ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1899 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ
Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին*
Նորին մեծություն գերմանական կայսր՝ Պրուսիայի թագավորը, Նորին մեծություն Ավստրիայի կայսր՝ Բոհեմիայի թագավորը և այլք, և Հունգարիայի առաքելական թագավորը, Նորին մեծություն Բելգիայի թագավորը, Նորին մեծություն Չինաստանի կայսրը, Նորին մեծություն Դանիայի թագավորը, Նորին մեծություն Իսպանիայի թագավորը և նրա անունից Նորին մեծություն Թագավորության թագուհի ռեգենտը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, Նորին մեծություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի՝ Հնդկաստանի կայսրուհին, Հելլենների Նորին մեծություն թագավորը, Նորին մեծություն Իտալիայի թագավորը, Նորին մեծություն Ճապոնիայի կայսրը, Նորին թագավորական մեծություն Լյուքսեմբուրգի Մեծ դուքս՝ Նասաուի դուքսը, Նորին մեծություն Չեռնոգորիայի արքայազնը, Նորին մեծություն Նիդեռլանդների թագուհին, Նորին կայսերական մեծություն Պարսկաստանի շահը, Նորին մեծություն Պորտուգալիայի և Ալգարվեների թագավորը և այլք, Նորին մեծություն Ռումինիայի թագավորը, Նորին մեծություն Համայն Ռուսիո կայսրը, Նորին մեծություն Սերբիայի թագավորը, Նորին մեծություն Սիամի թագավորը, Նորին մեծություն Շվեդիայի և Նորվեգիայի թագավորը, Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը, Նորին մեծություն Օսմանյան կայսրը և Նորին մեծություն Բուլղարիայի արքայազնը,
ոգեշնչված համընդհանուր խաղաղության պահպանման ուղղությամբ աշխատելու մեծ ցանկությամբ,
վճռականությամբ գործադրելով բոլոր ջանքերը, նպաստելու միջազգային վեճերի բարեկամական կարգավորմանը,
ճանաչելով քաղաքակիրթ ազգերի հասարակության անդամներին միավորող համերաշխությունը,
ցանկանալով ընդլայնել օրենքի գերակայությունը և ամրապնդել միջազգային արդարադատության արժևորումը,
համոզված լինելով, որ բոլոր անկախ տերություններին հասանելի մշտական արբիտրաժային Տրիբունալի ստեղծումն արդյունավետ ներդրում կլինի այս արդյունքին հասնելու համար,
հաշվի առնելով արբիտրաժային ընթացակարգի կազմակերպման ընդհանուր և մշտական առավելությունները,
համակարծիք լինելով Միջազգային խաղաղության համաժողովի կայսերական նախաձեռնողի հետ, որ նպատակահարմար է Միջազգային համաձայնագրում ամրագրել արդարության և իրավունքի սկզբունքները, որոնց վրա հիմնված են պետությունների անվտանգությունը և ժողովուրդների բարեկեցությունը,
ցանկություն ունենալով այդ նպատակով կնքելու Կոնվենցիա՝ իրենց լիազոր ներկայացուցիչներ են նշանակել հետևյալ անձանց,
(Ստորև՝ լիազոր ներկայացուցիչների անունները)
որոնք, սահմանված կարգի և ձևի շրջանակներում են, ստանձնելով իրենց լիազորությունները, համաձայնության եկան հետևյալ դրույթների վերաբերյալ.
ՄԱՍ I. ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1
Նպատակ ունենալով որքան հնարավոր է կանխել պետությունների միջև հարաբերություններում ուժի կիրառումը, Ստորագրող տերությունները համաձայնում են գործադրել իրենց լավագույն ջանքերը՝ ապահովելու միջազգային տարաձայնությունների խաղաղ լուծումը։
ՄԱՍ II. ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 2
Լուրջ տարաձայնության կամ հակասության դեպքում Ստորագրող տերությունները, այնքանով որքանով թույլ են տալիս հանգամանքները, պետք է զենք կիրառելու փոխարեն համաձայնեն դիմել մեկ կամ մի քանի բարեկամ տերությունների բարի ծառայություններից կամ միջնորդությունից օգտվելու հնարավորությանը։
Հոդված 3
Սույն դիմումից անկախ՝ Ստորագրող տերություններն առաջարկում են, որ վեճի մասնակից չհանդիսացող մեկ կամ մի քանի տերություն սեփական նախաձեռնությամբ, և որքանով թույլ են տալիս հանգամանքները, առաջարկեն իրենց բարի ծառայություններն ու միջնորդությունը վեճի մասնակից պետություններին։
Վեճի մասնակից չհանդիսացող տերություններն իրավունք ունեն առաջարկելու իրենց բարի ծառայություններն ու միջնորդությունը նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում։
Այս իրավունքի իրացումը ոչ մի դեպքում այս կամ այն վեճի մասնակցի կողմից չպետք է դիտարկվի որպես ոչ բարեկամական գործողություն։
Հոդված 4
Միջնորդի խնդիրն է հաշտեցնել հակադիր պահանջները և նվազեցնել թշնամանքի զգացումը, եթե այն ծագել է վեճի մասնակից պետությունների միջև։
Հոդված 5
Միջնորդի գործառույթները դադարում են այն պահին, երբ վիճող կողմերից մեկը կամ ինքը՝ միջնորդը, հայտարարում է, որ առաջարկվող հաշտություն միջոցները չեն ընդունվում։
Հոդված 6
Թե՛ վեճի կողմերի խնդրանքով, թե՛ վեճի կողմ չհանդիսացող տերությունների նախաձեռնությամբ կիրառվող բարի ծառայությունները և միջնորդությունն ունեն բացառապես խորհրդատվական բնույթ և ոչ մի դեպքում չունեն պարտադիր ուժ։
Հոդված 7
Միջնորդության ընդունումը չի կարող լինել զորահավաքի կամ պատերազմի պատրաստվելու այլ միջոցառումների ընդհատման, հետաձգման, դանդաղեցման կամ խոչընդոտման պատճառ, քանի դեռ հակառակի վերաբերյալ համաձայնություն չկա։
Եթե միջնորդությունը տեղի է ունենում ռազմական գործողություններն սկսվելուց հետո, այն չի հանգեցնում ընթացիկ ռազմական գործողությունների դադարեցման, եթե չկա հակառակ համաձայնություն։
Հոդված 8
Ստորագրող տերությունները միաձայն առաջարկում են հետևյալ հատուկ միջնորդության կիրառումն այն դեպքերում, երբ հանգամանքները թույլ են տալիս.
Լուրջ տարաձայնության դեպքում, երբ վտանգված է խաղաղությունը, վեճի մասնակից հանդիսացող կողմերը համապատասխանորեն ընտրում են տերություն, որին լիազորում են հակառակ կողմի ընտրած տերության հետ ուղիղ բանակցություններ վարելու առաքելությունը, խաղաղ հարաբերությունների խզումը կանխելու նպատակով։
Սույն մանդատի գործողության ժամանակահատվածում, որի ժամկետը, եթե այլ բան սահմանված չէ, չի կարող գերազանցել երեսուն օրը, վեճի մասնակից պետությունները դադարեցնում են վեճի առարկային առնչվող բոլոր ուղղակի հաղորդակցությունները միմյանց հետ, որը համարվում է փոխանցված բացառապես միջնորդ տերություններին, որոնք պետք է գործադրեն լավագույն ջանքերը վեճի կարգավորման նպատակով։
Խաղաղ հարաբերությունների խզման դեպքում այս տերություններն ունեն ընդհանուր պարտավորություններ՝ օգտագործելու ցանկացած հնարավորություն խաղաղության վերականգնման համար։
ՄԱՍ III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Հոդված 9
Միջազգային վեճերում, որոնք չեն առնչվում ո՛չ պատվին, ո՛չ էլ կենսական շահերին և բխում են փաստերի գնահատման շուրջ ունեցած տարակարծությունից, կողմերի դիվանագիտական համաձայնության չհասնելու դեպքում այնքանով, որքանով թույլ են տալիս հանգամանքները, Ստորագրող տերություններն առաջարկում են անկողմնակալ և արդար քննության միջոցով փաստերի պարզաբանմամբ վեճերը լուծելու նպատակով հիմնել Միջազգային քննիչ հանձնաժողով։
Հոդված 10
Միջազգային քննիչ հանձնաժողովները ստեղծվում են վիճող կողմերի միջև կնքվող հատուկ համաձայնագրով։
Քննության իրականացման վերաբերյալ համաձայնագրով սահմանվում են քննության ենթակա փաստերն ու Հանձնակատարների լիազորությունների շրջանակը։
Այն սահմանում է ընթացակարգը։
Քննությունն իրականացնելիս երկու կողմերն էլ պետք է լսվեն։
Նախատեսված ձևը և ժամկետները սահմանվում են Հանձնաժողովի կողմից, եթե ամրագրված չեն Քննության իրականացման վերաբերյալ համաձայնագրով։
Հոդված 11
Եթե այլ բան սահմանված չէ, ապա Միջազգային քննիչ հանձնաժողովները ձևավորվում են սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածով նախատեսված կարգով։
Հոդված 12
Վեճի կողմ հանդիսացող տերությունները Միջազգային քննիչ հանձնաժողովին հնարավորինս տրամադրում են բոլոր այն միջոցներն ու հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են փաստերին ամբողջովին ծանոթանալու և դրանք ճշգրիտ հասկանալու համար:
Հոդված 13
Միջազգային քննիչ հանձնաժողովը վիճող տերություններին է ներկայացնում Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից ստորագրված իր Զեկույցը։
Հոդված 14
Միջազգային քննիչ հանձնաժողովի Զեկույցն ունի բացառապես փաստերն արձանագրող բնույթ և ոչ մի պարագայում չի կարող համարվել Արբիտրաժային վճիռ։ Վիճող տերությունները լիովին ազատ են ըստ իրենց հայեցողության տնօրինելու այդ փաստերը։
ՄԱՍ IV. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ
Գլուխ I. Արբիտրաժային համակարգի մասին
Հոդված 15
Միջազգային արբիտրաժի նպատակն է լուծել պետությունների միջև տարաձայնություններն այդ պետությունների կողմից ընտրված դատավորների միջոցով՝ պահպանելով օրենքի նկատմամբ հարգանքը։
Հոդված 16
Իրավական բնույթի հարցերի, մասնավորապես՝ Միջազգային կոնվենցիաների մեկնաբանման կամ կիրառման դեպքում արբիտրաժը Ստորագրող տերությունների կողմից ճանաչվում է ամենաարդյունավետ և միևնույն ժամանակ ամենաանկողմնակալ միջոցը՝ լուծելու այն վեճերը, որոնք չի հաջողվել լուծել դիվանագիտական ճանապարհով։
Հոդված 17
Արբիտրաժային համաձայնագիրը կնքվում է արդեն իսկ գոյություն ունեցող կամ ապագայում ծագող վեճերի լուծման համար։
Այն կարող է ընդգրկել ցանկացած վեճ կամ միայն որոշակի բնույթ ունեցող վեճեր։
Հոդված 18
Արբիտրաժային համաձայնագրի իրականացումը ենթադրում է Արբիտրաժային վճռի բարեխիղճ կատարում։
Հոդված 19
Անկախ ընդհանուր կամ մասնավոր Պայմանագրերից, որոնցով սահմանվում են Ստորագրող տերությունների արբիտրաժ դիմելու պարտավորությունները, այդ տերություններն իրավունք ունեն նախքան սույն փաստաթղթի վավերացումը կամ վավերացումից հետո կնքելու ընդհանուր կամ մասնավոր Նոր համաձայնագրեր՝ նպատակ ունենալով պարտադիր արբիտրաժի միջոցով քննության հանձնել բոլոր գործերը, որոնք կհամարեն արբիտրաժի միջոցով քննման ենթակա։
Գլուխ II. Մշտական արբիտրաժային դատարանի մասին
Հոդված 20
Ցանկանալով ստեղծել դիվանագիտական ճանապարհով չկարգավորված միջազգային տարաձայնությունների դեպքում անհապաղ արբիտրաժի դիմելու հնարավորություն՝ Ստորագրող տերությունները պարտավորվում են հիմնել Մշտական արբիտրաժային դատարան, որը հասանելի կլինի ցանկացած ժամանակ և կգործի, եթե կողմերը սույն Կոնվենցիայի ընթացակարգային կանոնների համաձայն այլ բան չեն սահմանում։
Հոդված 21
Մշտական դատարանն իրավասու է քննել բոլոր արբիտրաժային գործերը, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը համաձայնում են ստեղծել հատուկ Տրիբունալ։
Հոդված 22
Հաագայում հիմնադրված Միջազգային բյուրոն ծառայում է որպես Դատարանի քարտուղարություն։
Սույն Բյուրոն Դատարանի վարույթների հետ կապված հաղորդակցության ուղին է։ Նրան է վստահվում արխիվների պահպանման առաքելությունը և վարչական գործունեության իրականացումը։
Ստորագրող տերություններն իրենց միջև կնքված արբիտրաժային ցանկացած համաձայնագրի, ինչպես նաև հատուկ Տրիբունալների կողմից կայացված ցանկացած արբիտրաժային վճիռի վավերացված օրինակները պարտավորվում են փոխանցել Միջազգային բյուրոյին՝ Հաագա։
Նրանք նաև պարտավորվում են Բյուրոյին փոխանցել օրենքները, կարգավորումները և փաստաթղթերը, որոնք հավաստում են Դատարանի կողմից կայացված Արբիտրաժային վճիռների կատարումը։
Հոդված 23
Յուրաքանչյուր Ստորագրող տերություն սույն փաստաթղթի վավերացումից հետո երեք ամսվա ընթացքում պետք է ընտրի ոչ ավել, քան չորս անձ, որոնք քաջատեղյակ են միջազգային իրավունքին, ունեն բարձր բարոյական համբավ և պատրաստակամ են ստանձնելու Արբիտրի պարտականությունները:
Ընտրված անձինք որպես Դատարանի անդամներ գրանցվում են ցուցակում, որի մասին Բյուրոն ծանուցում է բոլոր Ստորագրող տերություններին։
Արբիտրների ցուցակում ցանկացած փոփոխության մասին Բյուրոն ծանուցում է Ստորագրող տերություններին։
Երկու կամ ավելի տերություններ կարող են համաձայնել մեկ կամ մի քանի անդամի ընտրության վերաբերյալ։ Միևնույն անձը կարող է ընտրվել տարբեր տերությունների կողմից։
Դատարանի անդամները նշանակվում են վեց տարի պաշտոնավարման ժամկետով։ Նրանք ունեն վերընտրվելու իրավունք:
Դատարանի անդամի մահվան կամ հրաժարականի դեպքում թափուր տեղը համալրվում է նույն ընթացակարգով։
Հոդված 24
Երբ Ստորագրող տերությունները ցանկանում են դիմել Մշտական արբիտրաժային դատարան իրենց միջև ծագած տարաձայնությունը լուծելու, այդ տարաձայնությունը լուծող իրավասու Տրիբունալ կազմելու համար Արբիտրների ընտրությունը կատարվում է Դատարանի անդամների հիմնական ցուցակից։
Այն դեպքում, երբ Արբիտրաժային տրիբունալի կազմը չի որոշվում կողմերի ուղղակի համաձայնությամբ, կիրառվում է հետևյալ կարգը։
Յուրաքանչյուր կողմ նշանակում է երկու Արբիտր և վերջիններս միասին ընտրում են մեկ Նախագահող արբիտր։
Ձայների հավասարության դեպքում Նախագահի ընտրությունը վստահվում է կողմերի համատեղ որոշմամբ ընտրված երրորդ տերությանը։
Եթե այս հարցի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվում, ապա յուրաքանչյուր կողմ ընտրում է այլ տերություն, և Նախագահող արբիտրի ընտրությունը կատարվում է ընտրված տերությունների կողմից։
Այն բանից հետո, երբ կազմվում է Տրիբունալը, կողմերը ծանուցում են Բյուրոյին Դատարան դիմելու իրենց որոշման մասին և ներկայացնում են Արբիտրների անունները։
Արբիտրաժային տրիբունալը նիստ է հրավիրում կողմերի նշանակած ամսաթվին։
Դատարանի անդամներն իրենց պարտականություններն իրականացնելիս և իրենց երկրից դուրս գտնվելիս ունեն դիվանագիտական արտոնություն և իմունիտետ:
Հոդված 25
Արբիտրաժային տրիբունալը Հաագայում ունի մշտական նստավայր:
Բացառությամբ անհրաժեշտ դեպքերի՝ կողմերի համաձայնությամբ նիստի վայրը կարող է փոխվել միայն Տրիբունալի կողմից:
Հոդված 26
Հաագայում Միջազգային բյուրոն իրավասու է Ստորագրող տերությունների տիրապետմանը հանձնել իր տարածքներն ու աշխատակազմը ցանկացած հատուկ Արբիտրաժային խորհրդի գործունեության իրականացման համար:
Մշտական դատարանի իրավազորությունը կարող է Կանոնակարգով սահմանված դեպքերում տարածվել Ստորագրող չհանդիսացող տերությունների կամ Ստորագրող տերությունների և Ստորագրող չհանդիսացող տերությունների միջև վեճերի վրա, եթե կողմերը համաձայնում են դիմել այս Տրիբունալին:
Հոդված 27
Երկու կամ ավելի կողմերի միջև լուրջ վեճի ծագման վտանգի առկայության դեպքում Ստորագրող տերություններն իրենց պարտականությունն են համարում վերջիններիս հիշեցնել Մշտական դատարանի դիմելու հնարավորության մասին:
Հետևաբար նրանք հայտարարում են, որ կողմերին սույն Կոնվենցիայի դրույթների մասին հիշեցնելը և խաղաղության շահերից ելնելով Մշտական դատարան դիմելու հարցում նրանց ուղղորդելն ինքնին համարվում են բարի ծառայություններ:
Հոդված 28
Առնվազն ինը տերությունների կողմից սույն փաստաթղթի վավերացումից հետո՝ հնարավորինս շուտ, այս քաղաքում կհիմնվի Մշտական վարչական խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն Ստորագրող տերությունների՝ Հաագայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչները և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը՝ հանդես գալով որպես Նախագահ:
Այս խորհուրդը պատասխանատու կլինի Միջազգային բյուրոյի ստեղծման և կազմակերպման համար, որը կլինի նրա ղեկավարման և հսկողության ներքո:
Այն կծանուցի տերություններին Դատարանի կազմավորման վերաբերյալ և կապահովի դրա հիմնադրումը:
Այն կհաստատի իր ընթացակարգային կանոնները և մյուս բոլոր անհրաժեշտ կարգավորումները։
Այն կլուծի Դատարանի գործունեության հետ կապված բոլոր վարչական հարցերը։
Այն լիարժեք վերահսկողություն կունենա պաշտոնատար անձանց և Բյուրոյի աշխատակիցների նշանակման, լիազորությունների դադարեցման կամ աշխատանքից ազատման հարցում։
Այն կսահմանի վճարումներն ու աշխատավարձը և կվերահսկի ընդհանուր ծախսերը։
Նիստերին պատշաճ կերպով հրավիրված հինգ անդամների ներկայությունը բավարար է Խորհրդի քննարկումները վավեր ճանաչելու համար: Որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ։
Խորհուրդը Ստորագրող տերություններին անհապաղ ներկայացնում է իր կողմից ընդունված Կանոնակարգը։ Այն վերջիններիս տարեկան Հաշվետվություն է ներկայացնում դատարանի գործունեության, վարչական մարմնի աշխատանքի և ծախսերի մասին։
Հոդված 29
Բյուրոյի ծախսերը հոգում են Ստորագրող տերությունները Համաշխարհային փոստային միության կողմից Միջազգային բյուրոյի համար սահմանված չափաբաժնով:
Գլուխ III. Արբիտրաժային ընթացակարգի մասին
Հոդված 30
Արբիտրաժի զարգացմանը նպաստելու նպատակով Ստորագրող տերությունները համաձայնության են եկել արբիտրաժի ընթացակարգի համար կիրառել հետևյալ Կանոնները, եթե այլ Կանոնների կիրառման վերաբերյալ կողմերը համաձայնության չեն եկել:
Հոդված 31
Արբիտրաժին դիմող տերությունները ստորագրում են հատուկ ակտ («Փոխզիջում» [Compromis]), որը հստակ սահմանում է տարաձայնության առարկան, ինչպես նաև Արբիտրների լիազորությունների շրջանակը։ Այս ակտը պարտավորեցնում է կողմերին հավատարմություն ցուցաբերել Արբիտրաժային վճռի նկատմամբ։
Հոդված 32
Արբիտրի պարտականությունները կարող են դրվել մեկ կամ մի քանի Արբիտրների վրա, որոնց ընտրում են կողմերը սույն փաստաթղթով հռչակված Մշտական արբիտրաժային դատարանի անդամների ցանկից կամ իրենց հայեցողությամբ։
Եթե Արբիտրաժային դատարանը չի կազմավորվում կողմերի համաձայնությամբ, ապա կիրառվում է հետևյալ ընթացակարգը։
Յուրաքանչյուր կողմ նշանակում է երկու Արբիտր, և վերջիններս միասին ընտրում են Նախագահող արբիտր։
Ձայների հավասարության դեպքում Նախագահող արբիտրի ընտրությունը վստահվում է կողմերի միաձայն որոշմամբ ընտրված երրորդ տերությանը։
Եթե այս հարցի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվում, ապա յուրաքանչյուր կողմ ընտրում է առանձին տերություն, իսկ Նախագահող արբիտրի ընտրությունը կատարվում է այս մեթոդով ընտրված տերությունների կողմից։
Հոդված 33
Այն դեպքում, երբ Արբիտր է ընտրվում միապետը կամ պետության ղեկավարը, արբիտրաժային ընթացակարգը սահմանվում է նրա կողմից։
Հոդված 34
Նախագահող արբիտրն ի պաշտոնե համարվում է Տրիբունալի նախագահ։
Այն դեպքում, երբ Տրիբունալը չի ունենում Նախագահող արբիտր, այն իր համար նշանակում է Նախագահ։
Հոդված 35
Արբիտրներից որևէ մեկի մահվան, հրաժարականի կամ ցանկացած պատճառով պարտականությունների կատարման անհնարինության դեպքում թափուր տեղը համալրվում է միևնույն նշանակման մեթոդով։
Հոդված 36
Տրիբունալի նիստի անցկացման վայրն ընտրում են կողմերը։ Ընտրություն չկատարվելու դեպքում Տրիբունալը նիստն անցկացնում է Հաագայում։
Այս կերպ ընտրված վայրը, բացառությամբ անհրաժեշտ դեպքերի, չի կարող փոփոխվել Տրիբունալի կողմից՝ առանց կողմերի համաձայնության։
Հոդված 37
Կողմերն իրավունք ունեն Տրիբունալում նշանակելու պատվիրակներ կամ հատուկ ներկայացուցիչներ՝ իրենց և Տրիբունալի միջև որպես միջնորդներ հանդես գալու համար։
Նրանք իրավասու են նաև Տրիբունալի առջև իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար ունենալ իրենց կողմից այդ նպատակով նշանակված իրավախորհրդատու կամ փաստաբան։
Հոդված 38
Տրիբունալը որոշում է կայացնում իր կողմից կիրառվող լեզուների և այն լեզուների մասին, որոնք կթույլատրվեն կիրառել իր վարույթներում։
Հոդված 39
Որպես կանոն արբիտրաժային ընթացակարգը կազմված է երկու առանձին փուլերից՝ նախնական քննություն և լսումներ։
Նախնական քննությունը երկու կողմերի ներկայացուցիչների կողմից Տրիբունալին և հակառակորդ կողմին բոլոր տպագիր և գրավոր ակտերի և գործում բերված փաստարկները պարունակող բոլոր փաստաթղթերի տրամադրումն է։ Այս հաղորդակցումն իրականացվում է Տրիբունալի կողմից 49-րդ հոդվածի համաձայն սահմանված ձևով և ժամկետներում։
Լսումները կողմերի փաստարկների բանավոր շարադրանքն է Տրիբունալի առջև։
Հոդված 40
Մեկ կողմի ներկայացրած յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է փոխանցվի նաև մյուս կողմին։
Հոդված 41
Լսումներն իրականացվում են Նախագահի վերահսկողության ներքո։
Դրանք հանրային են միայն Տրիբունալի որոշմամբ՝ կողմերի համաձայնության դեպքում։
Դրանք ներառվում են արձանագրության մեջ, որը կազմվում է Նախագահի կողմից նշանակված Քարտուղարների կողմից։ Այդ արձանագրությունը համարվում է բնօրինակ։
Հոդված 42
Նախնական քննությունն ավարտվելուց հետո Տրիբունալն իրավունք ունի արգելելու բոլոր նոր ակտերի կամ փաստաթղթերի քննարկումը, որոնք կողմերից մեկը ցանկություն է հայտնում ներկայացնել առանց մյուս կողմի համաձայնության։
Հոդված 43
Տրիբունալն իրավասու է քննության առնել այն նոր ակտերն ու փաստաթղթերը, որոնց հանդեպ իր ուշադրութունը կհրավիրեն կողմերի ներկայացուցիչները կամ իրավախորհրդատուները։
Այս դեպքում Տրիբունալն իրավասու է պահանջել այդ ակտերի և փաստաթղթերի ներկայացումը՝ այդ մասին հակառակ կողմին պարտադիր տեղեկացնելով։
Հոդված 44
Տրիբունալը կարող է կողմերի ներկայացուցիչներից պահանջել ներկայացնել բոլոր ակտերը և պահանջել բոլոր անհրաժեշտ բացատրությունները: Մերժման դեպքում Տրիբունալն այս մասին գրառում է կատարում:
Հոդված 45
Կողմերի ներկայացուցիչներն ու իրավախորհրդատուներն իրավունք ունեն Տրիբունալին բանավոր ներկայացնելու բոլոր փաստարկները, որոնք համարում են անհրաժեշտ իրենց գործի պաշտպանության համար:
Հոդված 46
Նրանք իրավունք ունեն ներկայացնելու առարկություններ և բարձրացնելու հարցեր:
Տրիբունալի որոշումները դրանց վերաբերյալ վերջնական են և չեն կարող հետագա որևէ լսման առարկա դառնալ:
Հոդված 47
Տրիբունալի անդամներն իրավունք ունեն հարցեր առաջադրելու կողմերի ներկայացուցիչներին և իրավախորհրդատուներին, ինչպես նաև բացատրություններ պահանջելու կասկածելի հարցերի վերաբերյալ:
Ո՛չ լսումների ընթացքում առաջադրված հարցերը, ո՛չ էլ Տրիբունալի անդամների կողմից ներկայացված մեկնաբանությունները չեն կարող համարվել Տրիբունալի կամ անդամների կողմից ներկայացված ընդհանրական կարծիք։
Հոդված 48
Տրիբունալը լիազորված է հայտարարել «Փոխզիջման», ինչպես նաև գործի շրջանակներում վկայակոչվող այլ Պայմանագրերի մեկնաբանման և միջազգային իրավունքի սկզբունքների կիրառման մասով իր իրավասության մասին:
Հոդված 49
Տրիբունալն իրավունք ունի սահմանելու գործի վարման Ընթացակարգային կանոններ, որոշելու այն ձևերն ու ժամկետները, որոնց շրջանակներում յուրաքանչյուր կողմ պետք է ամփոփի իր փաստարկները, ինչպես նաև սահմանելու ապացույցների ներկայացման համար անհրաժեշտ բոլոր ձևական պահանջները:
Հոդված 50
Երբ կողմերի ներկայացուցիչներն ու իրավախորհրդատուները ներկայացնում են իրենց գործը հիմնավորող բոլոր բացատրությունները և փաստարկները, Նախագահը լսումները հայտարարում է ավարտված:
Հոդված 51
Տրիբունալի խորհրդակցություններն անցկացվում են դռնփակ:
Յուրաքանչյուր որոշում կայացվում է Տրիբունալի անդամների ձայների մեծամասնությամբ:
Անդամի՝ քվեարկությունից հրաժարվելը պետք է ներառվի արձանագրության մեջ։
Հոդված 52
Ձայների մեծամասնությամբ կայացված Արբիտրաժային վճռին կցվում է դրա պատճառաբանական մասը: Այն կազմվում է գրավոր և ստորագրվում Տրիբունալի յուրաքանչյուր անդամի կողմից:
Այն անդամները, որոնք փոքրամասնություն են կազմում, կարող են ստորագրելիս արձանագրել իրենց անհամաձայնությունը:
Հոդված 53
Արբիտրաժային վճիռն ընթերցվում է Տրիբունալի դռնբաց նիստում՝ կողմերի ներկայացուցիչների և իրավախորհրդատուների ներկայությամբ կամ բացակայությամբ, եթե վերջիններիս պատշաճ ծանուցվել են:
Հոդված 54
Արբիտրաժային վճիռը, որը պատշաճ կերպով ընթերցվել և ծանուցվել է վեճի կողմերի ներկայացուցիչներին, վերջնականապես և առանց բողոքարկման հնարավորության վերջ է դնում վեճին:
Հոդված 55
Կողմերը կարող են «Փոխզիջման» միջոցով իրենց վերապահել Արբիտրաժային վճռի վերանայում պահանջելու իրավունք:
Այս դեպքում, եթե այլ բան համաձայնեցված չէ, վերանայման պահանջը պետք է ներկայացվի Արբիտրաժային վճիռը կայացրած Տրիբունալին։
Դա կարող է արվել միայն որոշ նոր փաստերի հայտնաբերման դեպքում, որոնք կարող են որոշիչ ազդեցություն ունենալ Արբիտրաժային վճիռ կայացնելու հարցում, և որոնք լսումներն ավարտելու պահին հայտնի չեն եղել Տրիբունալին և վերանայում պահանջող կողմին:
Վերանայման վարույթ կարող է հարուցվել միայն Տրիբունալի որոշմամբ, որն ուղղակիորեն արձանագրում է նոր փաստի առկայությունը՝ դրանում ճանաչելով նախորդ պարբերության մեջ նկարագրված բնույթը, և այդ հիմքով պահանջը հայտարարում ընդունելի։
«Փոխզիջմամբ» սահմանվում է վերանայման պահանջի ներկայացման ժամկետը:
Հոդված 56
Արբիտրաժային վճիռը պարտադիր է միայն այն կողմերի համար, որոնք կնքել են «Փոխզիջում»։
Երբ հարց է ծագում մեկնաբանելու Կոնվենցիան, վեճի կողմերը ծանուցում են իրենց կնքած «Փոխզիջման» մասին Կոնվենցիայի անդամ՝ վեճի կողմ չհանդիսացող տերություններին: Այս տերություններից յուրաքանչյուրն իրավունք ունի միջամտելու գործի ընթացքին: Եթե նրանցից մեկը կամ մի քանիսն օգտվում են այս իրավունքից, ապա Արբիտրաժային վճռի մեջ ներառված մեկնաբանությունը հավասարապես պարտադիր է դառնում նրանց համար։
Հոդված 57
Յուրաքանչյուր կողմ վճարում է իր սեփական ծախսերը և Տրիբունալի ծախսերի հավասար բաժինը:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 58
Սույն Կոնվենցիան վավերացվում է հնարավորինս արագ։
Վավերացման մասին փաստաթղթերը պահպանվում են Հաագայում։
Յուրաքանչյուր վավերացման համար կազմվում է ի պահ հանձնման արձանագրություն, և արձանագրության վավերացված պատճենը դիվանագիտական ուղիներով ուղարկվում է Հաագայում Խաղաղության միջազգային համաժողովում ներկայացված բոլոր տերություններին։
Հոդված 59
Չստորագրած տերությունները, որոնք ներկայացված էին Խաղաղության միջազգային համաժողովում, կարող են միանալ սույն Կոնվենցիային: Այդ նպատակով նրանք պետք է Պայմանավորվող տերություններին հայտնեն իրենց միանալու մասին՝ գրավոր ծանուցմամբ դիմելով Նիդեռլանդների կառավարությանը. իսկ վերջինս կծանուցի մյուս բոլոր Պայմանավորվող տերություններին։
Հոդված 60
Խաղաղության միջազգային համաժողովում չներկայացված տերությունների՝ Կոնվենցիային միանալու պայմանները ենթակա են Պայմանավորվող տերությունների հետագա համաձայնեցման։
Հոդված 61
Այն դեպքում, երբ Բարձր պայմանավորվող կողմերից մեկը չեղարկում է սույն Կոնվենցիան, այդ չեղարկումն ուժի մեջ է մտնում Նիդեռլանդների կառավարությանը գրավոր ծանուցում ներկայացնելուց միայն մեկ տարի անց, իսկ վերջինս այդ մասին անմիջապես ծանուցում է մյուս բոլոր Պայմանավորվող տերություններին:
Այդ չեղարկումն ազդեցություն է ունենում միայն ծանուցում ներկայացնող տերության վրա։
Ի հավաստումն վերոգրյալի՝ լիազորված ներքոստորագրյալները ստորագրում են սույն Կոնվենցիան և դնում իրենց կնիքները։
Կատարված է Հաագայում 1899 թվականի հուլիսի 29-ին, մեկ օրինակից, որը պահվում է Նիդեռլանդների կառավարության արխիվում, իսկ դրա՝ պատշաճ կերպով վավերացված օրինակները դիվանագիտական ուղիներով ուղարկվում են Պայմանավորվող տերություններին։
______________________________________________
* Այստեղ վերարտադրված կոնվենցիայի տեքստը 1899 թվականի Խաղաղության համաժողովում ընդունված ֆրանսերեն տեքստի թարգմանությունն է։ Ֆրանսալեզու տարբերակը համարվում է գերակայող։
Սույնով հավաստվում է, որ կցված տեքստը 1899 թվականի հուլիսի 29-ին ստորագրված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությունն է:
Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարություն
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|