ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/3572/04/222024 թ. | ||||||
|
Սնանկության գործ թիվ ՍնԴ/3572/04/22 |
|||||||
|
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
2024 թվականի սեպտեմբերի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի` «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2023 թվականի որոշման դեմ Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյանների բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.01.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 11.05.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողով:
Դատարանը 25.05.2023 թվականին որոշել է «(…) Լեոնարդ Հովսեփյանի և Տաթևիկ Հովսեփյանի պահանջը՝ «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի նկատմամբ հաստատել 56.500.000 (հիսունվեց միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետով նախատեսված՝ ստորադաս չապահովված պահանջ, իսկ 400.000 ՀՀ դրամ գումարի չափով պահանջը, որպես դատական ծախսի գումար հաստատել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով նախատեսված հերթում։
(…)»։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.09.2023 թվականի որոշմամբ Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյանների (…) բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 25.05.2023 թվականի «Սահմանված ժամկետում դատարան չներկայացված պահանջների քննարկման մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Վերաքննիչ դատարանի դատավոր Ն․ Կարապետյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյանները (ներկայացուցիչ Վարդան Ալոյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ, 44-րդ, 46-րդ, 50-րդ ու 82-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 570.1-ին, 928.1-ին և 928.6-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ, 105-րդ ու 107-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության և իրենց միջև 20.09.2019 թվականին կնքված՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի համաձայն՝ Ընկերության հատուկ հաշվեհամարին իրենց մուտքագրած ցանկացած գումար համարվում է գրավադրված հօգուտ իրենց՝ Ընկերության ստանձնած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը ոչ իրավաչափորեն է իրենց ներկայացրած պահանջի փոփոխությունը դիտարկել որպես առանձին ներկայացված պահանջ. այն պահանջի փոփոխություն է, որի մասին հստակ նշվել է պահանջի փոփոխության տեքստում։ Պահանջի փոփոխությամբ ներկայացվել է գնահատման հաշվետվություն և խնդրել են կատարել պահանջի փոփոխություն։ Այն որպես պահանջի փոփոխություն չդիտարկելու արդյունքում խախտվել է իրենց սեփականության իրավունքը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ պահանջի փոփոխությունը ներկայացվել է 25.03.2023 թվականին, իսկ պահանջների վերջնական ցուցակը Դատարանը հաստատել է միայն 11.05.2023 թվականի որոշմամբ։ Այսինքն՝ պահանջի փոփոխությունը Դատարան է ներկայացվել պահանջների վերջնական ցուցակը հաստատվելուց մոտ 50 օր առաջ, որի պայմաններում Դատարանի կողմից ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելը և պահանջը որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «ը» հերթի պահանջ գրանցելն իրավաչափ չէ։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի «դ» հերթի պահանջ ներկայացված 3․359․721 ՀՀ դրամ պահանջից ընդամենը 400․000 ՀՀ դրամը գրանցելու դեպքում գումարի չափն ակնհայտ քիչ է և չի համապատասխանում կատարված ու սնանկության վարույթում դեռ կատարվելիք աշխատանքի բարդությանը և ծավալներին։ Պարտատերերի և «Թրասթ Լոու» ՍՊԸ միջև 21.03.2023 թվականին կնքվել է թիվ TLTH-21/03/23 իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, որով «Թրասթ Լոու» ՍՊԸ-ն ստանձնել է իրականացնել նույն պահանջի փոփոխության կազմման և ներկայացման, ինչպես նաև սույն սննակության գործի շրջանակներում վստահորդների շահերի ներկայացումն ու պաշտպանությունը։ Պայմանագրի 2.1-ին կետի համաձայն՝ իրավական օգնության համար վարձատրության չափ է սահմանվել՝ որպես հաջողության պարգևավճար, վստահորդների կողմից Ընկերությունից ձեռք բերած կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի շուկայական արժեքի` 56․500․000 ՀՀ դրամի և բնակարանը հանձնելն ուշացնելու համար կառուցապատողի հետ կնքված պայմանագրով սահմանված տույժի՝ 10․694․430 ՀՀ դրամի 5%-ը, այսինքն՝ ընդհանուր 3․359․721 ՀՀ դրամը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 25.09.2023 թվականի որոշումը և փոփոխել այն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերության՝ որպես վաճառողի, և Տաթևիկ ու Լեոնարդ Հովսեփյանների՝ որպես գնորդների, միջև 20.09.2019 թվականին կնքվել է կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը (այսուհետ նաև՝ Պայմանագիր), որի 1.1-ին կետում նշվել է, որ նույն պայմանագրով գնորդները ձեռք են բերում վաճառողին սեփականության իրավունքով պատկանող և կառուցապատվող՝ Երևանի Կենտրոն, Անտառային փողոցի թիվ 126/8 հասցեում գտնվող հողամասի վրա կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 2-2 բնակարանը գնելու իրավունքը, իսկ գնորդները պարտավորվում են վաճառողից օբյեկտը սեփականության իրավունքով փոխանցելու ակտի կնքման առաջարկն ստանալու դեպքում կնքել սեփականության իրավունքի փոխանցման ակտն ու օբյեկտի ձեռքբերման դիմաց վճարել պայմանավորված գինը՝ նույն պայմանագրում նախատեսված կարգով և չափով (…):
Պայմանագրի 2.1-ին կետում նշվել է, որ Պայմանագրի գնից՝ 38.170.000 ՀՀ դրամ գումարից 11.460.000 ՀՀ դրամ գումարը, որպես կանխավճար, գնորդները պարտավորվում են փոխանցել Բանկում սպասարկվող վաճառողի թիվ 1150005023653671 հատուկ բանկային հաշվին մինչև Պայմանագրի կնքման հաջորդ աշխատանքային օրը, իսկ մնացած 26․710․000 ՀՀ դրամ գումարը պարտավորվում են նույն բանկում սպասարկվող՝ վաճառողի թիվ 1150005023653671 հատուկ բանկային հաշվին փոխանցել մինչև 26․12․2020 թվականը:
Պայմանագրի 2.3-րդ կետում նշվել է, որ գնորդների կողմից վաճառողի հատուկ հաշվին գումարները մուտքագրելու պահից նույն պայմանագրի ուժով դրանք համարվում են գնորդների օգտին վաճառողի կողմից գրավադրված՝ որպես շենքի կառուցման ավարտից հետո օբյեկտը սեփականության իրավունքով հանձնելու վաճառողի պարտավորության և Պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման վաճառողի պարտավորության կատարման ապահովման միջոց․
Պայմանագրի 7․3-րդ կետում նշվել է, որ Վաճառողի թերացման հետևանքով շենքի շահագործման թույլտվությունը նույն պայմանագրով սահմանված ժամկետից 60 օրացուցային օրից ուշ ստանալու դեպքում գնորդն իրավունք ունի վաճառողից պահանջել տույժ՝ կետանցի 61-րդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր օրվա համար օբյեկտի գնի 0,05 տոկոսի չափով, որը հաշվանցելի է Պայմանագրի գնի մնացորդի գումարի հետ, եթե առկա է մնացորդ (հիմք՝ Սնանկության դատարանի կողմից 20․05․2024 թվականի գրությանը կից ուղարկված պայմանագիրը)․
2) Բանկի դիմումը բավարարելու արդյունքում Դատարանի 25.01.2023 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հավելված 1-ին, գ.թ. 10-34).
3) սնանկության մասին հայտարարությունից (սնանկության մասին հայտարարությունը «azdarar.am» կայքում տրվել է 20․02․2023 թվականին) հետո՝ մեկամսյա ժամկետում՝ 06.03.2023 թվականին, պարտատերեր Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյանները Դատարան են ներկայացրել պահանջ՝ Պայմանագրում նշված անշարժ գույքի՝ բնակարանի, և Պայմանագրի 7․3-րդ կետով հաշվարկված 10.649.430 ՀՀ դրամի չափով տույժի մասին (հավելված 2-րդ, գ.թ. 37-39, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ «azdarar.am»).
4) Դատարանի 11.05.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը, այդ թվում նաև հաստատվել է Լեոնարդ Հովսեփյանի և Տաթևիկ Հովսեփյանի պահանջը 10․649․430 ՀՀ դրամի չափով՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «է» հերթում․ պահանջի մյուս մասի վերաբերյալ Դատարանը որոշում չի կայացրել, ինչպես նաև այդ մասին չի անդրադարձել որոշման պատճառաբանական մասում (հավելված 1-ին, գ.թ. 76-84).
5) Դատարանում 24.03.2023 թվականին ստացվել է Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյանների՝ «Պահանջի փոփոխություն» վերտառությամբ փաստաթուղթը, որով դիմողները խնդրել են իրենց կողմից 06.03.2023 թվականին ներկայացված պահանջում կատարել փոփոխություն՝ իրենց պահանջը գրանցելով հետևյալ կերպ.
«1) ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Անտառային 126/8 հասցեում կառուցված շենքի նախագծային 2-2 բնակարանի շուկայական արժեքի՝ 56.500.000 ՀՀ դրամ վճարման պահանջը, որն ապահովված է «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված կառուցապատողի հատուկ 1150005023653671 հաշվին առկա դրամական միջոցների գրավով,
2) որպես Բնակարանի հանձնումը ուշացնելու համար Պայմանագրով սահմանված տույժի գումար՝ 10.694.430 ՀՀ դրամ պահանջը, որն ապահովված է «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված կառուցապատողի հատուկ 1150005023653671 հաշվին առկա դրամական միջոցների գրավով,
3) որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար՝ 3.359.721 ՀՀ դրամ պահանջը գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «դ» հերթի պահանջ»։
Միաժամանակ խնդրել են հարգելի համարել պահանջի փոփոխությունում տեղ գտած չապահովված պահանջի և ապահովված պահանջի չապահովված մասը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառը, եթե առկա է ժամկետի բացթողում (հավելված 2-րդ, գ.թ. 60-66)․
6) Դատարանի 25.05.2023 թվականի որոշմամբ Ընկերության նկատմամբ Լեոնարդ Հովսեփյանի և Տաթևիկ Հովսեփյանի պահանջը հաստատվել է 56.500.000 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետով նախատեսված՝ ստորադաս չապահովված պահանջ, իսկ 400.000 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես դատական ծախսի գումար՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով նախատեսված հերթում (հավելված 1-ին, գ.թ. 85-127).
7) «Թրասթ Լոու» ՍՊԸ-ի և Տաթևիկ ու Լեոնարդ Հովսեփյանների միջև 21.03.2023 թվականին կնքվել է իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որի 1․1-ին կետի համաձայն՝ «Թրասթ Լոու» ՍՊԸ-ն պարտավորվել է Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյաններին մատուցել պայմանագրի 1․2-րդ կետում նշված փաստաբանական ծառայությունները, իսկ վերջիններս պարտավորվել են իրավաբանական օգնության համար «Թրասթ Լոու» ՍՊԸ-ին վճարել պայմանագրի 2․1-ին կետին համապատասխան։
Նույն պայմանագրի 1․2-րդ կետի համաձայն՝ «Թրասթ Լոու» ՍՊԸ-ն ստանձնել է Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյանների շահերի պաշտպանությունն Ընկերության սնանկության գործի շրջանակներում, մասնավորապես՝ կազմել և ներկայացնել նոր պահանջ, կամ պահանջի փոփոխություն (…), իրականացնել դատական ներկայացուցչություն (…)։
Նույն պայմանագրի 2․1-ին կետի համաձայն՝ իրավաբանական օգնության համար վճարման ենթակա վարձատրությունը կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանվում է հաջողության պարգևավճարի տեսքով՝ Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյանների կողմից Ընկերությունից ձեռք բերված կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի շուկայական արժեքի՝ 56.500.000 ՀՀ դրամի և բնակարանը հանձնելն ուշացնելու համար պայմանագրով սահմանված տույժի՝ 10.694.430 ՀՀ դրամի 5 տոկոսի չափով, որը ենթակա է վճարման բնակարանը որպես սեփականություն ստանալուց, կամ դրա անհնարինության դեպքում՝ դրա արժեքը փաստացի ստանալուց և (կամ) տույժի գումարը փաստացի ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում (հավելված 2-րդ, գ.թ. 74-78)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ, 44-րդ ու 46-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 570.1-ին և 928.6-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ՝
1․ պահանջի փոփոխության հասկացությանը՝ բացահայտելով դրա էությունը,
2․ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի շրջանակներում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարված կանխավճարային վճարումը որպես ապահովված իրավունքի առարկա դիտարկելուն,
3․ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարների հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները։
1․ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով։
Նույն հոդվածի 2․1-րդ մասի համաձայն նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: (…)։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պահանջը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում գրանցվում է դատարանում:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պահանջի գրանցումից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դատարանը պահանջի և նրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին` դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար:
Մինչև 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետում ներկայացրած բոլոր պահանջները կառավարիչն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում` նույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան:
Մինչև 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանը առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:
Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
Մինչև 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո դատարան ներկայացրած նոր պահանջները և պահանջների փոփոխությունները դատարանը հանձնում է կառավարչին: Կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:
Եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում` նույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան:
Մինչև 07․01․2023 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատավորը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կառավարչին, պարտապանին, պարտատերերին ծանուցում է պատշաճ կարգով: (…)։ Պատճառների հարգելիության և պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:
Մինչև 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը:
Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ պարտատերերն իրենց պահանջները, որպես կանոն, պետք է դատարան ներկայացնեն սնանկության մասին հայտարարությունից հետո, որը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում ենթակա է դատարանում գրանցման: Ընդ որում, պահանջը համարվում է սահմանված կարգով ներկայացված նաև այն դեպքում, երբ դրանում նշված է պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով։ Հակառակ դեպքում նման պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը։
Դատարանը, գրանցելով պահանջը, ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում պահանջի և դրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին` դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար:
Իր հերթին կառավարիչը վերը նշված ժամկետում ներկայացված բոլոր պահանջներն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում` օրենքով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան, և պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին ու հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանն առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունն ու որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին, որը կարող է բողոքարկվել:
Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է նաև վերը նշված ժամկետից հետո ներկայացված պահանջների գրանցման առանձնահատկությունները՝ այդ պահանջների մի խումբն անվանելով «նոր պահանջներ», այսինքն՝ սահմանված ժամկետում ներկայացված սկզբնական պահանջի հետ չկապված (դրա հետ որևէ առնչություն չունեցող), իսկ մյուս դեպքում՝ «պահանջի փոփոխություններ», այսինքն՝ սահմանված ժամկետում ներկայացված սկզբնական պահանջի հետ անմիջականորեն կապված (դրա հետ առնչություն ունեցող)։ Այսպես՝ վերը նշված ժամկետից հետո ներկայացված այդ պահանջների մասով օրենսդիրը սահմանել է, որ դատարանը դրանք հանձնում է կառավարչին, իսկ վերջինս այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Ընդ որում, եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում` վերը նշված օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան՝ որպես ստորադաս չապահովված պահանջներ: Բոլոր այն դեպքերում, երբ պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը, որպիսի որոշումը կարող է բողոքարկվել:
Ընդ որում, օրենսդիրը չի բացառել նաև դատարանի կողմից պահանջները (պահանջի փոփոխված) սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու հնարավորությունը՝ այդ պատճառը հարգելի համարելու դեպքում պահանջն ընդգրկելով տվյալ պահանջին համապատասխանող հերթում։
2․ Անդրադառնալով վերը նշված պահանջները որպես ապահովված կամ չապահովված, ինչպես նաև ստորադաս չապահովված պահանջ գրանցելու առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:
Մինչև 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն՝ գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված բոլոր պահանջները կամ ապահովված պահանջների չապահովված մասերը համարվում են չապահովված պահանջներ, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջները և պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, որոնց առաջնահերթությունը սահմանված է նույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (…) և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225․1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավը ծագում է պայմանագրի ուժով: (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 253-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ գրավի տեսակներն են դրամական միջոցների գրավը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 257-րդ հոդվածի համաձայն՝ գրավի առարկա դրամական միջոցները պահվում են բանկի կամ նոտարի դեպոզիտային հաշվում: (…):
Մինչև 28․06․2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 570․1-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գնորդի և կառուցապատողի միջև կարող են համաձայնեցվել բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցները լրիվ կամ մասնակի՝ հօգուտ գնորդի կամ հօգուտ գնորդի վարկատուի գրավադրման պայմանները՝ որպես շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքը սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորության և կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման կառուցապատողի պարտավորության կատարման ապահովման միջոց: Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչև կառուցվող շենքի շինարարության ավարտը կամ մինչև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչև շենքի շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվներին և կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից, իսկ գնորդը կրում է կառուցապատողի սնանկության դեպքում չապահովված պարտատեր հանդես գալու ռիսկերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928․1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հատուկ բանկային հաշիվներ են նույն գլխով [ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50․1-ին գլուխ] նախատեսված կառուցապատողի հատուկ հաշիվը (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928․6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագիր կնքվելու դեպքում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարվող կանխավճարային վճարումները կառուցապատողի հատուկ հաշվին մուտք լինելու պահից համարվում են գնորդի օգտին գրավադրված` ի ապահովումն կառուցման ավարտից հետո շենքից անշարժ գույքը գնորդին հանձնելու՝ կառուցապատողի պարտավորության և կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման՝ կառուցապատողի պարտավորության պատշաճ կատարման: Կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կատարած կանխավճարային վճարումները հաջորդող գրավի կանոններով կարող են գրավադրվել գնորդի վարկատուի օգտին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ:
Մինչև 07.01.2023 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատավորը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կառավարչին, պարտապանին, պարտատերերին ծանուցում է պատշաճ կարգով: Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պատճառների հարգելիության և պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները, իսկ ապահովված պարտատերեր են՝ ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով ապահովված իրավունք է նաև գրավի իրավունքը, որը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, և միաժամանակ միջոց է՝ գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
Գրավի տեսակ է նաև դրամական միջոցների գրավը, որոնք պահվում են բանկի կամ նոտարի դեպոզիտային հաշվում: Դրամական միջոցների գրավի տեսակ է նաև կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի շրջանակներում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարված կանխավճարային վճարումը, որը կառուցապատողի հատուկ հաշվին մուտք լինելու պահից համարվում է գնորդի օգտին գրավադրված` ի ապահովումն կառուցման ավարտից հետո շենքից անշարժ գույքը գնորդին հանձնելու՝ կառուցապատողի պարտավորության և կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման՝ կառուցապատողի պարտավորության պատշաճ կատարման:
Ընդ որում, կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչև կառուցվող շենքի շինարարության ավարտը կամ մինչև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչև շենքի շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվներին ու կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից, իսկ գնորդը կրում է կառուցապատողի սնանկության դեպքում չապահովված պարտատեր հանդես գալու ռիսկերը:
Միևնույն ժամանակ օրենսդիրը մինչև 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածով սահմանել է նաև չապահովված պահանջների հասկացությունը՝ նշելով, որ այդպիսին են համարվում գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված բոլոր պահանջները, ինչպես նաև ապահովված պահանջների չապահովված մասերը:
Դրա հետ մեկտեղ օրենսդիրը սահմանել է նաև ստորադաս չապահովված պահանջների տեսակները՝ դրանց մեջ ներառելով նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները։
3․ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (…) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Սնանկության դատարանում նաև սնանկության գործերի վարումը որպես կանոն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Միևնույն ժամանակ օրենսդիրը որոշակի բացառություն է նախատեսել այն դեպքերի համար, երբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնների համեմատ սահմանված են այլ կանոններ՝ արձանագրելով, որ այդ դեպքում սնանկության գործի քննությունն իրականացվում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանոններով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` դատական ծախսերը։
Տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքով առանձին սահմանված չեն դատական ծախսերի կազմը և այդ ծախսերի հետ կապված որոշակի իրավակարգավորումներ։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով վերը նշված հարցերի վերաբերյալ այլ բան սահմանված չլինելու պայմաններում այդ հարցերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց կրած, ինչպես նաև վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ դատական ծախսերը կազմված են նաև գործի քննության հետ կապված այլ ծախսերից։ Նման ծախս են հանդիսանում նաև գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները, որոնց չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը՝ այն որոշելիս հիմք ընդունելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունը: Ընդ որում, գործին մասնակցող անձանց կրած՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարների փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը՝ դրանք գործին մասնակցող անձանց միջև բաշխելով բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Ուստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախևառաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և թե՛ հայցվորը, և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց (տե՛ս անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ փաստաբանի վճարների փոխհատուցման չափորոշիչներն անտեսելու պարագայում խոսք չի կարող լինել արդյունավետ դատական պաշտպանության մասին, քանի որ որոշ դեպքերում դատական պաշտպանության դիմած անձինք կհայտնվեն առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էին (տե՛ս Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության՝ որպես վաճառողի, և Տաթևիկ ու Լեոնարդ Հովսեփյանների՝ որպես գնորդների, միջև 20.09.2019 թվականին կնքվել է կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր, որի 1.1-ին կետում նշվել է, որ նույն պայմանագրով գնորդները ձեռք են բերում վաճառողին սեփականության իրավունքով պատկանող և կառուցապատվող՝ Երևանի Կենտրոն, Անտառային փողոցի թիվ 126/8 հասցեում գտնվող հողամասի վրա կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 2-2 բնակարանը գնելու իրավունքը, իսկ գնորդները պարտավորվում են վաճառողից օբյեկտը սեփականության իրավունքով փոխանցելու ակտի կնքման առաջարկն ստանալու դեպքում կնքել սեփականության իրավունքի փոխանցման ակտը ու օբյեկտի ձեռքբերման դիմաց վճարել պայմանավորված գինը՝ նույն պայմանագրում նախատեսված կարգով և չափով (…):
Պայմանագրի 2.1-րդ կետում նշվել է, որ Պայմանագրի գնից՝ 38.170.000 ՀՀ դրամ գումարից 11.460.000 ՀՀ դրամ գումարը, որպես կանխավճար, գնորդները պարտավորվում են փոխանցել Բանկում սպասարկվող վաճառողի թիվ 1150005023653671 հատուկ բանկային հաշվին մինչև Պայմանագրի կնքման հաջորդ աշխատանքային օրը, իսկ մնացած 26․710․000 ՀՀ դրամ գումարը պարտավորվում են նույն բանկում սպասարկվող՝ վաճառողի թիվ 1150005023653671 հատուկ բանկային հաշվին փոխանցել մինչև 26․12․2020 թվականը:
Պայմանագրի 2.3-րդ կետում նշվել է, որ գնորդների կողմից վաճառողի հատուկ հաշվին գումարները մուտքագրելու պահից նույն պայմանագրի ուժով դրանք համարվում են գնորդների օգտին վաճառողի կողմից գրավադրված՝ որպես շենքի կառուցման ավարտից հետո օբյեկտը սեփականության իրավունքով հանձնելու վաճառողի պարտավորության և Պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման վաճառողի պարտավորության կատարման ապահովման միջոց։
Բանկը դիմում է ներկայացրել Դատարան՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, որը բավարարելու արդյունքում Դատարանի 25.01.2023 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ։
Սնանկության մասին հայտարարությունից հետո՝ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում՝ 06.03.2023 թվականին, պարտատերեր Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյանները Դատարան են ներկայացրել պահանջ՝ Պայմանագրում նշված անշարժ գույքի՝ բնակարանի, և Պայմանագրի 7․3-րդ կետով հաշվարկված 10.649.430 ՀՀ դրամի չափով տույժի մասին։
Դատարանի 11.05.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը, այդ թվում նաև հաստատվել է Լեոնարդ Հովսեփյանի և Տաթևիկ Հովսեփյանի պահանջը 10․649․430 ՀՀ դրամ տույժի չափով՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «է» հերթում․ պահանջի մյուս մասի՝ Պայմանագրում նշված անշարժ գույքի՝ բնակարանի վերաբերյալ Դատարանը որոշում չի կայացրել, ինչպես նաև այդ մասին չի անդրադարձել որոշման պատճառաբանական մասում։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Դատարանն իր կողմից 11.05.2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում այդ մասին հատուկ չի նշել, ինչպես նաև այդ մասին պարտատերեր Լեոնարդ ու Տաթևիկ Հովսեփյաններին չի տեղեկացրել, սակայն վերջիններիս կողմից ներկայացված վերը նշված պահանջը՝ կապված Պայմանագրում նշված անշարժ գույքի՝ բնակարանի հետ, չի բխել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի բովանդակությունից և նույն հոդվածի 2․1-ին կետի հիմքով այդ պահանջն ամեն դեպքում ենթակա չէր դիտարկման, քանի որ այն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի իմաստով չի հանդիսացել սահմանված կարգով ներկայացված՝ այն պատճառաբանությամբ, որ իրենից ներկայացրել է ոչ թե պահանջ, որն ունի չափ՝ առանձին հիմնական պարտքի, վնասների կամ տուժանքի (տուգանքի, տույժի) նշմամբ, և համապատասխան հաշվարկներով, այլ՝ բնեղենով ներկայացված պահանջ, որի ներկայացումը նույն օրենքի իմաստով անթույլատրելի է։
Դրանից հետո, պարտատերեր Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյանները սնանկության մասին հայտարարությունից հետո՝ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի ավարտից հետո, բայց մինչև Դատարանի կողմից պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշում կայացնելը՝ 24.03.2023 թվականին, Դատարան են ներկայացրել «Պահանջի փոփոխություն» վերտառությամբ փաստաթուղթ, որում նշելով, որ անշարժ գույքի մասով իրենց ներկայացրած պահանջը չի դիտարկվել որպես պահանջ, խնդրել են իրենց կողմից 06.03.2023 թվականին ներկայացված պահանջում կատարել փոփոխություն՝ իրենց պահանջը գրանցելով հետևյալ կերպ.
«1) ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Անտառային 126/8 հասցեում կառուցված շենքի նախագծային 2-2 բնակարանի շուկայական արժեքի՝ 56.500.000 ՀՀ դրամ վճարման պահանջը, որն ապահովված է «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված կառուցապատողի հատուկ 1150005023653671 հաշվին առկա դրամական միջոցների գրավով,
2) որպես Բնակարանի հանձնումը ուշացնելու համար Պայմանագրով սահմանված տույժի գումար՝ 10.694.430 ՀՀ դրամ պահանջը, որն ապահովված է «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված կառուցապատողի հատուկ 1150005023653671 հաշվին առկա դրամական միջոցների գրավով,
3) որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար՝ 3.359.721 ՀՀ դրամ պահանջը գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «դ» հերթի պահանջ»՝ պահանջի հիմքում դնելով նաև այն, որ իրենք կառուցապատողի հատուկ հաշվեհամարին մուտքագրել են բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման արժեքը, որպիսի գումարը համարվում է գրավադրված հօգուտ իրենց՝ պարտապանի ստանձնած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով։
Միաժամանակ խնդրել են հարգելի համարել պահանջի փոփոխությունում տեղ գտած չապահովված պահանջի և ապահովված պահանջի չապահովված մասը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառը, եթե առկա է ժամկետի բացթողում։
Դատարանի 25.05.2023 թվականի որոշմամբ Ընկերության նկատմամբ Լեոնարդ և Տաթևիկ Հովսեփյանների պահանջն արդեն հաստատվել է 56.500.000 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետով նախատեսված՝ ստորադաս չապահովված պահանջ, իսկ 400.000 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես դատական ծախս՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով նախատեսված հերթում։
Դատարանը պատճառաբանելով, որ՝
- «դեռևս 06.03.2023թ-ին Մ-8947 մուտքային համարով Լեոնարդ Հովսեփյանը և Տաթևիկ Հովսեփյանը պահանջ են ներկայացրել դատարան, որով խնդրել են իրենց պահանջը գրանցել` 10,649,430(տասը միլիոն վեց հարյուր քառասունինը հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամ գումարի չափով։ ՀՀ սնանկության դատարանի 11․05․2023թ-ի՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը նշանակելու մասին որոշմամբ Լեոնարդ Հովսեփյանի և Տաթևիկ Հովսեփյանի պահանջը 10.649.430 ՀՀ դրամի չափով հաստատվել է, որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված չապահովված պահանջ»,
և անդրադառնալով վերը նշված առաջին պահանջի հաստատմանն ու նշելով նաև, որ՝
- «Համաձայն «Ափթայմ» ՍՊԸ կողմից 22.03.2023 թվականի թիվ Ե/03/0606 խորհրդատվական նամակի՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Անտառային փողոց 126/8 հասցեում կառուցված շենքի նախագծային 2-2 բնակարանի շուկայական արժեքը կազմում է 56․500․000 ՀՀ դրամ»,
- «Պարտատերերը կառուցապատողի հատուկ հաշվեհամարին մուտքագրել են բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման արժեքը՝ 38,170,00 (երեսունութ միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամի չափով։ Պարտապանը պատշաճ կարգով չի կատարել իր պարտավորությունները, որի արդյունքում Լեոնարդ Հովսեփյանի և Տաթևիկ Հովսեփյանի մոտ ծագել է բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման արժեքի չափով փոխհատուցում պահանջելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում, Լեոնարդ Հովսեփյանի և Տաթևիկ Հովսեփյանի մոտ ծագել է բնակարանի գնման իրավունքի շուկայական արժեքի և դրա դիմաց փաստացի վճարված արժեքի տարբերության մասով պահանջի իրավունքը /բաց թողնված օգուտ/, քանի որ տվյալ դեպքում առկա է բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության համար անհրաժեշտ բոլոր հանգամանքները, մասնավորապես՝ բաց թողնված օգուտի իրական չափը, կառուցապատողի ոչ օրինաչափ վարքագծի առկայության, բաց թողնված օգուտի և կառուցապատողի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքները»,
- «ներկայացված պահանջի փոփոխության չափի դեմ որևէ առարկություն չի ներկայացվել, իսկ դրա հիմնավորման համար պահանջին կից ներկայացվել են բավարար ապացույցներ», գտել է, որ Լեոնարդ և Տաթևիկ Հովսեփյանների պահանջը՝ 56․500․000 ՀՀ դրամի մասով, ենթակա է հաստատման։
Միևնույն ժամանակ Դատարանը, անդրադառնալով այդ պահանջի ապահովվածության հարցին, արձանագրել է, որ «պահանջը ենթակա է հաստատման որպես չապահովված պահանջ», «սույն դեպքում ներկայացված պահանջի փոփոխությամբ վկայակոչված պայմանագրի դրույթների ուսումնասիրությունից որևէ կերպ չի հիմնավորվում նույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով առաջացած մայր գումարի, տույժերի, տուգանքների և վնասի կատարման ապահովման համար կառուցապատողի հատուկ բանկային հաշվին մուտք եղած գումարներով ապահովված լինելու հանգամանքը, իսկ Պարտապանի և Պարտատերերի միջև 20.09.2019թ. կնքված Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի 2.3. կետի համաձայն՝ Գնորդի կողմից Վաճառողի հատուկ հաշվին մուտքագրման պահից գումարները սույն պայմանագրի ուժով համարվում են Վաճառողի կողմից գրավադրված Գնորդի օգտին որպես շենքի կառուցման ավարտից հետո Օբյեկտը սեփականության իրավունքով հանձնելու Վաճառողի պարտավորության և սույն պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման Վաճառողի պարտավորության կատարման ապահովման միջոց։ Այսինքն, դրամական միջոցների գրավը սահմանվել է վաճառողի, տվյալ դեպքում` «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության մեղքով պայմանագրի լուծման դեպքում առաջացող պարտավորությունների կատարման համար, մինչդեռ սույն դեպքում առկա չէ կողմերի միջև կնքված պայմանագրի` վաճառողի մեղքով լուծման փաստը, հետևաբար դատարանը գտնում է, որ նշված հիմնավորումները պահանջներն ապահովված հաստատելու համար անհիմն են և պահանջները ենթակա են հաստատման, որպես չապահովված պահանջներ»։
Դատարանը, անդրադառնալով ներկայացված պահանջի հերթականությանը և պահանջը սահմանված ժամկետում չներկայացնելը հարգելի համարելու միջնորդությանը, արձանագրել է, որ «Լեոնարդ Հովսեփյանի և Տաթևիկ Հովսեփյանի կողմից չի ապացուցվել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկվել է ողջամիտ ու բավարար միջոցներ դատական պրոցեսին մասնակցելու, պահանջը և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար, ավելին՝ դեռևս 06.03.2023թ-ին Լեոնարդ Հովսեփյանը և Տաթևիկ Հովսեփյանը պահանջ են ներկայացրել դատարան, որով խնդրել են իրենց պահանջը գրանցել` 10,649,430(տասը միլիոն վեց հարյուր քառասունինը հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամ գումարի չափով, այսինքն վերջիններս տեղեկացված են եղել պարտապանի վերաբերյալ պահանջները ներկայացնելու համար սահմանված ժամկետի վերաբերյալ։ Վերը նշվածի հաշվառմամբ, դատարանը գտնում է, որ Լեոնարդ Հովսեփյանի և Տաթևիկ Հովսեփյանի պահանջը 56․500․000 (հիսունվեց միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով ենթակա է հաստատման, որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ի մասի «ը» հերթի չապահովված պահանջ»:
Անդրադառնալով փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին՝ Դատարանն արձանագրել է, որ «հաշվի առնելով սույն գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը՝ պահանջներ կազմելը, պահանջների չափի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը, սնանկության գործընթացի առանձնահատկությունները, դատարանը գտնում է, որ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի չափը պետք է հաստատել 400.000 ՀՀ դրամ գումարի չափով, իսկ մնացած մասով այն պետք է մերժել:
Միաժամանակ անդրադառնալով ներկայացված դատական ծախսի մասով պահանջի հերթականությանը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյանների ու «Թրասթ Լոու» ՍՊԸ միջև իրավաբանական ծառայությունների մատուցման թիվ TLTH-21/03/23 պայմանագիրը կնքվել է 21.03.2023թ-ին, հետևաբար պարտատերերն իրենց կամքից անկախ պատճառներով չէին կարող դատական ծախսի մասով պահանջը ներկայացնել սահմանված ժամկետում, ուստի դատարանը գտնում է, որ դատական ծախսի մասով ներկայացված պահանջը սահմանված ժամկետում չներկայացնելը պետք է հարգելի համարել և 400.000 ՀՀ դրամ գումարի չափով դատական ծախսը պետք է հաստատել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով նախատեսված հերթում»։
Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ՝
- «Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից բողոքաբերների պայմանագրերը լուծված լինելու պայմանի բացակայությամբ պայմանավորված պահանջի ապահովվածության հարցի դիտարկումը բխում է նրանից, որ պայմանագրերի առարկա շենքի շինարարությունն անավարտ է, որպիսի պայմաններում վերոնշյալ առաջին դեպքը, երբ գործում է դրամական միջոցների գրավի պայմանագիրը, առերևույթ բացակայում էր, ուստի Դատարանը քննարկման առարկա էր դարձրել հնարավոր մյուս՝ պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման կառուցապատողի պարտավորության պայմանի առկայության հարցը, և իրավաչափորեն գտել է, որ սույն դեպքում խնդրո առարկա պայմանագրերը լուծված չեն, ուստի ներկայացված պահանջները դուրս են գրավով ապահովված պարտավորությունների ծավալից:
Ավելին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բոլոր բողոքաբերների պահանջներն, բացի կանխավճարային վճարներից, ըստ էության ներառում են տույժերի, բաց թողնված օգուտի (վնասի) գումարներ, որպիսի գումարներն առհասարակ ոչ օրենքի, ոչ էլ պայմանագրերի դրույթներով չեն ներառվում գրավով ապահովված պարտականությունների ծավալում»,
- «կիրառելի իրավակարգավորումների լույսի ներքո, բողոքաբերները կարող էին ակնկալել իրենց պահանջի՝ որպես գրավոր ապահովված պահանջի հաստատում բացառապես այն դեպքում, եթե կիսակառույց շենքի կապակցությամբ կնքված պայմանագրով ձեռնամուխ լինեին պայմանագրի լուծմանը և նման փաստակազմի առկայությամբ դիմեին Դատարան՝ իրենց վճարած կանխավճարների վերադարձման պահանջով, որպիսի իրավիճակը սույն դեպքում բացակայում է»,
և անդրադառնալով «խնդրո առարկա պահանջները ոչ թե նոր պահանջներ, այլ նախկինում ներկայացված պահանջների փոփոխություններ հանդիսանալու վերաբերյալ փաստարկներին»՝ նշել է, որ «ըստ էության ավելացվել են թվով երկու պահանջներ՝ 56,500,000 ՀՀ դրամ վճարման պահանջը, որը մասով հանդիսանում է պայմանագրի առարկա կառուցվող անշարժ գույքի ձեռքբերման արժեքը՝ 38,170,00 ՀՀ դրամ (Պայմանագրի 1.3. կետ), իսկ մնացած մասով՝ գույքի պայմանագրային արժեքի և գնահատված շուկայական արժեքի տարբերությունը՝ որպես բաց թողնված օգուտի գումար: Բացի այդ, ներկայացվել է փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսի հատուցման մասով պահանջ», «անկախ նրանից, թե բողոք բերողները ինչպես են գնահատել իրենց կողմից ներկայացվող պահանջները, դրանք ըստ էության հանդիսանում են նոր՝ տարբերվող հիմքերից ծագող պահանջներ, ուստի առարկություններ ներկայացված լինելու պայմաններում դրանց հիմնավորվածությունը, օրինականությունը, ապահովվածությունը և չափը քննության առարկա դարձնելով Դատարանը որևէ խախտում թույլ չի տվել:
Ավելին, բողոքաբերները փաստարկել են, որ ներկայացված դիմումները որպես պահանջի փոփոխություն չդիտարկելը խախտում է իրենց իրավունքները, մինչդեռ չի ներկայացվել որևէ հիմնավոր փաստարկ առ այն, թե ի՞նչ իրավունքների խախտման է հանգեցրել Դատարանի նման որակումը»։
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ՝
- «բողոք բերողներ Տաթևիկ Լեոնարդի Հովսեփյանի և Լեոնարդ Անուշավանի Հովսեփյանի կողմից սկզբնապես ներկայացվել է միայն պայմանագրի պայմանները խախտելու համար տույժի մասով դրամական պահանջ, որին՝ 24.03.2023 թվականի դիմումով, ավելացվել է վնասի (բաց թողնված օգուտի) գումարը, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը, ուստի անհիմն են բողոք բերողի փաստարկները՝ ուղղված նոր ներկայացված պահանջի՝ որպես նախկին պահանջի լրացում ներկայացնելուն, և ինչպես նախորդ բողոքաբերների դեպքում, Տաթևիկ Լեոնարդի Հովսեփյանի և Լեոնարդ Անուշավանի Հովսեփյանի կողմից ևս ներկայացվել են սկզբնապես հաստատված պահանջից զատ՝ նոր պահանջներ»,
- «ինչպես նախորդ բողոք բերողների, այնպես էլ սույն դեպքում էական չէ նաև այն հանգամանքը, որ նոր պահանջը ներկայացվել է մինչև պահանջների վերջնական ցուցակի հաստատման վերաբերյալ հարցի լուծումը, քանի որ խնդրո առարկա դատավարական ժամկետի հոսքը սկսվում է սնանկության մասին հայտարարության կատարումից, և ավարտվում է նշված պահից մեկամսյա ժամկետում, այլ ոչ թե պահանջների վերջնական ցուցակի հաստատման որոշման կայացմամբ, իսկ ժամկետի հարգելիության հարցի կապակցությամբ ինչպես Դատարանում և Վերաքննիչ դատարանում փաստարկված՝ ժամանակի սղության, պարտատերերի՝ իրավաբանական գիտելիքներ չունենալու, անհրաժեշտ գործողությունների կատարման համար պահանջվող ժամանակահատվածի վերաբերյալ բողոք բերողների փաստարկները չեն հիմնավորվում սնանկության հավելվածի նյութերում առկա փաստաթղթերով»։
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով փաստաբանի խելամիտ վարձատրության չափի մասով փաստարկներին, և արձանագրելով, որ «սնանկության գործի հավելվածով հիմնավորվող՝ փաստաբանի կողմից կատարված աշխատանքի ծավալը (24.03.2023 թվականին կազմել և ներկայացրել է նոր պահանջները, ներկայացրել է նշված պահանջների դեմ առարկությունների մասով դիրքորոշում, ինչպես նաև հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկություններով պայմանավորված՝ հետագայում կատարման ենթակա հնարավոր/կանխատեսելի աշխատանքի ծավալը), գործի բարդությունը (Վերաքննիչ դատարանի գնահատմամբ սույն գործը կարելի է դասել միջին բարդություն ներկայացնող գործերի շարքին՝ նկատի ունենալով, որ պահանջը բխում է կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերից ծագող իրավահարաբերություններից, ինչպես նաև հաշվի առնելով նշված իրավահարաբերությունները կարգավորող նյութաիրավական նորմերի հատուկ կարգավորումները, գործով պահանջների չափի մասով առարկությունների բացակայությունը, սնանկության վարույթում պահանջների բավարարմանը հասնելուն ուղղված ընթացակարգերի կապակցությամբ հարուստ փաստաբանական և դատական պրակտիկայի առկայությունը և այլն), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը (Գնացուցակով ինչպես գումարի բռնագանձման, այնպես էլ իրավաբանական անձի սնանկության հարցերով սահմանված հոնորարի միջին չափը), ինչպես նաև բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը, գտնում է, որ սույն գործով Դատարանի կողմից սահմանած 400.000 ՀՀ դրամի չափով փաստաբանի վարձատրության չափը խելամիտ է, քանի որ ծախսերը այդ չափով կատարվել են փաստացիորեն և անհրաժեշտաբար, և որ դրանց քանակը ողջամիտ է», գտել է, որ դրանք նույնպես անհիմն են։
Արդյունքում Վերաքննիչ դատարանը 25.09.2023 թվականի որոշմամբ մերժել է նաև Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյանների բերած վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի 25.05.2023 թվականի որոշումը։
1․ Վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ կապված Դատարանում 24.03.2023 թվականին ստացված՝ Տաթևիկ ու Լեոնարդ Հովսեփյանների կողմից ներկայացված «Պահանջի փոփոխություն» վերտառությամբ փաստաթղթում նշված պահանջը որպես նոր պահանջ գնահատելու հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ եզրահանգումները հիմնավոր են մասնակիորեն՝ բացառապես փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի մասով, և չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Տաթևիկ ու Լեոնարդ Հովսեփյանների բերած վերաքննիչ բողոքի հիմքն անհիմն համարելու համար նաև այն մասով, որը վերաբերելի է վերը նշված բնակարանի շուկայական արժեքի՝ 56.500.000 ՀՀ դրամի չափով պահանջը որպես Ընկերության Բանկում բացված կառուցապատողի հատուկ 1150005023653671 հաշվին առկա դրամական միջոցների գրավով ապահովված պահանջ գրանցելու հետ, քանի որ վերջիններիս կողմից ներկայացված «Պահանջի փոփոխություն» վերտառությամբ փաստաթղթում նշված այդ պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով ու վերը նշված վերլուծության արդյունքում հանդիսացել է ոչ թե լրիվ նոր պահանջ, այլ՝ օրենքով սահմանված ժամկետում արդեն իսկ ներկայացված՝ Պայմանագրում նշված անշարժ գույքի՝ բնակարանի մասին պահանջի (թեկուզև այն սկզբնապես ներկայացված է եղել բնեղենի տեսքով) փոփոխություն։ Նշված եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ փոփոխության տեսքով ներկայացված պահանջն անմիջականորեն կապված է (բխում է) սկզբնապես ներկայացված՝ անշարժ գույքի պահանջի հետ, որպիսի պահանջները ներկայացնելու երկու դեպքում էլ պարտատերերը դրել են պարտապանի հետ կնքված Պայմանագիրը, պարզապես մի դեպքում պահանջը ներկայացվել է բնեղենի տեսքով, իսկ մյուս դեպքում՝ դրա շուկայական արժեքի։ Ընդ որում, սկզբնապես ներկայացված պահանջի այդ մասի վերաբերյալ Դատարանը որևէ որոշում չի կայացրել՝ դրան չանդրադառնալով իր կողմից 11․05․2023 թվականին կայացված որոշման ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասերում։
Ինչ վերաբերում է փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի մասով պահանջին, ապա այն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով և վերը նշված վերլուծության արդյունքում հանդիսանում է նոր պահանջ, որպիսի եզրահանգումը Վճռաբեկ դատարանը պայմանավորում է նրանով, որ այն չի ներկայացվել օրենքով սահմանված ժամկետից հետո, իսկ Պայմանագրով սահմանված և որպես տույժի գումար ներկայացված 10.694.430 ՀՀ դրամի չափով պահանջն արդեն իսկ հաստատվել է Դատարանի 11․05․2023 թվականին կայացված որոշմամբ։ Ընդ որում, վերջին պահանջն իրավացիորեն է հաստատվել որպես չապահովված, քանի որ բացակայել է այն որպես ապահովված գրանցելու իրավական հիմքը։
2․ Վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ կապված կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի շրջանակներում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարված կանխավճարային վճարումը որպես ապահովված իրավունքի առարկա չդիտարկելու հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ։
Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանություններից բխում է, որ պարտատերերի կողմից սույն գործով ներկայացված պահանջը որպես ապահովված հաստատելու համար Պայմանագրի 2․3-րդ կետի համաձայն՝ անհրաժեշտ պայման է պարտատերեր կողմից Պայմանագրի լուծմանը ձեռնամուխ լինելը և համապատասխան հիմքով դատարան դիմելը՝ իրենց վճարած կանխավճարների վերադարձման պահանջով, որպիսի իրավիճակը սույն դեպքում բացակայել է։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, Պայմանագրի 2․3-րդ կետը մենկաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, արձանագրում է, որ նույն Պայմանագրի 2․1-ին կետում նշված գումարները գնորդի կողմից վաճառողի հատուկ հաշվին մուտքագրելու պահից արդեն իսկ հանդիսանում են (այդ փաստը բավարար է) գնորդի օգտին վաճառողի կողմից գրավադրված ինչպես Պայմանագրի, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված հոդվածների ուժով՝ նպատակ ունենալով ապահովելու շենքի կառուցումն ավարտելուց հետո օբյեկտը սեփականության իրավունքով հանձնելու վաճառողի պարտավորությունը կամ նույն պայմանագիրը լուծելու դեպքում վաճառողի՝ կանխավճարը վերադարձնելու պարտավորության կատարումը․ Պայմանագրի լուծումը Պայմանագրի կողմերը չեն նախատեսել որպես վերը նշված գումարները գրավադրված համարելու, իսկ դրա հիմքով սույն գործով ներկայացված վերը նշված պահանջն ապահովված համարելու անհրաժեշտ պայման։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով պահանջը կարող է հանդիսանալ ապահովված, իսկ այն ներկայացրած պարտատերերը՝ ապահովված իրավունք ունեցողներ, եթե այդ պահանջի հիմքում դրված է գրավի իրավունքը, տվյալ դեպքում՝ դրամական միջոցների գրավը։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր կնքելու դեպքում, որի շրջանակներում համապատասխան հատուկ հաշվին պարտատիրոջ՝ որպես գնորդի կողմից կատարվում է կանխավճարային վճարում, որը մուտք է լինում վաճառողի համապատասխան հատուկ հաշվին, այդ պահից այդ դրամական միջոցները համարվում են պարտատիրոջ օգտին գրավադրված` ի ապահովումն կառուցման ավարտից հետո շենքից անշարժ գույքը գնորդին հանձնելու՝ վաճառողի պարտավորության կամ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման՝ կառուցապատողի պարտավորության պատշաճ կատարման:
Տվյալ դեպքում պարտատերեր Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյանների վերը նշված պահանջը համապատասխան հիմքերի առկայության պայմաններում կարող է համարվել ապահովված գրավով, և այդ փաստը հաստատված համարվելու դեպքում չի կարող հանդիսանալ չապահովված պահանջ, ու պետք է գրանցվի բացառապես որպես ապահովված։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի հավելվածում բացակայում են Բանկում սպասարկվող վաճառողի թիվ 1150005023653671 հատուկ բանկային հաշվին Պայմանագրով նախատեսված գումարները պարտատերերի կողմից փոխանցված (մուտքագրված) լինելու վերաբերյալ ապացույցները, որի պայմաններում Վճռաբեկ դատարանն անհնար է համարում պարզելը, թե 56.500.000 ՀՀ դրամի չափով ներկայացված պահանջից որքա՞ն մասն է վերը նշված դիրքորոշումների համաձայն հանդիսանում ապահովված։
3․ Վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ կապված Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյանների կողմից պահանջվող փաստաբանի վարձատրության գումարի չափը որպես խելամիտ գնահատելու հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այդ առումով բխում են վերը նշված նորմերի ու դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումներից, քանի որ դրա չափը որոշելիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել ողջամտության չափորոշիչները՝ փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, Տաթևիկ և Լեոնարդ Հովսեփյանների կողմից ներկայացված պահանջում նշված գումարի ու պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունը, նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը։
Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում վճռաբեկ բողոքի այդ հիմքը։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն՝ Դատարանի 25.05.2023 թվականի որոշումը՝ Ընկերության նկատմամբ Լեոնարդ ու Տաթևիկ Հովսեփյանների պահանջը 56.500.000 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետով նախատեսված՝ ստորադաս չապահովված պահանջ հաստատելու մասով անփոփոխ թողելու մասով, վերացնելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտը մասնակիորեն վերացնելու և վերացված մասով գործը Սնանկության դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ սահմանելով նոր քննության ծավալը: Վճռաբեկ դատարանը որպես գործի նոր քննության ծավալ է սահմանում նաև պարզելը, թե Բանկում սպասարկվող վաճառողի թիվ 1150005023653671 հատուկ բանկային հաշվին արդյո՞ք պարտատերեր Լեոնարդ և Տաթևիկ Հովսեփյանների կողմից փոխանցվել (մուտքագրվել) են Պայմանագրով նախատեսված գումարները, արդյո՞ք այդ գումարներից մի մասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 570․1-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով ազատվել է գրավից և փոխանցվել Ընկերության այլ բանկային հաշիվներին ու տնօրինվել վերջինիս կողմից, և արդյո՞ք Ընկերության սնանկության դեպքում Լեոնարդ ու Տաթևիկ Հովսեփյանները կրում են նույն հոդվածի 5-րդ մասում նշված՝ չապահովված պարտատերեր հանդես գալու ռիսկերը, որից հետո լուծել 56.500.000 ՀՀ դրամի չափով ներկայացված պահանջը որպես ապահովված կամ չապահովված (սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառները հարգելի չհամարելու դեպքում ստորադաս չապահովված) գրանցելու և դրա հետ կապված՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհրաժեշտ այլ հարցերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2023 թվականի որոշումը մասնակիորեն՝ Դատարանի 25.09.2023 թվականի որոշումը «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի նկատմամբ Լեոնարդ Հովսեփյանի և Տաթևիկ Հովսեփյանի պահանջը 56.500.000 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետով նախատեսված՝ ստորադաս չապահովված պահանջ հաստատելու մասով անփոփոխ թողելու մասով, վերացնել ու վերացված մասով գործն ուղարկել Սնանկության դատարան` նաև վերը նշված ծավալով նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2024 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|