ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
31 մարտի 2025 թվականի ք. Երևան |
թիվ 29-Ա |
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 26-Ա ՈՐՈՇՄԱՄԲ «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2025 թվականի մարտի 31-ի նիստում քննարկեց Հանձնաժողովի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 26-Ա որոշմամբ «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու մասին հարցը:
Քննարկման արդյունքում Հանձնաժողովն ամրագրեց հետևյալը.
Հանձնաժողովը, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Oրենք) 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 2025 թվականի մարտի 10-ին տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության (այսուհետ` Հեռարձակող կամ Ընկերություն) նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ:
Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հաստատված է համարել այն փաստը, որ Ընկերությունն առանց հիմնավոր պատճառի 2025 թվականի մարտի 06-ի ժամը 09:00-ից սկսած 24 ժամից ավել չի ապահովել «Ֆորտունա» ծրագրի հեռարձակումը:
Վարչական վարույթի ուսումնասիրության փուլում, ի լրումն Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության պետի 2025 թվականի մարտի 10-ի զեկուցագրի, Հեռարձակողը 2025 թվականի մարտի 13-ի ժամը 18:00-ից առ 2025 թվականի մարտի 17-ը չի իրականացրել «Ֆորտունա» ծրագրի հեռարձակումը:
Հանձնաժողովը, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման ընթացքում Հեռարձակողի տնօրենի դիրքորոշումը, ինչպես նաև Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 14-րդ կետերը, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և ղեկավարվելով Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, 2025 թվականի մարտի 24-ին ««ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 26-Ա որոշմամբ, մեկ օր ժամկետով կասեցրեց Ընկերության լիցենզիայի գործողությունը։
Հանձնաժողովի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 26-Ա որոշումն ուժի մեջ է մտել այն Հեռարձակողին պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվել որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ 2025 թվականի մարտի 27-ից:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:
«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:
«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է.
Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից:
Վերը նշված փաստական և իրավական հիմնավորումներից ակնհայտ է, որ Հանձնաժողովի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 26-Ա որոշմամբ լիցենզիայի գործողությունը կասեցվել է մեկ օր ժամկետով, հետևաբար «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից՝ 2025 թվականի մարտի 30-ին ժամը 00:00-ին:
Սույն հարցի քննարկման համատեքստում կարևոր է արձանագրել, որ Հեռարձակողը 2025 թվականի մարտի 28-ին Հանձնաժողով է ներկայացրել գրություն այն մասին, որ 2025 թվականի մարտի 27-ի դրությամբ ամբողջությամբ վճարել է ՀՀՌՑ-ի հանդեպ պարտավորությունը՝ կից ներկայացնելով վճարման անդորրագրերը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վերացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 26-Ա որոշմամբ «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ մեկ օր ժամկետով կասեցնել լիցենզիայի գործողությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
|
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Տ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
2025 թ. մարտի 31 ք. Երևան |