ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՐՕՏԻՏԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (07.11.2026-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.26-2026.11.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.10.2026
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«26» հոկտեմբեր 2026 թ.

N 74-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՐՕՏԻՏԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Համաճարակային պարօտիտի համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

26.10.2026

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2026 թվականի հոկտեմբեր «26»-ի 

N 74-Ն հրամանի

 

«ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՐՕՏԻՏԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ

 

ԳԼՈՒԽ 1.

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Համաճարակային պարօտիտի համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ՝ Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն), ինչպես նաև առողջարանների, նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություն), բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների համար՝ անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:

2. Նորմատիվը սահմանում է համաճարակային պարօտիտի ստանդարտ բնորոշումները, համաճարակաբանական դիտարկմանը, համաճարակային պարօտիտի հայտնաբերման լաբորատոր հետազոտություններին, համաճարակաբանական հետազոտությանը (հետախուզությանը), կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներին, ինչպես նաև համաճարակային պարօտիտի դեմ կանխարգելիչ պատվաստումներին ներկայացվող պահանջները:

 

ԳԼՈՒԽ 2.

 

ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՐՕՏԻՏԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3. Համաճարակային պարօտիտի դեպքերի հայտնաբերումը, հաշվառումը, հաղորդումն իրականացվում է բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից՝ համաձայն դեպքի ստանդարտ բնորոշումների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի հուլիսի 17-ի թիվ 53-Ն հրամանի պահանջների։

4. Համաճարակային պարօտիտի կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի տենդ և նշվածներից առնվազն մեկը՝

1) հարականջային կամ այլ թքագեղձերի միակողմանի կամ երկկողմանի ցավոտ այտուցի հանկարծակի սկիզբ՝ առանց որևէ այլ ակնհայտ պատճառի.

2) ամորձաբորբ (օրխիտ).

3) ձվարանի բորբոքում (օօֆորիտ).

4) ասեպտիկ մենինգիտ.

5) էնցեֆալիտ.

6) մաստիտ.

7) ենթաստամոքսային գեղձի բորբոքում։

5. Համաճարակային պարօտիտի լաբորատոր չափանիշներ. (լաբորատոր ախտորոշիչ հետազոտման արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստումային կարգավիճակի) հետևյալներից առնվազն մեկը՝

1) համաճարակային պարօտիտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.

2) համաճարակային պարօտիտի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն ՊՇՌ մեթոդով.

3) համաճարակային պարօտիտի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ իմունոգլոբուլին Ջի հակամարմինների տիտրի նշանակալից աճ՝ զույգ շիճուկներում:

6. Համաճարակային պարօտիտի համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:

7. Դեպքի դասակարգում.

1) կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ,

2) հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ,

3) հաստատված դեպք՝

ա. յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին և վերջերս պատվաստված չի եղել,

բ. վերջերս պատվաստված լինելու դեպքում՝ յուրաքանչյուր անձ, ում մոտ հայտնաբերվել է համաճարակային պարօտիտի վիրուսի վայրի տիպի շտամ։

8. Համաճարակային պարօտիտի դեմ 6-45 օրվա ընթացքում պատվաստված անձի մոտ համաճարակային պարօտիտի վիրուսի լաբորատոր չափանիշների առկայությունը (համաճարակային պարօտիտի վիրուսի ՌՆԹ, համաճարակային պարօտիտի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ իմունոգլոբուլին Էմ և Ջի հակամարմիններ) չի համարվում համաճարակային պարօտիտի հաստատման լաբորատոր չափանիշ: Համաճարակային պարօտիտի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ իմունոգլոբուլին Ջի հակամարմինների տիտրի քառակի աճը՝ զույգ շիճուկներում համարվում է համաճարակային պարօտիտի հաստատման լաբորատոր չափանիշ:

9. Համաճարակային պարօտիտի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ իմունոգլոբուլին Էմ հակամարմինների հայտնաբերումը համարվում է համաճարակային պարօտիտի հաստատման աջակցող լաբորատոր չափանիշ:

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների (այսուհետ՝ պետական կազմակերպություն) միջոցով, իրականացվում է համաճարակային պարօտիտի համաճարակաբանական դիտարկում:

11. Համաճարակաբանական դիտարկման արդյունքում հավաքագրված տվյալների հիման վրա Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ պետական կազմակերպության միջոցով իրականացվում է՝

1) համաճարակային պարօտիտի դեպքերի վերլուծություն տարեկան առնվազն մեկ անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ համաճարակային իրավիճակից ելնելով,

2) համաճարակային իրավիճակի գնահատում՝՝ համաճարակային պարօտիտի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաճարակաբանական ցուցանիշների համեմատության միջոցով։

12. Նորմատիվի 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի արդյունքներով կարող են մշակվել և պետական մարմիններին, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հանրային առողջության ապահովման նպատակով ներկայացվել անհրաժեշտ առաջարկություններ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ առաջարկությունների հիման վրա կարող են ընդունվել «Հանրային առողջապահության մասին» օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված որոշումներ։

 

ԳԼՈՒԽ 3.

 

ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՐՕՏԻՏԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

13. Համաճարակային պարօտիտի դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող յուրաքանչյուր կասկածելի դեպք ենթակա է նմուշառման և համաճարակային պարօտիտի նկատմամբ լաբորատոր հետազոտության: Բերանի խոռոչից նմուշառումն իրականացվում է հիվանդության առաջին 3 օրերի ընթացքում, առավելագույնը՝ մինչև 5-րդ օրը։

14. Լաբորատոր հետազոտության համար համաճարակային պարօտիտի դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող յուրաքանչյուր կասկածելի դեպքի կենսաբանական նմուշների (արյուն, մեզ, բկանցքից քսուք) հաշվառումը, պահպանումը, տեղափոխումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 23-ի N 38-Ն հրամանի:

15. Բժշկական կազմակերպությունների ներսում կարող են կիրառվել բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված կենսաբանական նյութի նմուշների ուղեգրման ձևեր:

 

ԳԼՈՒԽ 4.

 

ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՐՕՏԻՏԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ), ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

16. Համաճարակային պարօտիտի կասկածելի կամ հաստատված բոլոր դեպքերի, բռնկումների, համաճարակների, համավարակների կամ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձությունների արձանագրման ժամանակ Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ պետական կազմակերպության միջոցով, իրականացվում է դեպքի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն)։

17. Համաճարակային պարօտիտի կասկածելի կամ հաստատված բոլոր դեպքերի համաճարակաբանական հետազոտությունն (հետախուզությունն) իրականացվում է համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցի։

18. Համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, բժշկական փաստաթղթերը տրամադրվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական անձանց (պացիենտ, վարակի կասկածով անձ, վարակակիր, կոնտակտավոր) կողմից` օրենքով սահմանված կարգով:

19. Համաճարակային պարօտիտի օջախ է համարվում վարակի աղբյուրի գտնվելու վայրը (պացիենտի բնակության վայրը, աշխատավայրը, ուսումնական հաստատությունները), ինչպես նաև այն կազմակերպությունները, որտեղ տեղի է ունեցել պացիենտի հավանական վարակումը (բժշկական կազմակերպություններ, հանրային սննդի, ժամանցի և այլ կազմակերպություններ) և այն տարածքը, որի սահմաններում վարակը կարող է փոխանցվել:

20. Հիվանդության օջախներում հակահամաճարակային միջոցառումներն (կասկածելի կամ հաստատված դեպքի բժշկական օգնություն, կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողություն, անհրաժեշտության դեպքում պատվաստումների իրականացում, լաբորատոր նմուշառում, բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ) իրականացվում են բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև առողջարանների, նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ավագ կամ միջին բուժաշխատողների կողմից:

 21. «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) կարող է իրականացվել հիվանդության օջախում:

22. Համաճարակաբանական դիտարկման արդյունքների վերլուծության, ինչպես նաև համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) արդյունքում Լիազոր մարմնի, այդ թվում՝ պետական կազմակերպությունների կողմից, կարող են մշակվել և ներկայացվել առաջարկություններ «Հանրային առողջապահության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև Նորմատիվի 4-րդ գլխով սահմանված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

23. Համաճարակային պարօտիտի կասկածելի կամ հաստատված դեպքերին` կլինիկական ընթացքի բարդությունից կախված, ցուցաբերվում է արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում, և նրանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն:

24. Համաճարակային պարօտիտի կասկածելի կամ հաստատված հոսպիտալացման ենթակա դեպքերը հոսպիտալացվում են մասնագիտացված (ինֆեկցիոն) հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական կազմակերպությունների ինֆեկցիոն բաժանմունքներում, կլինիկական ցուցումների դեպքում` ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այն բժշկական կազմակերպություններում, որտեղ չկան մեկուսարաններ, առանձնացվում է առանձին տարածք՝ կասկածելի կամ հաստատված դեպքերի համար, սահմանափակելով շփումն այլ անձանց հետ:

25. Համաճարակային պարօտիտի գաղտնի շրջանի տևողությունը միջինում 16-18 օր է, նվազագույնը՝ 12 օր, իսկ առավելագույնը՝ 25 օր:

26. Համաճարակային պարօտիտի հաստատված բոլոր դեպքերին թույլատրվում է հաճախել աշխատանքի վայր, հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական կազմակերպություն և այլ վայրեր` կլինիկական ախտանշանների առաջացումից սկսած 5 օր հետո, եթե ընդհանուր վիճակը բավարար է:

