ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 9796/17)
ՎՃԻՌ
Հոդված 10 • Տեղեկություններ ստանալու և տարածելու ազատությունը • Բռնության վերածված ցույցի նկարահանման ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից լրագրողի վրա հարձակումը և նրա տեսախցիկի առգրավումը • Միջամտություն, որն օրինական չէ և չի հետապնդում իրավաչափ նպատակ և հետևաբար չի համարվում «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»
Պատրաստվել է Քարտուղարության կողմից։ Դատարանի համար պարտադիր ուժ չունի:
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
3 ապրիլի 2025 թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Մատիաս Գույոմար [Mattias Guyomar]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Ստեֆանի Մուրու-Վիկստրյոմ [Stéphanie Mourou-Vikström],
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici], Անդրեաս Զունդ [Andreas Zünd],
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Կատերինա Սիմաչկովա [Kateřina Šimáčková]՝ դատավորներ,
և Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի քաղաքացի պրն Հայկ Գրիգորյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2017 թվականի հունվարի 19-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 9796/17),
դիմումատուի՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված ազատ արտահայտվելու իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,
կողմերի դիտարկումները,
2025 թվականի մարտի 11-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է քաղաքացիական անձի վրա ոստիկանության ծառայողների ենթադրյալ հարձակումը նկարահանելիս դիմումատուի լրագրողական աշխատանքի ենթադրյալ խոչընդոտմանը։ Դիմումատուն հիմնվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1982 թվականին և ապրում է Երևանում: Դիմումատուին ներկայացրել են Ստրասբուրգում և Երևանում գործող փաստաբաններ տկն Ա. Մարալյանը, տկն Ա. Մելքոնյանը, տկն Հ. Հարությունյանը և տկն Լ. Սահակյանը։
3. Կառավարությունը ներկայացրել է կառավարության գործակալ, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
I. 2016 թվականի սեպտեմբերի 19-ի միջադեպը
5. 2016 թվականի հուլիսի 17-ին, մի խումբ զինված անձինք ներխուժել են Երևան քաղաքի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք՝ պատանդ վերցնելով ոստիկանության ծառայողների և առաջ քաշելով քաղաքական պահանջներ, այդ թվում՝ Հայաստանի՝ այդ ժամանակ գործող նախագահի հրաժարականը: Հուլիսի 17-30-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացվել են ՊՊԿ շենքի գրավման հետ կապված բողոքի ակցիաներ:
6. Ոստիկանությունը բերվել է բարձր պատրաստականության վիճակի: ՊՊԿ տանող փողոցներում, այդ թվում՝ ոստիկանության գրավված շենքից ոչ հեռու գտնվող Սարի թաղ թաղամասում, տեղադրվել են մի քանի անցակետեր։
7. Դիմումատուի պնդումների համաձայն (որոնք չեն վիճարկվել կառավարության կողմից)՝ 2016 թվականի հուլիսի 17-ին դադարեցվել է Սարի թաղ թաղամասի գազամատակարարումը: Տրանսպորտը նույնպես եղել է անհասանելի։
8. 2016 թվականի հուլիսի 19-ին Սարի Թաղ թաղամասում տեղի է ունեցել ցույց, inter alia (ի թիվս այլնի), կոմունալ և այլ ծառայությունների բացակայության դեմ (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը): Դիմումատուն, որն այդ ժամանակ աշխատել է որպես անկախ լրագրող, իր տեսախցիկով ներկա է գտնվել ցույցին: Դիմումատուի և մեկ այլ լրագրողի՝ Թ. Յ.-ի նկարահանած տեսանյութում երևում է, որ ինչ-որ պահի ցույցը վերածվել է ոստիկանների և ցուցարարների միջև կատաղի բախումների: Նյութում երևում է, թե ինչպես են ցուցարարները փորձում ճեղքել ոստիկանական անցակետը. այնուհետև ցուցարարների ամբոխը նետվում է ոստիկանների վրա՝ հարվածներ հասցնելով նրանց և քարեր նետելով նրանց ուղղությամբ1 2:
9. Տեսանյութում դիմումատուի վրա չի երևում լրագրողական վկայական3։ Նա գտնվում է ամբոխի կենտրոնում և նկարահանում է ցուցարարների և ոստիկանության միջև բախումները, իսկ երբեմն շատ մոտ նկարահանում է ոստիկանության ծառայողներին (այդ թվում՝ ոստիկանության ծառայողներ՝ Ա.Թ.-ին և Շ. Հ.-ն, տե՛ս ստորև): Երբ ոստիկանությունն օդում կրակ է բացում, և ցուցարարների մեծ մասը ցրվում են, դիմումատուն մոտենում է գետնին նստած տղամարդուն շրջապատած երեք ոստիկաններից կազմված խմբին, որտեղ գտնվում են նաև Շ.Հ.-ն և Հ.Սահ-ը, նրանց մոտ տարածությունից նկարահանելու համար: Այնուհետև ոստիկանության չորս այլ ծառայողներ, որոնցից մեկը ցույց է տալիս ոստիկանության երեք ծառայողներին նկարահանող դիմումատուին, շրջվում են դեպի նա4: Լսվում է, թե ինչպես է ոստիկանության ծառայողներից մեկը հարցնում. «Ու՞մ ես նկարահանում, հը՞։», իսկ մյուսն ասում է.«Ես դեռ չեմ ջնջել [դա]. ես [դա] կջնջեմ»...5։ Երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները բռնում դիմումատուին, մինչդեռ ոստիկանության մեկ այլ ծառայող (հետագայում նույնականացվել է որպես Ն.Ա., տե՛ս ստորև՝ 26-րդ պարբերությունը) ձեռքով շարժում է կատարում, կարծես հարվածում է նրա ուղղությամբ, թեև պարզ չէ, թե արդյոք նա իսկապես հարվածում է նրան6: Այնուհետև երևում է, թե ինչպես է ոստիկանության ծառայող Վ. Ն.-ն բռնում դիմումատուին: Այդ պահին ոստիկանության մեկ այլ ծառայող (հետագայում նույնականացվել է որպես Է.Մ.) վազում է ոստիկանների մոտ և երկու անգամ հարվածում դիմումատուին, այնուհետև նաև ոտքով է հարվածում նրան: Թեև պարզ չէ, թե արդյոք հարվածները հասել են դիմումատուին, երևում է, որ նա ձեռքերով ծածկել է գլուխը7: Այնուհետև ոստիկանության ծառայող Ա.Թ.-ն բռնում է դիմումատուի թևից, իսկ ոստիկանության ծառայող Ա.Վ.-ն վերցնում է տեսախցիկը և բացում տեսախցիկի ծալովի էկրանը: Երևում է, թե ինչպես է դիմումատուն ինչ-որ բան բացատրում Ա.Վ.-ին: Երբ դիմումատուն կրկին հայտնվում է էկրանին, նրա տեսախցիկը գտնվում է Ա.Թ.-ի ձեռքում, և նա ինչ-որ բան է բացատրում է Ա.Թ.-ին և մյուս աշխատակցին՝ Հ. Ս.-ին: Այնուհետև Ա.Թ.-ն վերցնում է դիմումատուի տեսախցիկը և հեռանում, մինչդեռ դիմումատուն հետևում է նրան՝ ձախ ձեռքում պահելով բջջային հեռախոսի նման ինչ-որ բան: Այնուհետև Հ.Ս.-ն և Ա.Թ.-ն շրջվում են դեպի դիմումատուն, Ա.Թ.-ն բռնում է նրա շապիկից, իսկ Հ. Ս.-ն բռնում է նրա թևից: Նրանց մոտենում են ոստիկանության ևս մի քանի ծառայողներ։ Թ.Յ.-ն մի քանի անգամ բղավում է, որ դիմումատուն լրագրող է և պահանջում է, որ ոստիկանները նրան բաց թողնեն: Նրանցից մեկը Թ.Յ.-ից պահանջում է հեռանալ և հրում է նրա տեսախցիկը: Նա հայտնում է, որ դիմումատուն մոտենում է: Ավելի ուշ տեսանյութում երևում է, որ դիմումատուն այլևս շրջապատված չէ ոստիկանության ծառայողներով: Երևում է, թե ինչպես են դիմումատուն և Թ.Յ.-Ն խնդրում ոստիկանությանն անմիջապես վերադարձնել տեսախցիկը: Ի վերջո ոստիկանության ավագ սպա Գ.Խ.-ի միջամտությամբ տեսախցիկը վերադարձվում է։
10. Դիմումատուի պնդումների համաձայն (որոնք չեն վիճարկվել Կառավարության կողմից)՝ միջադեպը տեղի է ունեցել 20։50-ին։
11. Նույն օրը՝ ժամը 21.45-ին, դիմումատուն հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է պոլիտրավմա: Նրա բժշկական քարտի համաձայն (ինչպես ամփոփ ներկայացվել է դատաբժշկական հետագա եզրակացություններում, տե՛ս ստորև՝ 17-րդ և 20-րդ պարբերությունները)՝ նա բողոքել է գլխացավերից, կրծքավանդակի ցավից, շրթունքի այտուցից և արյունահոսությունից և ստորին ծնոտի ցավից: Դիմածնոտային վիրաբույժի զննումից հետո նրա մոտ հայտնաբերվել է վերին շրթունքի պատռվածք, որը մաքրվել և կարվել է։ Նա անցել է նաև կրծքավանդակի, ստորին ծնոտի, գանգի և ողնաշարի պարանոցային բաժնի ռենտգեն հետազոտություն. այնուամենայնիվ, ոսկրային տրավմատիկ փոփոխություններ (կոտրվածքներ կամ ոսկորների այլ վնասվածքներ) կամ հիդրոտորաքս (կրծքավանդակի մեջ հեղուկի կուտակում) չեն հայտնաբերվել, իսկ կողոսկրերը եղել են անվնաս: Դիմումատուն այնուհետև դուրս է գրվել։
12. Բժշկական կենտրոնը վերոնշյալ տեղեկություններն ուղարկել է Ոստիկանության Էրեբունի բաժին՝ ոստիկաններին հայտնելով, որ ինչպես տեղեկացրել է դիմումատուն, նրա վրա հարձակվել են ոստիկանության ծառայողները:
II. Քրեական գործով քննությունԸ
13. 2016 թվականի հուլիսի 23-ին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին՝ գործի քննության պահին գործող նախկին Քրեական օրենսգրքի հետևյալ դրույթներին համապատասխան՝ 308-րդ հոդվածի 1-ին մաս (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի 1-ին մաս (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 164-րդ հոդվածի 2-րդ մաս (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը, որը կատարել է պաշտոնատար անձը՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, տե՛ս ստորև՝ 34-րդ պարբերությունը) և 3323-րդ հոդվածի 1-ին մաս (փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը)։ Գործին տրվել է համար (քրեական գործ՝ թիվ 62219216)։
14. Համապատասխան որոշման մեջ, inter alia, նշվում է, որ 2016 թվականի հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք ներխուժել են ՊՊԾ գնդի տարածք (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը): Նշված ամսաթվից մինչև 2016 թվականի հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ծառայողները ենթադրաբար չարաշահել կամ անցել են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ ձերբակալելով մի շարք անձանց (մասնավորապես՝ ցուցարարներին), հարձակվելով նրանց վրա, ինչպես նաև ոստիկանությունում արգելանքի տակ պահելով վերջիններիս օրենքով թույլատրված ժամկետից ավելի: Բացի այդ, նույն դեպքերի ժամանակ նրանք ենթադրաբար խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեության իրականացումը՝ չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը:
15. 2016 թվականի հուլիսի 25-ին դիմումատուն Ոստիկանության Մաշտոցի բաժնում բացատրություն է տվել ոստիկանության ծառայողին: Նա պնդել է, որ լրագրող է եղել երեք տարի շարունակ։ 2016 թվականի հուլիսի 19-ին, վերցնելով իր տեսախցիկն ու բջջային հեռախոսը, գնացել է Սարի թաղ թաղամաս՝ ցույցը նկարահանելու։ Նա նկարահանում էր մոտավորապես քսան րոպե, երբ ոստիկանության և ցուցարարների միջև քաշքշուք է սկսվել։ Ինչ որ պահի նա նկատել է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները հարձակվել ցուցարարի վրա, և որոշել է խոշոր պլանով նկարահանել այդ միջադեպը։ Նկատելով նրան՝ վերոնշյալ ոստիկանները շրջվել են նրա կողմ և օգտագործելով վիրավորական բառեր և անպարկեշտ հայհոյանքներ՝ խլել են նրա տեսախցիկը և բջջային հեռախոսը։ Բջջային հեռախոսն ընկել է գետնին։ Նա փորձել է բարձրացնել այն, սակայն ոստիկանության ծառայողներից մեկը խլել է այն իր ձեռքից։ Ոստիկանության մի քանի ծառայող սկսել են հարվածել և ծեծի ենթարկել նրան, սակայն նա պատասխան հարվածներ չի հասցրել։ Ոստիկանության ծառայողները թողել են նրան և հեռացել՝ վերցնելով նրա տեսախցիկն ու բջջային հեռախոսը։ Նա խնդրել է վերադարձնել իր սարքավորումները, և ոստիկանության ծառայողը վերադարձրել է նրա տեսախցիկը։ Վերջինս խոստացել է վերադարձնել բջջային հեռախոսը հաջորդ օրը, սակայն չի վերադարձրել այն։
16. 2016 թվականի օգոստոսի 6-ին ՀՔԾ քննիչը որոշել է նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ դիմումատուի ստացած վնասվածքները պարզելու համար։ Որոշման մեջ հղում է կատարվել դիմումատուի այն պնդմանը, որ 2016 թվականի հուլիսի 19-ին վերջինս հարձակման է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից:
17. Դատաբժշկական փորձաքննությունն սկսվել է 2016 թվականի օգոստոսի 6-ին և ավարտվել է 2016 թվականի օգոստոսի 26-ին։ Համապատասխան զեկույցի համաձայն՝ դատաբժշկական փորձագետը, ուսումնասիրելով դիմումատուին և բժշկական կենտրոնում կազմված նրա անձնական գործը (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը), եզրակացրել է, որ նրա վերին շրթունքի վրա եղել են կապտուկներ, որոնք այնուհետև վերածվել են սպիների, որոնք հավանաբար պատճառվել են բութ առարկաների միջոցով՝ որոշման մեջ նշված օրը (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը): Փորձագետը չի բացառել, որ դիմումատուի վնասվածքները, որոնք բնութագրվել են որպես առողջությանը թեթև վնաս պատճառելու չափանիշներին չհամապատասխանող, պատճառվել են որոշման մեջ նկարագրված եղանակով (նույն տեղում), ինչպես նաև բութ առարկաներով՝ այլ հանգամանքներում:
18. 2016 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՔԾ քննիչը դիմումատուին շնորհել է քրեական գործով թիվ 62219216 վարույթում տուժողի դատավարական կարգավիճակ (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը) վերջինիս կրած մարմնական վնասվածքների, նյութական և ոչ նյութական վնասի առնչությամբ։ Այնքանով, որքանով դիմումատուի հարցաքննության տեքստը հասանելի է դատարանին, նա կրկնել է 2016 թվականի հուլիսի 25-ի իր բացատրությունը (տե՛ս վերևում` 15-րդ պարբերությունը): Ըստ դիմումատուի՝ թեև ոստիկանության ծառայողները ջնջել են այդ օրը նրա նկարահանած տեսագրությունը, նա կարողացել է վերականգնել այն: Սակայն մինչ նրա ցուցմունք տալը, բջջային հեռախոսը դեռ չէին վերադարձրել: Նա փաստել է, որ իր պնդումները հաստատվում են ոչ միայն իր, այլ նաև իր գործընկեր Թ.Ե.-ի նկարահանած տեսագրությամբ։ (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը):
19. Չնշված ամսաթվին դիմումատուն վիճարկել է իր վնասվածքների ծանրության վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը): Բացի այդ, նա պնդել է, որ չնայած իր բողոքներին, դատաբժշկական փորձագետն իրեն ռենտգեն հետազոտության չի ուղարկել, որ պարզի, թե արդյոք նա կողոսկրի կոտրվածք է ունեցել: Արդյունքում 2016 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՔԾ քննիչը նշանակել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։
20. Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությամբ (ավարտվել է 2017 թվականի փետրվարի 15-ին) հաստատվել է, որ դիմումատուի մոտ եղել է միայն շրթունքի կապտուկ՝ առանց առողջությանը պատճառված թեթև վնասի: Դատաբժշկական փորձագետները չեն բացառել, որ նրա վնասվածքը կարող է լինել հարվածից կամ գետնին ընկնելուց և շրթունքով կոշտ, բութ մակերեսին հարվածելուց:
21. 2021 թվականի օգոստոսի 11-ին ՀՔԾ քննիչը հարցաքննել է ոստիկանության ծառայող Գ.Ա.-ին, որը 2016 թվականի հուլիսի 19-ին ծառայողական պարտականությունները կատարելիս գտնվել է Սարի թաղ թաղամասում, սակայն դիմումատուի վրա ենթադրյալ հարձակմանն առնչություն չի ունեցել:
22. Հակակոռուպցիոն կոմիտեի (ՀԿ) ստեղծումից և ՀՔԾ-ի լուծարումից հետո՝ 2021 թվականի հոկտեմբերի 23-ին, թիվ 62219216 քրեական գործը փոխանցվել է ՀԿ-ին:
23. 2022 թվականի հունվարի 25-ին դիմումատուն կրկին հարցաքննվել է, այս անգամ՝ ՀԿ-ի քննիչի պաշտոնակատարի կողմից: Հարցաքննության ընթացքում նա պնդել է իր տրամադրած նախորդ բացատրությունը (տե՛ս վերևում՝ 15-րդ և 18-րդ պարբերությունները): Չնայած նրա պարանոցին կախված է եղել լրագրողական վկայական, այն, ամենայն հավանականությամբ, ընկել է ցույցի նկարահանումների ժամանակ տիրող քաոսային իրավիճակի պատճառով (ըստ դիմումատուի՝ Թ.Ե.-ի տեսագրությունն սկսվել է այն պահից, երբ նա այլևս չի կրել այն), և ոստիկանության ծառայողները պետք է նկատած լինեին այն, քանի որ նա, այդ ամբողջ ընթացքում գտնվելով ոստիկանության և ցուցարարների շրջապատում, ակտիվորեն նկարահանել էր տեղի ունեցածը: Այնուամենայնիվ, չնայած նրա լրագրողական վկայականն այլևս իր մոտ չէր, երբ մի խումբ ոստիկաններ շրջապատել էին նրան, նա բացատրել է վերջիններիս, որ ինքը լրագրող է և ավելի վաղ կորցրել է իր լրագրողական վկայականը:
24. 2022 թվականի փետրվարի 17-ին ՀԿ-ի քննիչը դիմել է դատախազին՝ քննության ժամկետը երկու ամսով երկարաձգելու խնդրանքով՝ մինչև 2022 թվականի ապրիլի 23-ը մի շարք քննչական միջոցառումներ իրականացնելու նպատակով, այդ թվում՝ i) տուժողների և ոստիկանության ծառայողների լրացուցիչ հարցաքննության (որպես վկաներ), ii) փորձաքննություններ նշանակելու և դրանց արդյունքներին սպասելու, iii) նախաքննության համար պատասխանատու մարմնին նոր հրահանգներ տրամադրելու, iv) հավաքված ապացույցների հիման վրա համապատասխան դատավարական որոշումների ընդունման, և v) այլ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների իրականացման նպատակով: Քննիչը պնդել է, որ նշված քայլերն անհրաժեշտ են ծավալուն քրեական գործի, որում ներկայացված են իննսունվեց տուժողներ, օբյեկտիվ և մանրակրկիտ քննության համար: Միայն դրանց ավարտից հետո հնարավոր կլինի որոշել քրեական գործի ընթացքը։ Քննիչի միջնորդությամբ նշվում է (մասնավորապես՝ դիմումատուի վերաբերյալ), որ նախորդ ժամանակահատվածում (նախքան այն ներկայացնելը) ՀԿ-ի քննիչն ուսումնասիրել է 2016 թվականի հուլիսի 19-ի միջադեպի վերաբերյալ տեսանյութերը և հարցաքննություն իրականացրել դիմումատուի հետ:
25. Թիվ 62219216 քրեական գործի քննությունը հսկող դատախազը բավարարել է միջնորդությունը:
26. 2022 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում վերը նշված քրեական գործը վարող քննիչը որպես վկաներ հարցաքննել է ոստիկանության ծառայողներ Շ.Հ.-ին, Հ. Սահ.-ին, Ա. Վ.-ին, Հ.Ս.-ին, Ա. Թ.-ին և Վ. Ն.-ին: Նա վերջիններիս ցույց է տվել Թ.Ե.-ի նկարահանած տեսանյութը և դիմումատուի վրա ենթադրյալ հարձակումը՝ խնդրելով նրանց բացատրել իրենց գործողությունները: Նրանք նույնանման բացատրություններ են տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 19-ին ՊՊԾ շենքի գրավումից հետո հերթապահության մեջ են եղել Սարի թաղ թաղամասում: Թեև նրանք խոստովանել են, որ ոստիկանության և ցուցարարների միջև բախման ժամանակ երկու կողմից էլ կարող էին քաշքշուքներ լինել, սակայն նրանք հերքել են, որ ոստիկանության ծառայողներից որևէ մեկը հարձակվել է որևէ ցուցարարի վրա, այդ թվում ՝ Շ. Հ.-ի և Հ. Սահ.-ի ընկերակցությամբ գետնին նստած այն տղամարդու (տեսանյութում երևացող) վրա հարձակում գործելու փաստը։ Ինչ վերաբերում է կոնկրետ դիմումատուին, ապա նրանք պնդել են, որ տարածքում իրենք ոչ մի լրագրող չեն տեսել, սակայն նկարահանողներ շատ են եղել։ Նրանք նշել են, որ տեսագրության մեջ դիմումատուն լրագրողական վկայական չի կրել, ուստի ոչ մի կերպ չէին կարող իմանալ, որ նա լրագրող է: Գրեթե բոլորը ճանաչել են ոստիկանության նախկին սպա Ն.Ա.-ին և գործող սպա Է.Մ.-ին, որոնք, ինչպես երևում էր, «ձեռքերով ինչ-որ շարժումներ էին կատարում» դիմումատուի ուղղությամբ, սակայն նրանք պնդել են, որ չեն կարողանում հիշել, թե արդյոք իրենց հարվածները դիպել են դիմումատուին:
