոնք ռիսկի են ենթարկվում իրենց կողմից տրված ցուցմունքների հետևանքով, վերաբնակեցման կամ պետության տարածքում աջակցության ծառայություններ մատուցելու մասին համաձայնագրերի շուրջ: Այդպիսի համաձայնագրերը կարող են պահպանել իրենց գաղտնիությունը:

 

Կանոն 17

Բաժնի գործառույթները

 

1. Տուժողների և վկաների հարցերով բաժինն իր գործառույթներն իրականացնում է 43-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան:

2. Տուժողների և վկաների հարցերով բաժինը, inter alia, իրականացնում է հետևյալ գործառույթները՝ Կանոնադրությանը և սույն Կանոններին համապատասխան, և ըստ անհրաժեշտության՝ խորհրդակցելով Պալատի, Դատախազի և պաշտպանության կողմի հետ.

ա) Դատարան ներկայացող բոլոր վկաների, տուժողների և այլ անձանց մասով, որոնք վտանգի են ենթարկվում իրենց կողմից տրված ցուցմունքների հետևանքով՝ հաշվի առնելով նրանց կոնկրետ կարիքները և հանգամանքները.

i) նրանց համար ապահովում է պատշաճ պաշտպանական և անվտանգության միջոցներ և մշակում է նրանց պաշտպանության երկարաժամկետ և կարճաժամկետ պլաններ,

ii) առաջարկում է Դատարանի մարմիններին ընդունել պաշտպանական միջոցներ, ինչպես նաև համապատասխան պետություններին տեղեկացնում է այդ միջոցների մասին,

iii) աջակցում է նրանց բժշկական, հոգեբանական և այլ համապատասխան օգնություն ստանալու հարցում,

iv) Դատարանի և կողմերի համար կազմակերպում է վերապատրաստում տրավմայի, սեքսուալ բնույթի բռնի գործողության, անվտանգության և գաղտնիության հարցերով,

v) Դատախազի գրասենյակի հետ խորհրդակցելով՝ առաջարկում է մշակել վարքագծի կանոնագիրք՝ ընդգծելով Դատարանի, պաշտպանության կողմի քննիչների և ըստ անհրաժեշտության՝ Դատարանի պահանջով գործող միջկառավարական և հասարակական կազմակերպությունների համար անվտանգության և գաղտնիության կենսական նշանակությունը,

vi) անհրաժեշտության դեպքում համագործակցում է պետությունների հետ՝ սույն կանոնով նախատեսված ցանկացած միջոցի ապահովման գործում,

բ) վկաների մասով.

i) իրազեկում է նրանց, որտեղ ստանալ իրավաբանական խորհրդատվություն՝ իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով, մասնավորապես՝ իրենց ցուցմունքների առնչությամբ,

ii) աջակցում է նրանց, երբ նրանք հրավիրվում են Դատարան՝ ցուցմունք տալու համար,

iii) ձեռնարկում է գենդերազգայուն միջոցներ՝ դատավարության բոլոր փուլերում սեքսուալ բնույթի բռնի գործողության զոհերի կողմից ցուցմունքներ տալու գործընթացն ապահովելու նպատակով:

3. Բաժինն իր գործառույթները կատարելիս պատշաճ կերպով հաշվի է առնում երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց կոնկրետ կարիքները: Որպես վկաներ հանդես եկող երեխաների մասնակցությանն ու պաշտպանությանը նպաստելու նպատակով Բաժինը կարող է ըստ անհրաժեշտության և ծնողների կամ օրինական խնամակալի համաձայնությամբ նշանակել երեխաների հետ աշխատող մասնագետի, որը կաջակցի երեխային դատավարության բոլոր փուլերում:

 

Կանոն 18

Բաժնի պարտականությունները

 

Իր աշխատանքը գործուն և արդյունավետ ձևով կատարելու համար Տուժողների և վկաների հարցերով բաժինը՝

ա) ապահովում է, որ Բաժնի անձնակազմը մշտապես պահպանի գաղտնիությունը,

բ) ճանաչելով Դատախազի գրասենյակի, պաշտպանության կողմի և վկաների հատուկ շահերը՝ հարգում է վկայի շահերը, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում պահպանելով մեղադրող կողմի վկաներին և պաշտպանության կողմի վկաներին մատուցվող ծառայությունների միջև պատշաճ տարանջատումը, և բոլոր կողմերի հետ և Պալատների որոշումներին և վճիռներին համապատասխան համագործակցելիս գործում է անաչառ,

գ) վկաների, տուժողների համար, որոնք ներկայանում են Դատարան, և այլ անձանց համար, որոնք ռիսկի են ենթարկվում իրենց կողմից տրված ցուցմունքների հետևանքով, ապահովում է վարչական և տեխնիկական աջակցության հասանելիությունը դատավարության բոլոր փուլերում և դրանից հետո՝ ըստ ողջամիտ անհրաժեշտության,

դ) ապահովում է իր անձնակազմի վերապատրաստումը՝ տուժողների և վկաների անվտանգության, անձեռնմխելիության և արժանապատվության վերաբերյալ, այդ թվում՝ գենդերային և մշակութային զգայունության հարցերով,

ե) անհրաժեշտության դեպքում համագործակցում է միջկառավարական և հասարակական կազմակերպությունների հետ:

 

Կանոն 19

Աշխատանքի փորձը Բաժնում

 

43-րդ հոդվածի 6-րդ կետում նշված անձնակազմից բացի և 44-րդ հոդվածին համապատասխան՝ Տուժողների և վկաների հարցերով բաժնի կազմում անհրաժեշտության դեպքում կարող են ներառվել, inter alia, հետևյալ ոլորտներում աշխատանքի փորձ ունեցող անձինք.

ա) վկաների պաշտպանություն և անվտանգություն,

բ) իրավական և վարչական հարցեր, ներառյալ՝ մարդասիրական և քրեական իրավունքի ոլորտները,

գ) լոգիստիկ կառավարում,

դ) քրեական դատավարության հոգեբանություն,

ե) գենդերային և մշակութային բազմազանություն,

զ) երեխաներ, մասնավորապես՝ տրավմայի ենթարկված երեխաներ,

է) տարեցներ, մասնավորապես՝ զինված ընդհարման և արտաքսման հետևանքով ստացած տրամվայի մասով,

ը) հաշմանդամություն ունեցող անձինք,

թ) սոցիալական աշխատանք և խորհրդատվություն,

ժ) բուժօգնություն,

ժա) բանավոր և գրավոր թարգմանություն:

 

Ենթաբաժին 3.

Պաշտպանը

 

Կանոն 20

Քարտուղարի պարտականությունները՝ պաշտպանության կողմի իրավունքների մասով

 

1. Քարտուղարը 43-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան կազմակերպում է Քարտուղարության անձնակազմի աշխատանքն այնպես, որ նպաստեն պաշտպանության կողմի իրավունքների իրացմանը՝ Կանոնադրությամբ սահմանված արդար դատաքննության սկզբունքին համապատասխան: Այդ նպատակով Քարտուղարը, inter alia՝

ա) ապահովում է գաղտնիության պահպանումը 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված կարգով,

բ) աջակցություն, օգնություն և տեղեկություն է տրամադրում Դատարանում հանդես եկող բոլոր պաշտպաններին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ աջակցություն պրոֆեսիոնալ քննիչներին, որն անհրաժեշտ է պաշտպանության գործուն և արդյունավետ իրականացման համար,

գ) օգնություն է ցուցաբերում ձերբակալված անձանց, այն անձանց, որոնց վրա տարածվում է 55-րդ հոդվածի 2-րդ կետի գործողությունը, և մեղադրյալներին՝ իրավաբանական խորհրդատվություն և իրավախորհրդատուի օգնություն ստանալու հարցում,

դ) անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն է տրամադրում Դատախազին և Պալատներին՝ պաշտպանությանն առնչվող համապատասխան հարցերով,

ե) պաշտպանության կողմին տրամադրում է համապատասխան միջոցներ, որոնք կարող են նրան անհրաժեշտ լինել պաշտպանության պարտականությունն ուղղակիորեն կատարելու համար,

զ) նպաստում է տեղեկությունների և Դատարանի նախադեպային իրավունքի փոխանցմանը պաշտպաններին և անհրաժեշտության դեպքում համագործակցում է իրավաբանների և փաստաբանների ազգային ասոցիացիաների կամ 3-րդ ենթականոնում նշված՝ փաստաբանական և իրավաբանական ասոցիացիաների ցանկացած անկախ ներկայացուցչական մարմնի հետ՝ Կանոնադրությամբ և Կանոններով ձևավորված իրավունքի ոլորտում իրավաբանների մասնագիտացումը և ուսուցումը խթանելու համար:

2. Քարտուղարը կատարում է 1-ին ենթականոնում նշված գործառույթները՝ ներառյալ Քարտուղարության ֆինանսական կառավարումն այնպես, որ ապահովվի պաշտպանների մասնագիտական անկախությունը:

3. Այնպիսի նպատակներով, ինչպիսիք են իրավաբանական օգնության կազմակերպումը՝ 21-րդ կանոնին համապատասխան, և մասնագիտական վարքագծի կանոնագրքի մշակումը՝ 8-րդ կանոնին համապատասխան, Քարտուղարն անհրաժեշտության դեպքում խորհրդակցում է փաստաբանական կամ իրավաբանական ասոցիացիաների ցանկացած անկախ ներկայացուցչական մարմնի հետ, այդ թվում՝ ցանկացած այնպիսի մարմնի հետ, որի հիմնադրումը կարող է ապահովվել Մասնակից պետությունների ասամբլեայի կողմից:

 

Կանոն 21

Իրավաբանական օգնության նշանակումը

 

1. 55-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետին և 67-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան՝ իրավաբանական օգնության նշանակման չափորոշիչները և ընթացակարգերը սահմանվում են Կանոնակարգերով՝ 20-րդ կանոնի 3-րդ ենթականոնում նշված փաստաբանական կամ իրավաբանական ասոցիացիաների ցանկացած անկախ ներկայացուցչական մարմնի հետ խորհրդակցություններից հետո Քարտուղարի կողմից ներկայացված առաջարկության հիման վրա:

2. Քարտուղարը կազմում և վարում է այն պաշտպանների ցուցակը, որոնք համապատասխանում են 22-րդ կանոնում և Կանոնակարգերում սահմանված չափորոշիչները: Անձն այդ ցուցակից ազատորեն ընտրում է իր պաշտպանին կամ այլ պաշտպանի, որը համապատասխանում է պահանջվող չափորոշիչներին և պատրաստակամություն է հայտնում ընդգրկվելու այդ ցուցակում:

3. Անձը կարող է դիմել Նախագահությանը պաշտպանի նշանակման դիմումը մերժելու մասին որոշումը վերանայելու խնդրանքով: Նախագահության որոշումը վերջնական է: Եթե դիմումը մերժվում է, ապա անձը կարող է նոր դիմում ներկայացել Քարտուղարին՝ արտացոլելով հանգամանքներում տեղի ունեցած փոփոխությունը:

4. Իրեն անձամբ ներկայացնելու մասին որոշում ընդունած անձն առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին գրավոր ծանուցում է Քարտուղարին:

5. Եթե անձը հայտարարում է, որ բավարար միջոցներ չունի պաշտպանի ծառայությունների դիմաց վճարելու համար, իսկ հետագայում պարզվում է, որ դա այդպես չէ, ապա տվյալ պահին գործը քննող Պալատը կարող է արձակել վճարման կարգադրություն՝ պաշտպան տրամադրելու հետ կապված ծախսերը գանձելու համար:

 

Կանոն 22

Պաշտպանի նշանակումը և որակավորումները

 

1. Պաշտպանը պետք է ունենա ճանաչված հեղինակություն միջազգային կամ քրեական իրավունքի և դատավարության ոլորտում, ինչպես նաև որպես դատավորի, դատախազի, փաստաբանի կամ քրեական դատավարության բնագավառում այլ համապատասխան աշխատանքի անհրաժեշտ փորձ: Պաշտպանը պետք է կատարելապես տիրապետի Դատարանի աշխատանքային լեզուներից առնվազն մեկին: Պաշտպանին կարող են օգնել այլ անձինք ներառյալ՝ համապատասխան փորձ ունեցող իրավագիտության պրոֆեսորները:

2. Պաշտպանը, որին Կանոնադրությանը համապատասխան իր ընտրությամբ իրավախորհրդատու հրավիրելու իր իրավունքն իրականացնող անձը հանձնարարել է գործի վարումը, առաջին իսկ հնարավորության դեպքում Քարտուղարին ներկայացնում է լիազորագիր:

3. Իր պարտականությունները կատարելիս պաշտպանը պահպանում է Կանոնադրությունը, Կանոնները, Կանոնակարգերը, 8-րդ կանոնին համապատասխան ընդունված՝ Փաստաբանների մասնագիտական վարքագծի կանոնագիրքը և Դատարանի կողմից ընդունված ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է վերաբերելի լինել նրա պարտականությունների կատարմանը:

 

Բաժին IV.

Իրավիճակներ, որոնք կարող են անդրադառնալ Դատարանի գործունեության վրա

 

Ենթաբաժին 1.

Պաշտոնից ազատելը և կարգապահական միջոցները

 

Կանոն 23

Ընդհանուր սկզբունքը

 

Դատավորը, Դատախազը, Դատախազի տեղակալը, Քարտուղարը և Քարտուղարի տեղակալը պաշտոնից ազատվում են կամ ենթարկվում են կարգապահական միջոցների՝ Կանոնադրությամբ և սույն Կանոններով սահմանված դեպքերում և երաշխիքների առկայությամբ:

 

Կանոն 24

Լուրջ զանցանքի և պարտականությունների լուրջ խախտման սահմանումը

 

1. 46-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի նպատակներով «լուրջ զանցանք» համարվում է այն վարքագիծը, որը՝

ա) եթե դրսևորվում է պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում, անհամատեղելի է պաշտոնեական գործառույթների հետ և պատճառում է կամ թերևս կարող է պատճառել լուրջ վնաս Դատարանում արդարադատության պատշաճ իրականացմանը կամ Դատարանի ներքին պատշաճ գործունեությանը, օրինակ՝

i) այն փաստերի կամ տեղեկությունների հրապարակումը, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելու ընթացքում, կամ այնպիսի հարցով, որը գտնվում է sub judice գործընթացում (դատարանում քննության փուլում), երբ այդպիսի հրապարակումը լուրջ վնաս է պատճառում դատավարությանը կամ ցանկացած անձի,

ii) բավականին լուրջ բնույթի տեղեկություններ և հանգամանքներ թաքցնելը, ինչը բացառում է նրա հետագա պաշտոնավարումը,

iii) իր դիրքի չարաշահումը՝ ցանկացած մարմնի, պաշտոնատար անձի կամ մասնագետի անհիմն բարեհաճ վերաբերմունքին արժանանալու նպատակով, կամ

բ) եթե չի դրսևորվում պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում, կրում է ծանր բնույթ և Դատարանի հեղինակությանը պատճառում է կամ թերևս կարող է պատճառել լուրջ վնաս:

2. 46-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի նպատակներով «պարտականությունների լուրջ խախտում» տեղի է ունենում, երբ անձն իր պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերել է կոպիտ անփութություն կամ գիտակցաբար գործել է ի խախտումն այդ պարտականությունների: Սա կարող է ներառել, inter alia, այնպիսի իրավիճակներ, երբ անձը՝

ա) չի կատարում իր գործառույթների կատարումից ազատման դիմում ներկայացնելու իր պարտականությունը՝ իմանալով, որ առկա են այդպես վարվելու հիմքեր,

բ) բազմիցս և անհիմն ձգձգում է գործերի հարուցումը, քրեական հետապնդումը կամ դատաքննությունը կամ դատական լիազորությունների իրականացումը:

 

Կանոն 25

Նվազ ծանր զանցանքի սահմանումը

 

1. 47-րդ հոդվածի նպատակներով «նվազ ծանր զանցանք» համարվում է այն վարքագիծը, որը՝

ա) եթե դրսևորվում է պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում, պատճառում է կամ թերևս կարող է վնաս պատճառել Դատարանում արդարադատության պատշաճ իրականացմանը կամ Դատարանի ներքին պատշաճ գործունեությանը, օրինակ՝

i) 47-րդ հոդվածում նշված անձանցից որևէ մեկի գործառույթների իրականացմանը միջամտելը,

ii) այն պահանջները բազմիցս չկատարելը կամ անտեսելը, որոնք իրենց օրինական լիազորությունների իրականացման ընթացքում ներկայացնում են Նախագահող դատավորը կամ Նախագահությունը,

iii) այն կարգապահական միջոցները չկիրառելը, որոնց ենթարկվել են Քարտուղարը կամ Քարտուղարի տեղակալը և Դատարանի այլ պաշտոնատար անձինք, երբ դատավորը գիտի կամ պետք է իմանա նրանց կողմից պարտականությունների լուրջ խախտման մասին, կամ

բ) եթե չի դրսևորվում պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակ, պատճառում է կամ թերևս կարող է վնաս պատճառել Դատարանի հեղինակությանը:

2. Սույն կանոնում ոչինչ չի բացառում այն հնարավորությունը, որ 1-ին ենթականոնի «ա» կետով նախատեսված վարքագիծը համարվի «լուրջ զանցանք» կամ «պարտականությունների լուրջ խախտում»` 46-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի նպատակներով:

 

Կանոն 26

Բողոքների ստացումը

 

1. 24-րդ և 25-րդ կանոններում սահմանված որևէ վարքագծի առնչությամբ ցանկացած բողոք 46-րդ հոդվածի 1-ին կետի և 47-րդ հոդվածի նպատակներով պետք է ներառի այն հիմքերը, որոնց վրա այն հիմնված է, բողոք ներկայացնողի ինքնության վերաբերյալ տեղեկություններ և առկայության դեպքում՝ ցանկացած վերաբերելի ապացույց: Բողոքի գաղտնիությունը պահպանվում է:

2. Բոլոր բողոքները փոխանցվում են Նախագահությանը, որը կարող է նաև իր նախաձեռնությամբ սկսել վարույթ, և որը Կանոնակարգերի համաձայն քննության չի առնում անանուն կամ ակնհայտորեն անհիմն բողոքները, իսկ մյուս բողոքները փոխանցում է իրավասու մարմնին: Մեկ կամ մի քանի դատավոր, որոնք Կանոնակարգերին համապատասխան նշանակվում են ինքնաբերական ռոտացիայի սկզբունքով, օգնում են Նախագահությանն այդ խնդիրը կատարելիս:

 

Կանոն 27

Պաշտպանության կողմի իրավունքներին վերաբերող ընդհանուր դրույթներ

 

1. Ցանկացած դեպքում, երբ քննարկվում է 46-րդ հոդվածի հիման վրա պաշտոնից ազատելու կամ 47-րդ հոդվածի հիման վրա կարգապահական միջոցներ կիրառելու հարցը, համապատասխան անձը գրավոր տեղեկացվում է այդ մասին:

2. Այդ անձին ընձեռվում է լիարժեք հնարավորություն ներկայացնելու կամ հավաքելու ապացույցներ, ներկայացնելու գրավոր փաստարկներ և պատասխանելու իրեն հասցեագրված ցանկացած հարցի:

3. Սույն կանոնով սահմանված ընթացակարգի ժամանակ անձին կարող է ներկայացնել պաշտպանը:

 

Կանոն 28

Պարտականությունների կասեցումը

 

Այն դեպքում, երբ այն անձի վերաբերյալ ներկայացված պնդումները, որի առնչությամբ բողոք է ներկայացվել, կրում են բավականին լուրջ բնույթ, անձի պարտականությունները կարող են կասեցվել՝ մինչև իրավասու մարմնի կողմից վերջնական որոշում կայացվելը:

 

Կանոն 29

Ընթացակարգը՝ պաշտոնից ազատելու վերաբերյալ դիմում ներկայացվելու դեպքում

 

1. Դատավորի, Քարտուղարի կամ Քարտուղարի տեղակալի դեպքում պաշտոնից ազատելու հարցը քվեարկության է դրվում լիագումար նիստում:

2. Նախագահությունը Մասնակից պետությունների ասամբլեայի բյուրոյի նախագահին գրավոր տեղեկացնում է ընդունված ցանկացած առաջարկության մասին՝ դատավորի դեպքում, և ընդունված ցանկացած որոշման մասին՝ Քարտուղարի կամ Քարտուղարի տեղակալի դեպքում:

3. Դատախազը Մասնակից պետությունների ասամբլեայի բյուրոյի նախագահին գրավոր տեղեկացնում է Դատախազի տեղակալի դեպքում իր կողմից արված ցանկացած առաջարկության մասին:

4. Եթե պարզվում է, որ վարքագիծը լուրջ զանցանք կամ պարտականությունների լուրջ խախտում չէ, ապա կարող է 47-րդ հոդվածին համապատասխան կայացվել որոշում, որ տվյալ անձը կատարել է նվազ ծանր զանցանք, և նրա նկատմամբ կարող է կիրառվել կարգապահական միջոց:

 

Կանոն 30

Ընթացակարգը՝ կարգապահական միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմում ներկայացվելու դեպքում

 

1. Դատավորի, Քարտուղարի կամ Քարտուղարի տեղակալի դեպքում կարգապահական միջոց կիրառելու մասին ցանկացած որոշում ընդունում է Նախագահությունը:

2. Դատախազի դեպքում կարգապահական միջոց կիրառելու մասին ցանկացած որոշում ընդունվում է Մասնակից պետությունների ասամբլեայի բյուրոյի անդամների ձայների բացարձակ մեծամասնությամբ:

3. Դատախազի տեղակալի դեպքում՝

ա) նկատողություն կիրառելու վերաբերյալ ցանկացած որոշում ընդունում է Դատախազը,

բ) դրամական տուգանք կիրառելու մասին ցանկացած որոշում ընդունվում է Մասնակից պետությունների ասամբլեայի բյուրոյի անդամների ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ Դատախազի առաջարկությամբ:

4. Նկատողություններն արձանագրվում են գրավոր և փոխանցվում են Մասնակից պետությունների ասամբլեայի բյուրոյի նախագահին:

 

Կանոն 31

Պաշտոնից ազատելը

 

Պաշտոնից ազատելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում դրա հրապարակումից անմիջապես հետո: Այդ անձը դադարում է գործել Դատարանի կազմում, այդ թվում՝ անավարտ գործերի առնչությամբ, որոնց քննությանը նա մասնակցում էր:

 

Կանոն 32

Կարգապահական միջոցները

 

Կարող են կիրառվել հետևյալ կարգապահական միջոցները.

ա) նկատողություն, կամ

բ) դրամական տուգանք, որը չի կարող գերազանցել այդ անձին Դատարանի կողմից վճարվող վեցամսյա աշխատավարձի գումարի չափը:

 

Ենթաբաժին 2.

Գործառույթների կատարումից ազատելը, բացարկ հայտնելը, մահը և պաշտոնաթողությունը

 

Կանոն 33

Դատավորին, Դատախազին կամ Դատախազի տեղակալին գործառույթների կատարումից ազատելը

 

1. Իր գործառույթների կատարումից ազատվել ցանկացող դատավորը, Դատախազը կամ Դատախազի տեղակալը գրավոր դիմում են ներկայացնում Նախագահություն, որում շարադրվում են այն հիմքերը, որոնց հիման վրա նրանց պետք է ազատել իրենց գործառույթների կատարումից:

2. Նախագահությունը տվյալ դիմումը դիտարկում է գաղտնիության պահպանմամբ և առանց այդ անձի համաձայնության չի հրապարակում իր որոշման պատճառները:

 

Կանոն 34

Դատավորին, Դատախազին կամ Դատախազի տեղակալին բացարկ հայտնելը

 

1. Ի լրումն 41-րդ հոդվածի 2-րդ կետում և 42-րդ հոդվածի 7-րդ կետում սահմանված հիմքերի՝ դատավորին, Դատախազին կամ Դատախազի տեղակալին բացարկ հայտնելու հիմքերը ներառում են, inter alia, հետևյալը.

ա) գործում անձնական շահագրգռվածություն, այդ թվում՝ որևէ կողմի հետ ամուսնական, ծնողական կամ սերտ ընտանեկան, անձնական կամ մասնագիտական այլ հարաբերություններ, կամ ենթակայության հարաբերություններ,

բ) գործով նրա ներգրավումից առաջ կամ հետագայում նրա կողմից հարուցված այն դատավարությանը մասնավոր անձի կարգավիճակով մասնակցությունը, որի շրջանակներում անձը, որի նկատմամբ իրականացվում է քննություն կամ քրեական հետապնդում, եղել է կամ համարվում է առարկող կողմ,

գ) պաշտոնն ստանձնելուց առաջ այնպիսի գործառույթների կատարում, որի ընթացքում նա կարող էր ենթադրաբար կարծիք կազմել տվյալ գործի, կողմերի կամ նրանց օրինական ներկայացուցիչների մասին, ինչն օբյեկտիվորեն կարող էր բացասաբար անդրադառնալ այդ անձից պահանջվող անկողմնակալության վրա,

դ) զանգվածային տեղեկատվության միջոցներով, գրավոր կամ հրապարակային գործողությունների ձևով կարծիքների արտահայտում, ինչն օբյեկտիվորեն կարող էր բացասաբար անդրադառնալ այդ անձից պահանջվող անկողմնակալության վրա:

2. 41-րդ հոդվածի 2-րդ կետում և 42-րդ հոդվածի 8-րդ կետում սահմանված դրույթներին համապատասխան՝ բացարկ հայտնելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է գրավոր անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի են դառնում հիմքերը, որոնց վրա այն հիմնված է: Դիմումի մեջ նշվում են հիմքերը, և կցվում է ցանկացած վերաբերելի ապացույց, և այն փոխանցվում է համապատասխան անձին, որն իրավասու է ներկայացնել գրավոր փաստարկներ:

3. Դատախազին կամ Դատախազի տեղակալին բացարկ հայտնելու վերաբերյալ ցանկացած հարց լուծվում է Վերաքննիչ պալատի դատավորների ձայների մեծամասնությամբ:

 

Կանոն 35

Դատավորի, Դատախազի կամ Դատախազի տեղակալի՝ գործառույթների կատարումից ազատելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պարտականությունը

 

Այն դեպքում, երբ դատավորը, Դատախազը կամ Դատախազի տեղակալը հիմքեր ունեն ենթադրելու, որ առկա են իրեն բացարկ հայտնելու հիմքեր, նա ներկայացնում է իրեն գործառույթների կատարումից ազատելու վերաբերյալ դիմում և չի սպասում բացարկ հայտնելու վերաբերյալ դիմումի՝ 41-րդ հոդվածի 2-րդ կետին կամ 42-րդ հոդվածի 7-րդ կետին և 34-րդ կանոնին համապատասխան ներկայացմանը: Դիմումը ներկայացվում է և Նախագահության կողմից այն քննարկվում է 33-րդ կանոնին համապատասխան:

 

Կանոն 36

Դատավորի, Դատախազի, Դատախազի տեղակալի, Քարտուղարի կամ Քարտուղարի տեղակալի մահը

 

Նախագահությունը Մասնակից պետությունների ասամբլեայի բյուրոյի նախագահին գրավոր տեղեկացնում է դատավորի, Դատախազի, Դատախազի տեղակալի, Քարտուղարի կամ Քարտուղարի տեղակալի մահվան մասին:

 

Կանոն 37

Դատավորի, Դատախազի, Դատախազի տեղակալի, Քարտուղարի կամ Քարտուղարի տեղակալի պաշտոնաթողությունը

 

1. Դատավորը, Դատախազը, Դատախազի տեղակալը, Քարտուղարը կամ Քարտուղարի տեղակալը Նախագահությանը գրավոր հայտնում են պաշտոնաթող լինելու իրենց որոշման մասին: Նախագահությունն այդ մասին գրավոր տեղեկացնում է Մասնակից պետությունների ասամբլեայի բյուրոյի նախագահին:

2. Դատավորը, Դատախազը, Դատախազի տեղակալը, Քարտուղարը կամ Քարտուղարի տեղակալը փորձում են ծանուցել իրենց պաշտոնաթողությունն ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին առնվազն վեց ամիս առաջ: Մինչև իր պաշտոնաթողությունն ուժի մեջ մտնելը նա գործադրում է բոլոր ջանքերը իր մնացած պարտականությունների կատարման ուղղությամբ:

 

Ենթաբաժին 3.

Դատավորների փոխարինումը և պահեստային դատավորները

 

Կանոն 38

Փոխարինումը

 

1. Դատավորը կարող է փոխարինվել օբյեկտիվ և հիմնավոր պատճառներով, inter alia՝

ա) պաշտոնաթողություն,

բ) ընդունված ազատում,

գ) բացարկ,

դ) պաշտոնից ազատում,

ե) մահ:

2. Փոխարինումը կատարվում է Կանոնադրությամբ, Կանոններով և Կանոնակարգերով նախապես սահմանված ընթացակարգին համապատասխան։

 

Կանոն 39

Պահեստային դատավորները

 

Այն դեպքերում, երբ 74-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան Նախագահությունը Դատական պալատում նշանակում է պահեստային դատավոր, վերջինս ներկա է գտնվում գործով բոլոր վարույթներին և խորհրդակցություններին, սակայն չի կարող մասնակցել դրանց և չի կատարում տվյալ գործի լսումը վարող Դատական պալատի անդամների որևէ գործառույթ, եթե և քանի դեռ չի պահանջվում, որ նա փոխարինի Դատական պալատի որևէ անդամի այն դեպքում, երբ այդ անդամն անկարող է շարունակել մասնակցությունը: Պահեստային դատավորները նշանակվում են Դատարանի կողմից նախապես սահմանված ընթացակարգին համապատասխան:

 

Բաժին V.

Հրապարակումը, լեզուները և գրավոր թարգմանությունը

 

Կանոն 40

Որոշումների հրապարակումը Դատարանի պաշտոնական լեզուներով

 

1. 50-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներով հետևյալ որոշումները համարվում են հիմնական հարցերով որոշումներ.

ա) Վերաքննիչ բաժանմունքի բոլոր որոշումները,

բ) Դատարանի բոլոր որոշումներն իր իրավազորության և գործի ընդունելիության վերաբերյալ՝ 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածներին համապատասխան,

գ) Դատական պալատի բոլոր որոշումները մեղավոր կամ անմեղ լինելու, պատժի նշանակման և տուժողներին վնասի հատուցման վերաբերյալ՝ 74-րդ, 75-րդ և 76-րդ հոդվածներին համապատասխան,

դ) Մինչդատական վարույթի պալատի բոլոր որոշումները՝ 57-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան:

2. 61-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան մեղադրանքների հաստատման վերաբերյալ որոշումները և 70-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան արդարադատության իրականացման դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ որոշումները հրապարակվում են Դատարանի բոլոր պաշտոնական լեզուներով այն դեպքում, երբ Նախագահությունը որոշում է, որ դրանք հիմնական հարցերով որոշումներ են:

3. Նախագահությունը կարող է որոշում ընդունել այլ որոշումներ բոլոր պաշտոնական լեզուներով հրապարակելու մասին այն դեպքում, երբ այդ որոշումները վերաբերում են Կանոնադրության մեկնաբանման կամ կատարման հետ կապված կարևոր հարցերին կամ վերաբերում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցի:

 

Կանոն 41

Դատարանի աշխատանքային լեզուները

 

1. 50-րդ հոդվածի 2-րդ կետի նպատակներով Նախագահությունը թույլատրում է պաշտոնական լեզուն օգտագործել որպես աշխատանքային լեզու այն դեպքում, երբ՝

ա) այդ լեզուն հասկանում և դրանով հաղորդակցվում են Դատարանի կողմից քննվող գործի մասնակիցների մեծամասնությունը, և այդպիսի խնդրանքով դիմում է դատավարության որևէ մասնակից, կամ

բ) այդպիսի խնդրանքով դիմում են Դատախազը և պաշտպանության կողմը:

2. Նախագահությունը կարող է թույլատրել, որ Դատարանի պաշտոնական լեզուն օգտագործվի որպես աշխատանքային լեզու, եթե համարում է, որ դա կնպաստի դատավարության արդյունավետության բարձրացմանը:

 

Կանոն 42

Գրավոր և բանավոր թարգմանությունների ծառայությունները

 

Դատարանը կազմակերպում է գրավոր և բանավոր թարգմանությունների ծառայությունների տրամադրումը՝ Կանոնադրության և Կանոնների համաձայն իր պարտավորությունների կատարումն ապահովելու համար:

 

Կանոն 43

Դատարանի փաստաթղթերի հրապարակման նկատմամբ կիրառվող ընթացակարգը

 

Դատարանն ապահովում է, որ Կանոնադրությանը և սույն Կանոններին համապատասխան հրապարակման ենթակա բոլոր փաստաթղթերի դեպքում պահպանվի դատավարության գաղտնիությունը և տուժողների ու վկաների անվտանգությունը պաշտպանելու պարտականությունը:

 

Գլուխ 3.

Իրավազորությունը և ընդունելիությունը

 

Բաժին I

11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների հետ կապված հայտարարությունները և դրանց ներկայացումը

 

Կանոն 44

12-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հայտարարությունը

 

1. Քարտուղարը կարող է Դատախազի դիմումով, գաղտնիության պահպանմամբ Կանոնադրության մասնակից չհանդիսացող կամ Կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո դրա մասնակից դարձած պետությանը հարցում ներկայացնել այն մասին, թե արդյոք նա մտադիր է անել 12-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հայտարարությունը:

2. Երբ պետությունը հայտարարություն է ներկայացնում կամ Քարտուղարին հայտնում է հայտարարություն ներկայացնելու իր մտադրության մասին՝ 12-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, կամ երբ Քարտուղարը գործում է 1-ին ենթականոնին համապատասխան, Քարտուղարը համապատասխան պետությանը տեղեկացնում է, որ 12-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ներկայացվող հայտարարությունը հանգեցնում է համապատասխան իրավիճակին առնչվող` 5-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ իրավազորության ճանաչմանը, և կիրառվում են Մաս 9-ի դրույթներն ու դրա համաձայն ընդունված՝ Մասնակից պետություններին վերաբերող կանոնները:

 

Կանոն 45

Իրավիճակի ներկայացումը Դատախազին

 

Դատախազին իրավիճակը ներկայացվում է գրավոր:

 

Բաժին II.

15-րդ հոդվածի համաձայն քննության հարուցումը

 

Կանոն 46

Դատախազին 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն տրամադրվող տեղեկությունները

 

Դատարանի նստավայրում 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն տեղեկություններ ներկայացվելու կամ 15-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան բանավոր կամ գրավոր ցուցմունքներ ստացվելու դեպքում Դատախազն ապահովում է այդ տեղեկությունների և ցուցմունքների գաղտնիությունը կամ ձեռնարկում է ցանկացած այլ անհրաժեշտ միջոց՝ Կանոնադրությամբ նախատեսված իր պարտականություններին համապատասխան:

 

Կանոն 47

15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ստացվող ցուցմունքները

 

1. 111-րդ և 112-րդ կանոնների դրույթները կիրառվում են, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Դատախազի՝ 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ստացված ցուցմունքների նկատմամբ:

2. Այն դեպքում, երբ Դատախազը համարում է, որ առկա է լուրջ վտանգ, որ հետագայում կարող է անհնարին լինել ցուցմունք վերցնելը, նա կարող է Մինչդատական վարույթի պալատին խնդրել ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել դատավարության արդյունավետությունն ու անաչառությունն ապահովելու համար, և մասնավորապես նշանակել պաշտպանի կամ Մինչդատական վարույթի պալատի դատավոր, որը պետք է ներկա գտնվի ցուցմունքների ստացման ժամանակ՝ պաշտպանության կողմի իրավունքները պաշտպանելու համար: Եթե ցուցմունքները հետագայում ներկայացվում են դատավարության ընթացքում, ապա դրանց թույլատրելիությունը որոշվում է 69-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, և դրանք ունենում են այնպիսի ապացուցողական արժեք, ինչպիսին կարող է որոշել համապատասխան Պալատը:

 

Կանոն 48

15-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան քննություն սկսելու համար բավարար հիմքերի առկայությունը որոշելը

 

15-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան քննություն սկսելու համար բավարար հիմքերի առկայությունը որոշելիս Դատախազը հաշվի է առնում 53-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերում սահմանված գործոնները:

 

Կանոն 49

15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն կայացվող որոշումը և դրա մասին ծանուցումը

 

1. 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն որոշում կայացվելու դեպքում Դատախազն անհապաղ ապահովում է ծանուցման տրամադրումը, ներառյալ՝ իր որոշման հիմքերն այնպիսի եղանակով, որով կանխվում է այն անձանց անվտանգությանը, բարեկեցությանը և անձնական կյանքի անձեռնմխելիությանը սպառնացող ցանկացած վտանգ, որոնք իրեն տեղեկություններ են տրամադրել 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, կամ քննության կամ դատավարության անաչառությանը սպառնացող ցանկացած վտանգ:

2. Ծանուցման մեջ նշվում է նաև նույն իրավիճակի մասին նոր փաստերի և ապացույցների լույսի ներքո լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու հնարավորության մասին:

 

Կանոն 50

Քննություն սկսելը Մինչդատական վարույթի պալատի կողմից թույլատրվելու ընթացակարգը

 

1. Այն դեպքում, երբ Դատախազը մտադիր է 15-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ստանալ Մինչդատական վարույթի պալատի թույլտվությունը՝ քննություն հարուցելու համար, Դատախազն այդ մասին տեղեկացնում է իրեն կամ Տուժողների և վկաների հարցերով բաժնին հայտնի տուժողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Դատախազը որոշում է, որ դա կարող է վտանգել քննության անաչառությունը կամ տուժողների և վկաների կյանքը կամ բարեկեցությունը: Դատախազը կարող է նաև ծանուցումը կատարել հանրամատչելի կապուղիներով՝ տուժողների խմբերին ընդգրկելու նպատակով, եթե նա գործի կոնկրետ հանգամանքներով պայմանավորված որոշում է, որ այդ ծանուցումը չի կարող վտանգել քննության անաչառությունը և արդյունավետ իրականացումը կամ տուժողների և վկաների անվտանգությունն ու բարեկեցությունը: Դատախազն այս գործառույթները կատարելիս կարող է անհրաժեշտության դեպքում դիմել Տուժողների և վկաների հարցերով բաժնի օգնությանը:

2. Թույլտվություն ստանալու վերաբերյալ Դատախազի դիմումը ներկայացվում է գրավոր:

3. 1-ին ենթականոնին համապատասխան տեղեկություն ստանալուց հետո տուժողները կարող են Կանոնակարգերով նախատեսված ժամկետում գրավոր նկատառումներ ներկայացնել Մինչդատական վարույթի պալատ:

4. Մինչդատական վարույթի պալատն իրականացման ենթակա ընթացակարգը որոշելիս կարող է լրացուցիչ տեղեկություններ հայցել Դատախազից և նկատառումներ ներկայացրած տուժողներից ցանկացածից, և եթե նպատակահարմար գտնի, ապա կարող է անցկացնել լսում:

5. Մինչդատական վարույթի պալատը 15-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան քննություն սկսելը թույլատրելու վերաբերյալ իր որոշումը, ներառյալ՝ պատճառաբանությունները, ընդունում է Դատախազի դիմումի կամ դրա ցանկացած մասի առնչությամբ: Պալատն այդ որոշման մասին ծանուցում է նկատառումներ ներկայացրած տուժողներին:

6. Վերոշարադրյալ ընթացակարգը կիրառվում է նաև 15-րդ հոդվածի 5-րդ կետի հիման վրա Մինչդատական վարույթի պալատ ներկայացված ցանկացած նոր դիմումի նկատմամբ:

 

Բաժին III

17-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների համաձայն վիճարկումը և նախնական որոշումները

 

Կանոն 51

17-րդ հոդվածի համաձայն ներկայացվող տեղեկությունները

 

17-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հարցերը քննարկելիս և հաշվի առնելով գործի հանգամանքները՝ Դատարանը կարող է քննության առնել, inter alia, այն տեղեկությունը, որը 17-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետության որոշմամբ կարող է ներկայացվել Դատարանի ուշադրությանը՝ ի վկայություն այն բանի, որ իր դատարանները համապատասխանում են նմանօրինակ վարքագծի անկախ և անաչառ քննության իրականացման միջազգայնորեն ճանաչված նորմերին և չափանիշներին, կամ որ պետությունը Դատախազին գրավոր հավաստել է, որ գործով իրականացվում է քննություն կամ քրեական հետապնդում:

 

Կանոն 52

18-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծանուցումը

 

1. Հաշվի առնելով 18-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված սահմանափակումները՝ ծանուցումը բովանդակում է 18-րդ հոդվածի 2-րդ կետի նպատակների համար նշանակություն ունեցող տեղեկություններ այն արարքների մասին, որոնք կարող են համարվել 5-րդ հոդվածում նշված հանցագործություններ:

2. Պետությունը կարող է Դատախազից հայցել լրացուցիչ տեղեկություններ՝ 18-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման գործում իրեն օգնություն ցուցաբերելու համար: Այդ հարցումը չի ազդում 18-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված մեկամսյա ժամկետի վրա, և Դատախազն այդ հարցմանը պատասխանում է անհապաղ:

 

Կանոն 53

18-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոխանցումը

 

Երբ որևէ պետություն հայցում է 18-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոխանցումը, այդ պետությունն այդ հարցումը ներկայացնում է գրավոր և տեղեկություններ է տրամադրում իր կողմից իրականացված քննության մասին՝ հաշվի առնելով 18-րդ հոդվածի 2-րդ կետը: Դատախազը կարող է այդ պետությունից հայցել լրացուցիչ տեղեկություններ:

 

Կանոն 54

18-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Դատախազի կողմից ներկայացվող դիմումը

 

1. Դիմումը, որը Դատախազը ներկայացնում է Մինչդատական վարույթի պալատ՝ 18-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ներկայացվում է գրավոր և բովանդակում է դիմումի ներկայացման հիմքերը: Պետության կողմից 53-րդ կանոնի համաձայն ներկայացված տեղեկությունը Դատախազը փոխանցում է Մինչդատական վարույթի պալատ:

2. Դատախազը 18-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Մինչդատական վարույթի պալատ դիմում ներկայացնելիս գրավոր տեղեկացնում է այդ պետությանը և իր ծանուցման մեջ համառոտ շարադրում է դիմումի ներկայացման հիմքերը:

 

Կանոն 55

18-րդ հոդվածի 2-րդ կետի հետ կապված քննությունը

 

1. Մինչդատական վարույթի պալատը որոշում է ընդունում այն ընթացակարգի մասին, որը պետք է իրականացնել, և կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել քննության պատշաճ իրականացման համար: Այն կարող է լսում անցկացնել:

2. Մինչդատական վարույթի պալատը քննության է առնում Դատախազի դիմումը և այն պետության ներկայացրած ցանկացած դիտարկում, որը դիմել է փոխանցման մասին խնդրանքով՝ 18-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, և քննության իրականացումը թույլատրելու վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի է առնում 17-րդ հոդվածում նշված գործոնները:

3. Մինչդատական վարույթի պալատի որոշումը և որոշման հիմքերը հնարավորինս սեղմ ժամկետում փոխանցվում են Դատախազին և այն պետությանը, որը դիմել է քննության իրականացումը փոխանցելու խնդրանքով:

 

Կանոն 56

18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն վերանայում իրականացնելուց հետո Դատախազի դիմումը

 

1. Դատախազի կողմից 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն վերանայում իրականացվելուց հետո Դատախազը կարող է դիմել Մինչդատական վարույթի պալատ՝ 18-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան թույլտվություն ստանալու համար։ Մինչդատական վարույթի պալատ ներկայացվող դիմումը ներկայացվում է գրավոր և բովանդակում է այն ներկայացնելու հիմքերը:

2. Պետության կողմից 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն ներկայացվող ցանկացած լրացուցիչ տեղեկություն Դատախազն ուղարկում է Մինչդատական վարույթի պալատ:

3. Վարույթն իրականացվում է 54-րդ կանոնի 2-րդ ենթականոնին և 55-րդ կանոնին համապատասխան:

 

Կանոն 57

18-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն կիրառվող ժամանակավոր միջոցները

 

Դատախազի կողմից 18-րդ հոդվածի 6-րդ կետում նախատեսված հանգամանքներում Մինչդատական վարույթի պալատ ներկայացվող դիմումը քննարկվում է ex parte (առանց հակառակ կողմի մասնակցության ) և in camera (դռնփակ): Մինչդատական վարույթի պալատը դիմումի առնչությամբ որոշումն ընդունում է արագացված կարգով:

 

Կանոն 58

19-րդ հոդվածի համաձայն իրականացվող վարույթը

 

1. 19-րդ հոդվածի համաձայն խնդրանքը կամ դիմումը ներկայացվում է գրավոր և բովանդակում է դրա ներկայացման հիմքերը:

2. Երբ Պալատն ստանում է խնդրանք կամ դիմում, որը բովանդակում է իր իրավազորության կամ գործի ընդունելիության վերաբերյալ վիճարկում կամ հարց՝ 19-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ կետին համապատասխան, կամ գործում է իր նախաձեռնությամբ 19-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով, Պալատը որոշում է ընդունում այն ընթացակարգի մասին, որը պետք է իրականացվի, և կարող է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ վարույթը պատշաճ ձևով իրականացնելու համար: Այն կարող է լսում անցկացնել: Այն կարող է վիճարկումը կամ հարցը քննության առնել մեղադրանքների հաստատման կապակցությամբ վարույթի կամ դատաքննության շրջանակներում, եթե դա չի հանգեցնում անհարկի ձգձգման, և այդ դեպքում այն, նախևառաջ, լսում է բողոքը կամ հարցը և դրանց առնչությամբ որոշում է կայացնում:

3. Դատարանը 2-րդ ենթականոնին համապատասխան ստացված խնդրանքը կամ դիմումը փոխանցում է Դատախազին և 19-րդ հոդվածի 2-րդ կետում նշված այն անձին, որը փոխանցվել է Դատարանին կամ ներկայացել է կամովին կամ ներկայանալու մասին ծանուցմամբ, և թույլ է տալիս նրանց Պալատի կողմից սահմանված ժամանակահատվածում ներկայացնել գրավոր դիտարկումներ խնդրանքի կամ դիմումի վերաբերյալ:

4. Դատարանը նախևառաջ որոշում է կայացնում իրավազորության մասով ցանկացած վիճարկման կամ հարցի առնչությամբ, իսկ այնուհետև՝ ընդունելիության մասով ցանկացած վիճարկման կամ հարցի առնչությամբ:

 

Կանոն 59

19-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն վարույթին մասնակցելը

 

1. 19-րդ հոդվածի 3-րդ կետի նպատակներով Քարտուղարը հետևյալ անձանց ծանուցում է իրավազորության կամ ընդունելիության մասով ցանկացած հարցի կամ վիճարկման մասին, որը ծագել է 19-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հիման վրա.

ա) անձինք, որոնք իրավիճակը փոխանցել են 13-րդ հոդվածի համաձայն,

բ) տուժողներ, որոնք արդեն կապ են հաստատել Դատարանի հետ տվյալ գործի առնչությամբ, կամ նրանց օրինական ներկայացուցիչներ:

2. Քարտուղարը տեղեկությունների գաղտնիության, ցանկացած անձի պաշտպանության և ապացույցների պահպանման մասով Դատարանի պարտականություններին համապատասխանող եղանակով 1-ին ենթականոնում նշված անձանց տրամադրում է այն հիմքերի ամփոփումը, որոնցով վիճարկվում է Դատարանի իրավազորությունը կամ գործի ընդունելիությունը:

3. 1-ին ենթականոնով նախատեսված՝ տեղեկությունն ստացող անձինք կարող են գրավոր նկատառումներ ներկայացնել իրավասու Պալատ՝ դրա համար ընդունելի ժամկետներում:

 

Կանոն 60

Վիճարկումներն ստանալու իրավասություն ունեցող մարմինը

 

Եթե Դատարանի իրավազորության կամ գործի ընդունելիության մասով վիճարկումը ներկայացվում է մեղադրանքների հաստատումից հետո, սակայն մինչև Դատական պալատի կազմավորումը կամ նշանակումը, ապա այն հասցեագրվում է Նախագահությանը, որն այն ուղարկում է Դատական պալատ՝ 130-րդ կանոնին համապատասխան դրա կազմավորումից կամ նշանակումից անմիջապես հետո:

 

Կանոն 61

19-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն կիրառվող ժամանակավոր միջոցները

 

Երբ Դատախազը 19-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված հանգամանքներում դիմում է ներկայացնում իրավասու Պալատ, կիրառվում է 57-րդ կանոնը:

 

Կանոն 62

19-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն իրականացվող վարույթը

 

1. Եթե Դատախազը 19-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն ներկայացնում է դիմում, ապա նա դիմումը ներկայացում է այն Պալատ, որը կայացրել է ընդունելիության մասին վերջին որոշումը: Կիրառվում են 58-րդ, 59-րդ և 61-րդ կանոնների դրույթները:

2. Պետությունը կամ պետությունները, որոնց 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ներկայացված՝ ընդունելիության մասով վիճարկման հիման վրա կայացվել է 19-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված անընդունելիության մասին որոշում, ծանուցվում են Դատախազի դիմումի մասին, և նրանց համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նրանք կարող են նկատառումներ ներկայացնել:

 

Գլուխ 4.

Վարույթների տարբեր փուլերին վերաբերող դրույթներ

 

Բաժին I.

Ապացույցներ

 

Կանոն 63

Ապացույցներին վերաբերող ընդհանուր դրույթներ

 

1. Սույն գլխում շարադրված ապացուցման կանոնները 69-րդ հոդվածի հետ համատեղ կիրառվում են բոլոր Պալատների կողմից իրականացվող վարույթների ընթացքում:

2. Պալատը, 64-րդ հոդվածի 9-րդ կետում նշված հայեցողական լիազորություններին համապատասխան, իրավասու է անարգել կերպով գնահատել ներկայացված բոլոր ապացույցները, որպեսզի որոշի դրանց վերաբերելիությունը կամ թույլատրելիությունը՝ 69-րդ հոդվածին համապատասխան:

3. 64-րդ հոդվածի 9 (ա) ենթակետին համապատասխան Պալատը կողմերից մեկի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում թույլատրելիության մասին, երբ այն հիմնվում է 69-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված հիմքերի վրա:

4. Չսահմանափակելով 66-րդ հոդվածի 3-րդ կետի գործողությունը՝ Պալատը չի սահմանում իրավական պահանջ առ այն, որ Դատարանի իրավազորությանը ենթակա որևէ հանցագործություն, մասնավորապես՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունն ապացուցելու համար անհրաժեշտ է լրացուցիչ հաստատում:

5. Պալատները չեն կիրառում ապացուցման ընթացակարգը կարգավորող ազգային օրենքները՝ բացառությամբ 21-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

 

Կանոն 64

Ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հետ կապված ընթացակարգը

 

1. Վերաբերելիության կամ թույլատրելիության հետ կապված հարցը պետք է բարձրացվի ապացույցը Պալատ ներկայացվելու պահին: Բացառիկ հանգամանքներում, երբ այդ հարցն ապացույցի ներկայացման պահին հայտնի չի եղել, հարցը կարող է բարձրացվել անմիջապես այն բանից հետո, երբ այն հայտնի է դարձել: Պալատը կարող է պահանջել, որ այդ հարցը ներկայացվի գրավոր: Դատարանը գրավոր միջնորդությունն ուղարկում է վարույթի բոլոր մասնակիցներին, եթե Դատարանն այլ որոշում չի կայացնում:

2. Պալատը պատճառաբանում է ապացույցներին վերաբերող ցանկացած որոշում: Այդ պատճառաբանությունները գրանցվում են վարույթի արձանագրության մեջ, եթե դեռևս չեն ներառվել արձանագրության մեջ վարույթի ընթացքում՝ 64-րդ հոդվածի 10-րդ կետին և 137-րդ կանոնի 1-ին ենթականոնին համապատասխան:

3. Պալատը ոչ վերաբերելի կամ անթույլատրելի ճանաչված ապացույցները քննության չի առնում:

 

Կանոն 65

Վկաներին ցուցմունք տալուն պարտադրելը

 

1. Դատարան ներկայացող վկային Դատարանը կարող է պարտադրել ցուցմունք տալ, եթե Կանոնադրությամբ և Կանոններով, մասնավորապես՝ 73-րդ, 74-րդ և 75-րդ կանոններով այլ բան նախատեսված չէ:

2. 171-րդ կանոնը կիրառվում է Դատարան ներկայացող վկայի նկատմամբ, որին կարող են 1-ին ենթականոնի համաձայն պարտադրել ցուցմունք տալ:

 

Կանոն 66

Հանդիսավոր երդումը

 

1. Բացառությամբ 2-րդ ենթականոնով նախատեսված դեպքերի՝ յուրաքանչյուր վկա մինչև ցուցմունք տալը, 69-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, տալիս է հետևյալ երդումը.

«Ես հանդիսավոր հայտարարում եմ, որ կասեմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը և միայն ճշմարտությունը»:

2. 18 տարեկանից ցածր անձին կամ այն անձին, որի դատողությունը խաթարված է, և որը, Պալատի կարծիքով, չի ըմբռնում հանդիսավոր երդման բնույթը, կարող է թույլատրվել ցուցմունք տալ առանց այդ հանդիսավոր երդման, եթե Պալատը համարում է, որ այդ անձն ունակ է նկարագրելու իրեն հայտնի իրադարձությունները և ըմբռնում է ճշմարտությունն ասելու պարտականության նշանակությունը:

3. Մինչև ցուցմունք տալը վկային տեղեկացնում են 70-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում սահմանված հանցագործության մասին:

 

Կանոն 67

Աուդիո կամ տեսակապի տեխնիկական միջոցներով իրական ժամանակում ցուցմունք տալը

 

1. Պալատը, 69-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է վկային թույլատրել viva voce (բանավոր) ցուցմունք տալ Պալատում՝ տեսա-աուդիո տեխնիկական միջոցների օգտագործմամբ՝ պայմանով, որ այդ տեխնիկական միջոցները Դատախազին, պաշտպանության կողմին և Պալատին հնարավորություն են տալիս քննել վկային՝ այսկերպ ցուցմունք տալու պահին:

2. Այս կանոնի համաձայն վկայի քննումն իրականացվում է սույն գլխի համապատասխան կանոնների հիման վրա:

3. Պալատը Քարտուղարի աջակցությամբ ապահովում է, որ աուդիո կամ տեսակապի տեխնիկական միջոցներով ցուցմունք վերցնելու համար ընտրված վայրը բարենպաստ լինի ճշմարիտ և անկեղծ ցուցմունք տալու, ինչպես նաև վկայի անվտանգության, ֆիզիկական և հոգեկան բարեկեցության, արժանապատվության և անձնական կյանքի անձեռնմխելիության ապահովման համար:

 

Կանոն 68

Վկայի նախապես արձանագրված ցուցմունքը

 

Եթե Մինչդատական վարույթի պալատը 56-րդ հոդվածի համաձայն միջոցներ չի ձեռնարկել, ապա Դատական պալատը կարող է 69-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան թույլատրել ներկայացնել վկայի՝ տեսա-աուդիո տեխնիկական միջոցներով նախապես արձանագրված ցուցմունքը կամ այդ ցուցմունքի սղագրությունը կամ այլ փաստաթղթային ապացույցներ, պայմանով, որ՝

ա) եթե նախապես արձանագրված ցուցմունք տված վկան ներկա չէ Դատական պալատում, ապա թե՛ Դատախազը և թե՛ պաշտպանության կողմը հնարավորություն են ունեցել քննելու վկային արձանագրման ընթացքում, կամ

բ) եթե նախապես արձանագրված ցուցմունքներ տված վկան ներկա է Դատական պալատում, ապա նա չի առարկում նախապես արձանագրված ցուցմունքների ներկայացմանը, իսկ Դատախազը, պաշտպանության կողմը և Պալատը հնարավորություն ունեն քննելու վկային վարույթի ընթացքում:

 

Կանոն 69

Համաձայնություններ ապացույցների վերաբերյալ

 

Դատախազը և պաշտպանության կողմը կարող են համաձայնություն ձեռք բերել առ այն, որ մեղադրանքում բովանդակվող որևէ ենթադրյալ փաստ, փաստաթղթի բովանդակությունը, վկայի ակնկալվող ցուցմունքները կամ այլ ապացույցներ չեն վիճարկվում, և համապատասխանաբար Պալատը կարող է այդ ենթադրյալ փաստն ապացուցված համարել, եթե Պալատը չի հանգում այն կարծիքին, որ արդարադատության շահերից, մասնավորապես՝ տուժողների շահերից ելնելով՝ պահանջվում է առավել ամբողջական ներկայացնել այդ ենթադրյալ փաստերը:

 

Կանոն 70

Ապացուցման սկզբունքները՝ սեքսուալ բնույթի բռնի գործողության հետ կապված գործերով

 

Սեքսուալ բնույթի բռնի գործողության հետ կապված գործերով Դատարանը ղեկավարվում է հետևյալ սկզբունքներով և համապատասխան դեպքերում կիրառում դրանք.

ա) համաձայնության վերաբերյալ եզրահանգում չի կարող արվել՝ հիմք ընդունելով տուժողի որևէ խոսք կամ վարքագիծ, եթե ուժը, ուժ կիրառելու սպառնալիքը, հարկադրանքը կամ հարկադրական հանգամանքների օգտագործումը խաթարել են տուժողի՝ կամովին և իրական համաձայնություն տալու ունակությունը,

բ) համաձայնության վերաբերյալ եզրահանգում չի կարող արվել՝ հիմք ընդունելով տուժողի որևէ խոսք կամ վարքագիծ, եթե նա անկարող է տալ իրական համաձայնություն,

գ) համաձայնության վերաբերյալ եզրահանգում չի կարող արվել՝ հիմք ընդունելով ենթադրյալ սեքսուալ բնույթի բռնի գործողության նկատմամբ տուժողի լռությունը կամ նրա կողմից դիմադրության բացակայությունը,

դ) տուժողի կամ վկայի վստահելիության, խառնվածքի կամ սեռական կապերի նկատմամբ նրա հակման վերաբերյալ եզրահանգում չի կարող արվել՝ հիմք ընդունելով տուժողի կամ վկայի նախորդ կամ հետագա վարքագծի սեքսուալ բնույթը:

 

Կանոն 71

Սեքսուալ բնույթի այլ վարքագծի վերաբերող ապացույցներ

 

Դատարանի իրավազորությանը պատկանող հանցագործությունների սահմանման և բնույթի լույսի ներքո և հաշվի առնելով 69-րդ հոդվածի 4-րդ կետը՝ Պալատը չի ընդունում տուժողի կամ վկայի նախորդ կամ հետագա սեքսուալ վարքագծին վերաբերող ապացույց:

 

Կանոն 72

Ապացույցների վերաբերելիության կամ թույլատրելիության քննության in camera (դռնփակ) ընթացակարգը

 

1. Այն դեպքում, երբ առկա է այնպիսի ապացույց ներկայացնելու կամ ստանալու մտադրություն, այդ թվում՝ տուժողին կամ վկային հարցաքննելու միջոցով, որով հաստատվում է տուժողի՝ սեքսուալ բնույթի բռնի գործողության ենթադրյալ հանցագործությանը համաձայնությունը, կամ հաստատվում է տուժողի կամ վկայի՝ 70-րդ կանոնի «ա»-«դ» սկզբունքներում նշված այն խոսքերը, վարքագիծը, լռությունը կամ դիմադրության բացակայությունը, որոնցով դրսևորվել է այդ համաձայնությունը, Դատարան ներկայացվում է ծանուցում, որում շարադրվում են ներկայացման կամ ստացման ենթակա ապացույցների էությունը և գործով քննվող հարցերին այդ ապացույցների վերաբերելիությունը:

2. 1-ին ենթականոնում նշված ապացույցների վերաբերելիության կամ թույլատրելիության հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս Պալատը in camera լսում է Դատախազի, պաշտպանության կողմի, վկայի և տուժողի կամ առկայության դեպքում՝ վերջինիս օրինական ներկայացուցչի կարծիքները և 69-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան նկատի է առնում, թե ունեն արդյոք այդ ապացույցները բավարար ապացուցողական ուժ գործին վերաբերող հարցի նկատմամբ, և այն վնասը, որը կարող են պատճառել այդ ապացույցները: Այդ նպատակով Պալատը հաշվի է առնում 21-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև 67-րդ և 68-րդ հոդվածները և ղեկավարվում է 70-րդ կանոնի «ա»-«դ» սկզբունքներով՝ հատկապես տուժողի ենթադրյալ հարցաքննության առնչությամբ:

3. Եթե Պալատը որոշում է, որ 2-րդ ենթականոնում նշված ապացույցները թույլատրելի են վարույթի համար, ապա Պալատն արձանագրության մեջ նշում է այն կոնկրետ նպատակը, որի համար այդ ապացույցները թույլատրելի են: Վարույթի ընթացքում ապացույցները գնահատելիս Պալատը կիրառում է 70-րդ կանոնի «ա»-«դ» սկզբունքները:

 

Կանոն 73

Արտոնյալ հաղորդակցությունը և տեղեկատվությունը

 

Չսահմանափակելով 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի գործողությունը՝ անձի և նրա պաշտպանի միջև մասնագիտական հարաբերությունների շրջանակներում հաղորդակցությունը համարվում է արտոնյալ և հետևաբար ենթակա չէ հրապարակման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ՝

ա) անձը տալիս է գրավոր համաձայնություն այդպիսի հրապարակմանը, կամ

բ) անձը հաղորդակցության բովանդակությունը կամովին հրապարակում է երրորդ կողմի համար, իսկ այդ երրորդ կողմն այնուհետև ներկայացնում է այդ հրապարակման ապացույցները:

2. 63-րդ կանոնի 5-րդ ենթականոնը հաշվի առնելով՝ մասնագիտական կամ գաղտնի բնույթ ունեցող այլ հարաբերությունների կատեգորիայի շրջանակներում հաղորդակցությունը համարվում է արտոնյալ և հետևաբար ենթակա չէ հրապարակման այն նույն պայմաններով, որոնք շարադրված են 1-ին կետի «ա» և «բ» ենթականոններում, եթե Պալատն այդ կատեգորիայի վերաբերյալ որոշում է, որ՝

ա) հարաբերությունների այդ կատեգորիայի շրջանակներում հաղորդակցությունը տեղի է ունենում գաղտնի բնույթ ունեցող հարաբերությունների շրջանակներում, ինչը ողջամիտ հիմքեր է տալիս ակնկալելու, որ դրանք կպահվեն գաղտնի, և դրանց բովանդակությունը չի հրապարակվի,

բ) գաղտնիությունը տվյալ անձի և վստահորդի միջև հարաբերությունների բովանդակության և տեսակի որոշիչ տարրն է, և

գ) արտոնության ճանաչումը կնպաստի Կանոնադրության և Կանոնների նպատակների իրագործմանը:

3. 2-րդ ենթականոնի համաձայն որոշում ընդունելիս Դատարանը հատուկ ուշադրություն է դարձնում այն հաղորդակցությունն արտոնյալ ճանաչելուն, որը տեղի է ունենում անձի և նրա բժշկի, հոգեբույժի, հոգեբանի կամ պաշտպանի միջև մասնագիտական հարաբերությունների շրջանակներում, հատկապես այն հարաբերությունների շրջանակներում, որոնք վերաբերում են կամ առնչվում են տուժողներին, կամ անձի և հոգևորականության ներկայացուցչի միջև. այդ վերջին դեպքում Դատարանն արտոնյալ է ճանաչում այն հաղորդակցությունը, որը տեղի է ունեցել հոգևոր խոստովանության շրջանակներում, երբ դա այդ կրոնի դավանման բաղկացուցիչ մասն է:

4. Դատարանն արտոնյալ և հետևաբար հրապարակման ոչ ենթակա է համարում, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկա կամ նախկին պաշտոնատար անձի կամ աշխատակցի կողմից ցուցմունք տալու միջոցով ստացված ցանկացած տեղեկություն, փաստաթուղթ կամ այլ ապացույց, որն իր տրամադրության տակ է հայտնվել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման կանոնադրությունների համաձայն ԿԽՄԿ-ի կողմից իր գործառույթները կատարելու ընթացքում կամ արդյունքում՝ բացի այն դեպքերից, երբ՝

ա) 6-րդ ենթականոնին համապատասխան իրականացված խորհրդակցություններից հետո ԿԽՄԿ-ն գրավոր չի առարկում այդ հրապարակմանը, կամ որևէ այլ ձևով հրաժարվել է այդ արտոնությունից, կամ

բ) այդ տեղեկությունը, փաստաթղթերը կամ այլ ապացույցներ առկա են ԿԽՄԿ-ի հրապարակային հայտարարություններում և փաստաթղթերում:

5. 4-րդ ենթականոնում ոչինչ չի ազդում այն նույն ապացույցի թույլատրելիության վրա, որը ստացվել է ԿԽՄԿ-ից և դրա պաշտոնատար անձանցից կամ աշխատողներից բացի այլ աղբյուրից, եթե այդ ապացույցն այդ աղբյուրն ստացել է ԿԽՄԿ-ից և դրա պաշտոնատար անձանցից կամ աշխատողներից անկախ:

6. Եթե Դատարանը որոշում է, որ ԿԽՄԿ-ի տեղեկությունը, փաստաթղթերը կամ այլ ապացույցներ մեծ նշանակություն ունեն կոնկրետ գործի համար, ապա Դատարանի և ԿԽՄԿ-ի միջև անցկացվում են խորհրդակցություններ, որ փորձեն այդ հարցը լուծել համատեղ ջանքերով՝ հաշվի առնելով գործի հանգամանքները, պահանջվող ապացույցի վերաբերելիությունը, այդ ապացույցը ԿԽՄԿ-ից բացի այլ աղբյուրից ստանալու հնարավորությունը, արդարադատության և տուժողների շահերը, ինչպես նաև Դատարանի և ԿԽՄԿ-ի կողմից իրենց գործառույթների կատարումը:

 

Կանոն 74

Վկայի կողմից իր դեմ ցուցմունք տալը

 

1. Եթե վկան 190-րդ կանոնին համապատասխան չի ծանուցվել, ապա Պալատը մինչև վկայի կողմից ցուցմունք տալը ծանուցում է նրան այդ կանոնի դրույթների մասին:

2. Եթե Դատարանը որոշում է, որ կոնկրետ վկային պետք է տրամադրել երաշխիքներ ինքն իր դեմ ցուցմունք տալու վերաբերյալ, ապա այն 3-րդ ենթականոնի «գ» կետին համապատասխան տրամադրում է երաշխիքներ մինչև վկայի ներկայանալը՝ ուղղակիորեն կամ ի կատարումն 93-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետում սահմանված պահանջի:

3. ա) Վկան կարող է հրաժարվել որևէ հայտարարություն անելուց, որով նա կարող է մեղավոր ճանաչվել:

բ) Եթե վկան ներկայանում է 2-րդ ենթականոնին համապատասխան երաշխիքներ ստանալուց հետո, ապա Դատարանը կարող է նրանից պահանջել պատասխանել հարցին կամ հարցերին:

գ) Այլ վկաների դեպքում Դատարանը կարող է պահանջել, որ վկան պատասխանի հարցին կամ հարցերին՝ նրան հավաստիացնելով, որ հարցերին ի պատասխան տրված ցուցմունքները՝

i) կպահվեն գաղտնի և չեն հրապարակվի հանրության կամ որևէ պետության համար, և

ii) ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն օգտագործվի տվյալ անձի դեմ՝ Դատարանի կողմից ցանկացած հետագա քրեական հետապնդման շրջանակներում՝ բացառությամբ 70-րդ և 71-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի:

4. Մինչև այդպիսի երաշխիքներ տրամադրելը Պալատը դիմում է Դատախազին՝ կարծիք հայտնելու խնդրանքով՝ ex parte (առանց հակառակ կողմի մասնակցության ) որոշելու համար, թե արդյոք այդ կոնկրետ վկային պետք է տրամադրել երաշխիքներ:

5. Որոշելու համար, թե արդյոք պետք է վկայից պահանջել, որ նա պատասխանի, Պալատը հաշվի է առնում՝

ա) ակնկալվող ցուցմունքների կարևորությունը,

բ) արդյոք վկան կտրամադրի եզակի նշանակություն ունեցող ցուցմունքներ,

գ) հնարավոր մեղադրանքի բնույթը, եթե այն հայտնի է, և

դ) կոնկրետ հանգամանքներում վկայի համար նախատեսված պաշտպանական միջոցների բավարար լինելը:

6. Եթե Պալատը որոշում է, որ տվյալ վկային երաշխիքներ տրամադրելը նպատակահարմար չէ, ապա նա այդ վկայից չի պահանջում պատասխանել հարցին: Եթե Պալատը որոշում է չպահանջել, որ վկան պատասխանի հարցին, ապա նա կարող է, այդուհանդերձ, այլ հարցերով շարունակել վկայի հարցաքննությունը:

7. Երաշխիքներն ապահովելու համար, Պալատը՝

ա) կարգադրում է, որ վկան ցուցմունք տա դռնփակ դատական նիստի շրջանակներում,

բ) կարգադրում է, որ որևէ կերպ չհրապարակվի վկայի անձը և ստացված ցուցմունքների բովանդակությունը, և սահմանում է, որ ցանկացած այդպիսի կարգադրության խախտման նկատմամբ 71-րդ հոդվածի համաձայն կկիրառվի պատասխանատվության միջոց,

գ) առանձնահատուկ ձևով տեղեկացնում է Դատախազին, մեղադրյալին, պաշտպանին, տուժողի օրինական ներկայացուցչին և Դատարանի՝ ներկա գտնվող ցանկացած աշխատակցի՝ «բ» ենթակետում սահմանված կարգադրության խախտման հետևանքների մասին,

դ) կարգադրում է կնքել վարույթի բոլոր արձանագրությունները, և

ե) օգտագործում է պաշտպանական միջոցներ Դատարանի ցանկացած որոշման առնչությամբ՝ ապահովելու համար, որ վկայի անձը և ստացված ցուցմունքների բովանդակությունը չբացահայտվեն:

8. Եթե Դատախազին հայտնի է, որ որևէ վկայի կողմից տրված ցուցմունքի հետևանքով կարող են հարցեր առաջանալ ինքն իր դեմ ցուցմունք տալու վերաբերյալ, ապա նա դիմում է դռնփակ դատական նիստ անցկացնելու խնդրանքով և այդպիսի առաջարկություն է ներկայացնում Պալատ՝ մինչև վկայի կողմից ցուցմունք տալը: Պալատը կարող է 7-րդ ենթականոնով նախատեսված միջոցները կիրառել այդ վկայի բոլոր ցուցմունքների կամ դրանց մի մասի նկատմամբ:

9. Մեղադրյալը, պաշտպանը կամ վկան Դատախազին կամ Պալատին կարող են հայտնել այն մասին, որ վկայի ցուցմունքների հետևանքով կարող են առաջանալ ինքն իր դեմ ցուցմունք տալու վերաբերյալ հարցեր՝ մինչև վկայի կողմից ցուցմունք տալը, և Պալատը կարող է ձեռնարկել 7-րդ ենթականոնով նախատեսված միջոցները:

10. Վարույթի ընթացքում ինքն իր դեմ ցուցմունք տալու վերաբերյալ հարց առաջանալու դեպքում Պալատը կասեցնում է ցուցմունք տալու գործընթացը և վկային ընձեռում է իրավաբանական խորհրդատվություն ստանալու հնարավորություն, եթե վկան այդպիսի խնդրանք է ներկայացնում կանոնի կիրառման նպատակով:

 

Կանոն 75

Ընտանիքի անդամների կողմից մեղադրումը

 

1. Պալատը չի կարող պահանջել, որ Դատարան ներկայացած վկան, որը մեղադրյալի ամուսինն է, զավակը կամ ծնողը, անի որևէ հայտարարություն, որով այդ մեղադրյալը կարող է մեղավոր ճանաչվել: Սակայն վկան կարող է ցանկանալ այդպիսի հայտարարություն անել:

2. Գնահատելով վկայի ցուցմունքները՝ Պալատը կարող է հաշվի առնել այն փաստը, որ 1-ին ենթականոնում նշված վկան հրաժարվել է պատասխանել այն հարցին, որը նախատեսված էր այդ վկայի նախորդ հայտարարությունը հերքելու համար, կամ որ վկան հարցերին պատասխանելիս ցուցաբերել է ընտրողական մոտեցում:

 

Բաժին II.

Տեղեկությունների հրապարակումը

 

Կանոն 76

Մինչդատական վարույթի փուլում մեղադրող կողմի վկաների մասին տեղեկությունների հրապարակումը

 

1. Դատախազը պաշտպանության կողմին տրամադրում է այն վկաների անունները, որոնց նա մտադիր է հրավիրել ցուցմունք տալու նպատակով, ինչպես նաև այդ վկաների նախնական հայտարարությունների պատճենները: Դա արվում է բավականաչափ նախապես, որպեսզի պաշտպանության կողմը կարողանա պատշաճ կերպով նախապատրաստվել:

2. Դատախազը հետագայում պաշտպանության կողմին հայտնում է մեղադրող կողմի ցանկացած լրացուցիչ վկայի անունը և տրամադրում է նրա հայտարարության պատճենը, երբ ընդունվում է այդ վկաներին հրավիրելու որոշում:

3. Մեղադրող կողմի վկաների հայտարարությունները տրամադրվում են բնագրով և այն լեզվով, որը մեղադրյալին ամբողջությամբ հասկանալի է, և որով նա հաղորդակցվում է:

4. Սույն կանոնով ապահովվում են տուժողների և վկաների պաշտպանությունը և անձնական կյանքի անձեռնմխելիությունը և Կանոնադրությամբ ու 81-րդ և 82-րդ կանոններով նախատեսված գաղտնի տեղեկությունների պաշտպանությունը:

 

Կանոն 77

Դատախազի տրամադրության կամ վերահսկողության ներքո գտնվող նյութերին ծանոթացումը

 

Դատախազը Կանոնադրությամբ ու 81-րդ և 82-րդ կանոններով նախատեսված տեղեկությունների հրապարակման սահմանափակումների պահպանման պայմանով պաշտպանության կողմին թույլատրում է ծանոթանալ Դատախազի տրամադրության կամ վերահսկողության ներքո գտնվող ցանկացած գրանցամատյանի, փաստաթղթի, լուսանկարի և այլ նյութական առարկաների, որոնք էական նշանակություն ունեն պաշտպանության նախապատրաստման համար, կամ նախատեսված են Դատախազի կողմից համապատասխանաբար մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսման ժամանակ կամ դատաքննության ընթացքում որպես ապացույց օգտագործվելու համար, կամ ստացվել են անձից կամ պատկանում են նրան:

 

Կանոն 78

Պաշտպանության կողմի տրամադրության կամ վերահսկողության ներքո գտնվող նյութերին ծանոթացումը

 

Պաշտպանության կողմը Դատախազին թույլատրում է ծանոթանալ իր տրամադրության կամ վերահսկողության ներքո գտնվող ցանկացած գրանցամատյանի, փաստաթղթի, լուսանկարի և այլ նյութական առարկաների, որոնք նախատեսված են պաշտպանության կողմի կողմից մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումների ժամանակ կամ դատաքննության ընթացքում որպես ապացույց օգտագործվելու համար:

 

Կանոն 79

Պաշտպանության կողմի կողմից տեղեկությունների հրապարակումը

 

1. Պաշտպանության կողմը ծանուցում է Դատախազին իր հետևյալ մտադրության մասին.

ա) ներկայացնել առկա ալիբին, որի դեպքում ծանուցման մեջ նշվում են այն վայրը կամ վայրերը, որտեղ մեղադրյալը, իր պնդմամբ, գտնվել է ենթադրյալ հանցագործության կատարման պահին, վկաների անունները, ինչպես նաև ցանկացած այլ ապացույց, որը մեղադրյալը մտադիր է օգտագործել ալիբին հաստատելու համար, կամ

բ) ներկայացնել 31-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք, որի դեպքում ծանուցման մեջ նշվում են վկաների անունները և ցանկացած այլ ապացույց, որը մեղադրյալը մտադիր է օգտագործել այդ հիմքի հաստատման համար:

2. Պատշաճ ձևով հաշվի առնելով այլ կանոններով սահմանված ժամկետները՝ 1-ին ենթականոնով նախատեսված ծանուցումը կատարվում է բավականաչափ նախապես, որ Դատախազը հնարավորություն ունենա պատշաճ կերպով նախապատրաստվել և առարկություններ ներկայացնել: Այդ հարցը քննող Պալատը կարող է Դատախազին հավելյալ ժամանակ տրամադրել, որ նա կարողանա դիտարկել պաշտպանության կողմի բարձրացրած հարցը:

3. Պաշտպանության կողմի կողմից այդ կանոնին համապատասխան ծանուցում չտրամադրելը չի սահմանափակում նրա՝ 1-ին ենթականոնում նշված հարցերը բարձրացնելու և ապացույցներ ներկայացնելու իրավունքը:

4. Այդ կանոնով չի արգելվում, որ Պալատն արձակի ցանկացած այլ ապացույց հրապարակելու վերաբերյալ կարգադրություն:

 

Կանոն 80

31-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերն օգտագործելու ընթացակարգերը

 

1. Պաշտպանության կողմը Դատական պալատին և Դատախազին ծանուցում է, եթե մտադիր է օգտագործել 31-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքը: Դա արվում է բավականաչափ նախապես՝ մինչև դատաքննությունը սկսվելը, որ Դատախազը կարողանա պատշաճ կերպով նախապատրաստվել դրան:

2. 1-ին ենթականոնի համաձայն ծանուցումից հետո Դատական պալատը լսում է Դատախազին և պաշտպանության կողմին մինչև որոշում ընդունելն այն մասին, թե կարող է արդյոք պաշտպանության կողմն օգտագործել քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքը:

3. Եթե պաշտպանության կողմին թույլատրվում է վկայակոչել այդ հիմքը, ապա Դատական պալատը կարող է Դատախազին հավելյալ ժամանակ տրամադրել այդ հիմքի հետ կապված փաստարկներ նախապատրաստելու համար:

 

Կանոն 81

Հրապարակման սահմանափակումները

 

1. Կողմերից մեկի, նրա օգնականների կամ ներկայացուցիչների պատրաստած զեկույցները, հուշագրերը և այլ ներքին փաստաթղթեր՝ կապված գործի քննության կամ նախապատրաստման հետ, ենթակա չեն հրապարակման:

2. Եթե Կանոնադրությանը համապատասխան հրապարակման ենթակա նյութը կամ տեղեկությունը գտնվում է Դատախազի տրամադրության կամ վերահսկողության ներքո, սակայն դրա հրապարակումը կարող է վնաս հասցնել հետագա կամ ընթացիկ քննությանը, ապա Դատախազը կարող է դիմել այդ հարցը քննող Պալատին, որ նա որոշում կայացնի այն մասին, թե արդյոք պետք է այդ նյութը կամ տեղեկությունը հրապարակվի պաշտպանության կողմի համար: Պալատը հարցի շուրջ լսում անցկացնում է ex parte: Սակայն Դատախազը չի կարող այդ նյութը կամ տեղեկությունը ներկայացնել որպես ապացույց մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսման ժամանակ կամ դատաքննության ընթացքում՝ առանց մեղադրյալի համար նախապես պատշաճ ձևով այն հրապարակելու:

3. Եթե ձեռնարկվել են միջոցներ՝ 54-րդ, 57-րդ, 64-րդ, 72-րդ և 93-րդ հոդվածներին համապատասխան տեղեկության գաղտնիությունը պահպանելու համար, և 68-րդ հոդվածին համապատասխան՝ վկաների, տուժողների և նրանց ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու համար, ապա այդ տեղեկությունը չի հրապարակվում՝ բացառությամբ այդ հոդվածներով նախատեսված դեպքերի: Այն դեպքում, երբ այդ տեղեկության հրապարակմամբ կարող է ի հայտ գալ վկայի անվտանգության համար սպառնալիք, Դատարանը նախապես միջոցներ է ձեռնարկում վկային տեղեկացնելու համար:

4. Այդ հարցը քննող Պալատն իր նախաձեռնությամբ կամ Դատախազի, մեղադրյալի կամ ցանկացած պետության դիմումով անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում 54-րդ, 72-րդ և 93-րդ հոդվածներին համապատասխան տեղեկության գաղտնիությունն ապահովելու համար և 68-րդ հոդվածին համապատասխան վկաների, տուժողների և նրանց ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում՝ թույլատրելով մինչև դատաքննության մեկնարկը նրանց ինքնության չհրապարակումը:

5. Եթե 68-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան չհրապարակված նյութը կամ տեղեկությունը գտնվում է Դատախազի տրամադրության կամ վերահսկողության ներքո, ապա այդ նյութը կամ տեղեկությունը չի կարող հետագայում ներկայացվել որպես ապացույց մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսման ժամանակ կամ դատաքննության ընթացքում՝ առանց մեղադրյալի համար նախապես պատշաճ ձևով այն հրապարակելու:

6. Եթե հրապարակման ենթակա նյութը կամ տեղեկությունը գտնվում է պաշտպանության կողմի տրամադրության կամ վերահսկողության ներքո, ապա դրանք կարող են չհրապարակվել Դատախազին 68-րդ հոդվածի 5-րդ կետը հիմք ընդունելու հնարավորություն ընձեռող հանգամանքներին համանման հանգամանքներում, և փոխարենը կարող է ներկայացվել դրանց ամփոփ շարադրանքը: Այդ նյութը կամ տեղեկությունը չի կարող հետագայում ներկայացվել որպես ապացույց մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսման ժամանակ կամ դատաքննության ընթացքում՝ առանց Դատախազի համար նախապես պատշաճ ձևով այն հրապարակելու:

 

Կանոն 82

54-րդ հոդվածի 3 կետի «ե» ենթակետի համաձայն պահպանվող նյութի և տեղեկության հրապարակման սահմանափակումները

 

1. Եթե 54-րդ հոդվածի 3 կետի «ե» ենթակետի համաձայն պահպանվող նյութը կամ տեղեկությունը գտնվում է Դատախազի տրամադրության կամ վերահսկողության ներքո, ապա Դատախազը չի կարող հետագայում այդ նյութը կամ տեղեկությունն օգտագործել առանց այդ նյութը կամ տեղեկությունը տրամադրած անձի նախնական համաձայնության և մեղադրյալի համար նախապես պատշաճ ձևով այն հրապարակելու:

2. Եթե Դատախազը որպես ապացույց ներկայացնում է 54-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետի համաձայն պահպանվող նյութ կամ տեղեկություն, ապա Պալատը չի կարող պահանջել ներկայացնել սկզբնական նյութը կամ տեղեկատվությունը տրամադրած անձից ստացված լրացուցիչ ապացույցներ կամ այդպիսի լրացուցիչ ապացույցներ ստանալու նպատակով հրավիրել այդ անձին կամ նրա ներկայացուցչին որպես վկա կամ էլ պահանջել նրանց ներկայությունը:

3. Եթե Դատախազը հրավիրում է որևէ վկայի՝ որպես ապացույց ներկայացնելու 54-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետի համաձայն պահպանված որևէ նյութ կամ տեղեկություն, ապա Պալատը չի կարող վկային հարկադրել պատասխանելու այդ նյութին կամ տեղեկությանը կամ դրա ծագմանը վերաբերող որևէ հարցի, եթե վկան գաղտնիության նկատառումներով չի ցանկանում պատասխանել:

4. Մեղադրյալի՝ 54-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետի համաձայն պահպանված ապացույցները վիճարկելու իրավունքը մնում է անփոփոխ՝ միայն հաշվի առնելով 2-րդ և 3-րդ ենթականոններում բովանդակվող սահմանափակումները:

5. Հարցը քննող Պալատը կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ կարգադրել, որ արդարադատության շահերից ելնելով՝ մեղադրյալի տրամադրության ներքո գտնվող նյութի կամ տեղեկության վրա, որոնք մեղադրյալին տրամադրվել են 54-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետում սահմանված պայմաններին նույնական պայմաններով, և որոնք պետք է ներկայացվեն որպես ապացույցներ, տարածվում է, mutatis mutandis, 1-ին, 2-րդ և 3-րդ ենթականոնների գործողությունը:

 

Կանոն 83

67-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն անմեղության ապացույցների վերաբերյալ որոշումը

 

Դատախազը կարող է խնդրել, որ հնարավորինս սեղմ ժամկետում հարցը քննող Պալատում անցկացվի ex parte լսում` 67-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն որոշում կայացնելու նպատակով:

 

Կանոն 84

Դատաքննության նպատակների համար տեղեկության հրապարակումը և լրացուցիչ ապացույցները

 

Կողմերի համար դատաքննությանը նախապատրաստվելու հնարավորություն ընձեռելու և արդար ու առանց ձգձգումների վարույթների իրականացումն ապահովելու նպատակով Դատական պալատը 64-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետին և 6-րդ կետի «դ» ենթակետին և 67-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան և 68-րդ հոդվածի 5-րդ կետի պահպանմամբ արձակում է անհրաժեշտ կարգադրություններ նախկինում չհրապարակված փաստաթղթերը կամ տեղեկությունները հրապարակելու և լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու առնչությամբ: Ձգձգումներից խուսափելու և սահմանված ժամկետում դատաքննությունն սկսելու համար ցանկացած այդպիսի կարգադրությամբ սահմանվում են հստակ ժամկետներ, որոնց պահպանումը վերահսկում է Դատական պալատը:

 

Բաժին III.

Տուժողները և վկաները

 

Ենթաբաժին 1.

Տուժողների սահմանումը և նրանց վերաբերող ընդհանուր սկզբունքը

 

Կանոն 85

Տուժողների սահմանումը

 

Կանոնադրության և Ընթացակարգի և ապացուցման կանոնների նպատակներով՝

ա) «տուժողներ» նշանակում է այն ֆիզիկական անձինք, որոնց վնաս է պատճառվել Դատարանի իրավազորությանը պատկանող որևէ հանցագործության կատարման հետևանքով,

բ) տուժողներ կարող են լինել այն կազմակերպությունները կամ հաստատությունները, որոնց՝ կրոնական, կրթական, գեղարվեստական կամ գիտական կամ բարեգործական նպատակների համար նախատեսված որևէ գույքին կամ պատմական հուշարձաններին, հիվանդանոցներին և մարդասիրական նշանակության այլ վայրերի և օբյեկտների անմիջական վնաս է պատճառվել:

 

Կանոն 86

Ընդհանուր սկզբունքը

 

Պալատը որևէ ցուցում անելիս կամ ցանկացած կարգադրություն արձակելիս և Դատարանի մյուս մարմինները Կանոնադրության կամ Կանոնների համաձայն իրենց գործառույթները կատարելիս հաշվի են առնում բոլոր տուժողների և վկաների կարիքները՝ 68-րդ հոդվածին համապատասխան, մասնավորապես՝ երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և սեքսուալ բնույթի կամ գենդերային հիմքով բռնության զոհերի կարիքները:

 

Ենթաբաժին 2.

Տուժողների և վկաների պաշտպանությունը

 

Կանոն 87

Պաշտպանական միջոցները

 

1. Դատախազի կամ պաշտպանության կողմի միջնորդությամբ, կամ վկայի կամ տուժողի կամ առկայության դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի դիմումով, կամ իր նախաձեռնությամբ և անհրաժեշտության դեպքում՝ Տուժողների ու վկաների հարցերով բաժնի հետ խորհրդակցելուց հետո Պալատը, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, կարող է կարգադրել տուժողի, վկայի կամ այլ անձի պաշտպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկել, որոնց վտանգ է սպառնում վկայի կողմից տրված ցուցմունքների հետևանքով: Մինչև պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ կարգադրություն արձակելը Պալատը հնարավորության դեպքում ձեռք է բերում այն անձի համաձայնությունը, որի համար նախատեսվում է ձեռնարկել պաշտպանական միջոցներ:

2. 1-ին ենթականոնով նախատեսված միջնորդությունը կամ դիմումը կարգավորվում է 134-րդ կանոնով՝ պայմանով, որ՝

ա) այդպիսի միջնորդությունը կամ դիմումը չի ներկայացվում ex parte,

բ) վկայի կամ տուժողի կամ առկայության դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի դիմումը հանձնվում է թե՛ Դատախազին և թե՛ պաշտպանության կողմին, և նրանցից յուրաքանչյուրն ունի պատասխանելու հնարավորություն,

գ) կոնկրետ վկային կամ կոնկրետ տուժողին առնչվող միջնորդությունը կամ դիմումը հանձնվում է այդ վկային կամ տուժողին կամ առկայության դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչին, այդ թվում՝ մյուս կողմին, որոնցից յուրաքանչյուրն ունի պատասխանելու հնարավորություն,

դ) եթե Պալատը գործում է իր նախաձեռնությամբ, ապա ծանուցում է ուղարկվում և պատասխանելու հնարավորություն է տրվում Դատախազին և պաշտպանության կողմին, ինչպես նաև ցանկացած վկայի կամ տուժողի կամ առկայության դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչին, որոնց կառնչվի այդ պաշտպանական միջոցը, և

ե) միջնորդությունը կամ դիմումը կարող են ներկայացվել կնքված ձևով, և այդպես ներկայացվելու դեպքում դրանք մնում են կնքված այնքան ժամանակ, քանի դեռ Պալատն այլ կարգադրություն չի արձակել: Կնքված միջնորդությունների կամ դիմումների պատասխանները ևս ներկայացվում են կնքված ձևով:

3. Պալատը կարող է 1-ին ենթականոնում նշված միջնորդության կամ դիմումի վերաբերյալ լսում անցկացնել, որն իրականացվում է in camera, որոշելու համար, թե արդյոք արձակել կարգադրություն այն տուժողի, վկայի կամ այլ անձանց, որոնց վտանգ է սպառնում վկայի կողմից տրված ցուցմունքների հետևանքով, ինքնությունը կամ գտնվելու վայրը հանրությանը կամ մամլո կամ տեղեկատվական գործակալություններին հայտնելը թույլ չտալու նպատակով միջոցներ ձեռնարկելու մասին՝ կարգադրելով, inter alia, որ՝

ա) Պալատի հրապարակային արձանագրություններից հանվի տուժողի, վկայի կամ այլ անձի անունը, որին վտանգ է սպառնում վկայի կողմից տրված ցուցմունքների հետևանքով, կամ ցանկացած տեղեկություն, որը կարող է հանգեցնել նրա ինքնության բացահայտմանը,

բ) արգելվի Դատախազին, պաշտպանության կողմին և վարույթի ցանկացած այլ մասնակցի հրապարակել այդ տեղեկությունը երրորդ կողմի համար,

գ) ներկայացվեն ցուցմունքներ էլեկտրոնային կամ այլ հատուկ միջոցների օգտագործմամբ, այդ թվում՝ այնպիսի տեխնիկական միջոցների օգտագործմամբ, որոնք թույլ են տալիս փոխել պատկերը կամ ձայնը, տեսալսողական տեխնիկական միջոցների օգտագործմամբ, մասնավորապես՝ տեսակոնֆերանսային և տեսահսկման համակարգերի օգտագործմամբ, ինչպես նաև ձայնային միջոցների բացառիկ օգտագործմամբ,

դ) տուժողի, վկայի կամ այլ անձի համար, որին վտանգ է սպառնում վկայի կողմից տրված ցուցմունքների հետևանքով, օգտագործվի կեղծանուն, կամ

ե) Պալատն իր վարույթների մի մասն անցկացնի in camera:

 

Կանոն 88

Հատուկ միջոցները

 

1. Պալատը Դատախազի կամ պաշտպանության կողմի միջնորդությամբ, կամ վկայի կամ տուժողի, կամ առկայության դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի դիմումով, կամ իր նախաձեռնությամբ և անհրաժեշտության դեպքում՝ Տուժողների և վկաների հարցերով բաժնի հետ խորհրդակցելուց հետո կարող է, հաշվի առնելով տուժողի կամ վկայի կարծիքը, կարգադրել 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան հատուկ միջոցներ ձեռնարկել, ներառյալ, ի թիվս այլնի, միջոցներ՝ ուղղված տրավմայի ենթարկված տուժողի կամ վկայի, երեխայի, տարեց անձի կամ սեքսուալ բնույթի բռնի գործողության զոհի կողմից ցուցմունք տալը դյուրացնելուն: Մինչև հատուկ միջոցներ ձեռնարկելու մասին կարգադրություն արձակելը Պալատը հնարավորության դեպքում ձեռք է բերում այն անձի համաձայնությունը, որի համար նախատեսվում է ձեռնարկել հատուկ միջոցը:

2. Պալատը կարող է 1-ին ենթականոնում նշված միջնորդության կամ դիմումի վերաբերյալ լսում անցկացնել ըստ անհրաժեշտության՝ in camera կամ ex parte՝ որոշելու համար, թե արդյոք արձակել այդպիսի հատուկ միջոց ձեռնարկելու մասին կարգադրություն, ներառյալ, ի թիվս այլնի, կարգադրություն առ այն, որ պաշտպանին, օրինական ներկայացուցչին, հոգեբանին կամ ընտանիքի անդամին թույլատրվի ներկա գտնվել տուժողի կամ վկայի կողմից ցուցմունք տալու ընթացքում:

3. Սույն կանոնի համաձայն ներկայացված inter partes (երկկողմ) միջնորդությունների կամ դիմումների նկատմամբ 87-րդ կանոնի 2-րդ ենթականոնի «բ»-«դ» կետերի դրույթները կիրառվում են mutatis mutandis:

4. Սույն կանոնի համաձայն ներկայացված միջնորդությունը կամ դիմումը կարող է ներկայացվել կնքված ձևով, և այդպես ներկայացվելու դեպքում դրանք մնում են կնքված այնքան ժամանակ, քանի դեռ Պալատն այլ կարգադրություն չի արձակել: Կնքված ձևով ներկայացված inter partes միջնորդությունների կամ դիմումների պատասխանները ևս ներկայացվում են կնքված ձևով:

5. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուժողի կամ վկայի անձնական կյանքի իրավունքի խախտումները կարող են ռիսկ ստեղծել նրա անվտանգության համար, Պալատը խստորեն վերահսկում է, թե ինչպես է հարցաքննվում վկան կամ տուժողը՝ ճնշումներից կամ ահաբեկումից խուսափելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով սեքսուալ բնույթի բռնի գործողության հանցագործությունների հետևանքով տուժողներին ուղղված կշտամբանքներին:

 

Ենթաբաժին 3.

Տուժողների մասնակցությունը վարույթներին

 

Կանոն 89

Վարույթին տուժողի մասնակցության վերաբերյալ դիմումը

 

1. Իրենց կարծիքները և դիտարկումները ներկայացնելու նպատակով տուժողները գրավոր դիմում են ներկայացնում Քարտուղարին, որն այն փոխանցում է համապատասխան Պալատին: Քարտուղարը, հաշվի առնելով Կանոնադրության դրույթները, մասնավորապես՝ 68-րդ հոդվածի 1-ին կետը, դիմումի պատճենը ներկայացնում է Դատախազին և պաշտպանության կողմին, որոնք իրավունք ունեն պատասխան ներկայացնելու Պալատի կողմից սահմանվող ժամկետում: Այնուհետև Պալատը, հաշվի առնելով 2-րդ ենթականոնի դրույթները, սահմանում է վարույթների և մասնակցության պատշաճ ձևը, որը կարող է ներառել բացման խոսք և եզրափակիչ ելույթ:

2. Պալատն իր նախաձեռնությամբ կամ Դատախազի կամ պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է մերժել դիմումը, եթե այն համարում է, որ անձը տուժող չէ, կամ որ 68-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված չափորոշիչներն այլ կերպ պահպանված չեն: Տուժողը, որի դիմումը մերժվել է, կարող է վարույթի ընթացքում հետագայում նոր դիմում ներկայացնել:

3. Սույն կանոնում նշված դիմումը կարող է ներկայացնել նաև այն անձը, որը գործում է տուժողի համաձայնությամբ, կամ տուժողի անունից գործող անձն այն դեպքում, երբ տուժողը երեխա է, կամ անհրաժեշտության դեպքում, երբ տուժողը հաշմանդամություն ունեցող անձ է:

4. Մի քանի դիմումի դեպքում Պալատը կարող է դիմումները քննության առնել այնպես, որ ապահովի դատավարության արդյունավետությունը, և կարող է ընդունել մեկ որոշում:

 

Կանոն 90

Տուժողների օրինական ներկայացուցիչները

 

1. Տուժողն ազատ է օրինական ներկայացուցիչ ընտրելու հարցում:

2. Մի քանի տուժողի դեպքում Պալատը դատավարության արդյունավետությունն ապահովելու նպատակով կարող է տուժողներին կամ տուժողների կոնկրետ խմբերին խնդրել անհրաժեշտության դեպքում Քարտուղարության աջակցությամբ ընտրել ընդհանուր օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ: Տուժողների ներկայացուցչության համակարգումն ապահովելիս Քարտուղարը կարող է օգնություն տրամադրել, inter alia, տուժողներին փոխանցելով պաշտպանների ցուցակ, որը վարում է Քարտուղարությունը, կամ առաջարկելով մեկ կամ մի քանի ընդհանուր օրինական ներկայացուցիչ:

3. Եթե տուժողները չեն կարողանում ընտրել ընդհանուր օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ այն ժամկետում, որը կարող է սահմանել Պալատը, ապա վերջինս կարող է խնդրել Քարտուղարին ընտրել մեկ կամ մի քանի ընդհանուր օրինական ներկայացուցիչ:

4. Պալատը և Քարտուղարությունը ձեռնարկում են բոլոր ողջամիտ միջոցները՝ ապահովելու համար, որ ընդհանուր օրինական ներկայացուցիչների ընտրության ժամանակ ներկայացված լինեն տուժողների անհատական շահերը, մասնավորապես՝ 68-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվածները, և որ շահերի բախում տեղի չունենա:

5. Տուժողը կամ տուժողների խումբը, որոնք անհրաժեշտ միջոցներ չունեն Դատարանի նշանակած օրինական ներկայացուցչի ծառայությունների դիմաց վճարելու համար, կարող են աջակցություն ստանալ Քարտուղարությունից, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում ֆինանսական աջակցություն:

6. Տուժողի կամ տուժողների օրինական ներկայացուցիչը պետք է ունենա 22-րդ կանոնի 1-ին ենթականոնում նշված որակավորումները:

 

Կանոն 91

Վարույթներին օրինական ներկայացուցիչների մասնակցությունը

 

1. Պալատը կարող է փոփոխել 89-րդ կանոնի համաձայն ընդունված նախորդ որոշումը:

2. Տուժողի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի ներկա գտնվելու և մասնակցելու վարույթներին՝ 89-րդ և 90-րդ կանոնների համաձայն Պալատի կողմից ընդունված որոշման պայմաններին և դրա ցանկացած փոփոխությանը համապատասխան: Դա ներառում է լսումներին մասնակցությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գործի հանգամանքներով պայմանավորված՝ տվյալ Պալատը համարում է, որ ներկայացուցչի մասնակցությունը պետք է սահմանափակվի գրավոր դիտարկումների կամ նկատառումների ներկայացմամբ: Դատախազը և պաշտպանության կողմը պետք է հնարավորություն ունենան պատասխանելու տուժողների օրինական ներկայացուցչի ցանկացած բանավոր կամ գրավոր դիտարկմանը:

3. ա) Այն դեպքում, երբ օրինական ներկայացուցիչը ներկա է գտնվում և մասնակցում է սույն կանոնին համապատասխան և ցանկանում է հարցաքննել վկային, ներառյալ՝ 67-րդ և 68-րդ կանոններով նախատեսված հարցաքննությունը, փորձագետին կամ մեղադրյալին, օրինական ներկայացուցիչը պետք է միջնորդությամբ դիմի Պալատին: Պալատը կարող է օրինական ներկայացուցչից պահանջել հարցերը ներկայացնել գրավոր, և այդ դեպքում հարցերն ուղարկվում են Դատախազին և անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանության կողմին, որոնց թույլատրվում է դիտարկումներ ներկայացնել Պալատի կողմից սահմանված ժամկետում:

բ) Պալատն այնուհետև միջնորդության վերաբերյալ որոշում է կայացնում՝ հաշվի առնելով դատավարության փուլը, մեղադրյալի իրավունքները, վկաների շահերը, արդար, անաչառ և առանց ձգձգումների դատաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև 68-րդ հոդվածի 3-րդ կետը կատարելու նպատակով: Որոշումը կարող է բովանդակել ցուցումներ, թե ինչպես և ինչ կարգով պետք է հարցեր տրվեն, և իրականացվի փաստաթղթերի ներկայացումը՝ հաշվի առնելով Պալատի՝ 64-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները: Պալատը կարող է նպատակահարմար համարելու դեպքում տուժողի օրինական ներկայացուցչի անունից հարցեր տալ վկային, փորձագետին կամ մեղադրյալին:

4. 75-րդ հոդվածի համաձայն վնասի հատուցման շրջանակով սահմանափակված լսումների դեպքում օրինական ներկայացուցչի կողմից հարցաքննություն կատարելու՝ 2-րդ ենթականոնով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում: Այդ դեպքում օրինական ներկայացուցիչը կարող է համապատասխան Պալատի թույլտվությամբ հարցաքննել վկաներին, փորձագետներին և համապատասխան անձին:

 

Կանոն 92

Տուժողներին և նրանց օրինական ներկայացուցիչներին ծանուցումը

 

1. Տուժողներին և նրանց օրինական ներկայացուցիչներին ծանուցման վերաբերյալ սույն կանոնը կիրառվում է Դատարանում իրականացվող բոլոր վարույթների նկատմամբ՝ բացառությամբ Մաս 2-ով նախատեսված վարույթների:

2. 89-րդ կանոնին համապատասխան վարույթներին մասնակցելու դիմումների ներկայացումը տուժողներին թույլատրելու համար Դատարանը տուժողներին ծանուցում է 53-րդ հոդվածի համաձայն Դատախազի՝ քննություն կամ քրեական հետապնդում չնախաձեռնելու որոշման մասին: Այդպիսի ծանուցում ուղարկվում է այն տուժողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին, որոնք արդեն իսկ մասնակցել են վարույթներին, կամ հնարավորության դեպքում՝ նրանց, ովքեր դիտարկվող իրավիճակի կամ գործի առնչությամբ հաղորդակցվել են Դատարանի հետ: Պալատը կարող է արձակել 8-րդ ենթականոնում շարադրված միջոցները ձեռնարկելու կարգադրություն, եթե տվյալ հանգամանքներում նպատակահարմար է համարում:

3. 89-րդ կանոնին համապատասխան վարույթներին մասնակցելու դիմումների ներկայացումը տուժողներին թույլատրելու համար Դատարանը տուժողներին ծանուցում է 61-րդ հոդվածին համապատասխան մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումներ անցկացնելու իր որոշման մասին: Այդպիսի ծանուցում ուղարկվում է այն տուժողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին, որոնք արդեն իսկ մասնակցել են վարույթներին, կամ հնարավորոթյան դեպքում՝ նրանց, ովքեր դիտարկվող գործի առնչությամբ հաղորդակցվել են Դատարանի հետ:

4. Այն դեպքում, երբ ուղարկվել է 2-րդ և 3-րդ ենթականոններով նախատեսված մասնակցության վերաբերյալ ծանուցումը, 5-րդ և 6-րդ ենթականոններում նշված ցանկացած հետագա ծանուցում ուղարկվում է այն տուժողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին, որոնք վարույթներին կարող են մասնակցել 89-րդ կանոնի համաձայն Պալատի կողմից կայացված որոշման և դրա որևէ փոփոխության հիման վրա:

5. 89-91-րդ կանոնների համաձայն կայացված որոշմանը համապատասխան կարգով վարույթներին մասնակցող տուժողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին Քարտուղարն այդ վարույթների առնչությամբ ժամանակին ծանուցում է՝

ա) Դատարանում ընթացող վարույթների մասին, ներառյալ՝ լսումների ամսաթիվը և դրանց ցանկացած հետաձգում, ինչպես նաև որոշման կայացման ամսաթվի մասին,

բ) դիմումների, նկատառումների, միջնորդությունների և այլ փաստաթղթերի մասին, որոնք առնչվում են այդ դիմումներին, նկատառումերին կամ միջնորդություններին:

6. Եթե տուժողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները մասնակցել են վարույթների որոշակի փուլին, ապա Քարտուղարը հնարավորինս սեղմ ժամկետում ծանուցում է նրանց այդ վարույթների շրջանակներում Դատարանի կայացրած որոշումների մասին:

7. 5-րդ և 6-րդ ենթականոններում նշված ծանուցումները ներկայացվում են գրավոր, կամ եթե գրավոր ծանուցումը հնարավոր չէ, ապա ցանկացած այլ ձևով՝ ըստ նպատակահարմարության: Քարտուղարը վարում է բոլոր ծանուցումների գրանցամատյան: Անհրաժեշտության դեպքում Քարտուղարը հայցում է Մասնակից պետությունների համագործակցությունը՝ 93-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «թ» ենթակետերին համապատասխան:

8. 3-րդ ենթականոնում նշված ծանուցման դեպքում և այլ դեպքերում Պալատներից որևէ մեկի դիմումով Քարտուղարն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում վարույթին անհրաժեշտ հրապարակայնություն հաղորդելու համար: Այդպիսով Քարտուղարը կարող է Մաս 9-ի համաձայն հայցել համապատասխան Մասնակից պետությունների համագործակցությունը, ինչպես նաև դիմել միջկառավարական կազմակերպությունների աջակցությանը:

 

Կանոն 93

Տուժողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների կարծիքները

 

Պալատը կարող է հայցել 89-91-րդ կանոնների համաձայն մասնակցող տուժողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների կարծիքները ցանկացած հարցով, inter alia, 107-րդ, 109-րդ, 125-րդ, 128-րդ, 136-րդ, 139-րդ և 191-րդ կանոններում նշված հարցերով: Բացի այդ, Պալատը կարող է անհրաժեշտության դեպքում հայցել այլ տուժողների կարծիքները:

 

Ենթաբաժին 4.

Տուժողների վնասի հատուցումը

 

Կանոն 94

Դիմումի հիման վրա կիրառվող ընթացակարգը

 

1. 75-րդ հոդվածի համաձայն վնասը հատուցելու վերաբերյալ տուժողի դիմումը կազմվում է գրավոր և ներկայացվում է Քարտուղարին: Դրանում նշվում են հետևյալ տեղեկությունները.

ա) հայցվորի ինքնությունը և հասցեն,

բ) վնասվածքի, կորստի կամ վնասի նկարագրությունը,

գ) միջադեպի վայրը և ամսաթիվը և հնարավորության սահմաններում այն անձի կամ անձանց ինքնությունը, որոնք, տուժողի կարծիքով, պատասխանատու են վնասվածքի, կորստի կամ վնասի համար,

դ) եթե հայցվում է ակտիվների, գույքի կամ այլ նյութական արժեքների ռեստիտուցիա, ապա դրանց նկարագրությունը,

ե) փոխհատուցման վերաբերյալ պահանջները,

զ) իրավունքների վերականգնման և իրավական պաշտպանության այլ միջոցների վերաբերյալ պահանջները,

է) ըստ հնարավորության՝ ցանկացած համապատասխան օժանդակ փաստաթուղթ, ներառյալ՝ վկաների անուններն ու հասցեները:

2. Դատաքննության սկզբում և ցանկացած պաշտպանական միջոցառում ձեռնարկելու պայմանով Դատարանը խնդրում է Քարտուղարին դիմումի մասին ծանուցել դիմումի մեջ հիշատակված կամ մեղադրանքներում նշված անձին կամ անձանց և ըստ հնարավորության,՝ ցանկացած շահագրգիռ անձի և ցանկացած շահագրգիռ պետության: Ծանուցված անձինք Քարտուղարին են ներկայացնում 75-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ցանկացած նկատառում:

 

Կանոն 95

Դատարանի նախաձեռնությամբ ընթացակարգը

 

1. Այն դեպքերում, երբ Դատարանը մտադիր է գործել իր նախաձեռնությամբ՝ 75-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, նա խնդրում է Քարտուղարին իր մտադրության մասին ծանուցել այն անձին կամ անձանց, որոնց նկատմամբ Դատարանը դիտարկում է որոշում կայացնելու հարցը, և ըստ հնարավորության՝ տուժողներին, շահագրգիռ անձանց և շահագրգիռ պետություններին: Ծանուցված անձինք Քարտուղարին են ներկայացնում 75-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ցանկացած նկատառում:

2. Եթե 1-ին ենթականոնին համապատասխան ներկայացված ծանուցման արդյունքում՝

ա) տուժողը ներկայացնում է վնասի փոխհատուցման դիմում, ապա այդ դիմումի վերաբերյալ որոշում է կայացվում այնպես, ինչպես 94-րդ կանոնին համապատասխան ներկայացվելու դեպքում,

բ) տուժողը խնդրում է Դատարանին հատուցման մասին կարգադրություն չարձակել, ապա Դատարանն այդ տուժողի նկատմամբ առանձին կարգադրություն չի արձակում:

 

Կանոն 96

Վնասի հատուցմանը վերաբերող վարույթների հրապարակայնությունը

 

1. Չխախտելով վարույթների մասին ծանուցմանը վերաբերող ցանկացած այլ կանոն՝ Քարտուղարը գործնականորեն նպատակահարմար լինելու դեպքում ծանուցում է տուժողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին, ինչպես նաև այն անձին կամ անձանց, որոնց դա վերաբերում է: Քարտուղարը նաև, հաշվի առնելով Դատախազի տրամադրած ցանկացած տեղեկություն, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ըստ հնարավորության մյուս տուժողների, շահագրգիռ անձանց և շահագրգիռ պետությունների շրջանում վնասի հատուցման վերաբերյալ Դատարանում ընթացող վարույթների պատշաճ հրապարակայնությունն ապահովելու ուղղությամբ:

2. Ձեռնարկելով 1-ին ենթականոնում նկարագրված միջոցները՝ Դատարանը, Մաս 9-ին համաձայն, կարող է հայցել համապատասխան Մասնակից պետությունների համագործակցությունը և դիմել միջկառավարական կազմակերպությունների աջակցությանը՝ վնասի հատուցման վերաբերյալ Դատարանում ընթացող վարույթների հնարավորինս լայն հրապարակայնությունը բոլոր հնարավոր միջոցներով ապահովելու համար:

 

Կանոն 97

Հատուցման չափի գնահատումը

 

1. Հաշվի առնելով վնասի, կորստի կամ վնասվածքի ծավալներն ու չափը` Դատարանը կարող է կայացնել անհատապես կամ նպատակահարմար համարելու դեպքում՝ կոլեկտիվ սկզբունքով կամ զուգակցված հատուցում վճարելու որոշում:

2. Դատարանը տուժողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա կամ դատապարտված անձի դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կարող է նշանակել համապատասխան փորձագետների՝ տուժողներին կամ նրանց մասով պատճառված վնասի, կորստի և վնասվածքի ծավալները և չափը որոշելու հարցում իրեն աջակցելու համար և հատուցման համապատասխան տեսակների և եղանակների առնչությամբ մի շարք տարբերակներ առաջարկելու համար: Դատարանը համապատասխան դեպքերում տուժողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին, դատապարտված անձին, ինչպես նաև շահագրգիռ անձանց և շահագրգիռ պետություններին առաջարկում է դիտարկումներ ներկայացնել փորձագետների եզրակացությունների վերաբերյալ:

3. Բոլոր դեպքերում Դատարանը հարգում է տուժողների և դատապարտված անձի իրավունքները:

 

Կանոն 98

Նպատակային ֆոնդը

 

1. Անհատական վնասի հատուցումը գանձվում է անմիջականորեն դատապարտված անձից:

2. Դատարանը կարող է կարգադրել դատապարտված անձից որպես հատուցում գանձվող գումարն ի պահ հանձնել Նպատակային ֆոնդ, եթե այդ կարգադրությունն արձակելիս անհնարին է կամ գործնականում նպատակահարմար չէ հատուցման առանձին գումարներ վճարել անմիջականորեն յուրաքանչյուր տուժողի: Այդ եղանակով Նպատակային ֆոնդ ի պահ հանձնված հատուցման գումարը պահվում է Նպատակային ֆոնդի այլ միջոցներից առանձին և յուրաքանչյուր տուժողի փոխանցվում է առաջին իսկ հնարավորության դեպքում:

3. Դատարանը կարող է կարգադրել, որ դատապարտված անձից որպես փոխհատուցում գանձվող գումարը վճարվի Նպատակային ֆոնդի միջոցով, եթե հաշվի առնելով տուժողների թվաքանակը և հատուցման ծավալը, ձևերն ու եղանակները՝ վնասի կոլեկտիվ հատուցումն ավելի նպատակահարմար է:

4. Շահագրգիռ պետությունների և Նպատակային ֆոնդի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո Դատարանը կարող է կարգադրել, որ որպես վնասի հատուցում տրվող գումարը Նպատակային ֆոնդի միջոցով վճարվի Նպատակային ֆոնդի կողմից հաստատված միջկառավարական, միջազգային կամ ազգային կազմակերպությանը:

5. Նպատակային ֆոնդի այլ միջոցներ կարող են օգտագործվել ի շահ տուժողների՝ 79-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

 

Կանոն 99

Համագործակցությունը և պաշտպանական միջոցները՝ 57-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետով և 75-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված բռնագրավման նպատակով

 

1. 57-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ Մինչդատական վարույթի պալատը կամ 75-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Դատական պալատը կարող է իր նախաձեռնությամբ կամ Դատախազի դիմումի հիման վրա կամ տուժողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների խնդրանքով, որոնք դիմել են վնասը հատուցելու միջնորդությամբ կամ գրավոր ստանձնել են այդպես վարվելու պարտավորություն, որոշել, թե արդյոք պետք է հայցել, որ միջոցներ ձեռնարկվեն:

2. Ծանուցում չի պահանջվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Դատարանը, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, որոշում է, որ ծանուցումը չի կարող սպառնալիք լինել հայցվող միջոցների արդյունավետության համար: Վերջին դեպքում Քարտուղարը վարույթի վերաբերյալ ծանուցումն ուղարկում է այն անձին, որի նկատմամբ ներկայացվել է միջնորդություն, և ըստ հնարավորության՝ ցանկացած շահագրգիռ անձի կամ շահագրգիռ պետության:

3. Եթե կարգադրությունն արձակվում է առանց նախնական ծանուցման, ապա համապատասխան Պալատը խնդրում է Քարտուղարին հնարավորինս սեղմ ժամկետում, հաշվի առնելով հայցվող միջոցների արդյունավետությունը, ծանուցել այն անձանց, որոնց նկատմամբ ներկայացվել է միջնորդություն, և ըստ հնարավորության՝ ցանկացած շահագրգիռ անձի կամ ցանկացած շահագրգիռ պետության, և առաջարկել նրանց ներկայացնել դիտարկումներ առ այն, թե արդյոք կարգադրությունը պետք է չեղյալ ճանաչել կամ այլ կերպ փոփոխել:

4. Դատարանը կարող է արձակել կարգադրություններ այս հարցերով որոշում կայացնելու համար անհրաժեշտ ցանկացած վարույթի ժամկետների և ընթացակարգի վերաբերյալ:

 

Բաժին IV.

Այլ դրույթներ

 

Կանոն 100

Վարույթի անցկացման վայրը

 

1. Կոնկրետ դեպքում, երբ Դատարանը համարում է, որ դա բխում է արդարադատության շահերից, այն կարող է որոշում ընդունել, որ վարույթն իրականացվի Դատարանի նստավայր պետությունից տարբեր այլ պետությունում:

2. Դատարանի նիստերի գումարման վայրը փոփոխելու մասին դիմում կամ առաջարկություն կարող է ներկայացվել քննություն սկսելուց հետո ցանկացած ժամանակ՝ Դատախազի, պաշտպանության կողմի կամ Դատարանի դատավորների մեծամասնության կողմից: Այդ դիմումը կամ առաջարկությունն ուղարկվում է Նախագահություն: Այն կազմվում է գրավոր և բովանդակում է նշում այն մասին, թե որ պետությունում պետք է գումարվեն Դատարանի նիստերը: Նախագահությունը ծանոթանում է համապատասխան Պալատի կարծիքներին:

3. Նախագահությունը խորհրդակցում է այն պետության հետ, որտեղ Դատարանը մտադիր է գումարել նիստերը: Եթե այդ պետությունը համաձայնում է, որ Դատարանն իր նիստերը գումարի իր տարածքում, ապա Դատարանի նստավայր պետությունից տարբեր այլ պետությունում նիստեր գումարելու մասին որոշումն ընդունվում է դատավորների կողմից լիագումար նիստում՝ ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:

 

Կանոն 101

Ժամկետները

 

1. Ցանկացած վարույթի անցկացման ժամկետների սահմանման վերաբերյալ որևէ կարգադրություն արձակելիս Դատարանը հաշվի է առնում արդար և առանց ձգձգումների դատավարության իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը՝ նկատի առնելով մասնավորապես պաշտպանության կողմի և տուժողների իրավունքները:

2. Հաշվի առնելով մեղադրյալի իրավունքները, մասնավորապես՝ 67-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված իրավունքները, վարույթի բոլոր մասնակիցները, ում հասցեագրված է որևէ կարգադրություն, ջանում են գործել հնարավորինս օպերատիվ՝ Դատարանի կողմից սահմանված ժամկետներում:

 

Կանոն 102

Գրավոր հաղորդակցությունից բացի այլ հաղորդակցություն

 

Այն դեպքերում, երբ անձը հաշմանդամության կամ անգրաճանաչության պատճառով չի կարող կազմել գրավոր միջնորդություն, դիմում, դիտարկում կամ Դատարանին հասցեագրվող որևէ այլ հաղորդագրություն, այդ անձն այդպիսի միջնորդություն, դիմում, դիտարկում կամ հաղորդագրություն կարող է կազմել ձայնագրության, տեսաձայնագրության կամ որևէ այլ էլեկտրոնային ձևով:

 

Կանոն 103

Amicus curiae (իրավախորհրդատու) և դիտարկումների ներկայացման այլ ձևեր

 

1. Պալատը վարույթի ցանկացած փուլում կարող է, եթե դա ցանկալի է համարում գործի պատշաճ լուծման համար, պետությանը, կազմակերպությանը կամ անձին առաջարկել կամ թույլատրել գրավոր կամ բանավոր ներկայացնել ցանկացած դիտարկում՝ ցանկացած հարցի վերաբերյալ, որը Պալատը պատշաճ կհամարի:

2. Դատախազին և պաշտպանության կողմին հնարավորություն է ընձեռվում պատասխանելու 1-ին ենթականոնի համաձայն ներկայացված դիտարկումներին:

3. 1-ին ենթականոնի համաձայն ներկայացված գրավոր դիտարկումը տրամադրվում է Քարտուղարին, որը դրա պատճեններն ուղարկում է Դատախազին և պաշտպանության կողմին: Պալատը սահմանում է այդպիսի դիտարկումների ներկայացման ժամկետները:

 

Գլուխ 5.

Քննությունը և քրեական հետապնդումը

 

Բաժին I

53-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն քննություն նախաձեռնելու վերաբերյալ Դատախազի որոշումը

 

Կանոն 104

Դատախազի կողմից տեղեկությունների գնահատումը

 

1. Գործելով 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Դատախազն իրեն տրամադրված տեղեկությունները գնահատելիս վերլուծում է ստացված տեղեկությունների հիմնավորվածությունը:

2. 1-ին ենթականոնի նպատակներով Դատախազը կարող է լրացուցիչ տեղեկություններ պահանջել պետություններից, Միավորված ազգերի կազմակերպության մարմիններից, միջկառավարական և հասարակական կազմակերպություններից կամ նպատակահարմար համարվող այլ վստահելի աղբյուրներից և կարող է ստանալ գրավոր կամ բանավոր ցուցմունքներ Դատարանի նստավայրում: Այդպիսի ցուցմունքների ստացման նկատմամբ կիրառվում է 47-րդ կանոնով սահմանված ընթացակարգը:

 

Կանոն 105

Դատախազի՝ քննություն չնախաձեռնելու վերաբերյալ որոշման մասին ծանուցումը

 

1. Եթե Դատախազը որոշում է չնախաձեռնել քննություն 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, նա անհապաղ այդ մասին գրավոր տեղեկացնում է այն պետությանը կամ պետություններին, որոնք իրեն ներկայացրել են իրավիճակը 14-րդ հոդվածին համապատասխան, կամ Անվտանգության խորհրդին՝ 13-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված իրավիճակի դեպքում:

2. Եթե Դատախազը որոշում է չդիմել Մինչդատական վարույթի պալատին՝ քննություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար, ապա կիրառվում է 49-րդ կանոնը:

3. 1-ին ենթականոնում նշված ծանուցումը պետք է բովանդակի Դատախազի եզրակացությունը և հաշվի առնելով 68-րդ հոդվածի 1-ին կետը՝ դրա հիմքերը:

4. Եթե Դատախազը ընդունում է քննություն չիրականացնելու մասին որոշում բացառապես 53-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի հիման վրա, ապա նա այդ մասին գրավոր տեղեկացնում է Մինչդատական վարույթի պալատին այդպիսի որոշում ընդունելուց անմիջապես հետո:

5. Ծանուցումը պետք է բովանդակի Դատախազի եզրակացությունը և դրա հիմքերը:

 

Կանոն 106

Դատախազի՝ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշման մասին ծանուցումը

 

1. Այն դեպքում, երբ Դատախազը որոշում է, որ 53-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան չկան քրեական հետապնդում իրականացնելու համար բավարար հիմքեր, նա անհապաղ այդ մասին գրավոր տեղեկացնում է Մինչդատական վարույթի պալատին, ինչպես նաև այն պետությանը կամ պետություններին, որոնք 14-րդ հոդվածին համապատասխան ներկայացրել են իրավիճակը, կամ Անվտանգության խորհրդին՝ 13-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված իրավիճակի դեպքում:

2. 1-ին ենթականոնում նշված ծանուցումները պետք է բովանդակեն Դատախազի եզրակացությունը և հաշվի առնելով 68-րդ հոդվածի 1-ին կետը՝ դրա հիմքերը:

 

Բաժին II

53-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ընթացակարգը

 

Կանոն 107

53-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն ներկայացված վերանայման դիմումը

 

1. Քննություն չնախաձեռնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ Դատախազի որոշումը 53-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն վերանայելու մասին դիմումը ներկայացվում է գրավոր` նշելով հիմքերը՝ 105-րդ կամ 106-րդ կանոնի համաձայն կատարված ծանուցումից հետո 90 օրվա ընթացքում:

2. Մինչդատական վարույթի պալատը կարող է խնդրել Դատախազին Պալատին փոխանցել իր տրամադրության ներքո առկա այն տեղեկությունները կամ փաստաթղթերը կամ դրանց սեղմագիրը, որոնք Պալատն անհրաժեշտ է համարում վերանայում իրականացնելու համար:

3. Մինչդատական վարույթի պալատը ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք 54-րդ, 72-րդ և 93-րդ հոդվածների համաձայն անհրաժեշտ են 2-րդ ենթականոնում նշված տեղեկությունները և փաստաթղթերը պաշտպանելու, ինչպես նաև 68-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն վկաների ու տուժողների և նրանց ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու համար:

4. Այն դեպքում, երբ պետությունը կամ Անվտանգության խորհուրդը ներկայացնում է 1-ին ենթականոնում նշված դիմում, Մինչդատական վարույթի պալատը կարող է նրանցից պահանջել լրացուցիչ դիտարկումներ:

5. Իրավազորության կամ գործի ընդունելիության հարց առաջանալու դեպքում կիրառվում է 59-րդ կանոնը:

 

Կանոն 108

Մինչդատական վարույթի պալատի որոշումը՝ 53-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն

 

1. 53-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն Մինչդատական վարույթի պալատի որոշումը պետք է հաստատվի դրա դատավորների մեծամասնության կողմից, և դրանում պետք է շարադրվեն հիմքերը: Այն ուղարկվում է բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վերանայմանը:

2. Եթե Մինչդատական վարույթի պալատը Դատախազին խնդրում է ամբողջությամբ կամ մասամբ վերանայել քննություն չնախաձեռնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ իր որոշումը, ապա Դատախազը հնարավորինս սեղմ ժամկետում վերանայում է այդ որոշումը:

3. Դատախազի կողմից վերջնական որոշում ընդունվելուց հետո նա այդ մասին գրավոր ծանուցում է Մինչդատական վարույթի պալատին: Այդ ծանուցումը պետք է բովանդակի Դատախազի եզրակացությունը և դրա հիմքերը: Այն ուղարկվում է բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վերանայմանը:

 

Կանոն 109

Մինչդատական վարույթի պալատի կողմից վերանայումը ՝ 53-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն

 

1. Մինչդատական վարույթի պալատը կարող է 105-րդ կամ 106-րդ կանոնին համապատասխան կատարված ծանուցումից հետո՝ 180 օրվա ընթացքում, իր նախաձեռնությամբ որոշում ընդունել Դատախազի որոշումը վերանայելու մասին, որն ընդունվել է բացառապես 53-րդ հոդվածի 1-ին կետի «գ» կամ 2-րդ կետի «գ» ենթակետերի հիման վրա: Մինչդատական վարույթի պալատը Դատախազին տեղեկացնում է վերջինիս որոշումը վերանայելու իր մտադրության մասին և սահմանում է ժամկետ, որի ընթացքում Դատախազը կարող է ներկայացնել իր դիտարկումները և այլ նյութեր:

2. Այն դեպքերում, երբ դիմումը Մինչդատական վարույթի պալատ է ներկայացվում պետության կամ Անվտանգության խորհրդի կողմից, նրանք ևս տեղեկացվում են և կարող են ներկայացնել իրենց դիտարկումները՝ 107-րդ կանոնին համապատասխան:

 

Կանոն 110

Մինչդատական վարույթի պալատի որոշումը՝ 53-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն

 

1. Բացառապես 53-րդ հոդվածի 1-ին կետի «գ» կամ 2-րդ կետի «գ» ենթակետերի հիման վրա Դատախազի կողմից ընդունված որոշումը հաստատելու կամ չհաստատելու մասին Մինչդատական վարույթի պալատի որոշումը պետք է հաստատվի դրա դատավորների մեծամասնության կողմից, և դրանում պետք է շարադրվեն հիմքերը: Այն ուղարկվում է բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վերանայմանը:

2. Եթե Մինչդատական վարույթի պալատը չի հաստատում Դատախազի՝ 1-ին ենթականոնում նշված որոշումը, ապա Դատախազը նախաձեռնում է քննությունը կամ իրականացնում է քրեական հետապնդումը:

 

Բաժին III

Ապացույցներ հավաքելը

 

Կանոն 111

Հարցաքննության արձանագրության վերաբերյալ ընդհանուր դրույթներ

 

1. Քննության առնչությամբ կամ վարույթի ընթացքում հարցաքննվող ցանկացած անձի կողմից արված պաշտոնական հայտարարություններից կազմվում է արձանագրություն: Արձանագրությունն ստորագրում է այն անձը, որն արձանագրում է և իրականացնում է հարցաքննությունը, ինչպես նաև ստորագրում են հարցաքննվողը և առկայության դեպքում նրա պաշտպանը և համապատասխան դեպքերում՝ ներկա գտնվող Դատախազը կամ դատավորը: Արձանագրութան մեջ նշվում են հարցաքննության ամսաթիվը, ժամանակը և վայրը, ինչպես նաև հարցաքննությանը ներկա բոլոր անձանց անունները: Արձանագրության մեջ նաև նշում է կատարվում այն դեպքում, երբ որևէ անձ չի ստորագրում արձանագրությունը, ինչպես նաև նշվում են դրա պատճառները:

2. Այն դեպքում, երբ անձին հարցաքննում են Դատախազը կամ ազգային իշխանության մարմինները, պետք է պատշաճ կերպով հաշվի առնվի 55-րդ հոդվածը: Երբ անձը տեղեկացվում է 55-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իր իրավունքների մասին, այդ տեղեկությունը տրամադրվելու փաստը նշվում է արձանագրության մեջ:

 

Կանոն 112

Հարցաքննության արձանագրումն առանձին դեպքերում

 

1. Երբ Դատախազը հարցաքննում է անձի, որի նկատմամբ կիրառվում է 55-րդ հոդվածի 2-րդ կետը, կամ որի վերաբերյալ կայացվել է կալանավորման մասին որոշում, կամ տրվել է Դատարան ներկայանալու ծանուցում՝ 58-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, հարցաքննությունը ձայնագրվում և տեսագրվում է հետևյալ ընթացակարգով.

ա) հարցաքննվողն այն լեզվով, որը նա լավ հասկանում է և որով հաղորդակցվում է, տեղեկացվում է, որ հարցաքննությունը ձայնագրվելու կամ տեսագրվելու է, և որ այդ անձը ցանկության դեպքում կարող է առարկել դրան: Արձանագրության մեջ նշվում են այդ տեղեկությունը տրամադրվելու փաստը և տվյալ անձի պատասխանը: Մինչև պատասխան տալը հարցաքննվողը կարող է առանձնազրույց ունենալ իր պաշտպանի հետ, եթե վերջինս ներկա է: Եթե հարցաքննվողը հրաժարվում է ձայնագրվելուց կամ տեսագրվելուց, ապա կիրառվում է 111-րդ կանոնով նախատեսված ընթացակարգը.

բ) պաշտպանի ներկայությամբ հարցաքննվելու իրավունքից հրաժարվելու հանգամանքը գրավոր արձանագրվում է և հնարավորության դեպքում ձայնագրվում կամ տեսագրվում է.

գ) հարցաքննության ընթացքում այն ընդհատվելու դեպքում ձայնագրությունը կամ տեսագրությունը դադարեցնելուց առաջ արձանագրվում է ընդհատման փաստը և ժամանակը, ինչպես նաև հարցաքննության վերսկսման ժամանակը.

դ) հարցաքննությունն ավարտելուց հետո հարցաքննվողին հնարավորություն է ընձեռվում ճշգրտելու այն ամենը, ինչ նա ասել է, կամ ավելացնելու այն, ինչ ցանկանում է: Հարցաքննությունն ավարտելու ժամանակը գրանցվում է.

ե) հարցաքննությունն ավարտելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում կազմվում է ժապավենի սղագրությունը, որի պատճենը մագնիսական ժապավենի պատճենի հետ միասին հանձնվում է հարցաքննվողին, իսկ մի քանի ձայնագրող սարքերի օգտագործման դեպքում՝ բնագիր մագնիսական ժապավեններից մեկը.

զ) բնագիր ժապավենը կամ բնագիր ժապավեններից մեկը կնքվում է հարցաքննվողի կամ նրա պաշտպանի ներկայությամբ, եթե վերջինս ներկա է, և վավերացվում է Դատախազի և հարցաքննվողի կամ ներկայության դեպքում՝ վերջինիս պաշտպանի ստորագրությամբ:

2. Դատախազը գործադրում է բոլոր ողջամիտ ջանքերը հարցաքննության արձանագրումը 1-ին ենթականոնին համապատասխան իրականացնելու համար: Բացառության կարգով անձը կարող է հարցաքննվել առանց ձայնագրության կամ տեսագրության, եթե հանգամանքները թույլ չեն տալիս, որ այդպիսի արձանագրում իրականացվի: Այս դեպքում հարցաքննությունը չարձանագրելու պատճառները գրավոր նշվում են, և կիրառվում է 111-րդ կանոնով նախատեսված ընթացակարգը:

3. Այն դեպքում, երբ 1-ին ենթականոնի «ա» կետին կամ 2-րդ ենթականոնին համապատասխան հարցաքննությունը չի ձայնագրվում կամ տեսագրվում, հարցաքննվողին տրամադրվում է նրա ցուցմունքների պատճենը:

4. Դատախազը կարող է որոշում ընդունել սույն կանոնով նախատեսված ընթացակարգը 1-ին ենթականոնում հիշատակվածներից բացի այլ անձանց հարցաքննության ժամանակ կիրառելու մասին, մասնավորապես այն դեպքերում, երբ այդ ընթացակարգերի կիրառումը կարող է օգնել իրենց ցուցմունքները տալիս սեքսուալ բնույթի կամ գենդերային հիմքով բռնության զոհի, երեխայի կամ հաշմանդամություն ունեցող անձի՝ հետագա տրամվայի ենթարկվելու հնարավորությունը նվազեցնելու հարցում: Դատախազը կարող է դիմում ներկայացնել համապատասխան Պալատ:

5. Մինչդատական վարույթի պալատը, 56-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, կարող է կարգադրել, որ սույն կանոնով նախատեսված ընթացակարգը կիրառվի ցանկացած անձի հարցաքննության նկատմամբ:

 

Կանոն 113

Համապատասխան անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ հավաքելը

 

1. Մինչդատական վարույթի պալատը կարող է իր նախաձեռնությամբ կամ Դատախազի, համապատասխան անձի կամ նրա պաշտպանի դիմումով կարգադրել, որ 55-րդ հոդվածի 2-րդ կետում նշված իրավունքներով օժտված անձն անցնի բժշկական, հոգեբանական կամ հոգեբուժական փորձաքննություն: Մինչդատական վարույթի պալատն իր որոշումը կայացնելիս հաշվի է առնում փորձաքննության բնույթը և նպատակը, ինչպես նաև այն հանգամանքը, թե արդյոք համապատասխան անձը համաձայն է ենթարկվել փորձաքննության:

2. Մինչդատական վարույթի պալատը Քարտուղարի կողմից հաստատված փորձագետների ցուցակից նշանակում է մեկ կամ մի քանի փորձագետ կամ կողմի դիմումով՝ Մինչդատական վարույթի պալատի կողմից հաստատված փորձագետ:

 

Կանոն 114

56-րդ հոդվածի համաձայն եզակի քննչական հնարավորությունը

 

1. 56-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան Դատախազի առաջարկությունը ստանալուց հետո Մինչդատական վարույթի պալատն առանց ձգձգման խորհրդակցություններ է անցկացնում Դատախազի հետ և հաշվի առնելով 56-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթները՝ այն անձի հետ, որը կալանավորվել է կամ ներկայացել է Դատարան՝ ներկայանալու մասին ծանուցման համաձայն, ինչպես նաև նրա պաշտպանի հետ՝ ձեռնարկման ենթակա միջոցները և դրանց իրականացման եղանակները որոշելու համար, ինչը կարող է ներառել 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված՝ հաղորդակցվելու իրավունքի պաշտպանությունն ապահովելու միջոցներ:

2. Մինչդատական վարույթի պալատի՝ 56-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ որոշումը պետք է հաստատվի դրա դատավորների մեծամասնության կողմից՝ Դատախազի հետ խորհրդակցելուց հետո: Խորհրդակցությունների ընթացքում Դատախազը կարող է Մինչդատական վարույթի պալատին ծանուցել այն մասին, որ նախատեսված միջոցները կարող են վնասել քննության պատշաճ իրականացմանը:

 

Կանոն 115

Մասնակից պետության տարածքում ապացույցներ հավաքելը՝ 57-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն

 

1. Եթե Դատախազը համարում է, որ կիրառվում է 57-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետը, ապա նա կարող է Մինչդատական վարույթի պալատ ներկայացնել համապատասխան Մասնակից պետության տարածքում որոշակի միջոցներ ձեռնարկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ գրավոր դիմում: Այդ դիմումը ներկայացվելուց հետո Մինչդատական վարույթի պալատը հնարավորության դեպքում տեղեկացնում է համապատասխան Մասնակից պետությանը և առաջարկում նրան հայտնել իր կարծիքը:

2. Այն հարցը որոշելիս, թե արդյոք այդ դիմումը հիմնավորված է, Մինչդատական վարույթի պալատը հաշվի է առնում համապատասխան Մասնակից պետության կողմից հայտնած ցանկացած կարծիք: Մինչդատական վարույթի պալատը կարող է իր նախաձեռնությամբ կամ Դատախազի կամ համապատասխան Մասնակից պետության դիմումով լսում անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունել:

3. 57-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն թույլտվությունը տրամադրվում է կարգադրության ձևով և դրանում նշվում են հիմքերը՝ այդ կետում սահմանված չափորոշիչների հիման վրա: Կարգադրության մեջ կարող են նշվել այն ընթացակարգերը, որոնք պետք է կիրառել այդպիսի ապացույցներ հավաքելիս:

 

Կանոն 116

Պաշտպանության կողմի դիմումով ապացույցներ հավաքելը՝ 57-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն

 

1. Մինչդատական վարույթի պալատը 57-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն արձակում է կարգադրություն կամ հայցում է համագործակցություն, երբ հավաստիանում է, որ՝

ա) այդ կարգադրությունը կնպաստի այնպիսի ապացույցների հավաքմանը, որոնք կարող են էական նշանակություն ունենալ քննվող հարցերը պատշաճ ձևով լուծելու կամ տվյալ անձի պաշտպանությունը պատշաճ ձևով նախապատրաստելու համար, և

բ) Մաս 9-ի համաձայն համագործակցության դեպքում բավարար տեղեկություններ են ներկայացվել 96-րդ հոդվածի 2-րդ կետը կատարելու համար:

2. Մինչև 57-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն կարգադրություն արձակելու կամ համագործակցություն հայցելու մասին որոշում ընդունելը Մինչդատական վարույթի պալատը կարող է հայցել Դատախազի կարծիքը:

 

Բաժին IV

Ազատության սահմանափակման և ազատությունից զրկելու հետ կապված ընթացակարգերը

 

Կանոն 117

Կալանավորումը արգելանքի վերցնելու պետությունում

 

1. Դատարանը միջոցներ է ձեռնարկում՝ ապահովելու համար, որ ի կատարումն 89-րդ կամ 92-րդ հոդվածների համաձայն ներկայացված իր դիմումի՝ իրեն տեղեկացնեն անձին կալանավորելու մասին: Այդպիսի տեղեկություն ստանալուց հետո Դատարանը ապահովում է, որ այդ անձին հանձնվի 58-րդ հոդվածի և Կանոնադրության ցանկացած համապատասխան դրույթի համաձայն Մինչդատական վարույթի պալատի կողմից կայացված կալանավորման մասին որոշման պատճենը: Փաստաթղթերը կազմվում են այն լեզվով, որն այդ անձը լավ հասկանում է և որով հաղորդակցվում է:

2. Կալանավորումից հետո ցանկացած ժամանակ անձը կարող է Մինչդատական վարույթի պալատ ներկայացնել Դատարանում ընթացող վարույթի հետ կապված աջակցություն տրամադրելու նպատակով պաշտպան նշանակելու վերաբերյալ դիմում, և Մինչդատական վարույթի պալատը որոշում է ընդունում այդ դիմումի վերաբերյալ:

3. 58-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան կալանավորման մասին որոշումը պատշաճ ձևով կայացվելու հանգամանքը Մինչդատական վարույթի պալատում վիճարկվում է գրավոր: Դիմումի մեջ նշվում է բողոքարկման հիմքը: Դատախազի կարծիքը ստանալուց հետո Մինչդատական վարույթի պալատն այդ դիմումի վերաբերյալ անհապաղ որոշում է ընդունում:

4. Երբ արգելանքի վերցնելու պետության իրավասու մարմինը Մինչդատական վարույթի պալատին ծանուցում է այն մասին, որ կալանավորված անձը 59-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան ազատ արձակման դիմում է ներկայացրել, Մինչդատական վարույթի պալատն արգելանքի վերցնելու պետության կողմից սահմանված ժամկետում ներկայացնում է իր առաջարկությունները:

5. Երբ Մինչդատական վարույթի պալատը տեղեկացվում է, որ արգելանքի վերցնելու պետության իրավասու մարմինը ժամանակավորապես ազատ է արձակել անձին, Մինչդատական վարույթի պալատն արգելանքի վերցնելու պետությանը տեղեկացնում է, թե ինչպես և երբ կցանկանար ստանալ ժամանակավորապես ազատ արձակման կարգավիճակի վերաբերյալ պարբերական զեկույցներ:

 

Կանոն 118

Դատարանի նստավայրում նախնական կալանքը

 

1. Եթե Դատարանին փոխանցված անձը ներկայացնում է մինչև դատաքննությունը սկսվելը ժամանակավորապես ազատ արձակվելու վերաբերյալ նախնական խնդրագիր 121-րդ կանոնին համապատասխան առաջին անգամ Դատարան ներկայանալիս կամ դրանից հետո, ապա Մինչդատական վարույթի պալատը Դատախազի կարծիքը հայցելուց հետո անհապաղ այդ խնդրագրի վերաբերյալ որոշում է ընդունում:

2. Մինչդատական վարույթի պալատը 60-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն վերանայում է անձին ազատ արձակելու կամ կալանքի տակ պահելու մասին իր որոշումն առնվազն 120 օրը մեկ անգամ և դա կարող է անել ցանկացած ժամանակ՝ անձի կամ Դատախազի դիմումի հիման վրա:

3. Առաջին անգամ Դատարան ներկայանալուց հետո ժամանակավորապես ազատ արձակվելու վերաբերյալ խնդրագիրը պետք է ներկայացվի գրավոր: Դատախազը ծանուցվում է այդ խնդրագրի մասին: Մինչդատական վարույթի պալատը որոշում է ընդունում Դատախազի և կալանավորված անձի գրավոր դիտարկումները ստանալուց հետո: Մինչդատական վարույթի պալատը կարող է Դատախազի, կալանավորված անձի խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ լսումներ անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունել: Լսումը պետք է անցկացվի տարին առնվազն մեկ անգամ:

 

Կանոն 119

Պայմանական ազատումը

 

1. Մինչդատական վարույթի պալատը կարող է սահմանել ազատությունը սահմանափակող մեկ կամ քանի պայման, այդ թվում՝

ա) անձը չպետք է լքի Մինչդատական վարույթի պալատի կողմից սահմանված տարածքի սահմանները՝ առանց Պալատի ուղղակի համաձայնության,

բ) անձը չպետք է այցելի որոշ վայրեր կամ հանդիպի որոշ անձանց, որոնք նշված են Մինչդատական վարույթի պալատի կողմից,

գ) անձը չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ հաստատի տուժողների և վկաների հետ,

դ) անձը չպետք է իրականացնի մասնագիտական գործունեության որոշ տեսակներ,

ե) անձը պետք է բնակվի Մինչդատական վարույթի պալատի կողմից նշված կոնկրետ հասցեում,

զ) անձը պետք է ներկայանա Մինչդատական վարույթի պալատի կողմից նշանակված մարմնի կամ հատուկ անձի ծանուցմամբ,

է) անձը պետք է վճարի գրավ կամ տրամադրի գույքային կամ անձնական ապահովում կամ երաշխավորություն, որոնց վճարման չափը, ժամանակացույցը և եղանակը սահմանվում են Մինչդատական վարույթի պալատի կողմից,

ը) անձը պետք է Քարտուղարին տրամադրի անձը հաստատող բոլոր փաստաթղթերը, մասնավորապես՝ իր անձնագիրը:

2. Մինչդատական վարույթի պալատը համապատասխան անձի կամ Դատախազի դիմումով կամ իր նախաձեռնությամբ կարող է ցանկացած ժամանակ որոշում կայացնել 1-ին ենթականոնի համաձայն սահմանված պայմանները փոփոխելու վերաբերյալ:

3. Մինչև ազատությունը սահմանափակող որևէ պայման սահմանելը կամ փոփոխելը Մինչդատական վարույթի պալատը հայցում է Դատախազի, համապատասխան անձի, ցանկացած համապատասխան պետության և տուժողների կարծիքը, որոնք տվյալ գործով հաղորդակցվել են Դատարանի հետ և որոնց, Պալատի կարծիքով, ազատ արձակման կամ պայմանների սահմանման հետևանքով կարող է վտանգ սպառնալ:

4. Եթե Մինչդատական վարույթի պալատը հավաստիանում է, որ համապատասխան անձը չի կատարել իր նկատմամբ սահմանված պարտավորություններից մեկ կամ մի քանիսը, ապա Պալատը կարող է այդ հիմքով, Դատախազի դիմումով կամ իր նախաձեռնությամբ, կայացնել տվյալ անձին կալանավորելու մասին որոշում:

5. Երբ Մինչդատական վարույթի պալատը 58-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն տալիս է Դատարան ներկայանալու ծանուցում, և մտադիր է սահմանել ազատությունը սահմանափակող պայմաններ, այն ծանոթանում է ներկայանալու մասին ծանուցումը ստացող պետության ազգային օրենսդրության դրույթներին: Պահպանելով ներկայանալու մասին ծանուցումը ստացող պետության ազգային օրենսդրությունը՝ Մինչդատական վարույթի պալատը գործում է 1-ին, 2-րդ և 3-րդ ենթականոններին համապատասխան: Եթե Մինչդատական վարույթի պալատը ստանում է տեղեկություն առ այն, որ համապատասխան անձը չի կատարում սահմանված պայմանները, ապա նա գործում է 4-րդ ենթականոնին համապատասխան:

 

Կանոն 120

Խափանման միջոցները

 

Անհատական խափանման միջոցները կիրառվում են միայն որպես փախուստը կանխելուն ուղղված նախազգուշական միջոցներ՝ Դատարանի կողմից արգելանքի տակ վերցված անձի և այլ անձանց պաշտպանության նպատակով կամ անվտանգության այլ նկատառումներով, և վերացվում են, երբ անձը ներկայանում է Պալատ:

 

Բաժին V

61-րդ հոդվածի համաձայն մեղադրանքների հաստատման հետ կապված վարույթը

 

Կանոն 121

Վարույթը՝ մինչև մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումը

 

1. Այն անձը, որի նկատմամբ 58-րդ հոդվածի համաձայն կայացվել է կալանավորման մասին որոշում, կամ տրվել է Դատարան ներկայանալու մասին ծանուցում, Դատարան ժամանելուն պես ներկայանում է Մինչդատական վարույթի պալատ՝ Դատախազի ներկայությամբ: Հաշվի առնելով 60-րդ և 61-րդ հոդվածների դրույթները՝ այդ անձն օգտվում է 67-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից: Առաջին անգամ Դատարան ներկայանալու ժամանակ Մինչդատական վարույթի պալատը սահմանում է այն ամսաթիվը, երբ այն մտադիր է անցկացնել լսում մեղադրանքները հաստատելու կապակցությամբ: Այն ապահովում է այդ ամսաթվի, ինչպես նաև 7-րդ ենթականոնով նախատեսված ցանկացած հետաձգման հրապարակումը:

2. Մինչդատական վարույթի պալատը, 61-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ընդունում է անհրաժեշտ որոշումներ Դատախազի և այն անձի միջև տեղեկությունների բացահայտման վերաբերյալ, որի նկատմամբ կայացվել է կալանավորման մասին որոշում, կամ տրվել է Դատարան ներկայանալու մասին ծանուցում: Տեղեկությունների բացահայտման ժամանակ՝

ա) այդ անձին կարող է աջակցել կամ ներկայացնել նրա կողմից ընտրված կամ նրա համար նշանակված պաշտպանը,

բ) Մինչդատական վարույթի պալատն անցկացնում է նախնական դատական խորհրդակցություններ՝ ապահովելու համար, որ տեղեկությունների բացահայտումն իրականացվի պատշաճ պայմաններում: Յուրաքանչյուր գործով նշանակվում է Մինչդատական վարույթի պալատի դատավոր՝ իր նախաձեռնությամբ կամ Դատախազի կամ համապատասխան անձի դիմումով այդպիսի նախնական դատական խորհրդակցություններ կազմակերպելու համար,

գ) մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսման նպատակներով Դատախազի և անձի միջև բացահայտվող բոլոր ապացույցներն ուղարկվում են Մինչդատական վարույթի պալատ:

3. Դատախազը Մինչդատական վարույթի պալատին և տվյալ անձին ոչ ուշ, քան մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսման ամսաթվից 30 օր առաջ ներկայացնում է մեղադրանքների մանրամասն նկարագրությունն այն ապացույցների ցանկի հետ միասին, որոնք նա մտադիր է ներկայացնել լսման ժամանակ:

4. Երբ Դատախազը մտադիր է փոփոխել մեղադրանքը՝ 61-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, նա ոչ ուշ, քան մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսման ամսաթվից 15 օր առաջ Մինչդատական վարույթի պալատին և տվյալ անձին ծանուցում է փոփոխված մեղադրանքների մասին այն ապացույցների ցանկի հետ միասին, որոնք Դատախազը մտադիր է ներկայացնել լսման ժամանակ՝ որպես այդ մեղադրանքների հիմնավորում:

5. Եթե Դատախազը մտադիր է լսման ժամանակ ներկայացնել նոր ապացույցներ, ապա նա Մինչդատական վարույթի պալատին և տվյալ անձին այդ ապացույցների ցանկը տրամադրում է ոչ ուշ, քան լսման ամսաթվից 15 օր առաջ:

6. Եթե անձը մտադիր է ապացույցներ ներկայացնել 61-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, ապա նա այդ ապացույցների ցանկը Մինչդատական վարույթի պալատ ներկայացնում է ոչ ուշ, քան լսման ամսաթվից 15 օր առաջ: Մինչդատական վարույթի պալատն այդ ցանկն անհապաղ փոխանցում է Դատախազին: Անձը ներկայացնում է այն ապացույցների ցանկը, որոնք ինքը մտադիր է ներկայացնել ի պատասխան ցանկացած փոփոխված մեղադրանքի կամ Դատախազի ներկայացրած՝ ապացույցների նոր ցանկի:

7. Դատախազը կամ տվյալ անձը կարող է Մինչդատական վարույթի պալատին խնդրել հետաձգել մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսման ամսաթիվը: Մինչդատական վարույթի պալատը կարող է նաև իր նախաձեռնությամբ որոշում ընդունել այդ լսումը հետաձգելու մասին:

8. Մինչդատական վարույթի պալատը քննության չի առնում այն մեղադրանքները և ապացույցները, որոնք ներկայացվել են սահմանված կամ ցանկացած երկարաձգված ժամկետը լրանալուց հետո:

9. Դատախազը և տվյալ անձը կարող են Մինչդատական վարույթի պալատին ներկայացնել փաստի և իրավունքի հարցերի վերաբերյալ գրավոր նյութեր, ներառյալ՝ 31-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված՝ քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերը՝ ոչ ուշ, քան լսման ամսաթվից երեք օր առաջ: Այդ նյութերի պատճեններն անհապաղ փոխանցվում են Դատախազին կամ տվյալ անձին՝ ելնելով հանգամանքներից:

10. Քարտուղարությունը կազմում և պահպանում է Մինչդատական վարույթի պալատում իրականացվող բոլոր վարույթների, այդ թվում՝ սույն կանոնին համապատասխան Պալատ ներկայացված բոլոր փաստաթղթերի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ արձանագրություն: Դատախազը, տվյալ անձը և տուժողները կամ նրանց՝ 89-91-րդ կանոններին համապատասխան վարույթին մասնակցող օրինական ներկայացուցիչները կարող են ծանոթանալ այդ արձանագրությանը՝ ազգային անվտանգությանն առնչվող տեղեկությունների գաղտնիությանը և պաշտպանությանը վերաբերող ցանկացած սահմանափակման պահպանման պայմանով:

 

Կանոն 122

Մեղադրվող անձի ներկայությամբ մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսման ընթացակարգը

 

1. Մինչդատական վարույթի պալատի նախագահող դատավորը Պալատին աջակցող Քարտուղարության աշխատակցին խնդրում է հրապարակել Դատախազի առաջադրած մեղադրանքները: Նախագահող դատավորը որոշում է, թե ինչպես պետք է անցկացվի լսումը, և մասնավորապես կարող է սահմանել այն կարգը և պայմանները, որոնց համապատասխան նա նախատեսում է, որ պետք է ներկայացվեն վարույթի արձանագրության մեջ առկա կցված ապացույցները:

2. Եթե իրավազորության կամ ընդունելիության մասով առաջանում է հարց կամ դրանք վիճարկվում են, ապա կիրառվում է 58-րդ կանոնը:

3. Մինչև գործն ըստ էության լսելը Մինչդատական վարույթի պալատի նախագահող դատավորը հարցնում է Դատախազին և տվյալ անձին, թե արդյոք նրանք մտադիր են մինչև մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումն առարկություններ կամ դիտարկումներ ներկայացնել վարույթի պատշաճ իրականացման վերաբերյալ:

4. Դրանից հետո 3-րդ ենթականոնի համաձայն ներկայացվող որևէ առարկություն և որևէ դիտարկում չի կարող կրկին արվել կամ ներկայացվել մեղադրանքների հաստատման կապակցությամբ վարույթի կամ դատաքննության ժամանակ:

5. 3-րդ ենթականոնում նշված առարկությունների կամ դիտարկումների ներկայացման դեպքում Մինչդատական վարույթի պալատի նախագահող դատավորը 3-րդ ենթականոնում նշված անձանց առաջարկում է ներկայացնել իրենց փաստարկները՝ իր կողմից սահմանված կարգով: Համապատասխան անձն ունի պատասխանելու իրավունք:

6. Եթե արված առարկությունները կամ ներկայացված դիտարկումները 3-րդ ենթականոնում նշված առարկությունները կամ դիտարկումներն են, ապա Մինչդատական վարույթի պալատը որոշում է, թե արդյոք առաջադրված հարցը քննության առնել մեղադրանքների և ապացույցների հետ համատեղ, թե առանձնացնել դրանք, ինչի դեպքում Մինչդատական վարույթի պալատը հետաձգում է մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումը և որոշում է կայացնում առաջադրված հարցերի վերաբերյալ:

7. Գործն ըստ էության լսելիս Դատախազը և տվյալ անձը ներկայացնում են իրենց փաստարկները՝ 61-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան:

8. Մինչդատական վարույթի պալատը Դատախազին և տվյալ անձին թույլատրում է այդ հերթականությամբ ներկայացնել իրենց եզրափակիչ դիտարկումները:

9. Հաշվի առնելով 61-րդ հոդվածի դրույթները՝ 69-րդ հոդվածը կիրառվում է mutatis mutandis մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսման ընթացքում:

 

Կանոն 123

Մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումներին անձի ներկայությունն ապահովելուն ուղղված միջոցները

 

1. Երբ Մինչդատական վարույթի պալատը 58-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան կայացրել է կալանավորման մասին որոշում կամ տվել է Դատարան ներկայանալու ծանուցում, և անձը կալանավորվել է կամ նրան հանձնվել է Դատարան ներկայանալու ծանուցում, Մինչդատական վարույթի պալատն ապահովում է, որ անձը ծանուցվի 61-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների մասին:

2. Մինչդատական վարույթի պալատը կարող է խորհրդակցություններ անցկացնել Դատախազի հետ՝ վերջինիս դիմումով կամ իր նախաձեռնությամբ, որպեսզի պարզի, թե կան արդյոք մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսում անցկացնելու հիմքեր՝ 61-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված պայմաններին համապատասխան: Եթե անձն ունի Դատարանին հայտնի պաշտպան, ապա խորհրդակցություններն անցկացվում են այդ պաշտպանի ներկայությամբ, եթե Մինչդատական վարույթի պալատն այլ որոշում չի ընդունում:

3. Մինչդատական վարույթի պալատն ապահովում է, որ անձի առնչությամբ կայացվի կալանավորման մասին որոշում, և կալանավորման մասին որոշումը կայացվելուց հետո ողջամիտ ժամկետում այդ որոշումը չկատարվելու դեպքում ապահովում է, որ ձեռնարկվեն բոլոր ողջամիտ միջոցները՝ անձին հայտնաբերելու և կալանավորելու համար:

 

Կանոն 124

Մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումներին ներկա գտնվելու իրավունքից հրաժարվելը

 

1. Եթե համապատասխան անձը գտնվում է Դատարանի տրամադրության ներքո, սակայն ցանկանում է հրաժարվել մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսմանը ներկա գտնվելու իրավունքից, ապա նա գրավոր միջնորդությամբ դիմում է Մինչդատական վարույթի պալատին, որն այնուհետև կարող է խորհրդակցություններ անցկացնել Դատախազի և համապատասխան անձի հետ, որին աջակցում կամ որին ներկայացնում է նրա պաշտպանը:

2. 61-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումն անցկացվում է միայն այն դեպքում, երբ Մինչդատական վարույթի պալատը հավաստիանում է, որ տվյալ անձը գիտակցում է լսմանը ներկա գտնվելու իրավունքի բնույթը, ինչպես նաև այդ իրավունքից հրաժարվելու հետևանքները:

3. Մինչդատական վարույթի պալատը կարող է անձին թույլատրել և հնարավորություն ընձեռել հետևելու լսմանը Դատարանի դահլիճից դուրս՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելով հաղորդակցական տեխնոլոգիաները:

4. Լսմանը ներկա գտնվելու իրավունքից հրաժարվելը չի կարող խոչընդոտ լինել, որ Մինչդատական վարույթի պալատը տվյալ անձից ստանա Պալատի կողմից քննվող հարցերի վերաբերյալ գրավոր դիտարկումներ:

 

Կանոն 125

Համապատասխան անձի բացակայությամբ մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումներ անցկացնելու մասին որոշումը

 

1. 123-րդ և 124-րդ կանոններին համապատասխան խորհրդակցություններ անցկացնելուց հետո Մինչդատական վարույթի պալատը որոշում է ընդունում այն մասին, թե առկա են արդյոք համապատասխան անձի բացակայությամբ մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսում անցկացնելու հիմքեր, և այդ դեպքում արդյոք կարող է անձը ներկայացված լինել պաշտպանի կողմից: Մինչդատական վարույթի պալատն անհրաժեշտության դեպքում սահմանում է լսման ամսաթիվը և հրապարակում է այն:

2. Մինչդատական վարույթի պալատի որոշման մասին ծանուցվում են Դատախազը և հնարավորության դեպքում՝ համապատասխան անձը կամ նրա պաշտպանը:

3. Եթե Մինչդատական վարույթի պալատը որոշում է համապատասխան անձի բացակայությամբ մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսում չանցկացնել, և անձը չի գտնվում Դատարանի տրամադրության ներքո, ապա մեղադրանքների հաստատումը չի կարող տեղի ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ այդ անձը չի հայտնվել Դատարանի տրամադրության ներքո: Մինչդատական վարույթի պալատը կարող է Դատախազի դիմումով կամ իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ վերանայել այդ որոշումը:

4. Եթե Մինչդատական վարույթի պալատը որոշում է մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսում չանցկացնել համապատասխան անձի բացակայությամբ, որը սակայն գտնվում է Դատարանի տրամադրության ներքո, ապա այն կարգադրում է, որ անձը ներկայանա Դատարան:

 

Կանոն 126

Համապատասխան անձի բացակայությամբ մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումը

 

1. 121-րդ և 122-րդ կանոնների դրույթները mutatis mutandis կիրառվում են համապատասխան անձի բացակայությամբ մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումը նախապատրաստելու և անցկացնելու նկատմամբ:

2. Եթե Մինչդատական վարույթի պալատը որոշում է ընդունում այն մասին, որ համապատասխան անձը ներկայացված է լինելու պաշտպանի կողմից, ապա պաշտպանին հնարավորություն է ընձեռվում իրացնելու այդ անձի իրավունքները:

3. Եթե թաքնված անձը հետագայում կալանավորվել է և Դատարանը հաստատել է մեղադրանքները, որոնց հիման վրա Դատախազը մտադիր է վարել դատաքննությունը, ապա մեղադրվող անձը հանձնվում է 61-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան հիմնված Դատական պալատին: Մեղադրվող անձը կարող է գրավոր խնդրել, որ Դատական պալատը Մինչդատական վարույթի պալատին փոխանցի այն հարցերը, որոնք անհրաժեշտ են Պալատի կողմից իր գործառույթները 64-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան արդյունավետորեն և արդարացիորեն կատարելու համար:

 

Բաժին VI

Մինչդատական փուլի ավարտը

 

Կանոն 127

Բազմաթիվ մեղադրանքների կապակցությամբ տարբեր որոշումներ ընդունելու դեպքում կիրառվող ընթացակարգը

 

Եթե Մինչդատական վարույթի պալատը պատրաստ է հաստատել որոշ մեղադրանքներ, սակայն 61-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան հետաձգում է մյուս մեղադրանքների մասով լսումը, ապա այն կարող է որոշում ընդունել, որ համապատասխան անձին Դատական պալատին հանձնելն այն մեղադրանքներով, որոնք նա պատրաստ է հաստատել, հետաձգվում է մինչև լսումը շարունակվելը: Մինչդատական վարույթի պալատն այնուհետև կարող է սահմանել ժամկետ, որի ընթացքում Դատախազը կարող է կատարել 61-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետի «i» կամ «ii» պարբերություններով նախատեսված գործողությունները:

 

Կանոն 128

Մեղադրանքների փոփոխումը

 

1. Եթե Դատախազը մտադիր է մինչև դատաքննությունը փոփոխել արդեն հաստատված մեղադրանքները, ապա նա, 61-րդ հոդվածին համապատասխան, գրավոր դիմում է Մինչդատական վարույթի պալատին, և այդ Պալատն այդ մասին ծանուցում է մեղադրյալին:

2. Մինչև նման փոփոխության կատարումը թույլատրելու վերաբերյալ որոշում ընդունելը Մինչդատական վարույթի պալատը կարող է մեղադրյալին և Դատախազին խնդրել, որ ներկայացնեն փաստի և իրավունքի որոշակի հարցերի վերաբերյալ իրենց գրավոր դիտարկումները:

3. Եթե Մինչդատական վարույթի պալատը որոշում է, որ Դատախազի առաջարկած փոփոխությունները նոր կամ առավել լուրջ մեղադրանքներ են, ապա այն, ըստ անհրաժեշտության, գործում է 121-րդ և 122-րդ կամ 123-126-րդ կանոններին համապատասխան:

 

Կանոն 129

Մեղադրանքների հաստատման վերաբերյալ որոշման մասին ծանուցումը

 

Մեղադրանքների հաստատման և մեղադրյալին Դատական պալատին հանձնելու վերաբերյալ Մինչդատական վարույթի պալատի որոշման մասին հնարավորության դեպքում ծանուցվում են Դատախազը, համապատասխան անձը և նրա պաշտպանը: Այդ որոշումը և Մինչդատական վարույթի պալատի վարույթի արձանագրությունը փոխանցվում են Նախագահությանը:

 

Կանոն 130

Դատական պալատի կազմավորումը

 

Երբ Նախագահությունը կազմավորում է Դատական պալատը և նրան է փոխանցում գործը, այն Դատական պալատին է ուղարկում Մինչդատական վարույթի պալատի որոշումը և վարույթի արձանագրությունը: Նախագահությունը կարող է նաև գործն ուղարկել ավելի վաղ կազմավորված Դատական պալատին:

 

Գլուխ 6.

Դատաքննության ընթացակարգը

 

Կանոն 131

Մինչդատական վարույթի պալատի կողմից փոխանցվող՝ վարույթի արձանագրությունները

 

1. Քարտուղարը պահպանում է Մինչդատական վարույթի պալատի կողմից փոխանցված՝ վարույթի արձանագրությունը՝ 121-րդ կանոնի 10-րդ ենթականոնի համաձայն:

2. Հաշվի առնելով ազգային անվտանգությանն առնչվող տեղեկությունների գաղտնիությանը և պաշտպանությանը վերաբերող ցանկացած սահմանափակում՝ Դատախազը, պաշտպանության կողմը, պետությունների ներկայացուցիչները վարույթին մասնակցելիս և տուժողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները 89-91-րդ կանոնների համաձայն վարույթին մասնակցելիս կարող են ծանոթանալ արձանագրությանը:

 

Կանոն 132

Նախնական դատական խորհրդակցություններ

 

1. Դատական պալատը կազմավորումից անմիջապես հետո անցկացնում է նախնական դատական խորհրդակցություն՝ դատաքննության ամսաթիվը սահմանելու համար: Դատական պալատն իր նախաձեռնությամբ կամ Դատախազի կամ պաշտպանության կողմի դիմումով կարող է հետաձգել դատաքննության ամսաթիվը: Դատական պալատը դատաքննության ամսաթվի մասին ծանուցում է վարույթի բոլոր մասնակիցներին: Դատական պալատն ապահովում է դատաքննության և դրա ցանկացած հետաձգման ամսաթվի հրապարակումը:

2. Վարույթի արդար և առանց ձգձգումների իրականացումն ապահովելու համար Դատական պալատը, ըստ անհրաժեշտության, նախնական դատական խորհրդակցություններ անցկացնելու միջոցով կարող է խորհրդակցել կողմերի հետ:

 

Կանոն 133

Ընդունելիությունը կամ իրավազորությունը վիճարկող միջնորդությունները

 

Դատարանի իրավազորությունը կամ գործի ընդունելիությունը կարող է վիճարկվել դատաքննության սկզբում կամ հետագայում՝ Դատարանի թույլտվությամբ, ինչը քննության է առնվում նախագահող դատավորի և Դատական պալատի կողմից՝ 58-րդ կանոնին համապատասխան:

 

Կանոն 134

Դատաքննությանը վերաբերող միջնորդությունները

 

1. Մինչև դատաքննության մեկնարկը Դատական պալատն իր նախաձեռնությամբ կամ Դատախազի կամ պաշտպանության կողմի դիմումով կարող է որոշում ընդունել վարույթի իրականացման հետ կապված ցանկացած հարցով: Դատախազի կամ պաշտպանության կողմի ցանկացած դիմում ներկայացվում է գրավոր և բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվում է ex parte ընթացակարգի շրջանակներում՝ հանձնվում է մյուս կողմին: Ex parte ընթացակարգի համար ներկայացվող դիմումներից բացի մյուս բոլոր դիմումների դեպքում մյուս կողմն ունի պատասխան ներկայացնելու հնարավորություն:

2. Դատական պալատը դատաքննության սկզբում Դատախազից կամ պաշտպանության կողմից պարզում է, թե արդյոք նրանք ունեն վարույթի անցկացման վերաբերյալ այնպիսի առարկություններ կամ դիտարկումներ, որոնք ծագել են մեղադրանքների հաստատման կապակցությամբ լսումից ի վեր: Այդ առարկությունները կամ դիտարկումները չեն կարող կրկին արվել կամ ներկայացվել ավելի ուշ՝ դատաքննության ընթացքում՝ առանց գործը քննող Դատական պալատի թույլտվության:

3. Դատաքննությունը սկսվելուց հետո Դատական պալատն իր նախաձեռնությամբ կամ Դատախազի կամ պաշտպանության կողմի դիմումով կարող է որոշում ընդունել դատաքննության ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ:

 

Կանոն 135

Մեղադրյալի բժշկական փորձաքննությունը

 

1. Դատական պալատը 64-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված իր պարտավորությունները կատարելու նպատակով կամ ցանկացած այլ հիմքով կամ կողմի դիմումով կարող է կարգադրել, որ մեղադրյալն անցնի բժշկական, հոգեբուժական կամ հոգեբանական փորձաքննություն՝ 113-րդ կանոնով սահմանված պայմաններով:

2. Դատական պալատն արձանագրության մեջ նշում է ցանկացած այդպիսի կարգադրություն արձակելու հիմքերը:

3. Դատական պալատը Քարտուղարի կողմից հաստատված փորձագետների ցուցակից նշանակում է մեկ կամ մի քանի փորձագետ կամ կողմի դիմումով՝ Դատական պալատի կողմից հաստատված փորձագետ:

4. Այն դեպքում, երբ Դատական պալատը համոզվում է, որ մեղադրյալն ի վիճակի չէ ներկայանալ դատաքննությանը, նա կարգադրում է հետաձգել այն: Դատական պալատը կարող է իր նախաձեռնությամբ կամ Դատախազի կամ պաշտպանության կողմի դիմումով վերանայել մեղադրյալի գործը: Ցանկացած պարագայում գործը վերանայվում է յուրաքանչյուր 120 օրը մեկ, եթե չկան այլ կերպ վարվելու համար հիմքեր: Դատական պալատը կարող է անհրաժեշտության դեպքում կարգադրել, որ մեղադրյալն անցնի նոր փորձաքննություն: Այն դեպքում, երբ Դատական պալատը համոզվում է, որ մեղադրյալը կրկին ի վիճակի է ներկայանալ դատաքննությանը, նա գործում է 132-րդ կանոնին համապատասխան:

 

Կանոն 136

Համատեղ և առանձին դատաքննություններ

 

1. Այն անձանց գործով դատաքննությունը, որոնց համատեղ մեղադրանքներ են առաջադրվել, անցկացվում է համատեղ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Դատական պալատն իր նախաձեռնությամբ կամ Դատախազի կամ պաշտպանության կողմի դիմումով կարգադրություն է արձակում առ այն, որ անհրաժեշտ են առանձին դատաքննություններ՝ մեղադրյալին լուրջ վնաս պատճառելուց խուսափելու կամ արդարադատության շահերը պաշտպանելու համար, կամ այն պատճառով, որ համատեղ մեղադրվող անձն ընդունել է իր մեղքը և կարող է ենթարկվել հետապնդման 65-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

2. Համատեղ դատաքննությունների դեպքում յուրաքանչյուր մեղադրյալի տրվում են նույն իրավունքները, որոնք կտրվեին այդ մեղադրյալի գործն առանձին քննելու դեպքում:

 

Կանոն 137

Դատաքննության արձանագրությունը

 

1. Քարտուղարը, 64-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում բոլոր վարույթների ամբողջական և ճշգրիտ արձանագրությունը կազմելու և պահպանելու համար, ներառյալ՝ սղագրությունները, ձայնագրություններն ու տեսագրությունները և ձայնի կամ պատկերի ստացման մյուս միջոցները:

2. Դատական պալատը կարող է կարգադրություն արձակել փակ նիստերի արձանագրությունն ամբողջությամբ կամ մասամբ հրապարակելու մասին այն դեպքում, երբ այն չհրապարակելու վերաբերյալ կարգադրություն արձակելու հիմքերը վերանում են:

3. Դատական պալատը կարող է Քարտուղարից բացի այլ անձանց թույլատրել անել լուսանկարներ, ձայնագրություններ և տեսագրություններ և օգտագործել ձայնի կամ պատկերի ստացման այլ միջոցներ:

 

Կանոն 138

Ապացույցների պահպանումը

 

Քարտուղարն ստանում և ըստ անհրաժեշտության պահպանում է լսման ընթացքում ներկայացված բոլոր ապացույցները և այլ նյութեր՝ հաշվի առնելով Դատական պալատի ցանկացած կարգադրություն:

 

Կանոն 139

Մեղքն ընդունելու մասին որոշումը

 

1. Գործելով 65-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Դատական պալատը, 65-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան գործելու հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար կարող է առաջարկել, որ Դատախազը և պաշտպանության կողմը ներկայացնեն իրենց կարծիքները:

2. Այնուհետև Դատական պալատը կայացնում է մեղքն ընդունելու վերաբերյալ իր որոշումը և հիմնավորում է այդ որոշումը, ինչը ներառվում է արձանագրության մեջ:

 

Կանոն 140

Ցուցումներ՝ վարույթի և ցուցմունքներ վերցնելու վերաբերյալ

 

1. Եթե Նախագահող դատավորը չի տալիս 64-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված ցուցումներ, ապա Դատախազը և պաշտպանության կողմը համաձայնություն են ձեռք բերում Դատական պալատ ապացույցները ներկայացնելու հերթականության և կարգի վերաբերյալ: Եթե համաձայնություն հնարավոր չէ ձեռք բերել, ապա Նախագահող դատավորը տալիս է ցուցումներ:

2. Բոլոր դեպքերում, պահպանելով 64-րդ հոդվածի 8 կետի «բ» ենթակետը և 9-րդ կետը, 69-րդ հոդվածի 4-րդ կետը և 88-րդ կանոնի 5-րդ ենթականոնը, վկան կարող է հարցաքննվել հետևյալ կերպ.

ա) կողմը, որը 69-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան վկայի միջոցով ապացույցներ է ներկայացնում, իրավունք ունի հարցաքննելու այդ վկային,

բ) մեղադրանքի կողմը և պաշտպանության կողմն իրավունք ունեն հարցաքննելու այդ վկային այն հարցերի կապակցությամբ, որոնք վերաբերում են վկայի ցուցմունքներին և դրանց հավաստիությանը, վկայի վստահելիությանը, և այլ վերաբերելի հարցերի կապակցությամբ,

գ) Դատական պալատն իրավունք ունի վկային հարցաքննելու մինչև 2-րդ ենթականոնի «ա» կամ «բ» կետերում նշված մասնակցի կողմից վկայի հարցաքննությունը կամ դրանից հետո,

դ) պաշտպանության կողմն իրավունք ունի վերջինը հարցաքննելու վկային:

3. Եթե Դատական պալատն այլ կարգադրություն չի արձակում, ապա փորձագետ կամ քննիչ չհանդիսացող վկան, եթե նա դեռևս ցուցմունք չի տվել, ներկա չի գտնվում մեկ այլ վկայի կողմից ցուցմունք տալու գործընթացին: Այնուամենայնիվ, այն վկան, որը լսել է մեկ այլ վկայի ցուցմունքը, չի կարող միայն այդ հիմքով զրկվել ցուցմունք տալու իրավունքից: Երբ վկան ցուցմունք է տալիս այլ վկաների ցուցմունքները լսելուց հետո, այս հանգամանքը նշվում է արձանագրության մեջ և ապացույցները գնահատելիս ի գիտություն է ընդունվում Դատական պալատի կողմից:

 

Կանոն 141

Ապացույցների ներկայացման դադարեցումը և եզրափակիչ ելույթները

 

1. Նախագահող դատավորը հայտարարում է ապացույցների ներկայացումը դադարեցնելու մասին:

2. Նախագահող դատավորը Դատախազին և պաշտպանության կողմին առաջարկում է հանդես գալ եզրափակիչ ելույթներով: Պաշտպանության կողմը մշտապես ունի վերջինը ելույթ ունենալու հնարավորություն:

 

Կանոն 142

Խորհրդակցությունները

 

1. Եզրափակիչ ելույթներից հետո Դատական պալատը հեռանում է in camera խորհրդակցության: Դատական պալատը վարույթի բոլոր մասնակիցներին տեղեկացնում է իր որոշումը հրապարակելու ամսաթվի մասին: Որոշումը հրապարակվում է Դատական պալատի՝ խորհրդակցության հեռանալուց հետո ողջամիտ ժամանակահատվածում:

2. Այն դեպքում, երբ մի քանի մեղադրանք է առաջադրված, Դատական պալատը յուրաքանչյուր մեղադրանքով առանձին որոշում է կայացնում: Մի քանի մեղադրյալի առկայության դեպքում Դատական պալատը մեղադրյալներից յուրաքանչյուրին առաջադրված մեղադրանքներով առանձին որոշում է կայացնում:

 

Կանոն 143

Պատժի կամ վնասի հատուցման հետ կապված հարցերով լրացուցիչ լսումները

 

76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան, պատժի և համապատասխան դեպքերում վնասի հատուցման հետ կապված հարցերով լրացուցիչ լսում անցկացնելու նպատակներով Նախագահող դատավորը նշանակում է լրացուցիչ լսում անցկացնելու ամսաթիվը: Բացառիկ հանգամանքներում այդ լսումը կարող է հետաձգվել Դատական պալատի կողմից՝ իր նախաձեռնությամբ կամ Դատախազի, պաշտպանության կողմի կամ տուժողների օրինական ներկայացուցիչների դիմումով, որոնք վարույթին մասնակցում են 89-91-րդ կանոնների համաձայն, իսկ վնասի հատուցման հետ կապված հարցերի լսումների դեպքում` այն տուժողների, որոնք 94-րդ կանոնին համապատասխան ներկայացրել են դիմում:

 

Կանոն 144

Դատական պալատի որոշումների հանձնումը

 

1. Դատական պալատի՝ գործի ընդունելիության, Դատարանի իրավազորության, մեղադրյալի քրեական պատասխանատվության, պատժի և վնասի հատուցման վերաբերյալ որոշումները հրապարակվում են դռնբաց նիստում և հնարավորության դեպքում՝ մեղադրյալի, Դատախազի, տուժողների կամ տուժողների օրինական ներկայացուցիչների ներկայությամբ, որոնք վարույթին մասնակցում են 89-91-րդ կանոնների համաձայն, և վարույթին մասնակցած պետությունների ներկայացուցիչների ներկայությամբ:

2. Վերոնշյալ բոլոր որոշումների պատճենները հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրվում են՝

ա) վարույթի բոլոր մասնակիցներին՝ Դատարանի աշխատանքային լեզվով,

բ) մեղադրյալին՝ այն լեզվով, որը նա լիարժեք հասկանում է կամ որով հաղորդակցվում է, եթե անհրաժեշտ է 67-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետին համապատասխան բավարարել դատաքննության արդարության պահանջները:

 

Գլուխ 7.

Պատժամիջոցները

 

Կանոն 145

Պատժի սահմանումը

 

1. 78-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան պատիժը սահմանելիս Դատարանը՝

ա) հաշվի է առնում, որ 77-րդ հոդվածի հիման վրա նշանակված՝ համապատասխանաբար ազատազրկման և տուգանքի ձևով ցանկացած պատժի հանրագումար պետք է արտացոլի դատապարտյալի մեղավորությունը,

բ) հավասարապես նկատի է առնում բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ՝ մեղմացնող և ծանրացնող գործոնները, և հաշվի է առնում թե՛ դատապարտյալի և թե՛ հանցագործության բոլոր հանգամանքները,

գ) բացի 78-րդ հոդվածի 1-ին կետում նշված գործոններից՝ հաշվի է առնում, inter alia, պատճառված վնասի չափը, մասնավորապես՝ տուժողներին և նրանց ընտանիքներին պատճառված վնասը, հակաօրինական վարքագծի բնույթը և այն միջոցները, որոնք գործադրվել են հանցագործությունը կատարելու համար, դատապարտյալի մասնակցության աստիճանը, դիտավորության աստիճանը, հանցագործության կատարման եղանակի, ժամանակի և վայրի հետ կապված հանգամանքները և դատապարտյալի տարիքը, կրթությունը, սոցիալական ու տնտեսական դրությունը:

2. Բացի վերոնշյալ գործոններից՝ Դատարանը պատշաճ ձևով հաշվի է առնում՝

ա) մեղմացնող հանգամանքները, ինչպիսիք են՝

i) այն հանգամանքները, որոնք բավարար հիմք չեն քրեական պատասխանատվությունից ազատելու համար, ինչպես օրինակ՝ մտավոր ունակությունների ցուցանիշի էական նվազեցումը կամ ճնշումը,

ii) դատապարտված անձի վարքագիծն արարքը կատարելուց հետո, ներառյալ՝ տուժողներին պատճառված վնասի հատուցման ուղղությամբ անձի գործադրած ջանքերը, և Դատարանի հետ համագործակցությունը.

բ) որպես ծանրացնող հանգամանքներ՝

i) Դատարանի իրավազորությանը պատկանող հանցագործությունների կամ համանման բնույթի հանցագործությունների համար ցանկացած վերաբերելի նախկին դատվածություն,

ii) լիազորությունների կամ պաշտոնեական դիրքի չարաշահումը,

iii) հանցագործության կատարումն այնպիսի հանգամանքներում, երբ տուժողն առավել քան անպաշտպան է,

iv) հանցագործության կատարումն առանձնակի դաժանությամբ կամ մեծ թվով տուժողների նկատմամբ,

v) հանցագործության կատարումը 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված որևէ հիմքով խտրականության հետ կապված որևէ շարժառիթով,

vi) այլ հանգամանքներ, որոնք թեպետ վերևում թվարկված չեն, սակայն իրենց բնույթով համանման են նշվածներին:

3. Ցմահ ազատազրկում կարող է նշանակվել այն դեպքերում, երբ դա արդարացված է հանցագործության ծայրահեղ ծանր բնույթով և դատապարտյալի անձնական հանգամանքներով, որոնք հաստատվում են մեկ կամ ավելի ծանրացնող հանգամանքների առկայությամբ:

 

Կանոն 146

77-րդ հոդվածի համաձայն տուգանք նշանակելը

 

1. 77-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան տուգանք նշանակելու անհրաժեշտությունը որոշելիս և տուգանքի չափը սահմանելիս Դատարանը որոշում է՝ արդյոք ազատազրկումը բավարար պատիժ է: Դատարանը պատշաճորեն հաշվի է առնում դատապարտյալի ֆինանսական դրությունը, ներառյալ՝ 77-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն բռնագրավման վերաբերյալ ցանկացած կարգադրություն և անհրաժեշտության դեպքում՝ 75-րդ հոդվածին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ ցանկացած կարգադրություն: 145-րդ կանոնում նշված գործոններից բացի՝ Դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, թե հանցագործություն կատարելով՝ անձը հետապնդել է արդյոք և որքանով է հետապնդել անձնական ֆինանսական շահ:

2. 77-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան նշանակվող տուգանքը սահմանվում է համապատասխան չափով: Այդ նպատակով Դատարանը, վերը նշված գործոններից բացի, մասնավորապես հաշվի է առնում պատճառված վնասը և վնասվածքները, ինչպես նաև այն համաչափ օգուտը, որը հանցագործություն կատարողն ստացել է հանցագործության հետևանքով: Տուգանքի ընդհանուր գումարը որևէ պարագայում չի կարող գերազանցել դատապարտյալի շոշափելի, իրացվելի ակտիվների և գույքի արժեքի 75 տոկոսը՝ դատապարտյալի և նրա խնամքին գտնվող անձանց ֆինանսական պահանջների բավարարման համար անհրաժեշտ համապատասխան գումարը նվազեցնելուց հետո:

3. Տուգանք նշանակելիս Դատարանը դատապարտյալին տրամադրում է ողջամիտ ժամկետ, որի ընթացքում նա պետք է վճարի տուգանքը: Դատարանը կարող է նախատեսել այդ ժամանակահատվածում գումարի միանվագ կամ մաս-մաս վճարում:

4. Տուգանք նշանակելիս Դատարանը կարող է որպես տարբերակ հաշվարկել այն՝ օգտագործելով տուգանքի՝ օրական վճարման համակարգը: Այդպիսի դեպքերում նվազագույն տևողությունը կազմում է 30 օր, իսկ առավելագույնը՝ 5 տարի: Դատարանը որոշում է տուգանքի ընդհանուր չափը 1-ին և 2-րդ ենթականոններին համապատասխան: Դատարանը որոշում է օրական վճարման չափը՝ հաշվի առնելով դատապարտյալի անձնական հանգամանքները, այդ թվում՝ նրա խնամքի տակ գտնվող անձանց ֆինանսական կարիքները:

5. Եթե դատապարտյալը չի վճարում վերոշարադրյալ պայմաններին համապատասխան նշանակված տուգանքը, ապա Դատարանը կարող է ձեռնարկել պատշաճ միջոցներ՝ 217-222-րդ կանոններին և 109-րդ հոդվածին համապատասխան: Եթե Տուգանքը շարունակաբար և դիտավորյալ չվճարելու դեպքերում Նախագահությունն իր նախաձեռնությամբ կամ Դատախազի դիմումով հավաստիանում է, որ սպառված են բոլոր հասանելի հարկադրանքի միջոցները, ապա կարող է որպես վերջին միջոց երկարաձգել ազատազրկման ժամկետը՝ այդ ժամկետի մեկ քառորդը կամ հինգ տարին չգերազանցող ժամանակահատվածով՝ պայմանավորված այն հանգամանքով, թե որ ժամկետն է ավելի կարճ: Երկարաձգման այդ ժամկետը սահմանելիս Նախագահությունը հաշվի է առնում նշանակված և վճարված տուգանքի գումարը: Այդպիսի երկարաձգում չի կիրառվում ցմահ ազատազրկման դեպքում: Երկարաձգման հետևանքով ազատազրկման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 30 տարին:

6. Այդ երկարաձգման և դրա ժամկետի վերաբերյալ կարգադրություն արձակելու անհրաժեշտությունը որոշելու նպատակով Նախագահությունը in camera նիստ է անցկացնում՝ դատապարտված անձի և Դատախազի կարծիքները պարզելու համար: Դատապարտված անձն իրավունք ունի դիմելու պաշտպանի օգնությանը:

7. Տուգանք նշանակելիս Դատարանը դատապարտյալին նախազգուշացնում է, որ վերևում սահմանված պայմաններին համապատասխան տուգանքի չվճարումը կարող է հանգեցնել սույն կանոնով նախատեսված՝ ազատազրկման ժամկետի երկարաձգման:

 

Կանոն 147

Բռնագրավման վերաբերյալ կարգադրությունները

 

1. 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին և 63-րդ կանոնի 1-ին ենթականոնին և 143-րդ կանոնին համապատասխան՝ բռնագրավման վերաբերյալ կարգադրություն արձակելու հարցի քննարկման նպատակով լսման ժամանակ Պալատը հետազոտում է հանցագործության կատարման հետևանքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացված կոնկրետ եկամուտների, գույքի կամ ակտիվների հայտնաբերմանը և գտնվելու վայրին վերաբերող ապացույցները:

2. Եթե լսումից առաջ կամ դրա ընթացքում Պալատին հայտնի է դառնում որևէ bona fide (բարեխիղճ) երրորդ կողմի գոյության փաստը, որը թերևս ունի շահեր՝ համապատասխան եկամուտների, գույքի կամ ակտիվների առնչությամբ, ապա այն ծանուցում է այդ երրորդ կողմին:

3. Դատախազը, դատապարտյալը կամ ցանկացած bona fide երրորդ կողմ, որն ունի շահեր՝ համապատասխան եկամուտների, գույքի կամ ակտիվների առնչությամբ, կարող են ներկայացնել այդ հարցին վերաբերող ապացույցներ:

4. Պալատը ներկայացված ապացույցները քննության առնելուց հետո կարող է արձակել կոնկրետ եկամուտների, գույքի կամ ակտիվների մասով բռնագրավման վերաբերյալ կարգադրություն, եթե հաստատված է համարում, որ դրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվել են հանցագործության կատարման հետևանքով:

 

Կանոն 148

Տուգանքները և բռնագրավված գույքը Նպատակային ֆոնդին փոխանցելու մասին կարգադրությունները

 

Մինչև 79-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան կարգադրություն արձակելը Պալատը կարող է դիմել Ֆոնդի ներկայացուցիչներին՝ իրեն գրավոր կամ բանավոր դիտարկումներ ներկայացնելու խնդրանքով:

 

Գլուխ 8.

Բողոքարկումը և վերանայումը

 

Բաժին I.

Ընդհանուր դրույթներ

 

Կանոն 149

Վերաքննիչ պալատում վարույթը կարգավորող կանոնները

 

Մինչդատական վարույթի պալատում և Դատական պալատում վարույթները և ապացույցների ներկայացումը կարգավորող Մաս 5-ն ու Մաս 6-ը և կանոնները կիրառվում են mutatis mutandis Վերաքննիչ պալատում վարույթի նկատմամբ:

 

Բաժին II.

Մեղավոր ճանաչելու, արդարացնելու մասին որոշումների, պատժի և վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունների դեմ ներկայացված բողոքները

 

Կանոն 150

Բողոքները

 

1. Հաշվի առնելով 2-րդ ենթականոնը՝ 74-րդ հոդվածին համապատասխան մեղավոր ճանաչելու կամ արդարացման մասին որոշման, 76-րդ հոդվածին համապատասխան նշանակված պատժի կամ 75-րդ հոդվածին համապատասխան վնասի հատուցման մասին կարգադրության դեմ բողոքը կարող է ներկայացվել ոչ ուշ, քան բողոքը ներկայացնող կողմին որոշման, նշանակված պատժի կամ վնասի հատուցման վերաբերյալ կարգադրության մասին ծանուցելու ամսաթվից 30 օր հետո:

2. Վերաքննիչ պալատը կարող է ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքում երկարաձգել 1-ին ենթականոնով սահմանված ժամկետը՝ բողոք ներկայացնել ցանկացող կողմի դիմումի հիման վրա:

3. Բողոքը ներկայացվում է Քարտուղարին:

4. Եթե 1-3-րդ ենթականոններով սահմանված կարգով բողոքը չի ներկայացվում, ապա Դատական պալատի որոշումը, նրա նշանակած պատիժը կամ վնասի հատուցման վերաբերյալ նրա կարգադրությունը դառնում է վերջնական:

 

Կանոն 151

Բողոքարկման ընթացակարգը

 

1. 150-րդ կանոնին համապատասխան բողոք ներկայացվելու դեպքում Քարտուղարը դատաքննության արձանագրությունը փոխանցում է Վերաքննիչ պալատին:

2. Քարտուղարը Դատական պալատում վարույթին մասնակցած բոլոր կողմերին ծանուցում է բողոքի ներկայացման մասին:

 

Կանոն 152

Բողոքից հրաժարվելը

 

1. Բողոք ներկայացրած ցանկացած կողմ կարող է ցանկացած ժամանակ՝ մինչև դատավճիռը կայացվելը, հրաժարվել բողոքից: Այս դեպքում կողմը Քարտուղարին ներկայացնում է բողոքից հրաժարվելու մասին գրավոր ծանուցում: Քարտուղարը մյուս կողմերին տեղեկացնում է այդպիսի ծանուցում ներկայացվելու մասին:

2. Եթե Դատախազը բողոք է ներկայացրել դատապարտյալի անունից՝ 81-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան, ապա մինչև բողոքից հրաժարվելու մասին որևէ ծանուցում ներկայացնելը Դատախազը դատապարտյալին տեղեկացնում է, որ նա մտադիր է հրաժարվել բողոքից, որպեսզի նրան ընձեռի բողոքարկման վարույթը շարունակելու հնարավորություն:

 

Կանոն 153

Վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունների դեմ ներկայացված բողոքներով դատավճիռը

 

1. Վերաքննիչ պալատը կարող է հաստատել, բեկանել կամ փոփոխել 75-րդ հոդվածին համապատասխան արձակված՝ վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունը:

2. Վերաքննիչ պալատի դատավճիռը կայացվում է 83-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան:

 

Բաժին III.

Այլ որոշումների դեմ ներկայացված բողոքները

 

Կանոն 154

Դատարանի թույլտվությունը չպահանջող բողոքները

 

1. 81-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի «ii» պարբերության կամ 82-րդ հոդվածի 1-ին կետի «ա» կամ «բ» ենթակետերի համաձայն բողոք կարող է ներկայացվել ոչ ուշ, քան բողոքը ներկայացնող կողմին որոշման մասին ծանուցելու ամսաթվից հինգ օր հետո:

2. 82-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն բողոք կարող է ներկայացվել ոչ ուշ, քան բողոքը ներկայացնող կողմին որոշման մասին ծանուցելու ամսաթվից երկու օր հետո:

3. 150-րդ կանոնի 3-րդ և 4-րդ ենթականոնները կիրառվում են սույն կանոնի 1-ին և 2-րդ ենթականոնների համաձայն ներկայացվող բողոքների նկատմամբ:

 

Կանոն 155

Դատարանի թույլտվությունը պահանջող բողոքները

 

1. Երբ կողմը ցանկանում է բողոքարկել 82-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի կամ 82-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կայացված որոշումը, այդ կողմն այդ որոշման մասին ծանուցվելու պահից 5 օրվա ընթացքում գրավոր դիմում է ներկայացնում որոշումը կայացրած Պալատ՝ նշելով բողոքարկման թույլտվության դիմում ներկայացնելու պատճառները:

2. Պալատը որոշում է կայացնում և ծանուցում է բոլոր կողմերին, որոնք մասնակցել են 1-ին ենթականոնում նշված որոշման ընդունմանը հանգեցրած վարույթին:

 

Կանոն 156

Բողոքարկման ընթացակարգը

 

1. 154-րդ կանոնին համապատասխան բողոք ներկայացվելուց կամ 155-րդ կանոնին համապատասխան բողոքարկման թույլտվություն ստացվելուց անմիջապես հետո Քարտուղարը Վերաքննիչ պալատին է փոխանցում բողոքարկման առարկա համարվող որոշումը կայացրած Պալատի վարույթի արձանագրությունը:

2. Քարտուղարը բողոքարկման մասին ծանուցում է բոլոր կողմերին, որոնք մասնակցել են բողոքարկման առարկա համարվող որոշումը կայացրած Պալատի վարույթին, եթե նրանց արդեն իսկ չի ծանուցել Պալատը՝ 155-րդ կանոնի 2-րդ ենթականոնին համապատասխան:

3. Վերաքննիչ վարույթն իրականացվում է գրավոր, եթե Վերաքննիչ պալատը չի կայացնում լսում անցկացնելու մասին որոշում:

4. Բողոքը լսվում է հնարավորինս առանց ձգձգումների:

5. Բողոքը ներկայացնելիս բողոքարկող կողմը կարող է խնդրել, որ բողոքարկմամբ կասեցվի քննությունը՝ 82-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան:

 

Կանոն 157

Բողոքից հրաժարվելը

 

154-րդ կանոնին համապատասխան բողոք ներկայացրած կամ 155-րդ կանոնին համապատասխան որոշման բողոքարկման վերաբերյալ Պալատի թույլտվությունն ստացած ցանկացած կողմ կարող է ցանկացած ժամանակ՝ մինչև դատավճռի կայացումը, հրաժարվել բողոքից: Այդ դեպքում կողմը Քարտուղարին է ներկայացնում բողոքից հրաժարվելու մասին գրավոր ծանուցում: Քարտուղարը մյուս կողմերին տեղեկացնում է այդպիսի ծանուցում ներկայացվելու մասին:

 

Կանոն 158

Բողոքի վերաբերյալ դատավճիռը

 

1. Վերաքննիչ պալատը, որը քննության է առնում սույն բաժնում նշված որևէ բողոք, կարող է հաստատել, բեկանել կամ փոփոխել բողոքարկվող որոշումը:

2. Վերաքննիչ պալատի դատավճիռը կայացվում է 83-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան:

 

Բաժին IV.

Մեղադրական դատավճռի կամ նշանակված պատժի վերանայումը

 

Կանոն 159

Վերանայման վերաբերյալ դիմումը

 

1. 84-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վերանայման վերաբերյալ դիմումը ներկայացվում է գրավոր և դրանում շարադրվում են վերանայում պահանջելու հիմքերը: Այն հնարավորինս ուղեկցվում է հիմնավորող նյութերով:

2. Դիմումը քննության ենթակա լինելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Վերաքննիչ պալատի դատավորների մեծամասնությամբ և հիմնավորվում է հիմքերի գրավոր շարադրմամբ:

3. Որոշման մասին ծանուցումն ուղարկվում է դիմումատուին և հնարավորության դեպքում՝ բոլոր կողմերին, որոնք մասնակցել են սկզբնական որոշմանը հանգեցրած վարույթին:

 

Կանոն 160

Վերանայման նպատակով տեղափոխումը

 

1. 161-րդ կանոնով նախատեսված լսումն անցկացնելու նպատակով համապատասխան Պալատն իր կարգադրությունն արձակում է բավականաչափ նախապես, որ հնարավոր լինի դատապարտված անձին անհրաժեշտության դեպքում տեղափոխել Դատարանի նստավայր:

2. Դատարանի որոշումն անհապաղ ուղարկվում է պատժի կատարման պետությանը:

3. 206-րդ կանոնի 3-րդ ենթականոնի դրույթները կիրառելի են:

 

Կանոն 161

Վերանայման մասին որոշումը

 

1. Համապատասխան Պալատի կողմից սահմանված ամսաթվին, որի մասին այն կհաղորդի դիմումատուին և բոլոր անձանց, որոնք ստացել են 159-րդ կանոնի 3-րդ ենթականոնով նախատեսված ծանուցումը, այդ Պալատն անցկացնում է լսում՝ որոշելու համար, թե արդյոք պետք է վերանայել մեղադրական դատավճիռը կամ նշանակված պատիժը:

2. Լսում անցկացնելու նպատակով համապատասխան Պալատն իրականացնում է, mutatis mutandis, Դատական պալատի բոլոր լիազորությունները՝ Մաս 6-ի և Մինչդատական վարույթի պալատում և Դատական պալատում վարույթները և ապացույցների ներկայացումը կարգավորող կանոնների համաձայն:

3. Վերանայման մասին որոշումը կարգավորվում է 83-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառելի դրույթներով:

 

Գլուխ 9.

Դատարանի դեմ ուղղված հանցագործությունները և Դատարանի նկատմամբ անթույլատրելի վարքագիծը

 

Բաժին I.

Արդարադատության իրականացման դեմ ուղղված հանցագործությունները՝ 70-րդ հոդվածի համաձայն

 

Կանոն 162

Իրավազորության իրականացումը

 

1. Մինչև իրավազորության իրականացման վերաբերյալ որոշում ընդունելը Դատարանը կարող է խորհրդակցություններ անցկացնել այն Մասնակից պետությունների հետ, որոնք կարող են իրավազորություն ունենալ հանցագործության նկատմամբ:

2. Իրավազորության իրականացման վերաբերյալ որոշում ընդունելիս Դատարանը կարող է հաշվի առնել, մասնավորապես՝

ա) Մասնակից պետությունում քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունն ու արդյունավետությունը,

բ) հանցագործության ծանրությունը,

գ) 70-րդ հոդվածով նախատեսված մեղադրանքները և 5-8-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքները միավորելու հնարավորությունը,

դ) վարույթն արագացված կարգով իրականացնելու անհրաժեշտությունը,

ե) Դատարանում ընթացող քննության կամ դատաքննության հետ կապերը, և

զ) ապացույցների վերաբերյալ նկատառումները:

3. Դատարանը դրական լույսի ներքո է դիտարկում Դատարանի նստավայր-պետության՝ այնպիսի դեպքերում Դատարանի կողմից իրավազորության իրականացումից հրաժարվելու մասին դիմումը, երբ Դատարանի նստավայր-պետությունն այդ հրաժարումը համարում է հատկապես կարևոր:

4. Եթե Դատարանն ընդունում է իր իրավազորությունը չիրականացնելու վերաբերյալ որոշում, ապա այն կարող է Մասնակից պետությանը խնդրել իրավազորություն իրականացնել 70-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան:

 

Կանոն 163

Կանոնադրության և Կանոնների կիրառումը

 

1. Եթե 162-րդ կանոնի 2-րդ և 3-րդ ենթականոններով և 164-169-րդ կանոններով այլ բան նախատեսված չէ, ապա Կանոնադրությունը և Կանոնները կիրառվում են mutatis mutandis՝ 70-րդ հոդվածով սահմանված հանցագործությունների առնչությամբ Դատարանի կողմից իրականացվող քննության, քրեական հետապնդման և պատժի նշանակման նկատմամբ:

2. Մաս 2-ի դրույթները և դրան վերաբերող ցանկացած կանոն չեն կիրառվում՝ բացառությամբ 21-րդ հոդվածի:

3. Մաս 10-ի դրույթները և դրան վերաբերող ցանկացած կանոն չեն կիրառվում՝ բացառությամբ 103-րդ, 107-րդ, 109-րդ և 111-րդ հոդվածների:

 

Կանոն 164

Վաղեմության ժամկետները

 

1. Եթե Դատարանն իրականացնում է իրավազորություն՝ 162-րդ կանոնին համապատասխան, ապա այն կիրառում է սույն կանոնով սահմանված վաղեմության ժամկետները:

2. 70-րդ հոդվածով սահմանված հանցագործությունների նկատմամբ կիրառվում է հանցագործությունը կատարելու ամսաթվից հաշված 5-ամյա վաղեմության ժամկետ՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում չի նախաձեռնվել քննություն, կամ չի իրականացվել քրեական հետապնդում: Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե այդ ժամանակահատվածում նախաձեռնվել է քննություն, կամ իրականացվել է քրեական հետապնդում Դատարանում կամ այն Մասնակից պետության կողմից, որը 70-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան ունի իրավազորություն այդ գործի նկատմամբ:

3. 70-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատիժների կատարման նկատմամբ կիրառվում է պատիժը վերջնական դառնալու ամսաթվից հաշված 10-ամյա վաղեմության ժամկետ: Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է դատապարտյալի կալանավորմամբ, կամ քանի դեռ համապատասխան անձը գտնվում է Մասնակից պետությունների տարածքից դուրս:

 

Կանոն 165

Քննությունը, քրեական հետապնդումը և դատաքննությունը

 

1. Դատախազը կարող է իր նախաձեռնությամբ, Պալատից կամ ցանկացած վստահելի աղբյուրից ստացված տեղեկությունների հիման վրա, նախաձեռնել և վարել 70-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների քննությունը:

2. 53-րդ և 59-րդ հոդվածները և դրանց վերաբերող ցանկացած կանոն չեն կիրառվում:

3. 61-րդ հոդվածի նպատակներով Մինչդատական վարույթի պալատը կարող է կայացնել այդ հոդվածով նախատեսված ցանկացած որոշում՝ գրավոր փաստաթղթերի հիման վրա, առանց լսում անցկացնելու, եթե արդարադատության շահերից ելնելով՝ այլ բան չի պահանջվում:

4. Դատական պալատը, համապատասխան դեպքերում և հաշվի առնելով պաշտպանության կողմի իրավունքները, կարող է տալ 70-րդ հոդվածով նախատեսված մեղադրանքները 5-8-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների հետ միավորելու մասին ցուցում:

 

Կանոն 166

Պատիժները՝ 70-րդ հոդվածի համաձայն

 

1. Եթե Դատարանը նշանակում է պատիժներ 70-րդ հոդվածի առնչությամբ, ապա կիրառվում է սույն կանոնը:

2. 77-րդ հոդվածը և դրան վերաբերող ցանկացած կանոն չեն կիրառվում՝ բացառությամբ 77-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն բռնագրավման վերաբերյալ կարգադրության, որը կարող է սահմանվել՝ ի լրումն ազատազրկման կամ տուգանքին կամ երկուսին:

3. Տուգանքները կարող են նշանակվել յուրաքանչյուր հանցագործության համար առանձին, և այդ տուգանքները կարող են գումարվել: Տուգանքի ընդհանուր գումարը որևէ պարագայում չի կարող գերազանցել դատապարտյալի՝ շոշափելի իրացվելի ակտիվների և գույքի արժեքի 50 տոկոսը՝ համապատասխան այն գումարը նվազեցնելուց հետո, որը բավարարել է դատապարտյալի և նրա խնամքին գտնվող անձանց ֆինանսական կարիքները հոգալու համար:

4. Տուգանք նշանակելիս Դատարանը դատապարտյալին տրամադրում է ողջամիտ ժամկետ, որի ընթացքում նա պետք է վճարի տուգանքը: Դատարանը կարող է նախատեսել այդ ժամանակահատվածում գումարի միանվագ կամ մաս-մաս վճարում:

5. Եթե դատապարտյալը չի վճարում 4-րդ ենթականոնում սահմանված պայմաններին համապատասխան նշանակված տուգանքը, ապա Դատարանը կարող է ձեռնարկել պատշաճ միջոցներ՝ 217-222-րդ կանոններին և 109-րդ հոդվածին համապատասխան: Եթե տուգանքը շարունակաբար և դիտավորյալ չվճարելու դեպքերում Դատարանն իր նախաձեռնությամբ կամ Դատախազի դիմումով հավաստիանում է, որ բոլոր հասանելի հարկադրանքի միջոցները սպառված են, ապա այն կարող է որպես վերջին միջոց սահմանել ազատազրկման ժամկետ՝ 70-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան: Ազատազրկման այդպիսի ժամկետը որոշելիս Դատարանը հաշվի է առնում տուգանքի վճարված գումարը:

 

Կանոն 167

Միջազգային համագործակցությունը և դատական աջակցությունը

 

1. 70-րդ հոդվածում նշված հանցագործությունների կապակցությամբ Դատարանը կարող է պետությանը ներկայացնել դիմում առ այն, որ այն ապահովի միջազգային համագործակցություն կամ տրամադրի դատական աջակցություն՝ ցանկացած ձևով, որը համապատասխանում է Մաս 9-ով սահմանված ձևերին: Ցանկացած այդպիսի դիմումի մեջ Դատարանը նշում է, որ այդ դիմումի համար հիմք է կազմում 70-րդ հոդվածում նշված հանցագործությունների առնչությամբ իրականացվող քննությունը կամ քրեական հետապնդումը:

2. 70-րդ հոդվածում նշված հանցագործությունների առնչությամբ միջազգային համագործակցություն ապահովելու կամ Դատարանին դատական աջակցություն տրամադրելու պայմանները 70-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված պայմաններն են:

 

Կանոն 168

Ne bis in idem (նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության բացառումը)

 

Ինչ վերաբերում է 70-րդ հոդվածում նշված հանցագործություններին, ապա որևէ անձ Դատարանի կողմից չի կարող դատապարտվել այն հանցագործության հիմքը կազմող վարքագծի համար, որի համար այդ անձն արդեն դատապարտվել կամ արդարացվել է Դատարանի կամ մեկ այլ դատարանի կողմից:

 

Կանոն 169

Անհապաղ կալանավորումը

 

70-րդ հոդվածում նշված ենթադրյալ հանցագործության դեպքում, որը կատարվել է Պալատի անդամների ներկայությամբ, Դատախազը կարող է այդ Պալատին բանավոր խնդրել, որ արձակի համապատասխան անձի անհապաղ կալանավորման մասին կարգադրություն:

 

Բաժին II.

Դատարանում անթույլատրելի վարքագիծը ՝ 71-րդ հոդվածի համաձայն

 

Կանոն 170

Վարույթը ձախողելը

 

Հաշվի առնելով 63-րդ հոդվածի 2-րդ կետը՝ գործը քննող Պալատի նախագահող դատավորը նախազգուշացումից հետո կարող է՝

ա) կարգադրել, որ Դատարանում վարույթը ձախողող անձը հեռանա կամ հեռացվի նիստերի դահլիճից, կամ

բ) կրկնվող անթույլատրելի վարքագծի դեպքում կարգադրել, որ այդ անձին արգելվի ներկա գտնվել վարույթին:

 

Կանոն 171

Դատարանի ցուցումը կատարելուց հրաժարվելը

 

1. Երբ անթույլատրելի վարքագիծը դրսևորվում է Դատարանի՝ 170-րդ կանոնում չընդգրկված բանավոր կամ գրավոր ցուցումը կատարելուց դիտավորյալ հրաժարվելու ձևով, և այդ ցուցումն ուղեկցվում է խախտման դեպքում պատժամիջոցներ կիրառելու մասին նախազգուշացմամբ, գործը քննող Պալատի նախագահող դատավորը կարող է կարգադրել, որ այդ անձին արգելվի 30 օրը չգերազանցող ժամանակահատվածում ներկա գտնվել վարույթին, կամ եթե անթույլատրելի վարքագիծն առավել լուրջ բնույթ է կրում, ապա սահմանել տուգանք:

2. Եթե 1-ին ենթականոնում ներկայացված անթույլատրելի վարքագիծ դրսևորող անձը Դատարանի պաշտոնատար անձ է կամ պաշտպանն է կամ տուժողների օրինական ներկայացուցիչն է, ապա գործը քննող Պալատի նախագահող դատավորը կարող է նաև կարգադրել, որ այդ անձին արգելվի Դատարանում կատարել իր գործառույթները՝ 30 օրը չգերազանցող ժամանակահատվածում:

3. Եթե Նախագահող դատավորը 1-ին և 2-րդ ենթականոններում նշված դեպքերում անհրաժեշտ է համարում սահմանել արգելքի ավելի երկար ժամկետ, ապա նա կարող է այդ հարցը հանձնել Նախագահության քննարկմանը, որը կարող է անցկացնել լսում՝ որոշելու համար, թե արդյոք պետք է արձակել արգելքի ավելի երկարաժամկետ կամ անժամկետ արգելք սահմանելու վերաբերյալ կարգադրություն:

4. 1-ին ենթականոնի համաձայն սահմանված տուգանքը չի կարող գերազանցել 2000 եվրոն կամ համարժեք գումարը ցանկացած արժույթով՝ պայմանով, որ շարունակվող անթույլատրելի վարքագծի դեպքում կարող է սահմանվել նոր տուգանք՝ շարունակվող անթույլատրելի վարքագծի դրսևորման յուրաքանչյուր օրվա համար, և այդ տուգանքները գումարվում են:

5. Մինչև անթույլատրելի վարքագծի համար սույն կանոնում ներկայացված պատժամիջոցները կիրառելը համապատասխան անձին տրվում է լսվելու հնարավորություն:

 

Կանոն 172

70-րդ և 71-րդ հոդվածներով նախատեսված վարքագիծը

 

Եթե 71-րդ հոդվածով նախատեսված վարքագիծը 70-րդ հոդվածում սահմանված հանցագործություններից մեկն է, ապա Դատարանը գործում է 70-րդ հոդվածին և 162-169-րդ կանոններին համապատասխան:

 

Գլուխ 10.

Կալանավորված կամ մեղավոր ճանաչված անձին տրվող փոխհատուցումը

 

Կանոն 173

Փոխհատուցման դիմումը

 

1. Յուրաքանչյուր ոք, ով պահանջում է փոխհատուցում 85-րդ հոդվածում նշված որևէ հիմքով, գրավոր դիմում է ներկայացնում Նախագահություն, որն այդ դիմումը քննելու համար նշանակում է երեք դատավորից կազմված Պալատ: Այդ դատավորները չպետք է մասնակցած լինեն դիմում ներկայացրած անձի նկատմամբ Դատարանի դատավճռի կայացման ավելի վաղ գործընթացին:

2. Փոխհատուցման դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան դիմում ներկայացնող անձին Դատարանի՝ հետևյալի վերաբերյալ որոշման մասին ծանուցելու ամսաթվից վեց ամսվա ընթացքում.

ա) 85-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ձերբակալման կամ կալանավորման անօրինականությունը,

բ) 85-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն մեղադրական դատավճիռը չեղյալ հայտարարելը,

գ) 85-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն լուրջ և կոպիտ դատական սխալի առկայությունը:

3. Դիմումի մեջ նշվում են հիմքերը և հայցվող փոխհատուցման գումարը:

4. Փոխհատուցում պահանջող անձն ունի իրավաբանական օգնության իրավունք:

 

Կանոն 174

Փոխհատուցում պահանջելու ընթացակարգը

 

1. Փոխհատուցման դիմումը և դիմում ներկայացնողի ցանկացած այլ գրավոր դիտարկում փոխանցվում են Դատախազին, որն ունի գրավոր պատասխանելու հնարավորություն: Դիմում ներկայացնող անձը ծանուցվում է Դատախազի կողմից ներկայացված ցանկացած դիտարկման մասին:

2. 173-րդ կանոնի 1-ին ենթականոնին համապատասխան նշանակված Պալատը կարող է կամ լսում անցկացնել, կամ հարցի վերաբերյալ որոշում կայացնել դիմումի և Դատախազի ու դիմում ներկայացնող անձի ցանկացած գրավոր դիտարկման հիման վրա: Լսում անցկացվում է այն դեպքում, երբ Դատախազը կամ հատուցում պահանջող անձն այդպիսի դիմում են ներկայացնում:

3. Որոշումն ընդունվում է դատավորների մեծամասնությամբ: Դատախազը և դիմում ներկայացնող անձը ծանուցվում են որոշման մասին:

 

Կանոն 175

Փոխհատուցման գումարը

 

85-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան փոխհատուցման գումարը սահմանելիս 173-րդ կանոնի 1-ին ենթականոնի համաձայն նշանակված Պալատը հաշվի է առնում լուրջ և կոպիտ դատական սխալի հետևանքները դիմում ներկայացնող անձի անձնական, ընտանեկան, սոցիալական և մասնագիտական կարգավիճակի վրա:

 

Գլուխ 11.

Միջազգային համագործակցությունը և դատական աջակցությունը

 

Բաժին I.

87-րդ հոդվածի համաձայն համագործակցության վերաբերյալ դիմումները

 

Կանոն 176

Դատարանի՝ միջազգային համագործակցությանը և դատական աջակցությանը վերաբերող ցանկացած հաղորդակցության փոխանցման և ստացման համար պատասխանատու մարմինները

 

1. Դատարանը հիմնելուն պես և դրանից հետո Քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարից ստանում է 87-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 2-րդ կետի համաձայն պետությունների կողմից ուղարկվող ցանկացած հաղորդակցություն:

2. Քարտուղարը փոխանցում է Պալատների կողմից ներկայացված համագործակցության վերաբերյալ դիմումները և հարցվող պետություններից ստանում է պատասխանները, տեղեկություններն ու փաստաթղթերը: Դատախազի գրասենյակը փոխանցում է Դատախազի կողմից ներկայացված համագործակցության վերաբերյալ դիմումները և հարցվող պետություններից ստանում է պատասխանները, տեղեկություններն ու փաստաթղթերը:

3. Քարտուղարը պետությունների կողմից ուղարկվող ցանկացած այն հաղորդակցության ստացողն է, որը վերաբերում է համագործակցության վերաբերյալ դիմումների ստացումն ապահովող ազգային ուղիների նշանակման հետ կապված հետագա փոփոխություններին, ինչպես նաև այն լեզվի ցանկացած փոփոխությանը, որով պետք է ներկայացվեն համագործակցության վերաբերյալ դիմումները, և համապատասխան դեպքերում այդ տեղեկությունը դիմումի հիման վրա տրամադրում է Մասնակից պետություններին:

4. 2-րդ ենթականոնի դրույթները կիրառվում են mutatis mutandis այն դեպքում, երբ Դատարանը տեղեկությունների և փաստաթղթերի տրամադրման կամ համագործակցության և աջակցության մասին խնդրանքով դիմում է միջկառավարական որևէ կազմակերպության:

5. Քարտուղարը 1-ին և 3-րդ ենթականոններում և 177-րդ կանոնի 2-րդ ենթականոնում նշված հաղորդակցությունները փոխանցում է համապատասխանաբար Նախագահությանը կամ Դատախազի գրասենյակ կամ երկուսին էլ:

 

Կանոն 177

Հաղորդակցության ուղիները

 

1. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու ժամանակ ներկայացվող համագործակցության վերաբերյալ դիմումներն ստանալու համար պատասխանատու ազգային մարմնին վերաբերող հաղորդակցությունները պետք է բովանդակեն այդ մարմինների մասին ամբողջ վերաբերելի տեղեկությունները:

2. Այն դեպքում, երբ որևէ միջկառավարական կազմակերպության խնդրում են Դատարանին աջակցություն ցուցաբերել 87-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, Քարտուղարն անհրաժեշտության դեպքում պարզում է դրա հաղորդակցության ուղին և դրա մասին ձեռք է բերում ամբողջ վերաբերելի տեղեկությունները:

 

Կանոն 178

Մասնակից պետությունների կողմից ընտրվող լեզուն՝ 87-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն

 

1. Երբ հարցվող Մասնակից պետության պաշտոնական լեզուները մի քանիսն են, նա կարող է վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու ժամանակ նշել, որ համագործակցության վերաբերյալ դիմումները և ցանկացած հիմնավորող փաստաթուղթ կարող են կազմվել իր պաշտոնական լեզուներից ցանկացածով:

2. Երբ հարցվող Մասնակից պետությունը վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու ժամանակ չի ընտրել Դատարանի հետ հաղորդակցության լեզուն, համագործակցության վերաբերյալ դիմումը ներկայացվում է կա՛մ Դատարանի աշխատանքային լեզուներից մեկով, կա՛մ ուղեկցվում է այդ լեզուներից որևէ մեկով կատարված թարգմանությամբ՝ 87- րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

 

Կանոն 179

Կանոնադրության մասնակից չհանդիսացող պետություններին ուղղվող դիմումների լեզուն

 

Եթե Կանոնադրության մասնակից չհանդիսացող պետությունը համաձայնել է 87-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան Դատարանին աջակցություն ցուցաբերել և չի ընտրել այն լեզուն, որով այդ դիմումները պետք է ներկայացվեն, ապա համագործակցության վերաբերյալ դիմումները ներկայացվում են կա՛մ Դատարանի աշխատանքային լեզուներից մեկով, կա՛մ ուղեկցվում են այդ լեզուներից որևէ մեկով կատարված թարգմանությամբ:

 

Կանոն 180

Հաղորդակցության ուղիների կամ համագործակցության վերաբերյալ դիմումների ներկայացման լեզուների հետ կապված փոփոխությունները

 

1. Հաղորդակցության ուղիներին կամ պետության կողմից 87-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ընտրված լեզվին վերաբերող փոփոխությունները հնարավորինս սեղմ ժամկետում գրավոր տրամադրվում են Քարտուղարին:

2. Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում Դատարանի կողմից ներկայացված համագործակցության վերաբերյալ դիմումների համար՝ Դատարանի և պետության միջև համաձայնեցված ժամկետում, կամ այդպիսի համաձայնության բացակայության դեպքում՝ Դատարանի կողմից հաղորդակցությունն ստանալուց 45 օր հետո, և բոլոր դեպքերում՝ վնաս չպատճառելով ընթացիկ դիմումներին կամ դիտարկման փուլում գտնվող դիմումներին:

 

Բաժին II.

89-րդ և 90-րդ հոդվածների համաձայն փոխանցման, տարանցիկ տեղափոխման վերաբերյալ դիմումները և զուգահեռ դիմումները

 

Կանոն 181

Ազգային դատարանում գործի ընդունելիության վիճարկումը

 

89-րդ հոդվածի 2-րդ կետում ներկայացված իրավիճակն առաջանալու դեպքում և չխախտելով 19-րդ հոդվածի և 58-62-րդ կանոնների դրույթները, որոնք վերաբերում են Դատարանի իրավազորությունը կամ գործի ընդունելիությունը վիճարկելու դեպքերի նկատմամբ կիրառվող ընթացակարգերին, գործը քննող Պալատն ընդունելիության մասին որոշումը դեռևս ընդունված չլինելու դեպքում միջոցներ է ձեռնարկում անձի կողմից ne bis in idem սկզբունքի հիման վրա ներկայացված բողոքի մասին հարցվող պետությունից ամբողջ վերաբերելի տեղեկությունները ստանալու համար:

 

Կանոն 182

Տարանցիկ տեղափոխման վերաբերյալ դիմումը՝ 89-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետի համաձայն

 

1. 89-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետում ներկայացված իրավիճակներում Դատարանը կարող է տարանցիկ տեղափոխման վերաբերյալ դիմումը ներկայացնել գրավոր հաղորդման փոխանցումն ապահովող ցանկացած միջոցով:

2. 89-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված ժամկետը լրանալու և համապատասխան անձն ազատ արձակվելու դեպքում այդ ազատումը չի խոչընդոտում անձի հետագա կալանավորումը՝ 89-րդ հոդվածի կամ 92-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

 

Կանոն 183

Հնարավոր ժամանակավոր փոխանցումը

 

Հարցվող պետությունը 89-րդ հոդվածի 4-րդ կետում նշված խորհրդակցություններից հետո կարող է ժամանակավորապես փոխանցել համապատասխան անձին՝ հարցվող պետության և Դատարանի միջև սահմանված պայմաններին համապատասխան: Այդ դեպքում անձը Դատարանում ներկայանալու ընթացքում պահվում է արգելանքի տակ և փոխանցվում է հարցվող պետությանը, երբ Դատարան ներկայանալու անհրաժեշտություն այլևս չկա, ամենաուշը՝ վարույթի ավարտից հետո:

 

Կանոն 184

Փոխանցման հետ կապված միջոցառումները

 

1. Հարցվող պետությունն անհապաղ տեղեկացնում է Քարտուղարին, երբ Դատարանի կողմից հետապնդվող անձը կարող է փոխանցվել:

2. Անձը Դատարանին է փոխանցվում հարցվող պետության իշխանությունների և Քարտուղարի միջև համաձայնեցված ժամկետում և կարգով:

3. Եթե հանգամանքների բերումով անձը չի կարող փոխանցվել համաձայնեցված ժամկետում, ապա հարցվող պետության իշխանությունները և Քարտուղարը համաձայնեցնում են անձի փոխանցման նոր ժամկետ և կարգ:

4. Քարտուղարն անձին Դատարան փոխանցելու հետ կապված միջոցառումների առնչությամբ կապ է պահպանում հյուրընկալող պետության իշխանությունների հետ:

 

Կանոն 185

Պատժի ժամկետը լրանալու դեպքերից բացի այլ դեպքերում Դատարանի կողմից սահմանված կալանքից անձին ազատ արձակելը

 

1. Հաշվի առնելով 2-րդ ենթականոնը, եթե Դատարանին փոխանցված անձը Դատարանի կողմից սահմանված կալանքից ազատ է արձակվում այն հիմքով, որ Դատարանը չունի իրավազորություն, 17-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ» կամ «դ» ենթակետերի համաձայն գործն անընդունելի է, 61-րդ հոդվածի համաձայն մեղադրանքները չեն հաստատվել, անձն արդարացվել է դատաքննության ընթացքում կամ բողոքարկման կարգով, կամ որևէ այլ հիմքով, ապա Դատարանը հնարավորինս արագ ձեռնարկում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք այն համարում է պատշաճ անձին, վերջինիս կարծիքը հաշվի առնելով, այն պետությանը փոխանցելու համար, որը պարտավոր է ընդունել նրան, մեկ այլ պետության, որը համաձայն է ընդունել նրան, կամ այն պետությանը, որը պահանջել է հանձնել նրան՝ սկզբնապես փոխանցող պետության համաձայնությամբ: Այս դեպքում հյուրընկալող պետությունն աջակցում է փոխանցմանը՝ 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված համաձայնագրին համապատասխան, ինչպես նաև հարակից միջոցառումների իրականացմանը:

2. Եթե Դատարանը որոշել է, որ գործն անընդունելի է 17-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան, ապա այն համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում անձին այն պետությանը փոխանցելու համար, որում իրականացված քննությունը կամ քրեական հետապնդումը հիմք է եղել ընդունելիության հաջող վիճարկման համար, եթե անձին սկզբնապես փոխանցած պետությունը չի պահանջում վերադարձնել նրան:

 

Կանոն 186

Զուգահեռ դիմումները գործի ընդունելիությունը վիճարկելու համատեքստում

 

Հարցվող պետությունը 90-րդ հոդվածի 8-րդ կետում ներկայացված իրավիճակներում իր որոշման մասին ծանուցում է Դատախազին՝ նրան 19-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան գործելու հնարավորություն ընձեռելու համար:

 

Բաժին III.

Կալանավորման և փոխանցման հետ կապված փաստաթղթերը՝ 91-րդ և 92-րդ հոդվածների համաձայն

 

Կանոն 187

Փոխանցման վերաբերյալ դիմումն ուղեկցող փաստաթղթերի թարգմանությունը

 

67-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի նպատակներով և 117-րդ կանոնի 1-ին ենթականոնին համապատասխան՝ 91-րդ հոդվածով նախատեսված դիմումն ուղեկցվում է ըստ անհրաժեշտության կալանավորման մասին որոշման կամ մեղադրական դատավճռի և Կանոնադրության համապատասխան դրույթների տեքստի այն լեզվով կատարված թարգմանությամբ, որը տվյալ անձը լիովին հասկանում է և որով հաղորդակցվում է:

 

Կանոն 188

Նախնական կալանքից հետո փաստաթղթերի ներկայացման ժամկետը

 

92-րդ հոդվածի 3-րդ կետի նպատակներով՝ հարցվող պետության կողմից փոխանցման վերաբերյալ դիմումը և այն հիմնավորող փաստաթղթերն ստանալու ժամկետը կազմում է 60 օր՝ հաշվված նախնական կալանքի ամսաթվից:

 

Կանոն 189

Դիմումը հիմնավորող փաստաթղթերի փոխանցումը

 

Եթե անձը համաձայնել է փոխանցմանը՝ 92-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխան, և հարցվող պետությունը սկսում է այդ անձին Դատարանին փոխանցելու գործընթացը, ապա Դատարանից չի պահանջվում ներկայացնել 91-րդ հոդվածում ներկայացված փաստաթղթերը, եթե այդ մասին չի նշում հարցվող պետությունը:

 

Բաժին IV

93-րդ հոդվածի համաձայն համագործակցությունը

 

Կանոն 190

Վկաներին առնչվող դիմումն ուղեկցող՝ ինքն իր դեմ ցուցմունք տալու մասին ցուցումը

 

93-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն վկային առնչվող դիմում ներկայացնելիս Դատարանը համապատասխան վկային տրամադրելու նպատակով դիմումին կցում է ինքն իր դեմ ցուցմունք տալու մասին 74-րդ կանոնին վերաբերող ցուցումն այնպիսի լեզվով, որն անձը լիովին հասկանում է և որով հաղորդակցվում է:

 

Կանոն 191

Դատարանի կողմից 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն տրամադրվող երաշխիքները

 

Գործը քննող Պալատը կարող է իր նախաձեռնությամբ կամ Դատախազի, պաշտպանության կողմի կամ համապատասխան վկայի կամ փորձագետի դիմումով ընդունել 93-րդ հոդվածի 2-րդ կետում ներկայացված երաշխիքների տրամադրման մասին որոշում՝ հաշվի առնելով Դատախազի և համապատասխան վկայի կամ փորձագետի կարծիքները:

 

Կանոն 192

Արգելանքի տակ գտնվող անձի փոխանցումը

 

1. Արգելանքի տակ գտնվող անձի՝ 93-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան փոխանցումը Դատարանին կազմակերպվում է համապատասխան ազգային իշխանությունների կողմից՝ համագործակցելով Քարտուղարի և հյուրընկալող պետության իշխանությունների հետ:

2. Քարտուղարն ապահովում է փոխանցման պատշաճ իրականացումը, այդ թվում՝ Դատարանի կողմից սահմանված արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածում անձի նկատմամբ հսկողությունը:

3. Դատարանում արգելանքի տակ գտնվող անձն իրավունք ունի համապատասխան Պալատին առաջադրելու իրեն կալանքի տակ պահելու պայմաններին վերաբերող հարցեր:

4. 93-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան փոխանցման նպատակների իրականացումից հետո Քարտուղարը կազմակերպում է արգելանքի տակ գտնվող անձի վերադարձը հարցվող պետություն:

 

Կանոն 193

Պատժի կատարման պետությունից անձի ժամանակավոր փոխանցումը

 

1. Գործը քննող Պալատը կարող է արձակել Դատարանի կողմից դատապարտված այն անձի՝ պատիժը կատարող պետությունից Դատարանի նստավայր ժամանակավոր փոխանցման մասին կարգադրություն, որի ցուցմունքը կամ այլ ձևով աջակցությունն անհրաժեշտ է Դատարանին: 93-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթները չեն կիրառվում:

2. Քարտուղարն ապահովում է փոխանցման պատշաճ իրականացումը՝ համագործակցելով պատիժը կատարող պետության և հյուրընկալող պետության իշխանությունների հետ: Փոխանցման նպատակներն իրականացվելուց հետո Դատարանը դատապարտյալին վերադարձնում է պատիժը կատարող պետություն:

3. Դատարան ներկայանալու ժամանակահատվածում անձը պահվում է արգելանքի տակ: Դատարանի նստավայրում կալանքի տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածն ամբողջությամբ հանվում է կրելու ենթակա պատժի ժամկետից:

 

Կանոն 194

Դատարանից հայցվող համագործակցությունը

 

1. 93-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան և 96-րդ հոդվածի համաձայն, mutatis mutandis, պետությունը կարող է Դատարանին ուղարկել համագործակցության կամ աջակցության վերաբերյալ դիմում, որը կազմված է կա՛մ Դատարանի աշխատանքային լեզուներից մեկով, կա՛մ ուղեկցվում է այդ լեզուներից որևէ մեկով կատարված թարգմանությամբ:

2. 1-ին ենթականոնում նշված դիմումներն ուղարկվում են Քարտուղարին, որն ըստ անհրաժեշտության դրանք փոխանցում է կա՛մ Դատախազին, կա՛մ համապատասխան Պալատին:

3. Եթե 68-րդ հոդվածի իմաստով պաշտպանական միջոցառումներ են ձեռնարկվել, ապա Դատախազը կամ Պալատը համապատասխանաբար մինչև դիմումի առնչությամբ որոշում ընդունելը հաշվի է առնում այդ միջոցառումների մասին կարգադրությունն արձակած Պալատի կարծիքները, ինչպես նաև համապատասխան տուժողի կամ վկայի կարծիքները:

4. Եթե դիմումը վերաբերում է այն փաստաթղթերին կամ ապացույցներին, որոնք նշված են 93-րդ հոդվածի 10-րդ կետի «բ» ենթակետի «ii» պարբերության մեջ, ապա Դատախազը կամ Պալատը համապատասխանաբար մինչև դիմումին ընթացք տալը ձեռք է բերում համապատասխան պետության գրավոր համաձայնությունը:

5. Եթե Դատարանը որոշում է բավարարել պետությունից ստացված՝ համագործակցության կամ աջակցության վերաբերյալ դիմումը, ապա դիմումը կատարվում է՝ հնարավորինս պահպանելով դիմում ներկայացրած պետության կողմից դիմումի մեջ շարադրված ցանկացած ընթացակարգ և թույլատրելով ապահովել դրանում նշված անձանց ներկայությունը:

 

Բաժին V

98-րդ հոդվածի համաձայն համագործակցությունը

 

Կանոն 195

Տեղեկությունների տրամադրումը

 

1. Եթե հարցվող պետությունը Դատարանին ծանուցում է, որ փոխանցման կամ աջակցության վերաբերյալ դիմումն առաջ է բերում 98-րդ հոդվածի մասով կատարման խնդիր, ապա հարցվող պետությունը տրամադրում է ցանկացած տեղեկություն՝ Դատարանին 98-րդ հոդվածը կիրառելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար: Ցանկացած համապատասխան երրորդ պետություն կամ ուղարկող պետությունը կարող է Դատարանին աջակցություն ցուցաբերելու համար տրամադրել լրացուցիչ տեղեկություններ:

2. Դատարանը, առանց ուղարկող պետության համաձայնության, չի կարող ընթացք տալ անձի փոխանցման վերաբերյալ դիմումին, եթե 98-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն այդ դիմումն անհամատեղելի է այն միջազգային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների հետ, որի համաձայն՝ մինչև անձին Դատարանին փոխանցելն անհրաժեշտ է ձեռք բերել ուղարկող պետության համաձայնությունը:

 

Բաժին VI.

