ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ (ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 682-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (27.11.2026-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.23-2026.12.06 Պաշտոնական հրապարակման օրը 26.11.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
17.11.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

17 նոյեմբերի 2026 թ.

N 682-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ (ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել վարչական իրավախախտման կատարման ընթացքում օգտագործվող (վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող) և վարչական իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առգրավված գույքը վերադարձնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը առգրավված և դրա ուժի մեջ մտնելու պահին չվերադարձված կամ չբռնագրավված գույքերի վրա:

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. նոյեմբերի 17

Երևան

 

Հավելված

Երևանի քաղաքի ավագանու

2026 թվականի նոյեմբերի 17-ի

N 682-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ (ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Երևանի քաղաքապետի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձանց կողմից վարչական իրավախախտման կատարման ընթացքում օգտագործվող (վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող) և վարչական իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առգրավված գույքը (այսուհետ՝ առգրավված առարկա) վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Առգրավված առարկաները վերադարձնելու իրավական հիմքերն են՝

1) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության խոտանումը.

2) վարչական իրավախախտման վերաբերյալ հարուցված վարչական վարույթի կարճումը.

3) Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված ժամկետում առգրավված առարկան բռնագրավելու պահանջով դատարան դիմելու պարտականություն ունեցող մարմնի կողմից նման պահանջ չներկայացրելը.

4) առգրավված առարկան բռնագրավելու պահանջը դատարանի կողմից մերժվելը.

5) վարչական տույժ նշանակելու մասին որոշման անվավեր ճանաչելը.

6) վարչական տույժ նշանակելու մասին որոշման առ ոչինչ ճանաչելը.

7) համաներման մասին օրենքի ընդունումը, եթե այդ օրենքի գործողությունը տարածվում է տվյալ անձի և նշանակված վարչական տույժի վրա և վերացնում է տույժի կիրառումը.

8) օրենքով նախատեսված այլ հիմքեր, երբ առգրավված առարկան պահելու կամ այն բռնագրավելու իրավական հիմքը վերացել է և առգրավված առարկան ենթակա է վերադարձման:

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքերում առգրավված առարկան ենթակա է վերադարձման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ և առկա չեն առգրավված գույքի վերադարձը արգելող այլ հիմքեր:

4. Այն դեպքերում, երբ առգրավված առարկան այլևս գոյություն չունի, այն ենթակա չէ վերադարձման։

5. Առգրավված առարկաները վերադարձվում են առգրավված առարկայի սեփականատիրոջ դիմումի հիման վրա՝ դիմումի բավարարումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Դիմումը ներկայացվում է Երևանի քաղաքապետին և պետք է պարունակի.

1) դիմողի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը.

2) առգրավված առարկայի վերաբերյալ նույնականացնող տվյալները (առկայության դեպքում դիմումին կից ներկայացվում է առգրավված առարկայի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը).

3) առգրավվման արձանագրության համարը, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման համարը.

4) առգրավված առարկան վերադարձնելու իրավական հիմքը և հիմնավորումը:

7. Դիմումին կից ներկայացվում են դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման քաղվածքը և գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև դիմողի պահանջը հիմնավորող փաստաթղթերը։

8. Եթե դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերը բավարար չեն, վարչական մարմնի պահանջով դիմողը պարտավոր է ներկայացնել առգրավված առարկաների վերադարձման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և նյութեր:

9. Առգրավված առարկան վերադարձվում է միայն այն դեպքում, երբ առկա են վերադարձման իրավական հիմքերը, առգրավված առարկաների վերադարձը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և դիմողի կողմից ներկայացված դիմումը համապատասխանում է սույն կարգի պահանջներին։

10. Առգրավված առարկայի վերադարձը ձևակերպվում է հանձնման-ընդունման ակտով՝ համաձայն Ձև 1-ի, որը ստորագրում է Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված պաշտոնատար անձը:

11. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հանձնման-ընդունման ակտերը հաշվառման և պահման նպատակով հանձնվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարություն:

 

Ձև 1

 

ԱԿՏ

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Սույն ակտով հաստատվում է, որ վերադարձվում է վարչական մարմնի կողմից առգրավված առարկան (առարկաները):

Առարկայի վերաբերյալ տվյալները ներկայացվում են ստորև.

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

_________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

 

Սույն ակտը կազմվում է 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

Հաստատում եմ, որ հանձնեցի սույն ակտում վկայակոչված առգրավված առարկան.

__________________________________________________________

(պաշտոն, անուն ազգանուն, ստորագրությունը, ամսաթիվ)

 

Հաստատում եմ, որ ստացա սույն ակտում վկայակոչված առարկան.

__________________________________________________________

(անուն ազգանուն, ստորագրությունը, ամսաթիվ)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2026 թվական: