ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2017
Ստորագրման ամսաթիվ
04.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2018

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարությունը, այսուհետև` Կողմեր,

հաշվի առնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառներում Կողմերի միջև ձևավորված երկկողմ արդյունավետ համագործակցությունը,

ցանկանալով պահպանել և ընդլայնել Կողմերի միջև գոյություն ունեցող կապերը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը, գործելով իրենց իրավասությունների շրջանակներում, պայմանավորվում են զարգացնել համագործակցությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառներում՝ սույն Համաձայնագրին և իրենց պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան: Սույն Համաձայնագիրը չի ազդի Կողմերի կամ նրանց պետությունների կողմից կնքված միջազգային պայմանագրերից և իրավական ակտերից բխող իրավունքների և պարտավորությունների վրա:

 

Հոդված 2

 

Կողմերը պայմանավորվում են համագործակցել աշխատանքի և սոցիալական պաշտպանության հետևյալ ոլորտներում.

ա) զբաղվածության խթանում, գործազրկության դեմ պայքար և գործազրկության հետևանքների մեղմացում, աշխատանքային ծառայությունների որակի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում,

բ) կենսաթոշակային համակարգի համապատասխանեցում, կայունացում և արդիականացում,

գ) սոցիալական աջակցության և ընտանեկան նպաստների համակարգերի զարգացում,

դ) սոցիալապես տարբեր խոցելի խմբերի խնդիրների լուծում,

ե) մարդու սոցիալական իրավունքներ,

զ) սոցիալական հանրային գործընկերության ուղղվածությամբ ոչ կառավարական կազմակերպություններ,

է) կանանց և տղամարդկանց հավասարություն և խտրականության դեմ պայքար:

 

Հոդված 3

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների և խնդիրների իրականացման համար ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են ներառել.

ա) ազգային աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության զարգացման համար ձեռնարկված տարբեր միջոցներին առնչվող փորձի փոխանակում, փոխադարձ խորհրդատվություններ,

 բ) երկու Կողմերի, ինչպես նաև նրանց ենթակայության տակ գտնվող համապատասխան հաստատությունների փորձագետների համագործակցության խթանում և ընդլայնում,

 գ) տարբեր միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության խթանում և ընդլայնում,

 դ) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ աշխատաժողովների կամ համաժողովների կազմակերպում երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:

2. Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են պայմանավորվել այլ միջոցների շուրջ:

 

Հոդված 4

 

Կողմերը համաձայնում են հետևյալ ֆինանսական և կազմակերպչական կարգավորումների շուրջ.

1. Լիտվական Կողմը Հայաստանի Հանրապետություն պատվիրակություններ, խմբեր կամ անհատներ գործուղելիս հոգում է ուղևորության, կեցության և սննդի հետ կապված ծախսերը:

2. Լիտվական Կողմը Հայաստանի Հանրապետությունից պատվիրակություններ, խմբեր կամ անհատներ ընդունելու դեպքում հոգում է ուղևորության, կեցության և սննդի հետ կապված ծախսերը (առավելագույնը 5 անձ 4 օրվա համար մեկ այցի շրջանակներում), ինչպես նաև երկրի տարածքում տեխնիկական բնույթի կարգավորումների հետ կապված ծախսերը (առավելագույնը երկու միջոցառում տարվա ընթացքում):

3. Հայկական Կողմը Լիտվայի Հանրապետությունից պատվիրակություններ, խմբեր կամ անհատներ ընդունելու դեպքում հոգում է երկրի տարածքում նրանց տեխնիկական բնույթի կարգավորումների հետ կապված ծախսերը:

4. Յուրաքանչյուր առանձին դեպքում ծախսերի կատարման համար ձեռք կբերվեն առանձին ֆինանսական պայմանավորվածություններ:

 

Հոդված 5

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված ներքին ընթացակարգերի ավարտի մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

2. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում առանձին արձանագրություններով կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Այդ արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի համաձայն և կկազմեն դրա անբաժանելի մասը:

3. Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված ցանկացած տարաձայնություն լուծվում է Կողմերի միջև՝ խորհրդակցությունների միջոցով:

4. Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ: Կողմերը կարող են դրա գործողությունը դադարեցնել ցանկացած ժամանակ՝ գրավոր տեղեկացնելով: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը կդադարի գործողության դադարեցման մասին ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից երեք ամիս հետո՝ առանց սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող ընթացիկ միջոցառումների վրա անդրադառնալու:

Ստորագրված է Երևանում 2017թ. հոկտեմբերի 4-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, լիտվերեն և անգլերեն. երեք տեքստերն էլ ունեն հավասար ուժ: Տեքստերի միջև տարբերության դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին: