ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (21.09.2015-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2015.10.21/3(33)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2012
Ստորագրման ամսաթիվ
28.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2015

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Սինգապուրի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` առանձին` Կողմ կամ միասին` Կողմեր),

 

ցանկանալով ամրապնդել իրենց երկկողմ հարաբերությունները և

 

նպատակ ունենալով դյուրացնելու իրենց համապատասխան այն քաղաքացիների տեղաշարժը, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Կողմերից ցանկացածի պետության` դիվանագիտական կամ ծառայողական վավեր անձնագիր ունեցող քաղաքացիներն ազատվում են մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելու, այն տարանցելու և այնտեղ գտնվելու համար մուտքի արտոնագրի պահանջից իննսուն (90) օրը չգերազանցող ժամանակահատվածով` պայմանով, որ գտնվելը չի օգտագործվում վճարովի կամ այլ աշխատանքի անցնելու, ուսման և վճարովի այլ գործունեության նպատակով:

2. Կողմերից ցանկացածի պետության` դիվանագիտական կամ ծառայողական վավեր անձնագիր ունեցող քաղաքացիները, որոնք մտադիր են մյուս Կողմի տարածք մուտք գործել և այնտեղ գտնվել իննսուն (90) օրը գերազանցող ժամանակահատվածով` վճարովի կամ այլ աշխատանքի անցնելու, ուսման և վճարովի այլ գործունեության նպատակով, պետք է մուտքի արտոնագիր կամ համապատասխան թույլտվություն ձեռք բերեն նախքան իրենց ժամանելը հյուրընկալող պետության տարածք` վերջինիս օրենքներին և կանոնակարգերին համապատասխան:

 

Հոդված 2

 

1. Կողմերից ցանկացածի պետության` դիվանագիտական կամ ծառայողական վավեր անձնագիր ունեցող քաղաքացիները, որոնք մյուս Կողմի պետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի անդամներ են, ինչպես նաև դիվանագիտական և ծառայողական վավեր անձնագիր ունեցող նրանց ընտանիքների անդամները կարող են մուտք գործել և մնալ առանց մուտքի արտոնագրի, եթե նրանց առաջին մուտքի մասին դիվանագիտական ուղիներով ծանուցվել է մուտք գործելուց երեսուն (30) օր առաջ, և եթե ընդունող պետությունն առարկություն չի ներկայացնում ծանուցումը ստանալուց հետո՝ երեսուն (30) օրվա ընթացքում:

2. Կողմերից ցանկացածի պետության` դիվանագիտական կամ ծառայողական վավեր անձնագիր ունեցող քաղաքացիները, որոնք մյուս Կողմի պետության տարածքում գտնվող միջազգային կազմակերպությունում իրենց պետությունը ներկայացնող հավատարմագրված ներկայացուցիչներ են, ինչպես նաև դիվանագիտական և ծառայողական վավեր անձնագիր ունեցող նրանց ընտանիքների անդամները պետք է օգտվեն 2-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված նույն իրավունքներից:

3. Սույն Համաձայնագրի նպատակներով 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում վկայակոչված «ընտանիքի անդամ» եզրույթը վերաբերվում է վավեր դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող ամուսիններին և նրանց չամուսնացած քսանմեկ (21) տարին չլրացած զավակներին:

 

Հոդված 3

 

Կողմերից ցանկացածի պետության` դիվանագիտական կամ ծառայողական վավեր անձնագիր ունեցող քաղաքացիները պետք է մուտք գործեն, հեռանան կամ տարանցեն մյուս Կողմի տարածքը միայն ուղևորների միջազգային երթևեկության համար նախատեսված մուտքի, ելքի կամ տարանցման անցակետերով:

 

Հոդված 4

 

Կողմերից ցանկացածի պետության` դիվանագիտական կամ ծառայողական վավեր անձնագիր ունեցող քաղաքացիները մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում պարտավորվում են հետևել այդ Կողմի պետությունում գործող օրենքներին և կանոնակարգերին:

 

Հոդված 5

 

1. Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում Կողմերից ցանկացածի համապատասխան մարմինների իրավունքը` մերժել մյուս Կողմի պետության դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր ունեցող քաղաքացու մուտքը կամ դադարեցնել գտնվելը` առանց ներկայացնելու իրենց որոշման հիմքերը, եթե այդ անձը համարվում է «persօոa ոօո grata» կամ անցանկալի անձ:

2. Կողմերից ցանկացածի պետության քաղաքացիները, որոնք կորցնում են իրենց դիվանագիտական կամ ծառայողական անձնագիրը մյուս Կողմի պետության տարածքում, պետք է այդ մասին անհապաղ հայտնեն ընդունող պետության համապատասխան մարմիններին: Այդ մարմինները պետք է անվճար կազմեն անձնագրի կորուստը հաստատող ոստիկանական զեկույց: Տվյալ անձի պետության համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը պետք է ոստիկանական այդ զեկույցի հիման վրա իր քաղաքացուն տրամադրի նոր անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և այդ մասին տեղեկացնի ընդունող պետության համապատասխան մարմիններին:

 

Հոդված 6

 

1. Կողմերը սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան երեսուն (30) օր առաջ կփոխանակեն իրենց վավեր դիվանագիտական և ծառայողական անձնագրերի նմուշները (ներառյալ անձնագրերի մանրամասն նկարագրությունը):

2. Եթե Կողմերից մեկը փոփոխում է գոյություն ունեցող դիվանագիտական կամ ծառայողական անձնագրերը կամ նոր դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր է գործածության մեջ դնում, տվյալ Կողմը պետք է անհապաղ տեղեկացնի մյուս Կողմին փոփոխությունների մասին և նոր կամ փոփոխված անձնագրերի նմուշները դիվանագիտական ուղիներով փոխանցի դրանց պաշտոնական գործածության մեջ դնելուց ոչ ուշ, քան երեսուն (30) օր առաջ:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանության կամ կիրառման ընթացքում ծագած վեճերը կլուծվեն դիվանագիտական ուղիներով՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 8

 

1. Կողմերից յուրաքանչյուրը կարող է ժամանակավորապես ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի իրականացումը` ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության նկատառումներից ելնելով: Նման կասեցման մասին պետք է դիվանագիտական ուղիներով անհապաղ ծանուցել մյուս Կողմին:

2. Կասեցումն ուժի մեջ է մտնում մյուս Կողմի` դիվանագիտական ուղիներով ծանուցումն ստանալուց անմիջապես հետո: Նույն ընթացակարգերը պետք է կիրառվի նաև այն դեպքում, երբ համապատասխան Կողմը դադարեցնում է կասեցումը:

3. Սույն Համաձայնագրի ամբողջությամբ կամ մասամբ կասեցումը չպետք է ազդի որևէ Կողմի այն քաղաքացիների վրա, որոնց արդեն շնորհվել է մուտքի թույլտվություն, և որոնք կասեցման պահին արդեն գտնվում են մյուս Կողմի տարածքում առանց մուտքի արտոնագրի` սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածների համաձայն:

 

Հոդված 9

 

Կողմերից ցանկացածը կարող է սույն Համաձայնագիրը փոփոխելու գրավոր առաջարկ ներկայացնել: Կողմերի միջև համաձայնեցված ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված ընթացակարգին համապատասխան:

 

 Հոդված 10

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով ուժի մեջ մտնելու համար ազգային օրենսդրությամբ նախատեսված պահանջները բավարարելու մասին վերջին ծանուցումն ստանալուց երեսուն (30) օր հետո և մնում է ուժի մեջ անորոշ ժամկետով:

2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը` մյուս Կողմին այդ մասին դիվանագիտական ուղիներով տեղեկացնելով: Գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում նման ծանուցում ստանալուց իննսուն (90) օր հետո:

3. Սույն Համաձայնագրի ամբողջությամբ կամ մասամբ դադարեցումը չպետք է ազդի որևէ Կողմի այն քաղաքացիների վրա, որոնց արդեն շնորհվել է մուտքի թույլտվություն, և որոնք դադարեցման պահին արդեն գտնվում են մյուս Կողմի տարածքում առանց մուտքի արտոնագրի` սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածների համաձայն:

 

Կատարված է Սինգապուր քաղաքում 2012 թվականի մարտի 28-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ իրականացման ընթացքում առաջացած տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. սեպտեմբերի 21-ին