Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2016-30.08.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

15 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 20

քաղ. Մոսկվա

 

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՄ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՆԻՆ՝ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ԵՎ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարներ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ ներառելու վերաբերյալ հարցի լուծման համար միասնական մոտեցումներ մշակելու նպատակով,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից առաջնորդվել «Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին՝ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարների ավելացման վերաբերյալ» hիմնադրույթով՝ հավելվածի համաձայն։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի նոյեմբերի 15-ի
թիվ 20 հանձնարարականի

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին՝ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարների ավելացման վերաբերյալ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Հիմնադրույթը մշակվել է 2008 թվականի հունվարի 25-ի «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասինե համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր), 1994 թվականի ««Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» VII հոդվածը կիրառելու մասին» համաձայնագրի` ներառյալ դրան կից բացատրական ծանոթագրությունները, ինչպես նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային գնահատման տեխնիկական կոմիտեի 25.1 մեկնաբանության և խորհրդատվական եզրակացությունների հիման վրա։

2. Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետին համապատասխան ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը դրանց վերաբերյալ գործարքի հիման վրա որոշելիս՝ (1-ին մեթոդ) այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացվում են մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարներ (ներառյալ արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների համար կատարվող վճարումները) որոնք վերաբերում են գնահատվող (ներմուծվող) ապրանքներին և որոնք գնորդը, որպես գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի պայման, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարել է կամ պետք է կատարի՝ այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ չներառված չափով։

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին չպետք է ավելացվեն՝

Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի համար իրականացվող վճարումները.

ներմուծվող ապրանքների բաշխման կամ վերավաճառքի իրավունքի համար իրականացվող վճարումները, եթե այդպիսի վճարումները Միության մաքսային տարածք արտահանվելու նպատակով ներմուծվող ապրանքների վաճառքի պայմաններ չեն համարվում:

3. Մտավոր սեփականության ոլորտում իրավահարաբերությունները կարգավորվում են միջազգային պայմանագրերով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությամբ։

4. Սույն Հիմնադրույթում որպես մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարներ դիտարկվում են մտավոր գործունեության արդյունքների և դրանց հավասարեցված անհատականացման այն միջոցների օգտագործման համար ցանկացած վճար (այդ թվում՝ ռոյալթիներ, վարձատրություններ), որոնց շարքին են դասվում գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները, հնչյունագրերը, գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշները, արտադրության գաղտնիքները (նոու-հաու), ապրանքային նշանները, մտավոր սեփականության այլ օբյեկտներ (այսուհետ՝ լիցենզային վճարներ)՝ միջազգային պայմանագրերին, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին, և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

5. Լիցենզային վճարները վճարելու պարտականությունը համարվում է լիցենզատուի և իրավատիրոջ (լիցենզառուի) միջև այնպիսի պայմանագրային հարաբերությունների մաս, որոնք կարող են ձևակերպվել լիցենզային պայմանագրով (համաձայնագրով), ենթալիցենզային պայմանագրով (համաձայնագրով), առևտրային կոնցեսիայի [համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի)] պայմանագրով, առևտրային ենթակոնցեսիայի (ենթաֆրանչայզինգի) պայմանագրով, կամ պայմանագրի այլ տեսակով (այսուհետ՝ լիցենզային պայմանագիր)։

Լիցենզային պայմանագիր կնքելու դեպքում իրավատերը լիցենզառուին է տրամադրում մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման որոշակի իրավունքներ։

Սույն Հիմնադրույթը չի տարածվում մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման բացառիկ իրավունքի օտարման մասին պայմանագրերով նախատեսված վարձատրության վճարման դեպքերի վրա։

6. Միջազգային առևտրում լիցենզային վճարները կարող են վճարվել ինչպես ապրանքները վաճառողին, այնպես էլ ապրանքների վաճառող չհանդիսացող երրորդ անձի։

Լիցենզային վճարները ապրանքների մաքսային արժեքի մեջ ներառելու մասին որոշում կայացնելիս կարևոր չէ իրավատիրոջ՝ անդամ պետության անձ կամ օտարերկրյա անձ լինելու փաստը։

7. Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի առաջին պարբերությամբ նախատեսված պայմանների կատարումը ստուգելու և լիցենզային վճարները՝ ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացնելու կամ չավելացնելու հարցը լուծելու նպատակով, պետք է վերլուծության ենթարկվեն լիցենզային պայմանագրի և այն արտաքին տնտեսական պայմանագրի (կոնտրակտի) պայմանները, որին համապատասխան իրականացվում է ապրանքների վաճառքը Միության մաքսային տարածք արտահանման համար, ինչպես նաև ապրանքների վաճառքի և լիցենզային վճարների վճարման հետ առնչություն ունեցող այլ փաստաթղթեր։

Եթե լիցենզային վճարները ներառված չեն ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ և վճարվում են գնահատվող (ներմուծվող) ապրանքների վճարման հաշվից առանձին, ապա այդ ապրանքների մաքսային արժեքի մեջ լիցենզային վճարները ներառելու անհրաժեշտության հարցը որոշելիս հարկավոր է հաշվի առնել հետևյալ առանցքային գործոնները.

գնահատվող (ներմուծվող) ապրանքներին լիցենզային վճարների վերաբերելը կամ չվերաբերելը.

լիցենզային վճարների վճարման՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի պայման լինելը կամ չլինելը։

Նշված գործոնները վերլուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառք ասելով ենթադրվում է դրանց վաճառքը՝ Միության մաքսային տարածք արտահանվելու համար։

8. Լիցենզային վճարների՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքներին վերաբերելը որոշելիս՝ առանցքային հարց է համարվում ոչ թե այն, թե ինչպես է հաշվարկվում լիցենզային վճարների գումարը, այլ այն, թե դրանք ինչու են վճարվում և թե կոնկրետ ինչ է ստանում գնորդը (լիցենզառուն) դրանք վճարելու դիմաց։

Ավելի հաճախ հանդիպող իրավիճակ, երբ լիցենզային վճարները կարող են դիտարկվել որպես գնահատվող (ներմուծվող) ապրանքներին վերաբերող, համարվում է այն իրավիճակը, որի դեպքում գնահատվող (ներմուծվող) ապրանքները պարունակում են մտավոր սեփականության օբյեկտ և (կամ) արտադրվել են այն մտավոր սեփականության օբյեկտի օգտագործմամբ, որի համար լիցենզային պայմանագրով իրավունքներ են տրամադրվել։

Նման և այլ իրավիճակներում լիցենզային վճարների՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքներին վերաբերելու մասին որոշումը կայացվում է այն հարցի ուսումնասիրման և վերլուծության հիման վրա, թե լիցենզային պայմանագրին համապատասխան դիտարկվող մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման ինչ իրավունքներ են տրամադրվել լիցենզառուին, և թե ինչպես է լիցենզառուն օգտագործում իրեն տրամադրված իրավունքները։

9. Լիցենզային վճարների վճարման՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի պայման լինելը որոշելիս՝ հիմնական չափորոշիչ է համարվում գնորդի (լիցենզառուի) համար առանց լիցենզային վճարները վճարելու գնահատվող (ներմուծվող) ապրանքները ձեռք բերելու հնարավորության բացակայությունը։

Գնորդի (լիցենզառուի) համար առանց լիցենզային վճարները վճարելու՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքները ձեռք բերելու հնարավորության բացակայության մասին է վկայում արտաքին տնտեսական պայմանագրում (կոնտրակտում), որին համապատասխան ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածք արտահանվելու համար, նշումն այն մասին, որ գնորդը պետք է վճարի լիցենզային վճարները որպես այդպիսի վաճառքի պայման։ Նման նշումը վճռորոշ է այն դեպքում, երբ որոշվում է, թե արդյոք լիցենզային վճարները վճարվել են որպես գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի պայման, թե ոչ։

Լիցենզային վճարների վճարումից գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի կախվածություն կարող է լինել նաև այն դեպքերում, երբ արտաքին տնտեսական պայմանագիրը (կոնտրակտը), որին համապատասխան, ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածք արտահանվելու համար, չի պարունակում որպես գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի պայման՝ լիցենզային վճարների վճարման մասին ուղղակի նշումը, հատկապես՝ երբ իրավատերն ու վաճառողը տարբեր անձինք են։

Բոլոր դեպքերում, լիցենզային վճարների վճարման՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի պայման լինելու մասին որոշումը հարկավոր է կայացնել՝ հաշվի առնելով այդ ապրանքների վաճառքին ու ներմուծմանը զուգորդող բոլոր գործոնների ու հանգամանքների վերլուծությունը։ Որպես այդպիսիք, կարող են հաշվի առնվել հետևյալ գործոնները.

արտաքին տնտեսական պայմանագրում (կոնտրակտում), որին համապատասխան գնահատվող (ներմուծվող) ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածք արտահանվելու համար, կամ այդպիսի ապրանքների վաճառքի հետ կապված այլ փաստաթղթերում, լիցենզային վճարների վճարմանն առնչվող դրույթների առկայությունը.

լիցենզային պայմանագրում գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքին առնչվող դրույթների առկայությունը.

արտաքին տնտեսական պայմանագրում (կոնտրակտում), որին համապատասխան գնահատվող (ներմուծվող) ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածք արտահանվելու համար, և (կամ) լիցենզային պայմանագրում գնորդի (լիցենզառուի) կողմից իրավատիրոջը լիցենզային վճարների չվճարման դեպքում արտաքին տնտեսական պայմանագիրը (կոնտրակտը) լուծելու հնարավորության վերաբերյալ դրույթի առկայությունը.

լիցենզային պայմանագրում այնպիսի պայմանի առկայությունը, որով արտադրողին (գնորդին) արգելվում է պատրաստել և (կամ) գնորդին վաճառել իրավատիրոջ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստեղծված ապրանքներ՝ համապատասխան վարձատրությունը վերջինիս չվճարելու դեպքում.

լիցենզային պայմանագրում այնպիսի պայմանի առկայությունը, որով իրավատիրոջը թույլատրվում է այնպիսի հսկողություն իրականացնել ապրանքների արտադրության կամ գնորդին արտադրողի (վաճառողի) կողմից դրանց վաճառքի (Միության մաքսային տարածք արտահանելու համար ապրանքների վաճառքի) նկատմամբ, որը դուրս կլիներ որակի հսկողության շրջանակներից։

10. Իրավատիրոջ կողմից մտավոր սեփականության կոնկրետ օբյեկտների նկատմամբ իրավունքների տրամադրման առանձին դեպքերի նկարագրություն պարունակող օրինակները, մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավունք տրամադրող լիցենզային պայմանագրերի պայմանների, արտաքին տնտեսական այն պայմանագրերի (կոնտրակտների) պայմանների վերլուծությունը, որոնց համապատասխան ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածք արտահանվելու համար, ինչպես նաև այլ գործոնների վերլուծությունը, որոնց ազդեցությունը հաշվի է առնվում լիցենզային վճարները ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացնելու կամ չավելացնելու վերաբերյալ որոշում կայացնելիս, բերված են հավելվածում։

(Դիտարկվող օրինակներում ապրանքների անվանումները բերված են բացառապես գործածության հարմարությունից ելնելով։ Ապրանքների մաքսային արժեքի մեջ լիցենզային վճարները ներառելու կամ չներառելու մասին օրինակներում պարունակվող եզրակացությունները կարող են կիրառվել ապրանքների ցանկացած տեսակի համար՝ կոնկրետ իրավիճակի գործոններին և հանգամանքներին օրինակում նկարագրված գործոնների և հանգամանքների համապատասխանության պայմանով։

Սույն Հիմնադրույթի հավելվածում բերված օրինակները չեն ընդգրկում այն բոլոր իրավիճակները, որոնք կարող են առաջանալ իրավակիրառ պրակտիկայում։ Եթե կոնկրետ իրավիճակին վերաբերող որևէ գործոն կամ հանգամանք չի համապատասխանում օրինակի մեջ նկարագրվածին, ապա անհրաժեշտ է անցկացնել տարբերությունների և եզրակացությունների վրա դրանց ազդեցության վերլուծություն։)

 

II. Լիցենզային վճարներ ապրանքային նշանի օգտագործման իրավունքի համար

 

11. «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 11-րդ կետին համապատասխան (,Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 26 հավելված) ապրանքային նշան է համարվում քաղաքացիական շրջանառության մասնակիցների մի մասի ապրանքները քաղաքացիական շրջանառության մյուս մասնակիցների ապրանքներից տարբերելուն ծառայող նշումը, որը պահպանվում է անդամ պետությունների օրենսդրությանը և միջազգային այն պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակիցն են անդամ պետությունները։ Անդամ պետությունների օրենսդրական ակտերին համապատասխան՝ որպես ապրանքային նշան կարող են գրանցվել բառային, պատկերային, ծավալային և այլ նշումներ կամ դրանց համակցությունները։

Ապրանքային նշանի օգտագործման իրավունքի համար լիցենզային վճարներին վերաբերող իրավիճակների նկարագրությամբ օրինակները բերված են հավելվածում։

ՀԱՎԵԼՎԱԾ

 ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին՝ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարների ավելացման վերաբերյալ Հիմնադրույթի

 

ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

Ապրանքային նշանի օգտագործման իրավունքի համար լիցենզային վճարներին վերաբերող իրավիճակների նկարագրությամբ

 

Օրինակ 1. Իրավատերը (այսուհետ՝ մայր ընկերություն) ուղղակիորեն տիրապետում է ապրանքների գնորդի (այսուհետ՝ կազմակերպություն) շրջանառության մեջ դրված քվեարկող բաժնետոմսերի և ապրանքների արտադրողի (այսուհետ՝ արտադրող) քվեարկող բաժնետոմսերի 50 տոկոսին։

Կազմակերպությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ, Միություն) մաքսային տարածքում իրականացնում է հագուստի ներմուծում և վաճառք։ Կազմակերպությունը և մայր ընկերությունը կնքել են լիցենզային պայմանագիր, որին համապատասխան, կազմակերպությանը տրամադրվել է մայր ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործման իրավունք՝ անդամ պետություններից մեկի տարածքում ապրանքային նշանով հագուստի ներմուծման և քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու կապակցությամբ։ Լիցենզային պայմանագրի համաձայն՝ կազմակերպությունը մայր ընկերությանն է վճարում լիցենզային վճարներ` ապրանքի իրացումից կազմակերպության ստացած հասույթի գումարի 1,5 տոկոսի չափով։

Հագուստը, որի վրա զետեղված է ապրանքային նշանը, կազմակերպությունը ձեռք է բերում օտարերկրյա արտադրողից։ Արտադրողի և կազմակերպության միջև կնքված առքուվաճառքի պայմանագրում նախատեսված չեն կազմակերպության կողմից մայր ընկերության օգտին լիցենզային վճարներ վճարելու պարտավորություններ։

Քանի որ ապրանքային նշանով հագուստի ներմուծման կապակցությամբ կազմակերպությանը իրավունք է տրամադրվել օգտագործել ապրանքային նշանը, ապրանքային նշաններն օգտագործելու համար լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող ապրանքներին։

Լիցենզային վճարները համարվում են ապրանքների վաճառքի պայման, քանի որ մայր ընկերությունը՝ հսկելով թե՛ կազմակերպությանը, թե՛ արտադրողին, կարող է սահմանել արտադրողի կողմից հագուստը կազմակերպությանը վաճառելու պայմաններ։

Արտադրողի և մայր ընկերության միջև գրավոր կնքված պայմանագրի բացակայության փաստը չի չեղարկում կազմակերպության՝ լիցենզային վճարներ վճարելու պարտավորությունը՝ լիցենզային պայմանագրում սահմանված մայր ընկերության պահանջներին համապատասխան։

Այսպիսով, լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող ապրանքներին, դրանց վճարումը ներմուծվող ապրանքների վաճառքի պայման է համարվում և, հետևաբար, այդպիսի վճարները ենթակա են ավելացման ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին։

 

Օրինակ 2. Կազմակերպությունը օտարերկրյա իրավատիրոջ հետ կնքում է լիցենզային պայմանագիր, համաձայն որի կազմակերպությունը իրավատիրոջն է վճարում լիցենզային վճարներ՝ ապրանքային նշանը ապրանքների ներմուծման և արտադրության կապակցությամբ օգտագործելու իրավունքի համար։

Լիցենզային վճարները հաշվարկվում են՝ հաշվի առնելով լիցենզային պայմանագրում սահմանված հաստատագրված տոկոսը՝ անդամ պետության տարածքում ապրանքային նշանով ապրանքների իրացումից կազմակերպության ստացած հասույթի գումարից։

Կազմակերպության կողմից լիցենզային վճարները չվճարելու դեպքում իրավատերն իրավունք ունի լուծելու լիցենզային պայմանագիրը։

Կազմակերպությունը և իրավատերը փոխկապակցված անձինք են 2008 թվականի հունվարի 25-ի «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իմաստով։

Իրավատերը նաև պայմանագիր է կնքել օտարերկրյա արտադրողի հետ՝ նրան ապրանքային նշանով ապրանքներ արտադրելու և դրանք կազմակերպությանը վաճառելու իրավունք տրամադրելու նպատակներով։ Այդ պայմանագրի համաձայն՝ արտադրողը պարտավոր է պահպանել որակի, դիզայնի և տեխնոլոգիաների առնչությամբ իրավատիրոջ կողմից սահմանված պահանջները։ Պայմանագրում, մասնավորապես, նշված է, որ արտադրողը պարտավորվում է ապրանքային նշանով ապրանքներն արտադրել և վաճառել բացառապես իրավատիրոջ կողմից որոշված կազմակերպության կամ ընկերության։

Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված իմաստով՝ արտադրողը փոխկապակցված չէ ո՛չ իրավատիրոջ, ո՛չ էլ կազմակերպության հետ։

Կազմակերպությունը արտադրողի հետ կնքել է առքուվաճառքի պայմանագիր, համաձայն որի արտադրողը կազմակերպությանն է վաճառում իրավատիրոջ ապրանքային նշանով ապրանքները։ Առքուվաճառքի պայմանագրում բացակայում է ապրանքային նշանն օգտագործելու իրավունքի համար լիցենզային վճարներ վճարելու մասին պահանջը։ Կազմակերպության կողմից ապրանքների համար արտադրողին փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը չի ներառում լիցենզային վճարները։

Քանի որ կազմակերպությանն իրավունք է ընձեռնվել՝ օգտագործելու ապրանքային նշանը այն ապրանքների ներմուծման և արտադրության կապակցությամբ, որոնց վրա զետեղված է ապրանքային նշանը, և կազմակերպությունը ներմուծում է ապրանքային նշանի զետեղմամբ այդ ապրանքները, լիցենզային վճարները վերաբերում են գնահատվող (ներմուծվող) ապրանքներին։

Ընդ որում, դիտարկվող դեպքում արտադրողի և իրավատիրոջ միջև կնքված պայմանագրի համաձայն՝ վերջինս վերահսկում է ապրանքային նշանով մակնշված ապրանքների արտադրությունը՝ տրամադրելով լիցենզային ապրանքների արտադրության թույլտվություն, որոշելով, թե արտադրողը որ ընկերություններին կարող է վաճառել ապրանքները, և անմիջապես արտադրողին ապահովելով նմուշներով և տեխնոլոգիաներով։

Այսպիսով, իրավատերը մի կողմից կազմակերպությանը տրամադրում է լիցենզային պայմանագրի դրույթներին համապատասխան ապրանքների ներմուծման և արտադրության կապակցությամբ ապրանքային նշանը օգտագործելու իրավունք, մյուս կողմից ազդում է կազմակերպության և արտադրողի միջև կնքված գործարքի վրա և վերահսկում այդ գործարքը՝ որոշելով, թե որ ընկերությունները կարող են օգտագործել ապրանքային նշանը և ձեռք բերել ապրանքային նշանով մակնշված ապրանքները։

Արտադրողի և կազմակերպության միջև առքուվաճառքի պայմանագիրը չի պարունակում լիցենզային վճարներ վճարելու անհրաժեշտության մասին պայմաններ։ Սակայն լիցենզային վճարների վճարումը համարվում է ապրանքների վաճառքի պայման, քանի որ կազմակերպությունը չի կարող դրանք ձեռք բերել առանց իրավատիրոջը վճարում կատարելու։ Կազմակերպության կողմից իրավատիրոջը լիցենզային վճարները չվճարելը կհանգեցնի ոչ միայն լիցենզային պայմանագիրը լուծելուն, այլև ապրանքային նշանով ապրանքների արտադրության և կազմակերպությանը վաճառելու համար արտադրողին տրամադրված թույլտվության հետկանչմանը։

Այսպիսով, դիտարկվող դեպքում լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող ապրանքներին, դրանց վճարումը համարվում է ներմուծվող ապրանքների վաճառքի պայման և, հետևաբար, այդպիսի վճարները ենթակա են ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացման։

 

Օրինակ 3. Գնորդը առքուվաճառքի պայմանագրերով երկու օտարերկրյա արտադրողներից ձեռք է բերում պոլիէթիլենային թաղանթ՝ գնորդի կողմից անդամ պետության տարածքում արտադրված արտադրանքը փաթեթավորելու համար։ Արտադրանքի արտադրության նպատակով գնորդը օտարերկրյա իրավատիրոջ հետ կնքել է լիցենզային պայմանագիր, որով նախատեսվում է գնորդին արտադրանքի արտադրության տեխնոլոգիայի օգտագործման համար իրավունքների, ինչպես նաև ապրանքային նշանի տրամադրում՝ գնորդի կողմից արտադրվող արտադրանքի վրա այն զետեղելու միջոցով։

Լիցենզային պայմանագրին համապատասխան՝ «արտադրանք» եզրույթը նշանակում է հանքային բամբակ և (կամ) ըստ քաշի 30%-ից ավելի հանքային բամբակ պարունակող արտադրանք։ Արտադրանքի փաթեթավորման համար պոլիէթիլենային թաղանթը պատրաստվում է գնորդի պատվերով՝ վրան ապրանքային նշան զետեղելու միջոցով, ինչը լիցենզային արտադրանքի վրա ապրանքային նշան տեղադրելու եղանակներից մեկն է։ Իրավատիրոջ կողմից բացակայում է ցանկացած հատուկ պահանջ այն փաթեթվածքի նկատմամբ, որի մեջ կարող է փաթեթավորվել արտադրանքը։ Այսպիսով, արտադրանքի փաթեթվածքին և այդ փաթեթվածքի նյութին վերաբերող հարցը լուծվում է գնորդի հայեցողությամբ՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգման պահանջները։

Լիցենզային պայմանագրով նախատեսվում է գնորդի կողմից իրավատիրոջ օգտին լիցենզային վճարների վճարումը՝ արտադրված արտադրանքի իրացումից գնորդի ստացած հասույթի գումարի 1,5 տոկոսի չափով։

Գնորդը և իրավատերը փոխկապակցված անձինք են՝ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իմաստով։

Թաղանթն արտադրողները ո՛չ գնորդի, ո՛չ իրավատիրոջ հետ փոխկապակցված անձինք չեն։ Թաղանթն արտադրողների և իրավատիրոջ միջև ապրանքային նշանի օգտագործման համար լիցենզային պայմանագրեր չեն կնքվել։ Գնորդի և արտադրողների միջև կնքված առքուվաճառքի պայմանագրերին համապատասխան՝ արտադրողներին չեն տրամադրվում ապրանքային նշանը օգտագործելու իրավունքներ։ Գնորդին է մատակարարվում ամբողջ թաղանթը՝ դրա վրա զետեղված ապրանքային նշանով։

Այսպիսով, քանի որ լիցենզային պայմանագրի գործողությունը տարածվում է անդամ պետության տարածքում գնորդի կողմից արտադրված արտադրանքի փաթեթվածքի վրա, և իրավատերը արտադրանքի փաթեթվածքի նկատմամբ պահանջներ չունի, և փաթեթվածքի մասին հարցը լուծվում է գնորդի հայեցողությամբ՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգման պահանջները, լիցենզային վճարները չեն վերաբերում ներմուծվող արտադրանքին և ներմուծվող պոլիէթիլենային թաղանթի մաքսային արժեքի մեջ ներառման ենթակա չեն։

 

Օրինակ 4. Կազմակերպությունն իրականացնում է ավտոմեքենաների վրա աքսեսուարների տեղադրման, ինչպես նաև ավտոմեքենաների աքսեսուարների և պահեստամասերի մանրածախ վաճառքի գործունեությունը։ Նշված գործունեությունն իրականացնելու համար կազմակերպությունը երրորդ երկրներում գնում է և անդամ պետության տարածք է ներմուծում ավտոմեքենաների աքսեսուարներ։

Կազմակերպությունը նաև լիցենզային պայմանագիր է կնքում օտարերկրյա այն իրավատիրոջ հետ, որը Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իմաստով կազմակերպության հետ փոխկապակցված անձ է։ Լիցենզային պայմանագրի համաձայն՝ կազմակերպությանը տրամադրվել են ապրանքային նշանն անդամ պետության տարածքում օգտագործելու հետևյալ իրավունքները.

ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված (կազմակերպության ֆիրմային անվանման, առևտրային նշագրերում, «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում դոմենային անվան մեջ, ձևաթղթերի վրա, փաստաթղթերում).

լիցենզային ապրանքների ներմուծման, լիցենզային ապրանքները քաղաքացիական շրջանառության մեջ դնելու, դրանց գովազդի և մարքեթինգի հետ կապված.

Ըստ լիցենզային պայմանագրի՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված ապրանքային նշանի օգտագործման իրավունքի համար կազմակերպությունը վճարում է լիցենզային վճարներ (ռոյալթիներ) տարին X միլիոն գումարի չափով հաստատագրված գումարի տեսքով։ Տվյալ գումարը բաժանվում է 4 հավասար եռամսյակային վճարների, որոնք ներառվում են լիցենզային վճարների (ռոյալթիների) վճարման եռամսյակային հաշվում։

Լիցենզային ապրանքների ներմուծման, լիցենզային ապրանքները քաղաքացիական շրջանառության մեջ դնելու, դրանց գովազդի և մարքեթինգի հետ կապված ապրանքային նշանի օգտագործման իրավունքի համար կազմակերպությունը վճարում է լիցենզային վճարներ՝ լիցենզային ապրանքների վաճառքի արդյունքում ստացված հասույթի գումարի 3 տոկոսի չափով։ Լիցենզային ապրանքների վաճառքի արդյունքում ստացված հասույթի չափը որոշվում է կազմակերպության կողմից յուրաքանչյուր եռամսյակ, հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա վերջին ամսաթվից ոչ ուշ։ Լիցենզային ապրանքների վաճառքի արդյունքում ստացված հասույթի մասին տվյալների հիման վրա կազմակերպությունն իրականացնում է լիցենզային վճարների (ռոյալթիների) հաշվարկ և դա ուղարկում իրավատիրոջը, որը յուրաքանչյուր եռամսյակ կազմակերպությանը հաշիվ է ներկայացնում։

Ներկայացվող եռամսյակային հաշվետվություններում միշտ առանձին նշվում են X միլիոն ռուբլուց Զ չափով հաստատագրված մեծությունը և լիցենզային վճարների (ռոյալթիների) գումարը, որը հաշվարկվել է նախորդ եռամսյակում լիցենզային ապրանքների վաճառքի արդյունքներով։

Լիցենզային պայմանագրին համապատասխան՝ լիցենզային ապրանքներին են վերաբերում այն ապրանքները, որոնց վրա զետեղված է ապրանքային նշան և որոնք կազմակերպության կողմից ձեռք են բերվում նրա հետ փոխկապակցված օտարերկրյա մատակարարներից։ Կազմակերպության և Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իմաստով փոխկապակցված օտարերկրյա մատակարարների միջև պայմանագրերում չեն պարունակվում հղումներ կազմակերպության կողմից կնքված լիցենզային պայմանագրին։

Բացի այն ապրանքներից, որոնց վրա զետեղված է ապրանքային նշան, կազմակերպությունը նաև ինչպես օտարերկրյա փոխկապակցված մատակարարներից, այնպես էլ անկախ մատակարարներից գնում է համանման ապրանքներ, որոնց վրա ապրանքային նշան զետեղված չէ, այսինքն ապրանքներ, որոնք չեն վերաբերում լիցենզային ապրանքներին։

Շարադրվածի հիման վրա կարելի է ապրանքային նշանի օգտագործման իրավունքի համար վճարվող լիցենզային վճարների առնչությամբ անել հետևյալ եզրակացությունները.

ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված.

քանի որ լիցենզային պայմանագրի համաձայն լիցենզային վճարները կազմակերպության կողմից վճարվում են լիցենզային ապրանքների ձեռքբերումից և օգտագործումից անկախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ կապված ապրանքային նշանի օգտագործման իրավունքի համար, տվյալ լիցենզային վճարները չեն վերաբերում ներմուծվող լիցենզային ապրանքներին և այդ իսկ պատճառով դրանց մաքսային արժեքի մեջ ներառման ենթակա չեն.

լիցենզային ապրանքների ներմուծման, լիցենզային ապրանքները քաղաքացիական շրջանառության մեջ դնելու, դրանց գովազդի և մարքեթինգի հետ կապված.

քանի որ լիցենզային պայմանագրի համաձայն լիցենզային ապրանքներին են վերաբերում այն ապրանքները, որոնց վրա զետեղված է ապրանքային նշան և լիցենզային վճարները վճարվում են հենց այդպիսի ապրանքների ներմուծման հետ կապված իրավունքի համար, տվյալ լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող լիցենզային ապրանքներին։

Լիցենզային պայմանագրում և մատակարարման պայմանագրերում չի նշվում, որ լիցենզային վճարների վճարումը համարվում է ապրանքների վաճառքի պայման։ Սակայն, լիցենզային պայմանագրի համաձայն՝ լիցենզային ապրանքները ձեռք են բերվում փոխկապակցված օտարերկրյա մատակարարներից։ Դրա հետ կապված՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ օտարերկրյա մատակարարները վերահսկվում են իրավատիրոջ կողմից և իրականացնում են լիցենզային ապրանքների արտադրությունը ոչ միայն կազմակերպությանը, այլև աշխարհով մեկ այլ գնորդների վաճառելու համար։ Ընդ որում, կազմակերպությունը մաքսային մարմին է ներկայացրել տեղեկատվություն այն մասին, թե իրավատերը ինչը կարող է վերահսկել, որ անձանց և ինչ պայմաններով են օտարերկրյա մատակարարներն իրացնում արտադրվող լիցենզային ապրանքները։ Այսպիսով, իրավատերը՝ որպես օտարերկրյա մատակարարների կողմից վերահսկվող լիցենզային ապրանքները կազմակերպությանը վաճառելու պայման՝ փաստացի սահմանում է լիցենզային վճարները վճարելու պահանջ։

Հետևաբար, այդպիսի լիցենզային վճարները ենթակա են ներմուծվող լիցենզային ապրանքների մաքսային արժեքի մեջ ներառման։

 

Օրինակ 5. Ներմուծողը անդամ պետության տարածքում իրականացնում է սուրճի մշակման և վաճառքի գործունեություն։ Նշված գործունեությունն իրականացնելու համար ներմուծողը «Ա» ապրանքային նշանը տիրապետող օտարերկրյա ընկերության հետ (այսուհետ` իրավատեր) կնքել է լիցենզային պայմանագիր։

Լիցենզային պայմանագրին համապատասխան՝ ներմուծողին տրամադրվել են «Ա» ապրանքային նշանի օգտագործման իրավունքներ՝ անդամ պետության տարածքում սուրճի հումքից (հատիկավոր սուրճ) արտադրված պատրաստի արտադրանքի արտադրության, վաճառքի, այլ ձևով իրացման, վաճառահանումը խթանելու համար գովազդի հետ կապված։

Ներմուծողը և իրավատերը Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իմաստով փոխկապակցված անձինք չեն։

Իրավատերը չի սահմանել, որ պատրաստի արտադրանք արտադրելու համար կարող է օգտագործվել միայն «Ա» ապրանքային նշան ունեցող սուրճի հումքը, ինչպես նաև չի սահմանել սուրճի հումքը կոնկրետ մատակարարներից գնելու սահմանափակումներ կամ այդպիսի հումքի նկատմամբ այլ պահանջներ։ Սակայն լիցենզային պայմանագրով նախատեսված է, որ ներմուծողը պարտավոր է ապահովել իր կողմից արտադրվող այն պատրաստի արտադրանքի համար, որի վրա նա պետք է զետեղի «Ա» ապրանքային նշան, այնպիսի որակ, որը պետք է լինի իրավատիրոջ համապատասխան արտադրանքի որակից ոչ ավելի ցածր։ Իրավատերը կիրականացնի ներմուծողի կողմից արտադրված, վրան «Ա» ապրանքային նշանի զետեղմամբ պատրաստի արտադրանքի որակի նկատմամբ պատշաճ հսկողություն՝ դրա նմուշները ստուգելու միջոցով։ Այսպիսով, սուրճի հումքի ձեռքբերման մասին հարցը լուծվում է ներմուծողի հայեցողությամբ։

Ներմուծողը իրավատիրոջն է վճարում լիցենզային վճարները, որոնք հաշվարկվում են այն պատրաստի արտադրանքի վաճառքից ստացված հասույթի 4 տոկոսի չափով, որի վրա զետեղված է «Ա» ապրանքային նշանը։ Իրավատերն իրավունք ունի ներմուծողից ստուգման համար պահանջելու բոլոր այն հաշվապահական փաստաթղթերը, որոնք հաստատում են հասույթի գումարը, ներառյալ հաշիվները և շահույթների ու վնասների մասին հաշվետվությունները, այն ձևով, որով նշված փաստաթղթերը ներկայացվել են հարկային մարմիններ։

Ներմուծողն իր հայեցողությամբ ձեռք է բերում պատրաստի արտադրանքի արտադրության համար օգտագործվող սուրճի հումքը, ինչպես իրավատիրոջից (այդ դեպքում սուրճի արտադրանքը մատակարարվում է այն փաթեթվածքով, որի վրա զետեղված է «Ա» ապրանքային նշանը), այնպես էլ անկախ մատակարարներից (այդ դեպքում սուրճի հումքը մատակարարվում է փաթեթվածքով, առանց ապրանքային նշանների կամ այլ իրավատերերի պատկանող ապրանքային նշաններով)։

Անդամ պետության տարածքում ներմուծողը ներմուծված սուրճի հումքի հետ կատարում է մի շարք տեխնոլոգիական գործառույթներ, այդ թվում՝ բովում, տարբեր բուրավետիչների և այլ բաղադրիչների ավելացում, բաժնեծրարում սպառողական փաթեթվածքում։ Սպառողական փաթեթվածքի տարրերը, մասնավորապես պատրաստի արտադրանքի բաժնեծրարման համար օգտագործվող բանկաները, կափարիչները, պիտակները գնվում են ներմուծողի կողմից անդամ պետության տարածքի մատակարարներից։ Պատրաստի արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվում է «Ա» ապրանքային նշանը։

Դիտարկվող օրինակում լիցենզային վճարների վճարումն իրականացվում է սուրճի հումքից պատրաստված պատրաստի արտադրանքի առնչությամբ, որի վրա զետեղված է «Ա» ապրանքային նշանը, և կախված չէ այն սուրճի հումքի ձեռքբերումից և օգտագործումից, որի վրա զետեղված է «Ա» ապրանքային նշանը, քանի որ սուրճի հումքի մատակարարների ընտրությունն իրականացվում է ներմուծողի կողմից ինքնուրույն։

Հետևաբար, լիցենզային վճարները չեն վերաբերում ներմուծվող սուրճի հումքին։

Լիցենզային պայմանագրի այն դրույթները, որոնք իրավատիրոջը տալիս են նմուշները ստուգելու իրավունք, վերաբերում են արտադրվող պատրաստի արտադրանքի որակի հսկողությանը, իսկ ներմուծողի հաշվապահական փաստաթղթերի ստուգման իրավունքը՝ լիցենզային վճարների գումարի հաշվարկի ճշտության հսկողությանը։

Այն սուրճի հումքի վաճառքը, որի վրա զետեղված են ապրանքային նշանները, իրականացվում է ներմուծողի կողմից լիցենզային վճարները վճարելուց անկախ։ Հետևաբար, լիցենզային վճարների վճարումը սուրճի հումքի վաճառքի պայման չի համարվում։

Այսպիսով, ներմուծվող սուրճի հումքի մաքսային արժեքը որոշելիս լիցենզային վճարները չպետք է ավելացվեն փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին։

 

Օրինակ 6. Անդամ պետությունում գրանցված ընկերությունը տվյալ պետության տարածք է ներմուծում հետևյալ ապրանքները.

պատրաստի արտադրատեսակներ՝ հետագա վերավաճառքի համար.

հումք և բաղադրիչներ, որոնք օգտագործվում են.

արտադրանքի արտադրության համար.

իրացված արտադրանքի և պատրաստի արտադրատեսակների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման ծառայության (վերանորոգման) համար։

Արտադրանքի արտադրության ժամանակ ներմուծվող բաղադրիչներից բացի օգտագործվում են անդամ պետությունների տարածքներում արտադրված և ընկերության կողմից այդ պետությունների տարածքներում գրանցված մատակարարներից ձեռք բերված բաղադրիչները։

«Ա» ապրանքային նշանի զետեղմամբ՝ արտադրանքի արտադրության իրավունքն ստանալու համար ընկերությունը Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված իմաստով ընկերության հետ փոխկապակցված օտարերկրյա իրավատիրոջ հետ կնքել է լիցենզային պայմանագիր։ Լիցենզային պայմանագրի համաձայն՝ ընկերությանը իրավունք է տրված օգտագործելու «Ա» ապրանքային նշանը՝ անդամ պետությունների տարածքներում արտադրվող արտադրանքի վրա այն տեղադրելու միջոցով (ներառյալ ապրանքային նշանի տեղադրումը դրա փաթեթվածքի վրա) և այդ պետությունների տարածքներում արտադրված արտադրանքի իրացման ժամանակ։ Լիցենզային պայմանագրում սահմանվել է այն ապրանքների կատեգորիաների (տեսակների) ցանկը, որոնց առնչությամբ, ըստ դիտարկվող պայմանագրի, տրամադրվել է «Ա» ապրանքային նշանն օգտագործելու իրավունք (այսուհետ` լիցենզային արտադրանք)։

Լիցենզային պայմանագիրը չի տարածվում ընկերության կողմից գնվող և հետագա վերավաճառքի համար Միության մաքսային տարածք ներմուծվող պատրաստի արտադրատեսակների, ինչպես նաև լիցենզային արտադրանք արտադրելու և իրացված արտադրանքի ու պատրաստի արտադրատեսակների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման ծառայության (վերանորոգման) համար ընկերության կողմից Միության մաքսային տարածք ներմուծվող հումքի և բաղադրիչների վրա։

Լիցենզային պայմանագրի համաձայն՝ ընկերությունը վճարում է լիցենզային վճարներ (ռոյալթիներ) լիցենզային արտադրանքի վաճառքից ստացված հասույթի 5 տոկոսի չափով։ Պատրաստի արտադրատեսակների, ինչպես նաև ընկերության կողմից Միության մաքսային տարածք վերանորոգման համար ներմուծվող հումքի և բաղադրիչների իրացումից ստացված հասույթը չի ներառվում լիցենզային վճարների (ռոյալթիների) հաշվարկի մեջ։

Լիցենզային պայմանագիրը չի պարունակում հղումներ մատակարարման պայմանագրերին։ Իրավատերերի կողմից սահմանված չեն պահանջներ ընկերության կողմից հումքի և բաղադրիչների արտադրողների ու մատակարարների ընտրության նկատմամբ, ինչպես նաև պահանջներ այնպիսի մատակարարների կամ լիցենզային արտադրանքի արտադրության համար օգտագործվող այնպիսի հումքի և բաղադրիչների արտադրության կամ վաճառքի նկատմամբ, որոնք դուրս կլինեին լիցենզային արտադրանքի որակի հսկողության շրջանակներից։ Այսպիսով, հումքի և բաղադրիչների ձեռքբերման մասին հարցը լուծվում է ընկերության հայեցողությամբ։

Լիցենզային արտադրանք արտադրելու համար ընկերությունը տարբեր տեսակի հումք և բաղադրիչներ է գնում հետևյալ մատակարարներից.

հումք և բաղադրիչներ, որոնց վրա զետեղված է «Ա» ապրանքային նշանը՝ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իմաստով ընկերության հետ փոխկապակցված օտարերկրյա մատակարարներից.

այլ ապրանքային նշաններով հումք և բաղադրիչներ՝ օտարերկրյա անկախ մատակարարներից։ Ընդ որում, կարող են գնվել նույն տեսակի հումք և բաղադրիչներ, ինչպիսիք գնվում են փոխկապակցված մատակարարներից՝ դրանց վրա «Ա» ապրանքային նշանի զետեղմամբ։ Այսպես, ընկերությունը լիցենզային արտադրանքի արտադրության մեջ օգտագործում է երկու տեսակի շարժիչ. մի մասն արտադրվում է ընկերության հետ փոխկապակցված մատակարարների հետ, իսկ մյուսը՝ անկախ անձանց կողմից.

որևէ ապրանքային նշան չպարունակող հումք և բաղադրիչներ՝ օտարերկրյա անկախ մատակարարներից և անդամ պետությունների տարածքներում գրանցված մատակարարներից։

Ընկերությունը չի կնքել ներմուծվող հումքի և բաղադրիչների վրա տեղադրված այլ ապրանքային նշանների օգտագործման լիցենզային պայմանագրեր։

Ընկերության կողմից կնքված մատակարարման պայմանագրերում չկան հղումներ լիցենզային պայմանագրին, դրույթներ, որոնք սահմանափակումներ կսահմանեին ընկերության՝ ձեռքբերված հումքի և բաղադրիչների հետագա օգտագործման կամ տնօրինման իրավունքների վրա, ինչպես նաև դրույթներ ընկերության կողմից լիցենզային վճարները իրավատիրոջը չվճարելու դեպքում այդպիսի մատակարարման պայմանագրերը լուծելու մասին։

«Ա» ապրանքային նշանով հումքի և բաղադրիչների որոշ տեսակներ օգտագործվում են ընկերության կողմից ինչպես անդամ պետության տարածքում լիցենզային արտադրանքի արտադրության համար, այնպես էլ այդպիսի արտադրանքի հետագա վերանորոգման, ինչպես նաև ընկերության կողմից ներմուծվող պատրաստի արտադրատեսակների համար։ Ընդ որում, հումքը և բաղադրիչները գնելու պահի դրությամբ, ընկերությունը չունի տեղեկատվություն այն մասին, թե ընկերությունը դրանց որ մասն է օգտագործելու լիցենզային արտադրանք արտադրելու համար, և որ մասը՝ վերանորոգման համար։ Օտարերկրյա մատակարարներից հումք և բաղադրիչներ գնելու գինը կախված չէ այն բանից, թե արդյոք ընկերությունը ներմուծվող հումքը և բաղադրիչները կօգտագործի լիցենզային արտադրանք արտադրելու, թե վերանորոգման համար։ Հումքի և բաղադրիչների կոնկրետ խմբաքանակի ներմուծումից հետո ընկերությունը, ընթացիկ կարիքներից ելնելով որոշում է, թե արդյոք դա ամբողջությամբ օգտագործվելու է լիցենզային արտադրանքի արտադրության համար, թե դրա մի մասը վաճառվելու է վերանորոգման համար։ Վերջին դեպքում ապրանքների մեկ խմբաքանակով ներմուծված և միևնույն գնով ձեռք բերված հումքի և բաղադրիչների մի մասն օգտագործվում է լիցենզային արտադրանքի արտադրության համար, իսկ նմանատիպ հումքի և բաղադրիչների մյուս մասը վերավաճառվում է վերանորոգման համար։

Վերանորոգումը կատարվում է կամ հենց ընկերության արտադրական հարթակներում կամ գործընկեր տեխնիկական սպասարկման ծառայությունների կողմից։ Երկրորդ դեպքում ներմուծվող հումքը և բաղադրիչները մատակարարման համապատասխան պայմանագրերով իրացվում են գործընկերներին։

Դիտարկվող օրինակում լիցենզային վճարների վճարումն իրականացվում է այն լիցենզային արտադրանքի առնչությամբ, որն արտադրվել է ներմուծվող հումքից և բաղադրիչներից։ Ընդ որում, իրավատերը չունի լիցենզային արտադրանքի արտադրության կամ հետագա վերանորոգման ժամանակ «Ա» ապրանքային նշանով հումքի և բաղադրիչների օգտագործման նկատմամբ պահանջներ։

Շարադրվածի կապակցությամբ, չնայած նրան, որ «Ա» ապրանքային նշանը զետեղվել է Միության մաքսային տարածք ներմուծվող որոշակի հումքի և բաղադրիչների վրա, ընկերության կողմից վճարված լիցենզային վճարները չեն վերաբերում ներմուծվող ապրանքներին։

Բացի դրանից, օտարերկրյա մատակարարներից «Ա» ապրանքային նշանով հումք և բաղադրիչներ գնելու գինը կախված չէ այն բանից, թե արդյոք ընկերությունը ներմուծվող հումքը և բաղադրիչները կօգտագործի լիցենզային արտադրանք արտադրելու, թե վերանորոգման համար։ Լիցենզային վճարներ չեն վճարվում այն հումքի և բաղադրիչների առնչությամբ, որոնք ընկերությանը վաճառվել են վերանորոգման համար, հետևաբար, անկախ լիցենզային վճարների վճարումից, ընկերությունն իրավունք ունի ձեռք բերելու «Ա» ապրանքային նշանով հումքը և բաղադրիչները։

Այսպիսով, լիցենզային վճարների վճարումը «Ա» ապրանքային նշանով հումքի և բաղադրիչների վաճառքի պայման չի համարվում։ Համապատասխանաբար, լիցենզային վճարները «Ա» ապրանքային նշան պարունակող ներմուծվող հումքի և բաղադրիչների մաքսային արժեքի մեջ ներառման ենթակա չեն։

 

Օրինակ 7. Անդամ պետությունում գրանցված ընկերությունն այդ անդամ պետության տարածքում արտադրում է «Ա» և «Բ» ապրանքային նշաններով արտադրանք։

Ընկերությունը լիցենզային պայմանագիր է կնքել օտարերկրյա իրավատիրոջ հետ արտադրանքի արտադրության և իրացման ժամանակ տվյալ լիցենզային պայմանագրում շարադրված պայմաններին համապատասխան՝ ընկերությանը «Ա» և «Բ» ապրանքային նշանների օգտագործման իրավունք տրամադրելու մասին։

«Ա» և «Բ» ապրանքային նշանների օգտագործման համար ընկերությունը իրավատիրոջն է վճարում լիցենզային վճարներ, որոնք հաշվարկվում են «Ա» և «Բ» ապրանքային նշաններով պատրաստի արտադրանքի վաճառքից ստացված հասույթի հաստատագրված տոկոսի տեսքով։

Լիցենզային պայմանագրին համապատասխան՝ «Ա» և «Բ» ապրանքային նշանների ներքո արտադրանքի արտադրության իրավունքի տրամադրման պայման է համարվում ընկերության կողմից արտադրանքի արտադրության համար բացառապես այն հումքի օգտագործումը, որը նշվել է իրավատիրոջ կողմից և մատակարարվել իրավատիրոջ կամ իրավատիրոջ հետ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված իմաստով փոխկապակցված մատակարարների, կամ անկախ մատակարարների կողմից՝ ընկերության և իրավատիրոջ կողմից համաձայնեցված գներով։

Բացի այդ, լիցենզային պայմանագրի պայմաններով նախատեսվում է, որ ընկերությունը պետք է օգտագործի իրավատիրոջ կամ մատակարարների կողմից մատակարարվող այն հումքը, որը նախօրոք հավանության է արժանացել իրավատիրոջ կողմից գրավոր տեսքով, արտադրանքը բացառապես «Ա» և «Բ» ապրանքային նշանների ներքո արտադրելու համար և չի կարող վաճառել կամ մատակարարել այդ արտադրանքը երրորդ անձանց, ինչպես նաև այդ արտադրանքն օգտագործել այլ ապրանքային նշանների ներքո այլ արտադրանք արտադրելու համար։

Հումքի մատակարարման բոլոր պայմանագրերում, այդ թվում՝ անկախ մատակարարների հետ մատակարարման պայմանագրերում, պարունակվում են դրույթներ այն մասին, որ լիցենզային պայմանագրի համաձայն, հումքը մատակարարվում է արտադրանքի՝ բացառապես «Ա» և «Բ» ապրանքային նշանների ներքո արտադրության համար, և ընկերությունը չի օգտագործի ներմուծվող հումքն այլ ապրանքների արտադրության համար, ինչպես նաև չի վաճառի կամ մատակարարի այդ հումքը երրորդ անձանց։

Հաշվի առնելով լիցենզային պայմանագրի պայմաններ սահմանող այն դրույթները, որոնք պահպանելու դեպքում ընկերությանը տրամադրվում է «Ա» և «Բ» ապրանքային նշանների ներքո արտադրանքի արտադրության և իրացման իրավունք, ինչպես նաև մատակարարման պայմանագրերի և լիցենզային պայմանագրի միջև կապը, կարելի է հանգել այն եզրակացության, որ լիցենզային վճարները վերաբերում են գնահատվող (ներմուծվող) ապրանքներին (հումքին) և դրանց վճարումը այդ ապրանքների (հումքի) վաճառքի պայման է համարվում և, համապատասխանաբար, լիցենզային վճարները ենթակա են գնահատվող (ներմուծվող) ապրանքների (հումքի) մաքսային արժեքի մեջ ներառման։