ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1502-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (25.10.2026-till now)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2026 թվականի N 1502-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.1. Նպատակային ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տնտեսավարող իրավունք ունի մեկ անգամ նպատակային ծրագրի շրջանակում գործող մեկ կամ մի քանի վարկային պարտավորությունները մեկ կամ մի քանի ֆինանսական կազմակերպություններից այլ ֆինանսական կազմակերպություն տեղափոխելու (վերաֆինանսավորելու)՝ հետևյալ պայմաններով՝

1) մի քանի վարկային պարտավորությունների տեղափոխումն իրականացվում է մեկ միասնական վերաֆինանսավորման գործընթացի շրջանակում։ Սույն կետով նախատեսված իրավունքն օգտագործված է համարվում նշված գործընթացի շրջանակում վարկային պարտավորություններից առնվազն մեկը տեղափոխելու պահից՝ անկախ տեղափոխվող վարկային պարտավորությունների և դրանք տրամադրած ֆինանսական կազմակերպությունների քանակից.

2) վարկային պարտավորության կամ պարտավորությունների տեղափոխման դեպքում յուրաքանչյուր տեղափոխվող վարկային պարտավորության մասով սուբսիդավորումը շարունակվում է տեղափոխման օրվա դրությամբ տվյալ վարկային պարտավորության նկատմամբ կիրառվող՝ նպատակային ծրագրով սահմանված սուբսիդավորման չափով և սուբսիդավորման մնացած ժամկետի սահմաններում՝ անկախ նոր վարկային պայմանագրով կամ պայմանագրերով սահմանված տոկոսադրույքից։ Վարկային պարտավորության տեղափոխումը չի կարող հանգեցնել սուբսիդավորման չափի ավելացման կամ սուբսիդավորման ընդհանուր ժամկետի երկարաձգման։ Նոր ֆինանսական կազմակերպության հետ կնքվող վարկային պայմանագրի գումարը կամ պայմանագրերի գումարների հանրագումարը չի կարող գերազանցել տեղափոխման օրվա դրությամբ տեղափոխվող վարկային պարտավորության մնացորդային մայր գումարը կամ տեղափոխվող վարկային պարտավորությունների մնացորդային մայր գումարների հանրագումարը։ Յուրաքանչյուր տեղափոխվող վարկային պարտավորության մասով վերաֆինանսավորման պահ է համարվում այն օրը, երբ նոր ֆինանսական կազմակերպության կողմից փոխանցված գումարի հաշվին սկզբնական ֆինանսական կազմակերպությունում մարվում է տվյալ վարկային պարտավորությունը.

3) վերաֆինանսավորման պահից նպատակային ծրագրից բխող բոլոր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված դեպքերում պետական բյուջե սուբսիդավորման գումարների վերադարձման պարտավորությունը, կրում է նոր ֆինանսական կազմակերպությունը՝ վերաֆինանսավորումից հետո կատարված խախտումների մասով։ Մինչև վերաֆինանսավորման պահը կատարված՝ նպատակային ծրագրի պայմանների խախտումների, այդ թվում՝ վերաֆինանսավորումից հետո հայտնաբերված կամ արձանագրված խախտումների հետևանքով առաջացած պարտավորությունները կրում է սկզբնական ֆինանսական կազմակերպությունը։».

2) 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.2. Սկզբնական ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են ապահովել տեղափոխվող վարկային պարտավորության կամ պարտավորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի, այդ թվում՝ վարկային պայմանագրերի և դրանց փոփոխությունների, պարտավորությունների մնացորդների, վճարումների պատմության, ապահովման միջոցների, տրամադրված պետական սուբսիդավորման և իրականացված մշտադիտարկման վերաբերյալ տվյալների տրամադրումը նոր ֆինանսական կազմակերպությանը։ Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը և փաստաթղթերը տրամադրվում են տնտեսավարողի համաձայնությամբ՝ նոր ֆինանսական կազմակերպության համապատասխան հարցումն ստանալու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային եղանակով, եթե ֆինանսական կազմակերպությունների միջև համաձայնությամբ այլ կարգ սահմանված չէ։ Վերաֆինանսավորումից հետո նպատակային ծրագրով նախատեսված տեղեկատվությունը և փաստաթղթերը լիազոր մարմնին և տեղեկատվություն ստանալու իրավասություն ունեցող այլ մարմիններին տրամադրում է նոր ֆինանսական կազմակերպությունը՝ ներառյալ մինչև վերաֆինանսավորումը ձևավորված և սկզբնական ֆինանսական կազմակերպությունների կողմից իրեն փոխանցված տեղեկատվությունն ու փաստաթղթերը։».

