ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 51448/15)
Վ Ճ Ի Ռ
|
Հոդված 37 • Գանգատները հանելը • Միակողմանի հայտարարություն, որը չի պարտավորեցնում վերսկսել դիմումատուի՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող որդու՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում մահվան առնչությամբ քննությունը . Առաջարկվող փոխհատուցման չափը չի համապատասխանում այն գումարին, որը Դատարանը կշնորհի նմանատիպ գործով՝ որպես արդարացի փոխհատուցում • Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը պահանջում է շարունակել քննությունը Հոդված 2 (ընթացակարգային և նյութաիրավական) • Կյանքը • Մահվան հանգամանքների և որոշ անձանց կամ իշխանությունների կողմից ցանկացած հնարավոր պատասխանատվության մասով անբավարար և ոչ պատշաճ քննություն • Մահվան վերաբերյալ բավարար և համոզիչ բացատրություն չտրամադրելը Հոդված 13 (+ հոդված 2) • Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայություն • Դատարանն անկարող է վերջնականապես հաստատել 2-րդ հոդվածի խախտման դեպքում պետական մարմինների կողմից որևէ ինստիտուցիոնալ պատասխանատվություն սահմանելու արդյունավետ մեխանիզմի առկայությունը, եթե համապատասխան ներպետական վարույթը չի ավարտվել քրեական հետապնդմամբ և (կամ) դատապարտմամբ • Եթե նույնիսկ նման ընթացակարգ գոյություն ունենար, հնարավոր փոխհատուցման չափը, հաշվի առնելով կյանքի իրավունքի խախտման արդյունքում առաջացած ոչ նյութական վնասի հատուցման համար ներպետական օրենսդրությամբ նախատեսված դրամական սահմանաչափը, կհամարվի անբավարար իրավական պաշտպանության միջոց: Կազմվել է Քարտուղարության կողմից։ Դատարանի համար պարտադիր չէ ։ |
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
9 հունվարի 2025թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Մաթիաս Գայոմար [Mattias Guyomar]՝ նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Ստեֆանի Մուրու-Վիկստրյոմ [Stéphanie Mourou-Vikström],
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Կատերինա Շիմաչկովա [Kateřina Šimáčková],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]` դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Հեղինե Պետրոսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2015 թվականի հոկտեմբերի 2-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 51448/15),
գանգատի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2024 թվականի մարտի 3-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի որդու՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում մահվանն ու հաջորդած քննությանը։ Գործում բարձրացված են Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված հարցերը։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1972 թվականին և ապրում է Հրազդան քաղաքում։ Իրավական օգնություն ստացած դիմումատուին ներկայացրել են Վանաձորում գործող իրավաբան պրն Ա. Զալյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ պրն Ա. Սաքունցը:
3. Կառավարությունը ներկայացրել է կառավարության լիազոր ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործի փաստերը, ինչպես կարելի է տեսնել գանգատում և դիմումատուի կողմից Դատարան ներկայացված նյութերում (տե՛ս ստորև բերված 107-րդ պարբերությունը), կարող են ամփոփվել հետևյալ կերպ։
5. Դիմումատուն 2012 թվականի նոյեմբերի 28-ի գիշերը չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» («ԼՂՀ»)՝ քրեակատարողական հիմնարկում (տե՛ս ստորև բերված 27-րդ պարբերությունը), մահացած հայտնաբերված Հ. Մովսիսյանի մայրն է։
I. Հ. Մովսիսյանի զորակոչը
6. 2011 թվականի հունիսին Հ. Մովսիսյանը 18 տարեկան հասակում զորակոչվել է հայկական բանակ: Ըստ դիմումատուի՝ նրա որդին ունեցել է զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, բայց նա, այնուամենայնիվ, պիտանի է ճանաչվել մարտական ծառայության համար և զորակոչվել է։
7. Հ. Մովսիսյանի զորակոչից առաջ անցկացված ընդհանուր բժշկական զննության արդյունքներում նշված է, որ նա բողոքել է, որ տառապում է «ձմռան ամիսներին դաստակների սառը լինելուց» և հայտնել, որ «մի քանի տարի է արդեն, ինչ ինքն իրեն հիվանդ է համարում»։ Համապատասխան փաստաթղթում ներկայացված վերջնական ախտորոշման մեջ (որն ամբողջությամբ ընթեռնելի չէ) նշվում է վերին վերջույթների և արյան շրջանառության հետ կապված ինչ որ մի վիճակ, որով տառապում էր Հ. Մովսիսյանը (ակնհայտորեն, ոչ այն աստիճանի, որ համարվեր լուրջ առողջական խնդիր):
8. Ի վերջո Հ. Մովսիսյանը ծառայության է ուղարկվել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի թիվ 49971 զորամաս (զորամաս), որը գտնվել է «ԼՂՀ»-ում։
II. Հ. Մովսիսյանի զինվորական ծառայությունը
9. Ծառայության առաջին իսկ օրերից Հ. Մովսիսյանը դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ. հրաժարվել է զինվորական հանդերձանք կրել, իրեն վերապահված պարտականությունները կատարել և այլն։
10. 2011 թվականի հունիսի 27-ին Հ. Մովսիսյանը լքել է զորամասը՝ ցատկելով ցանկապատի վրայով։ Այնուհետև նրան պատահաբար հայտնաբերել է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Ա.-ն, որը նրան հետ է տարել զորամաս։ Այնուհետև իր աշխատասենյակում Հ. Մովսիսյանի հետ զրույց է ունեցել գումարտակի պետ, փոխգնդապետ Հ. Ս.-ն։ Այդ զրույցի ընթացքում Հ. Մովսիսյանը ածելիով կտրել է իր ձախ նախաբազուկը։
11. Այդ դեպքից հետո Հ. Մովսիսյանը տեղափոխվել է զորամասի բուժծառայություն, այնուհետև զինվորական հոսպիտալ՝ վերքը բուժելու նպատակով։
12. 2011 թվականի հուլիսի 25-ին Հ. Մովսիսյանն անցել է ռազմաբժշկական հետազոտություն և նրա մոտ ախտորոշվել է «փսիխոպաթիկ օրգանական բնույթի խանգարում [և] ոչ ադապտիվ դեկոմպենսացիա՝ ինքնասպանության փորձով»։
13. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի՝ 2011 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ Հ. Մովսիսյանը ճանաչվել է խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ոչ պիտանի։ Այդ որոշման համաձայն Հ. Մովսիսյանը պատերազմի ժամանակ պիտանի է ճանաչվել ոչ մարտական ծառայության համար։ Որոշման մեջ այնուհետև նշվում էր, որ խնդրո առարկա խանգարումը (տե՛ս վերը նշված 12-րդ պարբերությունը) չէր կարող հայտնաբերվել զորակոչի ընթացքում, և որ այն կապված չէ Հ. Մովսիսյանի զինվորական ծառայության հետ։
14. 2011 թվականի սեպտեմբերի 17-ին Պաշտպանության նախարարը հրաման է արձակել Հ. Մովսիսյանին առողջական նկատառումներով զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ (տե՛ս վերը նշված 12-րդ և 13-րդ պարբերությունները):
15. 2011 թվականի սեպտեմբերի 28-ին Հ. Մովսիսյանն ազատվել է զինվորական ծառայությունից։
III. Հ. Մովսիսյանի դեմ քրեական վարույթը եՎ նրա կալանավորումը
16. Միևնույն ժամանակ, 2011 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնի (Մարտակերտ, Լեռնային Ղարաբաղ) կողմից որոշում է կայացվել Հ. Մովսիսյանի դեմ քրեական վարույթ հարուցելու մասին՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար։
17. 2011 թվականի օգոստոսի 3-ին Հ. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայությունից խուսափելու համար, և նրան կարգադրվել է չհեռանալ բնակության վայրից (վերջինս գրավոր կերպով պարտավորվել է չհեռանալ):
18. 2011 թվականի սեպտեմբերի 14-ին Հ. Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը հանվել է նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով։
19. 2011 թվականի նոյեմբերի 29-ին որոշում է կայացվել Հ.Մովսիսյանի դեմ նոր մեղադրանք առաջադրելու մասին։ Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով ինքնախեղում կատարելու համար (զինվորական ծառայությունից խուսափելը՝ ծանրացուցիչ հանգամանքներով):
20. 2011 թվականի դեկտեմբերի 6-ին կազմվել է մեղադրական եզրակացություն։ Այն պարունակում էր վկաների, այդ թվում՝ փոխգնդապետ Հ. Ս.-ի (տե՛ս վերը նշված 10-րդ պարբերությունը) և այլ զինծառայողների ցուցմունքների ամփոփ շարադրանքը։
Փոխգնդապետ Հ.Ս.-ի ցուցմունքի ամփոփ շարադրանքի համաձայն՝ Հ. Մովսիսյանը ծառայության առաջին իսկ օրը հայտարարել է, որ չի ցանկանում ծառայել բանակում և նույնիսկ պատրաստ է դատապարտվել՝ ծառայելուց հրաժարվելու համար։ Հ. Մովսիսյանը հրաժարվել է զինվորական համազգեստ կրելուց, սակայն զինվորական անձնակազմի հետ մի քանի զրույցից հետո, ի վերջո, համաձայնել է կրել այն. այնուհետև ընդհանուր տպավորություն է ստեղծվել, որ նա իր ժամկետային ծառայությունը կիրականացնի, ինչպես հարկն է: 2011 թվականի հունիսի 27-ին փոխգնդապետ Հ. Ս.-ին տեղեկացրել են, որ Հ. Մովսիսյանը հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքում (Լեռնային Ղարաբաղ)։ Փոխգնդապետ Հ. Ս.-ի աշխատասենյակում հերթական զրույցի ժամանակ Հ. Մովսիսյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ չի ցանկանում ծառայել բանակում, ինչի պատճառով էլ հեռացել է զորամասից։ Երբ փոխգնդապետ Հ. Ս.-ն փորձել է ավելի մանրամասն պարզել, թե ինչու Հ. Մովսիսյանը չի ցանկանում ծառայել զինված ուժերում, վերջինս ածելիով կտրել է իր ձախ նախաբազուկը։ Հ. Մովսիսյանը տեղափոխվել է զինվորական բուժկետ, որտեղ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն. այնուհետև նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Փոխգնդապետ Հ. Ս.-ն պնդել է, որ Հ. Մովսիսյանին ոչ ոք չի վնասել զինվորական ծառայության ընթացքում. նա պնդել է, որ վերջինս վերը նշված արարքները կատարել է զինծառայությունից խուսափելու նպատակով։
Կրտսեր սերժանտ Ա. Ար.-ի ցուցմունքի ամփոփ շարադրանքի համաձայն ՝ հունիսի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, նա ցանկացել է խոսել գումարտակի պետի (փոխգնդապետ Հ. Ս.-ի) հետ և գնացել է վերջինիս աշխատասենյակ։ Դուռը բաց է եղել, և նա տեսել է, որ փոխգնդապետ Հ.Ս.-ն զրուցում է զորակոչիկի հետ, ավելի ուշ պարզվել է, որ վերջինս Հ. Մովսիսյանն է։ Կրտսեր սերժանտ Ա. Ար.-ն աշխատասենյակ մտնելիս տեսել է, որ Հ. Մովսիսյանը ածելիով վնասել է իրեն և հիստերիայի մեջ ընկնելով՝ սկսել է քաոսային շարժումներ կատարել ու բղավել։ Կրտսեր սերժանտ Ա. Ար.-ն այնուհետև օգնել է, որ Հ. Մովսիսյանի ձեռքից վերցնեն ածելին, և տարել է նրան զինվորական բուժկետ։
Փոխգնդապետ Ա. Ա.-ի ցուցմունքի ամփոփ շարադրանքի համաձայն (տե՛ս վերը նշված 10-րդ պարբերությունը)՝ 2011 թվականի հունիսի 27-ի կեսօրին վերջինս իր մեքենան վարելիս ճանապարհին տեսել է մի զինվորի։ Զինվորը սկզբում խաբել է իրեն (ասելով, որ ինքը զինծառայող չէ), հետո խոստովանել է, որ զորակոչիկ է։ Զորամաս վերադառնալու ճանապարհին Հ. Մովսիսյանը նրան ասել է, որ չի դիմանում զինվորական ծառայության դժվարություններին, չի կարողանում հարմարվել և չի ցանկանում ծառայել բանակում. ավելին, կարոտել է ընտանիքին և ուզում է տուն գնալ։ Որոշ ժամանակ անց Ա. Ա.-ն տեղեկացել է փոխգնդապետ Հ. Ս.-ից, որ նույն զինծառայողը վնասել է ինքն իրեն Հ. Ս.-ի հետ զրույցի ընթացքում։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում են նաև դատաբժշկական փորձագետի եզրակացությունը՝ Հ. Մովսիսյանի ձախ նախաբազկի վնասվածքի վերաբերյալ, և դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի Հ. Մովսիսյանը չի տառապել և չի տառապում որևէ հոգեկան հիվանդությամբ, և վերջինիս «փսիխոպաթիկ օրգանական բնույթի խանգարում դեկոմպենսացիայի փուլում» ախտորոշումն այնպիսի ազդեցություն չէր ունեցել նրա վրա, որ նա չկարողանար հաշվետու լինել իր գործողությունների համար:
21. 2011 թվականի դեկտեմբերի 7-ին Հ. Մովսիսյանի դեմ գործն ուղարկվել է Սյունիքի մարզային դատարան (Մարզային դատարան)՝ գործն ըստ էության քննելու համար։
22. 2012 թվականի հունվարի 31-ին Մարզային դատարանը թույլատրել է Հ. Մովսիսյանի կալանավորումը, կասեցրել է գործի քննությունը և նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում։
23. 2012 թվականի հուլիսի 20-ին Հ.Մովսիսյանը ձերբակալվել է Երևանի օդանավակայանում և տեղափոխվել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ (Հայաստան)։
24. 2012 թվականի հուլիսի 26-ին Մարզային դատարանը վերսկսել է գործի քննությունը և դադարեցրել է Հ. Մովսիսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը։
25. 2012 թվականի սեպտեմբերի 10-ին Հ. Մովսիսյանը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից (տե՛ս վերը նշված 23-րդ պարբերությունը) տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի ոստիկանության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկի քննչական մեկուսարան (Շուշիի քրեակատարողական հիմնարկ):
26. 2012 թվականի նոյեմբերի 20-ին Մարզային դատարանը Հ. Մովսիսյանին մեղավոր է ճանաչել ըստ առաջադրված մեղադրանքի և դատապարտել երեք տարվա ազատազրկման։ Մարզային դատարանի վճիռը պարունակում է հետևյալ ապացույցների նկարագրությունը, որոնց վրա հիմնվել է դատարանը վճիռ կայացնելիս.
Հ. Մովսիսյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքն այն մասին (նա հրաժարվել է ցուցմունք տալ դատավարության ընթացքում), որ իր համար առաջին օրերից սկսած դժվար է եղել հարմարվել զինվորական ծառայությանը՝ առավոտյան վերկացին, զգաստ կանգնելուն, զինվորական սնունդին, շոգ եղանակին վարժանքներ կատարելուն, և որ զինվորական ծառայության հետ կապված ամեն բան խորթ էր իր համար։ Նա իր ծառայակիցներին հայտնել էր, որ տառապում է նյարդային հյուծվածությունից և կնախընտրեր զինծառայությունից խուսափելու համար դատապարտվել, քան շարունակել ծառայել բանակում։ Նրան հայտնաբերելուց (նրա փախուստից հետո) և զորամաս վերադարձնելուց հետո փոխգնդապետ Հ. Ս.-ն զրույց է ունեցել նրա հետ, որի ընթացքում վերջինս շատ դյուրագրգիռ է դարձել և կորցրել է ինքնատիրապետումը. իրեն հանգստացնելու համար գրպանից ածելի է հանել և կտրել իր իսկ ձախ նախաբազուկը։ Նա անմիջապես ստացել է բժշկական օգնություն և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ (Լեռնային Ղարաբաղ), որից հետո ընդունվել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք ստացիոնար բուժման համար։ Նա չի հրաժարվել բանակում ծառայելուց, այլ վերջինիս նյարդային համակարգը անկարող էր հաղթահարել այն: Ցանկացած պահի նա կարող էր կորցնել իր ինքնատիրապետումը և առանց դա լիովին գիտակցելու կատարել այնպիսի արարքներ, որոնք կարող էին ծանր հետևանքներ ունենալ։
Փոխգնդապետ Հ. Ս.-ի, փոխգնդապետ Ա. Ա.-ի և կրտսեր սերժանտ Ա. Ար.-ի, որոնք, ըստ էության, կրկնել են իրենց նախաքննության ընթացքում տված ցուցմունքները (տե՛ս վերը նշված 20-րդ պարբերությունը), և այլ զինծառայողների տված ցուցմունքները, որոնք հաստատել են, որ Հ. Մովսիսյանը բանակ զորակոչվելուց հետո առաջին իսկ օրերից խնդիրներ է ունեցել՝ կապված զինվորական ծառայության հետ:
Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի դատաբժշկական փորձագետի եզրակացությունները, ըստ որոնց՝ Հ. Մովսիսյանն ունեցել է «փսիխոպաթիկ օրգանական բնույթի խանգարում [և] ոչ ադապտիվ դեկոմպենսացիա՝ ինքնասպանության փորձով» (տե՛ս վերը նշված 13-րդ պարբերությունը)։ Խանգարումն առաջացել է զինվորական ծառայության ընթացքում՝ արտաքին միջավայրին և իրադարձություններին չհարմարվելու և իր անհատական հատկանիշների համատեքստում։ Հ. Մովսիսյանը խաղաղ ժամանակ պիտանի չէր զինվորական ծառայության համար, սակայն պիտանի էր ոչ մարտական ծառայության համար՝ պատերազմի ժամանակ։
Առողջապահության նախարարության կողմից նշանակված փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ Հ. Մովսիսյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չէր տառապել և չէր տառապում։ Նա ուներ «փսիխոպաթիկ օրգանական բնույթի խանգարում ոչ ադապտիվ դեկոմպենսացիայի փուլում»։ Նա կարող էր հաշվետու լինել իր գործողությունների համար։
IV. Հ. Մովսիսյանի մահը եՎ դրան հաջորդած քննությունները
27. 2012 թվականի նոյեմբերի 28-ին Հ. Մովսիսյանը մահացել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում (տե՛ս վերը նշված 25-րդ պարբերությունը): Պաշտոնական վարկածի համաձայն (տե՛ս ստորև բերված 28-րդ և 40-րդ պարբերությունները)՝ նշված օրը՝ մոտավորապես գիշերվա ժամը 1։00-ին, Հ. Մովսիսյանի դին հայտնաբերվել է իր (թիվ 8) խցի պատուհանի ճաղավանդակից դուրս ցցված ձողից սավանով կախված։
Ա. Քրեական վարույթների առաջին խումբը
28. Նույն օրը՝ 2012 թվականի նոյեմբերի 28-ին, «ԼՂՀ» գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է հարուցել (գործ թիվ 122007.12) Հ. Մովսիսյանի մահվան (ենթադրյալ ինքնասպանության հասցնելու) փաստի առթիվ։ Որոշմամբ մասնավորապես նշվել է հետևյալը.
«2012 թվականի նոյեմբերի 28-ի՝ ժամը 00:50-ից մինչև 01:00-ն ընկած ժամանակահատվածում, ... կալանավորը, որը [պահվում էր] ոստիկանության քրեակատարողական վարչության [«ԼՂՀ»] քննչական մեկուսարանի թիվ 8 խցում ..., [Հ. Մովսիսյանն] իր սպիտակավուն սավանով կախել էր իրեն նույն խցի պատուհանի ճաղավանդակից դուրս ցցված ձողից և մահացել...»:
29. Նույն օրը «ԼՂՀ» ոստիկանության կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն (այսինքն՝ դիահերձում)՝ պարզելու համար Հ. Մովսիսյանի մարմնի վրա վնասվածքների առկայությունը, մահվան վաղեմությունն ու պատճառը, իր կենդանության օրոք որև հիվանդությամբ տառապելու հավանականությունը և Հ. Մովսիսյանի մահվան հետ կապված հնարավոր պատճառահետևանքային կապը, նրա օրգանիզմում թունավոր նյութերի կամ ալկոհոլի առկայությունը, և պարզելու համար՝ արդյոք հնարավոր է, որ պարանոցի հետքն առաջացած լինի Հ.Մովսիսյանին պատկանող սավանից, որը տրամադրվել է դատաբժշկական փորձագետին։
30. Համաձայն հաջորդող դիահերձման արձանագրության՝ տրված 2012 թվականի դեկտեմբերի 1-ին, մարմնի վրա այլ տեսանելի վնասվածքներ չեն եղել՝ բացառությամբ պարանոցի վրա ճմլման ակոսի և ճմլման ակոսի շուրջ և դրա երկայնքով քերծվածքների, ինչպես նաև էխիմոզների առկայության: Դիահերձումն իրականացվել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 15։00-ին։ Դատելով Հ. Մովսիսյանի մարմնի վրա մահից հետո առկա փոփոխություններից՝ կարելի էր ենթադրել, որ մահը վրա էր հասել դիահերձումից մոտավորապես տասնչորս կամ տասնհինգ ժամ առաջ։ Հ. Մովսիսյանի մահվան պատճառը կախվելու հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունն էր։ Մարմնից վերցված արյան նմուշներում ալկոհոլ չի հայտնաբերվել։ Չէր կարող բացառվել, որ Հ. Մովսիսյանի պարանոցի հետքն առաջացել էր փորձագետին տրամադրված սավանից։
31. Նույն օրը, այսինքն՝ 2012 թվականի դեկտեմբերի 1-ին «ԼՂՀ» գլխավոր դատախազությունը նշանակել է փորձագիտական հանձնաժողովի կողմից իրականացվող լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։ Համապատասխան որոշման մեջ մասնավորապես նշվում էր, որ քրեական գործի ամբողջական և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար անհրաժեշտ է եղել նշանակել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։ Փորձագետներից պահանջվել է պարզել՝ արդյոք դիահերձումը ճիշտ է կատարվել, և արդյոք 2012 թվականի դեկտեմբերի 1-ի դիահերձման արձանագրության մեջ արտացոլված արդյունքները (տե՛ս վերը նշված 30-րդ պարբերությունը) հիմնավորված են: Նրանցից նաև պահանջվում էր պարզել Հ. Մովսիսյանի մահվան պատճառը, նրա մարմնի վրա վնասվածքների առկայությունը (արդյոք տվյալ վնասվածքները հասցվել էին, քանի դեռ նա ողջ էր), արդյոք նա տառապել է որևէ հիվանդությամբ և արդյոք մինչև մահանալը օգտագործել է ալկոհոլ կամ թմրանյութեր։
32. 2013 թվականի մարտի 11-ին ստացվել է դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի արձանագրությունը։ Փորձագիտական հանձնաժողովի կողմից դիակի փորձաքննության ամսաթիվը նշված չի եղել։ Արձանագրության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
« ...
Մարմնի ներքին և արտաքին լրացուցիչ ուսումնասիրություն
... Աջ նախաբազկի հետնամասում առկա է անհարթ կարմրավուն քերծվածք ...
Եզրակացություններ
Փորձագիտական արձանագրությունը ... թվագրված [2012 թվականի դեկտեմբերի 1] ճիշտ է և հիմնավորված:
Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ընթացքում [Հ. Մովսիսյանի մոտ] հայտնաբերվել են հետևյալ մարմնական վնասվածքները` աջ վերին նախաբազկի հետնամասի քերծվածք..., որը հասցվել է, երբ նա դեռ ողջ էր. [հասցվել է] բութ առարկայով մինչև նրա մահը, [չի համարվում], որ այն առողջությանը պատճառել է թեթև վնաս և կապված չէ մահվան հետ..., պարանոցի վրա՝ ... ճմլման ակոս և դրա տակ գտնվող ներքին հյուսվածքների վրա էխիմոզներ, որոնք առաջացել են պարանոցի օրգանների վրա [Հ. Մովսիսյանի] մարմնի ծանրության ճնշման արդյունքում... կախվելու հետևանքով։
[Հ. Մովսիսյանի] մահվան պատճառը ... կախվելու... հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունն է։
... [Հ. Մովսիսյանն] ընդհանուր առմամբ առողջ էր։
Ալկոհոլի կամ թմրանյութերի [օգտագործման] հետքեր չեն հայտնաբերվել... »:
33. Նախաքննության ընթացքում վկաների ցուցմունքների ամփոփ նկարագրությունից, որը նշված է գործով վարույթը կարճելու հետագա որոշման մեջ (տե՛ս ստորև՝ 40-րդ պարբերությունը), հետևում է, որ նախաքննության ընթացքում Շուշիի քրեակատարողական հիմնարկի հսկիչները և Հ. Մովսիսյանի խցակիցները հարցաքննվել են։
34. Մասնավորապես գլխավոր հսկիչ Մ. Գ-ն. հայտարարել է, որ նա 2012 թվականի նոյեմբերի 27-ին` ժամը 9:00-ին, հսկիչներ Ա. Վ.-ի և Ս. Ա.-ի հետ միասին սկսել է իրականացնել իր հերթապահությունը։ Հերթափոխը բնականոն է ընթացել և միջադեպեր չեն եղել: Կեսգիշերին մոտ, երբ սկսվել է Ա. Վ.-ի երկժամյա ընդմիջումը, Մ. Գ.-ն փոխարինել է Ա. Վ.-ին: Անցնելով 8-ից 15 խցերի կողքով՝ նա յուրաքանչյուր տասը-տասնհինգ րոպեն մեկ նայել է այդ խցերի բնակիչներին խցի դռան դիտանցքից՝ ստուգելու համար, որ կասկածելի ոչինչ տեղի չի ունենում, սակայն արտասովոր ոչինչ չի նկատել։ Ըստ Մ.Գ.-ի՝ նա ստուգել է 8-րդ խուցը մոտավորապես ժամը 12:50-ի սահմաններում, այնուհետև շարժվել դեպի այլ խցեր: Վեց կամ յոթ րոպե անց նա նայել է թիվ 8 խցի դռան դիտանցքից և տեսել, որ կալանավորված անձանցից մեկը՝ Հ. Մովսիսյանը, կախված է սավանով, որտեղից փակվում էր խցի պատուհանը (պատուհանը փակելու ամրացման տեղ)։ Սկզբում նա չէր հավատացել իր տեսածին, սակայն երբ համոզվելու համար նա նայել է սննդի փոխանցման դռնակից (քանի որ մենակ չէր թույլատրվում խուց մտնել, իսկ հսկիչները խցերի բանալիները չէին պահում իրենց մոտ), սկսել է բղավել՝ փորձելով արթնացնել Հ. Մովսիսյանի խցակիցներին, որպեսզի նրանք կարողանան օգնություն ցուցաբերել նրան։ Հետո Մ. Գ.-ն իջել է ներքև` առաջին հարկ, որպեսզի վերցնի թիվ 8 խցի բանալիները, և հանձնարարել է Ս. Ա.-ին զեկուցել պատահածի մասին պատասխանատու սպային` Ջ. Հ.-ին (տես ստորև` 37-րդ պարբերությունը): Այնուհետև նրանք ավագ տեսուչ Ա. Դ.-ի (տե՛ս ստորև՝ 35-րդ պարբերությունը) և կրտսեր տեսուչ Պ. Մ.-ի (տե՛ս ստորև՝ 36-րդ պարբերությունը) հետ մտել են թիվ 8 խուցը, ազատել են Հ. Մովսիսյանին սավանից` կտրելով այն, և նրան խցից հանել են միջանցք (որտեղ առաջին բուժօգնություն են ցուցաբերել): Մոտավորապես տասնհինգից քսան րոպե անց եկել է շտապօգնության թիմը և հայտարարել, որ Հ. Մովսիսյանը մահացած է: Այնուհետև նրանք փորձել են պարզել, թե ինչ է տեղի ունեցել, սակայն թիվ 8 խցում գտնվող մյուս կալանավորները հայտարարել են, որ տեղյակ չեն. նրանք ասել են, որ իրենք քնած են եղել, սակայն արթնացել են բղավոցներից և տեսել, որ Հ. Մովսիսյանը կախել է իրեն:
35. Ավագ տեսուչ Ա. Դ.-ի ցուցմունքի ամփոփ շարադրանքի համաձայն՝ նա իր աշխատասենյակում է եղել, երբ ժամը 1:00 ին Մ. Գ.-ն ներխուժել է իր աշխատասենյակ և զեկուցել, որ թիվ 8 խցում ինչ-որ մեկը կախվել է: Նրանք անմիջապես բարձրացել են երկրորդ հարկ, բացել դուռը և տեսել, որ Հ. Մովսիսյանը սավանով կախված է պատուհանի ճաղերից, իսկ մյուս կալանավորները խցի մյուս կողմում խուճապահար ճչում էին։ Մ. Գ.-ն և Ա. Դ.-ն միասին իջեցրել են Հ. Մովսիսյանին և դուրս բերել նրան միջանցք, որտեղ նրա վրա ջուր են ցողել. Պ. Մ.-ն (տե՛ս ստորև՝ 36-րդ պարբերությունը), որը եկել էր օգնություն ցուցաբերելու համար, սկսել էր «բերանից բերան» արհեստական շնչառություն կատարել և մերսել Հ. Մովսիսյանի սիրտը, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել։
36. Կրտսեր տեսուչ Պ. Մ.-ի ցուցմունքի ամփոփ շարադրանքի համաձայն՝ 2012 թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 21։00-ին, նա ստանձնել է իր պարտականությունը որպես հերթապահ սպայի օգնական: 2012 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 1։00-ին, հսկիչ Ս. Ա.-ն (տե՛ս վերը նշված 34-րդ պարբերությունը) զանգահարել է նրան՝ ասելով, որ ինչ-որ մեկը կախվել է։ Նա դեպքի մասին զեկուցել է հերթապահ մայոր Ջ. Հ.-ին (տե՛ս ստորև՝ 37-րդ պարբերությունը), և քանի որ Պ. Մ. -ն մասնագիտությամբ նաև բուժակ էր, գնացել է օգնություն ցույց տալու և տեսել, որ թիվ 8 խցի պատուհանի ճաղերից սավանով կախված է մի երիտասարդ (որը, ինչպես հետագայում պարզ է դարձել, Հ. Մովսիսյան էր): Երկու կալանավորներ բռնել են մարմինը, մինչ Մ. Գ.-ն (տե՛ս վերը նշված 34-րդ պարբերությունը) փորձում էր կտրել սավանը: Նրանք օգնել են Մ. Գ.-ին և Հ. Մովսիսյանի մարմինն ազատելուց հետո տարել են նրան միջանցք: Պ. Մ.-ն ստուգել է Հ. Մովսիսյանի զարկերակը և պարզելով, որ այն դեռ բաբախում է, նա բերանից բերան արհեստական շնչառություն է կատարել և մոտ տասը րոպե մերսել սիրտը, որից հետո Պ. Մ.-ն տեսել է, որ Հ. Մովսիսյանի աչքերը լայն բացվել են, նա միզել է, իսկ որովայնը՝ փքվել։ Այդ պահին նա հասկացել է, որ Հ. Մովսիսյանը մահացած է, և դադարեցրել է իր միջամտությունը:
37. Հերթապահ մայոր Ջ.Հ.-ի տված ցուցմունքի ամփոփ շարադրանքի համաձայն՝ հսկիչ Ս. Ա.-ից (տե՛ս վերը նշված 34-րդ պարբերությունը) տեղեկանալով ժամը 1։00-ին տեղի ունեցած դեպքի մասին՝ Ջ. Հ.-ն անմիջապես շտապօգնություն է կանչել և դեպքի առնչությամբ զեկուցել վերադասներին։ Այնուհետև Ջ. Հ.-ն և նրա վերադասները զննել են թիվ 8 խուցն այդ ընթացքում ժամանած ոստիկանների հետ միասին։ Նրանք Հ. Մովսիսյանի անձնական իրերի շարքում հայտնաբերել են միայն մի քանի գրված բանաստեղծություններ և Մարզային դատարանի վճռի մեկ օրինակ ( տես վերը նշված 26-րդ պարբերությունը): Մինչև մահանալը Հ. Մովսիսյանը պահվել է ութ այլ կալանավորների հետ միևնույն խցում. նրանք բոլորը նշել են, որ ոչինչ չեն լսել, քնած են եղել և արթնացել են միայն այն պատճառով, որ հսկիչը սկսել է բղավել և թակել դուռը։
38. Շուշիի քրեակատարողական հիմնարկի պետ, կապիտան Սա. Ա.-ի ցուցմունքի ամփոփ շարադրանքի համաձայն՝ Հ. Մովսիսյանը քրեակատարողական հիմնարկ է ընդունվել 2012 թվականի սեպտեմբերի 10-ին։ Հաջորդ օրը նա հանդիպել է Հ. Մովսիսյանին իր աշխատասենյակում և ներկայացրել նրան իր իրավունքներն ու պարտականությունները և բողոքներ ու առաջարկություններ ներկայացնելու կարգը: 2012 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Հ. Մովսիսյանը պահվել է թիվ 8 խցում: Պատահարից անմիջապես հետո նա և մեկ այլ սպա հարցումներ են կատարել՝ փորձելով պարզել Հ. Մովսիսյանի կախվելու պատճառները: Պարզվել է, որ դատավարությունից հետո Հ. Մովսիսյանը զայրացած է եղել և անընդհատ բողոքել է իրեն դատապարտել պահանջող դատախազից և իրեն դատապարտած դատավորից՝ պնդելով, որ նրանք այդպես են վարվել ապօրինաբար (Հ. Մովսիսյանը պնդել է, որ ինքն ազատված է եղել զինվորական ծառայությունից)։ Հ. Մովսիսյանին հանգստացնելու համար նրան խորհուրդ է տրվել հանդիպում խնդրել Սա. Ա.-ի հետ 2012 թվականի նոյեմբերի 28-ին՝ իր դատավճիռը բողոքարկելու նպատակով, որին Սա. Ա.-ն համաձայնվել էր։ 2012 թվականի սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 27-ը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Հ. Մովսիսյանը չի դիմել բժշկական օգնության և չի բողոքել առողջական խնդիրներից, հանգիստ է եղել և շատ չի շփվել այլ կալանավորների հետ, ուստի ոչ Սա. Ա-ն., ոչ էլ քրեակատարողական հիմնարկի մյուս հսկիչները Հ. Մովսիսյանի հետ կապված որևէ բացասական կամ ռիսկային բան չեն նկատել. այդ պատճառով վերջինիս նկատմամբ հատուկ հսկողություն սահմանված չի եղել։ Ըստ Սա. Ա-ի՝ Հ. Մովսիսյանն այլ կալանավորների կամ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից որևէ ճնշման կամ վատ վերաբերմունքի չէր ենթարկվել:
39. Ս. Հ-ի (թիվ 8 խցի խցակից) ցուցմունքի ամփոփ շարադրանքի համաձայն՝ Հ. Մովսիսյանն իրեն առանձնացած էր պահում մյուսներից և տարօրինակ վարքագիծ ուներ: Նա խցակիցներին պատմել է միայն, որ բուժվել է հոգեբուժարանում և ազատվել զինվորական ծառայությունից, սակայն ապօրինի կալանավորվել և դատապարտվել է զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Հ. Մովսիսյանը հաճախ հրաժարվել է ուտելուց` ասելով, որ ախորժակ չունի: Նա իր օրերն անցկացրել է պատին հենվելով, աթոռին քնելով, իր մտքերի հետ մենակ մնալով կամ բողոքելով, որ իրեն ապօրինի են դատապարտել։ 2012 թվականի նոյեմբերի 27-ին Հ. Մովսիսյանը ոչ նախաճաշել է, ոչ էլ ճաշել, (ասելով, որ չի ուզում ուտել) և քնել է մինչև ժամը 18:00-ն։ Սակայն նա հետո ընթրել է բոլորի հետ միասին, որից հետո նրանք թղթախաղ են խաղացել։ Երբ նրանց հրաման է տրվել պատրաստվել քնելու ժամը 21:30-ին, մյուսները շարունակել են թղթախաղը. սակայն Հ. Մովսիսյանը պառկել է իր անկողնում (Ս. Հ.-ի մահճակալի երկրորդ հարկում): Ժամը 22:00-ին բոլորը գնացել են քնելու։ Մոտ քսան րոպե անց Հ. Մովսիսյանը ցած է իջել ջուր խմելու և նորից հետ վերադարձել քնելու։ Ս. Հ.-ն չի հիշում, թե որքան ժամանակ է քնել, բայց արթնացել է Մ. Գ.-ի (տե՛ս վերը նշված 34-րդ պարբերությունը) բարձրացրած աղմուկից և դռան բացվելուց, երբ նա տեսել է պատուհանից կախված Հ. Մովսիսյանին, ինչից էլ նա և մյուս կալանավորները վախեցել են և սկսել բղավել։
40. «ԼՂՀ» գլխավոր դատախազությունը 2013 թվականի մարտի 18-ին որոշում է կայացրել կարճելու քրեական գործով թիվ 122007.12 քրեական վարույթը (տե՛ս վերը նշված 28-րդ պարբերությունը), ինչպես նաև դադարեցնել Շուշիի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և կալանավորների նկատմամբ քրեական հետապնդումն այն հիմքով, որ նրանց գործողությունները հանցագործություն չեն համարվել։ Տվյալ որոշման համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
« ...
2012 թվականի նոյեմբերի 28-ին [ժամը 00:50-ից 1:00-ն ] [Հ.Մովսիսյանը] մահացել է [Շուշիի քրեակատարողական հիմնարկում]` թիվ 8 խցում, պատուհանի ճաղավանդակից կախվելու հետևանքով:
Վերոնշյալ հանգամանքները պարզվել են [Շուշիի] քրեակատարողական հիմնարկի հսկիչների [և] կալանավորների տված ցուցմունքների արդյունքում, իրեղեն ապացույցներով, [Հ. Մովսիսյանի] անձնական գործի արձանագրության ուսումնասիրության, լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների, [Մարզային դատարանից] ստացված փաստաթղթերի և գործի նյութերում պարունակվող այլ ապացույցների արդյունքում։
[Մ. Գ.-ի ցուցմունքի ամփոփ շարադրանքը տե՛ս վերը նշված 34-րդ պարբերությունում].
Հսկիչներ… [Ս. Ա.-ն և Ա. Վ.-ն, տե՛ս վերը նշված 34-րդ պարբերությունը], ներկայացրել են իրադարձությունների միևնույն ընթացքը…
[Ա. Դ-ի ցուցմունքի ամփոփ շարադրանքը. տե՛ս վերը նշված 35-րդ պարբերությունը]:
[Պ. Մ.-ի ցուցմունքի ամփոփ շարադրանքը. տե՛ս վերը նշված 36-րդ պարբերությունը ]։
[Ջ. Հ-ի ցուցմունքի ամփոփ շարադրանքը. տե՛ս վերը նշված 37-րդ պարբերությունը]։
[Սա. Ա.-ի ցուցմունքի ամփոփ շարադրանքը. տե՛ս վերը նշված 38-րդ պարբերությունը]։
Նմանատիպ ցուցմունքներ են տվել նաև [այն սպան, որն ուղեկցել է Սա. Ա.-ին դեպքից հետո հարցումներ կատարելիս. տե՛ս վերը նշված 38-րդ պարբերությունը]։
[Ս. Հ.-ի ցուցմունքի ամփոփ շարադրանքը. տե՛ս վերը նշված 39-րդ պարբերությունը]։
Նմանատիպ ցուցմունքներ են տվել նաև [Շուշիի քրեակատարողական հիմնարկի] [յոթ այլ] կալանավորներ ...
[Դեպքի վայր ժամանած և Հ. Մովսիսյանի մահն արձանագրած շտապօգնության բժշկի ցուցմունքի ամփոփ շարադրանքը]:
[Հղում լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության արդյունքներին. տե'ս վերը նշված 31-րդ և 32-րդ պարբերությունները]:
... [Հ. Մովսիսյանն] ընդհանուր առմամբ առողջ էր։
Դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ [Շուշիի քրեակատարողական հիմնարկի] թիվ 8 խուցը գտնվում է շենքի երկրորդ հարկում, այն ունի 6 և 4 մետր չափերով մակերես, կան նաև հինգ երկհարկանի մահճակալներ, որոնցից չորսը կցված են միմյանց։ Խուցն ունի երկու պատուհան ... մետաղյա ճաղավանդակով։ [Հ. Մովսիսյանը] կախել է իրեն պատուհանի ճաղերից, որը գտնվում է մուտքի ձախ մասում՝ [Հ. Մովսիսյանի] մահճակալի հետևում ... Դեպքի վայրի զննության արդյունքում [ինքնասպանության] մասին գրառումներ չեն հայտնաբերվել։
Դիակի զննության արդյունքում, բացի պարանոցի ճմլման ակոսից, այլ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։
[«ԼՂՀ»] ոստիկանության ներքին անվտանգության ծառայության կողմից իրականացված ներքին քննության եզրակացության համաձայն՝ [«ԼՂՀ»] ոստիկանության քրեակատարողական վարչության ծառայողների կողմից խախտումներ չեն հայտնաբերվել։
[Հղումներ Մարզային դատարանից ստացված բժշկական եզրակացություններին. տե՛ս վերը նշված 26-րդ պարբերությունը՝ վերջում]։
[Հղում Մարզային դատարանի վճռին. տե՛ս վերը նշված 26-րդ պարբերությունը]։
Այսպիսով, քննությամբ պարզվել է, որ [Հ. Մովսիսյանը չի ենթարկվել ինքնասպանության դրդող որևէ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի, հոգեբանական ճնշման կամ բռնության, [կամ] չի ենթարկվել բռնության [«ԼՂՀ»] քրեակատարողական վարչության [«ԼՂՀ»] ոստիկանության սպաների կամ [Շուշիի քրեակատարողական հիմնարկի] կալանավորների կողմից, հետևաբար քրեական գործը՝ [«ԼՂՀ» ոստիկանության քրեակատարողական վարչության աշխատակիցների] և [Շուշիի քրեակատարողական հիմնարկի] կալանավորների մասով, պետք է կարճվի ...
Միևնույն ժամանակ պարզվել է, որ նա տառապել է «փսիխոպաթիկ օրգանական բնույթի խանգարմամբ [և] ոչ ադապտիվ դեկոմպենսացիայով՝ ինքնասպանության փորձով» և [Մարզային դատարանի] կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման ... նոյեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 00։50-1։00-ի սահմաններում, այսինքն՝ դատապարտվելուց յոթ օր անց [Հ. Մովսիսյանը] ինքնասպան լինելու նպատակով սավանի միջոցով կախվել է [Շուշիի քրեակատարողական հիմնարկի] թիվ 8 խցի պատուհանի ճաղավանդակներից և մահացել։
... »։
41. 2013 թվականի մայիսի 29-ին դիմումատուն դիմում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազին՝ i) նշելով, որ իր որդու մահվան վերաբերյալ իր բողոքներից և դիմումներից զատ նա պարզել է, որ հարուցվել է թիվ 122007.12 քրեական գործը (տե՛ս վերը նշված 28-րդ պարբերությունը), և ii) ձգտել է ներգրավվել տվյալ վարույթում որպես տուժողի օրինական իրավահաջորդ և ստանալ գործի հարուցման մասին որոշման կրկնօրինակը: Դիմումատուն նաև պնդել է, որ ինքը որևէ տեղեկություն չունի իր որդու մահվան առնչությամբ քննության ընթացքի վերաբերյալ, և ոչ իրեն, ոչ էլ ընտանիքի որևէ այլ անդամի չի շնորհվել վարույթում տուժող կողմի կարգավիճակ:
Բ. Քրեական վարույթների երկրորդ խումբը և երկու քրեական գործերով վարույթների միացումը
42. Միևնույն ժամանակ, 2013 թվականի մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քրեական գործ է հարուցել (գործ թիվ 62202513)՝ նախկին Քրեական օրենսգրքի (պաշտոնեական անփութությունը, տե՛ս ստորև՝ 72.-րդ պարբերությունը) 315-րդ հոդվածի 2-րդ մասով «ԼՂՀ» իշխանությունների կողմից թիվ 122007.12 քրեական գործով վարույթի շրջանակներում հավաքագրված ապացույցների հիմքով (տե՛ս վերը նշված 28-40-րդ պարբերությունները):
43. Նույն օրը ՀՔԾ-ն ստանձնել է թիվ 122007.12 գործով քննությունը (տե՛ս վերը նշված 28-րդ և 40-րդ պարբերությունները) և որոշել է տվյալ գործով վարույթը միացնել թիվ 62202513 գործով վարույթին (տե՛ս վերը նշված 42.-րդ պարբերությունը)՝ կազմելով վերջին համարի ներքո համատեղ քննություն։ Տվյալ որոշման համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«[Թիվ 122007.12] գործին առնչվող նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ [Հ. Մովսիսյանը] տառապել է «փսիխոտիկ օրգանական բնույթի խանգարմամբ... ինքնասպանության փորձով», որը հաստատվել է [Պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովի] եզրակացությամբ, որի հիման վրա նա ճանաչվել է խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ...։
Այնուամենայնիվ, քննությունն իրականացնող մարմինը, այսինքն՝ Պաշտպանության նախարարության երրորդ կայազորային քննչական բաժինը, ... նրան մեղադրանք է առաջադրել զինվորական ծառայությունից խուսափելու համար ... [Մարզային դատարանը] նրան մեղավոր է ճանաչել ... և դատապարտել երեք տարվա ազատազրկման: Յոթ օր անց ... [Հ. Մովսիսյանն] ինքնասպանություն է գործել ...։
Հաշվի առնելով այն փաստը, որ թիվ 122007.12 գործով նյութերը մատնանշում են [Հ. Մովսիսյանին] առնչվող քրեական գործի վարման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության տարրեր, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների, 2013 թվականի մարտի 28-ին [ՀՔԾ]-ի կողմից հարուցվել է նոր գործ՝ [նախկին] Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։
Հաշվի առնելով այն փաստը, որ թիվ 122007.12 և թիվ 62202513 քրեական գործերն առնչվում են միևնույն դեպքին ... Որոշում եմ [Հ. Մովսիսյանի] ինքնասպանությանն առնչվող թիվ 122007.12 քրեական գործը և [Հ. Մովսիսյանի] գործի ուսումնասիրությամբ զբաղվող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութությանն առնչվող թիվ 62202513 գործը միավորել մեկ վարույթում (թիվ 62202513 համարով) և շարունակել քննությունը…»:
44. 2013 թվականի հունիսի 5-ին ՀՔԾ-ն որոշում է կայացրել հետաձգել թիվ 122007.12 գործով տուժողի օրինական իրավահաջորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումատուի դիմումի ուսումնասիրությունը և որոշում է կայացրել մերժել դիմումատուի թիվ 122007.12 (տե՛ս վերը նշված 28-րդ պարբերությունը) քրեական գործի հարուցման մասին որոշման մեկ օրինակ տրամադրելու մասին դիմումը (տե՛ս վերը նշված 41-րդ պարբերությունը): Որոշման մեջ, ի թիվս այլնի, նշվում էր, որ չի հիմնավորվել, որ Հ. Մովսիսյանն ինքնասպանություն է գործել վատ վերաբերմունքի, ճնշման կամ ոտնձգության հետևանքով. հետևաբար, նա չէր կարող համարվել ինքնասպանության հասցնելու հանցագործության զոհ, և այդ պատճառով դիմումատուն չէր կարող ճանաչվել նրա օրինական իրավահաջորդը վարույթում: Դիմումատուին չէր կարող տրվել նաև տուժողի օրինական իրավահաջորդի կարգավիճակ թիվ 62202513 քրեական գործով (տե՛ս վերը նշված 42.-րդ պարբերությունը), քանի որ դեռևս չէր հաստատվել, որ նրա որդու վերաբերյալ քրեական գործով ներգրավված պաշտոնատար անձինք հանցագործություն են կատարել նախկին Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս ստորև բերված 72.-րդ պարբերությունը): Ի վերջո, ինչ վերաբերում է թիվ 122007.12 քրեական գործի հարուցման վերաբերյալ որոշման օրինակը տրամադրելու մասին դիմումատուի խնդրանքին (տե՛ս վերը նշված 28-րդ և 41-րդ պարբերությունները), նա իրավունք չուներ ստանալու նշված որոշման օրինակը, քանի որ նա ներգրավված չի եղել վարույթում։
45. 2013 թվականի հունիսի 27-ին դիմումատուն 2013 թվականի հունիսի 5-ի որոշման դեմ (տե՛ս վերը նշված 44.-րդ պարբերությունը) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան է ներկայացրել բողոք (Վարչական շրջանի դատարան):
46. 2013 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ Վարչական շրջանի դատարանը մերժել է դիմումատուի բողոքն այն հիմքով, որ նա նախապես չի բողոքարկել խնդրո առարկա որոշումը (տե՛ս վերը նշված 44.-րդ պարբերությունը) դատախազին։
47. 2013 թվականի հուլիսի 17-ին դիմումատուն թիվ 62202513 քրեական վարույթում տուժողի կարգավիճակ ստանալու նպատակով դիմում է ներկայացրել ՀՔԾ (տե՛ս վերը նշված 42.-րդ և 43-րդ պարբերությունները): Ի թիվս այլնի, հղում կատարելով նախկին Քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ և 80-րդ հոդվածներին (տե՛ս ստորև բերված 74. -րդ և 75.-րդ պարբերությունները), դիմումատուն պնդել է, որ իր որդին սույն վարույթի շրջանակներում (որը, ըստ նրա, արդյունավետ չի եղել և անհասանելի է եղել տուժածի ընտանիքի համար) պետք է ճանաչվի տուժող, և որ դիմումատուին պետք է շնորհվի տուժողի օրինական իրավահաջորդի կարգավիճակ:
48. 2013 թվականի հուլիսի 23-ին ՀՔԾ-ն գրություն է ուղարկել դիմումատուին՝ նշելով, որ այն արդեն իսկ քննել է նրա կողմից 2013 թվականի մայիսի 29-ին ներկայացված նմանատիպ դիմումը և 2013 թվականի հունիսի 5-ին դրա վերաբերյալ կայացրել է որոշում (տե՛ս վերը նշված 41-րդ և 44.-րդ պարբերությունները): Հետևաբար քննությունն իրականացնող մարմինը չէր քննի 2013 թվականի հուլիսի 17-ի դիմումը (տե՛ս վերը նշված 47.-րդ պարբերությունը), քանի որ դիմումատուն որևէ նոր փաստարկ չէր ներկայացրել:
49. Դիմումատուն բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ վարույթում ներգրավվելու խնդրանքով։
50. 2013 թվականի օգոստոսի 22-ի գրությամբ պատասխանելով դիմումատուի բողոքին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը նշել է, որ հնարավոր չէ բողոք ներկայացնել դատախազին այն որոշումների առնչությամբ, որոնցով մերժվում է անձին քրեական դատավարության կողմ ճանաչելու խնդրանքը։
51. 2013 թվականի դեկտեմբերի 18-ին դիմումատուն կրկին դիմում է ներկայացրել ՀՔԾ՝ դատավարության կողմ ճանաչվելու խնդրանքով։ Ի պատասխան, նրան հայտնել են, որ նրա դիմումը չի քննարկվել, քանի որ ՀՔԾ-ի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ քրեական գործով թիվ 62202513 վարույթը (տե՛ս վերը նշված 42.-րդ պարբերությունը) կարճվել էր:
52. 2013 թվականի դեկտեմբերի 28-ին դիմումատուն դիմել է ՀՔԾ-ին՝ խնդրելով իրեն տրամադրել 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման և գործին առնչվող նյութերի օրինակները:
53. 2014 թվականի հունվարի 20-ի գրությամբ ՀՔԾ-ն նշել է, որ դիմումատուն իրավունք չունի ստանալու պահանջվող փաստաթղթերի օրինակները, քանի որ նա տվյալ դատավարության կողմ չէ:
54. 2014 թվականի փետրվարի 20-ին դիմումատուն դիմում է ներկայացրել Վարչական շրջանի դատարան՝ պահանջելով թիվ 62202513 քրեական գործով վարույթի շրջանակներում իր որդուն ճանաչել տուժող կողմ, իսկ իրեն՝ որպես տուժողի օրինական իրավահաջորդ (տե՛ս վերը նշված 42.-րդ պարբերությունը) և պարտավորեցնել ՀՔԾ-ին իրեն տրամադրել 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման (տե՛ս վերը նշված 51.-րդ պարբերությունը) և գործի նյութերի օրինակները։ Նա, ի թիվս այլնի, պնդել է, որ իր որդին հետապնդման է ենթարկվել և դատապարտվել Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, ինչը հանգեցրել է նրա հետագա մահվան՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող քրեակատարողական հիմնարկում, որը Հայաստանի Հանրապետության ենթակայության տակ է գտնվել. տուժողի ընտանիքը որևէ հնարավորություն չի ունեցել մասնակցելու ընթացող վարույթին։ Դիմումատուն պնդել է, որ դեպքի առնչությամբ հարուցված վարույթն արդյունավետ չի եղել, և որ ինքն ամբողջությամբ զրկված է եղել դրան մասնակցելու հնարավորությունից (ներառյալ 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը բողոքարկելու հնարավորությունը. տե՛ս վերը նշված 51.-րդ պարբերությունը):
55. 2014 թվականի ապրիլի 30-ին Վարչական շրջանի դատարանը դիմումատուին տրամադրել է 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման օրինակը (տե՛ս վերը նշված 51.-րդ պարբերությունը): Համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.
«... 2012 թվականի նոյեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը [Հ. Մովսիսյանը] ինքնասպանություն է գործել [Շուշիի քրեակատարողական հիմնարկի] թիվ 8 խցում։
[«ԼՂՀ»] գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության կողմից հավաքված ապացույցներով պարզվել է, որ [Հ. Մովսիսյանը] չի ենթարկվել սպառնալիքների, դաժան վերաբերմունքի, հոգեբանական ճնշման կամ բռնության, [չի] ենթարկվել բռնության [«ԼՂՀ»] քրեակատարողական բաժնի [սպաների] կամ [Շուշիի քրեակատարողական հիմնարկի] կալանավորների կողմից ...
...
Թիվ 122007.12 գործը միացվել է թիվ 62202513 գործին և քննությունը շարունակվել է վերջին համարի ներքո։
...
[Մարզային դատարանը], ամբողջությամբ և օբյեկտիվորեն ուսումնասիրելով ... ապացույցները, ստուգելով մեղադրյալների և վկաների ցուցմունքները, ուսումնասիրելով դատաբժշկական, ռազմաբժշկական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունները և այլ փաստական բացահայտումներ... գտել է, որ ... հաստատվել է, որ [Հ. Մովսիսյանը] հանցանք է գործել... Վարույթի մասնակիցները որևէ բողոք չեն ներկայացրել գործը քննող դատարանի վճռի դեմ, և այն դարձել է վերջնական։
...
Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ ... [Հ. Մովսիսյանի] նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ... նրա մահվան պատճառով։
...
Քննության ընթացքում [Հ. Մովսիսյանի] դեմ քրեական գործով քննություն իրականացնող անձինք, տվյալ գործով քննության նկատմամբ վերահսկողություն իրականացրած դատախազը, դատավորը, Պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովը և Առողջապահության նախարարության կողմից նշանակված դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովների անդամները, ինչպես նաև [Հ. Մովսիսյանի] ծնողները հարցաքննվել են որպես վկաներ, և իրականացվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։
Գործով քննության ընթացքում հավաքագրված ապացույցների հիման վրա չի ապացուցվել, որ [Հ. Մովսիսյանին] հասցրել են ինքնասպանության՝ սպառնալիքների, դաժան վերաբերմունքի կամ կանոնավոր ոտնձգությունների արդյունքում, կամ այն, որ ինչ-որ մեկը խրախուսանքի [կամ] խորամանկության կամ այլ միջոցներով դրդել է [Հ. Մովսիսյանին] ինքնասպանություն գործել։
Բացի այդ, գործի առնչությամբ քննության ընթացքում հավաքված ապացույցների գնահատման, [Հ. Մովսիսյանի] գործած հանցագործության հանգամանքների ուսումնասիրության և նրա նկատմամբ հարուցված քրեական գործով նյութերի ու դատական որոշումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որևէ պաշտոնեական անփութություն, պետական ծառայության և արդարադատության դեմ ուղղված հանցագործություն կամ որևէ այլ հանցագործություն [Հ. Մովսիսյանի] դեմ հարուցված քրեական գործով քննություն իրականացնող պաշտոնատար անձանց կամ տվյալ գործով դատական և դատախազական վերահսկողություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից, որոնք պաշտպանել են մեղադրանքները և իրականացրել դատական վարույթը, չի կատարվել։
Այսպիսով, քննության արդյունքում հանցագործության կատարման ապացույցներ չեն հայտնաբերվել. ... [այդպիսով] սույն գործի վերաբերյալ քրեական վարույթը պետք է կարճել՝ հանցագործության բացակայության պատճառով:
...»։
V. Հ. Մովսիսյանի դեմ հարուցված քրեական գործԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ զուգահեռ զարգացումները
56. 2013 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բողոք է ներկայացրել Մարզային դատարանի 2012 թվականի նոյեմբերի 20-ի վճռի դեմ (տե՛ս վերը նշված 26-րդ պարբերությունը)՝ պահանջելով արդարացնել Հ. Մովսիսյանին։ Պնդել է, որ Մարզային դատարանի 2012 թվականի նոյեմբերի 20-ի վճիռը «ակնհայտորեն անօրինական և անարդար» է եղել։ Մասնավորապես զինվորական ծառայությունից խուսափելու հետ կապված հանցագործություն կարող էր կատարել միայն գործող ժամկետային զինծառայողը (այսինքն՝ զինվորական ծառայության համար պիտանի և զինվորական ծառայություն անցնող անձը), մինչդեռ քննության սկզբնական փուլում Հ. Մովսիսյանն արդեն իսկ ճանաչվել էր զինվորական ծառայության համար ոչ պիտանի՝ առողջական նկատառումներով։ Այսինքն՝ Հ. Մովսիսյանը զինվորական ծառայությունից ազատվել էր ոչ թե վերը նշված ինքնախեղման, այլ նշված ինքնախեղման պատճառ հանդիսացած «փսիխոպաթիկ օրգանական բնույթի խանգարման» պատճառով։ Այնուամենայնիվ, քննությունն իրականացնող մարմինը Հ. Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրել ապօրինի կերպով, իսկ Մարզային դատարանը կայացրել էր անարդար վճիռ. մի քանի օր անց Հ. Մովսիսյանն ինքնասպանություն էր գործել։
57. Վերաքննիչ քրեական դատարանը 2013 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը և արդարացրել Հ. Մովսիսյանին։ Տվյալ որոշման մեջ, ի թիվս այլնի, նշվում էր, որ քննությունն իրականացնող մարմինը և վերահսկող դատախազը երկուսն էլ անտեսել են՝ i) Հ. Մովսիսյանի զինվորական ծառայության համար ոչ պիտանի լինելու պատճառով վաղաժամկետ զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը, և ii) այն փաստը, որ զինվորական ծառայության սկզբից նա տառապում էր տվյալ խանգարմամբ. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն քննություն իրականացնող մարմինը և վերահսկող դատախազը Հ. Մովսիսյանին ավելի ծանր մեղադրանքներ են առաջադրել (տե՛ս վերը նշված 19-րդ պարբերությունը)։ Այսպիսով, նախաքննության փուլում կամ գործը քննող դատարանի վարույթի շրջանակներում արդարացվելու փոխարեն Հ. Մովսիսյանի նկատմամբ վարույթը շարունակվել է, և ի վերջո, նա դատապարտվել է։
58. 2013 թվականի մայիսի 16-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ 2013 թվականի ապրիլի 16-ի վճռի (տե՛ս վերը նշված 57.-րդ պարբերությունը)՝ վիճարկելով Վերաքննիչ դատարանի կողմից համապատասխան քրեական օրենքի զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվության մասին դրույթների մեկնաբանման ձևը, ներառյալ՝ «զինծառայող» տերմինի մեկնաբանությունը (այն է՝ անձանց կատեգորիա, որոնք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել տվյալ դրույթների համաձայն):
59. 2013 թվականի հոկտեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է Մարզային դատարանի 2012 թվականի նոյեմբերի 20-ի և Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 16-ի վճիռները (տե՛ս վերը նշված 26-րդ և 57.-րդ պարբերությունները) և կարճել է վարույթը Հ. Մովսիսյանի մահվան հիմքով։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանը նշել է, որ Մարզային դատարանի վճիռը չի բողոքարկվել, հետևաբար մտել է ուժի մեջ։ Այնուհետև Հ. Մովսիսյանը մահացել է. Գլխավոր դատախազությունը իր իրավական հարցերի շուրջ բողոքով չի ձգտել վերացնել Հ. Մովսիսյանի իրավունքների որևէ խախտում, այլ առաջնորդվել է հանրային շահով։ Հաշվի առնելով տվյալ հանգամանքները՝ գործով վարույթը կարճվում է, և Հ. Մովսիսյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվում է նրա մահվան հիմքով։
IV. դիմումատուի բողոքները
60. Դիմումատուն բողոք է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազին 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ (տե՛ս վերը նշված 55-րդ պարբերությունը), որը մերժվել է վերջինիս կողմից՝ 2014 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ։
61. 2014 թվականի հուլիսի 25-ին դիմումատուն վիճարկել է 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը (տե՛ս վերը նշված 55-րդ պարբերությունը) Վարչական շրջանի դատարանում: Նա վիճարկել է, որ պետք է իրավունք ունենա բողոքարկելու նշված որոշումը, թեև քննությունն իրականացնող մարմինը մերժել է գործով վարույթում իր մասնակցություն ունենալը։ Դիմումատուն պնդել է, որ իր որդու մահվան հանգամանքների առնչությամբ իրականացված քննությունն արդյունավետ չի եղել՝ հաշվի առնելով, որ համոզիչ բացատրություն չի տրամադրվել նրա մահվան վերաբերյալ, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա գտնվել է իշխանությունների լիակատար վերահսկողության տակ։ Ավելին, քննությունը հասանելի չի եղել տուժողի ընտանիքի համար, ինչը, նրա համոզմամբ, հետապնդել է հանցագործության կատարումը թաքցնելու նպատակ: Դիմումատուն բարձրացրել էր մի շարք հարցեր, որոնք քննությունը չէր պարզաբանել, ներառյալ, ի թիվս այլնի, արդյոք հնարավոր էր, որ Հ. Մովսիսյանը պատուհանի ճաղավանդակներից իրեն կախելու գործընթացը կարողանար ավարտին հասցնել վեցից յոթ րոպեի ընթացքում, արդյոք Հ. Մովսիսյանին (որը, ըստ ամենայնի, դեռ ողջ է եղել խցից դուրս բերելու ժամանակ) ցուցաբերվել է պատշաճ առաջին բուժօգնություն, արդյոք Հ. Մովսիսյանին տրամադրվել է հոգեբանական աջակցություն կալանքի տակ գտնվելու ընթացքում, իր զինվորական ծառայության ընթացքում կատարած ինքնասպանության փորձի և կալանքի տակ գտնվելու ընթացքում գործած ինքնասպանության միջև հնարավոր պատճառահետևանքային կապը, աջ նախաբազկի վնասվածքի ծագումը (նշված է փորձագիտական հանձնաժողովի եզրակացության մեջ, որը հիմնված էր լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության արդյունքների վրա. տե՛ս վերը նշված 32-րդ պարբերությունը) և այլն։ Նա նաև նշել է, որ քննությամբ չի հաջողվել որևէ հնարավոր պատասխանատվություն սահմանել դատաբժշկական փորձագետների համար, որոնք ախտորոշել են իր որդուն և/կամ եզրակացություններ են տրամադրել այն մասին՝ արդյոք նա տառապել է հոգեկան խանգարումով, թե՝ ոչ, և այն անձանց մասով, որոնք վերահսկողություն են իրականացրել նրա հետապնդման ու դատապարտման գործընթացների նկատմամբ։
62. 2014 թվականի օգոստոսի 26-ին Վարչական շրջանի դատարանում տեղի ունեցած դատական նիստում դիմումատուն նախագահող դատավոր
Մ. Մ.-ին խնդրել է պարտավորեցնել ՀՔԾ-ին գործով նյութերը ներկայացնել դատարան: Դատավոր Մ. Մ.-ն բավարարել է նրա խնդրանքը և դատական նիստը հետաձգել մինչև 2014 թվականի սեպտեմբերի 9-ը:
63. 2014 թվականի սեպտեմբերի 9-ի նիստում դատավոր Մ. Մ.-ն ընթերցել է ՀՔԾ-ի կողմից տրամադրված փաստաթղթերի ցանկը (քրեական վարույթը կարճելու մասին որոշումը, դիմումատուի բողոքը մերժելու մասին Գլխավոր դատախազի որոշումը (տե՛ս վերը նշված 55-րդ և 60.-րդ պարբերությունները), դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, երկու դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը և Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը (տե՛ս վերը նշված 59.-րդ պարբերությունը)): Դիմումատուն նշել է, որ քննությունն իրականացնող մարմինը չի ներկայացրել այն ապացույցները, որոնք հիմք էին վարույթը կարճելու համար և միջնորդել է ՀՔԾ-ին պարտավորեցնել ներկայացնելու գործով ամբողջական նյութերը։ Նախագահող դատավորը (Մ. Մ.-ն) մերժել է նրա միջնորդությունը և իր տրամադրության տակ չունենալով համապատասխան նյութեր՝ շարունակել է քննել վերջինիս վերաքննիչ բողոքը։
64. Նույն օրը Վարչական շրջանի դատարանը (դատավոր Մ. Մ.-ի նախագահությամբ) մերժել է դիմումատուի բողոքը և անփոփոխ թողնելով 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը (տե՛ս վերը նշված 55-րդ և 61.-րդ պարբերությունները)՝ նշել է մասնավորապես, որ դիմումատուի անհամաձայնությունը քննությամբ հաստատված հանգամանքների գնահատման վերաբերյալ, հիմք չէ այն վերացնելու համար։
65. 2014 թվականի սեպտեմբերի 20-ին դիմումատուն դիմում է ներկայացրել Արդարադատության խորհուրդ՝ դատավոր Մ. Մ.-ին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով: Նա մասնավորապես պնդել է, որ դատավորը քննել է քրեական գործով վարույթը կարճելու որոշման դեմ իր բողոքը՝ տրամադրության տակ չունենալով տվյալ որոշման համար հիմք հանդիսացած ամբողջական նյութերը։ Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ նա պնդել է, որ դատավոր Մ. Մ.-ն չէր կարող օբյեկտիվորեն որոշել՝ արդյոք վիճարկվող որոշումը (2013թ. դեկտեմբերի 10, տե՛ս վերը նշված 55-րդ պարբերությունը) խախտել է իր՝ որպես տուժողի իրավունքները, թե՝ ոչ:
66. Արդարադատության խորհուրդը 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ մերժել է դատավոր Մ. Մ.-ի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջն այն հիմքով, որ նա թույլ չի տվել դատավարական իրավունքի կոպիտ և անվիճելի խախտումներ։
67. Միևնույն ժամանակ, 2014 թվականի սեպտեմբերի 25-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Վարչական շրջանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման դեմ (տե՛ս վերը նշված 64.-րդ պարբերությունը): Ի լրումն իր նախորդ փաստարկների (տե՛ս վերը նշված 61.-րդ պարբերությունը) դիմումատուն իր բողոքում պնդում էր, որ Վարչական շրջանի դատարանը չի կատարել 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման պատշաճ դատական վերանայում, քանի որ իր տրամադրության տակ չի ունեցել այն ապացույցները, որոնց վրա հիմնված է եղել գործով վարույթը կարճելու մասին վիճարկվող որոշումը (տե՛ս վերը նշված 55-րդ և 63.-րդ պարբերությունները): Դատախազությունը նրա բողոքին չի արձագանքել։
68. Ինչպես պարզվում է, Վերաքննիչ քրեական դատարանն իր հերթին փորձել է ՀՔԾ-ից ստանալ գործով նյութերը և 2014 թվականի հոկտեմբերի 31-ի կայանալիք գործով քննությունը հետաձգել է մինչև պահանջվող փաստաթղթերը ստանալը: Այնուհետև պարզվում է, որ ՀՔԾ-ն Վերաքննիչ դատարան է ներկայացրել այն փաստաթղթերը, որոնք արդեն ներկայացվել են Վարչական շրջանի դատարան (տե՛ս վերը նշված 63.-րդ պարբերությունը):
69. Դիմումատուն պնդել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 1-ի նիստում Վերաքննիչ դատարանում նախագահող դատավորը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գրության համաձայն՝ մեղադրող կողմն այլ նյութեր չէր կարող տրամադրել։ Միևնույն օրը դիմումատուն Վերաքննիչ դատարանին խնդրել է շարունակել ջանքեր գործադրել համապատասխան նյութերն ստանալու համար: Նրա խնդրանքը մերժվել է այն հիմքով, որ սպառվել են համապատասխան նյութը ձեռք բերելու համար բոլոր հնարավոր միջոցները։
70. Նույն օրվա որոշմամբ (այսինքն՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին) Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի բողոքը (տե՛ս վերը նշված 66.-րդ պարբերությունը): Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, նշել է, որ Վարչական շրջանի դատարանն իրավացիորեն գտել է, որ քննությամբ չի պարզվել, որ Հ. Մովսիսյանը ենթարկվել է որևէ վատ վերաբերմունքի, որը նրան դրդել է ինքնասպանություն գործելու. չի պարզվել նաև, որ Հ. Մովսիսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող անձինք իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերել են անփութություն կամ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս կատարել են պետական ծառայության և արդարադատության դեմ ուղղված հանցագործություն կամ որևէ այլ հանցագործություն։ Բացի այդ, իրավասու մարմինների կողմից իրականացվել է ծառայողական քննություն, որն ի հայտ է բերել այն փաստը, որ Հ. Մովսիսյանի մահը ինքնասպանության հետևանք է։ Նրա ինքնասպանության մեջ որևէ մեկի մեղավորությունը մատնանշող որևէ ապացույց չի հայտնաբերվել։ Վերաքննիչ դատարանը նաև գտել է, որ Վարչական շրջանի դատարանն իրավացիորեն գտել է, որ դիմումատուի պնդումները հերքվել են քննության կողմից (տե՛ս վերը նշված 61.-րդ պարբերությունը): Մասնավորապես պարզվել է, որ Հ. Մովսիսյանը չի համաձայնել իր դատապարտման հետ, և որ վերջինս բողոքել է զինվորական կոմիսարից, դատավորից և դատախազից՝ իրեն անօրինականորեն դատապարտելու համար (Հ. Մովսիսյանը պնդել է, որ ազատվել է զինվորական ծառայություն անցնելու իր պարտականությունից): Նշված հանգամանքները հաշվի առնելով՝ դիմումատուի փաստարկները բավարար չէին Վարչական շրջանի դատարանի որոշումը բեկանելու համար (տե՛ս վերը նշված 64.-րդ պարբերությունը):
71. 2015 թվականի մարտի 20-ի որոշմամբ (որի մասին դիմումատուն ծանուցվել է 2015 թվականի ապրիլի 2-ին) Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուին բողոքարկել թույլատրելը։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇրջանակԸ
I. ներպետակաՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա. Քրեական օրենսգիրքը
72. Նախկին Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (ուժի մեջ է եղել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը) սահմանվում էր, որ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը (կամ ոչ պատշաճ կատարելը), որն առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Բ. Քրեական դատավարության օրենսգիրքը
73. Նախկին Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները (ուժի մեջ է եղել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը) հետևյալն են.
74. 58-րդ հոդվածով նախատեսվում էր, որ տուժող է ճանաչվում այն անձը, որին քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս:
75. Քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին կետով տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները և պարտականությունները:
76. 100-րդ հոդվածի համաձայն՝ դատավարության մասնակից չհանդիսացող ցանկացած անձ սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի պահանջելու իրեն ճանաչել տուժող:
77. 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշման պատճենն ուղարկվում է, ի թիվս այլնի, կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին (և նրա ներկայացուցչին):
Վերոնշյալ անձանց պարզաբանվում է գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը և վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման կարգը (262-րդ հոդվածի 2-րդ մաս):
Վերոնշյալ անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալու կարճված գործի նյութերին (262-րդ հոդվածի 3-րդ կետ):
Քաղաքացիական օրենսգիրքը
78. Տվյալ ժամանակահատվածում գործող Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներով նախատեսվում էր հետևյալը.
79. 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ անձը, որի իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Վնասն այն ծախսերն են, որոնք կրում կամ կրելու է անձը, որի իրավունքները խախտվել են՝ խախտված իրավունքները վերականգնելու, գույքի կորստի կամ դրան հասցված վնասի (նյութական վնասի), այդ թվում՝ եկամուտների կորստի, ինչպես նաև ոչ նյութական վնասի հետ կապված (17-րդ հոդվածի 2-րդ կետ):
Համաձայն 17-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում (տե՛ս ստորև՝ 80.-րդ պարբերությունը):
80. 162.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է, որ անձն իրավունք ունի պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդումն իրականացնող մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա որևէ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված նրա հիմնարար իրավունքները։
81. 1087.2 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսվում է, որ հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից: Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե սույն օրենսգրքի 162.1 հոդվածով (տե՛ս վերը նշված
80.-րդ պարբերությունը) սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
82. Մարդու կյանքի իրավունքը խախտելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը (մոտավորապես 6000 եվրո (EUR)) (1087.2 հոդվածի 7-րդ մասի 1-ին կետ)։ Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել տվյալ սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ (1087.2 հոդվածի 8-րդ մաս):
83. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել սույն օրենսգրքի 162.1 հոդվածով (տե՛ս վերը նշված 80.-րդ պարբերությունը) սահմանված իրավունքների խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին շահագրգիռ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում կամ տվյալ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատվելու դեպքում ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան երկու ամսվա, բայց ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում (1087.2 հոդվածի 9-րդ մաս)։
84. 2014 թվականի նոյեմբերի 1-ից (Սահմանադրական դատարանի որոշումից հետո, տե՛ս ստորև՝ 85.-րդ պարբերությունը)) 17-րդ հոդվածի 2-րդ մասում (տե՛ս վերը նշված 79.-րդ պարբերությունը)՝ վնասի տեսակների ցանկում, ներառվել է ոչ նյութական վնասը, որի հատուցումը կարող է պահանջվել քաղաքացիական վարույթի շրջանակներում:
Արդյունքում Քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է նոր 162.1 և 1087.2 հոդվածներով (տե՛ս վերը նշված 80.-րդ և 81.-83.-րդ պարբերությունները), որոնք կարգավորում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված որոշ իրավունքների խախտման համար պետությունից ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու ընթացակարգը։
II. ներպետական գործելակերպը
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության մասին Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշում
85. Սահմանադրական դատարանն իր 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշման մեջ գտել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես այն շարադրված է եղել մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը (տե՛ս վերը նշված 79.-րդ պարբերությունը) չի համապատասխանում Սահմանադրությանն այնքանով, որքանով ոչ նյութական վնասը չի դիտվում որպես քաղաքացիական վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն` արգելափակելով անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը՝ միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
86. Դիմումատուն բողոքել է «ԼՂՀ-ի» քրեակատարողական հիմնարկում իր որդու մահվան կապակցությամբ, և որ իշխանությունները տվյալ դեպքի առնչությամբ արդյունավետ քննություն չեն իրականացնել: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որի համապատասխան հատվածում նշված է հետևյալը.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:
Ա Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գանգատը ցուցակից հանելու մասին Կառավարության պահանջը
87. Կառավարությունը միակողմանի հայտարարություն է ներկայացրել՝ պահանջելով Դատարանից Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գանգատը հանել գործերի ցուցակից։
88. Դիմումատուն չի համաձայնել միակողմանի հայտարարության պայմաններին:
89. Որոշ հանգամանքներում կարող է նպատակահարմար լինել գանգատը հանել գործերի ցուցակից Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատասխանող Կառավարության կողմից միակողմանի հայտարարության հիման վրա նույնիսկ այն դեպքում, երբ դիմումատուն ցանկանում է, որ գործի քննությունը շարունակվի։ Տվյալ դեպքում դա նպատակահարմար է, թե՝ ոչ, կախված է նրանից, թե արդյոք միակողմանի հայտարարությունը բավարար հիմք է եզրակացնելու, որ Կոնվենցիայով սահմանված մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը չի պահանջում, որ Դատարանը շարունակի գործով քննությունը (37-րդ հոդվածի 1-ին կետի վերջում. տե՛ս, ի թիվս այլնի, Թահսին Ակարն ընդդեմ Թուրքիայի [Tahsin Acar v. Turkey] (նախնական վիճելի հարց) [ՄՊ], թիվ 26307/95, § 75, ՄԻԵԴ 2003-VI): Այս առնչությամբ համապատասխան գործոնները ներառում են բերված բողոքների բնույթը, արդյոք համադրելի են բարձրացված հարցերը նախկին գործերով Դատարանի կողմից արդեն իսկ որոշված հարցերի հետ, պատասխանող Կառավարության կողմից նմանատիպ նախկին գործերով Դատարանի կայացրած որոշումների կատարման համատեքստում ձեռնարկված ցանկացած միջոցի բնույթը և շրջանակը և այդ միջոցների ազդեցությունը վեճի առարկա գործի վրա (նույն տեղում, § 76):
90. Վերոհիշյալ գործոնները համապատասխան գործոնների սպառիչ ցանկը չեն: Կախված յուրաքանչյուր գործի կոնկրետ փաստերից՝ կարելի է ենթադրել, որ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին մասի նպատակներով միակողմանի հայտարարությունը գնահատելիս կարող են իրենց ազդեցությունն ունենալ լրացուցիչ նկատառումները (նույն տեղում, § 77):
91. Այս նպատակով Դատարանը սույն գործով ուսումնասիրել է Կառավարության հայտարարությունը իր նախադեպային իրավունքի և մասնավորապես՝ Թահսին Ակարի [Tahsin Acar] վճռից բխող (տե՛ս վերը նշված 89.-րդ և 90.-րդ պարբերությունները, տե՛ս նաև Ջերոնովիչն ընդդեմ Լատվիայի [ՄՊ] [Jeronovičs v. Latvia], թիվ 44898/10, § 64, 2016 թվականի հուլիսի 5) սկզբունքների լույսի ներքո:
92. Դատարանը նշում է, որ սույն դիմումի խնդրո առարկան, առաջին հերթին, վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն Պատասխանող պետության՝ ազատությունից զրկելու համատեքստում կյանքի կորստի առնչությամբ պատասխանատվություն կրելու պարտավորությանը (տե՛ս մասնավորապես Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի [Vardanyan and Khalafyan v. Armenia] թիվ 2265/12, § 96, 2022 թվականի նոյեմբերի 8, տե՛ս նաև զինվորական ծառայություն անցնելու ընթացքում մահվան դեպքերի համատեքստում Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia] թիվ 11275/07, § 133, 2016 թվականի նոյեմբերի 24, և Օհանջանյանն ընդդեմ Հայաստանի [Ohanjanyan v. Armenia] թիվ 70665/11, §§ 158-60, 2023 թվականի ապրիլի 25): Երկրորդ, գործը վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված պարտավորությանը` իրականացնել արդյունավետ քննություն, երբ կան հիմքեր ենթադրելու, որ անհատը մահացել է կասկածելի հանգամանքներում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մուստաֆա Թունքը և Ֆեչիր Թունքն ընդդեմ Թուրքիայի [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey] [ՄՊ], թիվ 24014/05, § 169, 2015 թվականի ապրիլի 14, և վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 134):
93. Տվյալ փուլում Դատարանը նշում է, որ միակողմանի հայտարարության ընթացակարգը կրում է բացառիկ բնույթ։ Որպես այդպիսին, երբ խոսքը վերաբերում է Կոնվենցիայում ընդգրկված ամենահիմնարար իրավունքների ոտնահարմանը, միակողմանի հայտարարությամբ չի նախատեսվում Կառավարությանը թույլ տալ խուսափելու նման խախտումների համար իր պատասխանատվությունից (տե՛ս վերևում հիշատակված՝ Ջերոնովիչի գործը, § 117, և Թասդեմիրը և այլք ընդդեմ Թուրքիայի (որոշում), [Taşdemir and Others v. Turkey (dec.)] թիվ 52538/09, § 28, 2020 թվականի ապրիլի 28)։
94. Դատարանը նկատում է, որ պատասխանող Կառավարության կողմից ներկայացված միակողմանի հայտարարությունը չի պարունակում դիմումատուի որդու մահվան առնչությամբ քննությունը վերսկսելու պարտավորություն (տե՛ս Միշինան ընդդեմ Ռուսաստանի, [Mishina v. Russia] թիվ 30204/08, §§ 27-30, 2017 թվականի հոկտեմբերի 3)։ Միևնույն ժամանակ, Կառավարությունը չի նշել, որ սույն գործում գոյություն ունի այնպիսի իրավիճակ, որով de jure (իրավաբանորեն) կամ de facto (փաստացի) անհնար է վերսկսել քրեական գործով քննությունն այն դեպքի առնչությամբ, որը հիմք է հանդիսացել գանգատի համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Թաշդեմիրն և այլք գործը, §§ 21 և 25):
95. Ի հավելումն, Դատարանը համոզված չէ, որ Կառավարության կողմից առաջարկված փոխհատուցման չափը համահունչ է այն գումարին, որը Դատարանը որպես արդարացի փոխհատուցում կշնորհեր նույնատիպ գործով (տե՛ս վերևում հիշատակված՝ Օհանջանյանի գործը, §§ 118 և 165):
96. Հաշվի առնելով վերը նշված նկատառումները՝ Դատարանը համարում է, որ Կառավարության ներկայացրած միակողմանի հայտարարությունը բավարար հիմքեր չի պարունակում համարելու, որ Կոնվենցիայով սահմանված՝ մարդու իրավունքների հարգումը չի պահանջում, որ Դատարանը շարունակի գործի քննությունը (37-րդ հոդվածի 1-ին կետ, վերջում)։ Ուստի Դատարանը մերժում է գանգատը ցուցակից հանելու մասին Կառավարության պահանջը և համապատասխանաբար հետամուտ է լինելու գործի ընդունելիության և էական հանգամանքների քննությանը:
Բ. Ընդունելիությունը
1. Իրավազորությունը
97. Կառավարությունը չի վիճարկել Հայաստանի Հանրապետության իրավազորությունը «ԼՂՀ-ում» տեղի ունեցած իրադարձությունների մասով (տե՛ս վերը նշված 25-րդ և 27-րդ պարբերությունները)։ Այնուամենայնիվ, Դատարանը նպատակահարմար է գտնում անդրադառնալ հարցին իր սեփական նախաձեռնությամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 123, և համեմատաբար վերջերս՝ Դիմակսյանն ընդդեմ Հայաստանի գործը [Dimaksyan v. Armenia] թիվ 29906/14, § 42, 2023 թվականի հոկտեմբերի 17)։
98. Դատարանը նախկինում քննել է Հայաստանի իրավազորության հարցն այլ գործերով և գտել, որ համապատասխան ժամանակաշրջանում, այն է՝ մինչ տեղի իրավիճակի փոփոխությունները, որպես Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունք, որն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի կողմից հարակից բոլոր տարածքների և «ԼՂՀ»-ի մի մասի գրավմամբ և տարածքում ռուս խաղաղապահների տեղակայմամբ առնվազն հինգ տարի ժամկետով (տե՛ս Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia] թիվ 69517/11, § 91, 2022 թվականի ապրիլի 5), և տեղի իրավիճակի հետագա փոփոխությունը 2023 թվականի սեպտեմբերին՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակմամբ, Ադրբեջանի հետագա գործողություններով և 2023 թվականի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության արտագաղթով, Հայաստանն ուներ իրավազորություն խնդրո առարկա տարածքի նկատմամբ։ Տվյալ գործերը, ի թիվս այլնի, վերաբերում են «ԼՂՀ»-ում համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար Եհովայի վկայի կալանավորմանը և դատապարտմանը (տե՛ս Ավանեսյանն ընդդեմ Հայաստանի [Avanesyan v. Armenia] թիվ 12999/15,§§ 31-38, 2021 թվականի հուլիսի 20, հետագա հղումներով) և մահվան դեպքերին, որոնք առնչվում են այն անհատներին, որոնք մահացել են տվյալ տարածքում զինվորական ծառայություն կատարելիս (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, §§ 123-27, վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը §§ 86-92, վերևում հիշատակված՝ Դիմաքսյանի գործը, §§ 43 և 44, Հովհաննիսյանն ու Կարապետյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Karapetyan v. Armenia] թիվ 67351/13 §§ 59-63, 2023 թվականի հոկտեմբերի 17, և Վարյանն ընդդեմ Հայաստանի [Varyan v. Armenia] թիվ 48998/14, §§ 69 և 70, 2024 թվականի հունիսի 4՝ Լեռնային Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայության ժամանակ զորակոչիկների մահվան վերաբերյալ․ համեմատե՛ք նաև Միրզոյանն ընդդեմ Հայաստանի [Mirzoyan v. Armenia] թիվ 57129/10
§§ 55-56 2019 թվականի մայիսի 23-ի գործը, որն առնչվում է Լեռնային Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զորակոչիկի սպանությանը):
99. Սույն գործով դիմումատուի որդին մահացել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին «ԼՂՀ-ում» գտնվող քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա գտնվել էր Հայաստանի իշխանությունների կողմից զինվորական ծառայությունից փախուստի մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում (տե՛ս վերը նշված 8-րդ, 16-րդ, 19-րդ, 25-րդ և 27-րդ պարբերությունները):
100. Ինչպես նշված է վերոհիշյալ 98-րդ պարբերությունում, Դատարանն արդեն գտել է, որ Հայաստանն ուներ իրավազորություն «ԼՂՀ-ում» համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար Եհովայի վկայի կալանավորման և դատապարտման առնչությամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Ավանեսյանի գործը, §§ 31-38, հետագա հղումներով):
101. Դատարանի նախադեպային իրավունքում հաստատված է, որ արգելանքի տակ պահվող անձինք և զինվորական ծառայություն անցնող անձինք հավասարապես գտնվում են պետական իշխանությունների բացառիկ հսկողության ներքո (տե՛ս, օրինակ, Բոյչենկոն ընդդեմ Ռուսաստանի [Boychenko v. Russia] թիվ 8663/08, § 77, 2021 թվականի հոկտեմբերի 12, հետագա հղումներով): Հետևաբար Դատարանի եզրակացությունները Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով վերևում հիշատակված՝ 98-րդ պարբերությունում նշված դեպքերում իրավազորության առումով կապի առկայության վերաբերյալ լիովին կիրառելի են սույն գործի հանգամանքների նկատմամբ:
102. Տվյալ գործը վերաբերում է 2012 թվականին դիմումատուի որդու մահվանը ( տե՛ս վերը նշված 27-րդ պարբերությունը)։ Դատարանը սույն գործով չի գտնում առանձնահատուկ հանգամանքներ, որոնք նույնպես տեղի են ունեցել վերը նշված 98-րդ պարբերությունում նկարագրված իրադարձություններից առաջ, որոնք իրենից կպահանջեին շեղվել նշված վճիռներում իր եզրահանգումներից, հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետության և դիմումատուի մահացած որդու միջև իրավազորության առումով առկա է եղել կապ՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով, այն հիմքով, որ Հայաստանը տվյալ պահին արդյունավետ վերահսկողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Դիմաքսյանի, § 44, Հովհաննիսյանի և Կարապետյանի, § 62, ինչպես նաև Վարյանի, § 70 գործերը):
2. Անընդունելիության այլ հիմքեր
103. Դատարանը նշում է, որ Կառավարությունը գանգատի ընդունելիության վերաբերյալ դիտարկումներ չի ներկայացրել: Դատարանը նշում է, որ գանգատը ոչ ակնհայտ անհիմն է, ոչ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Գ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
104. Դիմումատուի փաստարկները, ինչպես ներկայացված են նրա գանգատում, կարելի է ամփոփել հետևյալ կերպ.
105. Իշխանությունները չեն կարողացել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու նրա որդու կյանքի իրավունքը, քանի դեռ նա գտնվում էր իրենց բացառիկ վերահսկողության տակ։ Այն պահից, երբ նրա որդին զորակոչվել էր, իշխանությունները տեղյակ են եղել նրա հոգեկան առողջության խնդիրների մասին։ Այնուամենայնիվ, նա զորակոչվել է բանակ, այնուհետև անհիմն կերպով դատապարտվել է զինվորական ծառայությունից խուսափելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ նա վաղաժամկետ ազատվել էր զինվորական ծառայությունից հոգեկան խանգարման պատճառով, որը նրան ոչ պիտանի էր դարձնում զինվորական ծառայության համար: Նրա որդուն այնուհետև տեղավորել են սովորական կալանավայրի մի փոքր խցում՝ յոթ այլ կալանավորների հետ՝ առանց որևէ հատուկ հսկողության (ներառյալ հոգեբանական կամ հոգեբուժական աջակցությունը)՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները (ներառյալ կալանավայրի ղեկավարությունը) հստակ տեղյակ են եղել նրա հոգեկան խանգարման մասին (ներառյալ իր նախկին ինքնասպանության փորձը):
106. Պատասխանող պետությանը չի հաջողվել պարզել նրա որդու մահվան հանգամանքները: Այդ գործի քննությունը եղել է անբավարար, քանի որ քննությամբ չի պարզվել, թե ինչպես էր հնարավոր, որ նրա որդին կարողանար ինքնասպանություն գործել՝ i) վեցից ութ րոպեի ընթացքում կատարյալ լռության պայմաններում, և ii) յոթ այլ կալանավորների ներկայությամբ (8 քմ մակերեսով խցում), և ոչ նրանք, ոչ էլ հսկիչները ոչինչ չեն նկատել։ Բացի այդ, քննությունը բացարձակ անհասանելի է եղել նրա համար՝ զրկելով վերջինիս համապատասխան փաստաթղթերն ուսումնասիրելու, պահանջներ ներկայացնելու, քննչական մարմինների գործողություններն ու որոշումները վիճարկելու և այլ հնարավորություններից։ Քննության ավարտից հետո նրան չի տրամադրվել նաև գործից որևէ նյութ։
բ) Կառավարությունը
107. Կառավարությունը գանգատի վերաբերյալ որևէ դիտարկում չի ներկայացրել։ Կառավարությունը Դատարանին չի տրամադրել նաև այն փաստաթղթերը, որոնք պահանջվել էին նրանից գանգատի մասին ծանուցվելուց հետո, այդ թվում՝ Հ. Մովսիսյանի մահվան վերաբերյալ քրեական գործով վարույթի վերաբերյալ փաստաթղթերը, որոնք դիմումատուն ապարդյուն փորձել էր ձեռք բերել (տե՛ս վերևում՝ 62.-րդ, 63.-րդ, 68.-րդ և 69.-րդ պարբերությունները):
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
108. Դատարանը վերահաստատում է, որ արգելանքի տակ վերցված անձինք գտնվում են խոցելի վիճակում, և նրանց պաշտպանելը իշխանությունների պարտավորությունն է: Պետությունը պարտավոր է բացատրություն ներկայացնել արգելանքի տակ գտնվելու ընթացքում ստացված ցանկացած վնասվածքի վերաբերյալ, և այդ պարտավորությունը հատկապես խիստ է, երբ անձը մահանում է (տե՛ս Սալմանը ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Salman v. Turkey [GC]], թիվ 21986/93, կետ 99, ՄԻԵԿ 2000-VII): Որպես ընդհանուր կանոն, միայն այն հանգամանքը, որ անձը մահանում է կասկածելի հանգամանքներում արգելանքի տակ գտնվելու ընթացքում, պետք է հարց առաջացնի, թե արդյոք Պետությունը կատարել է իր պարտավորությունը՝ պաշտպանելու այդ անձի կյանքի իրավունքը (տե՛ս Սլիմանին ընդդեմ Ֆրանսիայի [Slimani v. France], թիվ 57671/00 § 27, ՄԻԵԴ 2004-IX (քաղվածքներ), և Կարսակովան ընդդեմ Ռուսաստանի [Karsakova v. Russia], թիվ 1157/10, § 48, 2014 թվականի նոյեմբերի 27):
109. Ինչ վերաբերում է հոգեկան հիվանդություն ունեցող անձանց, ապա դատարանը նրանց հատկապես խոցելի է համարել։ Երբ իշխանությունները որոշում են կալանավորել և կալանքի տակ պահել հոգեկան հիվանդությամբ տառապող անձին, նրանք պետք է հատուկ խնամք ցուցաբերեն՝ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանում են այդ անձի հատուկ կարիքներին, որոնք բխում են նրա հաշմանդամությունից (տե՛ս Ֆերնանդես դե Օլիվեյրան ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] Fernandes de Oliveira v. Portugal [GC]], թիվ 78103/14, § 113, 2019 թվականի հունվարի 31, հետագա հղումներով):
110. Ապացույցները գնահատելիս Դատարանը հիմնականում կիրառել է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Այնուամենայնիվ, այդպիսի ապացույցը կարող է բխել բավարար համոզիչ, հստակ և համընկնող դատողությունների կամ նմանատիպ անհերքելի փաստի վերաբերյալ ենթադրությունների համատեղ գոյակցությունից: Երբ խնդրո առարկա իրադարձություններն ամբողջությամբ կամ մեծ մասամբ գտնվում են իշխանությունների բացառիկ իրավազորության ներքո, ինչպես օրինակ, կալանքի տակ գտնվող անձանց դեպքում, կալանավորման ընթացքում ստացված վնասվածքների կամ մահվան փաստի վերաբերյալ կառաջանան համոզիչ եզրակացություններ: Իսկապես, կարելի է համարել, որ ապացուցման պարտավորությունը կարող է դրվել իշխանությունների վրա՝ բավարար և համոզիչ բացատրություն ներկայացնելու համար (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Լապշինն ընդդեմ Ադրբեջանի [Lapshin v. Azerbaijan], թիվ 13527/18, § 94, 2021 թվականի մայիսի 20):
111. Բոլոր այն դեպքերում, երբ Դատարանը չի կարողանում պարզել գործի ստույգ հանգամանքները՝ պետական մարմիններին օբյեկտիվորեն վերագրելի պատճառներով, պատասխանող Կառավարությունը պետք է բավարար և համոզիչ կերպով բացատրի իրադարձությունների հաջորդականությունը և ներկայացնի հիմնավոր ապացույցներ, որոնք կարող են հերքել դիմումատուի պնդումները։ Դատարանը նաև նշել է այն դժվարությունները, որոնց առնչվում են դիմումատուները՝ անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու հարցում, հատկապես այն դեպքում, երբ պատասխանող Կառավարությունն ունի համապատասխան փաստաթղթերը, բայց չի ներկայացնում դրանք: Եթե իշխանությունները չեն բացահայտում կարևոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Դատարանին հանգամանքները պարզելու համար, կամ չեն տրամադրում բավարար և համոզիչ բացատրություն, ապա կարելի է լուրջ հետևություններ անել (տե՛ս Տագաևան և այլք ընդդեմ Ռուսաստանի [Tagayeva and Others v. Russia] գործը, թիվ 26562/07 և 6 այլ գործեր, § 586, 2017 թվականի ապրիլի 13)։
112. Դատարանի՝ ներպետական քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների և ներպետական վարույթի շրջանակում հաստատված փաստերի վրա հենվելը մեծապես կախված կլինի ներքին քննության գործընթացի որակից, դրա մանրակրկտությունից և հետևողականությունից (նույն տեղում, § 586): Կողմերի վարքագիծը ապացույցներ ձեռք բերելու ընթացքում կարող է հաշվի առնվել (տե՛ս Վոլֆ-Սորգն ընդդեմ Թուրքիայի [Wolf-Sorg v. Turkey], թիվ 6458/03, § 63, 2010 թվականի հունիսի 8):
113. Ավելին, ցանկացած դեպքում, երբ կալանավորված անձը մահանում է կասկածելի հանգամանքներում և այնպիսի հանգամանքներում, որոնք կարող են առաջացնել Պետության պատասխանատվությունը, պետք է անցկացվի արդյունավետ ծառայողական քննություն, որը կարող է պարզել մահվան պատճառը և բացահայտել նրանց, ովքեր պատասխանատու են՝ վերջիններիս պատժելու նպատակով (տե՛ս Դը Դոնդերն ու Դը Կլիպելն ընդդեմ Բելգիայի [De Donder and De Klippel v. Belgium], թիվ 8595/06, § 85, 2011 թվականի դեկտեմբերի 6): Այսինքն՝ քննությունը, նախ և առաջ, պետք է անցկացվի համարժեք։ Արդյունավետ քննություն անցկացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքի, այլ միջոցների պարտավորություն է։ Իշխանությունները պետք է ձեռնարկեին իրենց հասանելի ողջամիտ քայլերը՝ միջադեպի վերաբերյալ ապացույցներն ապահովելու նպատակով: Քննության ցանկացած թերություն, որը նվազեցնում է դրա միջոցով հանցագործին կամ հանցագործներին բացահայտելու հնարավորությունը, կհանգեցնի այդ չափանիշին անհապատասխանության (տե՛ս Ռամսահայը և այլք ընդդեմ Նիդեռլանդների [ՄՊ] [Ramsahai and Others v. the Netherlands] [GC], թիվ 52391/99, § 324, ՄԻԵԴ 2007-II):
114. Համապատասխանաբար, երբ վտանգված է արգելանքի վերցված անձանց կյանքը պաշտպանելու դրական պարտավորությունը, 2-րդ հոդվածով պահանջվող համակարգով պետք է նախատեսվի անկախ և անաչառ ծառայողական քննություն, որը բավարարում է արդյունավետության որոշակի նվազագույն չափանիշները։ Այդպիսով, համապատասխան մարմինները պետք է գործեն օրինակելի ջանասիրությամբ և օպերատիվությամբ և պետք է իրենց նախաձեռնությամբ քննություն իրականացնեն, որը հնարավորություն կտա նրանց առաջին հերթին պարզել միջադեպի հանգամանքները և կարգավորող համակարգի գործունեության ցանկացած թերություն, և երկրորդ, բացահայտել ներգրավված պետական պաշտոնատար անձանց կամ մարմիններին (տե՛ս վերը նշված Տրուբնիկովն ընդդեմ Ռուսաստանի [Trubnikov v. Russia], թիվ 49790/99, § 88, 2005 թվականի հուլիսի 5, և Կարսակովայի [Karsakova] գործը, § 55):
115. Քննությունը նույնպես պետք է իրականացվի մանրակրկիտ, ինչը նշանակում է, որ իշխանությունները պետք է լրջորեն փորձեն պարզել տեղի ունեցածը և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա՝ քննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների համար որպես հիմք ընդունելու համար (տե՛ս Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC]] թիվ 10865/09 և 2 այլ գործեր, § 325, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ), և Էլ Մասրին ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [ՄՊ] [El-Masri v. the former Yugoslav Republic of Macedonia [GC]] թիվ 39630/09, § 183, ՄԻԵԴ 2012)։ Այս համատեքստին բնորոշ է գործի քննությունը անհապաղ և ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջը (տե՛ս Ալ-Սկեինին և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Al-Skeini and Others v. the United Kingdom [GC]], թիվ 55721/07, §167, ՄԻԵԴ 2011)։
116. Իշխանությունների կողմից արգելանքի վերցված անձի մահվան դեպքերի վերաբերյալ Դատարանը շեշտել է, որ պետք է առկա լինի քննության կամ դրա արդյունքների հանրային հսկողության բավարար տարր՝ գործնականում, ինչպես նաև տեսականորեն պատասխանատվությունն ապահովելու համար: Թեև պահանջվող հանրային հսկողության մակարդակը կարող է տարբերվել դեպքից դեպք, զոհի մերձավոր ազգականները բոլոր դեպքերում պետք է ներգրավված լինեն ընթացակարգում այնքանով, որքանով դա անհրաժեշտ է՝ պաշտպանելու իրենց օրինական շահերը (տե՛ս վերը նշված Սլիմանիի [Slimani] գործը, § 32): Այդ առնչությամբ կարևոր է շեշտել, որ իրենց ընթացակարգային պարտավորություններին համապատասխան՝ իշխանությունները պետք է գործեն սեփական նախաձեռնությամբ, երբ հարցը հայտնվի նրանց ուշադրության կենտրոնում: Մասնավորապես նրանք չեն կարող տուժողի նախաձեռնությանը թողնել քննչական գործողությունների իրականացման պատասխանատվությունը ստանձնելը (տե՛ս Ս.Մ.-ն ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [S.M. v. Croatia] [GC], թիվ 60561/14, § 314, 2020 թվականի հունիսի 25):
117. Թեև 2-րդ հոդվածով սահմանված դատավարական պահանջներին համապատասխանությունը գնահատվում է մի քանի կարևոր պարամետրերի հիման վրա (ներառյալ վերը նշվածները), այդ տարրերը փոխկապակցված են, և դրանցից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, ինքնանպատակ չէ։ Դրանք չափորոշիչներ են, որոնք համատեղ վերցրած՝ հնարավորություն են տալիս գնահատելու քննության արդյունավետության աստիճանը (տե՛ս վերը նշված Լափշինի [Lapshin] գործը, § 100):
բ) Այս սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
118. Դատարանն ի սկզբանե պարզաբանում է, որ Հ. Մովսիսյանի մահվան հանգամանքների քննության վերաբերյալ Դատարանի տրամադրության տակ կան սահմանափակ նյութեր ։ Առկա նյութերը բաղկացած են այն քիչ փաստաթղթերից, որոնք դիմումատուն կարողացել է ձեռք բերել ներպետական մակարդակով և ներկայացնել Դատարան, ներառյալ, ի թիվս այլնի, համապատասխան վարույթը հարուցելու և կարճելու մասին որոշումները (տե՛ս վերևում՝ 28-րդ, 40-րդ, 42.-րդ, 43-րդ և 55-րդ պարբերությունները), երկու դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները (տե՛ս վերևում՝ 29-32-րդ պարբերությունները) և դիմումատուի սեփական բողոքների առնչությամբ կայացված համապատասխան որոշումները (տե՛ս վերևում, օրինակ, 61.-րդ, 64.-րդ, 66.-րդ, 70.-րդ և 71.-րդ պարբերությունները). Կառավարությունը որևէ լրացուցիչ փաստաթուղթ չի ներկայացրել՝ չնայած այդ առնչությամբ Դատարանի հատուկ խնդրանքին (տե՛ս վերևում՝ 107-րդ պարբերությունը):
119. Այդուհանդերձ, Դատարանին ներկայացված նյութերից երևում է, և առավել ևս, կողմերի կողմից չի վիճարկվում, որ Հ. Մովսիսյանը մահացել է «ԼՂՀ»-ի Շուշիի կալանավայրում եղած ժամանակ, որտեղ նա հայտնվել էր զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում (տե՛ս վերևում՝ 19-րդ և 23-25-րդ պարբերությունները):
120. Համաձայն վերը նշված 108-րդ և 110‑113-րդ պարբերություններում մեջբերված նախադեպային իրավունքի սկզբունքներին, Դատարանը նպատակահարմար է համարում նախ ուսումնասիրել Հ. Մովսիսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ներպետական մարմինների կողմից իրականացված քննությունը՝ նախքան այն հարցին անդրադառնալը, թե արդյոք Պետությունը կարող է պատասխանատվություն կրել այդ մահվան առնչությամբ (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, վերը նշված Մուրադյանի [Muradyan] գործը, § 137, Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Ayvazyan v. Armenia], թիվ 56717/08, § 77, 2017 թվականի հունիսի 1, և վերևում նշված Օհանջանյանի [Ohanjanyan] գործը, § 139):
i) Դատավարական հայեցակետը
121. Առկա նյութերից պարզ է դառնում, որ Հ. Մովսիսյանի մահվան գործով իրականացվել է երեք քննություն (երկուսը՝ քրեական և մեկը՝ ներքին)։ Մասնավորապես՝ i) «ԼՂՀ»-ի իշխանությունները այդ գործի առնչությամբ իրականացրել են քրեական գործով նախաքննություն (գործ թիվ 122007.12), ii) «ԼՂՀ»-ի իշխանությունները, ըստ երևույթին, քրեական գործով նախաքննությանը զուգահեռ իրականացրել են նաև ներքին քննություն (տե՛ս վերևում՝ 28-րդ և 40-րդ պարբերությունները), և iii) այնուհետև Հայաստանի իշխանությունները մեկ այլ քննություն են սկսել (քրեական գործ թիվ 62202513)՝ ակնհայտ կերպով հիմք ընդունելով «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից թիվ 122007.12 քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցները և իրականացրել երկու գործերի համատեղ քննություն նախորդ համարի ներքո (այն է՝ թիվ 62202513, տե՛ս վերևում՝ 42.-րդ, 43-րդ, 51.-րդ և 55-րդ պարբերությունները):
122. Ինչ վերաբերում է «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից իրականացված քննությանը, Դատարանը նշում է, որ նրանք օպերատիվ կերպով արձագանքել են խնդրո առարկա դեպքին և իրենց նախաձեռնությամբ այդ փաստի առթիվ քննություն են սկսել։ Մասնավորապես, «ԼՂՀ»-ի գլխավոր դատախազությունը դեպքի օրը՝ 2012 թվականի նոյեմբերի 28-ին, նախաձեռնել է քրեական վարույթ (տե՛ս վերևում՝ 27-րդ և 28-րդ պարբերությունները), ինչպես նաև «ԼՂՀ»-ի ոստիկանությունը նույն օրը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն (դիահերձում), ի թիվս այլնի, մահվան պատճառը պարզելու նպատակով (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը): Հետագա դիահերձման արձանագրությամբ, որը հետագայում հաստատվել է լրացուցիչ դիահերձում իրականացրած փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ, պարզվել է մահվան ժամանակը և պատճառը (տե՛ս վերևում՝ 30-րդ և 32-րդ պարբերությունները):
123. Ինչպես երևում է քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ հետագա որոշումից (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը), քննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն (այն է՝ Շուշիի կալանավայրի թիվ 8 խուցը, տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը), ինչպես նաև զննվել է Հ. Մովսիսյանի դիակը՝ վնասվածքներ հայտնաբերելու նպատակով, ցուցմունքներ են վերցվել Շուշիի կալանավայրի պետից, հսկիչներից և կալանավորներից, ինչպես նաև կանչին ի պատասխան այնտեղ ժամանած շտապօգնության բժշկից (տե՛ս վերևում՝ 33-40-րդ պարբերությունները):
124. Դատարանը նկատում է, որ «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից իրականացված քննությունը դադարեցվել է 2013 թվականի մարտի 18-ին (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը)՝ Հ. Մովսիսյանի մահից չորս ամիս չանցած:
125. Այդ հանգամանքներում Դատարանը գտնում է, որ «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից իրականացված հետաքննությունը, որի ընթացքում ձեռնարկվել են մի շարք քննչական միջոցառումներ Հ.Մովսիսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, իրականացվել է անհրաժեշտ ջանասիրությամբ՝ առանց անհարկի ձգձգումների:
126. Այդուհանդերձ, Դատարանը նշում է, որ դիմումատուն համապատասխան վարույթի ընթացքում՝ որևէ պահի, տեղեկացված չի եղել «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից հարուցված քրեական գործի մասին (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը, որը վերաբերում է դիմումատուի նշված վարույթներին ներգրավվելու խնդրանքին այն բանից հետո, երբ վերջինս իր որդու մահվան կապակցությամբ իշխանություններին բողոքներ և դիմումներ ներկայացնելու արդյունքում տեղեկացել էր նշված վարույթների առկայության մասին):
Արդյունքում դիմումատուն որևէ մասնակցություն չի ունեցել այդ քրեական գործի քննությանը։ Արդյունավետ հետաքննության հիմնական սկզբունքներից այս ակնհայտ շեղումը մնում է լիովին անբացատրելի։
127. Ավելին, «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից իրականացված քննության համապատասխանության և մանրակրկտության առնչությամբ Դատարանը նշում է հետևյալը.
128. 2013 թվականի մարտի 18-ի որոշումից պարզ է դառնում, որ քրեական գործով քննության ընթացքում՝ ինչ-որ պահի, դեպքի առթիվ «ԼՂՀ»-ի ոստիկանության ներքին անվտանգության ծառայության կողմից իրականացվել է ներքին քննություն։ 2013 թվականի մարտի 18-ի որոշումը չի պարունակում մանրամասներ, և պարզապես նշվում է, որ «ներքին քննությամբ [«ԼՂՀ»-ի քրեակատարողական ծառայության] աշխատակիցների կողմից խախտումներ չեն հայտնաբերվել» (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը): Այս առնչությամբ դատարանին այլ տեղեկություններ կամ փաստաթղթեր չեն տրամադրվել։
129. Դատարանին չի տրամադրվել սույն որոշման մեջ նշված քննչական միջոցառումներին վերաբերող որևէ փաստաթուղթ (օրինակ՝ դեպքի վայրի և դիակի զննության, ինչպես նաև վկաների հարցաքննությունների արձանագրությունները, տե՛ս վերևում՝ 107-րդ և 118-րդ պարբերությունները): Արդյունքում, Դատարանը չի կարող իր սեփական քննությունն իրականացնել համապատասխան ապացույցների վերաբերյալ՝ 2013 թվականի մարտի 18-ի որոշման մեջ արտացոլված եզրահանգումների լույսի ներքո (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը): Հետևաբար այն այլընտրանք չունի, քան տալ իր գնահատականը՝ հիմնվելով սույն որոշման մեջ նշված այդ ապացույցների նկարագրության վրա՝ հաշվի առնելով, որ այդ նկարագրությունը, հատկապես՝ վկաների ցուցմունքների մասով բաղկացած է միայն քննիչի կողմից ամփոփ ներկայացված ցուցմունքներից և ոչ մի դեպքում չի կարելի համարել, որ դրանք լիարժեք արտացոլում են այն անձանց ցուցմունքները, որոնք հարցաքննվել են դեպքի առնչությամբ:
130. «ԼՂՀ»-ի գլխավոր դատախազությունը պարզել է, որ Հ. Մովսիսյանը մահացել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 12.50-1.00-ի սահմաններում, Շուշիի կալանավայրի թիվ 8 խցում՝ պատուհանի ճաղավանդակից սավանով կախվելու հետևանքով (տե'ս վերևում՝ 40-րդ պարբերությունը): Թեև մահվան ժամանակի և պատճառի վերաբերյալ եզրահանգումները հիմնված էին դիահերձման արդյունքների վրա (որոնք հաստատվել են լրացուցիչ դիահերձման արդյունքներով, տե՛ս վերևում՝ 122-րդ պարբերությունը), Դատարանը նշում է, որ մահվան հանգամանքների վերաբերյալ եզրահանգումները հիմնվել են միայն կալանավայրի ներգրավված աշխատակիցների ցուցմունքների վրա, ինչպես նշված է 2013 թվականի մարտի 18-ի որոշման մեջ (տե՛ս վերևում՝
34-38-րդ և 40-րդ պարբերությունները)՝ առանց այլ ապացույցների մանրակրկիտ վերլուծության, այդ թվում՝ Հ. Մովսիսյանի խցակիցների ցուցմունքները և դեպքի վերակառուցումը և այլն։ Անշուշտ, դեպքի վերակառուցումը, ըստ երևույթին, օգտակար միջոց է պարզելու՝ արդյոք իսկապես հնարավոր էր, որ Հ. Մովսիսյանը կարողանար վեր կենալ անկողնուց, վերցնել իր սավանը, հանգույց կապել սավանից և հետո կախվել իր խցի պատուհանի ճաղերից վեցից յոթ րոպեի ընթացքում՝ առանց մյուս ութ խցակիցներից որևէ մեկին արթնացնելու:
131. Այսպիսով, 2013 թվականի մարտի 18-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը) հիմնականում հիմնված էր ավագ հսկիչ Մ. Գ.-ի կողմից դեպքի առնչությամբ տրված ցուցմունքների վրա, որը, ի թիվս այլնի, այդ գիշեր հսկիչ Ս. Ա.-ի և Ա. Վ.-ի հետ միասին նշանակված է եղել համապատասխան խցի պատասխանատու (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը): Թեև որոշումից պարզ է դառնում, որ հսկիչներ Ս. Ա.-ն և Ա. Վ.-ն նույնպես հարցաքննվել են, սակայն որոշման մեջ ամփոփված չեն նրանց համապատասխան ցուցմունքների մանրամասները, և պարզապես նշվում է, որ նրանք ներկայացրել են «իրադարձությունների միևնույն ընթացքը» (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը): Հատկանշական է, որ համաձայն Մ. Գ.-ի ցուցմունքի՝ Ա. Վ.-ն կեսգիշերին մոտ երկու ժամով ընդմիջման է գնացել (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը), ինչը նշանակում է, որ Մ. Գ.-ն ապահովում էր խցերի հսկողությունը Ս. Ա.-ի հետ, երբ Հ. Մովսիսյանի դին ենթադրաբար հայտնաբերվել էր (ենթադրաբար) ժամը 00:50-ի սահմաններում։ Ուստի անհասկանալի է, թե Ս. Ա.-ն և Ա. Վ.-ն ինչպես կարող էին ներկայացնել իրադարձությունների «միևնույն» ընթացքը, եթե վերջինս, ըստ նշված տեղեկության, բացակայել է դեպքի վայրից նշված ժամանակահատվածում։
132. 2013 թվականի մարտի 18-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը) նույնպես հիմնված էր Ա. Դ.-ի (ավագ տեսուչ) կողմից տրված ամփոփ ցուցմունքների վրա, որը հայտնել է, որ ինքը մտել է թիվ 8 խուց Մ. Գ.-ի (տե՛ս վերևում՝ 35 պարբերությունը), Պ. Մ.-ի (Հ. Մովսիսյանին առաջին բուժօգնություն ցուցաբերած կրտսեր տեսուչը, տե՛ս վերևում՝ 36-րդ պարբերությունը), մայոր Ժ .Հ.-ի և Շուշիի կալանավայրի պետ, կապիտան Սա. Ա.-ի հետ (տե՛ս վերևում՝ համապատասխանաբար 37-րդ և 38-րդ պարբերությունները): Որոշման մեջ ամփոփված էր նաև Հ. Մովսիսյանի երկհարկանի անկողնու ներքևի հարկը զբաղեցրած խցակից Ս. Հ.-ի կողմից ներկայացված ամփոփ ցուցմունքը: Այնուամենայնիվ, այդ ցուցմունքը, թեև կարևոր էր կալանավորման ընթացքում Հ. Մովսիսյանի ընդհանուր վիճակի և դեպքի օրն ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում, սակայն չի պարունակել Հ. Մովսիսյանի մահվան ստույգ հանգամանքների վերաբերյալ որևէ կոնկրետ բան, քանի որ Ս. Հ.-ն, ըստ էության, նշել է, որ ինքը կոնկրետ որևէ բանի ականատես չի եղել, քանի որ քնած է եղել (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը):
133. Ի վերջո, վիճարկվող որոշման մեջ (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը) նշվում է, որ «պարզվել է», որ Հ. Մովսիսյանը տառապել է «փսիխոպաթիկ օրգանական բնույթի խանգարումով [և] ոչ ադապտիվ դեկոմպենսացիա՝ ինքնասպանության փորձով»։ Այնուամենայնիվ, սույն որոշման մեջ չկա ոչինչ, ինչը հնարավորություն կտար ենթադրելու, որ ցանկացած միջոցառում ձեռնարկվել է պարզելու համար, թե արդյոք և որքանով է Շուշիի կալանավայրի վարչակազմը տեղյակ եղել Հ. Մովսիսյանի հոգեկան առողջության խնդիրների մասին, և որ առավել կարևոր է ներկայիս գործի համատեքստում՝ նրա նախորդ ինքնասպանության փորձերի մասին (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): Չկա նաև ոչինչ, ինչը հնարավորություն կտար ենթադրելու, որ ձեռնարկվել է որևէ քայլ՝ պարզելու համար՝ i) արդյոք կալանավայրի վարչական մարմինները ձեռնարկել են միջոցառումներ և նախազգուշական միջոցներ Հ. Մովսիսյանի՝ ինքն իրեն վնասելու հնարավորությունները նվազեցնելու նպատակով, եթե տեղյակ են եղել նրա հոգեկան առողջության խնդիրների մասին, կամ ii) այն դեպքում, երբ կալանավայրի վարչական մարմինները տեղյակ չեն եղել դրա մասին, արդյոք վերջիններս ձեռնարկել են միջոցառումներ պարզելու համար՝ արդյոք այն մարմինները, որոնք կալանքի տակ էին վերցրել Հ. Մովսիսյանին, կրում էին որևէ պատասխանատվություն Հ. Մովսիսյանի հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին իրենց չտեղեկացնելու առնչությամբ:
134. Ընդհանուր առմամբ Դատարանն ուշագրավ է համարում, որ 2013 թվականի մարտի 18-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը) չի պարունակում հղումներ կարևոր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ դիակի հայտնաբերման ժամանակի և հանգամանքների վերաբերյալ, թե որքան ժամանակ է պահանջվել աշխատակիցներից խցի դուռը բացելու և մարմինն ազատելու համար, շտապօգնության կանչը գրանցելու և ժամանելու ճշգրիտ ժամանակը, Պ.Մ.-ի կողմից տրամադրված շտապ բժշկական օգնության մանրամասները կամ որևէ այլ բժշկական արձանագրություն՝ Հ. Մովսիսյանի (այդ թվում՝ հոգեկան առողջության) առողջական վիճակի վերաբերյալ՝ վերջինիս կալանավայրում գտնվելու ընթացքում։ Փոխարենը, ի պաշտպանություն դրանում նշված եզրահանգումների, որոշման մեջ պարզապես թվարկված է հարցաքննված որոշ վկաների, բայց ոչ բոլորի ամփոփ ցուցմունքները (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 131-րդ և 132-րդ պարբերությունները), դատաբժշկական փորձաքննությամբ ներկայացված ապացույցները (մասնավորապես՝ լրացուցիչ իրականացված դիահերձման արդյունքները, տե՛ս վերևում՝ 31-րդ և 32-րդ պարբերությունները), դեպքի վայրի և դիակի զննության արձանագրությունները, ինչպես նաև Հ. Մովսիսյանի դեմ հարուցված քրեական գործով փաստաթղթերը, որոնք ստացվել են Մարզային դատարանից (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը):
135. Այս համատեքստում «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից թիվ 122007.12 քրեական գործի շրջանակներում (տե՛ս վերևում՝ 28-40-րդ պարբերությունները) իրականացված քննությունը միանշանակ չի կարող համարվել որպես Հ. Մովսիսյանի մահվան հանգամանքների պարզաբանում։
136. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, մասնավորապես՝ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), հետագայում վարույթ են ընդունել թիվ 122007.12 քրեական գործը և համատեղ քննություն են իրականացրել սույն գործի և թիվ 62202513 գործի վերաբերյալ, որը նախաձեռնվել է ենթադրյալ պաշտոնեական անփութության հիմքով (տե՛ս վերևում՝ 42.-րդ, 43-րդ և 121-րդ պարբերությունները), Դատարանը կշարունակի ուսումնասիրել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել, եթե այդպիսիք եղել են, այդ համատեղ քննության շրջանակներում, որը կարող էր ինչ-որ կերպ վերացնել վերոնշյալ մեծ բացթողումները, որոնք առկա էին «ԼՂՀ»-ի իշխանությունների կողմից իրականացված քննության ընթացքում (տե՛ս վերևում՝ 130-134-րդ պարբերությունները):
137. Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների, մասնավորապես ՀՔԾ-ի կողմից իրականացված քննությանը (տե՛ս վերևում՝ 42.-րդ պարբերությունը), Դատարանը նշում է հետևյալը.
138. 2013 թվականի մարտի 28-ին, այսինքն՝ 2013 թվականի մարտի 18-ի որոշումից տասն օր հետո, ըստ որի «ԼՂՀ»-ի գլխավոր դատախազությունը դադարեցրել է թիվ 122007.12 գործով քրեական վարույթը (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը), ՀՔԾ-ն հարուցել է թիվ 62202513 քրեական գործը՝ ենթադրյալ պաշտոնեական անփութության հիմքով (տե՛ս վերևում՝ 42.-րդ պարբերությունը): Նույն օրը ՀՔԾ-ն որոշում է կայացրել ստանձնել թիվ 122007.12 գործի քննությունը և երկու գործերը միացնել մեկ վարույթում (քննվելու են թիվ 62202513 գործի շրջանակներում): Դիմումատուն տեղեկացված չի եղել նաև այս վարույթների մասին (տե՛ս վերևում՝ 126-րդ պարբերությունը):
139. Դատարանին չի տրամադրվել որևէ նյութ, որը վերաբերում է ՀՔԾ-ի կողմից իրականացված քննությանը (տե՛ս վերևում՝ 118-րդ պարբերությունը): Հետևաբար այդ քննությանը վերաբերող միակ փաստաթուղթը, որը հասանելի է Դատարանին, ՀՔԾ-ի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 10-ին կայացված քննությունը դադարեցնելու մասին որոշումն է (տե՛ս վերևում՝ 55-րդ պարբերությունը):
140. Ի հակադրություն 2013 թվականի մարտի 18-ի որոշման (որտեղ ամփոփված էր առնվազն որոշ վկաների ամփոփ ցուցմունքները և «ԼՂՀ»-ի գլխավոր դատախազության կողմից հավաքագրված որոշ այլ ապացույցների համառոտ նկարագրությունը, տե՛ս վերևում՝ 40-րդ և 129-րդ պարբերությունները)՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման մեջ նշված չէ որևէ նկարագրություն այն ապացույցների մասին, որոնց վրա հիմնվել է ՀՔԾ-ն՝ ի պաշտպանություն իր եզրահանգումների, այդ թվում՝ այն վկաների ցուցմունքները, որոնք նշված են որոշման մեջ որպես հարցաքննված անձիք (տե՛ս վերևում՝ 55-րդ պարբերությունը): Որոշման մեջ նշված է նաև «քննության ընթացքում հավաքագրված ապացույցները»՝ առանց այդ ապացույցները նկարագրելու և(կամ) հստակեցնելու։
141. Դատարանը հատկապես ուշագրավ է համարում, որ ներպետական քրեական դատարանները, որոնց ՀՔԾ-ի կողմից հավաքագրված «ապացույցների» հետ կապված գրեթե ոչ մի նյութ չի տրամադրվել (տե՛ս վերևում՝ 63.-րդ պարբերությունը՝ ներպետական դատարաններին տրամադրված փաստաթղթերի ճշգրիտ ցանկի համար), ի վերջո, 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման առնչությամբ դատական վերանայում են իրականացրել և ըստ էության, հաստատել են դրանց եզրահանգումները՝ չունենալով ձեռքի տակ այն ապացույցները, որոնց վրա հիմնված է եղել այդ որոշումը (տե՛ս վերևում՝ 64.-րդ և 70.-րդ պարբերությունները, տե՛ս նաև այդ առնչությամբ դիմումատուի՝ Արդարադատության խորհրդին ներկայացված բողոքում և վերաքննիչ բողոքում առկա փաստարկները, որոնք նշված են համապատասխանաբար 65.-րդ և 66.-րդ պարբերություններում): Հատկանշական է, որ ոչինչ չի վկայում այն մասին, որ ՀՔԾ-ն և Գլխավոր դատախազությունը տրամադրել են որևէ հիմնավորում, թե ինչու չեն ենթարկվել ներպետական դատարանների կողմից ներկայացված մի քանի պահանջների՝ գործի նյութերը տրամադրելու առնչությամբ (տե՛ս վերևում՝ 62.-րդ,63.-րդ,68.-րդ և 69.-րդ պարբերությունները):
142. Այս համատեքստում Դատարանը չի կարող ՀՔԾ-ի կողմից իրականացված հետաքննության եզրահանգումները բավարար հավաստի համարել (տե՛ս վերևում՝ 135-րդ պարբերությունը):
143. Սույն գործով քրեական վարույթների մեկ այլ առանձնահատկություն կապված է ինչպես «ԼՂՀ»-ում, այնպես էլ Հայաստանում իրականացվող քննությունից դիմումատուի լիակատար մեկուսացման հետ։ Մասնավորապես դիմումատուն ոչ միայն տեղեկացված չի եղել իր որդու մահվան առնչությամբ նախաձեռնված վարույթների մասին (տե՛ս վերևում՝ 126-րդ և 138-րդ պարբերությունները), այլ նաև նրանց գոյության մասին իմանալուց հետո (բացառապես իր ջանքերի շնորհիվ, տե՛ս վերևում՝ 41-րդ, 47.-րդ և 51.-րդ պարբերությունները) նրա կողմից ներկայացված մի քանի պահանջները՝ սույն վարույթներում իր ներգրավվածության վերաբերյալ, բազմիցս մերժվել են տարբեր պատճառներով (տե՛ս վերևում՝ 44.-րդ, 48.-րդ և 50.-րդ պարբերությունները), մինչև որ վարույթն ի վերջո դադարեցվել է նրան այդպես էլ վարույթներում չներգրավվելով (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, Իորգան ընդդեմ Մոլդովայի [Iorga v. Moldova], թիվ 12219/05, § 36, 2010 թվականի մարտի 23): Հատկանշական է, որ իշխանությունների՝ դիմումատուին վարույթներում ներգրավվելու մերժումները չեն հիմնավորվել ներպետական քրեական դատավարության շրջանակներում կիրառելի որևէ դրույթով (ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների նկարագրության համար տե՛ս վերևում՝ 74.-76. պարբերությունները):
144. Ավելին, հենց այն հիմքով, որ դիմումատուն համապատասխան վարույթների կողմ չի հանդիսացել (սկզբում՝ թիվ 122007.12 քրեական գործը, իսկ հետո` թիվ 62202513 քրեական գործի շրջանակներում իրականացված համատեղ քննությունը), քննչական մարմինները մերժել են նաև այդ վարույթների ընթացքում կազմված փաստաթղթերը, ինչպես նաև դրանք հարուցելու և դադարեցնելու մասին որոշումները (տե՛ս վերևում՝ 41-րդ, 44.-րդ, 52.-րդ և 53.-րդ պարբերությունները) դիմումատուին տրամադրելու պահանջները՝ ստիպելով վերջինիս դիմել դատարան՝ պահանջելով իրեն տրամադրել խնդրո առարկա փաստաթղթերը (տե՛ս վերևում՝ 54.-րդ, 62.-րդ, 63.-րդ, 68.-րդ և 69.-րդ պարբերությունները)։ Այնուամենայնիվ, ինչպես նշված է 141-րդ պարբերությունում, ներպետական քրեական դատարանների կողմից դատախազությանը ներկայացված համապատասխան նյութերը տրամադրելու պահանջը բավարարվել է միայն մասնակի. դիմումատուին ի վերջո տրամադրվել են միայն շատ սահմանափակ քանակությամբ նյութեր, այդ նյութերի հիման վրա նա փորձել է վիճարկել 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 55-րդ պարբերությունը), սակայն ապարդյուն (տե՛ս վերևում՝ 64.-րդ, 70.-րդ և 71.-րդ պարբերությունները):
145. Դատարանը այս առնչությամբ նշում է, որ 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ իր բողոքներում դիմումատուն Հ. Մովսիսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ բարձրացրել է մի շարք մանրամասն հարցեր, օրինակ՝ արդյոք հնարավոր էր, որ Հ. Մովսիսյանն ինքնասպանություն գործեր՝ կախվելով խցի պատուհանի ճաղերից վեցից յոթ րոպեի ընթացքում, արդյոք Հ. Մովսիսյանին տրամադրվել էր համապատասխան բուժօգնություն խցից դուրս բերելուց հետո, և ինչից էր առաջացել աջ նախաբազկի վնասվածքը, որը հայտնաբերվել էր լրացուցիչ դիահերձման ժամանակ (տե՛ս վերևում՝ 61.-րդ և 66.-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, ներպետական դատարանները ամփոփ ձևով մերժել են նրա փաստարկները (տե՛ս վերևում՝ 64.-րդ և 70.-րդ պարբերությունները)՝ չնայած այն հանգամանքին, որ, ինչպես նշված է վերևում՝ 141-րդ և 144-րդ պարբերություններում, դատախազությունը նրանց չէր տրամադրել գործի նյութերի ամբողջական փաթեթը։
146. Դատարանի կարծիքով՝ քննչական մարմինների (նախ՝ «ԼՂՀ»-ի իշխանությունների, ապա Հայաստանում՝ ՀՔԾ-ի) կողմից դիմումատուին քննությանը ներգրավելու կամ նույնիսկ համապատասխան քրեական վարույթների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու մասին դիմումատուի խնդրանքների հետևողական մերժումը զրկել է նրան իր օրինական շահերը պաշտպանելու հնարավորությունից (տե՛ս վերևում՝ 116-րդ պարբերությունը): Նույնը նաև խոչընդոտել է հանրային հսկողությամբ իրականացված քննությունը: Այս փաստարկն ինքնին բավարար կլինի Դատարանի համար եզրակացնելու, որ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ քննություն՝ դիմումատուի որդու մահվան վերաբերյալ (տե՛ս, օրինակ, Անիկը և այլք ընդդեմ Թուրքիայի [Anık and Others v. Turkey], թիվ 63758/00, § 77, 2007 թվականի հունիսի 5)։
147. Դատարանը, այնուամենայնիվ, չի կարող անտեսել նախկինում բարձրացված բոլոր մյուս հարցերը (տե՛ս մասնավորապես վերևում՝ 129-135-րդ և 139-141-րդ պարբերությունները), Դատարանի կարծիքով՝ դրանք քննությունը դարձրել են անբավարար և ոչ համարժեք՝ Հ. Մովսիսյանի մահվան հանգամանքները և նրա մահվան համար որոշակի անձանց կամ իշխանությունների հնարավոր պատասխանատվությունը պարզելու համար (տե՛ս վերևում՝ 113-րդ և 115-րդ պարբերություններում նշված համապատասխան նախադեպային սկզբունքները):
148. Վերոնշյալ նկատառումները բավարար են Դատարանի համար՝ եզրակացնելու, որ սույն գործով քննությունը լուրջ թերություններ է ունեցել, և որ Պատասխանող պետությունը, հետևաբար, չի կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իր դատավարական պարտավորությունը:
149. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դատավարական հայեցակետի մասով:
ii) Նյութաիրավական հայեցակետը
150. Հիշեցնելով, որ Դատարանի գործառույթը չէ մեկնաբանել և կիրառել ներպետական օրենսդրությունը կամ գնահատել դիմումատուի որդու դեմ հարուցված քրեական մեղադրանքի օրինականությունը, Դատարանը նշում է, որ ազգային մարմինների ընտրությունն էր դիմումատուի որդու նկատմամբ կիրառել ազատազրկում՝ սահմանված Մարզային դատարանի 2012 թվականի նոյեմբերի 20-ի վճռով (տե՛ս վերևում՝ 26-րդ և 56.-րդ պարբերությունները), չնայած նրա առողջական վիճակին (տե՛ս վերևում՝12-րդ և 13-րդ պարբերությունները) և նրա առանձնահատուկ խոցելիությանը, որը հանգեցրել է վիճարկվող իրադարձություններին։
151. Եթե անձը մահանում է կալանքի տակ եղած ժամանակ, իշխանությունները պետք է տրամադրեն բավարար և համոզիչ բացատրություն։ Հակառակ դեպքում կարելի է համարել, որ Պետությունը չի բացատրել մահվան պատճառը, ինչի համար, Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված նյութաիրավական հայեցակետի համաձայն, պատասխանատվություն է կրում Պետությունը (տե՛ս, օրինակ, Չելիքբիլեկն ընդդեմ Թուրքիայի[Çelikbilek v. Turkey], թիվ 27693/95, §§ 72 և 79, 2005 թվականի մայիսի 31, և համապատասխան փոփոխություններով, վերը նշված Լապշինի [Lapshin] գործը, §§ 110 և 119-120, տե՛ս նաև նախադեպային իրավունքի սկզբունքները վերևում` 108-րդ, 110-րդ և 111-րդ պարբերություններում):
152. Դիմումատուի որդին՝ Հ. Մովսիսյանը, գտնվել է «ԼՂՀ»-ի Շուշիի կալանավայրում՝ իշխանությունների խնամքի և պատասխանատվության տակ, երբ մահացել է ենթադրյալ ինքնասպանության հետևանքով (տե՛ս վերևում՝ 25-րդ, 27-րդ, 40-րդ և 55-րդ պարբերությունները):
153. Ինչպես ներպետական դատարաններ (տե՛ս վերևում՝ 61.-րդ և 66.-րդ պարբերությունները), այնպես էլ (որքանով որ առնչվում է նրա ընթացակարգային բողոքին՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, տե՛ս վերևում՝ 104-րդ և
106-րդ պարբերությունները) Դատարան ուղղված իր դիմումներում դիմումատուն պնդում էր, որ իշխանությունները չեն տրամադրել համոզիչ բացատրություն իր որդու մահվան կապակցությամբ։
154. Միևնույն ժամանակ, ինչ վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իր բողոքի նյութաիրավական բովանդակությանը, դիմումատուն շեշտել է իշխանությունների կողմից իր որդուն պաշտպանելու ենթադրյալ ձախողումը, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել և արդեն մեկ անգամ ինքնասպանության փորձ է կատարել՝ գտնվելով այդ իշխանությունների խնամքի և հսկողության տակ։ Այդ ձախողումը պայմանավորված էր նրանով, որ դիմումատուի որդուն տեղավորել էին սովորական խցում՝ առանց որևէ հոգեբուժական կամ հոգեբանական օգնություն տրամադրելու (տե՛ս վերևում՝ 105-րդ պարբերությունը):
155. Ըստ պաշտոնական վարկածի՝ Հ. Մովսիսյանը կախվել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:50-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, Շուշիի կալանավայրի թիվ 8 խցում, որտեղ նա գտնվում էր ութ այլ կալանավորների հետ։ Հ. Մովսիսյանն ինքնասպանություն է գործել վեցից յոթ րոպեի ընթացքում՝ հսկիչների կողմից անցկացված խցի ստուգումների միջև ընկած ժամանակահատվածում, և կալանավորներից ոչ ոք ոչինչ չի նկատել: Նա դեռ ողջ է եղել, երբ հսկիչներն ու նրա խցակիցները հայտնաբերել են նրան, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել (տե՛ս վերևում՝ 28-րդ, 34-րդ, 36-րդ, 39-րդ, 40-րդ և 55-րդ պարբերությունները):
156. Դատարանն այս հանգամանքներում շեշտում է, որ քանի որ ներպետական վարույթ է իրականացվել, Դատարանի խնդիրը չէ փաստերի վերաբերյալ ներպետական դատարանների գնահատականը փոխարինել իր գնահատականով, և որպես ընդհանուր կանոն, դա ներպետական դատարանների խնդիրն է այդ փաստերը հաստատել դրանց ներկայացված ապացույցների հիման վրա։ Թեև Դատարանի համար պարտադիր չեն ներպետական դատարանների եզրահանգումները, այնուամենայնիվ, բնականոն պայմաններում պահանջվում են համոզիչ փաստարկներ՝ այդ դատարանների կողմից փաստերի վերաբերյալ կատարված եզրահանգումներից շեղում կատարելու համար (Թանլին ընդդեմ Թուրքիայի [Tanlı v. Turkey], § 26129/95, § 110, ՄԻԵԴ 2001-III (քաղվածքներ)):
157. Այնուամենայնիվ, ինչպես նշված է վերևում՝ 112-րդ պարբերությունում, այն, թե որքանով է Դատարանը հիմնվում ներպետական քննության շրջանակում ձեռք բերված ապացույցների և ներպետական վարույթի շրջանակում հաստատված փաստերի վրա, կախված կլինի ներպետական քննության ընթացքի որակից։
158. Դատարանն արդեն ուսումնասիրել է «ԼՂՀ»-ի և Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված քննությունները և եզրակացրել, որ դրանք չեն կարողացել պարզել Հ. Մովսիսյանի մահվան հանգամանքները և նրա մահվան համար կոնկրետ անձանց կամ իշխանությունների կողմից հնարավոր պատասխանատվությունը (տե՛ս վերևում՝ 135-րդ, 142-րդ և 147-րդ պարբերությունները): Հետևաբար չի կարելի համարել, որ իշխանությունները կատարել են դիմումատուի որդու՝ իրենց խնամքի տակ գտնվելու ժամանակահատվածում տեղի ունեցած մահվան դեպքի վերաբերյալ արժանահավատ բացատրություն տրամադրելու պարտավորությունը (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, վերևում նշված Մուրադյանի [Muradyan] գործը, § 155):
159. Հաշվի առնելով այն եղանակը, որով իշխանություններն իրականացրել են համապատասխան քննությունները, ներառյալ, ի թիվս այլնի, այդ քննությունների նկատմամբ հանրային որևէ վերահսկողության լիակատար բացակայությունը (տե՛ս վերևում՝ 146-րդ պարբերությունը), ինչպես նաև այն եղանակը, որով ներպետական դատարաններն իրականացրել են այդ եզրահանգումների դատական վերանայումը (տե՛ս մասնավորապես վերևում՝ 141-րդ պարբերությունը), Դատարանը որևէ պատճառ չի տեսնում այդ եզրահանգումներն ընդունելու (նույնիսկ վերապահումներով) և քննությունների ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա գնահատական տալու համար (համեմատել և հակադրել վերը նշված Հովհաննիսյանի և Կարապետյանի [Hovhannisyan and Karapetyan] գործերը, § 98, տե՛ս նաև, համապատասխան փոփոխություններով, վերը նշված Օհանջանյանի [Oganjanyan] գործը, §§ 159 և 160): Դատարանը, հետևաբար, գտնում է, որ պատասխանող պետությունը չի ներկայացրել բավարար և համոզիչ բացատրություն Հ. Մովսիսյանի մահվան առնչությամբ, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա գտնվում էր կալանքի տակ՝ իշխանությունների հսկողության ներքո (տե՛ս վերևում՝ 110-րդ պարբերությունում մեջբերված նախադեպային սկզբունքները):
160. Հաշվի առնելով վերը նշված եզրահանգումը, որ պատասխանող պետությունը չի պարզաբանել դիմումատուի որդու մահվան հանգամանքները (տե՛ս վերևում՝ 158-րդ և 159-րդ պարբերությունների վերջում) և իր տրամադրության տակ եղած նյութերի անբավարարությունը (տե՛ս վերևում՝ 107-րդ և 118-րդ պարբերությունները), Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ չէ (և նույնիսկ անհնար է) ուսումնասիրել դիմումատուի կողմից ներկայացված փաստարկները, որոնք վերաբերում են դիմումատուի բողոքին՝ կապված իշխանությունների կողմից իր որդու կյանքի իրավունքը պաշտպանելու ենթադրյալ ձախողման հետ (տե՛ս վերևում՝ 105-րդ պարբերությունը):
161. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
162. Դիմումատուն բողոքել է, որ ներպետական օրենսդրության համաձայն՝ ինքը հնարավորություն չի ունեցել Պետությունից պահանջել փոխհատուցում այն վնասի համար, որը նա կրել է իր որդու կորստի հետևանքով: Նա հիմնվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։
Ա. Ընդունելիությունը
163. Դատարանը նշում է, որ սույն բողոքը, որը կապված է վերևում քննվող բողոքի հետ, ոչ ակնհայտորեն անհիմն է, ոչ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
164. Դիմումատուն իր գանգատում պնդել է, որ ներպետական օրենսդրության համաձայն չի եղել որևէ իրավական մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլիներ փոխհատուցում պահանջել այն վնասի համար, որը նա կրել է իր որդու կորստի հետևանքով՝ հաշվի առնելով այն փաստը, որ ներպետական վարույթները չեն հանգեցրել որևէ անհատական քրեական պատասխանատվության: Հետևաբար, եթե անձը մահացել է իշխանությունների բացառիկ հսկողության ներքո (օրինակ՝ կալանքի տակ եղած ժամանակ կամ զինվորական ծառայություն անցնելու ընթացքում, ինչպես եղել է դիմումատուի որդու դեպքում), չկար իրավական պաշտպանության ներպետական միջոց, որով հնարավոր կլիներ փոխհատուցում պահանջել այն վնասի համար, որն առաջացել էր Պետության կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների չկատարման հետևանքով:
165. Կառավարությունն այս առնչությամբ որևէ հայտարարություն չի արել (տե՛ս վերևում՝ 107-րդ պարբերությունը)։
2. Դատարանի գնահատականը
166. Ինչպես Դատարանը բազմիցս նշել է, Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորվում է ազգային մակարդակով իրավական պաշտպանության միջոցի հասանելիությունը՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների էությունն ապահովելու նպատակով՝ անկախ այն բանից, թե ինչ եղանակով են դրանք ապահովված ներպետական իրավակարգում։ Այսպիսով, 13-րդ հոդվածի նպատակը պահանջում է իրավական պաշտպանության ներպետական միջոցի տրամադրում, որը հնարավորություն կնձեռի գործ ունենալ «վիճարկելի բողոքի» էության հետ և տրամադրել դատական պաշտպանության արդյունավետ միջոց (թեև Պայմանավորվող պետություններին ընձեռված է հայեցողության որոշակի շրջանակ այն բանի վերաբերյալ, թե ինչպես պետք է կատարեն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունները սույն դրույթի համաձայն)։ 13-րդ հոդվածով նախատեսվող պարտավորության շրջանակը տարբերվում է՝ կախված դիմումատուի կողմից Կոնվենցիայի համաձայն ներկայացված բողոքի բնույթից։ Այնուամենայնիվ, 13-րդ հոդվածով պահանջվող պաշտպանության միջոցը պետք է լինի «արդյունավետ» ինչպես գործնականում, այնպես էլ օրենքում: Մասնավորապես դրա իրականացումը չպետք է անհիմն կերպով խոչընդոտվի պատասխանող պետության իշխանությունների գործողություններով կամ անգործությամբ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Փոուլ և Օդրի Էդվարդներն ընդդեմ Միացյալ Թագավորության [Paul and Audrey Edwards v. the United Kingdom], թիվ 46477/99, § 96, ՄԻԵԴ 2002- II, հետագա հղումներով):
167. Սույն գործով Դատարանը գտել է, որ պատասխանող պետությունը չի կարողացել պարզաբանել դիմումատուի որդու մահը, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա գտնվել է իշխանությունների բացառիկ հսկողության ներքո, հետևաբար պատասխանող պետությունը պետք է պատասխանատվություն կրի դիմումատուի որդու մահվան համար (տե՛ս վերևում՝ 159-րդ և 161-րդ պարբերությունները): Դիմումատուի բողոքներն այս առնչությամբ, հետևաբար, «վիճելի» են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հետ համատեղ ընդունված 13-րդ հոդվածի նպատակների համար (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, Քինան ընդդեմ Միացյալ Թագավորության [Keenan v. the United Kingdom], թիվ 27229/95, § 124, ՄԻԵԴ 2001 - III):
168. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համատեքստում Դատարանը նախկինում հաստատել է, որ տուժողի կամ տուժողի ընտանիքի համար պետք է հասանելի լինի մեխանիզմ՝ պետական պաշտոնատար անձանց կամ պետական մարմինների ցանկացած պատասխանատվությունը հաստատելու համար, եթե նրանց գործողություններն ու անգործությունները հանգեցրել են Կոնվենցիայի շրջանակում իրենց իրավունքների խախտման: Բացի այդ, Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթները համարվող 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցումը պետք է սկզբունքորեն հասանելի լինի որպես փոխհատուցման շրջանակի մի մաս (տե՛ս վերը նշված Փոուլ և Օդրի Էդվարդների [Paul and Audrey Edwards], գործը, § 97, հետագա հղումներով):
169. Մի քանի գործերով, որոնք վերաբերում են այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել մինչև օրենսդրական փոփոխությունները, որոնցով նախատեսվել է Պետությունից ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորությունը (տե՛ս վերևում՝ 84.-րդ պարբերությունը և ստորև՝ 170-րդ պարբերությունը), Դատարանը նախկինում գտել է, որ իրավական դրույթների բացակայությունը, որը հնարավորություն կտար դիմելու ոչ նյութական վնասի փոխհատուցման համար՝ կապված երեխայի կյանքի կորստի հետ, խախտում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջները (տե՛ս վերը նշված՝ Միրզոյանի [Mirzoyan], §§ 79-83, Հովհաննիսյանի և Կարապետյանի [Hovhannisyan and Karapetyan], §§ 146 և 147, Դիմաքսյանի [Dimaksyan], §§ 113 և 114 և Վարյանի [Varyan] §§ 144-46 գործերը):
170. Դատարանը նկատում է, որ 2014 թվականի նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններից հետո (այսինքն, երբ դիմումատուի բողոքները 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ դեռ ենթակա էին քննության ներպետական դատարաններում, տե՛ս վերևում՝ 69.-71.-րդ պարբերությունները), Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսվում էր պետությունից ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորությունը՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների հաստատված խախտման համար, այդ թվում՝ համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (տե՛ս վերևում՝ 79.-րդ, 80.-րդ և 84.-րդ պարբերությունները):
171. Սույն օրենսդրական փոփոխություններն արդեն ուժի մեջ էին մտել, երբ դիմումատուի որդու մահվան գործը դեռ ընթացքի մեջ էր։ Այնուամենայնիվ, դիմումատուն պնդել է, որ քանի որ ոչ մի պետական պաշտոնատար անձ քրեական պատասխանատվության չէր ենթարկվել, նա չէր ունեցել իրավական հնարավորություն՝ օգտագործելու նոր ներդրված պաշտպանության միջոցը (տե՛ս վերևում՝ 164-րդ պարբերությունը):
172. Դատարանն այս առնչությամբ նշում է, որ Քաղաքացիական օրենսգրքի նոր ներդրված 162.1 հոդվածով հատուկ չի նախատեսվում, որ անհատական քրեական պատասխանատվության սահմանումը պետք է լինի ոչ նյութական վնասի հատուցման պահանջի իրավունքի իրականացման նախապայման (տե՛ս վերևում՝ 80.-րդ պարբերությունը)։ Դրանում մասնավորապես նշվում է, որ անձը կարող է պետությունից պահանջել ոչ նյութական վնասի փոխհատուցում, եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից խախտման փաստը հաստատվել է դատախազի կամ դատարանի կողմից կայացված որոշմամբ (նույն տեղում): Այնուամենայնիվ, պարզ չէ, թե տուժողի կամ տուժողի ընտանիքի համար ներպետական օրենսդրության համաձայն ինչ ընթացակարգ է հասանելի, եթե այդպիսիք կան, որով կարող է սահմանվել պետական մարմինների ինստիտուցիոնալ պատասխանատվությունը Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները չկատարելու համար:
173. Դատարանը նկատում է, որ Քաղաքացիական օրենսգրքում նոր ներմուծված 1087.2 հոդվածի 9-րդ մասի համաձայն, որով սահմանվում է համապատասխան ընթացակարգը, պետությանը ներկայացված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը կարող է ներկայացվել դատարան այնպիսի պահանջի հետ միասին, որը նպատակ ունի ապացուցելու Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումը (տե՛ս վերևում՝ 83.-րդ պարբերությունը): Նախորդ գործով, սակայն, Դատարանը նշել է, որ համապատասխան ներպետական դատական գործելակերպի համաձայն՝ ներպետական դատարանները պահանջում էին, որ Կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտման համար ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը հիմնվեր հետապնդում իրականացնող մարմնի որոշման կամ այլ դատական վարույթներում կայացված դատարանի որոշման վրա (տե՛ս մասնավորապես Բոտոյանն ընդդեմ Հայաստանի [Botoyan v. Armenia], թիվ 5766/17, § 121, 2022 թվականի փետրվարի 8)։
174. Հաշվի առնելով կիրառելի իրավական դրույթները (տե՛ս մասնավորապես վերևում՝ 80.-83.-րդ պարբերությունները) և կողմերի կողմից սույն հարցի վերաբերյալ որևէ լրացուցիչ պարզաբանման բացակայության պայմաններում (տե՛ս վերևում՝ 164-րդ և 165-րդ պարբերությունները) Դատարանը չի կարող վերջնականապես եզրակացնել, թե արդյոք
(ի հակադրություն դիմումատուի պնդումների՝ տե՛ս վերևում՝ 164-րդ պարբերությունը) գոյություն ունի արդյունավետ մեխանիզմ՝ պետական մարմինների կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտման համար ինստիտուցիոնալ պատասխանատվություն սահմանելու համար, եթե համապատասխան ներպետական վարույթը չի հանգեցնում քրեական հետապնդման և (կամ) դատապարտման։
175. Համաձայն վերոնշյալի՝ Դատարանը նշում է, որ նախորդ գործով սահմանել է, որ հաշվի առնելով Քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածի
7-րդ կետով նախատեսված կյանքի իրավունքների խախտման հետևանքով ոչ նյութական վնասի փոխհատուցման համար սահմանված գումարի սահմանաչափը (տե՛ս վերևում՝ 82.-րդ պարբերությունը), սույն փոխհատուցման միջոցը չի կարող համարվել բավարար փոխհատուցում Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված բողոքների առնչությամբ (տե՛ս վերևում՝ Նանա Մուրադյանի [Nana Muradyan] գործը, §§ 109-11): Այսպիսով, եթե նույնիսկ առկա լիներ դիմումատուի որդու մահվան կապակցությամբ պետական մարմնի ինստիտուցիոնալ պատասխանատվություն սահմանելու ընթացակարգ, ապա փոխհատուցման չափը, որը կարող էր շնորհվել դիմումատուին, չէր կարող շտկել վիճարկվող իրավիճակը՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջների համաձայն:
176. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
177. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
178. Դիմումատուն պահանջել է 7 100 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, որը ներառում է թաղման և որդու գերեզմանի պահպանման և բարեկարգման ծախսերը: Նա լրացուցիչ պահանջել է 60 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
179. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի կարողացել փաստաթղթային ապացույցներով հիմնավորել իր պահանջը՝ նյութական վնասի վերաբերյալ: Կառավարությունն այնուհետև պնդել է, որ ոչ նյութական վնասի հետ կապված դիմումատուի պահանջը չափազանցված է։
180. Դատարանը նշում է, որ նյութական վնասի մասով դիմումատուի պահանջը որևէ ապացույցով հիմնավորված չէ։ Ուստի այն մերժում է տվյալ պահանջը։ Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա և հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, դիմումատուին շնորհում է 50 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
181. Դիմումատուին տրամադրվել է իրավաբանական օգնություն (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը), և լրացուցիչ ծախսերի կամ ծախքերի համար փոխհատուցում ստանալու փորձ չի արվել: Հետևաբար Դատարանը պարտավոր չէ այս մասով որևէ որոշում կայացնել։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Մերժում է գանգատը գործերի ցանկից հանելու մասին Կառավարության պահանջը.
2. Հայտարարում է գանգատն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում.
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում.
6. Վճռում է՝
ա) Պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է ոչ նյութական վնասի դիմաց դիմումատուին վճարի 50 000 եվրո (հիսուն հազար եվրո), որը պետք է փոխարկվի Պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
7. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի հունվարի 9-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և
3-րդ կետերի։
|
Մաթիաս Գայոմար |
Մարտինա Կելլեր |
|
Նախագահ |
Քարտուղարի տեղակալ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|