27. Համաճարակային պարօտիտի կոնտակտավոր համարվում է հաստատված դեպքի հետ վարակիչ փուլում՝ կլինիկական ախտանշանների ի հայտ գալուց 2 օր առաջ և 5 օր հետո, շփված անձը: Կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է ամենօրյա բժշկական հսկողություն համաճարակային պարօտիտի դեպքի հետ վերջին շփումից հետո 25 օր տևողությամբ` իրականացնելով ջերմաչափում և տեսանելի հարականջային և այլ թքագեղձերի զննում՝ տվյալները գրանցելով կառավարելի վարակիչ հիվանդությամբ պացիենտի կոնտակտավորների նկատմամբ հսկողության ձևաչափում՝ համաձայն Նորմատիվի Ձևի, բացառությամբ՝ մասնագիտացված (ինֆեկցիոն) հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունքում:

28. Ուսումնական հաստատություններում, երեխաների սոցիալական պաշտպանության հաստատություններում, բժշկական կազմակերպություններում, բացառությամբ մասնագիտացված (ինֆեկցիոն) հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունքի, համաճարակային պարօտիտի հաստատված դեպքի հայտնաբերման պահից 25 օրվա ընթացքում, կազմակերպվում և իրականացվում են հետևյալ կանխարգելիչ միջոցառումները.

1) դադարեցվում է նոր ընդունվող և ժամանակավորապես բացակայող համաճարակային պարօտիտով չհիվանդացած և չպատվաստված երեխաների ընդունումը այն կազմակերպություն, որտեղ գրանցվել է համաճարակային պարօտիտի դեպք,

2) կազմակերպությունում, որտեղ հայտնաբերվել են համաճարակային պարօտիտի դեպքեր, դադարեցվում է երեխաների մասնակցությունը զանգվածային միջոցառումներին, ինչպես նաև երեխաների տեղափոխումը խմբից խումբ կամ այլ կազմակերպություն,

3) լվացող կամ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ տարածքների խոնավ մաքրումը կազմակերպվում և իրականացվում է օրական երկու անգամ: Փափուկ խաղալիքները բացառվում են ամենօրյա օգտագործման համար, այլ նյութերից պատրաստված խաղալիքները յուրաքանչյուր օրվա վերջում ախտահանում են ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված կիրառման հրահանգներ,

4) իրականացվում է սովորողների, սաների, շահառուների և աշխատակիցների համաճարակային պարօտիտի դեմ պատվաստումային կարգավիճակի գնահատում և չպատվաստված ու թերի պատվաստված անձանց հայտնաբերում, իրազեկում պատվաստումների անհրաժեշտության մասին:

29. Բժշկական կազմակերպությունում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող վայրերում համաճարակային պարօտիտ կասկածելի կամ հաստատված դեպքով անձի խնամքը, օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների կիրառումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանի պահանջների:

 

ԳԼՈՒԽ 5.

 

ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՐՕՏԻՏԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ

 

30. Հայաստանի Հանրապետությունում համաճարակային պարօտիտի դեմ կանխարգելիչ պատվաստումները, այդ թվում նաև՝ լաբորատոր հաստատված համաճարակային պարօտիտով պացիենտի հետ անմիջական շփված, չպատվաստված կամ թերի պատվաստված կոնտակտավորների, կոնտակտավորի հետ շփված անձանց և բուժաշխատողների պատվաստումներն իրականացվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ իմունականխարգելման ազգային ծրագրի և Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները սահմանող՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի, տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի և Լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան հրամաններով հաստատված կիրառման ուղեցույցների:

 

Ձև

 

ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՐՕՏԻՏԻ ԴԵՊՔԻ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ*

 

Պացիենտի ազգանուն, անուն, հայրանուն _____________________________________

Բնակության վայրի հասցե __________________________________________________

Ախտորոշում ______________________________________________________________

Ախտորոշման հաստատման ամիս, ամսաթիվ, տարի ____________________________

 

Հ/Հ

Կոն-տակ-տավորի անուն, ազգա-նուն

Ծննդ-յան օր, ամիս, տարի

Բնա-կու-թյան հաս-ցե

Հեռ. հա-մար

Ամսաթիվ

                 

Ջերմու-թյուն**

Ախտա-նշան**

Ջերմու-թյուն**

Ախտա-նշան**

Ջերմու-թյուն**

Ախտա-նշան**

Ջերմու-թյուն**

Ախտա-նշան**

Ջերմու-թյուն**

Ախտա-նշան**

Ջերմու-թյուն**

Ախտա-նշան**

Ջերմու-թյուն**

Ախտա-նշան**

Ջերմու-թյուն**

Ախտա-նշան**

                                         
                                         
                                         

 

*Ձևաչափը լրացվում է թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:

**Այո՝ v

**Ոչ՝ x

Տվյալները լրացնող մասնագետի անուն, ազգանուն, հայրանուն, զբաղեցրած պաշտոն _____________________

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան