ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՓԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 54
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (30.09.2001-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.09.20/16(79) Հոդ.125
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.07.2001
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2001 թ.
ք. Երևան

N 54

 

ՀՀ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՓԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 19.02.2000 թ. թիվ 78 որոշման 7 կետով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել ՀՀ 2001 թ. մարդահամարի ժամանակ փակ տարածքներում գտնվող անձանց հաշվառման Կարգը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 

Հաստատված է
ՀՀ Ներքին Գործերի նախարարի
19.07.2001 թ. թիվ 282 հրամանով
Նախարար`
_________Հ. Հարությունյան

Հաստատված է
ՀՀ Ազգային Անվտանգության նախարարի
16.07.2001 թ. թիվ 32 հրամանով
Նախարար`
__________ Կ. Պետրոսյան


Հաստատված է
ՀՀ Պաշտպանության նախարարի
27.07.2001 թ. թիվ 563 հրամանով
Նախարար`
__________Ս. Սարգսյան


Հաստատված է
ՀՀ Վիճակագրության Պետական Խորհրդի
11 հուլիսի 2001 թ. թիվ 54 հրամանով
ՀՀ ՎՊԽ-ի նախագահ`
_________ Ս. Մնացականյան

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդ

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՓԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սույն փաստաթուղթը մշակված է «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամար անցկացնելու մասին» ՀՀ կառավարության 19.02.2000 թ. թիվ 78 որոշման 7-րդ կետի և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 04.04.2001 թ. N 34 որոշմամբ հաստատված` «ՀՀ 2001 թ. մարդահամարի կազմակերպչական և մեթոդաբանական դրույթների» համաձայն և սահմանում է ՀՀ 2001 թ. մարդահամարի ժամանակ փակ տարածքներում գտնվող բնակչության առանձին խմբերի` զինծառայողների, քննչական մեկուսարաններում գտնվող և ուղղիչ աշխատանքային հիմնարկներում պատիժը կրող անձանց, հաշվառման կարգը:

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Համաձայն ՀՀ 2001թ. մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին հրահանգի, համապատասխան տարածքներում ամրագրված հաշվարարները ներքոհիշյալ կարգավիճակում գտնվող անձանց հաշվառում են իրենց տնային տնտեսությունների (ընտանիքների) կազմում (այլ ոչ թե նրանց ծառայության զորամասերում կամ պահման վայրերում).

● ժամկետային զինվորական ծառայություն անցնողներին,

● վարժական հավաքների զորակոչվածներին,

● պայմանագրային զինծառայության մեջ գտնվողներին և բաց տարածքներում բնակվող զինծառայողներին:

2. ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվեգրում են`

● քննչական մեկուսարաններում պահվող անձանց,

● ուղղիչ-աշխատանքային հիմնարկների դատապարտյալներին,

● Քրեական պատիժների իրականացման վարչության կենտրոնական հիվանդանոցում բուժվող անձանց,

● գաղութ-բնակավայրերի դատապարտյալներին, այդ թվում` հարկադիր արձակուրդի մեջ գտնվողներին:

3. ՀՀ ազգային անվտանգության նախարարության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվառում են քննչական մեկուսարաններում պահվող անձանց և սահմանապահ զորքերում պարետատների տարածքում բնակվող զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին:

4. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվառում են ՀՀ զորամասերի տարածքներում գտնվող հանրակացարաններում բնակվող սպաներին, ենթասպաներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահվող անձանց:

 

Հաշվառումը նախապատրաստելու ԵՎ իրականացնելու կարգը

 

5. ՀՀ 2001 թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների կազմակերպման համար 2, 3, 4 կետերում նշված օբյեկտներում գտնվող անձանց հաշվառման նպատակով վերոհիշյալ նախարարությունները`

 

5.1. մինչև ս.թ. օգոստոսի 20-ը` պատրաստում և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն են ներկայացնում հիշատակված օբյեկտների ցանկը և դրանցում գտնվող անձանց թվաքանակը,

5.2. մինչև ս.թ. օգոստոսի 27-ը` հաստատում են մարդահամարի տեղամասերը` նշված օբյեկտներում առկա անձանց թվաքանակին համապատասխան,

5.3. մինչև ս.թ. սեպտեմբերի 3-ը` աշխատակազմից առանձնացնում են մարդահամարի հաշվեգրումն իրականացնող աշխատակիցներ` հաշվարարներ, նրանց աշխատանքի ծանրաբեռնվածությունը սահմանելով միջին հաշվով 385 անձի հաշվարկով,

5.4. մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը` նախարարություններում կազմակերպում են ՀՀ 2001 թ. մարդահամարի կենտրոնական տեղամասեր` ընդհանուր աշխատանքները կոորդինացնելու և վերահսկելու նպատակով,

5.5. մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը` ապահովում են հաշվարարների և մարդահամարի տեղամասերի պատասխանատուների մասնակցությունը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացվող ուսուցման (հրահանգավորման) դասընթացներին` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ սահմանված ժամանակացույցի համաձայն,

5.6. մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը` ապահովում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից բավարար քանակությամբ մարդահամարի հարցաթերթերի, հրահանգների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ստացումը և առաքումը տեղերին,

5.7. ս.թ. հոկտեմբերի 10-19-ը ներառյալ, իրականացնում են փակ տարածքներում գտնվող անձանց հաշվեգրումը` «ՀՀ 2001 թ. մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին հրահանգի» համաձայն,

5.8. ս.թ. հոկտեմբերի 20-25-ի ընթացքում` մարդահամարի ավարտից հետո, ապահովում են մարդահամարի լրացված հարցաթերթերի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի հանձնումը մարդահամարի տեղամասեր,

5.9. մինչև նոյեմբերի 3-ը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն են հանձնում մարդահամարի լրացված հարցաթերթերը և մարդահամարի այլ անհրաժեշտ փաստաթղթերը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

30 օգոստոսի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001132