ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 11829/16)
Վ Ճ Ի Ռ
|
Հոդված 3 (նյութաիրավական և դատավարական)● Դրական պարտավորությունները● Պատասխանող պետության կողմից ընտանեկան բռնության լուրջ գործողություններին համարժեք արձագանք չտալը● Տվյալ ժամանակահատվածում գործող ներպետական իրավական դաշտը չի համապատասխանում պատասխանող պետության՝ ընտանեկան բռնության բոլոր ձևերը պատժող և զոհերի համար բավարար երաշխիքներ կիրառող համակարգ ստեղծելու և արդյունավետ կիրառելու պարտավորություններին● Ներպետական մարմինների ձախողումը հետագա ռիսկի ինքնավար, նախաձեռնողական և համապարփակ գնահատում իրականացնելու և դիմումատուին պաշտպանելու համար համապատասխան և բավարար միջոցներ ձեռնարկելու հարցում● Իրավապահ մարմինների՝ ընտանեկան բռնության հատուկ բնույթից ու զարգացման դինամիկայից անտեղյակ լինելը դիմումատուի բողոքներին արձագանքելիս ● Ներպետական դատարանների կողմից զուտ ձևական մոտեցման որդեգրումը ● Մեղսագրվող հանցանքի վերադասակարգումը և հանցանք կատարած անձի նկատմամբ ավելի մեղմ պատիժ սահմանելը՝ առանց բոլոր համապատասխան նկատառումների մանրակրկիտ դիտարկման ● Քրեաիրավական մեխանիզմների ոչ լիակատար գործադրումը, մասնավորապես՝ համաներման հայտարարումը, որի արդյունքում հանցանք կատարած անձը չի կրում իր պատիժը● 3-րդ հոդվածով նախատեսված դրական պարտավորության առկայությունը, որը հնարավորություն է ընձեռում ընտանեկան բռնության զոհերին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պետության միջոցով ոչ նյութական վնասի դիմաց հատուցում պահանջելու հանցանք կատարած անձից● Անվերապահ օրենսդրական սահմանափակում, որը խոչընդոտ է դիմումատուի համար հանցանք կատարած անձի կողմից կիրառելի հատուցում ստանալու համար՝ վերջինիս վատ վերաբերմունքի հետևանքով կրած ոչ նյութական վնասի դիմաց Պատրաստվել է Քարտուղարության կողմից։ Պարտադիր չէ Դատարանի համար։ |
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2024 թվականի դեկտեմբերի 12
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Հասմիկ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Մաթիաս Գայոմար [Mattias Guyomar]՝ Նախագահ,
Մարիա Էլոսեգի [Maria Elցsegui],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],
Անդրեաս Զունդ [Andreas ZՖnd],
Դիանա Սարկու [Diana SՉrcu],
Կատերինա Շիմաչկովա [Kateřina Šimոčkovո]՝ դատավորներ,
և Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Հասմիկ Խաչատրյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2016 թվականի փետրվարի 22-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 11829/16),
հանցանք կատարած անձի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի ընթացքում ներպետական մարմինների կողմից իրեն ընտանեկան բռնության հետագա գործողություններից ենթադրաբար չպաշտպանելու, իր դեմ իրականացված լուրջ բռնության գործողությունների համար նրա նկատմամբ համաչափ պատիժ չսահմանելու և նրանից ոչ նյութական վնասի դիմաց հատուցում պահանջելու համար իրավական միջոցների բացակայության վերաբերյալ դիմումատուի բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու, ինչպես նաև գանգատի մնացած մասն անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,
կողմերի դիտարկումները,
2024 թվականի նոյեմբերի 19-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործն հիմնականում վերաբերում է դիմումատուի բողոքներին, որոնք առնչվում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, այն է՝ պատասխանող պետությունը չի պաշտպանել նրան ընտանեկան բռնությունից, մինչ նրա նախկին քաղաքացիական ամուսնու դեմ իրականացվող քրեական վարույթը եղել է ընթացքի մեջ, նրա հանդեպ բռնության գործողությունների իրականացման համար հանցանք կատարած անձի նկատմամբ համաչափ պատիժ չի սահմանել և հետամուտ չի եղել սահմանված պատժի իրականացմանը, դիմումատուին հասանելի չեն եղել նաև իրավական միջոցներ՝ իր նախկին քաղաքացիական ամուսնուց հատուցում պահանջելու իր հանդեպ կիրառված ընտանեկան բռնության արդյունքում իրեն պատճառված ոչ նյութական վնասի դիմաց։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1986 թվականին և բնակվում է Երևանում: Նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Տ. Մուրադյանը։
3. Կառավարությունը ներկայացրել է կառավարության գործակալ, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
I. Գործի նախապատմությունը
5. 2004 թվականին դիմումատուն ամուսնացել է Ս.Հ.-ի հետ (ամուսնության պետական գրանցման բացակայություն, գործի նյութերը պարունակում են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից տրամադրված՝ եկեղեցում իրականացված ամուսնությունը փաստող վկայական (այսուհետ՝ ամուսնություն))։ Զույգն ապրել է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում Ս.Հ.-ի ծնողների հետ։ Նրանք ունեին երկու երեխա՝ մեկ աղջիկ՝ Վ.Հ.-ն, ծնված 2006 թվականին, և մեկ տղա՝ Հ.Հ.-ն, ծնված 2007 թվականին։
6. Ինչպես պարզվում է, դիմումատուն չէր աշխատում ոչ ամուսնությունից առաջ, ոչ էլ ամուսնության ընթացքում։
7. Ըստ դիմումատուի՝ իր հարաբերությունները Ս.Հ.-ի հետ աստիճանաբար վատթարացել են, քանի որ վերջինս սկսել էր չարաշահել ալկոհոլը իրենց դստեր՝ Վ.Հ.-ի մոտ հաշմանդամություն հայտնաբերվելուց հետո։ Ալկոհոլի ազդեցության տակ նա սկսել էր վիճել, ոտնձգություններ կատարել և սպառնալ, ինչպես նաև ֆիզիկական բռնություն էր կիրառել նրա նկատմամբ։
II. 2013 թվականի մայիս եվ հունիս ամիսներին տեղի ունեցած բռնության դեպքերը
8. 2013 թվականի մայիսի 5-ին Ս.Հ.-ն եկել է տուն, որը գտնվում էր Գանձակում, և սկսել է մեզադրել դիմումատուին իրենց աղջկա դեմքի քերծվածքների համար։ Ապա նա բռունցքով հարվածել է դիմումատուին և խփել նրա գլխին։ Արդյունքում նա ընկել է հատակին, իսկ Ս.Հ.-ն շարունակել է ծեծի ենթարկել և հարվածներ հասցնել ոտքերով։ Այնուհետև Ս.Հ.-ն աթոռով հարվածել է դիմումատուի մեջքին և աթոռը կոտրվել է։ Ապա նա շարունակել է հարվածել դիմումատուի գլխին և մարմնի տարբեր հատվածներին աթոռի կոտրված մասով։ Դիմումատուն կորցրել է գիտակցությունը ցավից առաջացած շոկի պատճառով։ Նա գիտակցության է եկել շարունակվող հարվածներից։ Բռնության արդյունքում դիմոմատուն ստացել է մի շարք վնասվածքներ, այդ թվում՝ բազում վերքեր և ուղեղի ցնցում։
9. 2013 թվականի մայիս ամսվա վերջին՝ չպարզված օրը, իրենց տան խոհանոցում Ս.Հ.-ն սեղմել է այրվող ծխախոտը դիմումատուի նախաբազկին և սպառնացել, որ կհանի նրա աչքերը, եթե կասկածներ ունենա, որ վերջինս դավաճանում է իրեն։
10. 2013 թվականի հունիսի 16-ին Ս.Հ.-ն հարվածել է դիմումատուի աջ ականջին, վայր է գցել նրան և սաստիկ ծեծի է ենթարկել՝ ոտքերով հարվածներ հասցնելով դեմքին և մարմնին։ Դիմումատուն փախուստի է դիմել տանից և մի քանի ժամ մնացել է դրսում՝ գյուղում։ Նրան գտել են իր ծնողները և տարել իրենց տուն՝ գիշերելու։
III. դիմումատուի ՆԿԱՏՄԱՄԲ ՑՈՒՑԱԲԵՐՎԱԾ բժշկական օգնությունը եվ ոստիկանության նախնական հետաքննությունը
11. 2013 թվականի հունիսի 17-ին դիմումատուն գնացել է Երևան և ընդունվել «Արմենիա» բժշկական կենտրոն (հիվանդանոց), որտեղ նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն և արձանագրվել վնասվածքները։ Նա հրաժարվել է ստանալ բուժանձնակազմի կողմից առաջարկված ստացիոնար բուժումը։
12. Դիմումատուն լքել է հիվանդանոցը բժշկական օգնություն ստանալուց հետո և աջակցություն խնդրել հասարակական կազմակերպությունից, որը մասնագիտացած էր ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության գործում: Այն տրամադրել է նրան օգնություն, հոգեբանական խորհրդատվություն և ցուցումներ, թե ինչպես վարվել Ս.Հ.-ի հետ։ Այն նաև վերջինիս համար հատկացրել է կացարան՝ մեկ ամիս ժամկետով։
13. 2013 թվականի հունիսի 18-ին հիվանդանոցը տեղեկացրել է ոստիկանությանը դիմումատուի ընդունման և վնասվածքների մասին։ Մասնավորապես, այն զեկուցել է, որ դիմումատուն բժշկական օգնություն է խնդրել կոտրված քթի համար և ասել, որ իր «ամուսին» Ս.Հ.-ն ծեծի է ենթարկել իրեն իրենց տանը։
14. Նույն օրը դիմումատուն հրավիրվել է Ոստիկանության Երևան քաղաքի ոստիկանության վարչության Մաշտոցի բաժին (Երևանի ոստիկանություն)՝ քրեական բողոք ներկայացնելու և ցուցմունք տալու համար։
15. Երևան քաղաքի ոստիկանության տեսուչն այդ օրը կազմել է «[դիմումատուի կողմից] քրեական բողոք ներկայացնելուց հրաժարվելու մասին արձանագրություն», որը ստորագրվել է դիմումատուի և երկու ականատես վկաների կողմից։ Այն մասնավորապես,նշել է, որ դիմումատուին հրավիրել են ոստիկանության բաժին՝ քրեական բողոք ներկայացնելու և ցուցմունք տալու համար, սակայն նա մերժել է՝ նշելով, որ «ամուսինը ծեծել է [իրեն] տանը»։
16. Երևան քաղաքաի ոստիկանությունը ծանուցել է Գավառի ոստինանության վարչությանը (Գավառի ոստիկանություն) հիվանդանոցի զեկույցի և դիմումատուի քրեական բողոք ներկայացնելուց և ցուցմունք տալուց հրաժարվելու փաստի մասին։
17. 2013 թվականի հունիսի 20-ին Երևանի ոստիկանությունը գործը փոխանցել է Գավառի ոստիկանությանը։
18. Նույն ամսաթվին Ս.Հ.-ն Գավառի ոստիկանությանը ցուցմունք է տվել՝ ասելով, որ 2013 թվականի հունիսի 16-ին նա հարվածել է դիմումատուի դեմքին մեկ անգամ։
19. Դիմումատուն, որը Երևանում էր, նույնպես ցուցմունք է տվել նույն օրը և ասել, որ 2013 թվականի հունիսի 16-ին Ս.Հ.-ն բռունցքով հարվածել է իր գլխին, դեմքին և բազուկներին, ինչպես նաև ոտքով հարվածել է մեջքին։ Քննիչի այն հարցին, թե արդյոք նա հարվածել է Ս.Հ.-ին, դիմումատուն հերքել է, որ ինքը հարվածել է նրան։
20. Դիմումատուի Երևանում ապրող ազգականը, ինչպես նաև ծնողները, ցուցմունք են տվել նույն օրը։
21. Գավառի ոստիկանության տեսուչ Ն.Կ.-ն նույն օրը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք դիմումատուն ունի վնասվածքներ, և ի թիվս այլ բաների, երբ և ինչպես են դրանք հասցվել, և որքանով են դրանք լուրջ: Դրան հաջորդած` 2013 թվականի հուլիսի 2-ին ստացված փորձաքննության եզրակացությանհամաձայն՝ դիմումատուն ստացել էր ուղեղի ցնցում, քթի ոսկորի կոտրվածք, փակ գանգուղեղային վնասվածք, թմբկաթաղանթի պատռվածք և կոշտ, բութ առարկայի միջոցով պատճառված ձախ թևի, ձախ ոսկորի և ձախ նախաբազկի հեմատոմաներ: Նշվել է, որ վնասվածքները կարող էին պատճառված լինել 2013 թվականի մայիսի 5-ին և հունիսի 16-ին բռնության արդյունքում: Փորձաքննության եզրակացության համաձայն` դիմումատուի վնասվածքները համարվում էին թեթև մարմնական վնասվածքներ:
22. 2013 թվականի հունիսի 21-ին տեսուչ Ն.Կ.-ն զննել է դեպքի վայրը՝ Ս.Հ.-ի ծնողների տան համապատասխան սենյակները (տե՛ս վերը նշված 5-րդ պարբերությունը) և ցուցմունքներ է վերցրել Ս.Հ.-ից և նրա ծնողներից։ Ս.Հ.-ն կրկնել է, որ 2013թ. հունիսի 16-ին հարվածել է դիմումատուի դեմքին մեկ անգամ, և նրա ծնողները նույն կերպ են ներկայացրել այդ օրվա իրադարձությունները:
IV. 2013 թվականի մայիսի 5-ի և 16-ի դեպքերի առնչությամբ քրեական բողոքը
23. 2013թ. հուլիսի 2-ին դիմումատուն քրեական գործ հարուցելու մասին հաղորդում է ներկայացրել Գավառի ոստիկանություն՝ 2013թ. մայիսի 5-ին և հունիսի 16-ին տեղի ունեցած բռնության դեպքերի առնչությամբ (տե՛ս վերը նշված 8-րդ և 10-րդ պարբերությունները):
24. Նույն օրը դիմումատուն հանդես է եկել լրացուցիչ հայտարարությամբ (տե՛ս վերը նշված 19-րդ պարբերությունը): Նա նշել է մասնավորապես, որ 2013 թվականի մայիսի 5-ին Ս.Հ.-ն աթոռով հարվածել է իր գլխին և մեջքին՝ կոտրելով աթոռը. այնուհետև նա բռունցքներով և ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին: Իր սկեսուրը փորձել է միջամտել, սակայն Ս.Հ.-ն թույլ չի տվել վերջինիս սենյակ մտնել և շարունակել է ծեծել իրեն։ 2013 թվականի հունիսի 16-ին նույնպես Ս. Հ.-ն ծեծի է ենթարկել իրեն:
25. 2013 թվականի հուլիսի 3-ին տեսուչ Ն.Կ.-ն զեկուցել է իր վերադասին այն մասին, որ պարզվել է` 2013 թվականի մայիսի 5-ին Ս.Հ.-ն ծեծի է ենթարկել դիմումատուին, և այդ կապակցությամբ խնդրել է հրահանգներ տալ: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (Գեղարքունիքի ոստիկանություն) գրանցամատյանում 2013 թվականի մայիսի 5-ին ստացած մարմնական վնասվածքի մասին գրանցում է կատարվել։
26. Տեսուչ Ն.Կ.-ն տվյալ օրը նախաքննության ընթացքում հավաքված նյութերը փոխանցել է Գեղարքունիքի ոստիկանության քննչական բաժին։ Համապատասխան որոշման մեջ մասնավորապես նշվում էր, որ պարզվել էր` Ս.Հ.-ն մայիսի 5-ին և հունիսի 16-ին ծեծի էր ենթարկել դիմումատուին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, այսինքն՝ նրա արարքներում եղել են նախկին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցագործության տարրեր (ուժի մեջ է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը. տե՛ս ստորև՝ 51-րդ պարբերությունը):
27. 2013 թվականի հուլիսի 16-ին դիմումատուն գրավոր դիմում է ներկայացրել Գեղարքունիքի ոստիկանության քննչական վարչության պետին: Նա մասնավորապես,նշել է, որ քրեական գործը հարուցվել է իր ամուսնու կողմից պատճառված վնասվածքների առնչությամբ, և որ ինքն ունի առողջական խնդիրներ, որոնց համար բուժում է ստանում Երևանում, և ինքը չի կարող գնալ Գավառ՝ հարցաքննության համար: Նա նաև նշել է, որ ամուսինն իրեն սպառնում է «վրեժ լուծել», եթե նա վերադառնա իր բնակության վայր։ Արդյունքում՝ իր սեփական անվտանգությունն ապահովելու համար դիմումատուն խնդրել է քննիչին հանձնարարել իրեն և իր հարազատներին հարցաքննել Երևանում: Նա ոչ մի պատասխան չի ստացել։
V. քրեական գործով վարույթ հարուցելն ու հետագա իրադարձությունները
28. 2013 թվականի հուլիսի 24-ին Գեղարքունիքի ոստիկանության քննչական բաժինը քրեական գործով վարույթ է հարուցել Ս. Հ.-ի նկատմամբ 2013 թվականի մայիսի 5-ի և հունիսի 16-ի դեպքերի առնչությամբ (տե՛ս վերը նշված 8-րդ և 10-րդ պարբերությունները)՝ համաձայն նախկին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (տե՛ս ստորև՝ 51-րդ պարբերությունը)։ Վարույթի շրջանակներում դիմումատուն ճանաչվել է որպես տուժող։
29. 2013 թվականի հուլիսի 25-ին դիմումատուին ներկայացրել են դատաբժշկական փորձագետի եզրկացությունը (տե՛ս վերը նշված 21-րդ պարբերությունը)։ Ինչպես նշվել է համապատասխան գրառման մեջ, նա համաձայն չի եղել իր կրած մարմնական վնասվածքների լրջության աստիճանը պարզելու համար իրականացված գնահատման հետ և խնդրել է իրականացնել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։
30. Նույն ամսաթվին Գեղարքունիքի ոստիկանության քննչական բաժնի քննիչ Հ.Մ.-ն նշանակել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։ Համապատասխան որոշման մեջ նշվում էր, որ դիմումատուն հայտնել է նաև, որ 2013 թվականի մայիսի վերջին Ս.Հ.-ն ծխախոտով այրել է նրա ձախ նախաբազուկը։ Համաձայն 2013 թվականի օգոստոսի 22-ին տրված փորձաքննական եզրակացության՝ դիմումատուի մոտ հայտնաբերվել են հետևյալ մարմնական վնասվածքները՝ տարբեր վերքերից առաջացած սպիներ գլխամաշկի վրա (աջ ճակատային, գագաթի և գագաթ-ծոծրակային հատվածներում), ձախ դաստակին և ձախ սրունքին, արյունահոսություն ձախ նախաբազկում, աջ թմբկաթաղանթի պատռվածք, ուղեղի ցնցում և հեմատոմաներ ձախ թևի և նախաբազկի արտաքին մասում և կոնքոսկրի ձախ մասում, որոնք հասցվել են բութ և կոշտ առարկաներից կամ գործիքներից բազմաթիվ հարվածների հետևանքով, որոնք միասին կամ առանձին-առանձին պատճառել են թեթև մարմնական վնասվածքներ, որոնք հանգեցրել են դիմումատուի առողջության կարճաժամկետ վատթարացման։ Հնարավոր է՝ գլխամաշկի վնասվածքները հասցված լինեն 2013թ. մայիսի 5-ին՝ հաշվի առնելով սպիացման վիճակը: Ծոծրակային և պսակ-ծոծրակային հատվածների և ձախ սրունքի վերքերը կարող են լինել նույն վաղեմության, ինչ մյուս վերքերը, հաշվի առնելով սպիի վիճակը, չի կարելի բացառել, որ կարող են ունենալ ժամանակի որոշակի տարբերություն (օրերի կամ շաբաթների), որը հնարավոր չէր հստակորեն որոշել՝ բավարար բժշկական ապացույցների բացակայության և վնասվածքները հասցնելու և դատաբժշկական փորձաքննության իրականացման միջև ընկած ժամանակահատվածի պատճառով։ Մնացած վնասվածքները, ինչպես նաև ուղեղի ցնցումն ու աջ թմբկաթաղանթի պատռվածքը կարող են հասցված լինել 2013 թվականի հունիսի 16-ին։ Ձախ նախաբազկի վրա հայտնաբերվել է կլորավուն, անկանոն գերպիգմենտացված հատված: Հնարավոր չէ եզրակացնել, որ վերջինս առաջացել է ծխախոտի այրվածքից։
31. 2013 թվականի օգոստոսի 13-ին Գավառի ոստիկանությունը նամակի միջոցով տեղեկացրել է քննիչ Հ.Մ.-ին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ Ս.Հ.-ն ունի բացասական բնութագիր։ Նա հաճախ է ալկոհոլ օգտագործել և դրա ազդեցության տակ գտնվելով տանը, ինչպես նաև իր սոցիալական միջավայրում խնդիրներ առաջացրել և չի ենթարկվել իր ծնողներին։ Ս.Հ.-ն հաճախ է վիճել կնոջ հետ և այս առնչությամբ Գավառի ոստիկանության կողմից հավաքված ապացույցները վկայում են այն մասին, որ 2013 թվականի մայիսի 5-ին նա ծեծի է ենթարկել դիմումատուին։
32. 2013 թվականի հոկտեմբերի 1–ին Գավառի ոստիկանական բաժնում անցկացվել է առերեսում դիմումատուի և Ս.Հ.-ի միջև։ Ըստ դիմումատուի՝ ամբողջ առերեսման ընթացքում Ս.Հ.-ն ամբարտավան վարքագիծ է ցուցաբերել, վիրավորել և սպառնացել, որ վրեժխնդիր կլինի, եթե վերջինս շարունակի իր մասին բողոք ներկայացնել։ Քննիչ Հ.Մ.-ն չի փորձել սաստել Ս.Հ.-ին։ Ավելին, ոստիկանը, որն աշխատում էր ոստիկանության նույն բաժնում և Ս.Հ.-ի զարմիկն էր, խաթարել է առերեսման բնականոն ընթացքը՝ ազատորեն մտնելով սենյակ և անհարիր վարքագիծ դրսևորելով դիմումատուի նկատմամբ։ Նշված հանգամանքներից ելնելով՝ դիմումատուն ստիպված է եղել ընդհատել առերեսումն ու լքել ոստիկանության բաժինը։ Տվյալ առերեսմանն առնչվող գրառման մեջ առկա է դիմումատուի կողմից ներկայացված պահանջը՝ «նրա անվտանգ առերեսումն ապահովելու» համար միջոցներ ձեռնարկելու մասին։
Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն ստորագրել է տվյալ առերեսման արձանագրությունը և նշել, որ Ս.Հ.-ն ճնշում է գործադրել իր վրա և սպառնացել, մինչդեռ Ս.Հ.-ի փաստաբանն արձանագրության մեջ նշել է, որ դիմումատուի վրա ճնշում չի գործադրվել, և որ նա ամբողջ ընթացքում խոսել է իր բջջային հեռախոսով։
33. 2013 թվականի հոկտեմբերի 10-ին դիմումատուն բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին, ոստիկանապետին և ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետին՝ քրեական գործի քննությունն այլ քննչական մարմնի փոխանցելու պահանջով։ Դիմումատուն ասել է, որ 2013 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած առերեսման ժամանակ (տե՛ս վերը նշված 32-րդ կետը) Ս.Հ.-ն անկաշկանդ բղավել է նրա վրա, սպառնացել և վիրավորել նրան՝ ասելով, որ վրեժ է լուծելու, եթե նա շարունակի բողոքել իր դեմ, և քննիչը այդ կապակցությամբ ընդհանրապես ոչինչ չի ձեռնարկել: Տեսնելով, որ դիմումատուն ցանկանում է հեռանալ, քննիչը փորձել է հանգստացնել Ս.Հ.-ին, սակայն նա քննիչի հետ շատ ամբարտավան է խոսել։ Իր մոտ տպավորություն էր ստեղծվել, որ այդ պահին քննիչն իրենից էլ ավելի անօգնական վիճակում էր, քանի որ նա չէր համարձակվել որևէ քայլ ձեռնարկել Ս.Հ.-ին սաստելու համար։ Ավելին, Ս.Հ.-ի զարմիկը, որն աշխատում էր ոստիկանության միևնույն բաժնում, ընդհատել էր առերեսումը տարբեր պահերի և իր հարազատի համար սուրճ բերել։ Դիմումատուն պնդում էր, որ Գեղարքունիքի ոստիկանության քննիչները «սարսափել են» Ս.Հ.-ից և նրա հարազատներից (տարածաշրջանում ունեցած ազդեցության պատճառով), ինչն էլ խոչընդոտել է նրանց կողմից գործի անաչառ հետաքննության իրականացումը։ Գործի փոխանցման վերաբերյալ տվյալ պահանջի արդյունքն անհայտ է։
34. 2013 թվականի նոյեմբերի 5-ին Ս.Հ.-ն հանդիպել է դիմումատուին դպրոցից դուրս, որտեղ սովորում էր իրենց դուստրը: Ըստ դիմումատուի՝ Ս.Հ.-ն հարվածել է նրա դեմքին՝ հայհոյանքներ հնչեցնելով և վիրավորելով նրան։ Դիմումատուն դեպքի մասին հայտնել է Երևանի ոստիկանություն (տե՛ս վերը նշված 14-րդ պարբերությունը)։
35. 2013 թվականի նոյեմբերի 6-ին դիմումատուն դիմում է ներկայացրել ոստիկանության Գեղարքունիքի քննչական բաժին՝ նկարագրելով 2013 թվականի նոյեմբերի 5-ի բռնությունը (տե՛ս վերը նշված 34-րդ պարբերությունը), նշելով, որ Ս.Հ.-ի ապօրինի գործողություններն իրական վտանգ են ներկայացրել իր կյանքի և անվտանգության համար, ինչպես նաև այն, որ վերջինս հետապնդում է իրեն: Ուստի նա չի ցանկացել մասնակցել նրա հետ առերես հարցազրույցին և խնդրել է, որ հաշվի առնվեն իր նախկին հայտարարությունները:
36. 2013 թվականի նոյեմբերի 14-ին քննիչ Հ.Մ.-ն նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշտանգում ծանրացուցիչ հանգամանքներով այն անձի նկատմամբ, որն «այլ կախվածություն» ուներ հանցանք կատարած անձից, տե՛ս ստորև՝ 54-րդ պարբերությունը) մեղադրանք է առաջադրել Ս.Հ.-ի նկատմամբ։ Համապատասխան որոշման վերաբերելի մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
« … [Ս.Հ.]-ն մեղադրվում է [դիմումատուին] խոշտանգելու մեջ՝ մի անձի, որն այլ կախվածություն ուներ [նրանից] ... այսինքն՝ [անձը, որի հետ նա ] ամուսնական հարաբերությունների մեջ էր գտնվում, [նրան] բազմիցս ծեծի ենթարկելու միջոցով՝ մարմնական և հոգեբանական տառապանք պատճառելով [նրան]...
2013 թվականի մայիսի 5-ին... [Ս.Հ.]-ն հարվածել է [դիմումատուի] ձախ այտին և արդյունքում [դիմումատուն], ուժգին ցավ զգալով, բղավել է… դա լսելով՝ [Ս.Հ.-ի մայրը] մտել է ննջասենյակ՝ ցանկանալով [դիմումատուին] դուրս տանել այնտեղից…, սակայն [Ս.Հ.]-ն բռնել է [դիմումատուի] մազերից և քաշել է նրան հետ՝ դեպի ննջասենյակ, ... այնուհետև վերցրել է ջրով լի գավաթը... և հարվածել [դիմումատուի] գլխին և արդյունքում [դիմումատուն] ընկել է հատակին և [այնտեղ մնացել] մոտավորապես 20 րոպե։ [Ս.Հ.]-ն շատ նյարդայնացած քայլել է սենյակում և բռունցքներով և ոտքերով հարվածներ հասցրել [դիմումատուի] գլխին, դեմքին և մեջքին... [Դիմումատուն] արտասվել է և խնդրել [նրան] չհարվածել իրեն, սակայն [Ս.Հ.]-ն ոչ մի ուշադրություն չի դարձրել այս ամենին, նա կարծես շատ ոգևորված է եղել և հաճույք ստացել նրան հարվածելուց..., նա վերցրել է փայտյա աթոռը... և հարվածել [դիմումատուի] մեջքին..., արդյունքում աթոռը կոտրվել է, և նա մի շարք հարվածներ է հասցրել [դիմումատուի] գլխին և մարմնի տարբեր մասերին [աթոռի կոտրված մասերով]։ Արդյունքում [դիմումատուն] ուշագնաց է եղել և գիտակցության է եկել [ավելի ուշ] այն հարվածների պատճառով, որոնք դեռ շարունակել է կրել...
Ի հավելումն այդ ամենի՝ 2013 թվականի մայիսի վերջին... [Ս.Հ.]-ն վիճել է [դիմումատուի] հետ... [և] մոտեցրել է ծխախոտը նրա դեմքին... [դիմումատուն] փակել է դեմքը ձեռքերով, որից հետո [Ս.Հ.]-ն այրել է նրա նախաբազուկը այրվող ծխախոտով։
Այնուհետև՝ 2013 թվականի հունիսի 16-ին՝ մոտավորապես [երեկոյան ժամը 11։00-ին, Ս.Հ.-ն] վիճաբանել է [դիմումատուի] հետ, որի ընթացքում [նա] հարվածել է [նրա] աջ ականջին, ինչն էլ ուժգին ցավ է պատճառել վերջինիս… այնուհետև, [Ս.Հ.]-ն ոտքով հարվածել է [դիմումատուի] դեմքին և [նրա] մարմնի տարբեր հատվածներին... ապա [Ս.Հ.]-ն հեռացել է... և հետ է վերադարձել մոտ մեկ ժամ անց... և հարվածել է [դիմումատուի] ձախ այտին, ինչից հետո [դիմումատուն] հեռացել է տանից... [Ս.Հ.]-ն հետապնդել է նրան, սակայն [դիմումատուն] թաքնվել է, քանի որ վախենում էր [նրանից] և դրսում է մնացել մինչև մոտավորապես [2013 թվականի] հունիսի 17-ի առավոտյան ժամը 4-ը, երբ գնացել է իր ծնողների տուն։
...»:
37. 2013 թվականի նոյեմբերի 15-ին Երևանի ոստիկանությունը մերժել է քրեական գործ հարուցել 2013 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ (տե՛ս վերը նշված 34-րդ պարբերությունը)՝ Ս.Հ.-ի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Համապատասխան որոշման մեջ նշվում էր, որ թեև հիմնավորվել է, որ Ս.Հ.-ն վիճաբանել է դիմումատուի հետ լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրի բակում նրան հանդիպելուց հետո և հարվածել նրա դեմքին՝ ֆիզիկական ցավ պատճառելով նրան, մեկ հարվածը, որը մարմնական վնասվածք չէր պատճառել, իրավաբանորեն չէր կարող որակվել որպես ծեծ (նախկին Քրեական օրենսգրքի 118-րդ հոդված. տե՛ս ստորև՝ 52-րդ պարբերությունը): Ս.Հ.-ի վարքագիծը նույնպես չէր կարող որակվել որպես խուլիգանություն՝ հաշվի առնելով, որ միջադեպը կարճ է եղել, մարդիկ չեն հավաքվել, և վիճաբանությունը վերաբերել է ընտանեկան խնդրին. Ս.Հ.-ն նպատակ չի ունեցել հակադրվել հասարակությանը և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել իր սոցիալական միջավայրի նկատմամբ։ Դիմումատուն չի բողոքարկել այդ որոշումը։
38. 2013 թվականի նոյեմբերի 27-ին, հիմք ընդունելով 2013 թվականի նոյեմբերի 14-ի որոշման մեջ պարունակվող մեղադրանքները և իրադարձությունների նկարագրությունը (տե՛ս վերը նշված 36-րդ պարբերությունը), մեղադրական եզրակացությունն ամփոփվել է, և գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատարան (Մարզային դատարան)՝ դատավարության իրականացման համար: Մասնավորապես մեղադրող կողմը պահանջել է Ս.Հ.-ին դատապարտել նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տե՛ս ստորև՝ 54-րդ պարբերությունը), քանի որ համարվում էր, որ նա դիմումատուին ենթարկել էր նշված վատ վերաբերմունքի այն իրավիճակում, երբ նա ուներ «այլ կախվածություն» նրանից՝ հաշվի առնելով, որ վերջինս եղել է նրա կինը:
VI. դատաՔՆՆությունը
39. 2013 թվականի դեկտեմբերի 19-ին դիմումատուն, ի դեմս պրն Տ. Մուրադյանի (տե՛ս վերը նշված 2-րդ պարբերությունը), Ս.Հ.-ին կալանավորելու պահանջով հայց է ներկայացրել մարզային դատարան։ Անդրադառնալով մասնավորապես գործի նյութերում առկա ապացույցներին, որոնք վկայում են, որ Ս.Հ.-ն բացասական է ներկայացվել (տե՛ս վերը նշված 31-րդ պարբերությունը), և 2013 թվականի նոյեմբերի 5-ի միջադեպին (տե՛ս վերը նշված 34-րդ պարբերությունը), դիմումատուն ներկայացրել է, որ Ս.Հ.-ն վարույթի ընթացքում իրեն պահել է ոչ հարիր՝ շարունակել է ծեծել ու անհանգստացնել նրան, մի քանի անգամ սպառնացել թե՛ անձամբ, թե՛ հարազատների միջոցով, փորձել համոզել նրան հետ վերցնել իր բողոքը, ալկոհոլ օգտագործել և լարվածություն ստեղծել։ Դիմումատուն նմանատիպ դիմում է ներկայացրել 2014 թվականի հունվարի 29-ի լսումների ժամանակ։
40. 2014 թվականի փետրվարի 24-ի լսումների ժամանակ դիմումատուն ներկայացրել է միունույն պահանջը։ Նա ասել է, որ Ս.Հ.-ն վիրավորել և հեռախոսով սպառնացել է իրեն՝ ասելով, որ «ամեն բան կազմակերպված է, նա պատասխանատվության չի ենթարկվելու», բայց, որ նա վրեժ է լուծելու իրենից վարույթի ավարտից հետո։ Նույն նիստի ժամանակ մարզային դատարանը որոշում է կայացրել առ այն, որ կքննի դիմումատուի ներկայացրած դիմումները փաստերի ուսումնասիրությունն ավարտին հասցնելուց հետո։
41. Նույն նիստի ժամանակ իր տված ցուցմունքում դիմումատուն ասել է, որ եկեղեցում իրենց պսակադրությունը կատարվել է 2004 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ս.Հ.-ն թույլ չի տվել նրան կապ պահպանել իր ընտանիքի և ազգականների հետ։ Նրանց դուստրը՝ Վ.Հ.-ն, որն ուներ լսողական խնդիր, հատուկ խնամքի և խոսքի թերապիայի կարիք ուներ, այդ իսկ պատճառով, նրանք տեղափոխվել էին Երևան, որտեղ Ս.Հ.-ն աշխատել էր համապատասխան ժամանակաընթացքում։ Որոշ ժամանակ անց պարզ էր դարձել, որ Ս.Հ.-ն Երևանում հարաբերություններ ուներ մեկ այլ կնոջ հետ։ Վ.Հ.-ի՝ Երևանի դասընթացների համար վճարելու ֆինանսական միջոցներ չունենալու պատրվակով Ս.Հ.-ն դիմումատուին և իրենց երեխաներին հետ էր ուղարկել ապրելու իր ծնողների հետ։ Շուրջ երեք տարի Ս.Հ.-ն մեկ այլ կնոջ հետ էր ապրում Երևանում վարձակալած բնակարանում. ամեն անգամ, երբ տուն էր վերադառնում (իր ծնողների տուն), նա վերադառնում էր ուշ գիշերին՝ հարբած, հայհոյում ու խնդիրներ էր ստեղծում, հետո հեռանում՝ իր հետ տանելով գումար՝ տան վարձը վճարելու և իր կարիքները հոգալու համար։ Նա վերադառնում էր միայն այն ժամանակ, երբ ավելի շատ գումարի կարիք էր ունենում։ Ամեն անգամ, երբ տուն էր վերադառնում, ծեծի էր ենթարկում դիմումատուին։ Այնուհետև, դիմումատուն պատմել է 2013 թվականի մայիսի 5-ի միջադեպը (տե՛ս վերը նշված 8-րդ պարբերությունը), երբ Ս.Հ.-ն սարսափելի ծեծի է ենթարկել իրեն՝ մեղադրելով, որ նա բավարար չափով ուշադիր չի եղել Վ.Հ.-ի նկատմամբ, որը դրսում խաղալիս վնասել էր դեմքը։ 2013 թվականի մայիսի 5-ից հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն ավելի հաճախ էր գյուղում եղել և նույնիսկ մի քանի օր մնացել էր այնտեղ։ Դիմումատուն չէր համարձակվել որևէ բանով հակադարձել նրան, քանի որ գիտեր, որ դա կհանգեցներ մեկ այլ վեճի: Այնուհետև, նա պատմել է 2013 թվականի հունիսի 16-ի միջադեպը (տե՛ս վերը նշված 10-րդ պարբերությունը), որի ընթացքում Ս.Հ.-ի հայրը փորձել էր միջամտել իրեն պաշտպանելու համար, և ի պատասխան՝ Ս.Հ.-ն ասել էր. «...նա իմ կինն է, ես կարող եմ վարվել այնպես, ինչպես ուզում եմ…»: Տանից փախչելուց հետո, նա չէր գնացել ծնողների մոտ, քանի որ գիտեր, որ Ս.Հ.-ն այնտեղ կփնտրեր իրեն: Նա զանգահարել էր հորը՝ զգուշացնելու, որ Ս.Հ.-ն պատրաստվում է այցելել նրանց, և անջատել էր հեռախոսը՝ թաքնվելով Ս.Հ.-ից գետի մոտ, որտեղ նա մնացել էր գրեթե մինչև լուսաբաց։ Շուրջը ոչ ոք չի եղել, և նա լսել է միայն Ս.Հ.-ի մեքենայի ձայնը: Նա չափազանց վախենում էր, որ նա կրկին վատ կվերաբերվեր իրեն։ Նա հրաժարվել էր մնալ հիվանդանոցում (տե՛ս վերը նշված 11-րդ պարբերությունը), վախենալով, որ Ս.Հ.-ն կկարողանար գտնել նրան, քանի որ նրա ընտանիքն ամենուր ծանոթներ ուներ, և եթե ինչ-որ մեկը պարզեր, թե ով է նա, ապա կհամոզեին նրան վերադառնալ։ Այնուհետև Ս.Հ.-ի մայրն ու քույրերը խոսել են նրա հետ: Նշված զրույցի ընթացքում դիմումատուն համաձայնել էր Ս.Հ.-ի նկատմամբ բողոք չներկայացնել, եթե նրան թույլ տրվեր պահել երեխաներին և միայնակ ապրել, և նրանք համաձայնության էին եկել նշված պայմանավորվածության շուրջ։ Սակայն, այնուհետև նրանք ոչ թույլ են տվել իր մոտ պահել Հ.Հ.-ին (իր որդուն), ոչ էլ թույլ են տվել խոսել նրա հետ։ Դիմումատուն հայտնել է, որ Ս.Հ.-ն պարբերաբար ծեծի է ենթարկել իրեն, երբ նրանք ապրել են Երևանում. նա այդ մասին ասել է միայն Ս.Հ.-ի ծնողներին և քույրերին։ Նա հայտնել է նաև, որ չի կարողացել ամուսնալուծվել, որովհետև վախեցել է նրանից. Ս.Հ.-ն հայտարարել է, որ կկախի նրան, և ոչ ոք չի իմանա, և նա կասկած չուներ, որ վերջինս ընդունակ էր այդպես վարվել։ Նախագահող դատավորի հարցին, թե ինչու նա չի հեռացել և փոխարենը կրել է նման խոշտանգումներ, դիմումատուն պատասխանել է, որ ելք չի ունեցել և ոչ էլ իրավունք է ունեցել լքելու նրանց տունը: Ս.Հ.-ի փաստաբանի հարցին, թե ինչու նա ոստիկանություն չի դիմել, դիմումատուն նշել է, որ վախեցել է Ս.Հ.-ի սպառնալիքներից։ Նա մեկ տարի նրանից առանձին էր ապրում, սակայն վերջինս շարունակում էր սպառնալ նրան։
42. 2014 թվականի մայիսի 7-ին կայացած նիստի ժամանակ Ս.Հ.-ն վկայություն է տվել՝ նշելով, որ դիմումատուն իր կինն է։ Նա հայտնել է, որ ի թիվս այլնի, նա դիմումատուի հետ ունեցել է նորմալ հարաբերություններ և կարծում էր, որ 2013 թվականի մայիսի 5-ի վիճաբանությունը եղել է «թեթև ընտանեկան վիճաբանություն»։ Ըստ Ս.Հ.-ի՝ 2013 թվականի հունիսի 16-ին դիմումատուն հեռացել է տանից, քանի որ նա վատ պահվածք է դրսևորել իրենց երեխաների նկատմամբ։
43. 2014 թվականի հոկտեմբերի 30-ին իր վերջին փաստարկներում դիմումատուն, ի թիվս այլնի, ասել է, որ վարույթի հենց սկզբից Ս.Հ.-ն իրեն պահել է ոչ հարիր՝ ճնշում գործադրելով դիմումատուի և նրա հարազատների վրա։ Ամեն անգամ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սպառնացել, վիրավորել և վախեցրել է նրան և նրա հարազատներին՝ պահանջելով հետ վերցնել իրենց ցուցմունքները։ Նա և իր հարազատները ստիպված են եղել փոխել իրենց բնակության վայրը՝ հեռու մնալու Ս.Հ.-ից, քանի որ նա հետապնդում էր դիմումատուին, սակայն ոչինչ չի փոխվել։ Դիմումատուն հույս է հայտնել, որ Ս.Հ.-ի կողմից նման բացասական վարքը պատշաճ կերպով կգնահատվի մարզային դատարանի կողմից: Նա նաև նշել է, որ իրեն հետագա վատ վերաբերմունքի վտանգ է սպառնում, եթե Ս.Հ.-ն շարունակի մնալ ազատության մեջ, և խնդրել է առավելագույն պատիժ սահմանել վերջինիս նկատմամբ։
44. Դատավարության ընթացքում՝ չպարզված օրը, դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Ս.Հ.-ի դեմ՝ պահանջելով 1,000,000 ՀՀ դրամի չափով հատուցում նյութական վնասի դիմաց (դաժան վերաբերմունքի հետևանքով նրա առողջական խնդիրների հետ կապված բժշկական ծախսեր): Նա նաև պահանջել է 3,000,000 ՀՀ դրամ հատուցում ՝ իր էմոցիոնալ և հոգեբանական տառապանքների հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի դիմաց, որին ենթարկվել է Ս.Հ.-ի կողմից՝ գտնվելով մի իրավիճակում, երբ կախված է եղել նրանից: Նա նաև պնդել է, որ Ս.Հ.-ի վիրավորական խոսքերն ու գործողությունները նվաստացրել են իրեն՝ նսեմացնելով իր պատիվն ու արժանապատվությունը: Դիմումատուն նշել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը (տե՛ս ստորև՝ 56-րդ պարբերությունը) կորցրել է իր օրինական ուժը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշման համաձայն (տե՛ս ստորև՝ 71-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, օրենսդիրը չի կարողացել ամբողջովին կարգավորել ոչ նյութական վնասի փոխհատուցման հարցը։ Ուստի իր քաղաքացիական հայցում դիմումատուն նշել է, որ ստիպված է եղել հղում կատարել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածին (տե՛ս ստորև՝ 58-րդ պարբերությունը), որը, ըստ նրա, միակ գործող իրավական դրույթն էր, որը նախատեսում էր ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն։
45. 2014 թվականի դեկտեմբերի 22-ին մարզային դատարանը վճիռ է կայացրել։ Մեղադրող կողմն ի սկզբանե Ս.Հ.-ի նկատմամբ մեղադրանք էր առաջադրել նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշտանգում ծանրացուցիչ հանգամանքներով. տե՛ս վերը նշված 36-րդ և 38-րդ պարբերությունները և ստորև՝ 54-րդ պարբերությունը), սակայն դատարանը դրանք վերադասակարգել է ըստ նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի (խոշտանգում՝ ծանրացուցիչ հանգամանքների բացակայությամբ. տե՛ս ստորև՝ 53-րդ պարբերությունը): Նա դատապարտվել է խոշտանգման համար՝ տվյալ դրույթի համաձայն, և նրա նկատմամբ պատիժ է սահմանվել մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման ձևով։ Ապա մարզային դատարանը որոշում է կայացրել Ս.Հ.-ին պատիժը կրելուց ազատելու մասին՝ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Համաներում հայտարարելու մասին» օրենքը կիրառելով (տե՛ս ստորև՝ 69-րդ պարբերությունը), և մերժել է դիմումատուի քաղաքացիական հայցը։ Տվյալ վճռի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
« ... [Ս.Հ.-ի փաստաբանը] վիճարկել է [դիմումատուի] քաղաքացիական հայցը ... համարելով, որ [նյութական վնասի մասով] հայցն ամբողջությամբ անհիմն է... Այնուամենայնիվ, նրա պաշտպանյալը հայտարարել է, որ իր ծնողները պատրաստ են վճարել 300 000 [ՀՀ դրամ], քանի որ [դիմումատուն], ի վերջո, իր երեխաների մայրն է։
...
Դատավարության ընթացքում [դիմումատուն] [Ս.Հ.]-ից ստացել է 300 000 [ՀՀ դրամ]։ ...
Ուսումնասիրելով ապացույցները..., [դատարանը] գտնում է, որ [նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով] [Ս.Հ.]-ին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել, և նրա կատարած հանցանքը պետք է ենթարկվի վերադասակարգման ...
Դատարանը գտնում է, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները հիմնավորված չեն՝ հաշվի առնելով, որ [Ս.Հ.]-ն գիտակցել է, որ իր գործողություններով [դիմումատուին] պատճառում է ուժգին ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք, քանի որ [Ս.Հ.]-ն իր բռնի գործողությունների հետևանքով [դիմումատուին] պարբերաբար ենթարկել է ֆիզիկական կամ հոգեկան տառապանքների…
...
Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկին այն մասին, որ [դիմումատուն] «այլ կախվածություն» չի ունեցել [Ս.Հ.]-ից (ամուսնության միջոցով), դատարանը գտնում է, որ այն հիմնավորված է հետևյալ պատճառներով...
[Նախկին Քրեական օրենսգրքի] 119-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է խոշտանգումների հետ կապված ծանրացուցիչ հանգամանքները։ Մասնավորապես նման [հանգամանքները] գոյություն ունեն, երբ խոշտանգում համարվող գործողությունները կատարվել են ... անձի նկատմամբ, որը ֆինանսապես կամ այլ կախվածություն ունի [հանցանք կատարած անձից]:
Հանցանք կատարած անձից ֆինանսական կախվածությունը կարող է կապված լինել ցանկացած իրավիճակի հետ, երբ զոհի ֆինանսական վիճակի բարելավումը կամ վատթարացումը կախված է հանցանք կատարած անձից։
[Հանցանք կատարած անձից] այլ կախվածություն կարող է առաջանալ, օրինակ, ամուսնության դեպքում ...
Դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ մոտ երկու տարի [Ս.Հ.]-ն և [դիմումատուն] ընդհանուր տնային տնտեսություն չեն վարել [և] չեն ապրել ամուսնական կյանքով. [Ս.Հ.]-ն ոչ մի տեղ չի աշխատել և ֆինանսապես չի ապահովել [դիմումատուին], [իսկ Ս.Հ.] -ի մայրն ապահովել է ընտանիքի կարիքները, [ինչպես նաև] հոգացել է [Ս.Հ.] -ի ֆինանսական ծախսերը…
Դատավարության ընթացքում պարզվել է նաև, որ մոտ երկու տարի [Ս.Հ.]-ն ապրել է Երևանում մեկ այլ կնոջ հետ, որի հետ վարել է ընդհանուր տնային տնտեսություն, և որ 2013 թվականի հուլիս ամսվանից սկսած՝ ապրել է իր ծնողների տանը` Գանձակ գյուղում...
[Ս.Հ.]-ի պատիժը որոշելու համար դատարանը [կքննարկի] հանցանքի բնույթն ու սոցիալական վտանգ ներկայացնելը, ինչպես նաև մեղմացնող գործոնները. [այն փաստը], որ նրան դրական են բնութագրում, իր խնամքի տակ ունի [մանկահասակ] երեխա…
...
Դատարանը գտնում է, որ կրկնահանցագործությունը ծանրացնող գործոն է համարվում։
...
Հարկ է Նշել, որ դատավարության ընթացքում [դիմումատուն] [Ս.Հ.] -ից ստացել է 300 000 [ՀՀ դրամ], այնուամենայնիվ, հետամուտ լինելով իր քաղաքացիական հայցին...
Դատարանը գտնում է, որ [դիմումատուի] քաղաքացիական հայցը պետք է մերժվի, քանի որ նա չի ներկայացրել համապատասխան փաստաթղթային ապացույց՝ պահանջվող գումարի չափը հիմնավորելու համար։ Ի հավելումն դրա՝ [Ս.Հ.]-ն փոխհատուցել է նրան 300.000 ՀՀ դրամ գումարի չափով, որը, դատարանի կարծիքով, ողջամիտ գումար է տվյալ իրավախախտման հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար։
Այնուհետև մարզային դատարանը հղում է կատարել վիրավորանքի և զրպարտության հետևանքով հասցված ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին՝ մինչ հետևյալը նշելը.
«Ստացվում է... [դիմումատուի պահանջը ոչ նյութական վնասի վերաբերյալ] ... նույնպես պետք է մերժվի անհիմն լինելու պատճառով:
Բացի այդ, դատարանը գտնում է, որ անհիմն քաղաքացիական հայց ներկայացնելով՝ տուժող կողմը հետապնդում էր մեկ նպատակ, այն է՝ կանխել [Ս.Հ.]-ի նկատմամբ [«Համաներում հայտարարելու մասին» օրենքի] կիրառումը։
2013 թվականի հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի կողմից ընդունված [«Համաներում հայտարարելու մասին» օրենքի] 1-ին բաժնի 3-րդ կետի համաձայն... առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք ազատվում են պատիժը կրելուց ...
Նկատի ունենալով, որ վերոգրյալի լույսի ներքո [Ս.Հ.]-ն [նախկին քրեական օրենսգրքի] 119-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված հանցանքը կատարելու համար պետք է դատապարտվի ազատազրկման՝ մեկուկես տարի ժամկետով, և որ [2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Համաներում հայտարարելու մասին» օրենքում] նշված հանգամանքները, որոնք խոչընդոտում են [տվյալ օրենքի] կիրառումը, սույն գործում գոյություն չունեն, դատարանը գտնում է, որ [Ս.Հ.]-ն ազատվում է պատիժը կրելուց՝ կիրառելով [2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Համաներում հայտարարելու մասին» օրենքը] ...
… [Ինչ վերաբերում է 2013 թվականի հոկտեմբերի 3-ի՝ «Համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառմանը խոչընդոտող հանգամանքներին, որոնք նշված են տվյալ օրենքի 9-րդ բաժնի 6-րդ կետում] ..., հարկ է նշել, որ [Ս.Հ.]-ն հատուցել է [դիմումատուին] պատճառված վնասը: Ինչ վերաբերում է այն փաստին, որ [դիմումատուն] պահանջել է 4 000 000 [ՀՀ դրամ], մինչդեռ [Ս.Հ.]-ն փոխհատուցել է [նրան 300,000 ՀՀ դրամի չափով], դատարանը գտնում է, որ սույն գործում հանցագործությամբ պատճառված վնասի կամ վնասի չափի վերաբերյալ փաստը չի վիճարկվում, քանի որ հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը որոշել է հատուցման ենթակա վնասի չափը...
Ինչ վերաբերում է [Ս.Հ.]-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին [դիմումատուի] հայցին, քանի որ [Ս.Հ.]-ն ազատվելու է պատիժը կրելուց..., դատարանը անհրաժեշտ չի համարում քննել [նրա կալանավորման] մասին հայցը:
46. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Նա վիճարկել է մարզային դատարանի այն եզրակացությունը, որ ինքը չի համարվում Ս.Հ.-ից «այլ կախվածություն» ունեցող անձ, ինչի հետևանքով վերջինիս նկատմամբ սահմանվել է շատ ավելի մեղմ պատիժ կատարած հանցագործության ծանրության համեմատ։ Մասնավորապես մարզային դատարանը պատշաճ կերպով հաշվի չի առել նշված վատ վերաբերմունքի հետ կապված բոլոր հանգամանքները՝ դիմումատուի խոցելի վիճակը և Ս.Հ.-ի ազդեցությունն ու հնարավորությունները: Նրանք ամուսնացել են 2004 թվականին եկեղեցական պսակադրությամբ։ Նա Ս.Հ.-ին ընդունել է որպես իր ամուսին և իր երեխաների հայր, հնազանդ է եղել նրան, առանձին կյանք չի վարել, վախեցել է նրանից և ապրել նրա ծնողների հետ՝ նրանց տանը։ Այնուհետև նա պնդել է, որ Ս.Հ.-ի նկատմամբ համաներում կիրառելով՝ պատիժը կրելուց ազատելն անհիմն է եղել, քանի որ վերջինս չի հատուցել նրան մինչև վճռի ընդունումը պատճառված վնասը։ Բացի այդ, մարզային դատարանը ապօրինաբար մերժել է նրա՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար ներկայացված քաղաքացիական հայցը։ Պահանջվող գումարը անհամեմատելի էր նրա կրած տառապանքների հետ, սակայն այն համապատասխանում էր վիրավորանքի և զրպարտության դեպքում ոչ նյութական վնասի հատուցման թույլատրված առավելագույն չափին, որը սահմանված է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով (տես ստորև՝ 58-րդ պարբերությունը):
47. Դատախազը նաև վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ մարզային դատարանը սխալ է գնահատել Ս.Հ.-ին առաջադրված մեղադրանքը նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տե՛ս ստորև՝ 54-րդ պարբերությունը): Դատախազի վերաքննիչ բողոքի համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.
« ...
[Մարզային դատարանը] հաստատված է համարել, որ [Ս.Հ.]-ն և [դիմումատուն] մոտ երկու տարի ընդհանուր տնային տնտեսություն չեն վարել [և] ամուսնական կյանքով չեն ապրել, [Ս.Հ.]-ն ոչ մի տեղ չի աշխատել և տուժողի կարիքները չի հոգացել, [և որ Ս.Հ.] -ի մայրն է ... հոգացել ընտանիքի կարիքները ...
Հարց է ծագում. եթե տուժողը և [Ս.Հ.]-ն ամուսնական հարաբերությունների մեջ չեն եղել, ապա ի՞նչ էր անում [դիմումատուն] [Ս.Հ.]-ի տանը, որտեղ նրանք մշտապես ապրել են ամուսնությունից ի վեր, [որտեղ նա] վարել է ընդհանուր տնային տնտեսություն, չի ապրել [Ս.Հ.]-ից և նրա ծնողներից առանձին, խնամել է իրենց ամուսնության ընթացքում ծնված երկու երեխաներին [և] կատարել տնային առօրյա գործերը։
... մի կողմից [մարզային դատարանը] գտել է, որ [Ս.Հ.]-ն տուն է եկել և խոշտանգել տուժողին…, իսկ մյուս կողմից՝ [գտել], որ նրանք ամուսնական հարաբերությունների մեջ չեն եղել։
...
Հարկ է նշել նաև, որ [Ս.Հ.]-ի պատիժը որոշելիս [Մարզային դատարանը] մեղմացուցիչ հանգամանք է համարել, որ [Ս.Հ.]-ն իր խնամքի տակ ունի [ 2007 թվականին ծնված Հ.Հ.-ին ] ..., [մինչդեռ այն նաև գտել է , որ] ... [Ս.Հ.]-ն ոչ մի տեղ չի աշխատել, և որ նրա մայրն է հոգացել ընտանիքի կարիքները … Փաստորեն, հաստատվել է, որ խոշտանգման միջադեպից առաջ [դիմումատուն] հոգ է տարել երկու երեխաների մասին: Երբ [դիմումատուն] լքել է [Ս.Հ.]-ի տունը, նրան թույլ չեն տվել [Հ.Հ.]-ին տանել իր հետ … Երեխան ապրում էր [Ս.Հ.]-ի ծնողների հետ, որոնք հոգ էին տանում նրա մասին…»:
48. 2015 թվականի ապրիլի 17-ին Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջովին անփոփոխ է թողել մարզային դատարանի վճիռը։ Տվյալ որոշման վերաբերելի մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
« ….հանցանք կատարած անձից տուժողի ֆինանսական կամ այլ կախվածություն սահմանափակում է ֆիզիկական բռնությանը դիմադրելու վերջինիս ունակությունն ու կարողությունը …
Ֆինանսական կախվածությունը ենթադրում է, որ տուժողն ամբողջովին կամ մասնակիորեն գտնվում է հանցանք կատարած անձի խնամքի տակ:
«Այլ կախվածություն» ենթադրում է գործառնական [կախվածություն] կամ այնպիսի կախվածություն, որը կապված է ընտանիքի կամ ամուսնական հարաբերությունների հետ … Ամեն դեպքում, տուժողի կախվածությունը հանցանք կատարած անձից պետք է զգալի լինի [և] «կարողանա» կոտրել տուժողի՝ դիմադրություն ցույց տալու կամքը ...
Վերաքննիչ դատարանը նաև հաստատված է համարում այն փաստը, որ մոտ երկու տարի [Ս.Հ.]-ն և [դիմումատուն] չեն վարել ընդհանուր տնային տնտեսություն [և] չեն ապրել ամուսնական կյանքով։ [Ս.Հ.] -ն ոչ մի տեղ չի աշխատել, չի ունեցել սեփական եկամուտ և չի հոգացել տուժողի կարիքները. [Ս.Հ.]-ի մայրն է հոգացել ընտանիքի կարիքները ...
Հետևաբար Վերաքննիչ դատարանը ... եզրակացնում է, որ [նախկին Քրեական օրենսգրքի] 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ [Ս.Հ.]-ի կողմից կատարված հանցագործությունը վերադասակարգելու օբյեկտիվ հիմքեր առկա չեն:
...
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ [դիմումատուին վճարելով 300.000 ՀՀ դրամ]՝ [Ս.Հ.]-ն հատուցել է հանցագործության հետևանքով պատճառված վնասը, հետևաբար տվյալ դեպքում «Համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառումը դադարեցնելու հիմքեր չկան… Սույն գործում առկա չէ վեճ՝ հանցագործության հետևանքով պատճառված վնասի կամ հատուցման ենթակա [վնասի] չափի հետ կապված:
Ինչ վերաբերում է տուժողի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու և զրպարտելու հետևանքով կրած ոչ նյութական վնասի պահանջին, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այն հիմնավոր չէ և պետք է մերժվի հետևյալ պատճառաբանությամբ:
...
Վճռաբեկ դատարանը նշել է, որ հանցագործության և … քրեական վարույթի շրջանակներում… հատուցվող վնասի միջև պետք է լինի ուղղակի պատճառահետևանքային կապ … Բացի այդ, քաղաքացիական հայցի հիմքերը … պետք է պատշաճ կերպով հիմնավորվեն ...
Գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ [Ս.Հ.]-ն արդեն հատուցել է [դիմումատուին] համապատասխան բուժման հետ կապված անհրաժեշտ բժշկական ծախսերը, իսկ քաղաքացիական հայցի մնացած մասը անհիմն է համարվում ...»:
49. 2015 թվականի օգոստոսի 20-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի և Ս.Հ-ի կողմից հարուցված գործը հայտարատել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։ Տվյալ որոշման մեկ պատճենը դիմումատուին է հանձնվել 2015 թվականի օգոստոսի 26-ին։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ
I. ներպետական իրավունքը
Ա. Քրեական օրենսգիրքը
50. Նախկին Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները (ուժի մեջ էր մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը) հետևյալն էին.
51. 117-րդ հոդվածով սահմանվում էր, որ մեկ այլ անձի դիտավորությամբ մարմնական վնասվածք կամ այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է նրա առողջության կարճաժամկետ վատթարացում կամ աշխատունակության ոչ զգալի կորուստ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-ից 150- ապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երկու ամիս ժամկետով:
52. 118-րդ հոդվածով սահմանվում էր, որ ծեծը կամ այլ բռնի գործողություններ, որոնք չեն առաջացրել 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքները (տե՛ս վերը նշված 51-րդ պարբերությունը) պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երկու ամիս ժամկետով։
53. 119-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում էր, որ խոշտանգումը` անձին դիտավորությամբ ուժգին ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելը, պատժվում է մինչև երեք տարի ազատազրկմամբ:
54. 119-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկվել են 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության ծանրացուցիչ հանգամանքները: 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանվում էր, որ միևնույն հանցագործությունը պատժվում է երեքից յոթ տարի ազատազրկմամբ, եթե այն կատարվել է անչափահասի կամ հանցանք կատարած անձից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ։
Բ. Քաղաքացիական օրենսգիրք (հատուցման իրավունք)
55. Տվյալ ժամանակահատվածում գործող Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներով նախատեսվում է հետևյալը.
56. 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի իրավունքները խախտվել են, կարող է պահանջել կրած վնասի ամբողջական հատուցում, եթե օրենքով կամ պայմանագրով հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ։
Վնասը այն ծախսերն են, որոնք կրում կամ կրելու է անձը, որի իրավունքները խախտվել են՝ խախտված իրավունքները վերականգնելու, գույքի կորստի կամ դրան հասցված վնասի (նյութական վնասի), այդ թվում՝ եկամուտների կորստի, ինչպես նաև ոչ նյութական վնասի հետ կապված (17-րդ հոդվածի 2-րդ կետ):
Համաձայն 17-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում (տե՛ս ստորև՝ 57-րդ պարբերությունը)։
57. 162.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ անձն իրավունք ունի պետությունից պահանջելու ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել է անձի իրավունքները, այդ թվում` խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու, անձնական կյանքի կամ արդյունավետ պաշտպանության միջոց ունենալու իրավունքները:
162.1 հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է 1087.1 հոդվածի համաձայն (տե՛ս ստորև՝ 58-րդ պարբերությունը), մինչդեռ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1087.2 հոդվածով նախատեսված ընթացակարգի և պայմանների համաձայն (տե՛ս ստորև՝ 59-րդ պարբերությունը):
58. 1087.1 հոդվածով նախատեսվում է, որ այն անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորվել է վիրավորանքով կամ զրպարտությամբ, կարող է դատական վարույթ հարուցել վիրավորական կամ զրպարտող արտահայտություն կատարած անձի նկատմամբ (1087.1 հոդվածի 1-ին մաս): 1087.1 հոդվածի 7-րդ մասով սահմանվում են այն միջոցները, որոնք անձը կարող է պահանջել վիրավորանք կրելու դեպքում՝ դատական վարույթի միջոցով, ներառյալ՝ նվազագույն աշխատավարձի մինչև հազարապատիկի չափով հատուցումը: 1087.1 հոդվածի 8-րդ մասով սահմանվում են այն միջոցները, որոնք անձը կարող է պահանջել զրպարտության դեպքում՝ դատական վարույթի միջոցով, ներառյալ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկու հազարապատիկի չափով հատուցումը:
59. 1087.2 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսվում է, որ հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից: Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե սույն օրենսգրքի 162.1 հոդվածով (տե՛ս վերևում` 52-րդ պարբերությունը) սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
60. 2014 թվականի նոյեմբերի 1-ից 17-րդ հոդվածի 2-րդ մասում (տե՛ս վերևում` 50-րդ պարբերությունը)՝ քաղաքացիական վնասի տեսակների ցանկում, ներառվել է ոչ նյութական վնասը, որի հատուցումը կարող է պահանջվել քաղաքացիական վարույթի շրջանակներում:
Արդյունքում Քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է նոր՝ 162.1 և 1087.2 հոդվածներով (տես վերևում` 52-րդ և 57-րդ պարբերությունները), որոնք կարգավորում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված որոշ իրավունքների խախտման համար պետությունից ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու կարգը։
61. Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ին հետագա փոփոխությունների ներմուծումը (ուժի մեջ են 2016 թվականի հունվարի 1-ից) ոչ նյութական վնասի հատուցում կարող էր պահանջվել պետությունից, եթե դատական որոշմամբ հաստատվել էր, որ անձի՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները խախտվել են, ինչպես նաև սխալ դատապարտման դեպքերում: 2016 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում ոչ նյութական վնասի հատուցում կարող էր պահանջվել պետությունից մի շարք այլ իրավունքների, այդ թվում՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում հայտնաբերվելու դեպքում։
Գ. Քրեական դատավարության օրենսգիրքը
62. Նախկին Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները (ուժի մեջ էին մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը) հետևյալն էին.
63. 98-րդ հոդվածը, որը վերնագրված է «Քրեական վարույթին մասնակցող անձանց պաշտպանությունը» անվանմամբ, սահմանում է քրեական վարույթին մասնակցող անձանց առնչվող պաշտպանության միջոցների կիրառման համար ընթացակարգեր։ Քրեական վարույթին մաuնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու oրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք (Հոդված 98, մաս 1):
64. Քրեական վարույթն իրականացնող մարմինը, հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը (այսինքն՝ քրեական վարույթին մասնակցող անձը, նրա ընտանիքի անդամը, մերձավոր ազգականը կամ մերձավորը, այսուհետ՝ պաշտպանվող անձ) պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մաuին (Հոդված 98, կետ 3)։
65. Եթե պաշտպանվող անձի դիմումը մերժվել է, ապա նա կարող է ներկայացնել այդպիuի միջոցներ ձեռնարկելու մաuին նոր դիմում, եթե նա ենթարկվել է uպառնալիքի կամ հարձակման, կամ ի հայտ են եկել նախորդ դիմումում չնշված այլ հանգամանքներ (Հոդված 98, մաս 6):
66. 98.1 հոդվածում թվարկված են պաշտպանության միջոցների հետևյալ տեսակները.
1. անձին պաշտոնապես նախազգուշացնելը, ումից սպասվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնության վտանգ կամ այլ հանցանքի կատարում.
2. պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը.
3. պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը.
4. պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը.
5. վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը և հեռախոսային ու այլ հաղորդումներ գաղտնալսելը.
6. պաշտպանվող անձի` քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը.
7. կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ այնպիսի խափանման միջոց ընտրելը, որը կբացառի նրանց կողմից պաշտպանվող անձի հանդեպ բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը.
8. պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելը.
9. պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ նրա արտաքինը փոխելը.
10. պաշտպանվող անձի աշխատանքի կամ ուսման վայրը փոփոխելը.
11. դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը կամ դռնփակ դատական քննություն անցկացնելը.
12. դատարանում պաշտպանվող անձին հարցաքննելը` առանց նրա ինքնության մասին տեղեկությունների հրապարակման:
67. Համաձայն 98.4 հոդվածի՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը, համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ, իրականացնում է պաշտպանվող անձի անձնական անվտանգությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահպանությունը:
Դ. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք
68. Ազգային ժողովը 2017 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որով սահմանվում է ընտանիքում բռնության հասկացությունը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող համապատասխան իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակներն ու դրանց կիրառման հիմքերը, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց ու ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների [իրավական] պաշտպանության առանձնահատկությունները (Գլուխ 1)։
Ե. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ 2013 թվականի հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի կողմից ընդունված համաներում հայտարարելու մասին որոշում
69. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված է, որ պատժից պետք է ազատել այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ՝ բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով, ի թիվս այլնի [inter alia] նախատեսված դեպքերի։
70. 9-րդ կետի 6-րդ ենթակետում նշվում է, որ համաներում պետք է կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք մինչև դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը չեն հատուցել կամ այլ կերպ չեն հարթել ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն պատճառած վնասը, կամ առկա է վեճ հանցագործությամբ պատճառված և հատուցման ենթակա վնասի կամ դրա չափի կապակցությամբ, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը։
II. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության մասին Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշում
71. Սահմանադրական դատարանն իր 2013 թվականի նոյեմբերի 5-ի որոշման մեջ գտնում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես այն ձևակերպվել է մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը (տե՛ս վերևում՝ 56-րդ պարբերությունը) չի համապատասխանում Սահմանադրությանն այնքանով, որքանով ոչ նյութական վնասը չի դիտվում որպես քաղաքացիական վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն` արգելափակելով անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը՝ միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը։
Սահմանադրական դատարանը նշել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետը 2014 թվականի հոկտեմբերի 1-ն էր:
III. միջազգային իրավունքը եվ նյութերը
Ա. Միավորված ազգերի կազմակերպությունը
72. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1979 թվականին ընդունված «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան (ԿՆԽՎԿ) Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 13-ին, իսկ Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը երկրի համար ուժի մեջ է մտել 2006 թվականի սեպտեմբերի 14-ին։ 1992 թվականի հունվարի 29-ին Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտեն (ԿՆԽՎԿ կոմիտե) ընդունել է «Կանանց նկատմամաբ բռնության մասին» թիվ 19 ընդհանուր հանձնարարականը (թարմացվել է 2017 թվականին թիվ 35 ընդհանուր հանձնարարականով)։
73. 2016 թվականի նոյեմբերի 25-ին, ԿՆԽՎԿ կոմիտեն հրապարակեց «Հայաստանի հինգերորդ և վեցերորդ համակցված պարբերական զեկույցի վերաբերյալ» իր եզրափակիչ դիտարկումները (CEDAW/C/ARM/CO/5-6)։ «Գենդերային հիմքով բռնություն կանանց նկատմամբ» բաժնում այն նշել և առաջարկել է հետևյալը.
«16. Կոմիտեն նշում է 2012 թվականին ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի մշակումը, ինչպես նաև 2016 թվականին միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծումը՝ ընտանեկան ոլորտում կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության տարբեր ձևերի վերաբերյալ նոր նախագիծ մշակելու համար։ Կոմիտեն նաև նշում է ոստիկանական համակարգը կին ծառայողներով համալրելու, քաղաքացիական ծառայողների, սոցիալական աշխատողների և ոստիկանության նոր աշխատակիցների համար գենդերային հիմքով բռնության վերաբերյալ ուսուցմամբ ապահովելու և ոստիկանության մասնագիտացված բաժանմունք ստեղծելու մասին՝ գենդերային հիմքով բռնության դեպքերը կանխարգելելու և քննելու համար: Այնուամենայնիվ, Կոմիտեն շարունակում է մտահոգություն արտահայտել հետևյալ հարցերի վերաբերյալ.
...
բ) Բռնության ենթարկված անձանց կողմից գենդերային հիմքով բռնության վերաբերյալ քիչ թվով դեպքերի մասին հաղորդում ներկայացնելը, ինչը հանգեցնում է տվյալների բացակայության.
գ) Կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության փաստն ընդունելու և այն արդարացնելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների շրջանում արմատավորված վերաբերմունքը և այն ընկալումը, որ բռնության այս տեսակը, հատկապես՝ ներպետական ոլորտում, մասնավոր խնդիր է.
...
17. ...Կոմիտեն առաջարկում է Կողմ պետությանը՝
ա) անհապաղ ընդունել կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնությունը քրեականացնող համապարփակ օրենք, ...որը հիմնված կլինի զոհակենտրոն մոտեցման վրա, կնախատեսի քաղաքացիական և քրեական պաշտպանության միջոցներ, կսահմանի օրենքի կիրարկման համար պատասխանատու մարմին և կերաշխավորի փոխհատուցման և պաշտպանության, այդ թվում՝ պաշտպանիչ կարգադրությունների անհետաձգելի միջոցների մատչելիություն.
բ) վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան.
...
դ) ապահովել դատական համակարգի, ոստիկանության և իրավապահ մարմինների անձնակազմի և առողջապահական ծառայություններ մատուցողների համար զրո հանդուրժողականության և գենդեր-զգայուն մոտեցման վերաբերյալ կարողությունների զարգացում՝ նպատակ ունենալով ուսումնասիրել գենդերային հիմքով բռնության վերաբերյալ գործերը և տրամադրել աջակցություն բռնության ենթարկված անձանց.
...»։
74. 2022 թվականի նոյեմբերի 1-ին ԿՆԽՎԿ կոմիտեն հրապարակել է «Հայաստանի յոթերորդ պարբերական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներ»(CEDAW/C/ARM/CO/7)։ «Կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության» առնչությամբ նշվել և առաջարկվել է հետևյալը.
«25. Կոմիտեն նշում է մասնակից պետության ջանքերը՝ ուղղված կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության դեմ պայքարին, մասնավորապես՝ 2017 թվականին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունումը, Քրեական օրենսգրքի փոփոխությունները և 2018 թվականին Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ստեղծումը։ Այնուամենայնիվ, այն մտահոգված է նաև մասնակից պետությունում կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության դեպքերի մեծ թվով, այդ թվում՝ COVID-19-ի լոքդաունի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի կտրուկ աճով։ Այն նաև մտահոգությամբ է նշում քրեական օրենսդրության դրույթների բացակայությունը, որով հատկապես քրեականացվում են գենդերային հիմքով բռնության բոլոր ձևերը...
26. Վկայակոչելով կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության վերաբերյալ իր թիվ 35 ընդհանուր հանձնարարականը (2017թ.)՝ Կոմիտեն հանձնարարում է Կողմ պետությանը՝
...
գ) խրախուսել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային հիմքով բռնության բոլոր ձևերի, այդ թվում՝ ընտանեկան և սեռական բռնության մասին հաղորդումներ ներկայացնելը և ապահովել, որ բոլոր այդ դեպքերն արդյունավետ կերպով քննվեն, և հանցագործություն կատարած անձինք հետապնդվեն (մեղադրվեն) ի պաշտոնե և կրեն համարժեք պատիժ, ինչպես նաև ապահովել, որ ոստիկանության այն ծառայողները, որոնք քայլեր չեն ձեռնարկում կամ տարհամոզում են զոհերին բողոքներ ներկայացնել, ենթարկվեն պատասխանատվության.
…
է) վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։
Բ. Եվրոպայի խորհուրդը
1. «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ից։
75. 2018 թվականի հունվարի 18-ին Հայաստանի կողմից ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.
Հոդված 29. Քաղաքացիական հայցերը և պաշտպանության քաղաքացիաիրավական միջոցները
«1. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ զոհերին կատարողի դեմ քաղաքացիաիրավական պաշտպանության պատշաճ միջոցներով ապահովելու համար։
...»։
Հոդված 30. Փոխհատուցումը
«1. Կողմերը ձեռնարկում են օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցառումներ` ապահովելու համար, որպեսզի զոհերն ունենան սույն Կոնվենցիայի համաձայն նախատեսված հանցագործություններից որևիցե մեկը կատարած անձից փոխհատուցում պահանջելու իրավունք։
2. Այն անձանց, որոնց պատճառվել է ծանր մարմնական վնասվածք կամ առողջության կորուստ, տրվում է պատշաճ պետական փոխհատուցում այնքանով, որքանով պատճառված վնասը չի հատուցվում այլ աղբյուրներից, ինչպիսիք կատարողը և ապահովագրական կամ պետական ֆինանսավորում ունեցող առողջապահական ու սոցիալական պաշարներն են։ Սա Կողմերի համար հատկացված փոխհատուցման դիմաց կատարողի դեմ հետադարձ պահանջ ներկայացնելու համար խոչընդոտ չէ՝ պայմանով, որ պատշաճ կերպով հաշվի է առնվում զոհի անվտանգությունը։
3. 2-րդ պարբերության համաձայն ձեռնարկված միջոցառումներն ապահովում են փոխհատուցման տրամադրումը ողջամիտ ժամկետում։
Հոդված 45. Պատժամիջոցները և դրանց ապահովման միջոցները
«1. Կողմերը ձեռնարկում են օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ սույն Կոնվենցիային համապատասխան նախատեսված հանցագործությունները պատժվեն արդյունավետ, համաչափ և տարհամոզիչ պատժամիջոցներով՝ հաշվի առնելով դրանց ծանրությունը: Այս պատժամիջոցները ներառում են, ըստ անհրաժեշտության, ազատազրկման հետ կապված պատիժներ, ինչը հանձնման հարց բարձրացնելու հնարավորություն է տալիս:
...»։
Հոդված 46. Ծանրացուցիչ հանգամանքները
Կողմերը ձեռնարկում են օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցառումներ` ապահովելու համար, որ հետևյալ հանգամանքներն այնքանով, որքանով դրանք արդեն իսկ իրավախախտման բաղկացուցիչ տարրեր չեն համարվում, ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների համաձայն հնարավոր լինի դիտարկել որպես ծանրացուցիչ հանգամանքներ՝ սույն Կոնվենցիային համապատասխան նախատեսված իրավախախտումների համար պատիժ սահմանելիս՝
ա) եթե հանցագործությունը կատարվել է նախկին կամ ներկա ամուսնու կամ զուգընկերոջ նկատմամբ՝ ներպետական իրավունքում դրանց տրված իմաստով, ընտանիքի անդամի, զոհի հետ համատեղ բնակվող կամ զոհի նկատմամբ ունեցած իշխանությունը չարաշահած անձի կողմից.
բ) եթե հանցագործությունը կամ նմանատիպ հանցագործությունները կատարվել են կրկին.
...»։
Հոդված 56. Պաշտպանություն ապահովելուն ուղղված միջոցառումները
«1. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ` նախաքննական և դատական վարույթի բոլոր փուլերում զոհերի իրավունքները և շահերը, այդ թվում՝ որպես վկա հանդես գալու դեպքում նրանց հատուկ կարիքները պաշտպանելու նպատակով, մասնավորապես՝
ա) զոհերին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին և վկաներին՝ պաշտպանելով ճնշումներից, վրեժխնդրությունից և կրկնակի վիկտիմիզացիայից.
...»։
2. Ստամբուլի կոնվենցիայի բացատրական զեկույցը
76. Փորձագիտական խմբի կողմից տրված եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
Հոդված 29. Քաղաքացիական հայցերը և պաշտպանության քաղաքացիաիրավական միջոցները
«157. Սույն դրույթի 1-ին պարբերության նպատակն է ապահովել, որ սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության ցանկացած ձևի զոհերը կարողանան դիմել ազգային իրավական համակարգի օգնությանը՝ հանցանք կատարած անձի դեմ պաշտպանության քաղաքացիաիրավական համարժեք միջոցներ ստանալու հայցով։
...»։
Հոդված 30. Փոխհատուցումը
«165. Սույն հոդվածով սահմանվում է սույն Կոնվենցիայի համաձայն նախատեսված իրավախախտումներից ցանկացածի դեպքում կրած վնասների փոխհատուցման իրավունքը։ 1-ին պարբերությամբ սահմանվում է այն սկզբունքը, որ գլխավորապես կատարողն է պատասխանատու վնասների և վերադարձման համար։
...»։
Հոդված 45. Պատժամիջոցները և դրանց ապահովման միջոցները
«232. Սույն հոդվածը սերտորեն կապված է 33-41-րդ հոդվածների հետ, որոնցում սահմանվում են տարբեր իրավախախտումներ, որոնք պետք է պատժելի լինեն քրեական օրենսդրությամբ։ Այնուամենայնիվ, սա վերաբերում է պատժամիջոցների բոլոր տեսակներին՝ անկախ այն հանգամանքից, դրանք ունեն քրեական բնույթ, թե՝ ոչ։ Այդ հոդվածներով սահմանված պարտավորություններին համապատասխան՝ 45-րդ հոդվածով Կողմերից պահանջվում է իրենց կողմից ձեռնարկված քայլերը համապատասխանեցնել իրավախախտումների ծանրության հետ և սահմանել այնպիսի պատժամիջոցներ, որոնք «արդյունավետ, համաչափ և տարհամոզիչ» են։ ...»։
Հոդված 46. Ծանրացուցիչ հանգամանքները
«236. Ծանրացուցիչ հանգամանքներից առաջինը, «ա» կետի համաձայն, վերաբերում է այն դեպքերին, երբ իրավախախտումը կատարվել է նախկին կամ ներկա ամուսնու կամ զուգընկերոջ (ներպետական իրավունքում դրան տրված իմաստով) նկատմամբ ընտանիքի անդամի, զոհի հետ համատեղ բնակվող կամ զոհի նկատմամբ իր իշխանությունը չարաշահած անձի կողմից։ Դրանով կկարգավորվեն տարբեր իրավիճակներ, եթե իրավախախտումը կատարվել է նախկին կամ ներկա ամուսնու կամ զուգընկերոջ (ներպետական իրավունքում դրան տրված իմաստով) կողմից։ Հեղինակություն ունեցող անձ նշանակում է՝ ցանկացած անձ, ով զոհի նկատմամբ գտնվում է գերակա դիրքում, ներառյալ, օրինակ՝ ուսուցիչը կամ գործատուն։ Այդ դեպքերի ընդհանուր տարրը վստահության կարգավիճակն է, որը սովորաբար բնորոշ է հարաբերությունների այդպիսի տեսակին, և հատուկ զգացմունքային վնասը, որը կարող է առաջանալ այդ վստահությունը չարաշահելու արդյունքում, երբ այդպիսի հարաբերությունների մեջ գտնվելով հանդերձ՝ կատարում են իրավախախտում։ Այդ պարբերության մեջ «ներպետական օրենքով սահմանված իմաստով» արտահայտությունը նշանակում է, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան՝ կարգավորվում են առնվազն նախկին կամ ներկա զուգընկերների միջև հարաբերությունները՝ հաշվի առնելով, որ հարաբերությունների բնույթով պայմանավորված մտերմությունն ու վստահությունն այն դարձնում են ծանրացուցիչ հանգամանք։
237. Երկրորդ ծանրացուցիչ հանգամանքը՝ «բ» կետը, վերաբերում է այն իրավախախտումներին, որոնք կատարվում են մի քանի անգամ։ Դա առնչվում է սույն Կոնվենցիայով սահմանված այն իրավախախտումներին, ինչպես նաև ցանկացած հարակից իրավախախտման, որը որոշակի ժամանակահատվածի ընթացքում միևնույն կատարողի կողմից կատարվում է ավելի, քան մեկ անգամ։ Այդ մասով մշակողները որոշել են շեշտը դնել այն կոնկրետ կործանիչ ազդեցության վրա, որը կրում է միևնույն տեսակի հանցավոր արարքի հաճախակի ենթարկվող զոհը։ Սա հաճախ կատարվում է ընտանեկան բռնության իրավիճակներում, ինչը մշակողներին դրդել է պահանջելու դատարանի կողմից նշանակված պատիժների ավելացման հնարավորություն։ ...»։
Հոդված 56. Պաշտպանությանն ուղղված միջոցառումները
«283. 1-ին պարբերության մեջ նշված է այն ընթացակարգերի ոչ ամբողջական ցանկը, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնության բոլոր ձևերի զոհերին քննության ընթացքում պաշտպանելու համար։ Պաշտպանության այդ միջոցները կիրառվում են վարույթի բոլոր փուլերում, ինչպես քննությունների ընթացքում՝ թե իրավապահ կամ թե դատական մարմինների կողմից իրականացվելու դեպքում, այնպես էլ դատական վարույթի ընթացքում։ ...
284. Նախևառաջ, «ա» կետում նշված է, որ Կողմերը պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ զոհերի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների և վկաների պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Կողմերը պետք է ապահովեն, որ զոհերը պաշտպանված լինեն ճնշումներից, վրեժխնդրությունից և կրկնակի վիկտիմիզացիայից։
...»։
3. Նախարարների կոմիտեի կողմից անդամ պետություններին ուղղված՝ Կանանց բռնությունից պաշտպանելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Rec (2002)5 հանձնարարականը
77. 2002 թվականի ապրիլի 30-ին ընդունված` Կանանց բռնությունից պաշտպանելու վերաբերյալ Rec (2002)5 հանձնարարականում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն «կանանց դեմ բռնություն» եզրույթը սահմանում է որպես «գենդերային հիմքով բռնության ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել կանանց ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական վնասի կամ տառապանքի, այդ թվում՝ այդպիսի արարքներ կատարելու սպառնալիքներ, հարկադրանք կամ ազատությունից այլ կերպ զրկելը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր կյանքում, որը ներառում, սակայն չի սահմանափակվում, inter alia, ընտանիքի կամ կենցաղային միավորի ներսում տեղի ունեցող բռնությամբ, այդ թվում՝ ֆիզիկական և մտավոր ագրեսիան, հուզական և հոգեբանական ոտնձգությունը, ամուսինների, կանոնավոր կամ ոչ պարբերական զուգընկերոջ և համատեղ բնակվող անձանց միջև արյունապղծությունը և բռնաբարությունը...»։
78. Ինչ վերաբերում է քրեական օրենսդրությանը, Նախարարների կոմիտեն նշում է, որ անդամ պետությունները պետք է նախատեսեն համապատասխան միջոցներ և պատժամիջոցներ իրենց ազգային օրենդրության մեջ՝ հնարավոր դարձնելով բռնություն կատարած անձանց նկատմամբ անխոչընդոտ և արդյունավետ գործողությունների կիրառումը և փոխհատուցել բռնության զոհ դարձած կանանց պատճառված վնասը։
79. Ինչ վերաբերում է քաղաքացիական օրենսդրությանը, ապա Նախարարների կոմիտեն առաջարկում է, որ անդամ պետություններն ապահովեն, որ բռնության փաստի հաստատման դեպքում զոհերը ստանան համապատասխան փոխհատուցում՝ պատճառված նյութական, ֆիզիկական, հոգեբանական, բարոյական և սոցիալական վնասի համար դրանց ծանրության աստիճանին համապատասխան, այդ թվում՝ դատական ծախսերի հատուցում, և որ նրանք (անդամ պետությունները) նախատեսեն ֆինանսական համակարգի ստեղծում՝ զոհերին փոխհատուցում տրամադրելու նպատակով։
80. Ինչ վերաբերում է դատական վարույթներին, ապա անդամ պետությունները պետք է, ի թիվս այլնի, ապահովեն, որ անհրաժեշտության դեպքում ձեռնարկվեն միջոցներ՝ զոհերին սպառնալիքներից և վրեժխնդրության շարժառիթով հնարավոր գործողություններից արդյունավետորեն պաշտպանելու համար։
81. Ինչ վերաբերում է հատկապես ընտանեկան բռնությանը, Նախարարների կոմիտեն առաջարկում է, որ անդամ պետություններն ընտանիքում բռնության բոլոր ձևերը դասակարգեն որպես քրեական իրավախախտումներ և նախատեսեն միջոցներ ձեռնարկելու հնարավորություն, որպեսզի,ի թիվս այլնի, դատական իշխանությանը հնարավորություն տրվի ընդունել միջանկյալ միջոցներ՝ ուղղված զոհերին պաշտպանելուն, և արգելվի, որ բռնություն գործադրած անձը շփվի, հաղորդակցվի զոհի հետ կամ մոտենա նրան կամ սահմանված տարածքում բնակվի նրա հետ կամ մտնի այդ տարածք։
4. 2018 թվականի սեպտեմբերի 16-ից 20-ը Հայաստան կատարած այցից հետո Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը
82. Զեկույցի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«27. Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության խնդիրներն արդեն քննարկվել են նախորդ Հանձնակատարի՝ 2015 թվականին հրապարակված Հայաստանի վերաբերյալ զեկույցում։ 2015 թվականից ի վեր Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել իրավական շրջանակներ ստեղծելու և դրանք բարելավելու հարցում՝ ուղղված ընտանեկան բռնության դեմ պայքարին։ Հիմնական իրավական գործընթացներն ուղեկցվել են ընտանեկան բռնության հարցի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման արշավներով, հանրային քննարկումների ծավալմամբ և դրա նկատմամբ վերաբերմունքի նկատելի փոփոխությամբ։ Չնայած այս ողջունելի զարգացումներին և խրախուսանքի արժանի ջանքերին` ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ մտահոգիչ, տարածված և որոշ չափով դեռևս թերագնահատված երևույթ Հայաստանում։
28. 2015-2016 թվականներին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության կողմից իրականացված համապարփակ հարցման արդյունքում պարզվել է, որ Հայաստանում կանանց 10%-ը և տղամարդկանց 23%-ը համաձայն են, որ կնոջը ծեծելն արդարացված է որոշակի իրավիճակներում. գյուղական որոշ շրջաններում կնոջը ծեծի ենթարկելու իրողության ընդունումը հասել է 40-41%-ի։ Հարցման համաձայն՝ 15-49 տարեկան կանանց 6%-ը առնվազն մեկ անգամ ենթարկվել է ֆիզիկական բռնության 15 տարեկանից հետո, և այդ ցուցանիշը նույնիսկ ավելի է աճել՝ 2017 թվականին` կազմելով 8.2%՝ ըստ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի` 2017 թվականի մարդկային ներուժի զարգացման համաթվի տվյալների։ Արձանագրված բռնություն կատարած անձանց մեծամասնությունը ներկա (60%) կամ նախկին (39%) ամուսիններ են։ Միևնույն ժամանակ, ՄԱԲՀ-ի կողմից 2016 թվականին իրականացված այլ համազգային հարցում ցույց է տվել, որ հարցված կանանց 45.9%-ը նշել է, որ ենթարկվել է հոգեբանական բռնության, 21.3%-ը տուժել է տնտեսական բռնությունից, իսկ 12.5%-ը հայտնել է ֆիզիկական բռնության մասին...». «2017 թվականին ոստիկանությունը գրանցել է ընտանեկան բռնության 624 դեպք (բացառությամբ սեռական բռնության), որոնցից 456-ը կատարվել են զոհի ամուսնու կամ զուգընկերոջ կողմից: 2018 թվականի առաջին 8 ամիսների համար ցուցանիշը համապատասխանաբար կազմել է 448 և 218։ Ոստիկանության վիճակագրությունը սովորաբար ցույց է տալիս, որ գրանցված դեպքերի տարեկան միջին ցուցանիշը 621 է, մինչդեռ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններն ընդհանուր առմամբ տարեկան ստանում են շուրջ 5000 զանգ թեժ գծերին:
29. ... Շատ հայերի համար ընտանիքում տեղի ունեցող բռնությունը դեռևս համարվում է մասնավոր հարց, և այն ընտանիքի շրջանակներից դուրս բարձրաձայնելը հաճախ դիտարկվում է որպես ամոթալի կամ անպարկեշտ երևույթ։ Հանձնակատարն իր այցելության ընթացքում տեղեկացվել է, որ անցյալում դատական մարմինների որոշ անդամներ, ներկայացված տվյալների համաձայն, քննադատել են ընտանեկան բռնության զոհերին աջակցող հասարակական կազմակերպություններին՝ «ընտանիքի կայունությունը վտանգելու» համար։
...