3) 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների գնում կամ ներմուծում, որոնք օգտագործվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում (այսուհետ՝ մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր)։ Ընդ որում, սույն նպատակային ծրագրի շրջանակներում ձեռք բերված մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում չեն կարող օտարվել, հանձնվել վարձակալության կամ որևէ այլ կերպ փոխանցվել երրորդ անձանց տիրապետմանը կամ օգտագործմանը, բացառությամբ՝

ա. նպատակային ծրագրով նախատեսված լիզինգի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզինգի առարկան լիզինգառուի տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնելու դեպքերի,

բ. սույն հավելվածի 15-րդ կետի աղյուսակով սահմանված N 77 (ԷՆ) «Վարձույթ և լիզինգ» դասակարգչով տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողի կողմից մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերն իր հիմնական գործունեության շրջանակներում վարձակալության կամ լիզինգի տրամադրելու դեպքերի։».

4) 5-րդ կետի 5-րդ ենթակետում «1-ին և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «1-ին կամ 4-րդ մասերով» բառերով.

5) 6-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ. սուբսիդավորում՝ մինչև 42 ամիս՝ բացառությամբ սույն ծրագրի 5-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքերի, որոնց համար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ժամկետը սահմանվում է մինչև 36 ամիս, իսկ էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների) և դրանց բաղկացուցիչ մասերի վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ժամկետը սահմանվում է մինչև 84 ամիս։».

6) 6-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

Վարկի/լիզինգի օգտագործման ուղղությունը

Սուբսիդավորվող մասի առավելագույն

գումար

5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցում կամ վերակառուցում, մեքենասարքավորումներ և դրանց

բաղկացուցիչ մասեր

1 մլրդ դրամ կամ համարժեք արտարժույթ վարկի/լիզինգի (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով)

Կապիտալ շինարարություն

Ձեռք բերված մեքենասարքավորումների

արժեքի 30%

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում: Արտադրողականության

խորհրդատվություն

400 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով)

».

 

7) 6-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10) «Զբոսաշրջության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ մասերով սահմանված հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման, կապիտալ շինարարության, բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման և արտադրողականության խորհրդատվության նպատակով տրամադրված վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը սկսվում է վարկի տրամադրման օրվանից».

8) 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Հայաստանի Հանրապետության դրամով վարկի/լիզինգի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝

 

Նպատակը

Սուբսիդավորման

չափը

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ

6%

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ

8%

Կապիտալ շինարարության վարկ

6%

Կապիտալ շինարարության լիզինգ

8%

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման վարկ։ Արտադրողականության խորհրդատվության վարկ

6%

Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի) հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով տրամադրվող վարկ

8%

Էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ) և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ (միայն այն դեպքում, երբ դրանք կկիրառվեն բացառապես արևային/ֆոտովոլտային կայանների կամ արևային պանելների կողմից արտադրված էլեկտրական էներգիան կուտակելու համար)

8%

Էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ) և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ (միայն այն դեպքում, երբ դրանք կկիրառվեն բացառապես արևային/ֆոտովոլտային կայանների կամ արևային պանելների կողմից արտադրված էլեկտրական էներգիան կուտակելու համար)

10%

 

10. Արտարժույթով վարկի/լիզինգի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝

 

Նպատակը

Սուբսիդավորման

չափը

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ

4 %

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ

6 %

Կապիտալ շինարարության վարկ

4 %

Կապիտալ շինարարության լիզինգ

6 %

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման վարկ։ Արտադրողականության խորհրդատվության վարկ

4 %

Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի) հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով տրամադրվող վարկ

6 %

Էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ) և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ (միայն այն դեպքում, երբ դրանք կկիրառվեն բացառապես արևային/ֆոտովոլտային կայանների կամ արևային պանելների կողմից արտադրված էլեկտրական էներգիան կուտակելու համար:)

6 %

Էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ) և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ (միայն այն դեպքում, երբ դրանք կկիրառվեն բացառապես արևային/ֆոտովոլտային կայանների կամ արևային պանելների կողմից արտադրված էլեկտրական էներգիան կուտակելու համար:)

8%

».

 

9) 15-րդ կետի աղյուսակում «D (ԴԻ) «ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» (բացառությամբ 35.11.5 «Էլեկտրաէներգիայի արտադրություն արևային էլեկտրակայաններում»)» բառերը փոխարինել «D (ԴԻ) «ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» բառերով.

10) 15-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ընդ որում, սույն նպատակային ծրագրի իմաստով ֆինանսավորման ենթակա տնտեսական գործունեություն է համարվում սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի այն տեսակը, որի շրջանակներում տնտեսավարողը դիմել է ֆինանսավորման համար և որը պարտավոր է փաստացի իրականացնել սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում։ Նպատակային ծրագրի շրջանակներում ձեռք բերված մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում ենթակա են օգտագործման բացառապես ֆինանսավորման հայտում նշված տնտեսական գործունեության տեսակի և սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված օգտագործման նպատակի շրջանակներում:».

11) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«19. Սույն նպատակային ծրագրի իմաստով մեքենասարքավորումներ են համարվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 80 որոշմամբ հաստատված ապրանքների անվանացանկի 84-94 խմբերում ներառված ապրանքները՝ բացառությամբ 8432, 8433, 8436, 8703, 8711-8715 և 9004 ծածկագրերում, ինչպես նաև 91-92 խմբերում ներառված ապրանքների։ Սույն ծրագրի շրջանակներում ֆինանսավորման ենթակա չեն արևային կամ ֆոտովոլտային կայանների կառուցման, վերակառուցման, արդիականացման, ընդլայնման կամ հզորության ավելացման նպատակով ձեռք բերվող, ինչպես նաև այդ կայանների կազմի մեջ մտնող կամ դրանց տեխնոլոգիական գործընթացն ապահովող մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը, այդ թվում՝ արևային պանելները, ինվերտորները, փոխակերպիչները, կառավարման, բաշխման, պաշտպանական և հաշվառման սարքավորումները, մալուխները, ամրակցման համակարգերը և համապատասխան տեխնոլոգիական համալիրի այլ բաղադրիչները՝ անկախ դրանց ԱՏԳ ԱԱ ծածկագրից և առանձին կամ միասնական համակարգի կազմում ձեռք բերվելու հանգամանքից։ Ընդ որում, մեքենասարքավորումների բաղկացուցիչ մասերի ծածկագրերը կարող են ներառված չլինել սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված խմբերում, եթե արտադրողի տեխնիկական փաստաթղթերի՝ անձնագրի կամ կոմպլեկտացիայի ցանկի համաձայն՝ դրանք նախատեսված են տվյալ մեքենասարքավորման հավաքակցման, գործարկման կամ բնականոն շահագործման համար։

Սույն նպատակային ծրագրի 9-րդ և 10-րդ կետերով էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների) համար սահմանված սուբսիդավորման պայմանները կիրառվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8507 ապրանքային դիրքում ներառված էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների), ինչպես նաև դրանց՝ սույն կետի երրորդ պարբերության պահանջներին համապատասխանող բաղկացուցիչ մասերի նկատմամբ՝ պայմանով, որ դրանք օգտագործվելու են բացառապես արևային կամ ֆոտովոլտային կայաններից կամ արևային պանելներից արտադրված էլեկտրաէներգիայի կուտակման նպատակով։».

12) 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետով՝

«21.1. Սույն նպատակային ծրագրի շրջանակներում լիազոր մարմնին տրամադրված՝ տնտեսավարողների և նրանց տրամադրված վարկերի/լիզինգի վերաբերյալ տեղեկատվությունը, ներառյալ՝ առևտրային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները, լիազոր մարմնի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը՝ վերջինիս համապատասխան պահանջի հիման վրա, օրենքով վերջինիս վերապահված լիազորությունների իրականացման նպատակով։ Տրամադրված տեղեկատվությունը ենթակա է օգտագործման բացառապես նշված նպատակով՝ դրա գաղտնիության ռեժիմի պահպանմամբ։ Սույն մասով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը տրամադրվում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ տնտեսավարողի գրավոր թույլտվության հիման վրա։ Գրավոր թույլտվությամբ պետք է նախատեսված լինեն տրամադրման ենթակա տեղեկությունների շրջանակը, դրանք ստացող մարմինները և լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը փոխանցելու իրավասությունը։ Նշված գրավոր թույլտվության տրամադրումը նպատակային ծրագրին մասնակցության պարտադիր պայման է և ամրագրվում է տնտեսավարողի ու ֆինանսական կազմակերպության միջև կնքվող պայմանագրում։ Սույն կետով նախատեսված տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես այն պահանջելու նպատակով՝ օրենքով սահմանված գաղտնիության ռեժիմի պահպանմամբ՝ կազմակերպության միջև կնքվող պայմանագրում։».

13) 22-րդ կետի առաջին պարբերությունից հանել «/լիզինգ» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ կնքված պայմանագրերի շրջանակում տրամադրված, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից հաստատված, սակայն դեռևս չտրամադրված վարկերի և լիզինգների սպասարկումն իրականացվում է դրանց հաստատման պահին գործող պայմաններով և կարգավորումներով, իսկ այդ ժամանակահատվածում ներկայացված, սակայն որոշումն ուժի մեջ մտնելու պահին դեռևս չհաստատված հայտերի նկատմամբ կիրառվում են սույն որոշմամբ սահմանված դրույթները։

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված, սակայն սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին դեռևս չհաստատված հայտերի նկատմամբ կիրառվում են սույն որոշմամբ սահմանված դրույթները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան