ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 16.04.2025
Ընդունող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ընդունման ամսաթիվ
18.10.1907
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
18.10.1907

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

1907 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին*

 

Նորին մեծություն գերմանական կայսր՝ Պրուսիայի թագավորը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, Արգենտինայի Հանրապետության նախագահը, Նորին մեծություն Ավստրիայի կայսր՝ Բոհեմիայի թագավորը և այլք, և Հունգարիայի առաքելական թագավորը, Նորին մեծություն Բելգիայի թագավորը, Բոլիվիայի Հանրապետության նախագահը, Բրազիլիայի Միացյալ Նահանգների Հանրապետության նախագահը, Նորին արքայական մեծություն Բուլղարիայի արքայազնը, Չիլիի Հանրապետության նախագահը, Նորին մեծություն Չինաստանի կայսրը, Կոլումբիայի Հանրապետության նախագահը, Կուբայի Հանրապետության ժամանակավոր նահանգապետը, Նորին մեծություն Դանիայի թագավորը, Դոմինիկյան Հանրապետության նախագահը, Էկվադորի Հանրապետության նախագահը, Նորին մեծություն Իսպանիայի թագավորը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, Նորին մեծություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորության և ծովերից այն կողմ գտնվող բրիտանական տիրույթների թագավորը, Հնդկաստանի կայսրը, Հելլենների Նորին մեծություն թագավորը, Գվատեմալայի Հանրապետության նախագահը, Հաիթիի Հանրապետության նախագահը, Նորին մեծություն Իտալիայի թագավորը, Նորին մեծություն Ճապոնիայի կայսրը, Նորին թագավորական մեծություն Լյուքսեմբուրգի Մեծ դուքս՝ Նասաուի դուքսը, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահը, Նորին արքայական մեծություն Չեռնոգորիայի արքայազնը, Նիկարագուայի Հանրապետության նախագահը, Նորին մեծություն Նորվեգիայի թագավորը, Պանամայի Հանրապետության նախագահը, Պարագվայի Հանրապետության նախագահը, Նորին մեծություն Նիդեռլանդների թագուհին, Պերուի Հանրապետության նախագահը, Նորին կայսերական մեծություն Պարսկաստանի շահը, Նորին մեծություն Ռումինիայի թագավորը, Նորին մեծություն Համայն Ռուսիո կայսրը, Սալվադորի Հանրապետության նախագահը, Նորին մեծություն Սերբիայի թագավորը, Նորին մեծություն Սիամի թագավորը, Նորին մեծություն Շվեդիայի թագավորը, Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը, Նորին մեծություն Օսմանյան կայսրը, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահը, Վենեսուելայի Միացյալ Նահանգների նախագահը,

ոգեշնչված համընդհանուր խաղաղության պահպանման ուղղությամբ աշխատելու անկեղծ ցանկությամբ,

վճռականությամբ գործադրելով բոլոր ջանքերը, նպաստելու միջազգային վեճերի բարեկամական կարգավորմանը,

ճանաչելով քաղաքակիրթ ազգերի հասարակության անդամներին միավորող համերաշխությունը,

ցանկանալով ընդլայնել օրենքի գերակայությունը և ամրապնդել միջազգային արդարադատության արժևորումը,

համոզված լինելով, որ բոլոր անկախ տերություններին հասանելի մշտական արբիտրաժային Տրիբունալի ստեղծումն արդյունավետ ներդրում կլինի այս արդյունքին հասնելու համար,

հաշվի առնելով արբիտրաժային ընթացակարգի ընդհանուր և մշտական կազմակերպման առավելությունները,

համակարծիք լինելով Միջազգային խաղաղության համաժողովի կայսերական նախաձեռնողի հետ, որ նպատակահարմար է Միջազգային համաձայնագրում ամրագրել արդարության և իրավունքի սկզբունքները, որոնց վրա հիմնված են պետությունների անվտանգությունը և ժողովուրդների բարեկեցությունը,

 

ՄՇՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ — ՀԻՄՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

ցանկություն ունենալով այս նպատակին հասնելու համար ապահովել Քննիչ հանձնաժողովների և Արբիտրաժային տրիբունալների պրակտիկայում առավել արդյունավետ աշխատանք և հեշտացնելու արբիտրաժ դիմելու գործընթացը այն դեպքերում, երբ թույլ է տալիս պարզեցված ընթացակարգը,

անհրաժեշտ համարելով որոշակի մանրամասների վերանայումը և միջազգային վեճերի խաղաղ կարգավորման շուրջ Խաղաղության առաջին համաժողովի աշխատանքն ավարտին հասցնելը,

Բարձր պայմանավորվող կողմերը որոշել են այդ նպատակով ընդունել նոր Կոնվենցիա՝ որպես Լիազոր ներկայացուցիչներ նշանակելով հետևյալ անձանց.

(Ստորև՝ լիազոր ներկայացուցիչների անունները)

որոնք, սահմանված կարգի և ձևի շրջանակներում ստանձնելով իրենց լիազորությունները, համաձայնության եկան հետևյալ դրույթների վերաբերյալ.

 

ՄԱՍ I. ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Հոդված 1

Նպատակ ունենալով որքան հնարավոր է կանխել պետությունների հարաբերություններում ուժի կիրառումը՝ Պայմանավորվող պետությունները համաձայնում են գործադրել իրենց լավագույն ջանքերը՝ ապահովելու միջազգային տարաձայնությունների խաղաղ լուծումը։

 

ՄԱՍ II. ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 2

Լուրջ տարաձայնության կամ վեճի դեպքում Պայմանավորվող պետությունները, նախքան զենքի դիմելը, այնքանով, որքանով թույլ են տալիս հանգամանքները, համաձայնում են դիմել մեկ կամ մի քանի բարեկամ պետությունների բարի ծառայություններից կամ միջնորդությունից օգտվելու հնարավորությանը։

 

Հոդված 3

Սույն դիմումից անկախ՝ Պայմանավորվող պետություններն առաջարկում են, որ վեճի մասնակից չհանդիսացող մեկ կամ մի քանի պետություններ սեփական նախաձեռնությամբ, և որքանով թույլ են տալիս հանգամանքները, առաջարկեն իրենց բարի ծառայություններն ու միջնորդությունը վեճի մասնակից պետություններին։

Վեճի մասնակից չհանդիսացող պետություններն իրավունք ունեն առաջարկելու իրենց բարի ծառայություններն ու միջնորդությունը նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում։

Այս իրավունքի իրացումը (վեճի մասնակից) կողմերից և ոչ մեկը չպետք է դիտարկի որպես ոչ բարեկամական գործողություն։

 

Հոդված 4

Միջնորդի խնդիրն է հաշտեցնել հակադիր պահանջները և նվազեցնել թշնամանքի զգացումը, եթե այն ծագել է վեճի մասնակից պետությունների միջև։

 

Հոդված 5

Միջնորդի գործառույթները դադարում են այն պահին, երբ վիճող կողմերից մեկը կամ ինքը՝ միջնորդը, հայտարարում է, որ առաջարկվող հաշտության միջոցները չեն ընդունվում։

 

Հոդված 6

Թե՛ վեճի կողմերի խնդրանքով, թե՛ վեճի կողմ չհանդիսացող պետությունների նախաձեռնությամբ կիրառվող բարի ծառայությունները և միջնորդությունն ունեն բացառապես խորհրդատվական բնույթ և չունեն պարտադիր ուժ։

 

Հոդված 7

Միջնորդության ընդունումը չի կարող լինել զորահավաքի կամ պատերազմի պատրաստվելու այլ միջոցառումների ընդհատման, հետաձգման, կամ խոչընդոտման պատճառ, քանի դեռ հակառակի վերաբերյալ համաձայնություն չկա։

Եթե միջնորդությունը տեղի է ունենում ռազմական գործողություններն սկսվելուց հետո, ապա դրա հիմքով ընթացիկ ռազմական գործողությունները չեն դադարեցվում, քանի դեռ հակառակի վերաբերյալ համաձայնություն չկա։

 

Հոդված 8

Պայմանավորվող տերությունները միաձայն առաջարկում են հետևյալ հատուկ միջնորդության կիրառումն այն դեպքերում, երբ հանգամանքները թույլ են տալիս.

Լուրջ տարաձայնության դեպքում, երբ վտանգված է խաղաղությունը, վեճի մասնակից հանդիսացող կողմերը համապատասխանաբար ընտրում են տերություն, որին լիազորում են հակառակ կողմի ընտրած տերության հետ ուղիղ բանակցություններ վարելու առաքելությունը խաղաղ հարաբերությունների խզումը կանխելու նպատակով։

Սույն մանդատի գործողության ժամանակահատվածում, որի ժամկետը, եթե այլ բան սահմանված չէ, չի կարող գերազանցել երեսուն օրը, վեճի մասնակից պետությունները դադարեցնում են վեճի առարկային առնչվող բոլոր ուղղակի հաղորդակցությունները միմյանց հետ, որը համարվում է փոխանցված բացառապես միջնորդ տերություններին, որոնք պետք է գործադրեն լավագույն ջանքերը վեճի կարգավորման նպատակով։

Խաղաղ հարաբերությունների խզման դեպքում այս տերություններն ունեն ընդհանուր պարտավորություններ՝ օգտագործելու ցանկացած հնարավորություն խաղաղության վերականգնման համար։

 

ՄԱՍ III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ

 

Հոդված 9

Միջազգային վեճերում, որոնք չեն առնչվում ո՛չ պատվին, ո՛չ էլ կենսական

շահերին և բխում են փաստերի գնահատման շուրջ ունեցած տարակարծությունից, կողմերի դիվանագիտական համաձայնության չհասնելու դեպքում այնքանով, որքանով թույլ են տալիս հանգամանքները Պայմանավորվող տերություններն առաջարկում են անկողմնակալ և արդար քննության միջոցով փաստերի պարզաբանմամբ վեճերի լուծման նպատակով հիմնել Միջազգային քննիչ հանձնաժողով:

 

Հոդված 10

Միջազգային քննիչ հանձնաժողովները ստեղծվում են վիճող կողմերի միջև կնքվող հատուկ համաձայնագրով։

Քննություն իրականացնելու մասին կոնվենցիայով սահմանվում են քննության ենթակա փաստերը, Հանձնաժողովի ստեղծման ձևը և ժամկետը, ինչպես նաև Հանձնակատարների լիազորությունների շրջանակը։

Անհրաժեշտության դեպքում Քննություն իրականացնելու մասին կոնվենցիան սահմանում է նաև Հանձնաժողովի նստավայրը, և արդյոք կարող է այն տեղափոխվել այլ վայր, Հանձնաժողովի կողմից կիրառելի լեզուն և այն լեզուները, որոնցով թույլատրվում է իր առջև հանդես գալ, ինչպես նաև այն ժամկետը, երբ յուրաքանչյուր կողմ պետք է ներկայացնի իր փաստերը, և ընդհանուր առմամբ բոլոր պայմանները, որոնց շուրջ կողմերը համաձայնության են եկել:

Եթե կողմերը անհրաժեշտ են համարում նշանակել Փորձագետներ, նրանց ընտրությունն ու լիազորությունների շրջանակը որոշվում է Քննություն իրականացնելու մասին կոնվենցիայով։

 

Հոդված 11

Եթե Քննություն իրականացնելու մասին կոնվենցիայով չի սահմանվում, թե որտեղ է լինելու հանձնաժողովի նստավայրը, այն գտնվելու է Հաագայում։

Նիստի վայրը չի կարող փոփոխվել Հանձնաժողովի կողմից, երբ այն արդեն ամրագրված է, բացառությամբ կողմերի համաձայնության առկայության դեպքերի:

Եթե Քննություն իրականացնելու մասին կոնվենցիայով չի որոշվում, թե որ լեզուները պետք է կիրառվեն, այդ խնդիրը լուծում է Հանձնաժողովը։

 

Հոդված 12

Եթե այլ բան սահմանված չէ, Քննիչ հանձնաժողովները պետք է կազմվեն սույն Կոնվենցիայի 45-րդ և 57-րդ հոդվածներով սահմանված կարգով:

 

Հոդված 13

Հանձնակատարներից կամ Փորձագետներից որևէ մեկի մահվան կամ հրաժարականի դեպքում կամ որևէ պատճառով գործառույթների կատարման անհնարինության դեպքում նրա թափուր տեղը համալրելու համար կիրառվում է միևնույն ընթացակարգը, որը կիրառվել է վերջինիս նշանակելիս:

 

Հոդված 14

Կողմերն իրավունք ունեն նշանակելու հատուկ ներկայացուցիչներ՝ հանդես գալու Քննիչ հանձնաժողովում, որոնց պարտականությունն է ներկայացնել կողմերին և գործել որպես միջնորդ նրանց և Հանձնաժողովի միջև:

Նրանք նաև իրավունք ունեն նշանակելու պաշտպան կամ փաստաբան, որը կներկայացնի իրենց գործը և Հանձնաժողովի առջև կպաշտպանի իրենց շահերը:

 

Հոդված 15

Մշտական արբիտրաժային դատարանի Միջազգային բյուրոն, որի նստավայրը Հաագան է, գործող Հանձնաժողովների համար հանդես է գալիս որպես քարտուղարություն և տրամադրում է իր տարածքներն ու անձնակազմը Պայմանավորվող տերություններին՝ Քննիչ հանձնաժողովի օգտագործման համար:

 

Հոդված 16

Եթե Հանձնաժողովը նիստն անցկացնում է Հաագայից բացի այլ վայրում, այն նշանակում է Գլխավոր քարտուղար, որի գրասենյակը ծառայում է որպես քարտուղարություն:

Նախագահի հսկողության ներքո քարտուղարությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հանձնաժողովի նիստերի անցկացման և արձանագրության կազմման ուղղությամբ, և քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է, պատասխանատու է Հաագայում գտնվող Միջազգային բյուրո փոխանցվելիք արխիվների համար:

 

Հոդված 17

Քննիչ հանձնաժողովների կազմավորման և աշխատանքի գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով Պայմանավորվող տերություններն առաջարկում են հետևյալ կանոնները, որոնք կիրառելի կլինեն քննության ընթացակարգի համար, քանի դեռ կողմերը չեն ընդունել այլ կանոններ:

 

Հոդված 18

Հանձնաժողովը սահմանում է ընթացակարգի մանրամասները, որոնք չեն ընդգրկվում Քննության իրականացման հատուկ Կոնվենցիայում կամ սույն Կոնվենցիայում, և իրականացնում է ապացույցների տնօրինման համար անհրաժեշտ բոլոր ձևականությունները:

 

Հոդված 19

Քննության ընթացքում երկու կողմերն էլ պետք է լսվեն։

Սահմանված ժամկետներում յուրաքանչյուր կողմ Հանձնաժողովին և հակառակ կողմին առկայության դեպքում ներկայացնում է փաստերի շարադրանքը և ամեն դեպքում ակտերը, թղթերն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է համարում ճշմարտությունը պարզելու համար, ինչպես նաև վկաների ու փորձագետների ցանկը, որոնց ցուցմունքները ցանկանում է լսելի դարձնել:

 

Հոդված 20

Հանձնաժողովն իրավունք ունի տերությունների համաձայնությամբ ժամանակավորապես տեղափոխվել ցանկացած այլ վայր, որտեղ այս հարցումից օգտվելն առավել նպատակահարմար կհամարի կամ այդ վայր կարող է ուղարկել իր անդամներից մեկին կամ մի քանիսին: Անհրաժեշտ է ստանալ այն պետության թույլտվությունը, որի տարածքում առաջարկվում է իրականացնել քննություն:

 

Հոդված 21

Յուրաքանչյուր քննություն և յուրաքանչյուր տարածքի զննում պետք է իրականացվի կողմերի ներկայացուցիչների և իրավախորհրդատուների ներկայությամբ այն բանից հետո, երբ վերջիններս պատշաճ ծանուցվել են ներկայանալու մասին։

 

Հոդված 22

Հանձնաժողովն իրավասու է յուրաքանչյուր կողմից պահանջել անհրաժեշտ համարվող բացատրություններ և տեղեկություններ։

 

Հոդված 23

Կողմերը Քննիչ հանձնաժողովին տրամադրում են հնարավոր բոլոր այն միջոցներն ու հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են փաստերին ամբողջությամբ ծանոթանալու և դրանք հասկանալու համար:

Նրանք պարտավորվում են իրենց տրամադրության տակ եղած միջոցներն օգտագործել, ըստ սեփական ներպետական իրավունքի, երաշխավորելու իրենց տարածքում գտնվող և hանձնաժողով հրավիրված վկաների կամ փորձագետների ներկայությունը:

Եթե վկաները կամ փորձագետները հնարավորություն չունեն ներկայանալու Հանձնաժողովի առջև, ապա կողմերը կազմակերպում են նրանց ցուցմունքների դեպոնացումն իրենց սեփական երկրի որակավորված պաշտոնյաների կողմից:

 

Հոդված 24

Երրորդ պայմանավորվող տերության տարածքում Հանձնաժողովի կողմից իրականացվող բոլոր ծանուցումների առնչությամբ Հանձնաժողովն ուղղակիորեն դիմում է տվյալ տերության կառավարությանը: Նույն կանոնը կիրառվում է ապացույց ձեռք բերելու նպատակով տեղում ձեռնարկվող քայլերի դեպքում։

Այդ նպատակով առաջադրված պահանջները կատարվում են այնքանով, որքանով թույլ են տալիս հայցվող տերության տիրապետության տակ գտնվող ներպետական իրավունքով սահմանված միջոցները: Դրանք չեն կարող մերժվել, քանի դեռ տվյալ տերությունը համարում է, որ այդ միջոցները չեն խաթարում իր ինքնիշխան իրավունքները կամ անվտանգությունը:

Հանձնաժողովը նաև մշտապես իրավասու է գործել այն տերության միջոցով, որի տարածքում գտնվում է։

 

Հոդված 25

Վկաներն ու փորձագետները կանչվում են կողմերի դիմումի համաձայն կամ Հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ և բոլոր դեպքերում այն պետության կառավարության միջոցով, որի տարածքում նրանք գտնվում են։

Վկաներին հարցաքննում են հաջորդաբար և առանձին՝ ներկայացուցիչների և պաշտպանների ներկայությամբ՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի համաձայն։

 

Հոդված 26

Վկաների հարցաքննությունն իրականացվում է Նախագահի կողմից։

Հանձնաժողովի անդամները, այնուամենայնիվ, կարող են յուրաքանչյուր վկայի ուղղել հարցեր, որոնք, իրենց կարծիքով, կարող են լուսաբանել և ամփոփել ներկայացված ապացույցները կամ անհրաժեշտության սահմաններում ստանալ վկային ցանկացած կերպ առնչվող տեղեկություններ ճշմարտությանը հասնելու նպատակով:

Ներկայացուցիչներն ու պաշտպանները չեն կարող, ո՛չ ընդհատել վկային ցուցմունք տալիս, ո՛չ էլ ուղղակի հարցեր տալ նրան, սակայն նպատակահարմարության դեպքում նրանք կարող են դիմել Նախագահին վկային որոշակի լրացուցիչ հարցեր ուղղելու խնդրանքով։

 

Հոդված 27

Ցուցմունք տալիս վկային չի թույլատվրում օգտվել գրառումներից: Այնուամենայնիվ, Նախագահը կարող է թույլ տալ նրան օգտվել գրառումներից կամ փաստաթղթերից, եթե ներկայացվող փաստերը բնույթով պարտադրում են դրանց օգտագործումը։

 

Հոդված 28

Վկայի ցուցմունքի Արձանագրությունը կազմվում է անմիջապես և այն ընթերցվում է վկայի համար: Վերջինս կարող է ըստ անհրաժեշտության կատարել այնպիսի փոփոխություններ և լրացումներ, որոնք կարձանագրվեն իր ցուցմունքի վերջում:

Ցուցմունքը վկայի համար ամբողջությամբ ընթերցվելուց հետո նրան խնդրում են այն ստորագրել:

 

Հոդված 29

Ներկայացուցիչներն իրավունք ունեն քննության ընթացքում կամ դրա ավարտին Հանձնաժողովին կամ հակառակ կողմին գրավոր կերպով ներկայացնելու այնպիսի ցուցմունքներ, պահանջներ կամ փաստերի ամփոփագիր, որոնք նրանք կիրառելի են համարում ճշմարտությունը պարզելու համար:

 

Հոդված 30

Հանձնաժողովի որոշումները կայացվում են խորհրդապահական կարգով: Բոլոր հարցերը լուծվում են Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ։

Եթե անդամը հրաժարվում է քվեարկել, փաստն արձանագրվում է։

 

Հոդված 31

Հանձնաժողովի նիստերը հանրային չեն, և հրապարկաման ենթակա չեն նաև Արձանագրություններին ու քննությանն առնչվող փաստաթղթերը, բացառությամբ կողմերի համաձայնությամբ Հանձնաժողովի կայացրած որոշման առկայության դեպքում։

 

Հոդված 32

Կողմերի կողմից բոլոր բացատրություններն ու ապացույցները ներկայացվելուց և բոլոր վկաների հարցաքննվելուց հետո Նախագահը հայտարարում է քննության ավարտի մասին, իսկ Հանձնաժողովը հեռանում է քննարկում անցկացնելու և իր զեկույցը կազմելու:

 

Հոդված 33

Զեկույցը ստորագրում են Հանձնաժողովի բոլոր անդամները։

Եթե անդամներից որևէ մեկը հրաժարվում է ստորագրել, ապա այդ փաստն ամրագրվում է, սակայն Զեկույցը շարունակվում է համարվել վավեր։

 

Հոդված 34

Հանձնաժողովի զեկույցը ընթերցվում է դռնբաց նիստում ներկայացուցիչների և իրավախորհրդատուի ներկայությամբ կամ բացակայությամբ, եթե վերջիններիս պատշաճ ծանուցվել են:

Յուրաքանչյուր կողմի տրվում է Զեկույցի մեկական օրինակ։

 

Հոդված 35

Հանձնաժողովի զեկույցն ունի բացառապես փաստերն արձանագրող բնույթ և ոչ մի պարագայում չի կարող համարվել Արբիտրաժային վճիռ։ Կողմերը լիովին ազատ են ըստ իրենց հայեցողության տնօրինելու այդ փաստերը։

 

Հոդված 36

Յուրաքանչյուր կողմ վճարում է իր սեփական ծախսերը և Հանձնաժողովի ծախսերի հավասար բաժինը:

 

ՄԱՍ IV. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ

 

Գլուխ I. Արբիտրաժային համակարգը

 

Հոդված 37

Միջազգային արբիտրաժի նպատակն է լուծել պետությունների միջև վեճերն այդ պետությունների կողմից ընտրված Դատավորների միջոցով՝ պահպանելով օրենքի նկատմամբ հարգանքը։

Արբիտրաժին դիմելը ենթադրում է Արբիտրաժային վճռի բարեխիղճ կատարում։

 

Հոդված 38

Իրավական բնույթի հարցերի, մասնավորապես՝ միջազգային կոնվենցիաների մեկնաբանման կամ կիրառման դեպքում արբիտրաժը Պայմանավորվող տերությունների կողմից ճանաչվում է ամենաարդյունավետ և միևնույն ժամանակ ամենաանկողմնակալ միջոցը՝ լուծելու այն վեճերը, որոնք չի հաջողվել լուծել դիվանագիտական ճանապարհով։

Հետևաբար ցանկալի կլինի վերոնշյալ հարցերի շուրջ ծագող վեճերի առնչությամբ Պայմանավորվող տերություններն ըստ անհրաժեշտության և այնքանով, որքանով հանգամանքները թույլ կտան, ունենան արբիտրաժ դիմելու հնարավորություն ։

 

Հոդված 39

Արբիտրաժային կոնվենցիան կնքվում է արդեն իսկ գոյություն ունեցող կամ ապագայում ծագող վեճերի լուծման համար։

Այն կարող է ընդգրկել ինչպես ցանկացած վեճ, այնպես էլ միայն որոշակի տեսակի վեճեր։

 

Հոդված 40

Անկախ ընդհանուր կամ մասնավոր պայմանագրերից, որոնցով Պայմանավորվող տերությունների համար արբիտրաժ դիմելն ուղղակիորեն սահմանվում է որպես պարտադիր պայման՝ տվյալ տերություններն իրավունք ունեն կնքելու ընդհանուր կամ մասնավոր նոր համաձայնագրեր՝ նպատակ ունենալով պարտադիր արբիտրաժային քննության հանձնել բոլոր գործերը, որոնք կհամարեն արբիտրաժին հանձնման ենթակա։

 

Գլուխ II. Մշտական Արբիտրաժային դատարանը

 

Հոդված 41

Ցանկանալով ստեղծել դիվանագիտական ճանապարհով չկարգավորված միջազգային տարաձայնությունների դեպքում անհապաղ արբիտրաժի դիմելու հնարավորություն՝ Պայմանավորվող տերությունները պարտավորվում են հիմնել մշտական արբիտրաժային դատարան, ինչպես սահմանվել է Առաջին խաղաղության համաժողովում, որը հասանելի կլինի ցանկացած ժամանակ և կգործի, եթե կողմերը սույն կոնվենցիայի ընթացակարգային կանոնների համաձայն այլ բան չնախատեսեն։

 

Հոդված 42

Մշտական դատարանն իրավասու է քննել բոլոր արբիտրաժային գործերը, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը համաձայնում են ստեղծել հատուկ Տրիբունալ։

 

Հոդված 43

Մշտական դատարանի նստավայրը Հաագան է:

Միջազգային բյուրոն դատարանի համար հանդես է գալիս որպես քարտուղարություն։ Այն դատարանի վարույթների հետ կապված հաղորդակցության ուղին է։ Նրան է վստահվում արխիվների պահպանման առաքելությունը և վարչական գործունեության իրականացումը։

Պայմանավորվող տերությունները պարտավորվում են առաջին իսկ հնարավորության դեպքում փոխանցել բյուրոյին նրանց միջև կնքված արբիտրաժային ընթացակարգի պայմաններին վերաբերող ցանկացած համաձայնագիր, ինչպես նաև հատուկ տրիբունալի կողմից կայացված Արբիտրաժային վճիռների վավերացված օրինակները։

Նրանք նաև պարտավորվում են Բյուրոյին փոխանցել օրենքները, կարգավորումները և փաստաթղթերը, որոնք անհրաժեշտության դեպքում հավաստում են Դատարանի կողմից կայացված վճիռների կատարման մասին։

 

Հոդված 44

Յուրաքանչյուր Պայմանավորվող տերություն սույն փաստաթղթի վավերացումից հետո երեք ամսվա ընթացքում պետք է ընտրի ոչ ավել, քան չորս անձ, որոնք քաջատեղյակ են միջազգային իրավունքին, ունեն բարձր բարոյական համբավ և պատրաստակամ են ստանձնելու Արբիտրի պարտականությունները: Ընտրված անձինք որպես դատարանի անդամներ գրանցվում են ցուցակում, որի մասին բյուրոն ծանուցում է Պայմանավորվող բոլոր տերություններին։

Արբիտրների ցուցակում ցանկացած փոփոխության մասին բյուրոն ծանուցում է Պայմանավորվող տերություններին։

Երկու կամ ավելի տերություններ կարող են համաձայնել մեկ կամ մի քանի անդամի համատեղ ընտրման շուրջ։

Միևնույն անձը կարող է ընտրվել տարբեր տերությունների կողմից։ Դատարանի անդամները նշանակվում են վեց տարի պաշտոնավարման ժամկետով։ Նրանք կարող են վերընտրվել։

Դատարանի անդամի մահվան կամ հրաժարականի դեպքում թափուր տեղը համալրվում է նույն ընթացակարգով, որով վերջինս նշանակվել էր։ Այս դեպքում նշանակումը կատարվում է նոր՝ վեց տարի ժամկետով։

 

Հոդված 45

Երբ Պայմանավորվող տերությունները ցանկանում են դիմել Մշտական արբիտրաժային դատարան իրենց միջև ծագած տարաձայնությունը լուծելու համար, այդ տարաձայնությունը լուծող իրավասու Տրիբունալ կազմելու համար արբիտրների ընտրությունը կատարվում է Դատարանի անդամների հիմնական ցուցակից:

Այն դեպքում, երբ Արբիտրաժային տրիբունալի կազմը չի որոշվում կողմերի ուղղակի համաձայնությամբ, կիրառվում է հետևյալ կարգը

Յուրաքանչյուր կողմ նշանակում է երկու արբիտր, որոնցից միայն մեկը կարող է հանդիսանալ տվյալ տերության քաղաքացի կամ ընտրվել այդ պետության կողմից որպես մշտական դատարանի անդամներ առաջարկված անձանց ցանկից։ Այս արբիտրներն իրենց միջից ընտրում են նախագահող արբիտր։

Ձայների հավասարության դեպքում նախագահի ընտրությունը վստահվում է կողմերի համատեղ որոշմամբ ընտրված երրորդ տերությանը։

Եթե այս հարցի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվում, ապա յուրաքանչյուր կողմ ընտրում է այլ տերություն, և նախագահող արբիտրի ընտրությունը կատարվում է ընտրված տերությունների կողմից։

Եթե երկամսյա ժամկետում այս երկու տերությունները համաձայնության չեն գալիս, նրանցից յուրաքանչյուրն առաջարկում է մշտական դատարանի անդամների ցանկից ընտրված երկու թեկնածու՝ բացառելով այն անդամներին, որոնց ընտրել են կողմերը, կամ որոնք տվյալ տերությունների քաղաքացի են։ Առաջադրված թեկնածուներից նախագահող արբիտր դառնալը որոշվում է վիճակահանությամբ։

 

Հոդված 46

Այն բանից հետո, երբ կազմվում է տրիբունալը, կողմերը ծանուցում են բյուրոյին դատարանին դիմելու իրենց որոշման մասին՝ ներկայացնելով «Փոխզիջում» [Compromis] և արբիտրների անունները։

Բյուրոն անհապաղ յուրաքանչյուր արբիտրի ներկայացնում է «Փոխզիջումը» և Տրիբունալի մյուս անդամների անունները։

Արբիտրաժային տրիբունալը կողմերի նշանակած օրը հրավիրում է նիստ։ Բյուրոն իրականացնում է նիստի համար անհրաժեշտ միջոցառումները:

Դատարանի անդամներն իրենց պարտականություններն իրականացնելիս և իրենց երկրից դուրս գտնվելիս ունեն դիվանագիտական արտոնություն և իմունիտետ:

 

Հոդված 47

Բյուրոն իրավասու է Պայմանավորվող տերությունների տիրապետմանը հանձնել իր տարածքներն ու աշխատակազմը ցանկացած հատուկ արբիտրաժային խորհրդի գործունեության իրականացման համար:

Մշտական դատարանի իրավազորությունը կարող է կանոնակարգով սահմանված դեպքերում տարածվել Պայմանավորվող կողմ չհանդիսացող տերությունների կամ Պայմանավորվող տերությունների և Պայմանավորվող կողմ չհանդիսացող տերությունների միջև վեճերի վրա, եթե կողմերը համաձայնում են դիմել սույն տրիբունալին:

 

Հոդված 48

Երկու կամ ավելի կողմերի միջև լուրջ վեճի ծագման վտանգի առկայության դեպքում Պայմանավորվող տերություններն իրենց պարտականությունն են համարում վերջիններիս հիշեցնել Մշտական դատարան դիմելու հնարավորության մասին:

Հետևաբար նրանք հայտարարում են, որ կողմերին սույն Կոնվենցիայի դրույթների մասին հիշեցնելը և խաղաղության շահերից ելնելով՝ Մշտական դատարան դիմելու հարցում նրանց ուղղորդելն ինքնին համարվում են բարի ծառայություններ:

Երկու տերությունների միջև վեճի առկայության դեպքում նրանցից մեկը մշտապես կարող է Միջազգային բյուրոյին ներկայացնել ծանուցում՝ ներառելով հայտարարություն առ այն, որ վերջինս պատրաստ կլինի վեճը հանձնել արբիտրաժի քննությանը։

Բյուրոն հայտարարության վերաբերյալ անմիջապես տեղեկացնում է մյուս պետությանը։

 

Հոդված 49

Մշտական վարչական խորհուրդը, որը կազմված է Պայմանավորվող տերությունների՝ Հաագայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներից և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարից, որը հանդես է գալիս որպես Նախագահ, պատասխանատու է Միջազգային բյուրոյի ղեկավարման և հսկողության համար:

Խորհուրդը սահմանում է իր ընթացակարգային կանոնները և բոլոր այլ անհրաժեշտ կանոնակարգումները։

Այն լուծում է Դատարանի գործունեության հետ կապված բոլոր վարչական հարցերը։

Այն ունի լիարժեք վերահսկողություն պաշտոնատար անձանց և Բյուրոյի աշխատակիցների նշանակման, լիազորությունների դադարեցման կամ աշխատանքից ազատման հարցում։

Այն սահմանում է վճարումներն ու աշխատավարձը և վերահսկում ընդհանուր ծախսերը։

Նիստերին պատշաճ կերպով հրավիրված լինելու դեպքում ինն անդամների ներկայությունը բավարար է Խորհրդի քննարկումները վավեր ճանաչելու համար: Որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ։

Խորհուրդը Պայմանավորվող տերություններին անհապաղ ներկայացնում է իր կողմից ընդունված Կանոնակարգը։ Այն վերջիններիս տարեկան Հաշվետվություն է ներկայացնում դատարանի գործունեության, վարչական մարմնի աշխատանքի և ծախսերի մասին։ Հաշվետվությունը պարունակում է նաև տերությունների կողմից 43-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն Բյուրոյին ներկայացված փաստաթղթերի բովանդակությունը:

 

Հոդված 50

Բյուրոյի ծախսերը հոգում են Պայմանավորվող տերությունները Համաշխարհային փոստային միության կողմից Միջազգային բյուրոյի համար սահմանված չափաբաժնով:

Միացող տերություններից գանձվող ծախսերը հաշվարկվում են այն օրվանից, երբ սույն Կոնվենցիան նրանց նկատմամբ մտնում է ուժի մեջ:

 

Գլուխ III. Արբիտրաժային ընթացակարգ

 

Հոդված 51

Արբիտրաժի զարգացումը խրախուսելու նպատակով Պայմանավորվող տերությունները որոշել են արբիտրաժային ընթացակարգի համար կիրառել հետևյալ կանոնները, եթե կողմերն այլ կանոնների կիրառման վերաբերյալ համաձայնության չեն եկել:

 

Հոդված 52

Տերությունները, որոնք ունեն արբիտրաժի դիմելու իրավասություն, կնքում են «Փոխզիջում», որով հստակ սահմանվում է վեճի առարկան, Արբիտրներ նշանակելու ժամկետները, ձևը, կարգը և ժամկետը, որի շրջանակներում 63-րդ հոդվածով նախատեսված հաղորդակցությունը պետք է տեղի ունենա, ինչպես նաև գումարը պետք է վճարվի, որը յուրաքանչյուր կողմ պետք է նախապես տրամադրի ծախսերը ծածկելու նպատակով։

Անհրաժեշտության դեպքում «Փոխզիջմամբ» սահմանվում է Արբիտրների նշանակման կարգը, Տրիբունալի ցանկացած հատուկ լիազորությունների շրջանակը, նիստերի անցկացման վայրը, Տրիբունալի կողմից կիրառվող լեզուն և այն լեզուները, որոնցով լիազորված են հանդես գալու Տրիբունալի առջև, և ընդհանուր առմամբ, բոլոր այն պայմանները, որոնց շուրջ կողմերը ձեռք են բերել համաձայնություն։

 

Հոդված 53

Մշտական դատարանն իրավասու է կազմելու «Փոխզիջում», եթե կողմերը համաձայնում են դիմել իրեն այդ նպատակով։

Դատարանն ունի նույն իրավասությունը նույնիսկ կողմերից միայն մեկի դիմելու պարագայում, երբ դիվանագիտական ուղիներով համաձայնության հասնելու բոլոր փորձերը ձախողվել են, այն վեճի դեպքում, որը՝

1. նախատեսված է սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո կնքված կամ թարմացված ընդհանուր Արբիտրաժային պայմանագրով, որը յուրաքանչյուր վեճի համար նախատեսում է «Փոխզիջում» և ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի բացառում «Փոխզիջում» կազմելու լիազորությունը Դատարանի իրավասությունների շրջանակից։ Վեճի կողմը մշտական դատարան չի կարող դիմել, եթե հակառակ կողմը հայտարարում է վեճի՝ իր կարծիքով պարտադիր արբիտրաժային ընթացակարգով չքննվող վեճերի դասին պատկանելու մասին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Արբիտրաժային պայմանագրով Արբիտրաժային տրիբունալին իրավասություն է շնորհվում լուծելու այս լրացուցիչ հարցը։

2. Այն վեճը, որը ծագել է մի տերության կողմից մյուս տերությանը ներկայացված՝ իր քաղաքացիներին առնչվող պայմանագրային պարտքի պահանջով, որի լուծման համար ընդունվել է արբիտրաժի մասին առաջարկությունը։

Այս առաջարկությունը կիրառելի չէ, եթե դրա ընդունումը ենթադրում է «Փոխզիջում» կազմելու մեկ այլ ձև։

 

Հոդված 54

Նախորդ հոդվածում նշված դեպքերում «Փոխզիջումը» կազմվում է 45-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ պարբերություններում սահմանված կարգով ընտրված հինգ անդամներից բաղկացած Հանձնաժողովի կողմից։

Հինգերորդ անդամն ի պաշտոնե Հանձնաժողովի նախագահն է։

 

Հոդված 55

Արբիտրի պարտականությունները կարող են դրվել մեկ կամ մի քանի Արբիտրների վրա, որոնց ընտրում են կողմերը սույն փաստաթղթով հռչակված Մշտական արբիտրաժային դատարանի անդամների ցանկից կամ իրենց հայեցողությամբ։

Երբ Տրիբունալը չի կազմվում կողմերի ուղղակի համաձայնությամբ, գործում է 45-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերություններով սահմանված կարգը։

 

Հոդված 56

Երբ Արբիտր է ընտրվում միապետը կամ պետության ղեկավարը, արբիտրաժային ընթացակարգը սահմանվում է նրա կողմից։

 

Հոդված 57

Նախագահող արբիտրն ի պաշտոնե համարվում է Տրիբունալի նախագահ։

Այն դեպքում, երբ Տրիբունալը չի ունենում Նախագահող արբիտր, ապա այն իր համար նշանակում է Նախագահ։

 

Հոդված 58

Երբ «Փոխզիջումը» կազմված է Հանձնաժողովի կողմից, 54-րդ հոդվածի համաձայն և այլ համաձայնության բացակայության դեպքում, Հանձնաժողովն ինքն է կազմում Արբիտրաժային տրիբունալ։

 

Հոդված 59

Արբիտրներից որևէ մեկի մահվան կամ հրաժարականի դեպքում, կամ երբ որևէ պատճառով նա անկարող է կատարել իր գործառույթները, թափուր տեղը համալրելու համար կիրառվում է միևնույն ընթացակարգը, որը կիրառվել է վերջինիս նշանակելիս:

 

Հոդված 60

Տրիբունալը գտնվում է Հաագայում, եթե կողմերն այլ վայր չեն նախատեսում։ Տրիբունալը կարող է գտնվել երրորդ տերության տարածքում միայն վերջինիս համաձայնությամբ։ Տրիբունալի կողմից նիստի վայրը չի կարող փոխվել, երբ այն արդեն ամրագրված է, բացառությամբ կողմերի համաձայնությամբ:

 

Հոդված 61

Եթե «Փոխզիջմամբ» չի սահմանվում՝ ինչ լեզուներ պետք է կիրառվեն, այդ որոշումը կայացնում է Տրիբունալը:

 

Հոդված 62

Կողմերն իրավունք ունեն նշանակելու հատուկ ներկայացուցիչներ՝ Տրիբունալում հանդես գալու համար, և գործելու որպես միջնորդ իրենց և Տրիբունալի միջև:

Նրանք իրավասու են նաև Տրիբունալի առջև իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար ունենալ իրենց կողմից այդ նպատակով նշանակված պաշտպան կամ փաստաբան։

Մշտական դատարանի անդամները կարող են հանդես գալ որպես ներկայացուցիչներ, իրավախորհրդատուներ կամ փաստաբաններ միայն այն տերության անունից, որը նշանակել է վերջիններիս որպես Դատարանի անդամներ:

 

Հոդված 63

Որպես կանոն արբիտրաժը կազմված է երկու առանձին փուլերից՝ փաստարկներ ներկայացնելու փուլ և բանավոր լսումների փուլ։

Փաստարկներ ներկայացնելու փուլը բաղկացած է կողմերի ներկայացուցիչների կողմից գործերը, հակընդդեմ գործերը և անհրաժեշտության դեպքում նաև պատասխանները Տրիբունալի անդամներին և հակառակ կողմին փոխանցելու գործընթացից. կողմերը հավելվածի միջոցով ավելացնում են նաև գործին կցված բոլոր թղթերն ու փաստաթղթերը: Այս փոխանցումը կատարվում է կա՛մ ուղղակիորեն, կա՛մ Միջազգային բյուրոյի միջնորդությամբ՝ «Փոխզիջմամբ» սահմանված կարգով և ժամկետներում:

«Փոխզիջմամբ» հաստատված ժամկետը կարող է անհրաժեշտության դեպքում երկարացվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ Տրիբունալի կողմից արդարացի որոշում կայացնելու նպատակով:

Լսումների փուլը կողմերի փաստարկների բանավոր շարադրանքն է Տրիբունալի առջև։

 

Հոդված 64

Կողմերից մեկի ներկայացրած յուրաքանչյուր փաստաթղթի վավերացված մեկական օրինակ պետք է փոխանցվի նաև մյուս կողմին։

 

Հոդված 65

Բացառությամբ հատուկ դեպքերի՝ Տրիբունալը նիստ է գումարում միայն կողմերի փաստարկների ներկայացումն ավարտելուց հետո:

 

Հոդված 66

Լսումներն իրականացվում են Նախագահի վերահսկողությամբ։ Դրանք հրապարակային են դառնում միայն Տրիբունալի որոշմամբ՝ կողմերի համաձայնությամբ։

Լսումներն արձանագրվում են Նախագահի կողմից նշանակված Քարտուղարների կողմից։ Սույն արձանագրությունները ստորագրվում են Նախագահի և Քարտուղարներից մեկի կողմից, և, առանձին վերցված, համարվում են բնօրինակներ:

 

Հոդված 67

Կողմերի փաստարկների ավարտից հետո Տրիբունալն իրավունք ունի արգելելու բոլոր նոր թղթերի կամ փաստաթղթերի քննարկումը, որոնք կողմերից մեկը ցանկություն է հայտնում ներկայացնել առանց մյուս կողմի համաձայնության։

 

Հոդված 68

Տրիբունալն իրավասու է քննել նոր թղթերն ու փաստաթղթերը, որոնք իրեն կհանձնվեն կողմերի ներկայացուցիչների կամ պաշտպանների կողմից։

Այս դեպքում Տրիբունալն իրավասու է պահանջել սույն թղթերի և փաստաթղթերի հանձնումը հակառակ կողմին՝ այդ մասին տեղեկացնելու պարտավորվածությամբ։

 

Հոդված 69

Տրիբունալը կարող է պահանջել կողմերի ներկայացուցիչներից ներկայացնել բոլոր թղթերը և պահանջել բոլոր անհրաժեշտ բացատրությունները: Մերժման դեպքում Տրիբունալն այս մասին կատարում է գրառում :

 

Հոդված 70

Ներկայացուցիչներն ու պաշտպաններն իրավունք ունեն բանավոր ներկայացնելու Տրիբունալին բոլոր փաստարկները, որոնք անհրաժեշտ են համարում իրենց գործի պաշտպանության համար:

 

Հոդված 71

Նրանք իրավունք ունեն ներկայացնելու առարկություններ և բարձրացնելու հարցեր: Տրիբունալի որոշումները դրանց վերաբերյալ վերջնական են և չեն կարող դառնալ հետագա քննարկման առարկա:

 

Հոդված 72

Տրիբունալի անդամներն իրավունք ունեն հարցեր տալ կողմերի ներկայացուցիչներին և պաշտպաններին և բացատրություններ պահանջել կասկածելի հարցերի վերաբերյալ:

Ո՛չ լսումների ընթացքում առաջադրված հարցերը, ո՛չ էլ Տրիբունալի անդամների կողմից ներկայացված մեկնաբանությունները չեն կարող համարվել Տրիբունալի կամ անդամների կողմից ներկայացված ընդհանրական կարծիք։

 

Հոդված 73

Տրիբունալը լիազորված է հայտարարել «Փոխզիջման», ինչպես նաև գործի շրջանակներում վկայակոչվող այլ Պայմանագրերի մեկնաբանման և միջազգային իրավունքի սկզբունքների կիրառման մասով իր իրավասության մասին:

 

Հոդված 74

Տրիբունալն իրավունք ունի սահմանելու գործի վարման ընթացակարգը, որոշելու այն ձևերն ու ժամկետները, որոնց շրջանակներում յուրաքանչյուր կողմ պետք է ամփոփի իր փաստարկները, և կազմակերպելու ապացույցների ներկայացման համար անհրաժեշտ բոլոր ձևականությունները:

 

Հոդված 75

Կողմերը պարտավորվում են Տրիբունալին տրամադրել գործի լուծման համար անհրաժեշտ տեղեկություններն այնքանով, որքանով դա հնարավոր են համարում։

 

Հոդված 76

Երրորդ Պայմանավորվող տերության տարածքում Տրիբունալի կողմից իրականացվող բոլոր ծանուցումների մասով Տրիբունալն ուղղակիորեն դիմում է նշված պետության կառավարությանը: Նույն կանոնը կիրառվում է ապացույց ձեռք բերելու նպատակով տեղում ձեռնարկվող քայլերի դեպքում։

Այդ նպատակով առաջադրված պահանջները կատարվում են այնքանով, որքանով թույլ են տալիս հայցվող տերության տիրապետության տակ գտնվող՝ ներպետական իրավունքով սահմանված միջոցները: Դրանք չեն կարող մերժվել, քանի դեռ տվյալ տերությունը չի համարում, որ դրանք կարող են խաթարել իր ինքնիշխան իրավունքները կամ անվտանգությունը։

Դատարանը նաև մշտապես իրավասու է գործելու այն տերության միջոցով, որի տարածքում այն գտնվում է։

 

Հոդված 77

Երբ կողմերի ներկայացուցիչներն ու իրավախորհրդատուները ներկայացնում են իրենց գործը հիմնավորող բոլոր փաստարկները, Նախագահը լսումները հայտարարում է ավարտված:

 

Հոդված 78

Տրիբունալի խորհրդակցություններն անցկացվում են դռնփակ, իսկ ընթացակարգը գաղտնի է։ Յուրաքանչյուր որոշում կայացվում է Տրիբունալի անդամների ձայների մեծամասնությամբ։

 

Հոդված 79

Արբիտրաժային վճիռը պետք է լինի հիմնավորված։ Այն պարունակում է Արբիտրների անունները․ այն ստորագրվում է Նախագահի և Գրասենյակի ղեկավարի կամ որպես այդպիսին հանդես եկող Քարտուղարի կողմից։

 

Հոդված 80

Արբիտրաժային վճիռն ընթերցվում է դռնբաց նիստում կողմերի ներկայացուցիչների և իրավախորհրդատուների ներկայությամբ կամ բացակայությամբ, եթե վերջիններս պատշաճ ծանուցվել են:

 

Հոդված 81

Արբիտրաժային վճիռը, որը պատշաճ կերպով ընթերցվել և ծանուցվել է կողմերի ներկայացուցիչներին, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Հոդված 82

Այլ համաձայնության բացակայության դեպքում Արբիտրաժային վճռի մեկնաբանման կամ կատարման շուրջ կողմերի միջև ծագած ցանկացած վեճ պետք է ներկայացվի այն կայացնող Տրիբունալին։

 

Հոդված 83

Կողմերը կարող են «Փոխզիջման» միջոցով իրենց վերապահել Արբիտրաժային վճռի վերանայում պահանջելու իրավունք: Այս դեպքում, եթե այլ բան համաձայնեցված չէ, վերանայման պահանջը պետք է ներկայացվի Արբիտրաժային վճիռը կայացրած Տրիբունալին։ Դա կարող է արվել միայն որոշ նոր փաստերի հայտնաբերման հիմքով, որոնք Արբիտրաժային վճռի կայացման հարցում կարող են դիտվել որոշիչ ազդեցություն ունեցող փաստեր, և մինչ լսումների ավարտը հայտնի չեն եղել Տրիբունալին ու վերանայում պահանջող կողմին:

Վերանայման վարույթ կարող է հարուցվել միայն Տրիբունալի որոշմամբ, որն ուղղակիորեն արձանագրում է նոր փաստի առկայությունը՝ դրանում ճանաչելով նախորդ պարբերության մեջ նկարագրված բնույթը, և այդ հիմքով պահանջը հայտարարում ընդունելի։

«Փոխզիջմամբ» սահմանվում է վերանայման պահանջի ներկայացման ժամկետը:

 

Հոդված 84

Արբիտրաժային վճիռը պարտադիր է միայն վիճող կողմերի համար։

Երբ այն վերաբերում է Կոնվենցիայի մեկնաբանմանը, որի կողմ են նաև վեճի մասնակից չհանդիսացող տերությունները, վեճի կողմ հանդիսացող պետություններն այդ մասին ողջամիտ ժամկետում հայտնում են Ստորագրող տերություններին։ Այս տերություններից յուրաքանչյուրն իրավունք ունի միջամտելու գործի ընթացքին: Եթե նրանցից մեկը կամ մի քանիսն օգտվում են այս իրավունքից, Արբիտրաժային վճռում ներառված մեկնաբանությունը հավասարապես պարտադիր է դառնում նրանց համար։

 

Հոդված 85

Յուրաքանչյուր կողմ վճարում է իր սեփական ծախսերը և Տրիբունալի ծախսերի հավասար բաժինը:

 

Գլուխ IV. Պարզեցված ընթացակարգով արբիտրաժ

 

Հոդված 86

Պարզեցված ընթացակարգով քննվող վեճերի դեպքում արբիտրաժային համակարգի գործունեության համար պայմաններ ստեղծելու նպատակով Պայմանավորվող տերություններն ընդունում են հետևյալ կանոնները, որոնք կիրառվում են այլ համաձայնության բացակայության դեպքում և վերապահումով առ այն, որ III Գլխի դրույթները կիրառելի են այնքանով, որքանով դա հնարավոր է:

 

Հոդված 87

Վեճի կողմերից յուրաքանչյուրը նշանակում է մեկ Արբիտր: Այսպիսով, ընտրված Արբիտրներն ընտրում են Նախագահող արբիտր։ Եթե նրանք համաձայնության չեն գալիս այս կետի շուրջ, յուրաքանչյուրն առաջարկում է երկուական թեկնածու Մշտական դատարանի անդամների ընտրված ընդհանուր ցուցակից՝ բացառությամբ այն անդամների, որոնց նշանակել են կողմերը, և որոնք որևէ կողմի քաղաքացիներ չեն: Առաջարկված թեկնածուներից Նախագահողը որոշվում է վիճակահանությամբ:

Նախագահող արբիտրը գլխավորում է Տրիբունալը, որն իր որոշումները կայացնում է ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 88

Նախկինում ձեռք բերված որևէ համաձայնության բացակայության դեպքում Տրիբունալը կազմավորվելուց անմիջապես հետո սահմանում է այն ժամկետը, որի շրջանակներում երկու կողմերը պետք է հանձնեն իրենց համապատասխան գործերը:

 

Հոդված 89

Յուրաքանչյուր կողմ հանդես է գալիս Տրիբունալի առջև ներկայացուցչի միջոցով, որը միջնորդ է Տրիբունալի և նրան նշանակող կառավարության միջև:

 

Հոդված 90

Ընթացակարգն իրականացվում է բացառապես գրավոր: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր կողմ կարող է դիմել վկաներ և փորձագետներ ներգրավելու խնդրանքով: Տրիբունալն իր հերթին իրավունք ունի բանավոր բացատրություններ պահանջելու ներկայացուցիչներից, ինչպես նաև փորձագետներից և վկաներից, որոնց մասնակցությունը Դատարանում այն կարող է օգտակար համարել:

 

ԳԼՈՒԽ V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 91

Սույն Կոնվենցիան, պատշաճ կերպով վավերացված լինելով, Պայմանավորվող տերությունների միջև հարաբերություններում կփոխարինի 1899 թվականի հուլիսի 29-ին կնքված Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիային:

 

Հոդված 92

Սույն Կոնվենցիան կվավերացվի հնարավորինս արագ։

Վավերագրերը կպահպանվեն Հաագայում։

Առաջին ի պահ հանձնվող վավերագրերն արձանագրվում և ստորագրվում են մասնակից տերությունների ներկայացուցիչների և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի կողմից:

Վավերագրերի հետագա ի պահ հանձնումը կատարվում է գրավոր ծանուցմամբ՝ ուղղված Նիդեռլանդների կառավարությանը, վավերացման ենթակա փաստաթղթին կից:

Վավերագրերի առաջին ի պահ հանձնման արձանագրման, նախորդ պարբերությունում նշված ծանուցումների, և վավերացման ենթակա փաստաթղթի պատշաճ կերպով վավերացված օրինակներն անմիջապես Նիդեռլանդների կառավարության կողմից դիվանագիտական ուղիներով ուղարկվում են Խաղաղության երկրորդ համաժողովին հրավիրված տերություններին, ինչպես նաև սույն կոնվենցիային միացած տերություններին: Նախորդ պարբերությունում մեկնաբանվող դեպքերում նշված կառավարությունը տերություններին տեղեկացնում է նաև իր կողմից ծանուցումը ստանալու ամսաթվի մասին:

 

Հոդված 93

Ստորագրող չհանդիսացող տերությունները, որոնք հրավիրված էին Խաղաղության երկրորդ համաժողովին, կարող են միանալ սույն կոնվենցիային:

Այն տերությունը, որը ցանկանում է միանալ, իր ցանկության մասին գրավոր ծանուցմամբ տեղեկացնում է Նիդեռլանդների կառավարությանը՝ նրան փոխանցելով միացման ակտը, որն ի պահ է հանձնվում տվյալ պետության արխիվներում:

Սույն կառավարությունն անմիջապես Խաղաղության երկրորդ համաժողովին հրավիրված մյուս տերություններին է փոխանցում ծանուցման, ինչպես նաև միացման մասին ակտի պատշաճ վավերացված օրինակները՝ նշելով իր կողմից ծանուցումը ստանալու ամսաթիվը:

 

Հոդված 94

Պայմանները, որոնց դեպքում Խաղաղության միջազգային համաժողովին չհրավիրված տերությունները կարող են միանալ սույն կոնվենցիային, հանդիսանում են Պայմանավորվող տերությունների միջև հետագա համաձայնության առարկա։

 

Հոդված 95

Այն տերությունների համար, որոնք վավերագրերի առաջին ի պահ հանձնմանը կողմ չեն հանդիսացել, սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում ի պահ հանձնման արձանագրության օրվանից վաթսուն օր անց, և այն տերությունների դեպքում, որոնք վավերացնում կամ միանում են հետագայում՝ Նիդեռլանդների կառավարության կողմից իրենց վավերացման կամ միանալու մասին ծանուցումն ստանալուց վաթսուն օր անց:

 

Հոդված 96

Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերից մեկը որոշում է դուրս գալ սույն կոնվենցիայից, դուրս գալու մասի գրավոր ծանուցում է Նիդեռլանդների կառավարությանը, որն անմիջապես պատշաճ վավերացված օրինակի միջոցով ծանուցում է մնացած տերություններին՝ տեղեկացնելով ծանուցումն ստանալու օրվա մասին:

Դուրս գալն ուժի մեջ է մտնում միայն ծանուցում ներկայացրած տերության համար Նիդեռլանդների կառավարության կողմից ծանուցումը ստանալուց մեկ տարի անց:

 

Հոդված 97

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի կողմից վարվող գրանցամատյանում նշվում է վավերագրերի ի պահ հանձնման ամսաթիվը 92-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն, ինչպես նաև միացման (93-րդ հոդված, 2-րդ պարբերություն) կամ դուրս գալու (96-րդ հոդված, 1-ին պարբերություն) մասին ծանուցումների ստացման ամսաթվերը:

Յուրաքանչյուր Պայմանավորվող տերություն ունի գրանցամատյան մուտք գործելու և այնտեղից պատշաճ կերպով վավերացված քաղվածքներ ստանալու իրավունք:

Ի հավաստումն վերոգրյալի՝ լիազորված ներկայացուցիչները դրել են իրենց ստորագրությունները սույն կոնվենցիայում։

Կատարված է Հաագայում 1907 թվականի հոկտեմբերի 18-ին, մեկ օրինակից, որը պահվում է Նիդեռլանդների կառավարության արխիվում, իսկ դրա պատշաճ վավերացված օրինակները դիվանագիտական ուղիներով ուղարկվում են Պայմանավորվող տերություններին։

______________________

* Կոնվենցիայի՝ այստեղ վերարտադրված տեքստը, 1907 թվականի Խաղաղության համաժողովում ընդունված ֆրանսերեն տեքստի թարգմանությունն է։ Ֆրանսալեզու տարբերակը համարվում է գերակայող։

 

Սույնով հավաստվում է, որ կցված տեքստը 1907 թվականի հոկտեմբերի 18-ին ստորագրված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությունն է։

 

 

Հայաստանի Հանրապետության

արտաքին գործերի նախարարություն