43. Հանձնակատարը ցանկանում է վերահաստատել, որ հենց ընտանեկան բռնությունն է վտանգում ընտանիքի միասնականությունը, այլ ոչ թե դրա զոհերին աջակցություն ցուցաբերելու փաստը, և նա կոչ է անում իշխանություններին ապահովել, որ այս հիմնական սկզբունքից օգտվեն բոլոր համապատասխան պաշտոնատար անձինք։
...»։
IV. համեմատական իրավունք
83. Եվրոպայի խորհրդի՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ գործողությունների հարցերով փորձագետների խումբը (ԳՐԵՎԻՕ) մինչև այժմ հրապարակել է Ստամբուլյան կոնվենցիայի երեսունվեց անդամ պետությունների՝ Ալբանիայի, Դանիայի, Մոնակոյի, Ավստրիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Չեռնոգորիայի, Թուրքիայի1, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Սերբիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Անդորայի, Իսպանիայի, Սան Մարինոյի, Բոսնիա և Հերցեգովինայի, Գերմանիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Կիպրոսի, Նորվեգիայի, Էստոնիայի, Իռլանդիայի, Հունաստանի, Լիխտենշտեյնի, Մոլդովայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի, Հյուսիսային Մակեդոնիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լեհաստանի, Սլովենիայի և Ռումինիայի ելակետային գնահատման զեկույցները։ Ինչ վերաբերում է փոխհատուցման հարցին (Ստամբուլի կոնվենցիայի 30-րդ հոդվածը, տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը, տե՛ս նաև վերևում՝ Կոնվենցիայի բացատրական զեկույցին առնչվող 76-րդ կետը), այդ զեկույցներում ներկայացված տեղեկությունները նկարագրված են ստորև՝ յուրաքանչյուր պետության համար համապատասխան պարբերություններում (ներպետական օրենսդրության կոնկրետ դրույթներին վերաբերող ծանոթագրություններն ու հղումները բաց են թողնվել):
84. Ալբանիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ բռնության զոհերն իրավունք ունեն տվյալ հանցավոր արարքի հետևանքով կրած վնասի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում դիմելու փոխհատուցում ստանալու համար։ Քրեական վարույթի ընթացքում բավարարված փոխհատուցման պահանջները սահմանափակվում էին տնտեսական վնասով, և այդ պահանջների շրջանակում կատարվող վճարումը կախված էր քրեական վարույթի արդյունքներից: Տուժողները, որպես այլընտրանք, կարող էին փոխհատուցման պահանջ ներկայացնել, որը տարածվում էր վնասի բոլոր ձևերի, այդ թվում՝ ոչ նյութական վնասի վրա (GREVIO/Inf(2017)13, §115):
85. Դանիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ հանցավոր արարքի համար փոխհատուցումը կարող է պահանջվել կատարողից կա՛մ քրեական վարույթի ընթացքում, կա՛մ առանձին քաղաքացիական հայց ներկայացնելու միջոցով: Տուժողները կարող են փոխհատուցում ստանալ եկամտի կորստի, առաջացած բժշկական ծախսերի, անբուժելի մարմնական վնասվածքների և դրանց հետևանքով աշխատունակության կորստի դիմաց։ Հստակ չէ, թե որքանով են երկարաժամկետ հոգեբանական խորհրդատվությունն ու բուժումը ներառված, օրինակ՝ բռնաբարության հետևանքով առաջացած տրավմայի դեպքում (GREVIO/Inf(2017)14, §§ 141- 42)։
86. Մոնակոյի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ տուժողներին տրամադրվող փոխհատուցումը, որը նախատեսված է Կոնվենցիայի 30-րդ հոդվածով, կարգավորվում է ընդհանուր իրավական դրույթներով և ամբողջական փոխհատուցման սկզբունքով, որը հնարավորինս արդար և պատշաճ կերպով արտացոլում է կրած վնասը։ Քրեական պատժամիջոցի հետ կապված փոխհատուցումը տրամադրվել է քրեական օրենսդրության համաձայն, կամ ի հակադրություն ընդունված գործելակերպի՝ քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ արդարացման դեպքում (GREVIO/Inf(2017)3, §102)։
87. Ավստրիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ փոխհատուցումը կարող է պահանջվել կատարողից համապատասխան քրեական վարույթի շրջանակում կամ առանձին՝ քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցներով: Փոխհատուցման տեսակը, որը կարելի էր ստանալ, ներառել է եկամտի ցանկացած կորուստ և երկարաժամկետ խնամքի, բժշկական օգնության, հոգեթերապիայի կամ հոգեսոցիալական ճգնաժամային միջամտության համար նախատեսված ֆինանսական աջակցությունը՝ առավելագույնը մինչև տասը խորհրդատվական սեանսի համար։ Առանձին կամ ի հավելումն վերոնշյալի` ցանկացած ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի համար կարող էր տրամադրվել փոխհատուցում միանվագ գումարի տեսքով: Նման գումարները տատանվում էին 2000-ից մինչև 4000 եվրոյի շրջանակներում՝ ծանր մարմնական վնասվածքների համար, և 8000-ից 12000 եվրո՝ երկարաժամկետ կտրվածքով առողջական խնդիրներ առաջացնող վնասվածքների համար (GREVIO/Inf(2017)4, §§ 128-29):
88. Շվեդիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ հանցավոր արարքի համար կատարողին փոխհատուցման պահանջները կարող են ներկայացվել կա՛մ համապատասխան քրեական վարույթի ընթացքում, կա՛մ առանձին քաղաքացիական հայց ներկայացնելու միջոցով: Այն դեպքում, երբ կատարողը հայտնաբերվել է, սկզբունքորեն պահանջվում է դատապարտել կամ պարզեցված կարգով տուգանք նշանակել նրա նկատմամբ (տուգանք կիարառելու վերաբերյալ դատական որոշում)։ Այնուհետև փոխհատուցումը վճարվել է հանցագործության տուժողներին այնքանով, որքանով խնդրո առարկա վնասը չի ծածկվել փոխհատուցման որևէ այլ ձևով, ինչպիսին ապահովագրական պոլիսով կամ կատարողի կողմից տրամադրվող փոխհատուցումն է: Հանցագործության ծանրության աստիճանի վերաբերյալ որևէ շեմ չի սահմանվել, իսկ ֆիզիկական և հոգեբանական վնասի համար տրվել է փոխհատուցում (GREVIO/Inf(2018)15, §§ 157-58)։
89. Պորտուգալիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ փոխհատուցումը, որպես ընդհանուր կանոն, պետք է պահանջվի քրեական վարույթի շրջանակներում: Փոխհատուցումը ծածկում է ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասը: Նույնիսկ եթե տուժողը հայց չի ներկայացրել, համապատասխան դատավորը կարող է իր նախաձեռնությամբ և հաշվի առնելով նրա վիճակը՝ պարտավորեցնել հանցագործին վճարել որոշակի գումար վնասի փոխհատուցման համար, եթե տուժողը դրա դեմ առարկություն չի ներկայացնում (GREVIO/Inf(2018)16, §154)։
90. Չեռնոգորիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ կատարողից փոխհատուցում հնարավոր է ստանալ համապատասխան քրեական վարույթի շրջանակներում՝ պայմանով, որ նման գործողությունը «էականորեն չի ձգձգի վարույթը»: Այն դեպքերում, երբ ենթադրվում է, որ դա կարող է հանգեցնել ձգձգման, կամ այն դեպքում, երբ ապացույցները բավարար չեն կատարողին դատապարտելու համար, փոխհատուցումը կարող է պահանջվել առանձին՝ քաղաքացիական վարույթի միջոցով: Այն դեպքերում, երբ կատարողից փոխհատուցում ստանալն անհնար է, ներպետական օրենսդրությամբ նախատեսվում է, որ այն պետք է վճարի պետությունը՝ ֆիզիկական և հոգեբանական վնասի, ինչպես նաև եկամտի կորստի դիմաց (GREVIO/Inf(2018)5, §§ 160-61):
91. Թուրքիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ հանցավոր արարքների համար փոխհատուցում կարելի է սկզբունքորեն պահանջել կատարողից՝ ներկայացնելով առանձին քաղաքացիական հայց: Տուժողները կարող են փոխհատուցում ստանալ եկամտի կորստի, առաջացած բժշկական ծախսերի, անբուժելի անձնական վնասվածքի և դրա հետևանքով աշխատունակության կորստի համար (GREVIO/Inf(2018)6, §204):
92. Ֆրանսիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ կատարողից փոխհատուցում հնարավոր է ստանալ քրեական վարույթի համատեքստում: ԳՐԵՎԻՈ-ն նշել է տրամադրված գումարների և փոխհատուցված վնասի վերաբերյալ տվյալների բացակայությունը (GREVIO/Inf(2019)16, §177):
93. Իտալիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ հանցավոր արարքներից տուժածները կարող են կատարողի դեմ փոխհատուցման պահանջ ներկայացնել կա՛մ քրեական վարույթի ընթացքում, կա՛մ առանձին քաղաքացիական հայց ներկայացնելով: Այն դեպքում, երբ քրեական դատարանները որոշում են կայացրել տուժողի փոխհատուցման իրավունքի մասին՝ առանց հստակեցնելու վճարման ենթակա գումարի ճշգրիտ չափը, կամ այն դեպքում, երբ նրանք սահմանել են կանխավճարի չափը, տուժողների՝ ամբողջական փոխհատուցման հասանելիության հարցը լուծվել է քաղաքացիական դատարաններում: Վնասը, հատկապես՝ ոչ նյութական վնասը գնահատելու և դրա քանակը որոշելու միասնական չափորոշիչ չի կիրառվել (GREVIO/Inf(2019)18, §§ 173 and 176)։
94. Նիդեռլանդների վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ հանցավոր արարքներից տուժողը կարող է փոխհատուցում պահանջել կա՛մ համապատասխան քրեական վարույթի շրջանակներում քաղաքացիական հայց ներկայացնելու, կա՛մ քաղաքացիական վարույթի ընթացքում վնասի փոխհատուցման հայց ներկայացնելու միջոցով: Դատարանը կարող է նաև հանցավոր արարքի համար դատապարտված ցանկացած անձի առնչությամբ փոխհատուցում ստանալու որոշում կայացնել, եթե և այնքանով, որքանով այդ անձը պատասխանատվություն է կրում հանցանքի հետևանքով հասցված վնասի համար՝ քաղաքացիական օրենսդրության համաձայն (GREVIO/Inf(2019)19, §§ 190 and 192)։
95. Սերբիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ բռնությամբ կատարված հանցագործությունների տուժողները կարող են բողոք ներկայացնել կատարողի դեմ իրենց բուժման ծախսերի, հարակից այլ ծախսերի և եկամտի կորստի համար՝ բուժման ընթացքում աշխատելու անկարողության պատճառով: Եթե հանցագործությունը հանգեցրել է անձի մահվան, ապա այդ անձի ժառանգները նույնպես իրավունք ունեն ստանալու փոխհատուցում՝ կրած նյութական և ոչ նյութական վնասի համար։ Բացի այդ, խաբեությամբ, ուժով կամ ենթակայության կամ կախվածության հարաբերությունների չարաշահմամբ անօրինական հարաբերության կամ անառակության դրդված անձն իրավունք ունի արդարացի փոխհատուցման՝ կրած բարոյական տառապանքի դիմաց, ինչպես որ այն անձը, որը դարձել է իր անձնական արժանապատվությունն ու բարոյականությունը ոտնահարող հանցանքի տուժող (GREVIO/Inf(2019)20, §160)։
96. Ֆինլանդիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ փոխհատուցում տրամադրելու առաջնային պարտավորությունը դրված է կատարողի վրա: Պահանջները կարող են ներկայացվել կա՛մ համապատասխան քրեական վարույթի ընթացքում, կա՛մ առանձին քաղաքացիական հայց ներկայացնելու միջոցով, որը դատախազը կարող է հարուցել տուժողի անունից (GREVIO/Inf(2019)9, §140):
97. Բելգիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ բռնություն գործադրած անձից փոխհատուցում կարելի է ստանալ քաղաքացիական կամ քրեական դատարանում, եթե տուժողը հարուցել է վնասի փոխհատուցման հայց: Օրինակ, որպես այլընտրանք, այն դեպքում, երբ կատարողի ինքնությունը հայտնի չէ, փոխհատուցում կարող էր տրվել պետության կողմից: Փոխհատուցման պահանջը պետք է ներկայացվի Բռնության միտումնավոր գործողությունների զոհերին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցերով և նպատակային ստեղծված փրկարարների հանձնաժողով, որը հաշվի է առնում հետևյալ գործոնները. ոչ նյութական վնասը. բժշկական և հիվանդանոցային ծախսերը, այդ թվում՝ պրոթեզների արժեքը. ժամանակավոր կամ ցմահ հաշմանդամությունը, ցմահ կամ ժամանակավոր հաշմանդամության պատճառով եկամտի կորուստը, այլանդակությունը, վարույթի ծախսերը՝ մինչև 6000 եվրո, ծախսերը (կապված հագուստի, ճանապարհածախսի և այլնի հետ)՝ մինչև 1250 եվրո, և մեկ կամ մի քանի տարվա ուսումնառության կորստի հետևանքով առաջացած վնասը (GREVIO/Inf(2020)14, §142-43)։
98. Անդորրայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ տուժողների՝ բռնություն գործադրած բոլոր անձանցից փոխհատուցում պահանջելու իրավունքը կարգավորվում է քաղաքացիաիրավական պատասխանատվության մասին սովորական իրավական դրույթներով: Այս իրավունքը կարող է իրականացվել քրեական կամ քաղաքացիական դատարաններում՝ անկախ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդում ներկայացնելու հանգամանքից (GREVIO/Inf(2020)18, §143)։
99. Իսպանիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ [տուժողների նկատմամբ] կատարված հանցավոր արարքների համար փոխհատուցում կարող է պահանջվել կատարողներից կա՛մ քրեական վարույթի ընթացքում, կա՛մ քրեական վարույթի ավարտից հետո քաղաքացիական գործ հարուցելու միջոցով: Քրեական գործով դատապարտումները սովորաբար ներառում են տուժողներին տրամադրվող փոխհատուցումը, իսկ տուժողներին տրամադրվող ֆինանսական փոխհատուցումը պետության՝ կանանց նկատմամբ բռնության պատասխանի էական մասն է կազմում: Այդպիսով, կատարողներից կանոնավոր կերպով պահանջվում է փոխհատուցում վճարել տուժողների նկատմամբ կատարված հանցավոր արարքների համար (GREVIO/Inf(2020)19, §37)։
100. Սան Մարինոյի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ տուժողները կարող են իրավախախտման հետևանքով կրած վնասի համար քաղաքացիական հայց ներկայացնել քրեական վարույթի ժամանակ, և այդ դեպքում քրեական դատարանը կարող է նաև ընդունել և գնահատել կրած վնասի չափը, կամ տուժողները կարող են ներկայացնել անկախ քաղաքացիական հայց։ Այնուամենայնիվ, առկա չեն տվյալներ, որոնք թույլ կտան գնահատել փոխհատուցման առնչությամբ կայացված որոշումների քանակը կամ այդ որոշումների արդյունքում տրամադրված փոխհատուցման չափը (GREVIO/Inf(2021)6, §134)։
101. Բոսնիա և Հերցեգովինայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ տուժողները կարող են կատարողից պահանջել փոխհատուցում մարմնական վնասվածքի կամ առողջության և տնտեսական կորստի համար, ինչպես նաև ոչ նյութական վնասի փոխհատուցում քրեական վարույթի համատեքստում և (կամ) քաղաքացիական վարույթի շրջանակներում փոխհատուցման պահանջ ներկայացնելու միջոցով (GREVIO/Inf(2022)19, §183):
102. Գերմանիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ հանցագործության տուժողները կարող են միանալ քրեական վարույթին տվյալ հանցագործության (հանցագործությունների) արդյունքում պատճառված վնասի փոխհատուցման պահանջով, ինչը նրանց զերծ է պահել կատարողի դեմ քաղաքացիական վարույթ հարուցելուց։ Բացի այդ, գերմանական քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսվում է մասնավոր անձանց ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով առաջացած վնասների համար փոխհատուցման պահանջներ ներկայացնելը: Վնասը կարող է փոխհատուցվել այն անձանցից, որոնք դիտավորյալ կամ անզգուշությամբ խախտել են կյանքի, մարմնական անձեռնմխելիության, առողջության և ազատության իրավունքը, գույքի իրավունքը կամ անձի որևէ այլ իրավունք: Հնարավոր է փոխհատուցում պահանջել նյութական վնասի, ինչպես նաև ֆիզիկական ցավի և հոգեկան տառապանքի համար (GREVIO/Inf(2022)21, §209)։
103. Իսլանդիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ տուժողները կարող են կատարողից պահանջել փոխհատուցում ցանկացած հանցավոր վարքագծի հետևանքով առաջացած վնասի համար՝ կա՛մ քաղաքացիական հայց ներկայացնելով քաղաքացիական վարույթի ընթացքում, կա՛մ քաղաքացիական հայց ներկայացնելով քրեական գործով վարույթի ընթացքում: Իսլանդիայի ազգային գանձարանը վճարում է ընդհանուր քրեական օրենսգրքի խախտման հետևանքով առաջացած վնասի փոխհատուցումը, եթե կատարողն ի վիճակի չէ այն վճարել։ Մարմնական վնասվածքի համար վճարված փոխհատուցման առավելագույն գումարը կազմում է 5,000,000 իսլանդական կրոն (մոտավորապես 36,500 եվրո), իսկ ոչ նյութական վնասի համար՝ 3,000,000 իսլանդական կրոն (մոտավորապես 22,000 եվրո) (GREVIO/Inf(2022)26, §§ 172-73):
104. Շվեյցարիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ բռնություն գործադրած անձի կողմից պատճառված վնասների և պետության կողմից ոչ նյութական վնասների համար փոխհատուցման հասանելիությունը նախատեսված է Շվեյցարիայի օրենսդրությամբ՝ Պարտավորությունների օրենսգրքի և Քաղաքացիական օրենսգրքի համաձայն: Այնուամենայնիվ, ԳՐԵՎԻՈ-ն տեղեկացվել է, որ ուղեկցող քրեական վարույթի բացակայության դեպքում բռնության զոհերի համար դժվար է ոչ նյութական վնասի պահանջներ ներկայացնելը (GREVIO/Inf(2022)27, §164):
105. Վրաստանի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվում է, որ անձինք կարող են ցանկացած կրած վնասի համար, ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական, պահանջել փոխհատուցում։ Այն գործերը, որոնց դեպքում հնարավոր է, որ պահանջվի ոչ նյութական վնասի փոխհատուցում, այնուամենայնիվ, սահմանափակ են։ Հետագայում նշվել է, որ իշխանությունները չեն տրամադրել տեղեկություն Ստամբուլի կոնվենցիայով կարգավորվող՝ կանանց նկատմամբ բռնության տարբեր ձևերի զոհերի կողմից նման փոխհատուցման պահանջներ ներկայացնելու վերաբերյալ (GREVIO/Inf(2022)28, §222)։
106. Կիպրոսի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ կանանց նկատմամբ բռնություն պարունակող իրավախախտման տուժողն իրավունք է ունեցել տվյալ կատարողից պահանջելու վնասի փոխհատուցում քաղաքացիական դատարանում քաղաքացիական իրավունքի համաձայն, և այդ պահանջի նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվել: Փոխհատուցման չափը որոշելու համար, դատարանը, inter alia, հաշվի է առել բռնության չափը և զոհի համար դրա հետևանքները, կատարողի մեղքի աստիճանը, զոհի հետ կատարողի փոխհարաբերությունները, ինչպես նաև վերջինիս իշխանությունն ու ազդեցությունը զոհի վրա։ Այնուամենայնիվ, որևէ հղում չի կատարվել զոհի կրած ոչ նյութական վնասի վերաբերյալ (GREVIO/Inf(2022)29, §168):
107. Նորվեգիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ այն անձը, որը ստացել է մարմնական վնասվածք կամ ունեցել է առողջության կորուստ բռնության գործադրումով հանցագործության հետևանքով, ինչը դիտարկվում է որպես միջամտություն կյանքի, առողջության կամ ազատության իրավունքին, կարող է հանցագործության հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման իրավունք ունենալ: Տվյալ սխեման ներառել է ծախսերի, եկամտի կորստի և ստացվելիք եկամտի կորստի, ցմահ հաշմանդամության պատճառով ցավի և տառապանքի փոխհատուցում, ոչ նյութական վնասի փոխհատուցում և ողջ մնացած հարազատների փոխհատուցում: Կատարողը, որպես հիմնական կանոն, ֆինանսական պատասխանատվություն է կրում տուժողների նկատմամբ կատարած իր գործողությունների համար, և տուժողը կարող է նման փոխհատուցման պահանջ ներկայացնել քրեական վարույթի ընթացքում կամ այդ նպատակով քաղաքացիական վարույթ հարուցել (GREVIO/Inf(2022)30, §156)։
108. Էստոնիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ Էստոնիայի Քրեական օրենսգրքում սահմանված կանանց նկատմամբ բռնության ցանկացած ձևի զոհերը կարող են փոխհատուցում պահանջել տվյալ կատարողից քրեական վարույթի ընթացքում կամ քաղաքացիական վարույթ սկսելու միջոցով: Վնասի այն տեսակները, որոնց համար կարելի էր փոխհատուցում պահանջել, հստակեցված չեն եղել։ (GREVIO/Inf(2022)32, §149):
109. Իռլանդիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ դատավորը որպես պատժի մաս կարող է ներառել փոխհատուցման վերաբերյալ որոշումը նշանակված տույժի փոխարեն կամ ի հավելումն դրա, որպեսզի փոխհատուցի տուժողին իրավախախտման հետևանքով առաջացած ցանկացած անձնական վնասվածքի կամ կորստի համար: Վճարվող գումարը սահմանվում է դատավորի հայեցողությամբ, որը կարող է հաշվի առնել տվյալ կատարողի ֆինանսական միջոցները, սակայն ոչ նյութական վնասը հաշվի չի առնվում (GREVIO/Inf(2023)22, §181):
110. Հունաստանի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ հանցավոր արարքների զոհերը կարող են քրեական վարույթի ընթացքում փոխհատուցման պահանջ ներկայացնել տվյալ կատարողին, սակայն ոչ նյութական վնասի փոխհատուցումը հնարավոր է ստանալ միայն առանձին քաղաքացիական հայց ներկայացնելու միջոցով: Քաղաքացիական օրենսգիրքը զոհերին իրավունք է տվել կատարողից պահանջել փոխհատուցում՝ կրած ցանկացած նյութական և ոչ նյութական վնասի համար: Ընտանեկան բռնության մասին օրենքով նաև սահմանվում է նվազագույն գումար (1000 եվրո)՝ ընտանեկան բռնության դեպքերում ոչ նյութական վնասի փոխհատուցման համար (GREVIO/Inf(2023)23, §180):
111. Լիխտենշտեյնի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ Ստամբուլի կոնվենցիայի գործողության ոլորտում ընդգրկվող բռնարարքների բոլոր ձևերի զոհերը կարող են առաջնային փոխհատուցում (այսինքն՝ կատարողից ստացվող փոխհատուցում) պահանջել որպես համապատասխան քրեական վարույթի մաս և քաղաքացիաիրավական վարույթի միջոցով: Մարմնական վնասի համար պատասխանատու անձը պետք է տուժողին փոխհատուցի բժշկական ծախսերը, եկամտի կորուստը և ֆիզիկական և (կամ) հուզական ապրումներից և տառապանքից պատճառված վնասը (GREVIO/Inf(2023)24, §167):
112. Մոլդովայի Հանրապետության վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ բռնության զոհ դարձած կանայք կարող են առաջնային փոխհատուցում ստանալ տվյալ հանցագործից՝ քրեական վարույթի կամ առանձին քաղաքացիական հայց ներկայացնելու միջոցով: Համապատասխանաբար, հանցագործության զոհերը կարող են մասնակցել քրեական վարույթին որպես քաղաքացիական կողմ և կատարողից պահանջել փոխհատուցում՝ նյութական և (կամ) ոչ նյութական վնասի համար (GREVIO/Inf(2023)26, §163):
113. Լյուքսեմբուրգի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ բռնության զոհերն իրավունք են ունեցել կատարողից և պետությունից ստանալու փոխհատուցում, որը ստացվել է քաղաքացիական վարույթի միջոցով կամ քրեական վարույթի համատեքստում քաղաքացիական հայց ներկայացնելու միջոցով: Զոհերը պետք է ունենային լուրջ մարմնական վնասվածքներ, ենթարկված լինեին բռնաբարության, սեռական ոտնձգության կամ մարդկանց թրաֆիքինգի հետ կապված գործողությունների: Փոխհատուցման պահանջների վերին սահմանը կազմել է 63,000 եվրո (GREVIO/Inf(2023)4, §133):
114. Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ առաջնային փոխհատուցում կարող է պահանջվել կատարողից՝ որպես քրեական վարույթի մաս կամ առանձին քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցների միջոցով: Որևէ տեղեկություն չի տրամադրվել վնասի այն տեսակների մասին, որոնց համար փոխհատուցում կարող է պահանջվել կատարողից (GREVIO/Inf(2023)5, §225):
115. Խորվաթիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ բռնության զոհերը կարող են պահանջ ներկայացնել տվյալ պատասխանողի նկատմամբ նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցման կապակցությամբ՝ որպես քրեական վարույթի մաս կամ առանձին քաղաքացիական հայց ներկայացնելու միջոցով (GREVIO/Inf(2023)6, §173)։
116. Մալթայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ վերջերս՝ Ստամբուլի կոնվենցիայի ստորագրումից հետո, Մալթայի իրավական դաշտում ներդրվել է ոչ նյութական վնասի փոխհատուցման վճարման համակարգ, և այդպիսի փոխհատուցում հնարավոր է պահանջել ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական վարույթների ժամանակ: Այնուամենայնիվ, քրեական վարույթի ընթացքում ոչ նյութական վնասի փոխհատուցման տրամադրումը, ըստ երևույթին, սահմանափակվել է իրավախախտումների որոշակի կատեգորիաներով. իրավախախտումներ, որոնց համար նախատեսված է եղել առնվազն երեք տարի ազատազրկում, և իրավախախտումներ, որոնց համար սահմանվել է 10,000 եվրոյի չափով փոխհատուցում: Արդյունքում պարզ է դարձել, որ ոչ նյութական վնասի փոխհատուցում չի կարող պահանջվել Ստամբուլի կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավախախտումների մասով, մասնավորապես՝ ֆիզիկական բռնության (թեթև մարմնական վնասվածք), հետամտելու, հղիության հարկադիր արհեստական ընդհատման և սեռական հետապնդման համար, քանի որ բոլոր այս իրավախախտումները պատժվում են ազատազրկմամբ՝ ոչ պակաս, քան երեք տարի ժամկետով (GREVIO/Inf(2020)17, §147):
117. Լեհաստանի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ բռնության գործադրմամբ իրավախախտումների զոհերը, մասնավորապես՝ ընտանեկան բռնության հետ կապված իրավախախտումների դեպքում, կարող են փոխհատուցում պահանջել համապատասխան կատարողից քրեական վարույթի ընթացքում կամ առանձին քաղաքացիաիրավական հայցով բողոք ներկայացնելու միջոցով: Քաղաքացիական իրավունքի համաձայն՝ փոխհատուցումը կարող է ծածկել նյութական և ոչ նյութական վնասը (GREVIO/Inf(2021)5, §177):
118. Սլովենիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ կատարողից հնարավոր է փոխհատուցում ստանալ որպես քրեական վարույթի մի մաս՝ պայմանով, որ նման գործողությունն անհարկի չձգձգի վարույթը, կամ առանձին քաղաքացիական վարույթի միջոցով՝ վնասի փոխհատուցման վերաբերյալ ընդհանուր կանոնների համաձայն: Որևէ տեղեկություն չի տրամադրվել վնասի այն տեսակների մասին, որոնց համար փոխհատուցում կարող է պահանջվել կատարողից (GREVIO/Inf(2021)7, §226):
119. Ռումինիայի վերաբերյալ ելակետային գնահատման զեկույցում նշվել է, որ բռնության զոհ դարձած կանայք կարող են առաջնային փոխհատուցում ստանալ հանցագործից՝ քրեական վարույթի կամ առանձին քաղաքացիական հայց ներկայացնելու միջոցով: Հանցագործության զոհերը կարող են մասնակցել քրեական վարույթին որպես քաղաքացիական կողմ և պահանջել նյութական և (կամ) ոչ նյութական վնասի փոխհատուցում տվյալ կատարողից: Փոխհատուցումը կարող է պահանջվել ֆիզիկական և հոգեբանական վնասի համար, այդ թվում՝ երբ այդպիսի վնասվածքը երկարաժամկետ կամ անբուժելի է, որի դեպքում փոխհատուցումը կարող է վճարվել միանվագ և (կամ) ամսական վճարումների ձևով (GREVIO/Inf(2022)6, §239)։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
120. Համաձայն առանձին վերցրած 3-րդ և 8-րդ հոդվածների և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համակցությամբ դիմումատուն բողոքել է, որ մարմինները չեն ձեռնարկել որևէ քայլ՝ Ս.Հ.-ի դեմ հարուցված քրեական վարույթի ընթացքում իրեն ընտանեկան բռնության հետագա գործողություններից պաշտպանելու համար, և այնուհետև նրա նկատմամբ համաչափ պատիժ չի նշանակվել իր նկատմամբ կատարված ծանր բռնարարքների համար, և որ նա չունի օրինական միջոցներ Ս.Հ.-ից փոխհատուցում պահանջելու վերջինիս կողմից գործադրված բռնության պատճառով իր կրած ոչ նյութական վնասի համար։ Դատարանը վերահաստատում է, որ այն համարվում է որպես գործի փաստերին իրավական որակավորում տվող մասնագիտացված կառույց (տե՛ս Ռադոմիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, §§ 114 և 126, 2018 թվականի մարտի 20)։ Դատարանը, հաշվի առնելով դիմումատուի կողմից բողոքարկման ենթակա հանգամանքները և դրանց ձևակերպման եղանակը, ավելի նպատակահարմար է համարում քննել նրա բողոքները միայն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո: Սույն որոշումն ունի հետևյալ բովանդակությունը.
Հոդված 3
Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։
Ա. Ընդունելիությունը
1. Իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելը
ա) Կողմերի փաստարկները
121. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները ներպետական մարմինների կողմից քննության ընթացքում իրեն ամուսնուց ենթադրաբար չպաշտպանելու վերաբերյալ իր բողոքի առնչությամբ։
122. Առաջին, դիմումատուն չի դիմել նախաքննություն իրականացնող մարմին՝ պաշտպանության միջոցներ կիրառելու համար՝ համաձայն այն ժամանակ գործող Քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ և 98.4 հոդվածների (տե՛ս վերևում՝ 63-րդ և 67-րդ պարբերություններում հիշատակված համապատասխան դրույթները): Ներպետական օրենսդրությամբ նախատեսվում են մի շարք պաշտպանության միջոցներ (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունը), որոնք պետք է օգտագործվեին խոցելի մարդկանց հետ կապված իրավիճակներում, ինչպիսին է սույն գործով հանդես եկող դիմումատուն, սակայն դիմումատուն չի դիմել նախաքննություն իրականացնող մարմին՝ նման միջոցներ կիրառելու համար: Փոխարենը նա դիմել է մարզային դատարան՝ Ս.Հ.-ին կալանքի տակ վերցնելու համար, ինչն արդյունավետ պաշտպանության միջոց կլիներ միայն այն դեպքում, եթե առաջին ատյանի դատարանը համապատասխան և բավարար պատճառներ գտներ նրան կալանքի տակ վերցնելու համար: Այնուամենայնիվ, ինչպես հաստատվել է նախաքննություն իրականացնող մարմնի կողմից 2013 թվականի նոյեմբերի 15-ի իր որոշման մեջ (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը), 2013 թվականի նոյեմբերի 5-ի՝ Ս.Հ.-ի գործողություններում բացակայել է corpus delicti (հանցակազմ) (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը): Հետևաբար նրան կալանավորելու հիմքեր չեն եղել: Կառավարությունը տրամադրել է վիճակագրություն՝ նախկին Քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածում թվարկված՝ 2019, 2020 և 2021 թվականներին տարբեր իրավախախտումների հետ կապված քրեական վարույթում ներգրավված անձանց նկատմամբ պաշտպանական միջոցներ կիրառելու վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունը)։
123. Երկրորդ, դիմումատուն չէր բողոքարկել 2013 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը), որը վերաբերում էր Դատարանում նրա հիմնական պնդմանը: Անկախ այդ բողոքարկման արդյունքից՝ նա պետք է առաջին հերթին օգտվեր ներպետական մակարդակով իրեն հասանելի իրավական պաշտպանության միջոցներից:
124. Դիմումատուն պնդել է, որ ինքը սպառել է իրեն հասանելի իրավական պաշտպանության ներպետական բոլոր միջոցները: Նա բողոքարկել էր մարզային դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի վճիռը (տե՛ս վերևում՝ 45-րդ, 46-րդ և 49-րդ պարբերությունները):
125. Ինչ վերաբերում է նախկին քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ և 98.4-րդ հոդվածներով նախատեսված պաշտպանության միջոցների համար նախաքննություն իրականցնող մարմին դիմելու հնարավորությանը, դիմումատուն նշել է, որ նման միջոցներ կարող են կիրառվել միայն վարույթի մինչդատական փուլում, այլ ոչ թե դատաքննության ընթացքում: Բացի այդ, նախկին Քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախաքննություն իրականացնող մարմինը կարող էր նաև պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշում կայացնել իր նախաձեռնությամբ (տե՛ս վերևում՝ 64-րդ պարբերությունը): Այսպիսով, պարզելով, որ նա պաշտպանության կարիք ուներ, քննիչը կարող էր իր նախաձեռնությամբ պաշտպանության միջոցներ կիրառել։ Դիմումատուն Գեղարքունիքի ոստիկանության քննչական բաժնի պետին հայտնել էր, որ Ս.Հ.-ն սպառնացել է վրեժ լուծել իրենից և իր հարազատներից, եթե նա վերադառնա գյուղ, և այդ պատճառով նա խնդրել է՝ հնարավորության դեպքում հարցաքննությունն անցկացվի Երևանում (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը): Նրա այդ հարցումը մնացել է անպատասխան։ Նա նաև մի շարք հարցումներ էր ներկայացրել իրավասու պետական մարմիններին (տե՛ս, օրինակ՝ վերևում 33-րդ պարբերությունը) և նույնիսկ պահանջել էր կալանավորել Ս.Հ.-ին: Այնուամենայնիվ, նախաքննություն իրականացնող մարմինը հանդուրժել է Ս.Հ.-ի ապօրինի պահվածքը նախաքննության ընթացքում, այդ թվում՝ նրա վատ պահվածքը առերեսումների ժամանակ (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը), հարցաքննություններին չներկայանալը, բնակության վայրից բազմիցս բացակայելը և այլն: Քրեական գործին վերաբերող նյութերը պարունակում են նաև ապացույցներ, որ Ս.Հ.-ն սպառնացել է դիմումատուին և հարվածել նրա դեմքին (տե՛ս վերևում՝ 34-րդ և 35-րդ պարբերությունները): Համապատասխան մարմինները, սակայն, ոչինչ չեն ձեռնարկել այդ կապակցությամբ։
126. Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ դիմումատուն չի վիճարկել 2013 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 37-րդ և 123-րդ պարբերությունները), դիմումատուն նշել է, որ նախաքննություն իրականացնող մարմինը չի կիրառել որևէ խափանման միջոց Ս.Հ.-ի նկատմամբ այն բանից հետո, երբ նա հայտնել է 2013 թվականի նոյեմբերի 5-ի միջադեպի մասին (տե՛ս վերևում՝ 34-րդ և 35-րդ պարբերությունները), որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ս.Հ.-ի նկատմամբ իրականացվել է քննություն խոշտանգումների վերաբերյալ նրա բողոքների առնչությամբ։ Նման հանգամանքներում այն չի համարել, որ 2013 թվականի նոյեմբերի 15-ի որոշման վիճարկումն արդյունավետ կլինի (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը):
բ) Դատարանի գնահատականը
127. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի համաձայն՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են «Communautռ genevoise d’action syndicale» (CGAS)-ն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] [Communautռ genevoise d’action syndicale (CGAS) v. Switzerland], թիվ 21881/20, §§ 1308-46, 2023 թվականի նոյեմբերի 27, գործում։
128. Դատարանը համարում է, որ Կառավարության առարկություններով, որոնցով նրանք պնդում են, որ դիմումատուն չի դիմել նախաքննություն իրականացնող մարմին՝ քրեական վարույթի մասնակիցների համար հասանելի պաշտպանության միջոցներ կիրառելու համար (տե՛ս վերևում՝ 122-րդ պարբերությունը), հարցեր են առաջանում ներպետական մարմինների՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ստանձնած՝ դիմումատուին պաշտպանելու իրենց դրական պարտավորության կատարման վերաբերյալ: Այսպիսով, Դատարանը համարում է, որ այս հարցը սերտորեն կապված է դիմումատուի բողոքի բովանդակության հետ այն մասով, որ ներպետական մարմինները չեն կարողացել պաշտպանել նրան ընտանեկան բռնարարքներից Ս.Հ.-ի դեմ հարուցված քրեական գործով վարույթի ընթացքում (տե՛ս վերևում՝ 120-րդ պարբերությունը)։ Հետևաբար Դատարանը որոշում է միացնել առարկության այս մասը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն դիմումատուի կողմից ներկայացված բողոքի ըստ էության քննությանը։
129. Կառավարությունը նաև պնդել է (տե՛ս վերևում՝ 123-րդ պարբերությունը), որ դիմումատուն չի վիճարկել նախաքննություն իրականացնող մարմնի՝ 2013 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը, որով, ըստ էության, մերժվել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին կատարված իրադարձությունների հետ կապված Ս.Հ.-ի դեմ քրեական վարույթ հարուցելը (տե՛ս վերևում՝ 34-րդ և 37-րդ պարբերությունները):
130. Դատարանը վերահաստատում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու պարտավորությամբ պահանջվում է, որ դիմումատուն պետք է բնականոն ձևով օգտվի Կոնվենցիայով նախատեսված դժգոհությունների հետ կապված հասանելի և բավարար իրավական պաշտպանության միջոցներից (նույն տեղում, §139)։ Այն այս առնչությամբ նկատում է, որ դիմումատուն առանձնապես չի բողոքել դատարանում իրավապահ մարմինների՝ նոյեմբերի 5-ի միջադեպի հետ կապված Ս.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականցնելու առնչությամբ (տե՛ս վերևում՝ 120-րդ պարբերությունը): Դատարանն այս առումով չի կարող ընդունել Կառավարության փաստարկն առ այն, որ 2013 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը) վերաբերում էր դիմումատուի՝ Դատարան ներկայացված հիմնական պնդմանը (տե՛ս վերևում՝ 123-րդ պարբերությունը): Բոլոր դեպքերում Կառավարությունը չի ներկայացրել պարզաբանումներ այն մասին, թե ինչ փոխհատուցում, եթե այդպիսին լիներ, կարող էր տրամադրվել դիմումատուին Կոնվենցիայի շրջանակներում ներկայացված իր բողոքի առնչությամբ, եթե Ս.Հ.-ի դեմ հիմնական գործի քննության ընթացքում վերջինիս կողմից ցուցաբերված բռնի վարքագծի մեկ դեպքին վերաբերող տվյալ վարույթն ավարտվեր հաջող ելքով (տե՛ս վերևում՝ 120-րդ պարբերությունը):
131. Դատարանը հիմքեր չունի համարելու, որ 2013 թվականի մայիսի 5-ին և հունիսի 16-ին դիմումատուի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի առնչությամբ Ս.Հ.-ի դեմ հարուցված հիմնական քրեական վարույթը (տե՛ս վերևում՝ 28-րդ, 36-րդ և 38-րդ պարբերությունները), որի շրջանակներում նա նաև դրամական փոխհատուցում է պահանջել Ս.Հ.-ից (տե՛ս վերևում՝ 44-րդ պարբերությունը), եղել է իրավական պաշտպանության անարդյունավետ միջոց Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված նրա բողոքների առնչությամբ: Դատարանը դրա հետ կապված նկատում է, որ դիմումատուն մարզային դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռի դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը), և որ նա այնուհետև վերջինիս կայացրած որոշման դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որն այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել 2015 թվականի օգոստոսի 20-ին (տե՛ս վերևում՝ 46-րդ և 49-րդ պարբերությունները): Հետևաբար Դատարանը մերժում է այս առնչությամբ Կառավարության՝ իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին առարկությունը։
2. Վեցամսյա ժամկետի պահպանումը
ա) Կողմերի փաստարկները
132. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի բողոքն առ այն, որ նա չի ունեցել իրավական պաշտպանության միջոցներ` Ս.Հ.-ից ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու համար, ներկայացվել է վեցամսյա ժամկետը լրանալուց հետո: Մասնավորապես, եթե դիմումատուն համարեր, որ իր տրամադրության տակ չի եղել Ս.Հ.-ից ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու արդյունավետ իրավական ճանապարհ, ապա նա պետք է դիմեր Դատարան ենթադրյալ վնասը կրելու պահից վեց ամսվա ընթացքում, այն է՝ մինչև 2013 թվականի ապրիլի 5-ը։
133. Դիմումատուն առանձնապես չի անդրադաձել այս առակությանը։
բ) Դատարանի գնահատականը
134. Վեցամսյա ժամկետը (ինչպես կիրառելի է համապատասխան ժամանակահատվածում), որպես կանոն, սկսվում է հաշվարկվել իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու գործընթացի արդյունքում վերջնական որոշում կայացնելու օրվանից: Եթե ի սկզբանե պարզ է, որ դիմումատուին հասանելի չէ պաշտպանության որևէ արդյունավետ միջոց, ապա ժամկետն սկսվում է այն գործողությունները կատարելու կամ միջոցները նշանակելու պահից, որոնց առնչությամբ բողոք է ներկայացվում, կամ այդ ակտի կամ դիմումատուի վրա դրա ազդեցության կամ դրանով վերջինիս վնաս պատճառելու մասին հայտնի դառնալու ամսաթվից, իսկ եթե իրավիճակը շարունակական է, ապա այն ավարտվելու պահից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC] թիվ 10865/09 և 2 այլ գործեր)։
135. Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի պարզաբանել, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել մինչև 2013 թվականի ապրիլի 5-ը կամ այդ ամսաթվին, եթե այդպիսիք տեղի են ունեցել, որոնք ստիպել են նրանց համարել, որ դիմումատուն պետք է դիմած լիներ Դատարան՝ մինչև նշված ամսաթիվը: Այդ ամսաթիվը չի հիշատակվում ո՛չ Դատարանի կողմից սույն գործի հիմքում ընկած փաստերի նկարագրության մեջ, ո՛չ էլ նրանց դիտարկումներում որոշակի լրացուցիչ փաստերի վերաբերյալ Կառավարության կողմից ներկայացված նկարագրության մեջ:
136. Դատարանը նկատում է, որ դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Ս.Հ.-ի դեմ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում (տե՛ս վերևում՝ 44-րդ պարբերությունը), և որ նրա քաղաքացիական հայցն անմիջականորեն կապված է Ս.Հ.-ի՝ իր նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ մեղադրական դատավճռի հետ: Հետևաբար Դատարանը գտնում է, որ իրավական մեխանիզմի բացակայության վերաբերյալ դիմումատուի՝ Կոնվենցիայի շրջանակներում բերված բողոքը վատ վերաբերմունքի առնչությամբ Ս.Հ.-ի վերջնական մեղադրական դատավճռից հետո վեցամսյա ժամկետի ընթացքում Դատարան ներկայացնելը, որով նա Ս.Հ.-ից պահանջում է փոխհատուցում վերջինիս կողմից իր նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի արդյունքում կրած ոչ նյութական վնասի համար, անհիմ չի եղել։
137. Ինչպես նշված է վերևի 131-րդ պարբերությունում, Ս.Հ.-ի դեմ հարուցված քրեական վարույթի վերաբերյալ վերջնական որոշումը Վճռաբեկ դատարանը կայացրել է 2015 թվականի օգոստոսի 20-ին, որի արդյունքում նա դատապարտվել է դիմումատուի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Այդ որոշումը դիմումատուին հանձնվել է 2015 թվականի օգոստոսի 26-ին (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը), և դիմումատուն ներկայացրել է իր գանգատը 2016 թվականի փետրվարի 22-ին, այսինքն՝ պահպանել է վեցամսյա ժամկետի կանոնը։ Հետևաբար Դատարանը մերժում է Կառավարության՝ դիմումատուի կողմից վեցամսյա ժամկետի կանոնը չպահպանելու վերաբերյալ առարկությունը։
3. Եզրակացություն
138. Դատարանը նշում է, որ գանգատը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
139. Դիմումատուն պնդել է, որ իշխանությունները ոչ մի միջոց չեն ձեռնարկել իրեն պաշտպանելու համար, չնայած այն հանգամանքին, որ տեղյակ են եղել, որ ինքը ստիպված է եղել Ս.Հ.-ից թաքնվել ապաստարանում՝ հետագա բռնություններից խուսափելու համար, և որ խնդրել է, որ իրեն և իր հարազատներին հարցաքննեն Երևանում (տե՛ս դիմումատուի փաստարկներն այս մասին վերևում՝ 125-րդ պարբերությունը): Իշխանությունները օբյեկտիվորեն չեն գնահատել իր դժվարին իրավիճակը, որն առաջացել է իր նկատմամբ գործադրված բռնության հետևանքով, և դրան հաջորդած հոգեկան վիճակը։ Ավելին, նրանք օբյեկտիվորեն չեն գնահատել իրավիճակը նույնիսկ 2013 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բնության դեպքի մասին հաղորդելուց հետո (տե՛ս վերևում՝ 34-րդ և 35-րդ պարբերությունները), ինչը հաստատում է իր մտահոգությունների ճշմարտացիությունը:
140. Թեև Ս. Հ.-ի նկատմամբ պաշտոնապես իրականացվել է հետապնդում, և նա մեղավոր է ճանաչվել իրեն խոշտանգելու համար, ի վերջո, իր գործողությունների համար նա մնացել է լրիվ անպատիժ: Մասնավորապես նրա նկատմամբ չի կիրառվել որևէ խափանման միջոց ո՛չ քննության, ո՛չ դատաքննության ընթացքում:
141. Իր նկատմամբ դաժան վերաբերմունքի համար Ս.Հ.-ն չի կրել համապատասխան և համաչափ պատիժ, քանի որ «իրավական մեխանիզմների բացակայության հետևանքով ներպետական դատարանները դիմումատուին չեն համարել ընտանիքի անդամ և [Ս. Հ.]-ի խնամարկյալ»: 2017 թվականին ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում «ընտանիքի անդամներ» հասկացության սահմանումը ընտանեկան բռնության համատեքստում ընդգրկում է «փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձ» հասկացությունը (տե՛ս վերևում՝ 68-րդ պարբերությունը)։ Այդուհանդերձ, այդ պահին նման սահմանում գոյություն չի ունեցել, ինչի արդյունքում ներպետական դատարանները եզրակացրել են, որ այն հանցանքի իրավական դասակարգման համատեքստում, որի համար նա դատապարտվել է, դիմումատուն չի հանդիսացել ընտանիքի անդամ և հետևաբար չի եղել Ս.Հ.-ի խնամարկյալ: Արդյունքում, Ս.Հ.-ի դեմ մեղադրանքները դասակարգվել են նախկին քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (տե՛ս վերևում՝ 53-րդ պարբերությունը), ինչը թույլ է տվել նշանակել ավելի մեղմ պատիժ, և այդպիսով նա կարողացել է օգտվել 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Համաներման մասին» օրենքից (տե՛ս վերևում՝ 69-րդ պարբերությունը) և ազատվել պատիժը կրելուց:
142. Դիմումատուն հետագայում պնդել է, որ համապատասխան իրավական մեխանիզմների բացակայությունը, ինչպես հաստատվել է իր գործում, նշանակել է նաև, որ նա չէր կարող Ս.Հ.-ից պահանջել ոչ նյութական վնասի փոխհատուցում: Ներպետական օրենսդրության համաձայն, ֆիզիկական անձանցից բարոյական վնասի փոխհատուցում կարող է պահանջվել զրպարտության և վիրավորանքի համար (տե՛ս վերևում՝ 58-րդ պարբերությունը), սակայն ոչ դաժան բռնության և խոշտանգումների դեպքում: Հակառակ կառավարության պնդումներին (տե՛ս ստորև 147-րդ պարբերությունը)՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածն ակնհայտորեն կիրառելի չի եղել Ս.Հ.-ի դեմ իր քաղաքացիական հայցի նկատմամբ, որով նա փոխհատուցում է պահանջել իր նկատմամբ Ս.Հ.-ի կողմից վատ վերաբերմունքի հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական վնասի համար:
բ) Կառավարությունը
143. Կառավարությունը չի վիճարկել, որ դիմումատուի նկատմամբ Ս.Հ.-ի վերաբերմունքը հասել է ծանրության նվազագույն շեմին, որպեսզի այն դիտարկվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության շրջանակում:
144. Նրանք պնդել են, որ այդ ժամանակ գործող քրեական օրենսդրության դրույթների շրջանակում հնարավոր է եղել պատշաճ կերպով հասցեագրել ընտանեկան բռնության հանցանքը, և նշել են, որ դատարանի խնդիրը չէ ստուգել, թե արդյոք դատախազությունը և ներպետական դատարանները ճիշտ են կիրառում ներպետական քրեական օրենսդրությունը: Այսպիսով, Ս.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ծանրացնող հանգամանքներում խոշտանգում կատարելու համար, ինչպես նախատեսված է եղել նախորդ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տե՛ս վերևում՝ 54-րդ պարբերությունը), որով նախատեսվել է, որ հանցավորից տուժողի կախվածությունը հանցագործության ծանրացնող հանգամանք է: Կառավարության կարծիքով՝ ներպետական օրենսդրության մեջ այս վարքը ծանրացնող հանգամանքի առկայությունը բավարար է եղել ներպետական օրենսդրական շրջանակը որպես ընտանեկան բռնության դեմ համապատասխան պաշտպանություն ապահովող շրջանակ դիտարկելու համար՝ անկախ այն հանգամանքից, որ Ս.Հ.-ի դեմ մեղադրանքը հետագայում վերադասակարգվել է մարզային դատարանի կողմից (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը): Կառավարությունն ընդգծել է, որ դատախազը բողոքարկել է մարզային դատարանի որոշումը՝ վիճարկելով հանցանքի վերադասակարգումը, որի համար մեղադրվել է Ս.Հ.-ն (տե՛ս վերևում՝ 47-րդ պարբերությունը): Նրանք պնդել են, որ տվյալ դեպքում քրեաիրավական մեխանիզմների կիրառման եղանակը չի եղել այնքան թերի, որպեսզի այն համարվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված պատասխանող պետության պարտավորությունների խախտում: Ընդհանուր առմամբ հաշվի առնելով գործի հանգամանքները՝ չի կարելի ասել, որ իշխանությունների արձագանքը Ս.Հ.-ի վարքագծին քննարկվող հանցագործությունների ծանրության առումով ակնհայտորեն համարժեք չի եղել:
145. Կառավարությունը նաև պնդել է, որ դիմումատուի հայտարարությունները Ս.Հ.-ի սպառնացող վարքագծի վերաբերյալ ակնհայտ անհիմն են։ Ս.Հ.-ին կալանավորելու պահանջով մարզային դատարան ներկայացված իր դիմումները հիմնված են միայն 2013 թվականի նոյեմբերի 13-ի դեպքի վրա (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը), որը հանցագործություն չի եղել և այդ մասին պնդումները ներկայացվել են դեպքից հետո ավելի քան երկու ամիս անց։ Դիմումատուն քննչական մարմնին չի տեղեկացրել այդ սպառնալիքների մասին։ Կառավարության կարծիքով՝ դա հանգեցրել է այն եզրակացության, որ չի եղել այնպիսի իրական և մոտալուտ սպառնալիք, որն իշխանությունների կողմից անհապաղ և պատշաճ արձագանքի անհրաժեշտություն է առաջացրել:
146. Ինչ վերաբերում է փոխհատուցում ստանալու հնարավորությանը, ապա Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պետության դրական պարտավորությունները չեն ենթադրում ֆիզիկական անձից ոչ նյութական վնասի համար փոխհատուցում ստանալն ապահովելու պարտավորություն։ Ստամբուլի կոնվենցիայով (տե՛ս վերևում՝ 75-րդ պարբերությունը) նույնպես չի նախատեսվում ընտանեկան բռնության զոհերին նման հնարավորություն ընձեռելու պահանջ։
147. Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում կարող է պահանջվել պետությունից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքի խախտման համար (տե՛ս վերևում՝ 57-րդ պարբերությունը): Զրպարտության կամ վիրավորանքի հետևանքով պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի համար ֆիզիկական անձանցից ևս կարող է պահանջվել փոխհատուցում (տե՛ս վերևում՝ 58-րդ պարբերությունը), և դիմումատուն օգտվել է իրավական պաշտպանության այդ միջոցից, սակայն նա չի հիմնավորել իր պահանջը: Կառավարությունը ներկայացրել է օրինակներ զրպարտության և վիրավորանքի հետ կապված դեպքերի վերաբերյալ ներպետական դատական պրակտիկայից, որոնք բոլորը վերաբերել են ենթադրաբար կատարված զրպարտչական և (կամ) վիրավորական հրապարակային հայտարարություններին (լրատվամիջոցներում, դատական գործընթացների ընթացքում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված կամ որևէ այլ կերպ տարածված հայտարարություններում): Կառավարությունը համարել է, որ այս առումով որևէ այլ ընթացակարգի բացակայությունը չի կարող հանգեցնել 3-րդ հոդվածով նախատեսված պետության պատասխանատվության առաջացմանը:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
148. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածը՝ 3-րդ հոդվածի համակցությամբ, պետությունների համար սահմանում է դրական պարտավորություններ՝ ապահովելու իրենց իրավասության ներքո գտնվող բոլոր անձանց պաշտպանությունը 3-րդ հոդվածով արգելված դաժան վերաբերմունքի բոլոր ձևերից, այդ թվում՝ այն դեպքերում, երբ նման վերաբերմունքը դրսևորվում է անհատների կողմից (տե՛ս Օպուզն ընդդեմ Թուրքիայի [Opuz v. Turkey], թիվ 33401/02, §159, ՄԻԵԴ 2009, գործը):
149. Ընտանեկան բռնությունը, որը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ սկսած ֆիզիկական բռնությունից մինչև սեռական, տնտեսական, հուզական կամ բանավոր բռնություն, դուրս է առանձին դեպքերի հանգամանքներից: Սա ընդհանուր խնդիր է, որն այս կամ այն չափով դրսևորվում է բոլոր անդամ պետություններում, և որը միշտ չէ, որ բարձրաձայնվում է, քանի որ այն հաճախ տեղի է ունենում անձնական հարաբերությունների կամ փակ շրջանակներում և ազդում է ընտանիքի տարբեր անդամների վրա, թեև կանայք կազմում են բռնության զոհերի ճնշող մեծամասնությունը (տե՛ս Վոլոդինան ընդդեմ Ռուսաստանի [Vօlodina v. Russia], թիվ 41261/17, §71, 2019 թվականի հուլիսի 9, գործը)։
150. Ընտանեկան բռնության զոհերի առանձնահատուկ խոցելիությունը և նրանց պաշտպանությանը պետության ակտիվ մասնակցության անհրաժեշտությունն ընդգծվել է մի շարք միջազգային փաստաթղթերում և Դատարանի նախադեպային իրավունքում՝ կոնվենցիայի տարբեր դրույթների մասով (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերևում հիշատակված՝ Օպուզի գործը, «§72-86, Բեվակվան և Ս.-ն ընդդեմ Բուլղարիայի [Bevacqua and S. v. Bulgaria] թիվ 71127/01, §§ 64-65, 2008 թվականի հունիսի 12, և Հաջդուովան ընդդեմ Սլովակիայի [Hajduova v. Slovakia], թիվ 2660/03, §46, 2010 թվականի նոյեմբերի 30, գործերը)։
151. Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված իշխանությունների դրական պարտավորությունները ներառում են, նախ՝ պաշտպանության համար օրենսդրական և կարգավորող դաշտ ստեղծելու պարտավորությունը, երկրորդ՝ հստակ սահմանված հանգամանքներում, ընտանեկան բռնության մասին հաղորդումներին օպերատիվ արձագանքելու և կոնկրետ անձանց վատ վերաբերմունքի ռիսկից պաշտպանելու պարտավորությունը, և երրորդ՝ այդպիսի վատ վերաբերմունքի յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ փաստարկելի պնդումների արդյունավետ քննություն անցկացնելու պարտավորությունը։ Ընդհանուր առմամբ, այս դրական պարտավորությունների առաջին երկու հայեցակետերը դասակարգվում են որպես «նյութաիրավական», մինչդեռ երրորդ ասպեկտը համապատասխանում է պետության «ընթացակարգային» դրական պարտավորությանը (տե՛ս Տունիկովան և այլք ընդդեմ Ռուսաստանի գործը [Tunikova and Others v. Russia], թիվ 55974/16 և մյուս 3 թվերը, §78, 2021 թվականի դեկտեմբերի 14, հաջորդող հղումների հետ միասին):
152. Ընտանեկան բռնության բոլոր գործողությունների արդյունավետ քննություն անցկացնելու պարտավորությունը Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պետության պարտավորությունների կարևոր տարրն է: Դատարանը Ս.Մ.-ն ընդդեմ Խորվաթիայի [S.M. v. Croatia] գործում ([GC] [ՄՊ], թիվ 60561/14, §§ 311-20, 2020 թվականի հունիսի 25) ամփոփել է Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներում շարադրված սկզբունքներին համապատասխան դատավարական պարտավորությունների վերաբերյալ իր նախադեպային իրավունքը։ Այն մասնավորապես նշել է, որ թեև պետության դրական պարտավորությունների ընդհանուր շրջանակը կարող է լինել տարբեր այն գործերի դեպքում, երբ կոնվենցիայի պահանջներին հակասող վերաբերմունքը դրսևորվում է պետության ներկայացուցիչների մասնակցությամբ, և այն գործերի դեպքերում, երբ բռնությունը կատարվում է անհատի կողմից, դատավարության պահանջները եղել են նույնը. դրանք առաջին հերթին վերաբերել են իշխանությունների՝ քննություն նախաձեռնելու և իրականացնելու պարտավորությանը, որը կարող է հանգեցնել փաստերի հաստատմանը, բացահայտմանը և անհրաժեշտության դեպքում՝ մեղավորներին պատժելուն (տե՛ս Վուչկովիչն ընդդեմ Խորվաթիայի [Vučković v. Croatia], թիվ 15798/20, §51, 2023 թվականի դեկտեմբերի 12, գործը)։
153. Արդյունավետության սկզբունքը նշանակում է, որ ներպետական դատական մարմինները ոչ մի դեպքում չպետք է պատրաստ լինեն անպատիժ թողնելու հասցված ֆիզիկական կամ հոգեբանական տառապանքները: Անհրաժեշտ է պահպանել հանրության վստահությունը օրենքի գերակայության նկատմամբ և աջակցել դրան, ինչպես նաև կանխել իշխանությունների կողմից բռնության գործողությունների նկատմամբ հանդուրժողականության ցանկացած դրսևորում կամ նրանց մասնակցությունն այդ գործողություններին: Ընտանեկան բռնության դեպքերը քննելիս անհրաժեշտ է ցուցաբերել առանձնահատուկ ուշադրություն, իսկ ներպետական վարույթների ընթացքում պետք է հաշվի առնել ընտանեկան բռնության առանձնահատուկ բնույթը (տե՛ս Գայդուկևիչն ընդդեմ Վրաստանի [Gaidukevich v. Georgia], թիվ 38650/18, §58, 2023 թվականի հունիսի 15, և վերևում հիշատակված՝ Տունիկովան և այլք գործերը, §114)։
154. Բացի այդ, Դատարանը նախկինում նշել է, որ Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթները համարվող 2-րդ և 3-րդ հոդվածների խախտում պարունակող գործերում մասնավորապես պետք է հասանելի լինի խախտման հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցումը՝ որպես փոխհատուցման շրջանակի մի մաս (տե՛ս Զ-ն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Z and Others v. the United Kingdom [GC]], թիվ 29392/95, §109, ՄԻԵԴ 2001-V և Սարիշվիլի-Բոլկվաձեն ընդդեմ Վրաստանի [Sarishvili-Bolkvadze v. Georgia], թիվ 58240/08, §96, 2018 թվականի հուլիսի 19, գործերը հաջորդող հղումների հետ միասին):
155. Վերջապես, Դատարանի խնդիրը չէ ներպետական իշխանություններին փոխարինելը և նրանց փոխարեն հնարավոր միջոցների լայն շրջանակից այնպիսի միջոց ընտրելը, որը կարող է ձեռնարկվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված իրենց դրական պարտավորությունների կատարումն ապահովելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Օպուզի գործը, §165)։ Այդուհանդերձ, կոնվենցիայի 19-րդ հոդվածի և այն սկզբունքի համաձայն, ըստ որի Կոնվենցիան կոչված է երաշխավորելու ոչ թե տեսական կամ պատրանքային, այլ գործնական և գործուն իրավունքներ, Դատարանը պետք է ապահովի պետության դրական պարտավորությունների պատշաճ կատարումը (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Սանդրա Յանկովիչն ընդդեմ Խորվաթիայի [Sandra Janković v. Croatia] թիվ 38478/05, §46, 2009 թվականի մարտի 5, և վերևում հիշատակված՝ Հաջդուովայի գործը, §47)։ Իշխանությունների պատշաճ արձագանքի հարցը կարող է խնդիր առաջացնել կոնվենցիայի շրջանակում (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Բեվակվայի և Ս-ի գործը, §79)։
բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
i) Արդյոք հատվել է սահմանված ծանրության նվազագույն շեմը
156. Ինչ վերաբերում է ծանրության նվազագույն շեմին, որն անհրաժեշտ է, որ գանգատը դիտարկվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության շրջանակում, Դատարանը որոշել է, որ դա հարաբերական է և կախված է գործի հատուկ հանգամանքներից, ինչպես օրինակ՝ վերաբերմունքի բնույթից և համատեքստից, դրա տևողությունից, դրա ֆիզիկական և հոգեբանական հետևանքներից և որոշ դեպքերում՝ տուժողի սեռից, տարիքից և առողջական վիճակից (տե՛ս վերջին վճիռը, Ա. Ե.-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 53891/20, §84, 2023 թվականի մայիսի 23)։
157. Կառավարությունը չի վիճարկել, որ դիմումատուի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակում է (տե՛ս վերևում՝ 143-րդ պարբերությունը)։
158. Դատարանը նշում է, որ Ս.Հ.-ն դատապարտվել է «խոշտանգման» համար, ինչպես սահմանված է այդ ժամանակ գործող ներպետական քրեական օրենսդրությամբ (տե՛ս վերևում՝ 45-րդ, 53-րդ և 54-րդ պարբերությունները), այն վերաբերմունքի համար, որ նա դրսևորել է դիմումատուի նկատմամբ, ինչի արդյունքում, ինչպես հաստատվել է հետագա քրեական դատավարության ընթացքում իրականացված երկու դատաբժշկական փորձաքննություններով, նրան հասցվել են մի շարք մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ ուղեղի ցնցում, քթի կոտրվածք, գլխի վնասվածք, ականջի թմբկաթաղանթի պատռվածք և ձախ ձեռքի և ազդրի հեմատոմա (տե՛ս վերևում՝ 21-րդ և 30-րդ պարբերությունները):
159. Ընդ որում, Դատարանը հարկ չի համարում քննել, թե արդյոք դիմումատուի նկատմամբ դրսևորած վարքագիծը կարող է բնութագրվել որպես խոշտանգում՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով (տե՛ս Ցվիկն ընդդեմ Լեհաստանի գործը [Ćwik v. Poland], թիվ 31454/10, §§ 82-84, 2020 թվականի նոյեմբերի 5), քանի որ դիմումատուի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը, անկասկած, հատել է ծանրության անհրաժեշտ շեմը՝ այդ դրույթի շրջանակում որակվելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Տունիկովան և այլք գործը, §§ 74 և 77, և վերևում հիշատակված՝ Ա.Ե.-ն ընդդեմ Բուլղարիայի գործը, §91)։
160. Միևնույն ժամանակ, թեև կառավարությունը կոնկրետ չի բարձրացրել այդ հարցը, Դատարանը նպատակահարմար է գտնում սեփական նախաձեռնությամբ (proprio motu) քննել այն հարցը, թե արդյոք դիմումատուի նկատմամբ վերաբերմունքը Ս. Հ.-ի նկատմամբ քրեական դատավարության ընթացքում, այսինքն՝ 2013 թվականի մայիս-հունիս ամիսների դեպքերից հետո (տե՛ս 8-10 պարբերությունները), ևս կարող է դիտարկվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակում։
161. Դատարանը գտել է, որ բացի ֆիզիկական վնասվածքներից՝ ընտանեկան բռնության կարևոր կողմ է հոգեբանական ազդեցությունը (տե՛ս Վալիուլիենեն ընդդեմ Լիտվայի [Valiuliene v. Lithuania], թիվ 33234/07, §69, 2013 թվականի մարտի 26, և վերևում հիշատակված՝ Վոլոդինայի գործը, §§ 74-75)։ 3-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն բացառապես ֆիզիկական ցավ պատճառելուն, այլ նաև հոգեկան տառապանքներին, որոնք առաջանում են ֆիզիկական բռնությունից բացի այլ եղանակով հասցված տառապանքի և սթրեսային վիճակի հետևանքով (տե՛ս Էլ- Մասրին ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության գործը [ՄՊ] [El-Masri v. եthe former Yugoslav Republic of Macedonia [GC]], թիվ 39630/09, §202, ՄԻԵԴ 2012)։ Հետագայում բռնության ենթարկվելու վախը կարող է բավականաչափ լուրջ լինել և ստիպել ընտանեկան բռնության զոհերին տառապել և անհանգստանալ, որը կարող է հասնել 3-րդ հոդվածի կիրառման նվազագույն շեմին (տե՛ս Երեմիան ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [Eremia v. Republic of Moldova] թիվ 3564/11, §54, 2013 թվականի մայիսի 28, Տ.Մ.-ը և Կ.Մ.-ն ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [T.M. and C.M. v. the Republic of Moldova], թիվ 26608/11, §41, 2014 թվականի հունվարի 28, և վերևում հիշատակված՝ Վոլոդինայի գործը, §75)։
162. Դատարանն այս առնչությամբ նշում է, որ քրեական դատավարության ողջ ընթացքում, ինչպես քննության, այնպես էլ դատաքննության ժամանակ, դիմումատուն պաշտպանության համար բազմիցս դիմել է նախ քննչական մարմիններ, ապա մարզային դատարան՝ հայտնելով, որ Ս.Հ.-ն իրեն սպառնացել է, որ դիմումատուն նրա դեմ ցուցմունք չտա (տե՛ս, օրինակ, վերևում՝ 27-րդ, 33-րդ, 35-րդ, 39-40-րդ և 41-րդ պարբերությունները վերջում)։ Դատարանն արդեն ընդունել է, որ սպառնալիքները հոգեբանական բռնության ձև են, և որ խոցելի զոհը կարող է վախենալ՝ անկախ այդպիսի վախեցնող վարքագծի օբյեկտիվ բնույթից (տե՛ս վերջին վճիռը, Ջեյ. Այ.-ն ընդդեմ Խորվաթիայի [J.I. v. Croatia], թիվ 35898/16, §88, 2022 թվականի սեպտեմբերի 8)։
163. Հաշվի առնելով այն վերաբերմունքը, որին դիմումատուն նախկինում ենթարկվել է Ս.Հ.-ի կողմից (տե՛ս վերևում՝ մասնավորապես 36-րդ և 41-րդ պարբերությունները՝ վերջում), որը, ըստ մարզային դատարանի, «[դիմումատուին] պատճառել է ուժեղ ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք… » (տե՛ս վերևում հիշատակված՝ 45-րդ պարբերությունը), Դատարանը կասկած չունի, որ քրեական դատավարության ընթացքում նրա սպառնացող վարքագիծը ստիպել է դիմումատուին երկար ժամանակ անկեղծ վախենալ բռնության կրկնակի դրսևորումից: Որպես այդ վախի ապացույց կարելի է դիտարկել նաև այն հանգամանքը, որ դիմումատուն հրաժարվել է մնալ հիվանդանոցում՝ վախենալով, որ իրեն կարող են գտնել և համոզել վերադառնալ (տե՛ս վերևում՝ 11-րդ և 41-րդ պարբերությունները), այն, որ նա տեղափոխվել է Երևան և բնակվել կանանց կացարանում (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը), այն, որ դիմումատուն խնդրել է, որ իրեն և իր հարազատներին հարցաքննեն Երևանում, և որ նա խնդրել է չունենալ առերես հարցազրույց Ս. Հ.-ի հետ (տե՛ս վերևում՝ 27-րդ և 35-րդ պարբերությունները): Քրեական դատավարության ընթացքում ինչ-որ պահի, այդ սպառնալիքներն իսկապես իրագործվել են, երբ Ս.Հ.-ն վիրավորել և հարվածել է նրան (տե՛ս մասնավորապես վերևում՝ 34-րդ պարբերությունը): Դիմումատուին որևէ պաշտպանություն չառաջարկելու՝ իշխանությունների անտարբեր վերաբերմունքը (տե՛ս, օրինակ, վերևում՝ 27-րդ և 33-րդ պարբերությունները) պետք է որ խորացրած լինի դիմումատուի անհանգստության և անզորության զգացողությունը, որը դիմումատուի մոտ առաջացել է Ս.Հ.-ի սպառնացող վարքագծի պատճառով: Բռնության գործողությունների անկանխատեսելի սրացումը և անորոշությունը, թե ինչ կարող է պատահել իր հետ, հավանաբար մեծացրել են դիմումատուի խոցելիությունը և հասցրել են վախի և հուզական և հոգեբանական սթրեսային վիճակի (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Տունիկովան և այլք գործը, §76)։ Դատարանի կարծիքով՝ վերոնշյալ իրավիճակը բավական լուրջ հանգամանք է հանդիսացել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված ծանրության մակարդակին հասնելու և այդպիսով այս դրույթով նախատեսված իշխանությունների դրական պարտավորությունը խթանելու համար (համեմատի՛ր վերևում հիշատակված՝ Վալիուլիենեի գործը, §§ 69 և 70, և վերևում հիշատակված՝ Երեմիայի գործը, §54) ։
ii) Արդյո՞ք ազգային իշխանությունները կատարել են իրենց դրական պարտավորությունները
1) Գնահատման ենթակա դրական պարտավորությունների շրջանակը
164. Դատարանն ի սկզբանե կրկին նշում է, որ Կոնվենցիայի 32-րդ հոդվածի նպատակներով անհատական գանգատի իրավունքի իրականացման կարգով դատարանի քննությանը «հանձնված» գործի ծավալը որոշվում է դիմումատուի բողոքի հիման վրա: Բողոքը բաղկացած է երկու տարրերից՝ փաստական հայտարարություններ և իրավական փաստարկներ (տե՛ս վերևում՝ Ռադոմիլյայի գործը, §126):
165. Ինչպես նշվել է վերևում՝ 130-րդ պարբերության մեջ, թեև դիմումատուն վկայակոչել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բռնության դեպքը (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը), նա չի ներկայացրել կոնկրետ բողոք այն մասին, որ իշխանությունները հրաժարվել են պատասխանատվության ենթարկել Ս.Հ.-ին այդ դեպքի հետ կապված, այդ թվում՝ այն իրավական շրջանակը, որի հիման վրա նրանք կայացրել են իրենց համապատասխան որոշումը (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը): Փոխարենը, այնքանով, որքանով նա բողոքել է, որ իշխանությունները չեն ապահովել իր պաշտպանությունը քրեական դատավարության ընթացքում, դիմումատուն ընդգծել է, որ իշխանությունները պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել Ս.Հ.-ի սպառնացող վարքագծի մասին իր հաղորդումների առնչությամբ, նույնիսկ այն բանից հետո, երբ նա հաղորդել է հետագայում արդեն 2013 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բռնության դեպքի մասին (տե՛ս վերևում՝ 139-րդ պարբերությունը):
166. Դիմումատուն բողոքել է, որ իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկել Ս.Հ.-ի դեմ քրեական դատավարության ընթացքում իրեն պաշտպանելու համար, որ Ս.Հ.-ն իրականում անպատիժ է մնացել այն վերաբերմունքի համար, որ նա դրսևորել է իր նկատմամբ, և որ ինքը չի կարողացել նրանից փոխհատուցում պահանջել այդ վերաբերմունքի հետևանքով իր կրած ոչ նյութական վնասի համար (տե՛ս վերևում՝ 120-րդ պարբերությունը): Դատարանը հերթականությամբ կքննի այս հարցերը։ Միևնույն ժամանակ, վերոնշյալ 151-րդ պարբերությունում նշված իր նախադեպային իրավունքի համաձայն, Դատարանը նախ կուսումնասիրի այդ պահին գործող համապատասխան իրավական շրջանակը:
2) Իրավական շրջանակի ձևավորման պարտավորությունը
167. Դատարանը սկսում է, նշելով որ սույն գործով քննվող դեպքերը, այդ թվում՝ խնդրո առարկա քրեական դատավարությունը տեղի են ունեցել մինչև 2017 թվականի՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունումը (տե՛ս վերևում՝ 68-րդ պարբերությունը), և երբ դեռ ուժի մեջ է եղել նախկին Քրեական օրենսգիրքը (ուժի մեջ է եղել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, տե՛ս վերևում՝ 51-54-րդ պարբերությունները)։ Հետևաբար հետագա վերլուծությունը չի անդրադառնում ներպետական օրենսդրության որևէ փոփոխության, որը կարող էր տեղի ունենալ վերոնշյալ օրենքն և նոր Քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո:
168. Դատարանը նախ կքննի՝ արդյոք հիմնական ներպետական օրենսդրությամբ հնարավոր է եղել իրականացնել քրեական հետապնդում և պատիժ նշանակել ընտանեկան բռնության այնպիսի գործողությունների համար, որոնց առնչությամբ բողոքել է դիմումատուն: Երկրորդ՝ այն կդիտարկի, թե արդյոք ներպետական իրավական շրջանակը դիմումատուի համար ապահովել է պաշտպանության բավարար միջոցներ:
- Նյութական իրավունքը և դրա մեկնաբանումը ներպետական դատարանների կողմից
169. Ընտանեկան բռնության գործողություններ պարունակող գործերում պետության պարտավորությունը սովորաբար պահանջում է, որ ներպետական մարմիններն ընդունեն դրական պաշտպանության միջոցներ քրեական իրավունքի պաշտպանության ոլորտում: Նման միջոցները ներառում են մասնավորապես ընտանեկան բռնության գործողությունների քրեականացումը արդյունավետ, համաչափ և զսպող պատժամիջոցների կիրառման միջոցով: Բռնարարքներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելը երաշխավորում է, որ նման գործողությունները չեն մնում իրավասու մարմինների ուշադրությունից դուրս, և որ ապահովվում է արդյունավետ պաշտպանություն այդ արարքներից: Այս պարտավորության կատարումն ապահովելու համար կարող են կիրառվել քրեական իրավունքի տարբեր օրենսդրական լուծումներ՝ պայմանով, որ արդյունավետորեն իրականացվում է պաշտպանությունն ընտանեկան բռնությունից: Այսպիսով, ընտանեկան բռնությունը ներպետական իրավական համակարգում կարող է որակվել որպես առանձին հանցանք կամ որպես այլ հանցանքների ծանրացնող տարր (տե՛ս վերևում հիշատակված՝ Տունիկովան և այլք գործը, §86):
170. Դատարանը նշում է, որ տվյալ ժամանակահատվածում չի գործել որևէ հատուկ օրենսդրություն, որը կկարգավորեր ընտանիքում տեղի ունեցող բռնության դեպքերը (տե՛ս վերևում՝ 167-րդ պարբերությունը, տե՛ս նաև վերևում՝ 81-րդ պարբերության մեջ հիշատակված «Բռնությունից կանանց պաշտպանության մասին» Նախարարների կոմիտեի կողմից անդամ պետություններին ուղղված՝ Եվրոպայի խորհրդի Rec(2002)5 հանձնարարականը, և որը նշված է վերոնշյալ 81-րդ կետում, և վերևում՝ 81-րդ պարբերության մեջ հիշատակված՝ ԿԽՎԿ կոմիտեի Հայաստանի յոթերորդ պարբերական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների 25-րդ կետը՝ վերջում)։ Ո՛չ «ընտանեկան բռնություն» հասկացությունը, ոչ էլ որևէ համարժեք հասկացություն չեն սահմանվել կամ որևէ կերպ չեն հիշատակվել ներպետական օրենսդրության մեջ: Ընտանեկան բռնությունը նախկին քրեական օրենսգրքով չի սահմանվել որպես առանձին հանցանք, ինչպես նաև այն չի որակվել որպես որևէ այլ հանցանքի ծանրացնող հանգամանք: Այսպիսով, նախկին քրեական օրենսգիրքը չի տարբերակել ընտանեկան բռնության և անձի նկատմամբ բռնության այլ ձևեր՝ դրանք կարգավորելով մարդու առողջությանը վնաս հասցնելու կամ դրա հետ կապված այլ դրույթներով (տե՛ս, օրինակ, վերևում՝ 51-54-րդ պարբերություններում հիշատակված քրեական օրենսդրության դրույթները):
171. Նախորդ գործերով դատարանն արդեն որոշում է կայացրել, որ իրավական շրջանակը, որը մասնավորապես չի սահմանում ընտանեկան բռնությունը ոչ որպես առանձին հանցագործություն, ոչ էլ որպես այլ հանցագործությունների ծանրացնող տարր, չի բավարարել ընտանեկան բռնության բոլոր ձևերի համար պատժի համակարգ ստեղծելու և զոհերի համար բավարար երաշխիքներ ապահովելու և արդյունավետ կիրառելու պետության դրական պարտավորությանը բնորոշ պահանջները (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Վոլոդինայի գործը, §85): Հետևաբար Դատարանը չի կարող ընդունել կառավարության այն փաստարկը (տե՛ս վերևում՝ 144-րդ պարբերությունը), որ այդ ժամանակ գործող քրեական իրավունքի նորմերը թույլ են տվել պատշաճ կերպով ապահովել պաշտպանությունն ընտանեկան բռնության տարբեր ձևերից (նույն տեղում՝ §81):
172. Անդրադառնալով քրեական օրենսդրության կոնկրետ դրույթներին, որոնք առնչվում են սույն գործի նպատակներին, Դատարանը նշում է, որ գործի քննության պահին գործող նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվել է քրեական պատասխանատվություն «խոշտանգման» համար, որը սահմանվել է որպես «ցանկացած այնպիսի գործողություն, որի միջոցով դիտավորյալ անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք» (տե՛ս վերևում՝ 53-րդ պարբերությունը): Դատարանը նաև նշում է, որ նախկին Քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2 մասի 3-րդ կետով սահմանվում է հանցագործությունը ծանրացնող հանգամանք այն դեպքում, երբ այդ գործողությունները կատարվում են, ի թիվս այլնի, «հանցավորից այլ կախվածություն ունեցող անձի նկատմամբ» (տե՛ս վերևում՝ 54-րդ պարբերության մեջ՝ այդ դրույթի նկարագրությունը): Կառավարությունը պնդել է, որ նախկին քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կոնկրետ ծանրացնող հանգամանքի նախատեսումը (տե՛ս վերևում՝ 54-րդ պարբերությունը) բավարար է, որ համապատասխան ներպետական շրջանակը դիտարկվի որպես բավարար՝ դիմումատուին ընտանեկան բռնությունից համարժեք պաշտպանություն ապահովելու համար:
173. Այդուհանդերձ, Դատարանի կարծիքով՝ «հանցավորից այլ կախվածություն ունեցող» սահմանումը չի եղել բավականաչափ ճշգրիտ՝ բացառելու իրավասու մարմինների, այդ թվում՝ մասնավորապես ներպետական դատարանների կողմից այնպիսի մեկնաբանությունը, որը կարող էր հակասել ընտանեկան բռնության գործողություններից արդյունավետ պաշտպանություն ապահովելու պարտավորությանը (տես վերևում՝ 169-րդ պարբերությունը): Իսկապես, ինչպես երևում է այն ձևից, որով ներպետական դատարանները մեկնաբանել ու կիրառել են քրեական օրենսդրության խնդրո առարկա դրույթները, մասնավորապես՝ «հանցավորից այլ կախվածություն ունեցող անձի նկատմամբ» եզրույթը դիմումատուի՝ Ս.Հ.-ի հետ հարաբերությունների համատեքստում (տե՛ս վերևում՝ 45-րդ և 48-րդ պարբերությունները). այդ եզրույթը եղել է չափազանց անորոշ և թույլ է տվել հայեցողության ազատություն, ինչը հանգեցրել է այնպիսի մեկնաբանության, որով ամբողջությամբ անտեսվել է սույն գործով ընտանեկան բռնության տարրը:
174. Դիմումատուն վիճարկել է այն փաստը, որ այդ ժամանակ գոյություն չի ունեցել «ընտանիքի անդամ» հասկացության իրավական սահմանում, այսինքն՝ սահմանված չի եղել, թե ով ունի ընտանեկան բռնության համատեքստում պաշտպանության իրավունք: Նա պնդել է, որ իր գործում դա հանգեցրել է նրան, որ ներպետական դատարանների կողմից «հանցավորից այլ կախվածություն ունեցող անձ» հասկացության մեկնաբանումն ընդգրկել է այն անձանց, որոնք գտնվում են գրանցված ամուսնության մեջ, սակայն չի ընդգրկել քաղաքացիական ամուսնություն մեջ գտնվող անձանց (տես վերևում՝ 141-րդ պարբերությունը): Թեև ճիշտ է, որ մարզային դատարանը և Վերաքննիչ դատարանն իրենց համապատասխան որոշումներում հակիրճ անդրադարձել են «ամուսնությանը» և «ընտանեկան և ամուսնական հարաբերություններին» (տե՛ս վերևում՝ 45-րդ և 48-րդ պարբերությունները), Դատարանը նկատում է, որ դատարանի եզրակացությունն այն մասին, որ դիմումատուն չէր կարող համարվել «Ս.Հ.-ից այլ կախվածություն ունեցող անձ», հիմնականում հիմնվել է գործի կոնկրետ հանգամանքների վրա, այդ թվում այն փաստի վրա, որ դիմումատուն երկու տարի բնակվել է Ս. Հ.-ի ծնողների տանը, մինչդեռ Ս.Հ.-ն բնակվել է Երևանում մեկ այլ կնոջ հետ, այն փաստի վրա, որ նա ֆինանսապես չի օժանդակել դիմումատուին և այլն (նույն տեղում)։ Վիճարկվող քրեական դատավարության շրջանակներում Ս.Հ.-ի նկատմամբ կիրառված քրեական պատժամիջոցների հետ կապված մանրամասները քննարկվել են ստորև՝ 197-199-րդ պարբերություններում:
- Պաշտպանության միջոցները
175. Համապատասխան միջազգային նյութերում կա ընդհանուր ընկալում այն մասին, որ ընտանեկան բռնության զոհերին արդյունավետ պաշտպանություն և երաշխիքներ ապահովելու համար անհրաժեշտ են համապարփակ իրավական և այլ միջոցներ (տե՛ս Կուրտն ընդդեմ Ավստրիայի [ՄՊ] [Kurt v. Austria] [GC], թիվ 62903/15, §162, 2021 թվականի հունիսի 15, գործը): Համապատասխանաբար, Դատարանը պետք է համոզվի, որ ընդհանուր առմամբ ներպետական իրավական շրջանակը բավարար է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհատների կողմից բռնության գործողություններից պաշտպանություն ապահովելու համար։ Այլ կերպ ասած, հասանելի իրավական և օպերատիվ միջոցների գործիքակազմը պետք է համապատասխան մարմիններին տրամադրի մի շարք բավարար միջոցներ՝ ընտրելու գործի հանգամանքներում գնահատված ռիսկի մակարդակին համարժեք և համաչափ միջոցներ (տե՛ս վերևում հիշատակված` Տունիկովան և այլք գործը, §95)։
176. Երբ Կառավարությունը պնդել է, որ այդ ժամանակ գործող ներպետական օրենսդրությունը նախատեսել է պաշտպանության տարբեր միջոցներ (տե՛ս վերևում՝ 122-րդ պարբերությունը), այն վկայակոչել է քրեական դատավարությանը մասնակցող անձանց համար հասանելի ընդհանուր պաշտպանության միջոցները, որոնք նախատեսված են եղել նախկին Քրեական դատավարության օրենսգրքի 98, 98.1 և 98.4 հոդվածներով (տե՛ս վերևում՝ 63, 66 և 67 պարբերությունները)։ Դատարանն այս կապակցությամբ նկատում է, որ նախկին Քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք» (տե՛ս վերևում՝ 63-րդ պարբերությունը)։ Հաշվի առնելով այսպես կոչված «պաշտպանվող անձանց» վերոնշյալ սահմանումը, որոնց նկատմամբ կիրառվում են համապատասխան դրույթները, ինչպես նաև քննվող միջոցների տեսակները, պաշտպանության քննվող սխեման ավելի շատ ուղղված է եղել վկաների պաշտպանությանը (համեմատի՛ր վերևում հիշատակված Վոլոդինայի գործը §89)։ Կառավարության կողմից տրամադրված վիճակագրությունը (տե՛ս վերևում՝ 122-րդ պարբերությունը վերջում) վերաբերել է սույն գործով քննվող դեպքերից տարիներ անց այդ պաշտպանության միջոցների կիրառմանը (այսինքն՝ 2019-2021 թվականներն ընկած ժամանակահատվածում), և որ ամենակարևորն է, այդ վիճակագրության մեջ չի նշվել, թե արդյոք այդ «անձանց» ցանկում, որոնք ստացել են այդ պաշտպանությունը նշված ժամանակահատվածում, ընդգրկվել են հանցագործության զոհեր, մասնավորապես՝ ընտանեկան բռնության զոհեր, և եթե այո, որքանով են նրանք ընդգրկված եղել։ Բոլոր դեպքերում պաշտպանության քննվող միջոցներն ակնհայտորեն համարժեք կամ համադրելի չեն եղել ընտանեկան բռնության համատեքստում անհրաժեշտ պաշտպանության միջոցների հետ, այդ թվում՝ «սահմանափակող կարգադրություններին», «պաշտպանության կարգադրություններին» կամ «անվտանգության կարգադրություններին»՝ միջազգային իրավունքի համապատասխան պահանջների համաձայն (այդ առնչությամբ տե՛ս վերևում՝ 80-րդ և 81-րդ պարբերություններում հիշատակված «Բռնությունից կանանց պաշտպանության մասին» Նախարարների կոմիտեի կողմից անդամ պետություններին ուղղված՝ Եվրոպայի խորհրդի Rec(2002)5 հանձնարարականը, վերևում 75-րդ պարբերության մեջ հիշատակված՝ Ստամբուլի կոնվենցիայի 53-րդ և 56-րդ հոդվածները, 56-րդ հոդվածի մեկնաբանությունները, մասնավորապես վերևում՝ 76-րդ պարբերության մեջ հիշատակված բացատրական զեկույցը), և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեծամասնության համապատասխան պրակտիկային (տե՛ս վերևում հիշատակված Վոլոդինայի գործը, §88, հաջորդող հղումների հետ միասին)։
- Եզրակացություն՝ իրավական շրջանակի վերաբերյալ
177. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը, որն ի գիտություն է ընդունում 2017 թվականին ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը (տե՛ս վերևում՝ 68-րդ պարբերությունը), գտնում է, որ այդ ժամանակ գործող օրենսդրական շրջանակը, որը չի սահմանել ընտանեկան բռնությունը ոչ որպես առանձին հանցանք, ոչ էլ որպես այլ հանցանքների ծանրացնող տարր (տե՛ս վերևում՝ 170-րդ պարբերությունը) և չի նախատեսել ընտանեկան բռնության գործողություններից պաշտպանության որևէ միջոց, չի համապատասխանել պետության դրական պարտավորությունից բխող՝ ընտանեկան բռնության բոլոր ձևերի համար պատժի համակարգ սահմանելու և արդյունավետ կիրառելու և զոհերի համար բավարար երաշխիքներ ապահովելու պահանջներին (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Տունիկովան և այլք գործը, §100, և վերևում հիշատակված՝ Օպուզի գործը, §145):
3) Ընտանեկան բռնության մասին զեկույցին պատշաճ կերպով արձագանքելու պարտավորություն
178. Պետական իշխանությունները կրում են պաշտպանության միջոցներ ձեռնարկելու պատասխանատվություն այն անձի նկատմամբ, որի ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիությունը վտանգված է մեկ այլ անձի, այդ թվում՝ ամուսնու հանցավոր արարքներից (տե՛ս վերևում հիշատակված՝ Կոնտրովան ընդդեմ Սլովակիայի [Kontrovո v. Slovakia], թիվ 7510/04, §49, 2007 թվականի մայիսի 31, և Օպուզի գործերը [Opuz], §176):
179. Դատարանն ի սկզբանե նշում է, որ սույն գործով իրավապահ մարմիններն անմիջապես արձագանքել են 2013 թվականի հունիսի 18-ին հիվանդանոցից ստացված տեղեկությանը, ըստ որի դիմումատուին բժշկական օգնություն է ցուցաբերվել ծեծի ժամանակ ակնհայտորեն իր ամուսնու կողմից հասցված վնասվածքների համար (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը): Դատարան ներկայացված նյութում չկա որևէ բան, ըստ որի կարելի էր ենթադրել, որ մինչ այդ ամսաթիվը ներպետական իշխանությունները տեղյակ էին կամ պետք է տեղյակ լինեին Ս.Հ.-ի կողմից դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքի վտանգի մասին, և դիմումատուն նույնպես չի պնդել, որ դա այդպես է:
180. Դատարանը նշում է, որ նույն օրը՝ 2013 թվականի հունիսի 18-ին, Երևանի ոստիկանությունը դիմումատուին հրավիրել է ներկայանալ հանցագործության կատարման մասին հաղորդում ներկայացնելու և ցուցմունք տալու համար, սակայն նա մերժել է (տե՛ս վերևում՝ 14-րդ և 15-րդ պարբերությունները): Անկախ դրանից՝ Երևանի ոստիկանությունը հիվանդանոցից ստացված հաղորդման վերաբերյալ անմիջապես ծանուցել է Գավառի ոստիկանություն (տարածքային ոստիկանություն) և գործը փոխանցել է նրանց (տե՛ս վերևում՝ 16-րդ և 17-րդ պարբերությունները):
181. Այնուամենայնիվ, նախորդ դեպքերում Դատարանը գտել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ իշխանությունները լիովին պասիվ դիրքում չեն, նրանք դեռևս չեն կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունները, քանի որ նրանց կողմից ձեռնարկված միջոցները չեն կանխել իրավազանցների կողմից տուժողների նկատմամբ հետագա բռնության դեպքերը (տե՛ս վերևում հիշատակված՝ Բևակուան և Ս.-ն [Bevacqua and S.], §83, վերևում հիշատակված՝ Օպուզի [Opuz], §§ 166-67 և վերևում հիշատակված՝ Երեմիայի գործերը[Eremia], §§ 62-66):
182. Տունիկովան և այլք գործով (վերևում հիշատակված, §104) Դատարանը պարզաբանեց պետության դրական պարտավորության շրջանակը՝ կանխելու ընտանեկան բռնության համատեքստում սպառնացող վտանգի կրկնվելը հետևյալ կերպ.
Առաջին, ներպետական իշխանությունները պարտավոր են «անհապաղ» արձագանքել ընտանեկան բռնության վերաբերյալ բողոքներին և դրանք դիտարկել առանձնահատուկ ուշադրությամբ, քանի որ ցանկացած անգործություն կամ ուշացում բողոքը դարձնում է անօգուտ՝ ստեղծելով անպատժելիության իրավիճակ, որը նպաստում է բռնության դրսևորումների կրկնվելուն: Վտանգին արձագանքելու «անհապաղություն»-ը գնահատելիս ներպետական իշխանությունները պետք է հաշվի առնեն ընտանեկան բռնության դեպքերի հատուկ առանձնահատկությունները, ինչպիսիք են բռնության հաջորդական ցիկլերը, որոնք ժամանակի ընթացքում ավելի հաճախակի, ինտենսիվ և վտանգավոր են դառնում:
Երկրորդ, ներպետական իշխանություններից պահանջվում է իրականացնել «ինքնուրույն», «պրոակտիվ» և «համապարփակ» վտանգի գնահատում` 3-րդ հոդվածի դրույթներին հակառակ: Ներպետական իշխանությունները չպետք է հիմնվեն բացառապես տուժողի կողմից վտանգի ընկալման վրա, այլ պետք է լրացնեն այն՝ իրենց սեփական գնահատականով, գերադասելիորեն օգտագործելով վտանգի գնահատման ստանդարտացված գործիքները և ցուցակները, ինչպես նաև հավաքելով և գնահատելով տեղեկություններ` բոլոր համապատասխան վտանգավոր գործոնների և դեպքերի տարրերի վերաբերյալ, այդ թվում՝ պետական այլ մարմիններից ստացված տեղեկությունները: Վտանգի գնահատման ընթացքը պետք է փաստաթղթավորվի հատուկ ձևով և հաղորդվի այլ շահագրգիռ կողմերին, որոնք կանոնավոր կապի մեջ են վտանգի սպառնալիքի տակ գտնվողների հետ. ներպետական իշխանությունները պետք է տուժածին տեղեկացնեն վտանգի գնահատման արդյունքների մասին և անհրաժեշտության դեպքում տրամադրեն խորհրդատվություն և առաջարկություններ՝ առկա իրավական և գործառնական պաշտպանության միջոցների վերաբերյալ։
Երրորդ, ընտանեկան բռնության զոհին սպառնացող վտանգի բացահայտման դեպքում ներպետական իշխանությունները պետք է հնարավորինս արագ ձեռնարկեն կանխարգելիչ և պաշտպանության միջոցներ, որոնք համարժեք են և համաչափ սպառնացող վտանգին:
183. Դատարանը նկատում է, որ արդեն 2013 թվականի հուլիսի 16-ին, այսինքն՝ քննության մեկնարկից հետո մեկ ամսվա ընթացքում դիմումատուն Գեղարքունիքի ոստիկանություն հայտնել է Ս.Հ.-ի սպառնացող վարքագծի և իր անվտանգությանը սպառնացող մտավախությունների մասին (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը): Այնուհետև 2013 թվականի հոկտեմբերի 10-ի իր բողոքում (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը) դիմումատուն բողոքել է Գլխավոր դատախազին և ոստիկանության համապատասխան պաշտոնյաներին Ս.Հ.-ի բացահայտ սպառնացող և վիրավորական վարքագծի վերաբերյալ նույնիսկ քննիչ Խ.Մ.-ի ներկայությամբ՝ 2013 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած առերեսման ժամանակ (տե՛ս վերևում հիշատակված՝ 32-րդ պարբերությունը): Ավելին, 2013 թվականի նոյեմբերի 6-ին, այսինքն՝ 2013 թվականի նոյեմբերի 5-ի միջադեպից հետո (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը) դիմումատուն ևս մեկ բողոք է ներկայացրել Գեղարքունիքի ոստիկանություն՝ իր անվտանգությանը սպառնացող մտավախության վերաբերյալ՝ հաշվի առնելով Ս.Հ.-ի ագրեսիվ վարքագիծը և այն փաստը, որ նա հետևում էր իրեն (տե՛ս վերևում՝ 35-րդ պարբերությունը):
184. Դատարանը այնուհետև նկատում է, որ դատավարության ընթացքում առնվազն երեք անգամ դիմումատուն խնդրել է մարզային դատարանին՝ վերցնել Ս.Հ.-ին կալանքի տակ՝ պատճառաբանելով նրա ոչ պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ամբողջ ընթացքում, ներառյալ՝ այն փաստը, որ նա շարունակաբար ծեծել և հետապնդել է իրեն, սպառնացել իրեն անձամբ և հարազատների միջոցով և այլն (տե՛ս վերևում՝ 39-40 պարբերությունները): Ավելին, մարզային դատարանում ցուցմունք տալով՝ դիմումատուն կրկին նշել է, որ Ս.Հ.-ն շարունակել է սպառնալ իրեն (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերության վերջում):
185. Հաշվի առնելով վերևում հիշատակվածը (տե՛ս մասնավորապես վերևում՝ 183-րդ և 184-րդ պարբերությունները)` Դատարանը գտնում է, որ հակառակ Կառավարության պնդումներին (տե՛ս վերևում՝ 145-րդ պարբերությունը)՝ ներպետական իշխանությունները տեղյակ էին կամ պետք է տեղյակ լինեին դիմումատուի նկատմամբ հետագա բռնության վտանգի մասին (տե՛ս համապատասխան փոփոխություններով, վերևում հիշատակված Երեմիայի գործը [Eremia], §58) Ս.Հ.-ի դեմ հարուցված քրեական գործով վարույթի, ինչպես նաև նրա դատավարության ընթացքում: Այնուամենայնիվ, նրանք չեն կատարել իրենց պարտավորությունը՝ գնահատելու նման բռնության կրկնվելու վտանգը, և չեն ձեռնարկել համապատասխան և բավարար միջոցներ՝ դիմումատուի պաշտպանությունն ապահովելու համար (տե՛ս վերևում՝ 182 պարբերությունը), ինչպես ընտանեկան բռնության դեպքերում պահանջվող «անհապաղության», (նույն տեղում), այնպես էլ ցանկացած այլ դեպքերում։
186. Մասնավորապես ներպետական իշխանությունները չեն իրականացրել վտանգի ինքնուրույն, պրաակտիվ և համապարփակ գնահատում: Հետևաբար անհասկանալի է, թե ինչ հիմքով է Կառավարությունը պնդել, որ դիմումատուի համար իրական և անմիջական սպառնալիք չի եղել (տե՛ս վերևում՝ 145-րդ պարբերությունը): Իրավապահ մարմինները դիմումատուի բողոքները քննելիս պատշաճ կերպով իրազեկված չեն եղել ընտանեկան բռնության առանձնահատկությունների և դինամիկայի մասին (տե՛ս համապատասխան փոփոխություններով, վերևում հիշատակված՝ Տունիկովան և այլք գործը [Tunikova and Others], §108, տե՛ս նաև «ԿԽՎԿ» կոմիտեի մտահոգությունները՝ կապված ընտանեկան բռնության վերաբերյալ բողոքների քննության առնչությամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից, որն ամփոփվել է Հայաստանի համատեղ հինգերորդ և վեցերորդ պարբերական զեկույցների վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում ՝ վերևում հիշատակված՝ 73-րդ պարբերության մեջ, ինչպես նաև Հայաստանի յոթերորդ պարբերական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում՝ վերևում հիշատակված՝ 74-րդ պարբերության 26-րդ կետում)։ Ավելին, վերջիններս նույնքան պասիվ են եղել նաև այն բանից հետո, երբ դիմումատուն հաղորդել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի մասին, որով ներկայացվել է այդպիսի բռնության կրկնվելու դեպքը (տե՛ս վերևում՝ 34 և 35 պարբերությունները):
187. Իր հերթին մարզային դատարանը անհապաղ չի արձագանքել դիմումատուի՝ 2013 թվականի դեկտեմբերի 19-ին և 2014 թվականի հունվարի 29-ին ներկայացված դիմումներին (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը), և երբ նա արձագանքել է 2014 թվականի փետրվարի 24-ին դիմումատուի կողմից ներկայացված մեկ այլ այդպիսի դիմումի, որոշել է, որ կքննի ներկայացված այդ դիմումներն ապացույցներն ուսումնասիրելուց հետո: Ըստ էության, դատարանը հետաձգել է այդ դիմումների քննությունը՝ չնայած վերոհիշյալ անհապաղության պահանջին (տե՛ս վերևում՝ 40 և 182 պարբերությունները):
188. Այսպիսով, ինչպես նշված է նախորդ պարբերություններում, դիմումատուի գործով զբաղվող իշխանությունները Ս.Հ.-ի դեմ հարուցված քրեական գործով վարույթի տարբեր փուլերում մնացին լիովին պասիվ և չձեռնարկեցին որևէ պաշտպանության միջոց՝ նրա նկատմամբ բռնության հետագա դեպքերը կանխելու նպատակով (տե՛ս այդ կապակցությամբ վերևում՝ 80-րդ պարբերության մեջ հիշատակված «Բռնությունից կանանց պաշտպանության մասին» Նախարարների կոմիտեի կողմից անդամ պետություններին ուղղված՝ Rec(2002)5 հանձնարարականը): Համաձայն Դատարանի եզրակացությունների (տե՛ս վերևում 176-րդ պարբերությունը)՝ դա հիմնականում պայմանավորված էր օրենսդրական դաշտի անբավարարությամբ, որը չէր առաջարկում ընտանեկան բռնության զոհերի նկատմամբ պաշտպանության որևէ մեխանիզմ: Ավելին, իշխանությունները չեն կատարել իրենց՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը՝ պաշտպանելու դիմումատուին քրեական վարույթի ընթացքում հետագա բռնություններից նույնիսկ գործող օրենսդրական դաշտի շրջանակներում, որը, ըստ Կառավարության, կարող էր համապատասխան պաշտպանություն ապահովել դիմումատուին, եթե նա դիմեր քրեական վարույթին մասնակիցող անձանց հասանելի պաշտպանության միջոցների կիրառմանը (տե՛ս վերևում՝ 122 պարբերությունը):
189. Դատարանն այս կապակցությամբ նկատում է, որ ինչպես իրավացիորեն նշել է դիմումատուն (տե՛ս վերևում հիշատակված՝ 125-րդ կետը), քննչական մարմինը կարող էր որոշում կայացնել՝ կիրառելու նախկին քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածում թվարկված միջոցներից որևէ մեկը (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունը)՝ իր սեփական նախաձեռնությամբ (տե՛ս վերևում՝ 64-րդ պարբերությունում Քրեական դատավարության նախկին օրենսգրքի 98-րդ հոդվածի 3-րդ մասը), սակայն այդպես չի արել: Ամեն դեպքում, ինչպես Դատարանը պարզել է վերևում, քրեական վարույթին մասնակցող անձանց համար հասանելի պաշտպանության ընդհանուր միջոցները չեն կարող համարվել պաշտպանության համարժեք միջոցներ ընտանեկան բռնության համատեքստում (տե՛ս վերևում՝ 176 պարբերությունը):
190. Այսպիսով, Դատարանը գտնում է, որ Ս.Հ.-ի դեմ հարուցված քրեական վարույթի ամբողջ ընթացքում դիմումատուն արժանահավատորեն պնդել է, որ ամուսինը սպառնացող վարքագիծ է դրսևորել, և նաև հաղորդում է տվել բռնության մեկ այլ դեպքի մասին։ Այնուամենայնիվ, իշխանությունները պատշաճ կերպով չեն գնահատել բռնության կրկնվելու վտանգը՝ այդպիսով չձեռնարկելով որևէ կանխարգելման և պաշտպանության միջոցներ, որը կարող էր համարվել համարժեք և համաչափ վտանգի ցանկացած այդպիսի գնահատման համար (տե՛ս վերևում՝ 182-րդ պարբերությունը): Արդյունքում, իշխանությունները հրաժարվեցին դիմումատուին տրամադրել Կոնվենցիայով սահմանված իրեն հասանելի բռնության դեմ արդյունավետ պաշտպանություն։ Հետևաբար ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունը, որը միացված էր ըստ էության գործի քննությանը (տե՛ս վերևում՝ 128-րդ պարբերությունը), պետք է հետևաբար մերժվի։
4) Սահմանված քրեական պատժի վերաբերյալ ընթացակարգային պարտավորությունները
191. Ինչպես նշված է վերևում՝ 179-րդ և 180-րդ պարբերություններում, այն բանից հետո, երբ հիվանդանոցից տեղեկություն ստացվեց դիմումատուի վնասվածքների մասին, որոնք ակնհայտորեն հասցվել էին Ս.Հ.-ի կողմից, Երևանի ոստիկանությունն անմիջապես արձագանքեց՝ հրավիրելով դիմումատուին ցուցմունք տալու, և նույնիսկ նյութերը փոխանցեց տարածքային ոստիկանություն՝ լրացուցիչ հարցաքննություն իրականացնելու նպատակով, այն բանից հետո, երբ դիմումատուն սկզբում հրաժարվել էր ցուցմունք տալուց: Քրեական գործով հետագա քննությունը հանգեցրեց այն բանին, որ Ս.Հ.-ն մեղավոր ճանաչվեց խոշտանգման առավել ծանր տեսակի համար՝ նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն (տե՛ս վերևում՝ 36-րդ և 38-րդ պարբերությունները): Ոչ ներպետական դատավարության ընթացքում, ոչ էլ Դատարանի առաջ դիմումատուն չի պնդել, որ քննությունը չի իրականացվել ժամանակին, կամ քննությամբ չի բացահայտվել սույն գործով խնդրո առարկա իրադարձություններին առնչվող որևէ փաստ: Դիմումատուի բողոքը, որը վերաբերում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված դատավարական պարտավորությանը, ուղղված էր Ս.Հ.-ի նկատմամբ նշանակված քրեական պատժամիջոցին, որը Ս.Հ.-ի նկատմամբ կիրառվել էր ներպետական դատարանների կողմից և դրա հետևանքով կիրառված համաներմանը (տե՛ս վերևում՝ 140-րդ և 141-րդ պարբերությունները):
192. Դատարանը վերահաստատում է, որ եթե պաշտոնական քննությունը հանգեցրել է ներպետական դատարաններում վարույթի հարուցմանը, ապա վարույթն ամբողջությամբ, այդ թվում՝ դատավարության փուլը, պետք է բավարարի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջները: Չնայած առկա չէ բացարձակ պարտավորություն, որ բոլոր հետապնդումները հանգեցնեն դատապարտման կամ կոնկրետ դատավճռի, այնուամենայնիվ, ազգային դատարանները ոչ մի դեպքում չպետք է թույլ տան, որ ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության նկատմամբ ծանր հարձակումները մնան անպատիժ, կամ լուրջ հանցագործությունների համար կիրառվեն չափազանց մեղմ պատիժամիջոցներ։ Հետևաբար Դատարանի համար կարևոր հարցը հետևյալն է՝ արդյոք և որքանով դատարանները, իրենց եզրակացությանը հանգելով, կարող են համարել, որ գործը մանրամասն քննել են՝ գործող դատական համակարգի զսպող ազդեցությունը և վատ վերաբերմունքի բացառման խախտումները կանխելու գործում նրանց ունեցած դերը չթուլանացնելու նպատակով (տե՛ս Սաբալիքն ընդդեմ Խորվաթիայի գործը [Sabalić v. Croatia], թիվ 50231/13, §97, 2021 թվականի հունվարի 14, հետագա հղումներով):
193. Ավելին, Դատարանը հայտնաբերել է պետությունների ընթացակարգային պարտավորությունների խախտումներ մի շարք դեպքերում, որտեղ ակնհայտորեն եղել են արարքի ծանրության և ներպետական մակարդակում ձեռք բերված արդյունքների միջև անհամաչափություն, ինչը հանգեցրել է այն ընկալմանը, որ վատ վերաբերմունքի գործողություններն անտեսվել են համապատասխան իշխանությունների կողմից, և որ եղել է վատ վերաբերմունքի գործողությունների դեմ արդյունավետ պաշտպանության բացակայություն (տե՛ս վերևում հիշատակված Վուչկովիչի գործը, §53 և դրանում հիշատակված համապատասխան նախադեպային իրավունքի օրինակները):
194. Ելնելով նախադեպային իրավունքի վերոնշյալ սկզբունքներից (տե՛ս նաև վերևում հիշատակված 153-րդ պարբերության մեջ հիշատակված նախադեպային իրավունքի սկզբունքները)՝ Դատարանը այժմ կուսումնասիրի, թե արդյոք քրեական իրավունքի մեխանիզմների կիրառման եղանակը սույն գործում եղել է այնքան թերի, որ այն կարելի է համարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ պատասխանող պետության պարտավորությունների խախտում (տե՛ս համապատասխան փոփոխություններով, վերևում հիշատակված՝ Վալիուլիենեի [Valiulienė], §79 և Պուլֆերն ընդդեմ Ալբանիայի գործերը [Pulfer v. Albania], թիվ 31959/13, §85, 2018 թվականի նոյեմբերի 20):
195. Դատարանը, նախքան իր գնահատմանն անցնելը, շեշտում է, որ ընտանեկան բռնությունը կանանց՝ մարդու իրավունքների լուրջ խախտում է, որը ճանաչվել է որպես այդպիսին, ինչպես համապատասխան միջազգային փաստաթղթերում (տե՛ս մասնավորապես վերևում՝ 81-րդ պարբերության մեջ հիշատակված «Բռնությունից կանանց պաշտպանության մասին» Նախարարների կոմիտեի կողմից անդամ պետություններին ուղղված՝ Rec(2002)5 հանձնարարականը), այնպես էլ Դատարանի նախադեպային իրավունքում, որը հաճախ առաջնորդվել է համապատասխան միջազգային իրավունքի չափանիշներով (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Կուրտի գործը [Kurt], §175): Այդ նկատառմամբ Դատարանը կիրականացնի առկա գործով համապատասխան քրեաիրավական մեխանիզմների կիրառության գնահատումը` պարզելու, թե արդյոք տեղի ունեցել է Կոնվենցիայով նախատեսված ներպետական իշխանությունների ընթացակարգային պարտավորությունների խախտում:
196. Դատարանը նշում է, որ ներպետական քրեական դատարանները գտել են, որ դիմումատուն «խոշտանգման» զոհ է դարձել՝ հանցագործություն, որն արգելվում է տվյալ ժամանակահատվածում գործող նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով (տե՛ս վերևում՝ 53-րդ պարբերությունը), և որը քրեականացնում է «անձին դիտավորյալ ուժեղ ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելը»: Գործը քննող դատարանը մասնավորապես գտել է, որ Ս.Հ.-ն «գիտակցել է, որ նա դիմումատուին ուժեղ ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է պատճառել», և որ նա «պարբերաբար [դիմումատուին] ենթարկել է ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի՝ իր կողմից բռնություն գործադրելու հետևանքով» (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը):
197. Դատարանը նկատում է, որ Ս.Հ.-ն ի սկզբանե մեղավոր է ճանաչվել, այնուհետև նրան մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` այդ իրավախախտման առավել ծանր տեսակի հանգամանքներում, որի համար նախատեսվում է երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկում (տե՛ս վերևում 54-րդ պարբերությունը)` հիմք ընդունելով, որ նա վատ վերբերմունք է ցուցաբերել դիմումատուի նկատմամբ այն իրավիճակում, երբ նա «այլ կերպ կախվածություն» է ունեցել նրանից՝ հաշվի առնելով նրանց «ամուսնական հարաբերությունները» (տե՛ս վերևում՝ 36-րդ և 38-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, ներպետական դատարանները պարզել են, որ այդպիսի կախվածության իրավիճակ չի եղել՝ հաշվի առնելով, որ i) նախորդ երկու տարիների ընթացքում նրանք ընդհանուր համատեղ տնտեսություն չեն վարել, ii) ամուսնական կյանք չեն ունեցել, և iii) Ս.Հ.-ն ֆինանսապես չի աջակցել դիմումատուին, և ընտանիքի հոգսերը հոգացել է Ս.Հ.-ի մայրը (տե՛ս վերևում՝ 45-րդ և 48-րդ պարբերությունները): Այդ պարզաբանումը հանգեցրել է այն բանի, որ հանցագործությունը վերաորակվել է որպես հանցագործություն՝ համաձայն 119-րդ հոդվածի 1-ին մասի, որի համար նախատեսվում է մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում (տե՛ս վերևում՝ 53-րդ պարբերությունը): Ս.Հ.-ն անմիջապես դատապարտվել է մեկուկես տարի ժամկետով ազատազրկման, նրան ի սկզբանե իրավունք է տրվել 2013 թվականի հոկտեմբերի 3-ի՝ «Համաներման հայտարարելու մասին» օրենքի կիրառմամբ օրենքով սահմանված կարգով ազատվել պատժի կրումից այն հանգամանքներում, երբ նրա գործը չի հանդիսացել նույն օրենքի 9-րդ բաժնում նշված բացառություններից մեկը (տե՛ս վերևում՝ 69-րդ պարբերությունը): Ինչպես մարզային դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը պարզել են, որ չկան այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են խոչընդոտել Ս.Հ.-ի նկատմամբ «Համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառումը, և նա ազատվել է պատժի կրումից (տե՛ս վերևում՝ 45-րդ և 48-րդ պարբերությունները):
Դատարանը չէ, որ պետք է ասի, թե արդյոք ազգային դատարանները պատշաճ կերպով են գնահատել համապատասխան փաստերը. այն չի կարող գործել որպես ներպետական քրեական դատարան կամ լսել ազգային դատարանների որոշումների դեմ բողոքները, և չպետք է կարծիք հայտնի քրեական պատասխանատվությանն առնչվող որևէ հարցի վերաբերյալ (տե՛ս վերևում հիշատակված՝ Վուչկովիչի գործը [Vučković], §59 , հետագա հղումներով, և նախադեպային իրավունքի սկզբունքները, որոնք հիշատակված են 155-րդ պարբերության մեջ):
198. Ելնելով վերոնշյալից և համաձայն դատարանների վերանայման գործառույթների, թե արդյոք և որքանով է դիմումատուի գործը ենթարկվել մանրամասն քննության (տե՛ս վերևում՝ 192-րդ պարբերության մեջ հիշատակված նախադեպային իրավունքի սկզբունքները), Դատարանը չի կարող չնկատել ներպետական դատարանների բացառապես ձևական մոտեցումն այն հանագամանքներին, որոնցում դիմումատուն ենթարկվել է խնդրո առարկա վատ վերաբերմունքի՝ հաշվի առնելով, որ նրանք հրաժարվել են հաշվի առել մի շարք գործոններ, որոնք առնչվում են գործի ընդհանուր գնահատմանը և դատապարտման գործընթացին: Մասնավորապես դիմումատուն և Ս.Հ.-ն ամուսնացել են կրոնական արարողությամբ 2004 թվականին (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը) և երբեք չեն բաժանվել. դիմումատուն շարունակել է ապրել Ս.Հ.-ի ծնողների հետ և հոգ տարել իրենց երեխաների մասին նույն տանը, որտեղ նրանք ապրել են (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը), և դիմումատուն երբեք չի աշխատել որևէ տեղ (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը), նրանց երեխաներին ամբողջությամբ ֆինանսապես աջակցել է Ս.Հ.-ի մայրը (տե՛ս վերևում՝ 45-րդ և 48-րդ պարբերությունները): Ընդ որում, վարույթի ամբողջ ընթացքում, ինչպես նաև գործը քննող դատարանում Ս.Հ.-ն դիմումատուին մշտապես հիշատակել է որպես իր «կին» (տե՛ս, օրինակ, վերևում՝ 42-րդ պարբերությունը) և այն, որ բռնության դեպքերը, որոնցում նա մեղադրվում էր, կապված են եղել զուտ ընտանեկան հարցերի հետ, այդ թվում՝ այն վեճը, որը կապված էր իրենց դստեր վնասվածքի վերաբերյալ դիմումատուի կողմից տրված բացատրության մասով Ս.Հ.-ի դժգոհության հետ, ինչպես նաև Ս.Հ.-ի կողմից հնչեցված սպառնալիքները դիմումատուի հասցեին այն դեպքում, երբ նա կկասկածեր դիմումատուին անհավատարմության մեջ (տե՛ս վերևում՝ 8-րդ և 9-րդ պարբերությունները): Ուստի ապշեցուցիչ է, որ որոշելով վերաորակել նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքը՝ մարզային դատարանը, այնուհետև վերաքննիչ դատարանը եկել են այն եզրակացության, որ չի եղել իրավիճակ, երբ դիմումատուն կախվածություն ունենա Ս.Հ.-ից բացառապես այն պատճառով, որ շուրջ երկու տարի Ս.Հ.-ն և դիմումատուն ընդհանուր համատեղ տնտեսություն չեն վարել, քանի որ Ս.Հ.-ն սիրուհի է ունեցել Երևանում (որի հետ նա ապրել է) և ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել դիմումատուին (տե՛ս վերևում՝ 45-րդ և 48-րդ պարբերությունները, տե՛ս նաև դիմումատուի փաստարկներն ու պնդումները, ինչպես նաև իր բողոքներում հիշատակված մեղադրանքները՝ համապատասխանաբար վերևում՝ 46-րդ և 47-րդ պարբերության մեջ):
199. Այս հանգամանքներում չի կարելի ասել, որ հանցագործության վերաորակավորումը, որով Ս.Հ.-ն մեղավոր էր ճանաչվել, և դրա արդյունքում ավելի մեղմ պատժի նշանակումը տեղի են ունեցել գործի բոլոր համապատասխան նկատառումները մանրամասն ուսումնասիրելուց հետո (տե՛ս համապատասխան փոփոխություններով, Սմիլյանիչն ընդդեմ Խորվաթիայի [Smiljanić v. Croatia], թիվ 35983/ 14, §99, 2021 թվականի մարտի 25 և վերևում հիշատակված՝ Վուչկովիչի գործերը[Vučković], §62):
200. Բացի այդ, Ս.Հ.-ի նկատմամբ ընդհանուր համաներման կիրառման վերաբերյալ Դատարանը նշում է, որ ինչպես մարզային դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը եզրակացրել են, որ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Համաներում հայտարարելու մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված բացառությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ 70-րդ կետը), որը իրավական խոչընդոտ էր դրա կիրառման համար, կիրառելի չէ՝ չնայած հանցագործության հետևանքով պատճառված վնասի առնչությամբ առկա ակնհայտ վեճին (տե՛ս վերևում՝ 44-46-րդ պարբերությունները): Չխորանալով ներպետական դատարանների կողմից տրված մեկնաբանության մեջ՝ պետք է փաստել, որ համաներման կիրառման արդյունքում Ս.Հ.-ն չի կրել իր պատիժը։
201. Համաձայն Դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքի՝ համաներումը կամ ներումը հակասում են վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարելու պետությունների պարտականություններին: Համարվում է, որ այդ սկզբունքը տարածվում է մասնավոր անձանց միջև գործողությունների վրա, եթե վերոհիշյալ վերաբերմունքը հասնում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված շեմին (տե՛ս վերևում՝ Պուլֆերի [Pulfer], §83, հետագա հղումներով, և Ե. Գ.-ն ընդդեմ Մոլդովայի Հանրապետության գործերը [E.G. v. the Republic of Moldova], թիվ 37882/13, §43, 2021 թվականի ապրիլի 13):
202. Սույն գործը ներառում է վատ վերաբերմունքի մի քանի լուրջ դեպքեր, որոնք հանգեցրել են դիմումատուին ֆիզիկական վնասի (տե՛ս 21-րդ և 30-րդ պարբերությունները՝ դիմումատուի ֆիզիկական վնասվածքների նկարագրությունը, որոնք ստացել է վիճարկվող վատ վերաբերմունքի հետևանքով) և անկասկած, նաև երկարատև հոգեբանական վնասի: Դատարանը մտահոգիչ է համարում, որ սույն գործով ներպետական քրեական դատարանները, ամբողջությամբ անտեսելով ընտանեկան բռնության համատեքստը, առաջին հերթին վերաորակել են այն հանցագործությունը, որում Ս.Հ.-ն մեղավոր էր ճանաչվել, որպես տվյալ իրավախախտման ոչ ծանր տեսակ, որը ենթադրում էր զգալիորեն ավելի մեղմ պատիժ, և նրան դատապարտել են՝ վերաորակելով իրավախախտման համար կիրառելի պատիժների շարքի ավելի մեղմ տեսակով (տե՛ս վերևում՝ 197-րդ և 198-րդ պարբերությունները), և այնուհետև համարել են, որ Ս.Հ.-ն պետք է ազատվի նույնիսկ այդ պատիժը կրելուց (տե՛ս վերևում՝ 200-րդ պարբերությունը)՝ դրանով իսկ ամբողջությամբ վերացնելով քրեաիրավական շրջանակի զսպող ազդեցությունը:
203. Դատարանի կարծիքով՝ ներպետական դատարանների այդ մոտեցումը կարող է ցույցաբերել որոշակի մեղմություն կանանց նկատմամբ կիրառվող բռնության համար նախատեսված պատժի հարցում, փոխարենը հասարակությանը ազդակ ուղարկելու, որ կանանց նկատմամբ կիրառվող բռնությունը չի հանդուրժվելու (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, վերևում հիշատակված՝ Վուչկովիչի գործը[Vučković], §65, տե՛ս նաև վերևում՝ 153-րդ պարբերության մեջ հիշատակված նախադեպային իրավունքի սկզբունքները): Այդպիսի մեղմությունը, իր հերթին, կարող է հետագայում խանգարել ընտանեկան բռնության զոհերին հաղորդել այդպիսի գործողությունների մասին, ինչն արդեն իսկ լուրջ մտահոգություն է առաջացնում Հայաստանում (տե՛ս վերևում՝ 82-րդ պարբերության մեջ հիշատակված Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից ընտանեկան բռնության ոչ լիարժեք հաղորդման վերաբերյալ արտահայտած լուրջ մտահոգությունները, տե՛ս նաև վերևում՝ 73-րդ պարբերության մեջ հիշատակված համանման մտահոգությունները, որոնք արտահայտվել են «ԿԽՎԿ» կոմիտեի կողմից 2016 թվականի՝ Հայաստանի համատեղ հինգերորդ և վեցերորդ պարբերական զեկույցների վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում):
204. Ելնելով վերոհիշյալից՝ Դատարանը համարում է, որ սույն գործով իրականացվել են այն ժամանակահատվածում գործող քրեաիրավական մեխանիզմները, հատկապես համաներման կիրառումը, որի արդյունքում Ս.Հ.-ն լիովին խուսափել է իր հանցավոր վարքագծի հետևանքներից, և որի թերի կիրառությամբ խախվտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պատասխանող պետության դրական պարտավորությունները (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, վերևում հիշատակված՝ Պուլֆերի [Pulfer], §90, և վեը նշված Ե.Գ.-ն ընդդեմ Մոլդովայի Հանրապետության գործերը[E.G. v. the Republic of Moldova], §43): Դատարանը, հետևաբար, գտնում է, որ պատասխանող պետությունը չի կատարել դիմումատուի կրած ընտանեկան բռնության լուրջ գործողություններին համարժեք արձագանքելու իր ընթացակարգային պարտավորությունը:
5) Ոչ նյութական վնասի փոխհատուցումը
- Արդյո՞ ք առկա է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված դրական պարտավորություն, որը թույլ է տալիս ընտանեկան բռնության զոհին պահանջել ոչ նյութական վնասի փոխհատուցում կատարողի կողմից:
205. Դատարանի նախադեպային իրավունքով պարզ է դառնում, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունները, որոնք Կոնվենցիայի ամենահիմնական դրույթներից են, ավանդաբար համարվում են համանման համընկնող սկզբունքներով կարգավորվող (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Իքսը և այլոք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ][X and Others v. Bulgaria] [GC], թիվ 22457/16, §181, 2021 թվականի փետրվարի 2, և Ս.Մ.-ն ընդդեմ Խորվաթիայի գործերը [S.M. v. Croatia], §§ 309-11):
206. Սույն գործով Դատարանը պետք է առաջին անգամ որոշում կայացնի, թե արդյոք առկա է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված դրական պարտավորություն, որը հնարավորություն է ընձեռում ընտանեկան բռնության զոհին այդպիսի բռնություն կատարողից պահանջելու փոխհատուցում ոչ նյութական վնասի համար:
207. Համաձայն Դատարանի հաստատված նախադեպային իրավունքի՝ Կոնվենցիայի 2-րդ կամ 3-րդ հոդվածների խախտման դեպքում, երբ վտանգի տակ է դրվում այնպիսի իրավունք, որն ունի հիմնարար նշանակություն, ինչպես օրինակ՝ կյանքի իրավունքը կամ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ կիրառվող արգելքները, ոչ նյութական վնասի փոխհատուցումը պետք է ներառվի իրավական պաշտպանության մատչելի միջոցների շարքում (տե՛ս վերևում՝ 154 պարբերության մեջ հիշատակված նախադեպային իրավունքի սկզբունքները): Այդ սկզբունքը հետևողականորեն կիրառվել է մի շարք գործերում, որոնք ներառում են պետական պաշտոնյաների կամ մարմինների պատասխանատվությունը կյանքի կորստի կամ 3-րդ հոդվածին հակառակ վերաբերմունքի պատճառ դարձած գործողությունների կամ անգործության համար, երբ Դատարանը վճռել է, որ ոչ նյութական վնասի փոխհատուցումը, որը բխում է Կոնվենցիայի 2-րդ կամ 3-րդ հոդվածի խախտումից, սկզբունքորեն պետք է հասանելի լինի տուժողին կամ տուժողի ընտանիքին (տե՛ս Կոնվենցիայի 2-րդ հոդվածի առնչությամբ Կինան ընդդեմ Միացյալ Թագավորության [Keenan v. the United Kingdom], թիվ 27229/95, §130, ՄԻԵԴ 2001-III, Փոլը և Օդրի Էդվարդսը ընդդեմ Միացյալ Թագավորության[Paul and Audrey Edwards v. the United Kingdom], §97, ՄԻԵԴ 2002-II , և Միրզոյանն ընդդեմ Հայաստանի[Mirzoyan v. Armenia], թիվ 57129/10, §78, 2019 թվականի մայիսի 23, ինչպես նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի առնչությամբ, վերևում հիշատակված՝ Զ.-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [Z and Others v. the United Kingdom], §109, և Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի գործերը [Poghosyan and Baghdasaryan v. Armenia], թիվ 22999/06, §46, ՄԻԵԴ 2012)։
208. Նախորդ գործով, երբ ներպետական քրեական դատարանները մերժել էին դիմումատուի պահանջը՝ որպես քաղաքացիական կողմ մասնակցելու մասնավոր անձի կողմից կատարված դիմումատուի եղբոր սպանության վերաբերյալ քրեական գործին և փոխհատուցում ստանալու, Դատարանը որոշել է պետության պարտավորության շրջանակում ստեղծել դատական համակարգ, որը կարող է ապահովել «պատշաճ փոխհատուցում» 2-րդ հոդվածի նպատակներով, պահանջվում էր այնպիսի միջոց, որը դիմումատուին հնարավորություն կտար փոխհատուցում պահանջել ոչ նյութական վնասի համար, որը նա կարող էր ստանալ որպես իր մահացած եղբոր ընտանիքի միակ անդամ (տե՛ս Վանյո Տոդորովն ընդդեմ Բուլղարիայի[Vanyo Todorov v. Bulgaria], §66, 2020 թվականի հուլիսի 21, §66, տե՛ս նաև Ստանևին ընդդեմ Բուլղարիայի գործերը [Stanevi v. Bulgaria], թիվ 56352/14, §66, 2023 թվականի մայիսի 30, կապված այն բանի հետ, որ դիմումատուները չեն ստացել ոչ մի փոխհատուցում իրենց հարազատի մահվան համար, որն առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում, որը պատճառվել է հոգեկան հիվանդություն ունեցող վարորդի կողմից):
209. Ավելին, Դատարանն արդեն հնարավորություն է ունեցել պարզելու, որ այն փաստը, որ համապատասխան ներպետական կանոններով թույլ չի տրվում անձանց՝ բժշկական անփութության հետևանքով առաջացած մահվան դեպքերի համար ոչ նյութական վնասի փոխհատուցման հայց ներկայացնել, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում է (տե՛ս մասնավորապես Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի [Movsesyan v. Armenia] , թիվ 27524/09, §§ 72-74, 2017 թվականի նոյեմբերի 16, և վերևում հիշատակված՝ Սարիշվիլի-Բոլկվաձեի գործերը [Sarishvili-Bolkvadze] , §§ 94-97):
210. Որոշիչ չէ այն, որ 3-րդ հոդվածում չի նշվում այն մասին, թե արդյոք տվյալ հոդվածով սահմանվում է դրական պարտավորություն՝ ընտանեկան բռնության ենթարկված զոհերին հնարավորություն տալ դատի տալու իրենց գործընկերներին և(կամ) ընտանիքի անդամներին՝ վատ վերաբերմունքի հետևանքով կրած ոչ նյութական վնասների համար (համեմատել Կրաչունովան ընդդեմ Բուլղարիայի գործը [Krachunova v. Bulgaria] , թիվ 18269/18, §§ 166 և 177, 2023 թվականի նոյեմբերի 28, որտեղ Դատարանը վերջերս մեկնաբանել է Կոնվենցիայի 4-րդ հոդվածը՝ որպես Պայմանավորվող պետությունների կողմից դրական պարտավորություն՝ հնարավորություն ընձեռելու թրաֆիքինգի ենթարկված զոհերին իրենց թրաֆիքինգի ենթարկած անձանցից պահանջելու փոխհատուցում՝ իրենց կորցրած եկամուտների համար: Թեև 2-րդ հոդվածը նույնպես հստակորեն այդպիսի պարտավորություն չի սահմանում, այնուհանդերձ, դրանում ընթերցվել է հատուկ պարտավորություն, որը հնարավորություն է ընձեռում անձանց պահանջելու ոչ նյութական վնասի փոխհատուցում (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված՝ Վանյո Տոդորովի գործը [Vanyo Todorov], §§ 56-67):
211. Դատարանի կարծիքով և ստորև նշված պատճառներով, ինչպես նաև այն մոտեցմամբ, ըստ որի ոչ նյութական վնասի փոխհատուցումը պետք է հասանելի լինի, երբ պետական պաշտոնյաները կամ մարմինները ներգրավված են (տե՛ս վերևում՝ 207-րդ պարբերության մեջ հիշատակված նախադեպային իրավունքի սկզբունքները), 3-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի գրեթե այնպես, ինչպես Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, նաև ընտանեկան բռնություն կատարողից ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորության տեսանկյունից:
212. Առաջին, ինչպես նշված է վերևում՝ 205-րդ պարբերությունում՝ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներից բխող պարտավորությունների մեկնաբանության մեջ, որոնք ամրագրում են ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքները, Դատարանը ավանդաբար առաջնորդվել է նմանատիպ (եթե ոչ նույնական) սկզբունքներով: Անշուշտ, սույն գործում Դատարանը չի տեսնում օբյեկտիվ պատճառներ՝ համարելու, որ այն պարտավորությունը, որը հնարավորություն է ընձեռում անձանց պահանջել ոչ նյութական վնասի փոխհատուցում, երբ մահը պատճառվել է մասնավոր անձի կողմից, որն արդեն ներառված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածում (տե՛ս վերևում՝ 208-րդ և 209-րդ պարբերություններում հիշատակված նախադեպային իրավունքի օրինակները), չպետք է սահմանվի նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածով՝ հնարավորություն ընձեռելով ընտանեկան բռնության զոհին ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջել այդ բռնությունը կատարողից:
213. Երկրորդ, վաղուց ընդունված է, որ հոգեբանական ազդեցությունը ընտանեկան բռնության կարևոր ասպեկտ է (տե՛ս վերևում հիշատակված՝Վալիուլիենեի [Valiulienė], §69, Վոլոդինայի[Volodina], §§ 74-75 և Տունիկովան և այլք գործերը[Tunikova and Others], §75): Հետևաբար Դատարանը չի կարող անտեսել ընտանեկան բռնության զոհերի կողմից կրած վատ վերաբերմունքի հոգեբանական ասպեկտը (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, վերևում հիշատակված՝ Վալիուլիենեի գործը [Valiulienė], §69) և պետք է մեկնաբանի Կոնվենցիայի դրույթներն այնպես, որ դրանցով երաշխավորված իրավունքները դառնան գործնական և արդյունավետ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Սորինգն ընդդեմ Միացյալ Թագավորության[Soering v. the United Kingdom], 1989 թվականի հուլիսի 7, «87, շարք Ա թիվ 161, Գյուզելուրթլուն և այլք ընդդեմ Կիպրոսի և Թուրքիայի [ՄՊ][GՖzelyurtlu and others v.Cyprus and Turkey][GC], թիվ 36925/07, §234, 2019 թվականի հունվարի 29, և վերևում հիշատակվա՝ծ Ս. Մ.-ն ընդդեմ Խորվաթիայի գործերը [S.M. v. Croatia] , §295)։
214. Երրորդ, Դատարանի նախադեպային իրավունքը ընտանեկան բռնության վերաբերյալ մինչ այժմ կենտրոնացված է պաշտպանության օրենսդրական և կարգավորող շրջանակի վրա, ինչպես նաև որոշակի հստակ սահմանված հանգամանքներում պաշտպանելու գործառնական պարտականությունների և արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորության վրա, ներառյալ՝ պատիժը (տե՛ս վերևում՝151-153 պարբերություններում հիշատակված նախադեպային իրավունքի սկզբունքները): Այնուամենայնիվ, թեև այդ միջոցները կարևոր են պաշտպանության և կանխարգելման ապահովման համար, դրանք ինքնին չեն կարող մեղմել ընտանեկան բռնության զոհերին արդեն իսկ պատճառված հոգեբանական վնասը կամ գործնականում աջակցել նրանց վերականգնմանը՝ փորձառությունից ելնելով (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, վերևում հիշատակված՝ Կրաչունովայի գործը [Krachunova], «169)։ Անշուշտ, ընտանեկան բռնության զոհերին հնարավորություն տալ պահանջելու ոչ նյութական վնասի փոխհատուցում կատարողից, ակնկալվում է, որ դա կարող է հանդիսանալ մի միջոց՝ ապահովելու, որ պետությունների կողմից ընտանեկան բռնության հարցին արված արձագանքով հաշվի առնվի զոհերին պատճառված վնասի փոխհատուցման ամբողջական չափը:
215. Ելնելով վերոնշյալից՝ կարելի է եզրակացնել, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը՝ մեկնաբանված իր առարկայի և նպատակի լույսի ներքո և այնպես, որ դրանում մեկնաբանված երաշխիքները դառնան գործնական և արդյունավետ, նախատեսում է Պայմանավորվող պետությունների կողմից դրական պարտավորություն՝ հնարավորություն ընձեռելով ընտանեկան բռնության զոհերին պահանջելու ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնություն կատարողներից՝ ուղղակի կամ անուղղակիորեն տվյալ պետության միջոցով։
216. Այս եզրակացությունը լրացուցիչ անգամ ամրապնդվում է համապատասխան միջազգային փաստաթղթերով (տե՛ս մասնավորապես վերևում՝ 79-րդ պարբերության մեջ հիշատակված «Բռնությունից կանանց պաշտպանության մասին» Նախարարների կոմիտեի կողմից անդամ պետություններին ուղղված՝ Rec(2002)5 հանձնարարականը, վերևում՝ 75-րդ պարբերության մեջ հիշատակված Ստամբուլի կոնվենցիայի 30-րդ հոդվածի 1-ին կետը և վերևում՝ 76-րդ պարբերության մեջ հիշատակված 30-րդ հոդվածի մեկնաբանությունները բացատրական զեկույցում):
217. Ավելին, Դատարան ներկայացված տեղեկությունները (տե՛ս վերևում՝ 84-119 պարբերությունները) վկայում են Պայմանավորվող պետությունների միջև ձևավորվող կոնսենսուսի մասին՝ ընտանեկան բռնության զոհերին տրամադրել օրինական միջոցներ՝ բռնություն կատարողներից ոչ նյութական վնասի փոխհատուցում հայցելու համար (տե՛ս այս առնչությամբ ԳՐԵՎԻՈ-ի [GREVIO] ելակետային գնահատման զեկուցը՝ Ալբանիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Նորվեգիայի, Հունաստանի մասին, Լիխտենշտեյնի, Մոլդովայի Հանրապետության, Խորվաթիայի, Մալթայի, Լեհաստանի և Ռումինիայի մասին տե՛ս վերևում՝ 84-րդ, 87-89, 93-րդ, 95-րդ, 101-102, 104-105, 107-րդ, 110-112, 115-րդ, 117-րդ և 119-րդ պարբերությունները): Որոշ Պայմանավորվող պետություններ, որոնք չեն հստակեցրել, թե արդյոք իրենց օրենքով նախատեսվում է ընտանեկան բռնության զոհերի համար բռնություն կատարողներից պահանջելու ոչ նյութական վնասի փոխհատուցում, նշել են, որ պետության կողմից փոխհատուցումը հասանելի է, ի թիվս այլնի, ոչ նյութական վնասի դեպքում, երբ վնասները չեն կարող վերականգնվել բռնություն կատարողի կողմից (տե՛ս վերևում՝ 90-րդ, 97-րդ և 103-րդ պարբերություններում հիշատակված Մոնտենեգրոն, Բելգիան և Իսլանդիան): Մինչդեռ որոշ այլ Պայմանավորվող պետություններ կոնկրետ տեղեկություններ չեն տրամադրել այն մասին, թե ինչ փոխհատուցում կարելի է պահանջել կատարված հանցագործությունների դիմաց, չկա որևէ ցուցում, որ այդ պետություններից որևէ մեկի օրենքով արգելվում է ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջները: Այս ամենը խոսում է նաև վերևում՝ 215-րդ պարբերության մեջ հիշատակված եզրակացության օգտին։
- Համապատասխանությունը
218. Դատարանը պետք է այնուհետև որոշում կայացնի, թե արդյոք պատասխանող պետությունը սույն գործով կատարել է վերևում՝ 215-րդ պարբերության մեջ հիշատակված դրական պարտավորությունը:
219. Դատարանը նշում է սակայն, որ ոչ նյութական վնասի փոխհատուցումը ներպետական իրավունքով փոխհատուցում ստանալու ընդհանուր իրավունքի մաս չի կազմում։ Մասնավորապես, թեև Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը փոփոխվել է 2014 թվականի նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով, որպեսզի ներառվի ոչ նյութական վնասը որպես քաղաքացիական վնասի տեսակ (տե՛ս վերևում հիշատակված` 56-րդ և 60-րդ պարբերությունները), նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասից, 162.1 և 1087.2 հոդվածներից (տե՛ս վերևում՝ 56-րդ, 57-րդ և 59-րդ պարբերությունները) պարզ է դառնում, որ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջները խստորեն սահմանափակվում են պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքի հաստատված խախտման վերաբերյալ պահանջներով (տե՛ս Բոթոյանն ընդդեմ Հայաստանի գործը [Botoyan v. Armenia], թիվ 5766/ 17, §§ 119-21, 2022 թվականի փետրվարի 8): Մինչ օրս, ներպետական օրենսդրության համաձայն, մասնավոր անձից ոչ նյութական վնասի համար փոխհատուցում ստանալու միակ օրինական միջոցն այն է, որը նախատեսված է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով, եթե պահանջը վերաբերում է զրպարտությանը և վիրավորանքին (տե՛ս վերևում՝ 58-րդ պարբերությունը):
220. Կառավարությունը պնդել է, որ օրենքի համաձայն դիմումատուն հնարավորություն է ունեցել Ս.Հ.-ից պահանջելու իր պատվին և (կամ) արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցումը (տե՛ս վերևում՝ 58-րդ պարբերության մեջ հիշատակված ներպետական օրենսդրության կանոնակարգերը), և նա օգտվել է այդ հնարավորությունից, բայց չի կարողացել հիմնավորել իր հայցը (տե՛ս վերևում՝ 147-րդ պարբերությունը): Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, ինչպես արդարացիորեն նշել է դիմումատուն (տե՛ս վերևում հիշատակված՝ 142-րդ պարբերությունը), Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով (տե՛ս վերևում՝ 58-րդ պարբերությունը) նախատեսված կանոնակարգերն ակնհայտորեն կիրառելի չեն եղել դիմումատուի՝ Ս.Հ.-ի դեմ ուղղված քաղաքացիական հայցում։ Կառավարության կողմից ներկայացված ներպետական դատական գործելակերպի օրինակները, որոնք վերաբերում էին զրպարտության և վիրավորանքի գործերով ոչ նյութական վնասի փոխհատուցման քաղաքացիական հայցերի քննարկմանը (տե՛ս վերևում հիշատակված՝ 147-րդ պարբերությունը), հետագայում դրսևորվում են:
221. Իսկապես, դիմումատուն Ս.Հ.-ի դեմ ներկայացված քաղաքացիական հայցում հստակ նշել է, որ ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների բացակայության դեպքում նա ստիպված է եղել հղում կատարել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածին, քանի որ այն քաղաքացիաիրավական օրենսդրության միակ դրույթն է, որը հնարավորություն է ընձեռում անձին մասնավոր անձից ոչ նյութական վնասի փոխհատուցման համար հայց ներկայացնել (տե՛ս վերևում՝ 44-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, նա պարզաբանել է, որ իր հայցը վերաբերում է իր հուզական և հոգեբանական տառապանքներին, որը պատճառվել էր նրան Ա.Հ.-ի կողմից վատ վերաբերմունքի արդյունքում (նույն տեղում)։ Ավելին, մարզային դատարանի որոշման դեմ իր բողոքում դիմումատուն պարզաբանել է, որ նա հղում է կատարել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածին՝ պահանջվող գումարի հետ կապված բացառապես ցուցիչ նպատակներով (տե՛ս վերևում 46-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, ոչ նյութական վնասի փոխհատուցման հարցի առնչությամբ ինչպես մարզային դատարանը, այնպես էլ հետագայում Վերաքննիչ դատարանը (տե՛ս վերևում հիշատակված 45-րդ և 48-րդ պարբերությունները) քննել են դիմումատուի քաղաքացիական հայցը՝ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ընդհանուր նախադեպային իրավունքի լույսի ներքո, ինչը, ինչպես նշված է վերևում՝ 220-րդ պարբերությունում, ակնհայտորեն անկիրառելի էր տվյալ հանգամանքներում: 222. Ներպետական դատարանները պաշտոնապես մերժել են դիմումատուի քաղաքացիական հայցի այն մասը, որը վերաբերում է ոչ նյութական վնասի փոխհատուցմանը՝ հիմնավորումների բացակայության պատճառով: Այնուամենայնիվ, ինչպես նշվել է վերևում՝ 219-րդ պարբերությունում, իրականում օրենքի համաձայն նրանք նույնիսկ չէին կարող ուսումնասիրել այն, առավել ևս բավարարել՝ հաշվի առնելով, որ ներպետական օրենսդրությունը հնարավորություն չի ընձեռում անձանց պահանջել ոչ նյութական վնասի փոխհատուցում մասնավոր անձանցից (բացառությամբ հատուկ դեպքերի, որոնք առնչվում են հրապարակային արված զրպարտություն կամ վիրավորանք պարունակող հայտարարություններին, տե՛ս վերևում՝ 58-րդ և 147-րդ պարբերությունները) (տե՛ս նաև վերևում հիշատակված՝ Միրզոյանի գործը [Mirzoyan], §§ 36 և 80, որտեղ մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը տեղի ունեցած վարույթում գործը քննող դատարանը մերժել է դիմումատուի քաղաքացիական հայցն ընդդեմ Պաշտպանության նախարարության՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում իր միակ որդու սպանության հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման մասին այն հիմքով, որ օրենքը չի նախատեսում ոչ նյութական վնասի փոխհատուցում):
223. Հաշվի առնելով վերևում հիշատակվածը՝ Դատարանը գտնում է, որ որևէ բանով չպայմանավորված՝ օրենսդրական սահմանափակումը, որը դիմումատուին հնարավորություն չէր տալիս Ս.Հ.-ից ստանալ ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ նրա վատ վերաբերմունքի հետևանքով կրած վնասի համար, խախտում էր պատասխանող պետության դրական պարտավորությունը, ինչպես նշված է վերևում՝ 215-րդ պարբերությունում (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, վերևում հիշատակված՝ Սարիշվիլի-Բոլկվաձեի գործը [Sarishvili-Bolkvadze], §§ 96 և 97):
iii) Եզրակացություն
224. Հաշվի առնելով վերևում հիշատակված նկատառումները (տե՛ս մասնավորապես,վերևում՝ 177-րդ, 190-րդ, 204-րդ և 223-րդ պարբերությունները)՝ Դատարանը գտնում է, որ սույն գործում տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
225. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի փոխհատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
226. Դիմումատուն պահանջել է 4,220 եվրո՝ որպես նյութական վնասի փոխհատուցում, որը ներառում է բժշկական ծախսերը, որոնք նա ստիպված է եղել կրել այն վնասվածքների համար, որոնք ստացել էր Ս.Հ.-ի կողմից վատ վերաբերմունքի հետևանքով (կապված բժշկական խորհրդատվության, սպիների հեռացման, պլաստիկ վիրաբուժության, մազերի վերականգնման և այլնի հետ): Ի պաշտպանություն սույն կետի վերաբերյալ իր պահանջի՝ դիմումատուն ներկայացրել է բժշկական հաշիվ-վավերագրեր: Դիմումատուն այնուհետև պահանջել է 84, 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
227. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն արդեն ստացել է ներպետական վարույթի շրջանակում նյութական վնասի փոխհատուցում (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը): Կառավարությունը նաև պնդել է, որ բժշկական փաստաթղթերը, որոնք դիմումատուն ներկայացրել է ի պաշտպանություն բժշկական ծախսերի վերաբերյալ իր պահանջի, պարունակում էին հաշիվ-վավերագրեր, որոնք թողարկվել էին համեմատաբար վերջերս՝ 2022 թվականին, և պարզ չէ, թե արդյոք կա պատճառահետևանքային կապ այդ վերջին բժշկական ծախսերի և 2013 թվականին նրա կրած վատ վերաբերմունքի միջև: Կառավարությունը նաև պնդել է, որ 2014 թվականի բժշկական փաստաթղթերն արդեն ներկայացվել են քննող դատարան, և դիմումատուին փոխհատուցվել են այդ ծախսերը: Ի վերջո, Կառավարությունը համարել է, որ սույն գործով խախտման մասին որոշումը պետք է դիտարկվի որպես բավարար արդարացի փոխհատուցում, և պնդել է, որ ոչ նյութական վնասի փոխհատուցման դիմումատուի պահանջներն ամեն դեպքում չափազանցված են:
228. Ինչ վերաբերում է դիմումատուի՝ նյութական վնասի, այն է՝ բժշկական ծախսերի փոխհատուցման պահանջին, Դատարանը նշում է, որ հայտնաբերել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում այն հանգամանքով, ի թիվս այլնի, որ իշխանությունները ոչ բավարար կերպով են արձագանքել դիմումատուի նկատմամբ հետագա վատ վերաբերմունքի վտանգին, երբ Ս.Հ.-ի դեմ քրեական վարույթը դեռ շարունակվում էր (տե՛ս վերևում, մասնավորապես՝ 190-րդ պարբերությունը)։ Դատարան ընդունված վարույթի ընթացքում դիմումատուն երբեք չի բողոքել, որ իշխանությունները չեն պաշտպանել իրեն վատ վերաբերմունքից, որը հանգեցրել է նրա վնասվածքներին (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը): Հետևաբար Դատարանը չի գտնում, որ առկա է բավականաչափ ուղղակի պատճառահետևանքային կապ սույն գործով հայտնաբերված խախտման և դիմումատուի ենթադրյալ կրած նյութական վնասի միջև՝ կապված բժշկական ծախսերի հետ: Ուստի այն մերժում է տվյալ պահանջը։
229. Միևնույն ժամանակ Դատարանն ընդունում է, որ դիմումատուն ենթարկվել է հոգեկան տառապանքների, որը չի կարող փոխհատուցվել բացառապես խախտման հայտնաբերմամբ, ինչպես պնդում էր Կառավարությունը (տե՛ս վերևում՝ 227-րդ պարբեությունը): Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա և հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, դիմումատուին շնորհում է 24 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
230. Դիմումատուն պահանջել է 3,160 եվրո՝ Դատարանում վարույթի ընթացքում իր ներկայացուցչին վճարված դատական ծախսերի համար: Ի պաշտպանություն սույն պահանջի՝ դիմումատուն ներկայացրել է ըստ արդյունքի վճարման մասին համաձայնագիր, որը կնքվել է Դատարանում նրա ներկայացուցիչ պրն Տ. Մուրադյանի հետ (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը), համաձայն որի դիմումատուն պարտավորվում էր վճարել Տ.Մուրադյանին 3,160 եվրո՝ Դատարանում իրեն ներկայացնելու համար, դատարանի կողմից դիմումատուի օգտին որոշում կայացվելու դեպքում (տե՛ս վերևում՝ 228-րդ պարբերությունը):
231. Կառավարությունը համարել է, որ դիմումատուների պահանջն այս մասով չափազանցված է։
232. Դատարանը նախկինում ճանաչել է ըստ արդյունքի վճարման մասին համաձայնագրերի վավերականությունը՝ դատական ծախսերի համար փոխհատուցում շնորհելու նպատակով (տե՛ս Մնացականյանն ընդդեմ Հայաստանի [Mnatsakanyan v. Armenia], թիվ 2463/12, §101, 2022 թվականի դեկտեմբերի 6)։
233. Ելնելով վերևում հիշատակվածից՝ Դատարանը գտնում է, որ Դատարանում առաջացած դատական ծախսերը պարտադիր կերպով կատարվել են հայտնաբերված խախտման համար փոխփոխհատուցում ապահովելու համար: Դատարանը, այնուամենայնիվ, վերահստատում է, որ համաձայն իր նախադեպային իրավունքի՝ դիմումատուն իրավունք ունի փոխհատուցելու ծախսերը և ծախքերը միայն այնքանով, որքանով ապացուցված է, որ դրանք նպատակահարմար են իրենց քանակական առումով (տե՛ս, ի թիվս բազմաթիվ այլ վճիռների, Սենտրո Յուրոպա 7. Էս.Ար.էլ և Դի Ստեֆանոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Centro Europa 7. S.r.l and Di Stefano v Italy [GC]], թիվ 38433/09, §223, ՄԻԵԴ 2012, և Էլիսիկը և այլք ընդդեմ Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Սերբիայի, Սլովենիայի և Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետության [ՄՊ] գործերը [Ališić and others v. Bosnia and Herzegovina, Croatia, Serbia, Slovenia and the former Yugoslav Republic of Macedonia] [GC], թիվ 60642/08, §158, ՄԻԵԴ 2014): Սույն գործում, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և վերոնշյալ չափանիշները, Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 2,000 եվրո՝ Դատարանում վարույթի ընթացքում կրած դատական ծախսերի և ծախքերի համար:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Միացնում է Կառավարության առարկությունն ըստ էության քննությանը առ այն, որ դիմումատուն չի սպառել իր բողոքի իրավական պաշտպանության ներպետական միջոցները՝ համաձայն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, որն առնչվում է ներպետական իշխանությունների կողմից Ս.Հ.-ի դեմ հարուցված քրեական գործով վարույթի ընթացքում ընտանեկան բռնության հետագա գործողություններից դիմումատուին չպաշտպանելուն, և մերժում է այն.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտում.
4. Վճռում է՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44–րդ հոդվածի 2–րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 24,000 եվրո (քսանչորս հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2,000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ,
բ) վերևում նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի դեկտեմբերի 12-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
________________________
1 2021 թվականի հուլիսի 1-ից Թուրքիան դուրս է եկել Ստամբուլի կոնվենցիայից և այլևս դրա մասնակից պետություն չէ։
|
Քարտուղար՝ |
Նախագահ՝ |
|
Վիկտոր Սոլովեյչիկ |
Մաթիաս Գույոմար |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|