27. Ինչ վերաբերում է իրենց վարքագծին, ոստիկանության գրեթե բոլոր ծառայողները պնդել են, որ նրանք պարզապես փորձել են խաղաղեցնել իրավիճակը և դիմումատուին մի կողմ են քաշել՝ նրա և ոստիկանության միջև ծեծկռտուքը կանխելու համար: Նրանք հերքել են, որ հարվածներ են հասցրել դիմումատուին։ Ինչ վերաբերում է դիմումատուի տեսախցիկն ու բջջային հեռախոսը վերցնելուն և տեսագրությունը ջնջելուն, ապա ոստիկանության ծառայողները պնդել են, որ այդ մասին ոչինչ չեն հիշում, սակայն նրանցից ոչ մեկը վերջինիս բջջային հեռախոսը չի առգրավել և չի ջնջել նրա տեսագրությունը: Բացի այդ, ոստիկանության ծառայողներ Ա.Վ.-ն և Ա.Թ.-ն պնդել են, որ դիմումատուից վերցրել են տեսախցիկը՝ նրա իսկապես լրագրող լինելու հանգամանքը պարզելու համար (տես վերևում՝ 9-րդ պարբերությունը): Ա.վ.-ի խոսքերի համաձայն՝ չնայած դիմումատուն հենց այդպես էլ ասել էր, սակայն ստիպված են եղել ստուգում անցկացնել, քանի որ դիմումատուն լրագրողական վկայական չի ունեցել: Ամեն դեպքում նրանք կարճ ժամանակում վերադարձրել են տեսախցիկը և դրանից ոչինչ չեն հեռացրել:
28. Քննությունը երկարաձգվել է երկու անգամ՝ ամեն անգամ երկու ամսով (վերջին երկարաձգումը եղել է մինչև 2022 թվականի օգոստոսի 23-ը), նույն հիմքերով, ինչ նախկինում (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը): Ժամկետը երկարաձգելու իր վերջին միջնորդության մեջ այնքանով, որքանով դա վերաբերում էր դիմումատուին, ՀԿ-ի քննիչը նշել է, որ ոստիկանության ծառայողների հարցաքննությունից հետո (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը) տեղեկություններ են ստացվել դիմումատուի վրա հարձակում գործած ոստիկանության ծառայողների մասին:
29. 2022 թվականի հուլիսի 14-ին թիվ 62219216 քրեական գործն ուղարկվել է Քնչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն:
30. 2023 թվականի փետրվարի 10-ին դիմումատուն կրկին հարցաքննվել է քրեական գործը վարող քննիչի կողմից: Հարցաքննության արձանագրության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ այն անձը, որը ձեռքով և ոտքով հարվածել էր դիմումատուին, դեռևվս ծառայության մեջ գտնվող ոստիկանության ծառայող Է.Մ.-ն էր: Քննիչը դիմումատուին հարցրել է, թե արդյոք նա ունի որևէ առարկություն Է.Մ.-ի նկատմամբ «Համաներում հայտարարելու մասին» օրենքը կիրառելու դեմ (տես ստորև` 38-րդ պարբերությունը), ինչի արդյունքում կընդունվի որոշում նրան պատասխանատվության չենթարկելու մասին: Չնայած դիմումատուն չէր առարկել, հետագայում նա հրաժարվել էր իր համաձայնությունից՝ պատճառաբանելով, որ չի հասկացել այդպիսի որոշման հետևանքները:
31. 2023 թվականի փետրվարի 13-ին քննիչը դիմումատուի իրավաբանին հայտնել է, որ թիվ 62219216 քրեական գործի շրջանակներում ոչ ոք չի ենթարկվել հանրային քրեական հետապնդման (տե՛ս ստորև՝ 36-րդ պարբերությունը):
32. 2023 թվականի ապրիլի 13-ին դիմումատուի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ քննիչի կողմից բացարկ հայտնելու պահանջով։ Նա պնդել է, որ վերջինս անաչառ չի եղել, քանի որ փորձել է դիմումատուին համոզել, որ Է.Մ.-ի նկատմամբ պետք է համաներում կիրառվի, սակայն դիմումատուին չի բացատրել այդպիսի որոշման իրավական հետևանքների մասին: Ավելին, նա պնդում էր, որ «Համաներում հայտարարելու մասին» օրենքը նույնիսկ կիրառելի չէր Է. Մ.-ի նկատմամբ (տե՛ս ստորև՝ 38-րդ պարբերությունը)։ Ըստ դիմումատուի փաստաբանի՝ այս ամենը վկայում է այն մասին, որ քննիչը սատարել է ոստիկանության ծառայողներին:
Բացարկի միջնորդության արդյունքները հայտնի չեն։
33. 2023 թվականի հուլիսի 17-ին՝ Կառավարության կողմից փաստարկները ներկայացնելու ժամանակ, քննությունը դեռ շարունակվում էր։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ շրջանակը եՎ գործելակերպը
I. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ իրավունքը
Ա. Նախկին Քրեական օրենսգիրք (ուժի մեջ է եղել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը)
34. Նախկին Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում էր, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը կամ նրան՝ տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: 164-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձը՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Բ. Քրեական դատավարության օրենսգիրք (ուժի մեջ է եղել մինչև 2022 թվականի հունիսի 30-ը)
35. Նախկին Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում էր, որ հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը՝ i) քրեական գործ հարուցելու մասին, ii) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, iii) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:
Գ. Քրեական դատավարության օրենսգիրք (ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 1-ից)
36. Քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ անձի նկատմամբ հետապնդումը հարուցվում է հսկող դատախազի որոշմամբ` նրա կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա: 189-հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ 189-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստերի առկայության դեպքում քննիչն իրավասու է հսկող դատախազին ներկայացնել անձի նկատմամբ հետապնդում հարուցելու մասին միջնորդություն։
Դ. Քաղաքացիական օրենսգիրք
37. Քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները, այդ թվում՝ սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը։
Ե. «Համաներում հայտարարելու մասին» օրենք (ընդունված 2018 թվականի նոյեմբերի 1-ին՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ)
38. 2-րդ հոդվածի 10-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ համաներում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնք մեղադրվել կամ դատապարտվել են, inter alia, նախկին Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների համար: 2-րդ հոդվածի 11-րդ և 1-ին մասերի համաձայն՝ 2016 թվականի հուլիսի 17-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել, քրեական հետապնդում չիրականացնել կամ քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները.
II. Ներպետական գործելակերպը
39. Կառավարությունը ներկայացրել է ներպետական գործելակերպի տասնհինգ օրինակ, որոնց համաձայն անձինք քրեական հետապնդման և դատարանի առջև պատասխանատվության են ենթարկվել նախկին Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն: Ներկայացված տասնհինգ գործերից երկուսը վերաբերում էին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հարուցված վարույթների քննությանը՝ 164-րդ հոդվածի 2-րդ համաձայն՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար. մեկ գործը վերաբերում էր ոստիկանության պահեստազորային ծառայողներին (164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն), իսկ մնացած գործերը վերաբերում էին մասնավոր անձանց կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելուն (164-րդ հոդվածի 1-ին մասով): Ոստիկանության գործող ծառայողների հետ կապված վերոնշյալ երկու գործերից մեկը վերաբերում էր ոստիկանության ծառայողների կողմից լրագրողների ձերբակալությանը, երբ նրանք լուսաբանում էին ցույցը ցրելը։ Երկրորդ գործն առնչվում էր ցույցը նկարահանելու ընթացքում լրագրողի գործունեությունը խոչընդոտելուն և նրա հետագա ձերբակալությանը՝ ուժի կիրառմամբ։ Պատասխանողները տուգանվել են 500.000 ՀՀ դրամով8: Ամենավաղ կայացված մեղադրական դատավճիռն ընդհանուր իրավասության համապատասխան քրեական դատարանի կողմից 2017 թվականին կայացված վճիռն է:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
40. Դիմումատուն պնդել է, որ 2016 թվականի հուլիսի 19-ին, երբ նա զբաղվում էր իր լրագրողական գործունեությամբ, ոստիկանության ծառայողները հարձակվել են իր վրա, խլել իր բջջային հեռախոսն ու տեսախցիկը, և չնայած նրանք վերադարձրել են տեսախցիկը, այդ օրն իր նկարահանած նյութը հեռացվել էր: Նա հիմնվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից:
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։
Ա. Ընդունելիությունը
Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը
ա) Կողմերի փաստարկները
i) Կառավարությունը
41. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի բողոքն անընդունելի է իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառած չլինելու պատճառով։ Նրանք մասնավորապես պնդել են, որ նախկին Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը) քրեական գործ հարուցելը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար, որը նախկին Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն քրեական հանցագործություն է համարվում (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը), Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով համարվում է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց՝ դիմումատուի 10-րդ հոդվածով ներկայացրած բողոքի առնչությամբ: Այս կապակցությամբ նրանք բերել են ներպետական գործելակերպի տասնհինգ օրինակ, երբ անձինք դատապարտվել են լրագրողի գործունեությունը խոչընդոտելու համար՝ նախկին Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը): Բացի այդ, նրանք պնդել են, որ այն բանից հետո, երբ ներպետական դատարանները մարդու իրավունքները խախտված կճանաչեն, նա կարող է պահանջել բարոյական վնասի փոխհատուցում՝ Քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի համաձայն (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը), այդ թվում՝ պաշտոնատար անձի կողմից ազատ արտահայտվելու իրավունքի խախտման համար:
42. Այսպիսով, կառավարությունը պնդել է, որ դիմումատուի բողոքը պետք է ճանաչվի որպես վաղաժամ ներկայացված, քանի որ քրեական այն գործով քննությունը, որը հարուցվել է, inter alia, ոստիկանության ծառայողների կողմից նրա լրագրողական գործունեության ենթադրյալ խոչընդոտման առնչությամբ (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը), դեռևս շարունակվում էր նրանց վերջին փաստարկների ներկայացման պահին՝ 2023 թվականի հուլիսի 17-ին: Ինչ վերաբերում է դիմումատուի այն հայտարարությանը, թե քրեական գործով քննությունն անարդյունավետ է եղել, նրանք պնդում էին, որ 2017 թվականի հունվարի 19-ին՝ նրա դիմումը ներկայացնելու պահին, դեռ չափազանց վաղ էր նման եզրակացության հանգել՝ հաշվի առնելով, որ գործով քննությունը դեռ նոր էր սկսվել: Սա առավել ևս կարևոր էր, քանի որ գործին մասնակցում էին մեծ թվով տուժողներ և վկաներ։ Նմանապես դիմումատուն չէր կարող վկայակոչել քննության ենթադրյալ չափազանց երկար տևողությունը՝ պնդելով, որ այն անարդյունավետ էր, քանի որ դա պարզ է դարձել միայն Դատարան դիմելուց տարիներ անց: Վերջապես, ինչ վերաբերում է համաներում կիրառելու վերաբերյալ քննիչի առաջարկին (տե՛ս վերևում՝ 30-րդ պարբերությունը), Կառավարությունը վիճարկել է դիմումատուի այն պնդումը, թե նա տեղեկացված չի եղել այդ որոշման հետևանքների մասին: Բոլոր դեպքերում համաներում չի կիրառվել այն պարզ պատճառով, որ դիմումատուն հետագայում հրաժարվել է իր համաձայնությունից և այդպիսով առարկել է վերջինիս դեմ (նույն տեղում):
ii) Դիմումատուն
43. Դիմումատուն պնդել է, որ քրեական գործով քննությունն ինքնին իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէր համարվում։ Նա, inter alia, նշել է, որ իր բողոքի քննությունը շարունակվել է 2016 թվականից ի վեր, այսինքն՝ 2023 թվականի ապրիլի 14-ին իր դիտարկումները ներկայացնելու պահին՝ յոթ տարուց փոքր-ինչ պակաս: Այս առնչությամբ, թեև նա և իր գործընկեր Թ.Ե.-ն հարցաքննվել են դեռևս 2016 թվականին, և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ նրան պատճառված մարմնական վնասվածքները պարզելու համար, սակայն դրանում ներգրավված ոստիկանության ծառայողները չեն հարցաքննվել մինչև 2022 թվականը: Այսպիսով, 2017-ից 2022 թվականներին (գրեթե հինգ տարի) նրա բողոքի հետ կապված որևէ քննչական գործողություն չի ձեռնարկվել: Բացի այդ, չնայած քննության ընթացքում պարզվել է, թե ովքեր են նրա լրագրողական գործունեությունը ենթադրյալ խոչընդոտող ոստիկանության ծառայողները, իշխանություններն այս առնչությամբ որևէ կոնկրետ միջոց չեն ձեռնարկել: Նրանց չի հաջողվել գտնել և հարցաքննել իր վրա հարձակված ոստիկանության ծառայողներ Ն. Ա.-ին և է. Մ.-ին: Մինչ 2023 թվականի ապրիլի 14-ը՝ իր փաստարկները ներկայացնելը, ոստիկանության ոչ մի ծառայող հանցանք կատարելու մեջ չի մեղադրվել։ Հաշվի առնելով քննության տևողությունը՝ հնարավոր էր, որ ի վերջո ոստիկանության ոչ մի ծառայող պատասխանատվության չենթարկվեր վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։ Դիմումատուն այնուհետև պնդել է, որ առկա է եղել վարչական գործելակերպ, ըստ որի՝ ոստիկանությունը չի քննել 2016 թվականի հուլիսի 17-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ցույցերի ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից ցուցարարների և լրագրողների իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերը։
44. Ի վերջո դիմումատուն պնդել է, որ քննիչը փորձել է ստանալ իր համաձայնությունը՝ իր վրա ենթադրյալ հարձակում գործելու մեջ ներգրավված ոստիկանության ծառայողների նկատմամբ համաներում կիրառելու համար, սակայն չի բացատրել, թե այդպիսի որոշումն ինչ հնարավոր հետևանքներ կարող էր ունենալ իր իրավունքների վրա՝ չնայած այն հանգամանքին, որ «Համաներման մասին» օրենքը նույնիսկ կիրառելի չէր ոստիկանության ծառայողների նկատմամբ, ինչպես երևում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ և 1-ին մասերի ոչ միանշանակ ձևակերպումից (տե՛ս վերևում՝ 32-րդ և 38-րդ պարբերությունները):
45. Այսպիսով, դիմումատուն պնդել է, որ խնդրո առարկա պաշտպանության միջոցը՝ նախկին Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն քրեական գործ հարուցելը, ակնհայտորեն արդյունավետ չէր իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնի նպատակների համար, և հետևաբար նրա բողոքը ժամկետից շուտ չէր ներկայացվել:
բ) Դատարանի գնահատականը
46. Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնին վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Վուչկովիչը և այլք ընդդեմ Սերբիայի [ՄՊ] [Vučković and Others v. Serbia [GC]] (նախնական առարկություն), թիվ 17153/11 և 29 այլ վճիռներ, § 69 և հաջորդող պարբերությունները, 2014 թվականի մարտի 25) և «Communauté genevoise d’action syndicale»-ն (CGAS) ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] [Communauté genevoise d’action syndicale (CGAS) v. Switzerland] ([GC], թիվ 21881/20, § 138 և հաջորդող պարբերությունները, 2023 թվականի նոյեմբերի 27)։ Իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու պարտավորությամբ պահանջվում է, որ դիմումատուն բնականոն ձևով օգտվի Կոնվենցիայով նախատեսված բողոքների հետ կապված մատչելի և բավարար իրավական պաշտպանության միջոցներից (նույն տեղում, § 139, և դրանում նշված այլ վճիռներ)։
47. Բացի այդ, իրավական պաշտպանության միջոցներից օգտվելու ընթացակարգի արագությունը կարող է կարևորվել՝ պարզելու համար, թե արդյոք վերջիններս գործնականում արդյունավետ են նշված գործի կոնկրետ հանգամանքների դեպքում՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների համար (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով) ՄըքՖարլեյնն ընդդեմ Իռլանդիայի [ՄՊ] [McFarlane v. Ireland] [GC], թիվ 31333/06, § 123, 2010 թվականի սեպտեմբերի 10)։
48. Դատարանը վերահաստատում է, որ այն դեպքերում, երբ լուրջ հանցագործություններ ներկայացնող գործողություններն ուղղված են մարդու ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ, միայն արդյունավետ քրեաիրավական մեխանիզմները կարող են ապահովել համարժեք պաշտպանություն և ծառայել որպես զսպող գործոն (տե՛ս Իդենտոբան և այլք ընդդեմ Վրաստանի[Identoba and Others v. Georgia], թիվ 73235/12, § 86, 2015 թվականի մայիսի 12): Դատարանը նաև վկայակոչում է լրագրության պաշտպանության և լրագրողների և այլ մեդիա դերակատարների անվտանգության վերաբերյալ CM/Rec(2016)4 հանձնարարականին, որում Նախարարների կոմիտեի կողմից հանձնարարվել էր (հանձնարարականի հավելվածում նշված ուղեցույցների 19-րդ պարբերությունում), որ քննության եզրակացությունները պետք է հիմնված լինեն բոլոր համապատասխան տարրերի մանրակրկիտ, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա, ներառյալ՝ պարզելը, թե արդյոք գոյություն ունի կապ լրագրողների և լրատվության միջոցների ոլորտի այլ դերակատարների նկատմամբ սպառնալիքների և բռնությունների և լրագրողական գործունեության իրականացման կամ այդ եղանակով հանրային բանավեճերին նպաստելու միջև։
49. Այս առումով նախկին Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով և մասնավորապես 164-րդ հոդվածի 2-րդ մասով պաշտոնատար անձի կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելը համարվում էր հանցանք։ Սույն գործով դիմումատուն բողոքել է, որ իր լրագրողական աշխատանքը կատարելիս հարձակման է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից, որոնք խլել են ցույցը նկարահանելու համար իր օգտագործած տեսախցիկն ու բջջային հեռախոսը և հեռացրել տեսանյութը (որը նա նկարահանել էր այդ օրը): Այսպիսով, Դատարանը գտնում է, որ ոստիկանության ծառայողների կողմից դիմումատուի լրագրողական աշխատանքին ենթադրաբար խոչընդոտելու վերաբերյալ քննություն սկսելը շատ կարևոր քայլ էր, որը թույլ էր տալու պարզել ներգրավված ծառայողների ինքնությունը և նրանց պատասխանատվության ենթարկել հենց լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար:
50. Սույն գործով Դատարանը կարիք չունի պարզելու, թե արդյոք գոյություն է ունեցել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար ոստիկանության ծառայողներին պատասխանատվության չենթարկելու վարչական գործելակերպ, ինչպես ներկայացրել էր դիմումատուն (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը): Դատարանին առջադրված հարցն այն է, թե արդյոք դիմումատուի բողոքը պետք է դիտարկել որպես վաղաժամ ներկայացված՝ հաշվի առնելով, որ քննարկվող քրեական գործով քննությունը դեռ շարունակվում է:
51. Այս առումով Դատարանը նշում է, որ դիմումատուի բողոքի քննությունը շարունակվել է յոթ տարի՝ մինչ Կառավարության կողմից 2023 թվականի հուլիսի 17-ին վերջին փաստարկները ներկայացնելը։ Այնուամենայնիվ, ինչպես նշված է վերևում, պաշտպանության միջոցներից օգտվելու ընթացակարգի արագությունը կարող է կարևորվել՝ պարզելու համար, թե արդյոք վերջիններս գործնականում արդյունավետ են նշված գործի կոնկրետ հանգամանքների դեպքում՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների համար (տե՛ս վերևում՝ 47-րդ պարբերությունում հիշատակված համապատասխան նախադեպային իրավունքը)։ Չնայած Կառավարությունը վկայակոչում է այն փաստը, որ քրեական գործով ներգրավված են եղել մեծ թվով տուժողներ և վկաներ, և հետևաբար պահանջվել են մի շարք քննչական գործողություններ (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը), Դատարանը նշում է, որ դիմումատուի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քննության համար առկա են եղել բոլոր անհրաժեշտ նյութերը՝ դեպքի տեսաապացույցները, դիմումատուի և նրա՝ այդ դեպքերը նկարահանող գործընկերոջ ցուցմունքները և բժշկական փաստաթղթերը, ներառյալ՝ դիմումատուի ստացած վնասվածքները հաստատող դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Այնուամենայնիվ, թեև իշխանությունները գործով քննություն են սկսել 2016 թվականի հուլիսի 23-ին և հետագայում հարցաքննել են դիմումատուին և նրա գործընկերոջը 2016 թվականի կեսերին, դիմումատուի վրա ենթադրյալ հարձակման մեջ ներգրավված ոստիկանության առաջին ծառայողը հարցաքննվել է միայն 2022 թվականի սկզբին, այսինքն՝ քննությունն սկսելուց ավելի քան հինգ տարի անց (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը): Չնայած այն հանգամանքին, որ դիմումատուի և Թ.Ե.-ի կողմից նկարահանված տեսանյութը, որը դիմումատուն ներկայացրել է իր հարցաքննության ժամանակ, հասանելի է եղել իշխանություններին և հնարավորություն է տվել պարզելու միջադեպին ներգրավված ոստիկանության բոլոր ծառայողների ինքնությունը:
52. Դատարանն այնուհետև նկատում է, որ նույնիսկ, երբ մեկ տարի անց ոստիկանության ծառայողները, որոնք ենթադրաբար խոչընդոտել են դիմումատուի լրագրողական աշխատանքը, հարցաքննվել են, նրանցից ոչ մեկին քրեական մեղադրանք չի առաջադրվել (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը): Ավելին, 2023 թվականի փետրվարի 10-ին քրեական գործով քննիչը հարցաքննել է դիմումատուին՝ միայն դեռևս ոստիկանությունում ծառայող Է.Թ.-ի նկատմամբ համաներում կիրառելու համար նրա համաձայնությունը ստանալու նպատակով, որի արդյունքում կայացվելու էր վերջինիս չհետապնդելու մասին որոշում։
53. Իսկապես, երբ դիմումատուն ներկայացրել է իր դիմումը, դեռ շատ վաղ է եղել քննության արդյունավետության, արագության և վերջապես քննությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունների հանգելու համար։ Այնուամենայնիվ, դատարանի կողմից գանգատների ընդունելիության գնահատումը չի կարող իրականացվել՝ առանց դրանց ներկայացման պահից ի վեր տեղի ունեցած համապատասխան իրադարձությունները հաշվի առնելու: Սույն գործով կողմերը մանրամասն փաստարկներ են ներկայացրել ավելի ուշ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, իսկ Կառավարությունը հիմնվել է մինչ օրս շարունակվող գործով ներպետական վարույթի ընթացքի վերաբերյալ փաստաթղթերի և տեղեկության վրա: Քանի որ դիմումատուն գործել է բարեխղճորեն՝ համագործակցելով ընթացող քննության հետ, այդ թվում՝ իր գանգատը ներկայացնելուց հետո, և հաշվի առնելով նախորդ պարբերություններում նշված նկատառումները, Դատարանը չի կարող համաձայնել, որ վերջինիս գանգատը պետք է մերժվի՝ որպես վաղաժամ ներկայացված (համեմատի՛ր Շմորգունովը և այլք ընդդեմ Ուկրաինայի [Shmorgunov and Others v. Ukraine], թիվ 15367/14 և 13 այլ գործեր, § 302, 2021 թվականի հունվարի 21): Այս առնչությամբ Դատարանը բազմիցս վճռել է, որ բողոքը քննելիս կարող է հաշվի առնել այն փաստերը, որոնք տեղի են ունեցել գանգատը ներկայացնելուց հետո, բայց ուղղակիորեն կապված են դրանում քննվող փաստերի հետ (տե՛ս նույն տեղում նաև Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Merabishvili v. Georgia][GC], թիվ 72508/13, §§ 249-51 գործը, 2017 թվականի նոյեմբերի 28):
54. Քանի որ կառավարությունը ներկայացրել է իրավական պաշտպանության միջոցները չսպառելու հանգամանքը՝ վկայակոչելով Քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի համաձայն բարոյական վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորությունը, Դատարանը նկատում է, որ, ըստ Կառավարության, իրավական պաշտպանության տվյալ միջոցի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է քրեական գործով քննության արդյունքների և մասնավորապես ոստիկանության համապատասխան ծառայողների դատապարտման հետ: Այնուամենայնիվ, դիմումատուի գործով ոստիկանության ոչ մի ծառայող չի դատապարտվել:
55. Հաշվի առնելով վերոնշյալը` Դատարանը մերժում է Կառավարության առարկությունները:
56. Դատարանը այնուհետև նշում է, որ բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
57. Դիմումատուն բողոքել է, որ 2016 թվականի հուլիսի 19-ի ցույցի ժամանակ, նա ենթադրաբար ականատես է եղել ցուցարարի վրա ոստիկանության ծառայողների հարձակմանը և որոշել է խոշոր պլանով նկարահանել միջադեպը: Սակայն նկատելով դիմումատուին՝ ոստիկանության մի խումբ ծառայողներ հարձակվել են նրա վրա և խլել են նրա տեսախցիկն ու բջջային հեռախոսը։ Չնայած նրանք ի վերջո վերադարձրել են տեսախցիկը, սակայն հեռացրել են այն տեսանյութը, որը նա նկարահանել էր այդ օրը: Դիմումատուն պնդել է, որ դա անօրինական և չարդարացված միջամտություն է խոսքի ազատության իր իրավունքին, որը չի հետապնդել օրինաչափ նպատակ և եղել է անհամաչափ:
58. Դիմումատուն պնդել է, որ ոստիկանության աշխատակիցները տեղյակ են եղել, որ ինքը լրագրող է։ Մասնավորապես նա լրագրողական վկայական է ունեցել և ակտիվորեն նկարահանել է, երբ ցուցարարները բախվել են ոստիկանության ծառայողների հետ: Չնայած նա ինչ-որ պահի կորցրել է իր լրագրողական վկայականը, ոստիկանության համար ակնհայտ է եղել, որ նա լրագրող է, այլ ոչ թե ցույցի մասնակից, քանի որ նա ունեցել է պրոֆեսիոնալ տեսախցիկ և նկարահանել այն, ինչ տեղի է ունենեցել, ներառյալ այն պահը, երբ սկսել է նկարահանել ցուցարարներից մեկի վրա ենթադրյալ հարձակումը: Դիմումատուն պնդել է, որ եթե անգամ ոստիկանության ծառայողները չեն հասկացել, որ նա լրագրող է, իր գործընկերը բարձրաձայն բղավել է այդ մասին: Այնուամենայնիվ, ոստիկանության ծառայողները խլել են նրա սարքավորումները և հեռացրել նրա տեսախցիկով նկարահանված տեսագրությունը: Դիմումատուն պնդում էր, որ ավելի ուշ իրեն հաջողվել է վերականգնել տեսագրությունը և այն տարածել համացանցում:
59. Կառավարությունը դիմումատուի բողոքի ըստ էության քնության վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել։
2. Դատարանի գնահատականը
60. Դատարանը վերահաստատում է, որ պետական մարմինների այն միջոցառումները, որոնք խոչընդոտում են լրագրողներին կատարել իրենց աշխատանքը կամ բացասաբար են ազդում նրանց գործառույթների կատարման վրա, կարող են խնդիրներ առաջացնել՝ 10-րդ հոդվածի համաձայն (տե՛ս Պենտիկյաինենն ընդդեմ Ֆինլանդիայի [ՄՊ], [Pentikäinen v. Finland] [GC], թիվ 11882/10, § 83, ՄԻԵԴ 2015, և Նաջաֆլին ընդդեմ Ադրբեջանի [Najafli v. Azerbaijan], թիվ 2594/07, § 68, 2012 թվականի հոկտեմբերի 2, գործերը)։
61. Սույն գործով դիմումատուն լուսաբանել է ցույցը, որը վերածվել է ցուցարարների և ոստիկանության միջև կատաղի բախման: Չնայած ներկայացված տեսագրություններում դիմումատուի մոտ լրագրողական վկայական չի երևում, սակայն անվիճելի է մնում այն փաստը, որ նա և իր գործընկերը ոստիկանության ծառայողներին հայտնել են, որ դիմումատուն լրագրող է (տե՛ս վերևում՝ 9-րդ, 23-րդ և 27-րդ պարբերությունները): Որոշ ժամանակ նա նկարահանել է ցույցը, այդ թվում նաև այն պահին, երբ հայտնվել է ցուցարարների երկու ընդդիմադիր խմբերի և ոստիկանության միջև։ Այսպիսով, թեև 2016 թվականի հուլիսի 19-ի ցույցի ժամանակ իրարանցում էր նկատվում, սակայն դիմումատուի ներկայությունը չէր կարող աննկատ մնալ ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով, որ նրանք գտնվում էին բարձր պատրաստվածության վիճակում, իսկ դիմումատուն բավականին ակտիվ նկարահանում էր ոստիկանության ծառայողների շարքերը, այդ թվում՝ ծառայողներ Ա.Թ.-ին և Շ.Հ. - ին (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը): Բոլոր դեպքերում, նույնիսկ եթե ոստիկանության ծառայողները չէին կարող վստահաբար իմանալ դիմումատուի լրագրող լինելու մասին, քանի որ նա չի ունեցել լրագրողական վկայական, նրանց համար առնվազն ակնհայտ էր, որ նրա նկարահանումը, ամենայն հավանականությամբ, տեղեկություն ստանալու և տարածելու՝ նրա իրավունքի իրացաման հետ կապված գործունեություն էր: Այդ մասին ևս մեկ անգամ վկայում է այն փաստը, որ երբ ոստիկանության ծառայողները շրջապատել են նրան, նրանցից մեկն անմիջապես հարցրել է. «Ում ես նկարում, հը՞»:
62. Դատարանը նաև նշում է, որ ոստիկանության ծառայողները ոչ միայն բռնել և քարշ են տվել դիմումատուին, այլև նրանցից առնվազն մեկը հարձակվել է վերջինիս վրա. չնայած տեսագրությունը թույլ չի տալիս պարզել, թե արդյոք նրանց հարվածները դիպել են նրան, դեպքից անմիջապես հետո նրա մոտ հայտնաբերվել է շրթունքի վնասվածք, որը հետագայում հաստատվել է դատական փորձագետի կողմից (տե՛ս վերևում՝ 9-րդ, 11-րդ, 17-րդ և 20-րդ պարբերությունները): Ավելին, չնայած այն հանգամանքին, որ ե՛ւ դիմումատուն, ե՛ւ նրա գործընկերը ոստիկանության ծառայողներին ասել են, որ դիմումատուն լրագրող է, և չնայած տեսախցիկը վերադարձնելու համար նրանց բազմաթիվ խնդրանքներին, ոստիկանության ծառայողներն այն վերադարձրել են միայն որոշ ժամանակ անց և ոստիկանության ավագ սպայի միջամտությունից հետո (տե՛ս վերևում՝ 9-րդ, 15-րդ, 23-րդ և 27-րդ պարբերությունները): Նշված հանգամանքներում, հաշվի առնելով նրա տրամադրության տակ եղած նյութերը, ներառյալ՝ միջադեպի տեսաապացույցները (որոնց իսկությունը չի վիճարկվել Կառավարության կողմից), Դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ ոստիկանության ծառայողների գործողությունները փաստորեն խախտել և խոչընդոտել են դիմումատուի լրագրողական գործունեությունը և հետևաբար հավասարազոր են եղել նրա խոսքի ազատության իրավունքի նկատմամբ միջամտության։
63. Այսպիսի հանգամանքներում Դատարանը անհրաժեշտ չի համարում պարզել, թե արդյոք, ինչպես պնդում է դիմումատուն, ոստիկանության ծառայողները հեռացրել են նաև նրա տեսագրությունը տեսախցիկից կամ խլել նրա բջջային հեռախոսը, քանի որ վերը նշված նկատառումները բավարար են եզրակացնելու համար, որ դիմումատուի վրա հարձակումը և տեսախցիկը խլելը նրա կողմից տեսանկարահանում իրականացնելու ժամանակ լրջորեն խոչընդոտել է տեղեկություններ ստանալու և տարածելու նրա իրավունքի իրացումը (համեմատի՛ր՝ Մամեդովը և Աբասովն ընդդեմ Ադրբեջանի [Mammadov and Abbasov v. Azerbaijan] թիվ 1172/12, § 62, 2021 թվականի հուլիսի 8)։
64. Ինչ վերաբերում է միջամտության արդարացված լինելուն, ապա որպես վկա հարցաքննվելիս ոստիկանության ծառայողները, որոնք կա՛մ բռնել են դիմումատուին, կա՛մ խլել նրա տեսախցիկը, իրենց գործողությունների համար որևէ ողջամիտ հիմնավորում չեն ներկայացրել: Չնայած նրանք պնդել են, որ տեղյակ չեն եղել դիմումատուի լրագրող լինելու մասին, նրանք սկզբում հերքել են տեսանյութում ցուցադրված իրենց պահվածքը կամ պնդել, որ պարզապես փորձել են մեղմել իրավիճակը: Այնուամենայնիվ, անվիճելի է այն փաստը, որ դիմումատուն զինված չի եղել և բռնություն չի դրսևորել: Նա, ամենայն հավանականությամբ, պարզապես փորձել է նկարահանել այն, ինչն իր կարծիքով, հարձակում էր քաղաքացիական անձի վրա: Հետևաբար նա չի կատարել որևէ գործողություն, որը կարող էր ստիպել ոստիկանության ծառայողներին որպես սպառնալիք դիտարկել այն, կամ որ նրան բռնելը, քաշքշելը կամ վերջինիս տեսախցիկը խլելը անհրաժեշտ գործողություններ էին համարվում: Կառավարությունը ոստիկանության ծառայողների լրագրողի վրա հարձակվելու պատճառների կամ նրա տեսախցիկը խլելու վերաբերյալ որևէ բացատրություն չի ներկայացրել և չի նշել ներպետական իրավունքում առկա՝ նման գործողությունների իրավական հիմքերը:
65. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի մատնանշել, որ դիմումատուի՝ 10-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին միջամտելը եղել է օրինական, և որ այն հետապնդել է իրավաչափ նպատակ: Հետևաբար դա չէր կարող համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»՝ 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով։
66. Տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
67. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
68. Դիմումատուն պահանջել է 82 եվրո՝ իր բջջային հեռախոսի ենթադրյալ կորստի համար, և 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
69. Կառավարությունը վիճարկել է այս պահանջները։
70. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև, հետևաբար այն մերժում է այս պահանջը։ Այնուամենայնիվ, Դատարանը դիմումատուին շնորհում է 4 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
71. Դիմումատուն նաև պահանջել է 3 800 եվրո՝ որպես Դատարանում կրած ծախսերի և ծախքերի դիմաց փոխհատուցում ։
72. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի պահանջը՝ պնդելով, որ առաջին հերթին նա որևէ պայմանագիր չի ներկայացրել, որով կապացուցվեր վերջինիս կողմից իր փաստաբաններին վճարելու պարտավորությունը։ Բացի այդ, հայտարարված գումարը չափազանց մեծ էր, քանի որ գործը, նրանց կարծիքով, բարդ չէր։
73. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք փաստացի կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մագյար Քեթֆարքու Քությա Փարթն ընդդեմ Հունգարիայի [ՄՊ] [Magyar Kétfarkú Kutya Párt v. Hungary] [GC], թիվ 201/17, § 125, 2020 թվականի հունվարի 20): Սույն գործով դիմումատուն իր ներկայացուցիչների հետ կնքված որևէ պայմանագիր կամ այլ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ նա վճարել է կամ պարտավոր է եղել վճարել նրանց՝ Դատարանում իր ներկայացուցչության համար: Հետևաբար Դատարանն այս մասով փոխհատուցում չի նախատեսում (համեմատի՛ր՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի [Dareskizb Ltd v. Armenia], թիվ 61737/08 գործը, § 100, 2021 թվականի սեպտեմբերի 21 գործը)։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 4 500 եվրո (չորս հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի ապրիլի 3-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
____________________________
1 https://www.youtube.com/watch?v=0sfR1Pq5WY4 (5:49-ից սկսած, վերջին անգամ մուտք է եղել 2025 թվականի փետրվարի 5-ին)։
2 https://www.youtube.com/watch?v=NRYHnFdZYBg (8:55-ից սկսած, վերջին անգամ մուտք է եղել 2025 թվականի փետրվարի 5-ին)։
3 https://www.youtube.com/watch?v=0sfR1Pq5WY4 (Տեսանյութում երեւում է, որ դիմումատուն մանուշակագույն շապիկով եւ ջինսե Բերմուդա շորտերով տղամարդն է, որը տեսախցիկով նկարահանում է, դիտե՛ք 0:32-ից սկսած)։
4 Տե՛ս վերեւում՝ տողատակի թիվ 3 ծանոթագրությունը (9:15-ից սկսած)։
5 https://www.youtube.com/watch?v=NRYHnFdZYBg (11:31-11:38-ից սկսած)
6 https://www.youtube.com/watch?v=0sfR1Pq5WY4 (9:23 սկսած).
7 Տե՛ս վերեւում՝ տողատակի թիվ 6 ծանոթագրությունը (9:26-9:31-ից սկսած)։
8 Տվյալ ժամանակահատվածում մոտավորապես 930 եվրոյին համարժեք։
|
Վիկտոր Սոլովեյչիկ Քարտուղար |
Մատիաս Գույոմար Նախագահ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|