Պայմանների անփոփոխելիության կանոնը՝ 101-րդ հոդվածի համաձայն

 

Կանոն 196

101-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ կարծիքների ներկայացումը

 

Դատարանին փոխանցված անձը կարող է կարծիքներ հայտնել 101-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների ենթադրյալ խախտման վերաբերյալ:

 

Կանոն 197

Փոխանցման ժամկետի երկարաձգումը

 

Եթե Դատարանը պահանջել է հրաժարվել 101-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներից, ապա հարցվող պետությունը Դատարանին կարող է դիմել Դատարանին փոխանցված անձի կարծիքները պարզելու և ներկայացնելու խնդրանքով:

 

Գլուխ 12.

Կատարումը

 

Բաժին I.

Պետությունների դերը` ազատազրկման ձևով պատժի կատարման գործում, և պատժի կատարման նշանակված պետության փոխոխումը՝ 103-րդ և 104-րդ հոդվածների համաձայն

 

Կանոն 198

Դատարանի և պետությունների միջև հաղորդակցությունը

 

Եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, ապա պատիժների կատարմանն առնչվող հարցերի վերաբերյալ Դատարանի և որևէ պետության միջև հաղորդակցության նկատմամբ կիրառվում են համապատասխանաբար 87-րդ հոդվածը և 176-180-րդ կանոնները:

 

Կանոն 199

Մաս 10-ով նախատեսված գործառույթների իրականացման համար պատասխանատու մարմինը

 

Եթե Կանոններով այլ բան նախատեսված չէ, ապա Դատարանի՝ Մաս 10-ով նախատեսված գործառույթներն իրականացնում է Նախագահությունը:

 

Կանոն 200

Պատժի կատարման պետությունների ցանկը

 

1. Դատապարտված անձանց ընդունելու պատրաստակամություն հայտնած պետությունների ցանկը կազմում և վարում է Քարտուղարը:

2. Նախագահությունը որևէ պետության չի ընդգրկում 103-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված ցանկում, եթե այն չի համաձայնում այդ պետության կողմից ներկայացված ընդունման պայմաններին: Նախագահությունը կարող է մինչև որոշում ընդունելն այդ պետությունից պահանջել լրացուցիչ տեղեկություններ:

3. Ընդունման պայմանները ներկայացնող պետությունը կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել այդ պայմանները: Այդ պայմանների ցանկացած փոփոխություն կամ լրացում պետք է հաստատվի Նախագահության կողմից:

4. Պետությունը կարող է ցանկացած ժամանակ Քարտուղարին տեղեկացնել այդ ցանկից դուրս գալու մասին: Դուրս գալը չի անդրադառնում այն անձանց նկատմամբ պատիժների կատարման վրա, որոնց այդ պետությունն արդեն ընդունել է:

5. Դատարանը կարող է պետությունների հետ ձեռք բերել երկկողմ պայմանավորվածություններ՝ Դատարանի կողմից դատապարտված բանտարկյալների ընդունման շրջանակ սահմանելու նպատակով: Այդ պայմանավորվածությունները պետք է համապատասխանեն Կանոնադրությանը:

 

Կանոն 201

Արդարացի բաշխման սկզբունքները

 

103-րդ հոդվածի 3-րդ կետի նպատակներով արդարացի բաշխման սկզբունքները ներառում են հետևյալը.

ա) արդարացի աշխարհագրական բաշխման սկզբունքը,

բ) ցանկում ընդգրկված յուրաքանչյուր պետության դատապարտյալներին ընդունելու հնարավորություն տրամադրելու անհրաժեշտությունը,

գ) այդ պետության և պատժի կատարման այլ պետությունների կողմից արդեն իսկ ընդունված դատապարտյալների թիվը,

դ) ցանկացած այլ վերաբերելի գործոն:

 

Կանոն 202

Դատապարտյալին պատժի կատարման պետություն փոխանցելու ժամկետները

 

Դատարանը դատապարտված անձին չի փոխանցում պատժի կատարման նշանակված պետությանը, եթե մեղավոր ճանաչելու մասին որոշումը և պատժի մասին որոշումը վերջնական չեն դարձել:

 

Կանոն 203

Դատապարտված անձի կարծիքները

 

1. Նախագահությունը գրավոր ծամուցում է դատապարտված անձին, որ այն քննարկում է պատժի կատարման պետության նշանակման հարցը: Դատապարտված անձը Նախագահության կողմից սահմանվող ժամկետում գրավոր Նախագահություն է ներկայացնում տվյալ հարցի վերաբերյալ իր կարծիքը:

2. Նախագահությունը կարող է թույլատրել դատապարտված անձին հանդես գալ բանավոր հայտարարություններով:

3. Նախագահությունը դատապարտված անձին թույլատրում է՝

ա) անհրաժեշտության դեպքում օգտվել գիտակ բանավոր թարգմանչի օգնությունից և ցանկացած գրավոր թարգմանությունից, որոնք անհրաժեշտ են իր կարծիքները ներկայացնելու համար,

բ) ունենալ բավարար ժամանակ և հնարավորություն՝ իր կարծիքները ներկայացնելուն նախապատրաստվելու համար:

 

Կանոն 204

Նշանակմանը վերաբերող տեղեկությունները

 

Նախագահությունը նշանակված պետությանն իր որոշման մասին տեղեկացնելիս փոխանցում է նաև հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.

ա) դատապարտված անձի անունը, քաղաքացիությունը, ծննդյան ամսաթիվը և վայրը,

բ) վերջնական մեղադրական դատավճռի և դրանով նշանակված պատժի պատճենը,

գ) պատժի տևողությունը և այն սկսվելու ամսաթիվը, ինչպես նաև դեռևս կրելու ենթակա ժամկետը,

դ) դատապարտված անձի կարծիքները լսելուց հետո՝ նրա առողջական վիճակի մասին ցանկացած անհրաժեշտ տեղեկություն, ներառյալ՝ նրա բուժման վերաբերյալ տեղեկությունները:

 

Կանոն 205

Կոնկրետ դեպքում նշանակումից հրաժարվելը

 

Եթե պետությունը որևէ կոնկրետ դեպքում հրաժարվում է Նախագահության նշանակումից, ապա Նախագահությունը կարող է նշանակել մեկ այլ պետություն:

 

Կանոն 206

Դատապարտված անձի փոխանցումը պատժի կատարման պետություն

 

1. Քարտուղարը Դատախազին և դատապարտված անձին տեղեկացնում է պատժի կատարման նշանակված պետության մասին:

2. Պատժի կատարման նշանակված պետության ընդունումից հետո հնարավորինս սեղմ ժամկետում դատապարտված անձը փոխանցվում է այդ պետությանը:

3. Քարտուղարը, խորհրդակցելով պատժի կատարման պետության և հյուրընկալող պետության իշխանությունների հետ, ապահովում է անձի փոխանցման պատշաճ իրականացումը:

 

Կանոն 207

Տարանցիկ տեղափոխումը

 

1. Որևէ թույլտվություն չի պահանջվում այն դեպքում, երբ փոխադրումն իրականացվում է օդային ճանապարհով և տարանցիկ պետության տարածքում վայրէջք չի նախատեսվում: Եթե տարանցիկ պետության տարածքում կատարվում է չնախատեսված վայրէջք, ապա այդ պետությունն ազգային իրավունքով թույլատրվող դեպքերում դատապարտված անձին կալանքի տակ է պահում այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացվել 2-րդ ենթականոնով նախատեսված տարանցիկ տեղափոխման վերաբերյալ դիմում կամ 89-րդ հոդվածի 1-ին կետով և կամ 92-րդ հոդվածով նախատեսված՝ փոխանցման վերաբերյալ դիմում:

2. Ազգային իրավունքով թույլատրվող դեպքերում մասնակից պետությունը թույլատրում է իր տարածքով դատապարտված անձի տարանցիկ տեղափոխումը, և համապատասխանաբար կիրառվում են 89-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի, 105-րդ և 108-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև դրանց հետ կապված ցանկացած կանոն: Տարանցիկ տեղափոխման վերաբերյալ այդ դիմումին կցվում է վերջնական մեղադրական դատավճռի և դրանով նշանակված պատժի պատճենը:

 

Կանոն 208

Ծախսերը

 

1. Պատժի կատարման պետության տարածքում պատժի կատարման հետ կապված սովորական ծախսերը կրում է այդ պետությունը:

2. Այլ ծախսեր, ներառյալ՝ դատապարտված անձի փոխադրման ծախսերը և 100-րդ հոդվածի 1-ին կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված ծախսերը կրում է Դատարանը:

 

Կանոն 209

Պատժի կատարման նշանակված պետության փոխոխումը

 

1. Նախագահությունը, իր նախաձեռնությամբ կամ դատապարտված անձի կամ Դատախազի դիմումի հիման վրա, ցանկացած ժամանակ կարող է գործել 104-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:

2. Դատապարտված անձի կամ Դատախազի դիմումը ներկայացվում է գրավոր և բովանդակում է այն հիմքերը, որոնցով հայցվում է փոխանցումը:

 

Կանոն 210

Պատժի կատարման նշանակված պետության փոխոխման ընթացակարգը

 

1. Մինչև պատժի կատարման նշանակված պետության փոփոխման մասին որոշում ընդունելը Նախագահությունը կարող է՝

ա) պարզել պատժի կատարման պետության կարծիքը,

բ) քննարկել դատապարտված անձի և Դատախազի գրավոր կամ բանավոր հայտարարությունները,

գ) քննարկել, inter alia, փորձագետների՝ դատապարտված անձին վերաբերող գրավոր կամ բանավոր եզրակացությունները,

դ) հավաստի աղբյուրներից ստանալ ցանկացած այլ վերաբերելի տեղեկություն:

2. Համապատասխան դեպքերում կիրառվում են 203-րդ կանոնի 3-րդ ենթականոնի դրույթները:

3. Եթե Նախագահությունը հրաժարվում է փոփոխել պատժի կատարման նշանակված պետությունը, ապա այն հնարավորինս սեղմ ժամկետում դատապարտված անձին, Դատախազին և Քարտուղարին տեղեկացնում է իր որոշման և դրա հիմքերի մասին: Այն նաև տեղեկացնում է պատժի կատարման պետությանը:

 

Բաժին II

Պատժի կատարումը, դրա նկատմամբ հսկողությունը և անձի փոխանցումը՝ 105-րդ, 106-րդ և 107-րդ հոդվածների համաձայն

 

Կանոն 211

Պատժի կատարման և ազատազրկման պայմանների նկատմամբ հսկողությունը

 

1. Ազատազրկման ձևով պատիժների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար Նախագահությունը՝

ա) խորհրդակցելով պատժի կատարման պետության հետ՝ ապահովում է, որ Դատարանի հետ ազատազրկման պայմանների վերաբերյալ ցանկացած դատապարտված անձի հաղորդակցվելու իրավունքի իրականացման համար պատշաճ մեխանիզմներ սահմանելիս պահպանվեն 106-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները,

բ) կարող է անհրաժեշտության դեպքում պատժի կատարման պետությունից կամ ցանկացած հավաստի աղբյուրից պահանջել ցանկացած տեղեկություն, զեկույց կամ փորձագիտական եզրակացություն,

գ) կարող է նպատակահարմար լինելու դեպքում պատվիրակել Դատարանի դատավորին կամ Դատարանի աշխատակցին, որը պատժի կատարման պետությանը ծանուցելուց հետո պատասխանատու կլինի, առանց ազգային իշխանությունների ներկայության, դատապարտված անձին հանդիպելու և նրա կարծիքը լսելու համար,

դ) կարող է նպատակահարմար լինելու դեպքում պատժի կատարման պետությանը հնարավորություն ընձեռել մեկնաբանելու դատապարտված անձի կողմից 1-ին ենթականոնի «գ» պարբերության համաձայն արտահայտած կարծիքը:

2. Եթե դատապարտված անձն իրավունք ունի մասնակցելու պատժի կատարման պետության ներպետական իրավունքով սահմանված բանտային որևէ ծրագրի կամ օգտվելու այնպիսի արտոնությունից, որը կարող է ներառել քրեակատարողական հիմնարկից դուրս որոշակի գործունեության իրականացում, ապա պատժի կատարման պետությունն այդ մասին հաղորդում է Նախագահությանը՝ տրամադրելով ցանկացած վերաբերելի տեղեկություն կամ դիտարկում՝ Դատարանին իր հսկողական գործառույթն իրականացնելու հնարավորություն ընձեռելու համար:

 

Կանոն 212

Անձի գտնվելու վայրի մասին տեղեկությունը՝ տուգանքների, բռնագրավման և վնասի հատուցման միջոցների կատարման նպատակով

 

Դատարանի կողմից կարգադրված տուգանքների կամ բռնագրավման, ինչպես նաև վնասի հատուցման միջոցների կատարման նպատակով Նախագահությունը կարող է ցանկացած ժամանակ կամ դատապարտված անձի կողմից կրած պատժի ժամկետի ակնկալվող ավարտից առնվազն 30 օր առաջ պատժի կատարման պետությունից պահանջել, որ իրեն տրամադրի համապատասխան տեղեկություններ՝ այդ պետության՝ անձին իր տարածքում մնալը թույլատրելու մտադրության վերաբերյալ, կամ այն վայրի վերաբերյալ, ուր նա մտադիր է տեղափոխել անձին:

 

Կանոն 213

107-րդ հոդվածի 3-րդ կետի համար նախատեսված ընթացակարգը

 

Ինչ վերաբերում է 107-րդ հոդվածի 3-րդ կետին, ապա անհրաժեշտության դեպքում կիրառվում է 214-րդ և 215-րդ կանոններում սահմանված ընթացակարգը:

 

Բաժին III

Այլ հանցանքների համար քրեական հետապնդման կամ պատժելու սահմանափակումը՝ 108-րդ հոդվածի համաձայն

 

Կանոն 214

Ավելի վաղ դրսևորած վարքագծի համար քրեական հետապնդում իրականացնելու կամ պատժի կատարման վերաբերյալ դիմումը

 

1. 108-րդ հոդվածի կիրառման նպատակով, երբ պատժի կատարման պետությունը ցանկանում է դատապարտված անձի նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում կամ կատարել պատիժը՝ մինչև նրա փոխանցումը դրսևորած վարքագծի համար, նա իր մտադրության մասին ծանուցում է Նախագահությանը և փոխանցում է նրան հետևյալ փաստաթղթերը.

ա) գործի փաստական հանգամանքների շարադրանքը, ինչպես նաև դրանց իրավական որակումը,

բ) ցանկացած կիրառելի իրավական դրույթի, այդ թվում՝ վաղեմության ժամկետների և կիրառելի պատժամիջոցների մասին դրույթների պատճենը,

գ) ցանկացած պատժի, կալանավորման մասին որոշման և հավասարազոր ուժ ունեցող ցանկացած այլ փաստաթղթի կամ ցանկացած այլ դատական կարգադրագրի պատճենը, որը պետությունը մտադիր է կատարել,

դ) արձանագրությունը՝ դատապարտված անձի կարծիքի շարադրմամբ, որը արտահայտվել է այն բանից հետո, երբ այդ անձը բավարար չափով տեղեկացվել է վարույթի մասին:

2. Մեկ այլ պետության կողմից հանձնման դիմում ներկայացվելու դեպքում պատժի կատարման պետությունը փոխանցում է Նախագահությանը ամբողջ դիմումն արձանագրության հետ միասին, որը բովանդակում է դատապարտված անձի կարծիքը, որը նա արտահայտել է այն բանից հետո, երբ բավարար չափով տեղեկացվել է հանձնման դիմումի մասին:

3. Նախագահությունը կարող է բոլոր դեպքերում պատժի կատարման պետությունից կամ հանձնման դիմում ներկայացնող պետությունից պահանջել ցանկացած փաստաթուղթ կամ լրացուցիչ տեղեկություն:

4. Եթե անձը Դատարանին է փոխանցվել պատժի կատարման պետությունից կամ հանձնումը պահանջող պետությունից տարբեր այլ պետության կողմից, ապա Նախագահությունը խորհրդակցում է անձին փոխանցած պետության հետ և հաշվի է առնում այդ պետության կարծիքը:

5. 1-4-րդ ենթականոնների համաձայն Նախագահությանը փոխանցված ցանկացած տեղեկություն կամ փաստաթուղթ ուղարկվում է Դատախազին, որը կարող է ներկայացնել դիտարկումներ:

6. Նախագահությունը կարող է լսում անցկացնելու մասին որոշում կայացնել:

 

Կանոն 215

Քրեական հետապնդում իրականացնելու կամ դատավճռի կատարման վերաբերյալ դիմումին առնչվող որոշումը

 

1. Նախագահությունը որոշում է կայացնում հնարավորինս սեղմ ժամկետում: Վարույթի բոլոր մասնակիցները ծանուցվում են այդ որոշման մասին:

2. Եթե 1-ին կամ 2-րդ ենթականոնների համաձայն ներկայացված դիմումը վերաբերում է պատժի կատարմանը, ապա դատապարտված անձը կարող է այդ պատիժը կրել Դատարանի կողմից սահմանված պատիժը կատարելու համար նրա կողմից նշանակված պետությունում կամ հանձնվել երրորդ պետության՝ միայն Դատարանի կողմից սահմանված պատիժն ամբողջությամբ կրելուց հետո՝ հաշվի առնելով 110-րդ հոդվածի դրույթները:

3. Նախագահությունը կարող է թույլատրել քրեական հետապնդման նպատակով երրորդ պետությանը դատապարտված անձի ժամանակավոր հանձնումը միայն այն դեպքում, երբ ստացել է, նրա կարծիքով, բավարար երաշխիքներ առ այն, որ դատապարտված անձը երրորդ պետությունում կպահվի արգելանքի տակ և քրեական հետապնդումն իրականացվելուց հետո կվերադարձվի Դատարանի կողմից սահմանված պատժի կատարման համար պատասխանատու պետությանը:

 

Կանոն 216

Պատժի կատարման վերաբերյալ տեղեկությունները

 

Նախագահությունը խնդրում է պատժի կատարման պետությանը իրեն տեղեկացնել դատապարտված անձի հետ կապված ցանկացած կարևոր իրադարձության մասին, ինչպես նաև այդ անձի նկատմամբ ցանկացած քրեական հետապնդման մասին, որն իրականացվել է փոխանցումից հետո տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ:

 

Բաժին IV

Տուգանքների, բռնագրավման միջոցների կամ վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունների կատարումը

 

Կանոն 217

Տուգանքների, բռնագրավման կամ վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունների կատարմանն ուղղված համագործակցությունը և միջոցները

 

Տուգանքների, բռնագրավման կամ վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունները կատարելու համար Նախագահությունը, ըստ անհրաժեշտության, հայցում է համագործակցություն և միջոցների ձեռնարկում՝ Մաս 9-ի դրույթների համաձայն կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև համապատասխան կարգադրությունների պատճեններն ուղարկում է ցանկացած պետություն, որի հետ դատապարտված անձը կարող է անմիջական կապ ունենալ նրա քաղաքացիության, գտնվելու վայրի կամ մշտական բնակության վայրի կամ նրա ակտիվների և գույքի գտնվելու վայրի հիմքով, կամ այն պետություն, որի հետ տուժողն ունի այդպիսի կապ: Նախագահությունը, ըստ անհրաժեշտության, պետությանը տեղեկացնում է երրորդ կողմերի ցանկացած պահանջի մասին կամ այն անձի պահանջների բացակայության մասին, որը ծանուցվել է 75-րդ հոդվածին համապատասխան իրականացված ցանկացած վարույթի մասին:

 

Կանոն 218

Բռնագրավման կամ վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունները

 

1. Պետություններին բռնագրավման վերաբերյալ կարգադրությունը կատարելու հնարավորություն ընձեռելու համար կարգադրության մեջ նշվում է՝

ա) այն անձի ինքնությունը, որի նկատմամբ արձակվել է կարգադրությունը,

բ) եկամուտները, գույքը և ակտիվները, որոնց առնչությամբ Դատարանն արձակել է բռնագրավման կարգադրություն, և

գ) այն հանգամանքը, որ եթե Մասնակից պետությունը չի կարող ապահովել նշված եկամուտների, գույքի կամ ակտիվների առնչությամբ արձակված բռնագրավման վերաբերյալ կարգադրության կատարումը, ապա նա միջոցներ է ձեռնարկում դրանց արժեքը գանձելու համար:

2. Համագործակցության և կատարմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դիմումի մեջ Դատարանը նաև ներկայացնում է եկամուտների, գույքի և ակտիվների գտնվելու վայրի մասին առկա տեղեկությունները, որոնց վրա տարածվում է բռնագրավման վերաբերյալ կարգադրությունը:

3. Պետություններին վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունը կատարելու հնարավորություն ընձեռելու համար կարգադրության մեջ նշվում է՝

ա) այն անձի ինքնությունը, որի նկատմամբ արձակվել է կարգադրությունը,

բ) ֆինանսական բնույթի վնասի հատուցման դեպքում՝ տուժողների անունները, որոնց շնորհվել է անհատական վնասի հատուցում, և եթե որպես վնասի հատուցում գանձվող գումարն ի պահ է հանձնվում Նպատակային ֆոնդին, ապա Նպատակային ֆոնդի վավերապայմանները՝ գանձվող գումարն ի պահ հանձնելու նպատակով, և

գ) Դատարանի կողմից կարգադրված՝ վնասի հատուցման ծավալը և բնույթը, ներառյալ՝ կիրառելիության դեպքում այն գույքը և ակտիվները, որոնց համար արձակվել է ռեստիտուցիայի վերաբերյալ կարգադրություն:

4. Եթե Դատարանն անհատապես է շնորհում վնասի հատուցումը, ապա վնասի հատուցման վերաբերյալ կարգադրության պատճենն ուղարկվում է համապատասխան տուժողին:

 

Կանոն 219

Վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունների փոփոխման արգելքը

 

217-րդ կանոնի համաձայն Մասնակից պետություններին վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունների պատճեններն ուղարկելիս Նախագահությունը տեղեկացնում է նրանց, որ ազգային իշխանությունները վնասի հատուցման վերաբերյալ կարգադրության կատարումն ապահովելիս չեն փոփոխում Դատարանի կողմից նշված վնասի հատուցումը, Դատարանի կողմից սահմանված՝ ցանկացած վնասի, կորստի կամ վնասվածքի ծավալը կամ չափը, կամ կարգադրության մեջ նշված սկզբունքները, և աջակցում են այդ կարգադրության կատարմանը:

 

Կանոն 220

Տուգանքներ սահմանող դատավճիռների փոփոխման արգելքը

 

109-րդ հոդվածին և 217-րդ կանոնին համապատասխան կատարումն ապահովելու նպատակով՝ տուգանքներ սահմանող որոշումների պատճենները Մասնակից պետություններին ուղարկելիս Նախագահությունը տեղեկացնում է նրանց, որ սահմանված տուգանքների վերաբերյալ կարգադրությունների կատարումն ապահովելիս ազգային իշխանությունները չեն փոփոխում դրանք:

 

Կանոն 221

Գույքի կամ ակտիվների տնօրինման կամ բաշխման վերաբերյալ որոշումը

 

1. Նախագահությունն անհրաժեշտության դեպքում Դատախազի, դատապարտված անձի, տուժողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների, պատժի կատարման պետության ազգային իշխանությունների կամ ցանկացած համապատասխան երրորդ կողմի կամ 79-րդ հոդվածով նախատեսված՝ Նպատակային ֆոնդի ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց հետո որոշում է ընդունում բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են գույքի կամ ակտիվների տնօրինմանը կամ բաշխմանը, ինչն իրականացվում է Դատարանի կարգադրության կատարման միջոցով:

2. Բոլոր այն դեպքերում, երբ Նախագահությունը որոշում է ընդունում դատապարտված անձին պատկանող գույքի կամ ակտիվների տնօրինման կամ բաշխման վերաբերյալ, այն առաջնահերթություն է տալիս տուժողներին վնասը հատուցելու միջոցների իրականացմանը:

 

Կանոն 222

Աջակցություն հանձնման կամ ցանկացած այլ միջոցի իրականացման գործում

 

Նախագահությունը հարցման հիման վրա աջակցում է պետությանը՝ տուգանքների, բռնագրավման և վնասի հատուցման վերաբերյալ կարգադրությունների կատարման գործում՝ դատապարտված անձին կամ ցանկացած այլ համապատասխան անձանց հանձնելով ցանկացած համապատասխան ծանուցում կամ իրականացնելով ցանկացած այլ միջոցառում, որն անհրաժեշտ է պատժի կատարման պետության ազգային իրավունքով սահմանված կարգով կարգադրության կատարման համար:

 

Բաժին V

Պատժի ժամկետի կրճատման հարցի վերանայումը՝ 110-րդ հոդվածի համաձայն

 

Կանոն 223

Պատժի ժամկետի կրճատման հարցի վերանայման չափորոշիչները

 

110-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերի համաձայն պատժի ժամկետի կրճատման հարցը վերանայելիս Վերաքննիչ պալատի երեք դատավորները հաշվի են առնում 110-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված չափորոշիչները և հետևյալ չափորոշիչները.

ա) կալանքի տակ գտնվելու ընթացքում դատապարտված անձի վարքագիծը, որը վկայում է կատարված հանցագործության առնչությամբ անկեղծ զղջման մասին,

բ) դատապարտված անձին հասարակություն վերադարձնելու և հաջողությամբ վերաինտեգրելու հնարավորությունը,

գ) զգալի սոցիալական անկայունություն չի առաջացնի արդյոք դատապարտյալի վաղաժամկետ ազատ արձակումը,

դ) տուժողների նկատմամբ դատապարտյալի կողմից ձեռնարկված ցանկացած նշանակալի գործողություն, ինչպես նաև վաղաժամկետ ազատ արձակման հետևանքները տուժողների և նրանց ընտանիքների անդամների վրա,

ե) դատապարտված անձի անձնական հանգամանքները, ներառյալ՝ նրա ֆիզիկական կամ հոգեկան առողջական վիճակի վատթարացումը կամ մեծ տարիքը:

 

Կանոն 224

Պատժի ժամկետի կրճատման հարցի վերանայման ընթացակարգը

 

1. 110-րդ հոդվածի 3-րդ կետի կիրառման նպատակով Վերաքննիչ պալատի կողմից նշանակված՝ այդ Պալատի երեք դատավորները լսում են անցկացնում, եթե կոնկրետ դեպքում այլ բան չի որոշվում՝ բացառիկ հանգամանքներով պայմանավորված: Լսումն անցկացվում է դատապարտված անձի ներկայությամբ, որին կարող է աջակցություն ցուցաբերել իր պաշտպանը և անհրաժեշտության դեպքում՝ բանավոր թարգմանիչը: Այդ երեք դատավորները առաջարկում են Դատախազին, 77-րդ հոդվածին համապատասխան պատժի կատարման կամ 75-րդ հոդվածին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ կարգադրության կատարման պետությանը և հնարավորության դեպքում՝ վարույթին մասնակցած տուժողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին՝ մասնակցելու լսմանը կամ ներկայացնելու գրավոր դիտարկումներ: Բացառիկ հանգամանքներում այդ լսումը կարող է անցկացվել տեսակոնֆերանսի միջոցով կամ պատժի կատարման պետությունում՝ Վերաքննիչ պալատի կողմից գործուղված դատավորի կողմից:

2. Այդ նույն երեք դատավորները հնարավորինս սեղմ ժամկետում վերանայման վարույթի բոլոր մասնակիցներին են ուղարկում որոշումը և դրա հիմքերը:

3. 110-րդ հոդվածի 5-րդ կետի կիրառման նպատակով Վերաքննիչ պալատի կողմից նշանակված՝ այդ Պալատի երեք դատավորները պատժի ժամկետի կրճատման հարցը վերանայում են երեք տարին մեկ անգամ, եթե այն 110-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված իր որոշմամբ ավելի կարճ ժամկետ չի սահմանում: Հանգամանքների էական փոփոխության դեպքում այդ երեք դատավորները կարող են դատապարտված անձին թույլատրել վերանայելու վերաբերյալ խնդրագիր ներկայացնել եռամյա ժամկետում կամ երեք դատավորների կողմից սահմանված ավելի կարճ ժամկետում:

4. 110-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան վերանայման նպատակով Վերաքննիչ պալատի կողմից նշանակված՝ այդ Պալատի երեք դատավորները դատապարտված անձին կամ նրա պաշտպանին, Դատախազին, 77-րդ հոդվածին համապատասխան պատժի կատարման կամ 75-րդ հոդվածին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ կարգադրության կատարման պետությանը և հնարավորության դեպքում՝ վարույթին մասնակցած տուժողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին առաջարկում են ներկայացնել գրավոր հայտարարություններ: Այդ երեք դատավորները կարող են նաև լսում անցկացնելու մասին որոշում կայացնել:

5. Որոշումը և դրա հիմքերը հնարավորինս սեղմ ժամկետում ուղարկվում են վերանայման վարույթի բոլոր մասնակիցներին:

 

Բաժին VI

Փախուստը

 

Կանոն 225

Փախուստի դեպքում 111-րդ հոդվածի համաձայն ձեռնարկվող միջոցները

 

1. Դատապարտված անձի փախուստի դեպքում պատժի կատարման պետությունը հնարավորինս սեղմ ժամկետում այդ մասին ծանուցում է Քարտուղարին՝ գրավոր հաղորդման փոխանցումն ապահովող ցանկացած միջոցով: Դրանից հետո Նախագահությունը գործում է Մաս 9-ին համապատասխան:

2. Սակայն եթե պետությունը, որտեղ գտնվում է դատապարտված անձը, համաձայնում է նրան փոխանցել պատժի կատարման պետությանը` միջազգային համաձայնագրերին կամ դրա ազգային օրենսդրությանը համապատասխան, ապա պատժի կատարման պետությունն այդ մասին գրավոր ծանուցում է Քարտուղարին: Անձը հնարավորինս սեղմ ժամկետում փոխանցվում է պատժի կատարման պետությանը՝ անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով Քարտուղարի հետ, որը ցուցաբերում է անհրաժեշտ աջակցությունը, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան պետություններին հասցեագրելով տարանցիկ տեղափոխման վերաբերյալ դիմումները՝ 207-րդ կանոնի համաձայն: Եթե պետություններից որևէ մեկը չի ստանձնում դատապարտված անձի փոխանցման հետ կապված ծախսերը, ապա այդ ծախսերը կրում է Դատարանը:

3. Եթե դատապարտված անձը Դատարանին է փոխանցվում Մաս 9-ի համաձայն, ապա Դատարանը նրան փոխանցում է պատժի կատարման պետությանը: Այդուհանդերձ, Նախագահությունը, գործելով իր նախաձեռնությամբ կամ Դատախազի կամ պատժի կատարման սկզբնական պետության դիմումով և 103-րդ հոդվածին ու 203-206-րդ կանոններին համապատասխան, կարող է նշանակել այլ պետություն, այդ թվում՝ այն պետությանը, որի տարածք փախուստի է դիմել դատապարտված անձը:

4. Բոլոր դեպքերում այն պետության տարածքում կալանքի տակ պահելու ամբողջ ժամկետը, որտեղ դատապարտված անձն արգելանքի տակ է եղել փախուստից հետո, և եթե կիրառվում է 3-րդ ենթականոնը, ապա Դատարանի գտնվելու վայրում կալանքի տակ պահելու ժամանակահատվածը՝ այն պետության կողմից փոխանցվելուց հետո, որտեղ դատապարտված անձը գտնվել է, ամբողջությամբ հանվում է կրման ենթակա պատժի ժամկետից:

 

____________________

*Բացատրական ծանոթագրություն. Ընթացակարգի և ապացուցման կանոնները Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրության կիրառման գործիք են, որը ցանկացած պարագայում գերակայում է այդ կանոնների նկատմամբ: Ընթացակարգի և ապացուցման կանոնները մշակելիս գործադրվել են բոլոր ջանքերը` Կանոնադրության դրույթների վերաձևակերպումներից և հնարավորության սահմաններում այդ դրույթների կրկնությունից խուսափելու համար: Կանոնադրությանն արված ուղղակի հղումները Կանոնների մեջ ներառվել են ըստ անհրաժեշտության Կանոնների և Հռոմի կանոնադրության փոխկապակցվածությունն ընդգծելու նպատակով, ինչպես նախատեսված է 51-րդ հոդվածով, մասնավորապես՝ 4-րդ և 5-րդ կետերով:

Բոլոր դեպքերում Ընթացակարգի և ապացուցման կանոնները պետք է մեկնաբանել Կանոնադրության դրույթների հետ համակցությամբ և հաշվի առնելով դրանք:

Միջազգային քրեական դատարանի ընթացակարգի և ապացուցման կանոնները չեն շոշափում որևէ ազգային դատարանի կամ իրավական համակարգի դատավարական նորմերը՝ ազգային վարույթների նպատակներով: