ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ «ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 75
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.04.2000
Վավերացման ամսաթիվ
12.04.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 ապրիլի 2000 թվականի

թիվ 75

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ «ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 18-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման ընդհանուր համակարգին Հայաստանի Հանրապետության անդամագրվելու նախապատրաստական միջոցառումների մասին» թիվ 648 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի «Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման ընդհանուր համակարգին Հայաստանի Հանրապետության անդամակցելու ընթացքի վերաբերյալ» հաշվետվությունը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 Հաշվետվություն

 

 ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ԱՄՀ-Ի) ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՄՀ-ի տվյալների տարածման ընդհանուր համակարգին (GDDS) ՀՀ անդամակցելու գործընթացը սկսվել է դեռևս 1998 թվականին` ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, երբ ԱՄՀ-ին դիմում ներկայացվեց, որտեղ նշվում էր ՀՀ ցանկությունը և պատրաստակամությունը անդամակցելու ԱՄՀ-ի կողմից ստեղծված վիճակագրական կազմակերպություններին: Այդ ժամանակ, իհարկե, շեշտվում էր ԱՄՀ-ի վիճակագրական մյուս կազմակերպությանը` տվյալների տարածման ընդհանուր ստանդարտին (SDDS) անդամակցելու հարցը: Սակայն եթե ԿԲ-ն, որոշ վերապահումներով, պատրաստ էր բավարարելու ԱՄՀ-ի պայմանները, ապա ազգային վիճակագրության համար պատասխանատու մյուս գերատեսչությունները` ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունը և ֆինանսների նախարարությունը չէին կարող առանց նախապատրաստական փուլեր անցնելու կատարել տվյալների տարածման ընդհանուր ստանդարտի (SDDS) խիստ պահանջները:

Այսպիսով, որոշվեց, որ ավելի նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության անդամագրումը նախ GDDS-ին: Այս հարցը մանրամասնորեն քննարկվեց ԱՄՀ-ի վիճակագրական առաքելության հետ, 1998 թ. նոյեմբերին վերջինիս Երևան կատարած այցելության ժամանակ: Հետագայում, 1999 թ. հուլիսին, Հայաստանի պատվիրակությունը, որի մեջ մտնում էին ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության, ֆինանսների նախարարության և ԿԲ ներկայացուցիչները, Վիեննայում մասնակցեց GDDS-ին վերաբերող սեմինարին: Սեմինարի ավարտից հետո, Հայաստանի կողմից GDDS-ի գծով աշխատանքների համակարգող առաջադրվեց ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ պարոն Ա. Չիլինգարյանը: Դրա հետ մեկտեղ, ՀՀ ԿԲ-ի կողմից պատասխանատու առաջադրվեց ՀՀ ԿԲ վիճակագրության վարչության պետ Ա.Հարությունյանը:

1999 թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետի «Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման ընդհանուր համակարգին Հայաստանի Հանրապետության անդամագրվելու նախապատրաստական միջոցառումների մասին» թիվ 648 որոշմամբ Ա.Չիլինգարյանը նշանակվեց GDDS-ին անդամագրվելու հարցերով համակարգող և հանձնարարվեց ՀՀ անդամակցության հարցով պաշտոնապես դիմել ԱՄՀ-ի վիճակագրության վարչությանը: Այդպիսի դիմում ներկայացվեց 1999 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար Ս.Մնացականյանի` ԱՄՀ-ի վիճակագրության վարչության տնօրեն տիկին Քերըլ Քարսընին ուղղված նամակով, որտեղ մանրամասնորեն նկարագրվում էր արդեն կատարված աշխատանքների ընթացքը: Պատասխան նամակում նոյեմբերի 11-ին տիկին Քարսընը ողջունել է GDDS-ին անդամակցելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը և նշել, 2000 թվականի ընթացքում կնշվեն այն ուղիները, որոնցով կկատարվի ՀՀ անդամակցումը GDDS-ին:

Ընդհանուր առմամբ, 1999 թվականին ավարտվեց GDDS-ին Հայաստանի անդամակցելու նախապատրաստական փուլը: Այս տարի պետք է սկսվի անդամակցության գործառնական փուլը, որում նախ և առաջ ԱՄՀ-ի վիճակագրության վարչությունը կներկայացնի այն գործնական քայլերը, որ մեր հանրապետությունը պետք է կատարի իր անդամակցությունն ավարտելու համար: Տվյալ պահին դժվար է կանխագուշակել, թե գործառնական փուլը որքան ժամանակ կպահանջի, առավել ևս` ԱՄՀ-ի պահանջները դեռևս չեն ստացվել:

Անդրադառնալով անդամակցության հաջորդ փուլին ԿԲ-ի մասնակցությանը, հարկ է նշել, որ մեր վիճակագրությունն արդեն պատրաստ է բավարարելու GDDS-ի պահանջները: Ստորև բերված աղյուսակի բոլոր ցուցանիշները հնարավոր է ապահովել պահանջվող պարբերականությամբ և ժամկետներում:

 

ԿԲ-ին վերաբերող տվյալների պահանջներն ըստ ԱՄՀ-ի տվյալների տարածման ընդհանուր համակարգի (GDDS-ի)

 

Տվյալների կատեգորիա

Հիմնական ցուցանիշները

Լրացուցիչ Ցուցանիշները

Պարբերակա-նությունը 

Տրամադրման ժամկետը

Դրամական և վարկավորման ագրեգատներ

- ԶԱԱ

- Ներքին վարկավորում

- Դրամական զանգված

  Ամսական 1-3 ամսվա ընթացքում
ԿԲ-ի հաշվեկշռային ցուցանիշներ Դրամական բազա   Ամսական 1-2 ամսվա ընթացքում
Տոկոսադրույքներ

- Պետ.արժեթղթերի

- Վերաֆինանսավորման

- Միջբանկային

- Դեպոզիտների

- Վարկերի

Ամսական Օպերատիվ ներկայացում (ընդունելի է ամսական)
Միջազգային պահուստներ Համախառն արտաքին պահուստներ (ԱՄՆ դոլարով) Համախառն արտաքին պարտավորություններ Ամսական 6 ամսվա ընթացքում
Փոխարժեքներ Սփոթ   Օրական Օպերատիվ ներկայացում (ընդունելի է ամսական)

 

Չնայած ԿԲ վիճակագրության պատշաճ մակարդակին` տվյալների կազմման մեթոդոլոգիան, ընդգրկման շրջանակները, հավաքագրման ձևերը պետք է մանրամասնորեն ներկայացվեն ԱՄՀ-ի վիճակագրության վարչությանը, վերջինիս պահանջի դեպքում: