ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2026 թվականի N 1716-Ն
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 2-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց հաշվառման կարգը և հաշվառման տեղեկանքի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. 2028 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 917-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 962-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 26-ի N 1716-Ն որոշման |
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումն ու կարգավիճակի հաստատումն իրականացվում է ապահովելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքից բխող պահանջների կատարումը, ինչպես նաև առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով։
2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման, ինչպես նաև կարգավիճակի հաստատման գործընթացում ներգրավված են և իրենց լիազորությունների շրջանակում գործառույթներ են իրականացնում սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին), Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտրոն), մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը (այսուհետ միասին՝ աշխատակազմ), խնամակալության և հոգաբարձության մարմինը (այսուհետ՝ ԽՀՄ):
3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց հաշվառումն իրականացվում է երեխայի, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ հաշվառելու դեպքում՝ չափահաս անձի՝ փաստացի գտնվելու վայրի ԽՀՄ-ի կողմից՝ երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողի (այսուհետ՝ համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողի) միջոցով, իսկ կարգավիճակի հաստատումը՝ աշխատակազմի կողմից։ Կարգավիճակի հաստատումը երեխայի ծնողի կողմից կարող է բողոքարկվել՝ այդ նպատակով դիմում ներկայացնելով Երևանում՝ Երևանի քաղաքապետին, իսկ մարզերում՝ մարզպետին՝ հաշվի առնելով այն, որ կարգավիճակի հաստատումն իրականացվում է համապատասխանաբար՝ Երևանի քաղաքապետարանի, իսկ մարզերում՝ մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից:
4. Համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը, տեղեկանալով փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին, պարտավոր է երեք օրվա ընթացքում նախաձեռնել երեխայի պաշտպանության գործընթացում սոցիալական աշխատանքի իրականացումը։
5. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված սոցիալական աշխատանքների արդյունքները երեխաների պաշտպանության տեղեկատվական ենթահամակարգ (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) մուտքագրելուց հետո՝ համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը տեղեկատվական համակարգում ընտրում է այն հիմքերը, որոնք առկա են երեխային՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու համար` տեղեկատվական համակարգում ապահովելով դրանք հիմնավորող փաստաթղթերի առկայությունը։
6. Համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը երեխային՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառում է որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառման հիմքը հստակեցվելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում՝ տեղեկատվական համակարգի միջոցով երեխայի անձնական գործում հաշվառման համապատասխան ծածկագիր ձևավորելու միջոցով։
7. Սույն հավելվածի 6-րդ կետում նշված հաշվառման ծածկագիրը ձևավորվում է հաշվի առնելով տվյալ համայնքի կողմից ընթացիկ տարում հաշվառման հերթական համարը, ինչպես նաև համայնքի համարը՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի NN 2 և 3 հավելվածների։
8. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի գործը հաշվառումից հետո եռօրյա ժամկետում համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողի կողմից տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի է դառնում աշխատակազմին։
9. Աշխատակազմը, ուսումնասիրելով տեղեկատվական համակարգում հաշվառված գործը, երեք աշխատանքային օրվա ընթացքում կամ հաստատում է կարգավիճակը, և այդ մասին տեղեկատվական համակարգի միջոցով ի գիտություն հայտնում է տարածքային կենտրոնին կամ օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում ձեռնարկում է սույն հավելվածի 10-րդ կետով նշված գործողությունը:
10. Աշխատակազմը, սույն հավելվածի 8-րդ կետում նշված գործը ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, հաշվառումն օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝ իրավասու է հիմնավոր առաջարկությամբ հաշվառված գործը վերադարձնել համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին՝ 15-օրյա ժամկետում տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխությունն իրականացնելու, իսկ անհամաձայնության դեպքում համապատասխան հիմնավորում լրացնելու և աշխատակազմին տեղեկացնելու նպատակով։
11. Աշխատակազմի կողմից կարգավիճակի հաստատման արդյունքում տեղեկատվական համակարգում որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառման ծածկագրում ավելանում է ընթացիկ տարում տվյալ մարզում, որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառման վերցված երեխաների թվում տվյալ գործի հերթական համարը և կարգավիճակի հաստատման օրը, ամիսը, տարին, որի արդյունքում ձևավորվում է կարգավիճակի հաստատման ծածկագիր։
12. Երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած լինելու փաստը հաստատվում է աշխատակազմի կողմից կարգավիճակի հաստատման պահից սկսած։
13. Համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավական կարգավիճակի փոփոխման դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում իրականացնում է անհրաժեշտ փոփոխություն, որը հասանելի է դառնում աշխատակազմին:
14. Եթե վերացել է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով սահմանված՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու հիմքը՝ երեխայի բնակության համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողի կողմից տեղեկատվական համակարգում իրականացված փոփոխությունների արդյունքում գործը տեղափոխվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների դուրս գրված գործերի ենթաբաժին՝ շարունակելով մնալ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ենթաբաժնում, եթե կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու հիմքերը չեն վերացել՝ միաժամանակ փոփոխության մասին տեղեկատվական համակարգով ծանուցման միջոցով հայտնի դարձնելով երեխայի բնակության վայրի աշխատակազմին, տարածքային կենտրոնին և երեխայի օրինական ներկայացուցչին։
15. Հաշվառման, կարգավիճակի հաստատման, կարգավիճակի դադարեցման բոլոր փուլերում տեղեկատվական համակարգում իրականացվող մուտքագրումները դիտման եղանակով հասանելի են լիազոր մարմնին։
16. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումն ու կարգավիճակի հաստատումն իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման ու կարգավիճակի հաստատման նույն ընթացակարգով։
17. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձին հաշվառելիս վերջինիս փաստացի գտնվելու վայրի մասնագիտացված սոցիալական աշխատողը տեղեկատվական համակարգում որոնում է տվյալ անձի՝ նախկինում որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված լինելու վերաբերյալ գործը։
18. Եթե անձը փոխել է բնակության վայրը և որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ հաշվառվման է վերցվելու այլ համայնքում, որը չի իրականացրել որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառումը, ապա հաշվառումն իրականացնող համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը տեղեկատվական համակարգում որոնման արդյունքում տեսնում է միայն անձի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառման օրը, ամիս, տարին և հաշվառման համայնքը։
19. Սույն հավելվածի 18-րդ կետում նշված դեպքում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձին հաշվառել ցանկացող համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը ներկայացնում է հայտ՝ տեղեկատվական համակարգում իրականացնելով համապատասխան նշագրում՝ նախորդ համայնքից գործը հայցելու նպատակով։
20. Հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառումն իրականացրած համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողն ուսումնասիրում է հայցի հիմքերը և գործը փոխանցում է երեխաների թվին պատկանող անձին հաշվառել ցանկացող համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին։ Անձնական գործի փոխանցման պահից այն հասանելի է դառնում միայն որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ հաշվառումն իրականացնող համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին։
21. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի հաշվառումն իրականացնելիս՝ համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում թարմացնում է անձի տվյալները և փոխանցում է աշխատակազմ՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում կարգավիճակի հաստատման նպատակով և տարածքային կենտրոն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատական սոցիալական միջամտության ծրագիր կազմելու նպատակով։
22. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի հաշվառման և կարգավիճակի հստակեցման դեպքում տեղեկատվական համակարգում անձնական գործի ծածկագիրը ձևավորվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի հաշվառման և կարգավիճակի հստակեցման ժամանակ ձևավորվող ծածկագրերի նույն սկզբունքով։
23. Եթե անձը նախկինում հաշվառված չի եղել որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա, սակայն առկա են օրենսդրությամբ նախատեսված հիմքեր անձին որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ հաշվառելու համար, ապա տեղեկատվական համակարգում բացվում է նոր գործ և հաշվառման, կարգավիճակի հաստատման գործընթացն իրականացվում է նույն ընթացակարգով՝ միաժամանակ համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողի կողմից հաշվառումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի դարձնելով տարածքային կենտրոնին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատական սոցիալական միջամտության ծրագիր կազմելու նպատակով։
24. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման տեղեկանքները, ըստ անհրաժեշտության աշխատակազմերի, համայնքների մասնագիտացված սոցիալական աշխատողների, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի օրինական ներկայացուցիչների կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կողմից արտածվում են տեղեկատվական համակարգից։
25. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի օրինական ներկայացուցչին կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձին առանց ծնողական խնամքի մնացած կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման տեղեկանքները հասանելի են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում նշված իրենց անհատական օգտահաշվում։
26. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման տեղեկանքները ձևավորվում են համաձայն սույն հավելվածի NN 1 և 2 ձևերի։
Ձև N 1
Հաշվառման տեղեկանք
առանց ծնողական խնամքի մնացած երեխա
(անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, ՀԾՀ/Ծննդյան վկայական)
Կարգավիճակի հաստատման ծածկագիր———————
1. Կարգավիճակը հաստատած մարմին (մարզպետի աշխատակազմ կամ Երևանի քաղաքապետարան)
_____________________
2. Կարգավիճակի հաստատման օր, ամիս, տարի——————————
3. Հաշվառումն իրականացրած խնամակալության և հոգաբարձության մարմին _____________________
Հաստատում եմ
● Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ, Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության հարցերով վարչության պետ _____________________
● Տեղեկանքի ձևավորման օր, ամիս, տարի _______________
● Ստորագրություն _____________________
Ձև N 2
Հաշվառման տեղեկանք
առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ
(անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, ՀԾՀ/Ծննդյան վկայական)
Կարգավիճակի հաստատման ծածկագիր———————
1. Կարգավիճակը հաստատած (մարզպետի աշխատակազմ կամ Երևանի քաղաքապետարան)
_____________________
2. Կարգավիճակի հաստատման օր, ամիս, տարի—————————
3. Հաշվառումն իրականացրած խնամակալության և հոգաբարձության մարմին _____________________
4. Որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա կարգավիճակի հաստատման ծածկագիրը (եթե նախկինում վերցվել է հաշվառման որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա)——————————————
Հաստատում եմ
● Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ _____________________
● Տեղեկանքի ձևավորման օր, ամիս, տարի _______________
● Ստորագրություն _____________________
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
26.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|