ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 5 ԵՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 25 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՀԱՏՈՒԿ ՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 53
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.1994-15.11.1994)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի վարչություն
Ընդունման ամսաթիվ
17.07.1994
Ստորագրման ամսաթիվ
17.07.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.11.1994

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 1994 թվականի թիվ 53

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մարտի 11-ի թիվ 5 եվ 1994 թվականի մայիսի 5-ի թիվ 25 որոշումներով հաստատված «Հայաստանի Հանրապետության առեվտրային բանկերի կողմից սպասարկվող ձեռնարկություններին կանխիկ գումարների դուրսգրման, հատուկ ու լրացուցիչ վճարների գանձման մասին» կարգում լրացումներ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի փետրվարի 25-ի N 94 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 297 որոշման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մարտի 11-ի թիվ 5 և 1994 թվականի մայիսի 5-ի թիվ 25 որոշումներով հաստատված «Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից սպասարկվող ձեռնարկություններին կանխիկ գումարների դուրսգրման, հատուկ ու լրացուցիչ վճարների գանձման մասին» կարգի մեջ կատարել հետևյալ լրացումները`

1. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները գյուղատնտեսական մթերքների ու հումքի մթերումների դիմաց վերամշակող և առևտրական ձեռնարկություններից Հայաստանի Հանրապետության տարածքի բանկերի միջոցով վճարման ենթակա գումարները իրենց հաշվարկային ու ընթացիկ հաշիվներից ստանալիս վերոհիշյալ կարգի 1.1 կետի «բ» և «գ» ենթակետերով և 1.3 կետի «բ» ենթակետով նախատեսված հատուկ և լրացուցիչ վճարները չեն վճարում:

Մթերող ձեռնարկությունները գյուղատնտեսական մթերքների ու հումքի դիմաց գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բացված հաշվարկային և ընթացիկ հաշիվներին փոխանցելու դեպքում հատուկ և լրացուցիչ վճարները սպասարկող բանկերին չեն մուծում:

2. Ստորև բերված ցանկում առկա կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված նորմատիվների շրջանակներում գործուղումների համար կանխիկ դրամ ստանալիս վճարում են հատուկ վճար` ստացվող գումարի 0,5 տոկոսի չափով, իսկ այլ նպատակների համար` 7 տոկոսի չափով: Վերոհիշյալ կարգի 1.3 կետով սահմանված լրացուցիչ վճարները այդ կազմակերպություններից չեն գանձվում:

- Հայաստանի խաղաղության ֆոնդ

- Հայաստանի Հանրապետության «Զինվորների ծնողների» կոմիտե

- «Դինամո» մարզական ընկերություն

- Պաշտպանական մարզատեխնիկական միություն

- «Նոյի տապան» բժշկական-սոցիալական զարգացման բարեգործական ֆոնդ

- Սոցիալական ապահովագրության ֆոնդ

- «Սևան» գյուղական մարզական ընկերություն

- «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերություն

- Կարմիր խաչի ընկերություն

- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն

- Հայաստանի գրողների միություն

- Հայ գրողների միություն

- Հայաստանի նկարիչների միություն

- Հայաստանի ժուռնալիստների միություն

- Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

- Հայաստանի ճարտարապետների միություն

- Հայաստանի թատերական գործիչների միություն

- Գյուտարարների և ռացիոնալիզատորների ընկերություն

- Հայաստանի երաժշտական ընկերություն

- Հայաստանի դիզայներների միություն

- Մշակույթի հայկական ֆոնդ

- Հաշմանդամների հայկական ընկերություն

- Հայաստանի մտավորականության սոցիալական պաշտպանության հիմնադրամ

- Հայաստանի գիտնականների միություն

- Արհմիությունների կամավոր մարզական ընկերություն

- Կույրերի միություն

- Խուլերի միություն

- Համրերի միություն

- «Զորավար Անդրանիկ» ՀՀՄ

- Ղարաբաղի ազգաբնակչության իրավունքների պաշտպանության ասոցիացիա

- «Արցախ» հայրենակցական ընկերության միություն

- Հյուսիսային Արցախի «Շահումյան-Գետաշեն» բարեգործական միություն

- Աֆղանական պատերազմի մասնակիցների հայկական հանրապետական ընկերություն

- Հայ ազատամարտիկի սոցիալական ապահովվածության ասոցիացիա

- «Արցախ» հայրենակցական բարեգործական միություն

- Հայաստանի Հանրապետության և Արցախի պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների միություն

- Հայաստանի պետական սիմֆոնիկ և Երևանի երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների միություն

- Հայաստանի մանկական ֆոնդ

- «Փախստականների ֆոնդ» բարեգործական միություն

- «Գթություն» բարեգործական միություն

- «Ծնողազուրկ երեխաների հիմնադրամ» բարեգործական կազմակերպություն

- Գ. Նարեկացու անվան հայկական մանկական ֆոնդ

- Ա. Դ. Սախարովի անվան առաջադիմության, մարդու իրավունքների պաշտպանության և գթասրտության ֆոնդ

- Հայաստանի միջազգային գիտական ֆոնդ

- Հայաստանի Հանրապետության օլիմպիական կոմիտե

- Հայկական փրկարարների կազմակերպությունների միաբանություն

- Երեխաների պաշտպանության միություն

- «Սպիտակ» փրկարարական կենտրոն

- Հայաստանյաց Առաքելական եկեղեցին` իր ավանդական կազմակերպություններով

- Կրոնական այլ կազմակերպություններ

- Արցախի օգնության ֆոնդ (հատուկ ծրագրերի պետական վարչություն)

- Հայաստանի Հանրապետության պաշտպանության ֆոնդ

- «Հայաստան» համահայկական հիմնադրամ

- «Ապավեն» գթության և առողջության հայկական ֆոնդ

- Հայ ընտանիքի աջակցության միություն

- Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն

- Համահայկական շախմատի «Նավակ» բարեգործական ֆոնդ

- «Ղևոնդ Ալիշան» մշակութային-լուսավորչական միություն

- Չեռնոբիլի բարեգործական միություն

- Հայաստանի Հանրապետության գիտության և նորաստեղծության ազգային ֆոնդ

3. Նույն կարգի 1.1 և 1.3 կետերը չեն տարածվում այն ձեռնարկությունների վրա, որոնք արտարժույթի վաճառքից ստացված դրամական միջոցների սահմաններում ցանկանում են հաշվարկային և ընթացիկ հաշիվներից ստանալ կանխիկ դրամ:

 

քաղ. Երևան
թիվ  53