ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2026 թվականի N 984-Ն
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ), ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման չափորոշիչները (այդ թվում՝ զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության գործառույթներին, կառուցվածքին վերաբերող նվազագույն պահանջները)՝ համաձայն N 2 հավելվածի.
3) զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման վկայականի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման վկայականի ժամկետը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման վկայականի տրամադրման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման դադարման հիմքերը՝ համաձայն N 6 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 984-Ն որոշման |
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
1) դիմող՝ իրավաբանական անձ, որը որպես «Զբոսաշրջության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով նախատեսված զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություն որակավորվելու համար սույն որոշմամբ սահմանված կարգով դիմել է Զբոսաշրջության կոմիտե.
2) Կոմիտե՝ «Զբոսաշրջության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված զբոսաշրջության բնագավառում լիազորություններ կրող իրավասու պետական մարմին.
3) գրասենյակ՝ սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքով օգտագործվող տարածք, որն օգտագործվում է կամ նախատեսվում է օգտագործել որպես զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության գործունեության վայր.
4) հանձնաժողով` Կոմիտեի կողմից սահմանված կազմով ստեղծվող կոլեգիալ մարմին, որը սույն հավելվածով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ որակավորում է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություններին։
2. Սույն հավելվածում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Զբոսաշրջության մասին» օրենքում սահմանված հասկացությունների իմաստը։
2. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3. Դիմողն էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի stc@mineconomy.am կամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին կամ Կոմիտեի պաշտոնական կայքում գործող հարթակի միջոցով է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը՝
1) հայտ, որն առնվազն պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
ա. դիմողի ֆիրմային անվանումը և կազմակերպաիրավական ձևը,
բ. դիմողի պետական գրանցման համարը,
գ. նշում, որ հայտը ներկայացվում է որպես զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություն որակավորվելու համար,
դ. դիմելու պահին նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում դիմողի իրականացրած գործառույթների մանրամասն նկարագրությունը՝ ներկայացնելով իրականացված ծրագրերը, այդ ծրագրերի բյուջեն, ներգրավված շահառուների քանակը և կցելով գործառույթների իրականացման արդյունքում առկա լուսանկարները, տեսահոլովակները կամ հղումները և յուրաքանչյուր առանձին գործառույթի համար նշելով, թե դրանք սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված որ բնագավառներին են վերաբերելի,
ե. նշում այն մասին, թե որ վարչական միավորի կամ դրանց համախմբի վարչական սահմաններում է ցանկանում իրականացնել զբոսաշրջային կենտրոնի կառավարում,
զ. հայտարարություն, թե որ մակարդակում է ցանկանում իրականացնել զբոսաշրջային կենտրոնի կառավարում,
է. դիմողի համաձայնությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից՝ դիմողի մասին տեղեկություններ ստանալու մասին,
ը. դիմողի դեմ ներկայացված հայցերով ընթացքի մեջ գտնվող դատական գործերի ցանկը՝ նշելով յուրաքանչյուր դատական գործի համարը (առկայության դեպքում) կամ նշում, որ դիմողի դեմ հայցեր առկա չեն,
թ. հայտարարություն, որ դիմողը պատրաստ է ստանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված զբոսաշրջային կենտրոնի կառավարումը և դրա կառավարման պլանի իրագործումը կամ մասնակցել զբոսաշրջային կենտրոնի կառավարման համար սահմանվող մրցույթին,
ժ. սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 11-12-րդ կետերին համապատասխան գործառույթների նկարագրություն և հաստատում, որ դիմողը չի իրականացնում զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գործունեություն,
ժա. էլեկտրոնային փոստի հասցե՝ հետադարձ ծանուցման ապահովման համար,
ժբ. հայտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը,
ժգ. այլ փաստաթղթեր և տեղեկություններ՝ նշելով, թե դրանցից յուրաքանչյուրը սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի որ չափորոշչին համապատասխանությունը ստուգելու համար է ներկայացվում,
ժդ. հայտին կցվող փաստաթղթերի ցանկը.
2) գործադիր մարմնի ղեկավարի՝
ա. անձը հաստատող փաստաթուղթը,
բ. սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջին համապատասխանությունը հաստատող դիպլոմի պատճենը կամ մասնագիտական փորձը հավաստող համապատասխան փաստաթղթերը,
գ. գրավոր հաստատում այն մասին, որ գործադիր մարմնի ղեկավարը բավարարում է սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջը,
դ. համաձայնությունը պետական մարմիններից ստանալու սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հանցագործությունների համար դատապարտված չլինելու կամ դատվածություն կամ այդ հանցագործությունների կատարման համար մեղադրյալի կարգավիճակ չունենալու փաստը հաստատող տեղեկատվություն.
3) ֆինանսական կայունությունը հաստատող հետևյալ տեղեկությունները՝
ա. դիմելու պահին նախորդող 12 ամսվա համար բանկային հաշվից քաղվածք, իսկ մեկից ավելի բանկային հաշիվ ունենալու դեպքում՝ առկա բանկային բոլոր հաշիվներից քաղվածք,
բ. այլ աղբյուրներից եկամուտները ստանալու մասին ապացույցներ (այդ թվում՝ պայմանագրեր, համաձայնագրեր).
4) գրասենյակի նկատմամբ իր օգտագործման, վարձակալության կամ սեփականության իրավահաստատող փաստաթղթեր։
4. Օտար լեզվով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում միաժամանակ ներկայացվում է օրենքով սահմանված նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը։
5. Դիմողի կողմից կազմված փաստաթղթերը ստորագրում է դիմողի գործադիր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորված անձը։
6. Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացվում են տեսաներածված պատճենի` համապատասխան ֆորմատի ֆայլի տեսքով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX)։
3. ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
7. Դիմողի ներկայացրած փաստաթղթերի և տեղեկատվության համապատասխանությունը սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածով սահմանված չափորոշիչներին ստուգվում է ներկայացված փաստաթղթերի և դրանցում պարունակվող տեղեկությունների հիման վրա՝ ստուգելով դրանց վավերականությունը, ամբողջականությունը և իսկությունը։
8. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները Կոմիտե ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն դիմողի հայտում նշված էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին ծանուցում է ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա թերությունների մասին և առաջարկում ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները։
9. Սույն hավելվածի 8-րդ կետի հիման վրա Կոմիտեի առաջարկած թերությունները շտկելուց հետո ներկայացված հայտը համարվում է ընդունված հայտի սկզբնական ներկայացման օրը։
10. Սույն hավելվածի 8-րդ կետի հիման վրա Կոմիտեի առաջարկած թերությունները չշտկելու դեպքում դիմողի հայտը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվում սկզբնական հայտին կից ներկայացված փաստաթղթերով և տեղեկություններով։
11.Կոմիտեի նախագահը կարող է դիմել պետական մարմիններին՝ դիմողի և դիմողի գործադիր մարմնի ղեկավարի կողմից սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 4-րդ կետի 1-2-րդ ենթակետերով, 5-րդ կետի 3-րդ ենթակետով, 7-րդ կետով նախատեսված տեղեկությունների իսկությունը ստուգելու համար։
12. Կազմակերպակառուցվածքային չափորոշչին համապատասխանությունը ստուգվում է՝
1) սույն որոշմամբ սահմանված N 2 hավելվածի 4-րդ կետի 1-2 ենթակետերով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից արտահանված քաղվածքի առկայությամբ և դրանում ներառված տեղեկատվությամբ.
2) սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 4-րդ կետի 3-4-րդ ենթակետերով` հանձնաժողովի կողմից դիմողի ներկայացրած տեղեկությունների և փաստաթղթերի ուսումնասիրությամբ և դրանց վերաբերյալ քննարկումների միջոցով։
13. Սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 4-րդ կետի 1-2-րդ ենթակետերով սահմանված պահանջները համարվում են բավարարված, եթե՝
1) դիմելու պահին նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում դիմողը գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում որպես իրավաբանական անձ.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում դիմողի լուծարման կամ սնանկության մասին գրառումները բացակայում են։
14. Սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանությունը ստուգում է հանձնաժողովը՝ քննարկման արդյունքներով որոշում կայացնելով։
15. Սույն որոշմամբ սահմանված N 2 hավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված չափորոշիչները համարվում են բավարարված, եթե հանձնաժողովը, վերլուծելով սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված տեղեկությունները, տալիս է եզրակացություն, որ տեղեկությունները վերաբերելի են N 2 hավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված բնագավառներում գործունեությանը։
16. Կառավարչական չափորոշչին համապատասխանությունը համարվում է բավարարված, եթե`
1) ներկայացվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 5-րդ կետի 1-2-րդ ենթակետերին համապատասխանությունը.
2) դիմողի գործադիր մարմնի ղեկավարը չունի դատվածություն կամ մեղադրյալի կարգավիճակ տնտեսական հանցագործությունների համար։
17. Ֆինանսական կայունության չափորոշչին համապատասխանությունը համարվում է բավարարված, եթե դիմողը՝
1) նախորդ օրացուցային տարվա ընթացքում ունի նվազագույն աշխատավարձի քսանապատիկից ոչ նվազ եկամուտ.
2) չունի ժամկետանց հարկային պարտավորություններ.
3) ներկայացրել է ֆինանսական հաշվետվություններ, որոնք վկայում են բավարար ֆինանսական միջոցների առկայության մասին։
18.Ներառականության և ներկայացվածության չափորոշչին համապատասխանությունը համարվում է բավարարված, եթե դիմողն ունի առնվազն մեկ գրասենյակ այն վարչական միավորի կամ դրանց համախմբի վարչական սահմաններում, որտեղ ծրագրում է իրականացնել զբոսաշրջային կենտրոնի կառավարման գործունեություն։
19. Կառավարման և թափանցիկության չափորոշչին համապատասխանությունը ստուգվում է սույն որոշմամբ սահմանված N 2 hավելվածի 8-րդ կետի 1-3-րդ ենթակետերով՝ հանձնաժողովի որոշման հիման վրա։
20. Կայունության չափորոշչին համապատասխանությունը համարվում է բավարարված կայունության չափանիշին համապատասխանության վերաբերյալ հանձնաժողովի որոշմամբ։
21. Գործառույթներին համապատասխանությունը ստուգում է Կոմիտեն՝ զբոսաշրջային կենտրոնը կառավարելու համար զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության ընտրության մրցույթին արդյունքների ամփոփման ժամանակ՝ դիմողի ներկայացրած` սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ժ» պարբերությամբ սահմանված տեղեկությունների հիման վրա։
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
22. Հանձնաժողովը ոչ մշտական հիմունքներով գործող մարմին է։
23. Հանձնաժողովի անդրանիկ կազմը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 3 ամսվա ընթացքում։ Հրամանում նշվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի նշանակման ժամկետը։
24. Հանձնաժողովի անդամի նշանակման ժամկետը չի կարող գերազանցել 2 տարին, բացառությամբ Կոմիտեի նախագահի կամ նրան ի պաշտոնե փոխարինող անձի կամ Կոմիտեի աշխատողների, ում համար նշանակման ժամկետի սահմանափակում չի կիրառվում։
25. Հանձնաժողովի կազմի, անդամների նշանակման ժամկետի վերաբերյալ փոփոխությունները հաստատվում են Կոմիտեի նախագահի հրամանով։ Կոմիտեի նախագահի պարտականությունն է ապահովել, որ հանձնաժողովը մշտապես համալրված լինի սույն hավելվածով նախատեսված քանակի անդամներով։
26. Հանձնաժողովը բաղկացած է 9 անդամից, որից՝
1) Կոմիտեի 3 աշխատող.
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց հասարակական միավորումների ղեկավար կազմից՝ 1 անդամ.
3) զբոսաշրջության բնագավառում գիտական կոչում ունեցող կամ առնվազն 5 տարվա դասավանդման փորձ ունեցող 1 մասնագետ.
4) մարկետինգի ոլորտի 1 մասնագետ.
5) զբոսաշրջության բնագավառում աշխատանքային կամ քաղաքացիական պայմանագրով գործունեություն ծավալող 1 մասնագետ.
6) համապատասխան մարզպետների աշխատակազմից 1 ներկայացուցիչ՝ հաշվի առնելով՝ որ մարզում կամ համայնքում է նախատեսում զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության գործունեություն իրականացնել դիմողը (համաձայնությամբ, ոչ մշտական, յուրաքանչյուր դիմումի համար ներգրավվող անդամ).
7) 1 իրավաբան (համաձայնությամբ)։
27. Կոմիտեի նախագահը կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարը ղեկավարում է հանձնաժողովի նիստերը։
28. Հանձնաժողովը ստուգում է դիմողի ներկայացրած գրավոր փաստաթղթերը և այդ փաստաթղթերի հիման վրա գնահատում դիմողի համապատասխանությունը սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածով նախատեսված որակավորման չափորոշիչներին։
29. Հանձնաժողովի նախագահը՝
1) նիստի սկզբում պարզում է նիստի իրավազորությունը.
2) հանձնաժողովի նիստին հրավիրված հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձանց տեղեկացնում է նիստում քննարկվող հարցերի ու այլ տեղեկությունների հրապարակման ենթակա չլինելու մասին.
3) հայտարարում է հանձնաժողովի նիստը հետաձգելու կամ ընդմիջելու մասին.
4) հանձնաժողովի անդամների համար ընթերցում է նիստի օրակարգը.
5) ձայն է տալիս ելույթի և հանձնաժողովի նիստի օրակարգից հանում է ոչ վերաբերելի հարցերը կամ դադարեցնում է հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի էությանը ոչ վերաբերելի ելույթները.
6) հայտարարում է քվեարկության անցկացման մասին.
7) հայտարարում է հանձնաժողովի օրակարգում ներառված յուրաքանչյուր հարցով որոշումը հրապարակելու ժամանակի և վայրի մասին.
8) հայտարարում է հանձնաժողովի նիստի ավարտի մասին.
9) հանձնաժողովի բնականոն աշխատանքներն ապահովելու համար իրականացնում է այլ գործառույթներ:
30. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստեր հրավիրելու միջոցով։
31.Հանձնաժողովի նիստ անցկացվում է, եթե առկա է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություն որակավորվելու համար առնվազն մեկ դիմում։
32. Հանձնաժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը։
33. Հանձնաժողովի նիստերին մասնակցում է Կոմիտեի նախագահի կողմից նշանակված նիստերի քարտուղարը, որի գործառույթն է՝
1) հանձնաժողովի նիստի օրակարգի, օրվա և ժամի, ինչպես նաև դիմողի ներկայացրած փաստաթղթերի և քննարկվող նյութերի մասին էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնել հանձնաժողովի անդամներին.
2) կազմել հանձնաժողովի արձանագրությունը։
34. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ, չունի քվեարկելու իրավունք և չի կարող կարծիք արտահայտել օրակարգի հարցի վերաբերյալ բովանդակային քննարկումներին։
35. Հանձնաժողովի անդամների առաջարկությունները ներառվում են հանձնաժողովի արձանագրության մեջ միայն նրանց գիտությամբ և համաձայնությամբ։
36. Հանձնաժողովը որոշումը կայացնում է «մեկ անձին մեկ ձայն» սկզբունքով քվեարկությամբ՝ կողմ կամ դեմ քվեարկելով։ Քվեարկության արդյունքների հաշվարկն իրականացվում է հանձնաժողովի կողմից հանձնաժողովի նիստի ընթացքում, քվեարկության ավարտից անմիջապես հետո։ Քվեարկության արդյունքներն ամփոփվում են արձանագրությամբ, որը կազմվում և ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից և ներառում է քվեարկության արդյունքների վերաբերյալ ամբողջական տվյալներ։ Արձանագրության մեջ ներառվում է ձայների կողմ և դեմ քանակը։
37. Դիմողին տրամադրվում է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության որակավորում, եթե նման որոշմանը կողմ է քվեարկել առնվազն նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների երկու երրորդը։
38. Հանձնաժողովի անդամների միջև քննարկումները համառոտ ներառվում են հանձնաժողովի արձանագրության մեջ, որը ստորագրում են նիստին ներկա և քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի բոլոր անդամները:
39. Դիմողն իրավունք ունի Կոմիտեից ստանալ արձանագրությունից քաղվածք, որը կպարունակի արձանագրությունում ներառված իրեն վերաբերելի հատվածը՝ ներառելով միայն հանձնաժողովի ընդունած որոշումը և քվեարկության ընդհանուր արդյունքները։
40. Հանձնաժողովի անդամը մինչև դիմումների գնահատման գործընթացին մասնակցելը ներկայացնում է շահերի բախման բացակայության վերաբերյալ գրավոր հայտարարություն։ Հանձնաժողովի նիստի հրավիրման, վարման, քվեարկության կազմակերպման, հարցազրույցի գնահատման ուղենիշները, շահերի բախմամբ պայմանավորված քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու կարգը սահմանվում են Կոմիտեի նախագահի հրամանով։
41.Հանձնաժողովի որոշումները կայացվում են դիմողի ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա։ Դիմողի ներկայացրած փաստաթղթերում և տեղեկություններում թերությունների և ոչ արժանահավատ տվյալների բացակայության դեպքում այդ չափորոշիչներին համապատասխանությունը համարվում է բավարարված, բացառությամբ սույն որոշմամբ սահմանված N 2 hավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պահանջի։
42. Սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պահանջին համապատասխանությունը որոշվում է հանձնաժողովի նիստում բանավոր քննարկման միջոցով՝ հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ։
43. Սույն հավելվածով սահմանված դեպքերում հանձնաժողովի կողմից կայացվող որոշումը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կայացվում է հանձնաժողովի օրակարգում ընդգրկված տվյալ հարցի քննարկումից անմիջապես հետո։
44. Հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) դիմողին տրամադրել զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության որակավորման վկայական.
2) մերժել դիմողին զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության որակավորման վկայականի տրամադրումը։
45. Հանձնաժողովի որոշման հիման վրա Կոմիտեի նախագահը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ հրամաններից մեկը՝
1) դիմողին տրամադրել զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության որակավորման վկայական.
2) մերժել դիմողին զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության որակավորման վկայականի տրամադրումը։
46․ Դիմողը կարող է բողոքարկել Կոմիտեի նախագահի հրամանը՝ դրա մասին ծանուցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային փոստի միջոցով կամ թղթային գրավոր դիմում ներկայացնելով Կոմիտեի նախագահին:
47. Գրավոր բողոքը քննության առնելիս Կոմիտեն, ըստ անհրաժեշտության, կարող է կազմակերպել հանձնաժողովի արտահերթ նիստ՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով նաև համապատասխան մասնագետի։
48. Գրավոր բողոքը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:
49. Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության որակավորման վկայականի տրամադրումը մերժվում է, եթե՝
1) դիմողը չի համապատասխանում սույն որոշման N 2 հավելվածով սահմանված որակավորման չափորոշիչներին.
2) ներկայացված փաստաթղթերում առկա են կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ.
3) դիմողի կողմից չեն ներկայացվել սույն հավելվածով պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ փաստաթղթերում առկա թերությունները սահմանված ժամկետում չեն շտկվել։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 984-Ն որոշման |
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածում օգտագործվող հասկացություններն ունեն «Զբոսաշրջության մասին» օրենքում և սույն որոշմամբ սահմանված N 1 հավելվածով սահմանված հասկացությունների իմաստը։
2. Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման նպատակներն են՝
1) զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլան իրագործելու կարողություն ունեցող դիմողների նույնականացումը.
2) զբոսաշրջային կենտրոնի կառավարումը որակավորված կազմակերպությունների միջոցով կառավարումը.
3) զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների՝ զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությանը համահունչ գործունեության խթանումը, որոնք տեղական կամ մարզային մակարդակներում կօգնեն Կոմիտեին իրագործել զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականությունը.
4) զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց համար արդարացի, հավասար և անխոչընդոտ հասանելիության ապահովումը զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության գործունեությանը և դրանց ստեղծած զբոսաշրջային արդյունքին.
5) հանրային միջոցների արդյունավետ օգտագործմամբ շոշափելի և եկամտաբեր զբոսաշրջային արդյունք ապահովելը՝ բարձրացնելով զբոսաշրջության զարգացման համար տրամադրվող հանրային միջոցների օգտագործմանը և զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի թիրախային ու հասցեական ֆինանսավորման արդյունավետությունը, ինչպես նաև բացառելով նույնանման գաղափարների կամ ծրագրերի ֆինանսավորման կրկնությունը.
6) զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների միջոցով միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովումը՝ արդյունավետ և համակարգված կերպով այդ ցուցահանդեսներին ներկայացնելով հայկական զբոսաշրջային արդյունքը «Հայաստան՝ թաքնված ուղի» (Armenia: The Hidden Track) բրենդի ներքո.
7) զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության կարգավիճակ ունեցող այնպիսի կայացած կառույցների ձևավորումը, որոնք կարող են Հայաստանի Հանրապետության կողմից որակավորված լինելու փաստի ուժով իրենց նկատմամբ ձևավորված վստահության բարձր մակարդակի հիման վրա հանրությունից, անհատներից, արտաքին և ներքին ֆինանսավորողներից, այդ թվում՝ պետական դրամաշնորհների շրջանակում կամ միջազգային կառույցներից ներգրավել դրամական միջոցներ և այլ ռեսուրսներ՝ ուղղված զբոսաշրջության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, համայնքային եկամուտների ավելացմանը, ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավմանը, պատմամշակութային և բնության հուշարձանների պահպանությանը.
8) Հայաստանի Հանրապետությունում որպես զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություն որակավորված լինելու փաստի ուժով Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության կազմակերպության (UN TOURISM) ծրագրերին մասնակցելու հնարավորության ապահովումը.
9) զբոսաշրջային կենտրոնի՝ որպես միասնական, մրցունակ և կայուն զբոսաշրջային համակարգի գոյության ապահովմանը նպաստելը.
10) զբոսաշրջային կենտրոնի տարածքում մատուցվող զբոսաշրջային ծառայությունների որակի հետևողական բարելավումը։
2. ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
3. Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման չափորոշիչներն են՝
1) կազմակերպակառուցվածքային.
2) կառավարչական.
3) ֆինանսական կայունության.
4) ներառականության և ներկայացվածության.
5) կառավարման և թափանցիկության.
6) կայունության.
7) գործառութային։
3. ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
4. Կազմակերպակառուցվածքային չափորոշչին համապատասխանությունը հաստատելու համար դիմողը պետք է՝
1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինի որպես իրավաբանական անձ.
2) չգտնվի լուծարման գործընթացում կամ սնանկ ճանաչված չլինի.
3) իր կանոնադրությամբ՝
ա. սահմանափակված չլինի իրականացնելու զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության գործառույթներ,
բ. չհետապնդի այնպիսի նպատակներ, որոնք անհամատեղելի լինեն Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներով նախատեսված կայուն զբոսաշրջության սկզբունքների կամ «Զբոսաշրջության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված զբոսաշրջային զարգացման ռազմավարության հետ,
գ. չունենա զբոսաշրջային ծառայություններ մատուցելու իրավասություն.
4) ունենա առնվազն 2 տարվա գործունեության փորձ հետևյալ բնագավառներից առնվազն մեկում՝
ա. զբոսաշրջության զարգացում կամ առաջխաղացում,
բ. մարզային կամ համայնքային զարգացում,
գ. մարկետինգ և հաղորդակցություն,
դ. միջոցառումների, փառատոների կազմակերպում կամ շահառուների կոորդինացիա (stakeholder coordination),
ե. մարդակային ռեսուրսների կառավարում և զարգացում։
5. Կառավարչական չափորոշչին համապատասխանելու համար դիմողի գործադիր մարմնի ղեկավարը կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարը պետք է՝
1) ունենա զբոսաշրջության կամ հյուրընկալության կառավարման բնագավառի կամ բիզնեսի կառավարման (MBA), քաղաքային կամ ռեգիոնալ զարգացման կամ տնտեսագիտության, հանրային կառավարման կամ մարկետինգի բնագավառում մագիստրոսի որակավորում, իսկ մագիստրոսի որակավորման բացակայության դեպքում՝ զբոսաշրջության, զբոսաշրջային կենտրոնի կառավարման կամ ռեգիոնալ կոորդինացիայի բնագավառում որակավորված մասնագետի կամ բակալավրի կրթություն և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ ծառայությունների մատուցման փորձ.
2) չկատարի զբոսավարի կամ ուղեկցորդի գործառույթներ կամ չզբաղեցնի զբոսաշրջային ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի կամ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները կատարող անձի կամ այդ գործառույթները պատվիրակված լինելու դեպքում՝ պատվիրակված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները կատարող պաշտոն կամ չկատարի նման գործառույթներ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա.
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված տնտեսական հանցագործությունների համար Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա դատապարտված չլինի կամ չունենա դատվածություն կամ մեղադրյալի կարգավիճակ այդ հանցագործությունների կատարման համար։
6. Ֆինանսական կայունության չափորոշչին համապատասխանելու համար դիմողի եկամուտը դիմելու պահին նախորդող օրացուցային տարվա համար պետք է լինի առնվազն նվազագույն աշխատավարձի քսանապատիկը։
7. Ներառականության և ներկայացվածության չափորոշչին համապատասխանելու համար դիմողը պետք է ունենա գրասենյակ այն վարչական միավորի կամ դրանց համախմբի վարչական սահմաններում, որտեղ ծրագրում է իրականացնել զբոսաշրջային կենտրոնի կառավարման գործունեություն։
8. Կառավարման և թափանցիկության չափորոշչին համապատասխանելու համար դիմողը պետք է՝
1) իր գործունեությունն իրականացնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի հուլիսի 30-ի N 1955-Ն հրամանով նախատեսված սկզբունքներին համապատասխան.
2) ունենա տնօրենների խորհուրդ կամ համալրված անդամներով խորհրդատվական կոմիտե, որը գործադիր մարմնի հետ չի գտնվում վարչակառավարչական ենթակայության մեջ և որը տալիս է գրավոր խորհրդատվական եզրակացություններ զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլանում ներառված ծրագրերի, զբոսաշրջային կենտրոնի զարգացման, կառավարման արդյունավետության և սպասվող ազդեցության վերաբերյալ՝ հիմնավորված մասնագիտական գնահատմամբ.
3) ունենա էթիկայի կանոններ, որն առնվազն՝
ա. կարգելի դիմողին իրականացնելու զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գործառույթներ,
բ. կարգելի առավելություն տրամադրել մեկ սուբյեկտին մյուսի նկատմամբ, բացառությամբ, եթե հիմնված է արդար, հավասար մրցակցային հիմունքներով կազմակերպված ընտրության վրա, եթե տվյալ գործառույթի իրականացումը կամ ծառայության մատուցումը հնարավոր չէր կազմակերպել մեկից ավելի անձանց միջոցով,
գ. կնախատեսի միջոցառումներ՝ ուղղված զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց հետ իր կառավարման մարմինների անդամների, նրանց ընտանիքի անդամների շահերի բախման կանխարգելմանը կամ շահերի բախման վերացմանը.
4) իր գործունեությունն իրականացնի թափանցիկ հիմունքներով և հաշվետվողական կառավարման մոդելով։
9. Կայունության չափորոշչին համապատասխանելու համար դիմողի գործունեությունը պետք է բխի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակված զբոսաշրջության ռազմավարությունից և համատեղելի լինի Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներով (the Sustainable Development Goals (SDGs) սահմանված կայուն զբոսաշրջության սկզբունքների հետ։
10. Գործառութային չափորոշչին համապատասխանությունը որոշվում է իրականացման ենթակա գործառույթների բովանդակությունից, որոնք կարող են լինել՝
1) տեղական մակարդակում իրականացվող գործառույթներ.
2) մարզային մակարդակում իրականացվող գործառույթներ։
11. Տեղական մակարդակում զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության գործառույթների իրականացումը սահմանափակվում է զբոսաշրջային կենտրոնով կամ զբոսաշրջային գյուղով և հանգում է հետևյալին.
1) զբոսաշրջային արդյունքի մշակում, ներառյալ՝
ա. զբոսաշրջային փորձառնությունների նույնականացումը, մշակումը և առաջխաղացումը (օրինակ՝ մշակութային, արկածային, գաստրո և այլն),
բ. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ զբոսաշրջային ռեսուրսների կառավարման օժանդակությունը,
գ. նորարարության խթանումը և զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավումը,
2) մարկետինգը, առաջխաղացումը և այցելուներին զբոսաշրջային կենտրոնի կամ զբոսաշրջային գյուղի մասին տեղեկատվության տրամադրումը, ներառյալ՝
ա. զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ հիմնադրելը և կառավարելը,
բ. այցելուներին տվյալ զբոսաշրջային կենտրոնի կամ զբոսաշրջային գյուղի, այդ թվում՝ առկա զբոսաշրջային ռեսուրսների, զբոսաշրջային ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելը,
գ. բրոշյուրներ, քարտեզներ, ուղեցույցներ տպագրելը և տարածելը,
դ. համայնքի, մարզի կամ մարզերի զարգացման համար առաջխաղացման ծրագրեր մշակելը,
ե. բրենդներ ստեղծելուն աջակցելը.
3) շահառու կողմերի հետ համագործակցությունը և իր աշխատանքներին ներգրավումը՝
ա. զբոսաշրջային գործունեության համակարգումը և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը,
բ. մարզային մակարդակում գործունեություն ծավալող զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների հետ համագործակցությունը,
գ. զբոսաշրջային էկոհամակարգի առաջմղումը, փոքր ձեռնարկատերերին և համայնքային նախաձեռնություններին աջակցությունը, զբոսաշրջության և այլ բնագավառների միջև (գյուղատնտեսություն, առողջապահություն, տեխնոլոգիաների ներդրում և այլն) համագործակցության ապահովումը և ամրապնդումը.
4) հանրային միջոցառումների և փառատոների կազմակերպումը և անցկացումը՝
ա. միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, տրամադրումը և առաջխաղացումը,
բ. մարզային մակարդակում գործող զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների հետ հանրային միջոցառումների համար նախատեսված օրերի և ժամերի համընկնումների նվազեցումը, կրկնվող բնույթի միջոցառումների նվազեցումը և դրանց իրազեկման արշավներ կազմակերպելը և դրանց աջակցելը (միջոցառումների տեսանելիությունը և հանրայնացումն ապահովելը).
5) կարողությունների զարգացումը և կայունությունը՝
ա. զբոսաշրջային գործունեության սուբյեկտների և զբոսաշրջային այլ բնույթի գործունեություն իրականացնող անձանց հետ և վերջիններիս համար դասընթացների կազմակերպումը և կարողությունների զարգացման նախաձեռնությունների առաջմղումը,
բ. զբոսաշրջային փորձի առաջմղումը,
գ. ներառական մասնակցության (կանայք, երիտասարդություն, արվեստագետներ, տեղական արտադրանք ստեղծողներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ) խրախուսումը.
6) զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վերլուծական տվյալների մշակումը և հետադարձ կարծիքի տրամադրումը՝
ա. զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրության վարումը և մարզային մակարդակում գործող զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություններից վիճակագրական տվյալների հավաքագրումը և մշակումը՝ Կոմիտեին և Վիճակագրական կոմիտեին տրամադրելու համար,
բ. զբոսաշրջային ծառայությունների որակի մշտադիտարկումը և զբոսաշրջիկների բավարարվածությունը պարզելը՝ ներդնելով կարծիքների հավաքագրման մեխանիզմներ։
12. Մարզային մակարդակում զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության գործառույթների իրականացումը սահմանափակվում է մարզի վարչական սահմաններով և հանգում է հետևյալին.
1) ռազմավարական պլանավորում և զարգացում՝
ա. մարզային մակարդակի զբոսաշրջության զարգացման ռազմավարության մշակում և իրականացում,
բ. զարգացման ռազմավարության և տարեկան գործողությունների պլանի մշակում,
գ. նոր զբոսաշրջային գրավչության վայրերի ստեղծման և պահպանության պիլոտային մոդելների մշակում,
դ. զբոսաշրջային գրավչության վայրերի պահպանությանը, դրանց արդյունավետ կառավարման համակարգի ձևավորմանն ուղղված աշխատանքների իրականացում,
ե. կլիմայական փոփոխություններին հարմարեցված զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված առաջարկների մշակում.
2) զբոսաշրջային արդյունքի մշակում և ինովացիա՝
ա. նոր և տարբերվող բնույթի նախաձեռնություններ և յուրօրինակ զբոսաշրջային փորձառնական արդյունքի դիվերսիֆիկացում՝ ուղղված զարգացման հիմնական և ներուժ ունեցող զբոսաշրջային արդյունքի խթանմանը,
բ. ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավման միջոցով զբոսաշրջության զարգացմանն աջակցությունը,
գ. միջոցառումների և փառատոների կազմակերպում կամ աջակցություն կազմակերպմանը,
դ. զբոսաշրջության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց համար աջակցության և առաջմղման ապահովում,
ե. հասանելի զբոսաշրջության նախաձեռնություններին աջակցության տրամադրում՝ խթանելով ներառականությունը.
3) մարկետինգ, բրենդինգ և առաջմղում՝
ա. զբոսաշրջային կենտրոնի մարկետինգի և բրենդինգի ռազմավարության մշակումը և զարգացումը տեղական և մարզային մակարդակներում,
բ. ազգային մակարդակով զբոսաշրջության առաջմղման համար Կոմիտեին զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը,
գ. ֆիզիկական և թվային հասանելիությամբ ապահովված տեղեկատվական կենտրոն գործարկելը և կառավարելը,
դ. մարկետինգային հետազոտություն իրականացնելը՝ տվյալներ հավաքագրելը և շուկաների ուսումնասիրության ռազմավարություն մշակելը.
4) շահագրգիռ կողմերի ներգրավումը և համակարգումը՝
ա. ազգային, տեղական և մարզային մակարդակներում շահագրգիռ անձանց ներգրավելը, ներառյալ՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձինք և քաղաքացիական հասարակություն,
բ. խթանել համագործակցությունը արտասահմանյան և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գործընկերների հետ,
գ. պետություն-մասնավոր համագործակցությանը նպաստելը և միջոլորտային համագործակցություն ապահովելը,
դ. զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլանի շրջանակներում շահագրգիռ անձանց կողմից իրականացվող գործառույթների ինտեգրումը.
5) ներդրումներ և մատչելիություն՝
ա. ներդրումներ, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելը և զբոսաշրջության հետ կապված ներդրումային հնարավորությունների խթանմանն աջակցելը,
բ. ներդրողների իրազեկվածությունը և տեղեկատվության մատչելիությունն ապահովելը,
գ. զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը նպաստելը.
6) կարողությունների զարգացմանը և աշխատուժի հզորացմանը նպաստելը՝
ա. վերապատրաստման ծրագրեր պլանավորելը և իրագործելը,
բ. զբոսաշրջության ոլորտի կրթական և մասնագիտական վերապատրաստման հաստատությունների հետ գործընկերություն հաստատելը,
7) hետազոտություն, վիճակագրություն և մոնիտորինգ՝
ա. մարզային մակարդակով զբոսաշրջության վիճակագրություն հավաքագրելը և վերլուծություն իրականացնելը,
բ. այցելուների շրջանում բավարարվածության հարցումներ պարբերաբար անցկացնելը և շահագրգիռ անձանց հետ հետադարձ կապի մեխանիզմների ներդրումը։
13. Միևնույն զբոսաշրջային կենտրոնի տարածքում տեղական և մարզային մակարդակներում գործող զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների համագործակցությունը և գործառույթների իրականացման շրջանակը սահմանվում են այդ կազմակերպությունների միջև կնքվող համագործակցության համաձայնագրով, որի տեսաներածված պատճենը համաձայնագրում նշված կողմը ներկայացնում է Կոմիտե stc@mineconomy.am էլեկտրոնային փոստին պաշտոնական գրություն ուղարկելու միջոցով՝ այն երկկողմ ստորագրելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
14. Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունը պարտավոր է ապահովել իր գործունեության վերաբերյալ թվային հաշվետվողականություն և տվյալների հրապարակում միասնական ձևաչափով։ Մասնավորապես՝ պարտավոր է կիսամյակային կամ տարեկան պարբերականությամբ հրապարակել իր գործունեության հաշվետվությունները իր պաշտոնական կայքում կամ այլ թվային հարթակում։
15. Հրապարակման ենթակա են առնվազն՝
1) իրականացված ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը.
2) ֆինանսական մուտքերի, այդ թվում՝ պետական աջակցությամբ, և ծախսերի ամփոփ տվյալները.
3) զբոսաշրջային հոսքերի և այցելուների վերաբերյալ վիճակագրական տվյալները.
4) իրականացված ծրագրերի արդյունքների և ազդեցության ցուցանիշները։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 984-Ն որոշման |
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 984-Ն որոշման |
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ
1. Որակավորման վկայականը տրվում է 5 տարի ժամկետով:
2. Որակավորման վկայականի գործողությունը կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել դիմողի հայտի հիման վրա սույն հավելվածի 1-ին կետով սահմանված ժամկետով։
3. Որակավորման ժամկետը երկարաձգելու համար գործում է նույն ընթացակարգը, ինչ որակավորման վկայականը տալու համար կիրառված ընթացակարգն է։
4. Որակավորման ժամկետը երկարացնելու նպատակով ներկայացված հայտին կարող են չկցվել սույն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 3-4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները (բացառությամբ սույն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի), եթե գործող որակավորման կարգն ստանալու համար հայտին կից ներկայացված նույն փաստաթղթերում փոփոխություն չի կատարվել, կամ դրանց գործողությունը չի դադարել:
5. Սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքում դիմողը որակավորման ժամկետը երկարաձգելու մասին հայտին կից ներկայացնում է հայտարարություն, որ նախկինում սույն որոշմամբ սահմանված N 1 հավելվածով սահմանված ընթացակարգով ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում փոփոխությունները բացակայում են։ Հայտարարությունը պետք է ներառի նախկինում ներկայացված փաստաթղթերի ամբողջական ցանկը (փաստաթղթերի անվանումները, ամսաթվերը և ներկայացման հերթական համարը)։
6. Որակավորման վկայականները տրվում են՝ ըստ հերթական համարների:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 984-Ն որոշման |
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 45-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված Կոմիտեի նախագահի հրամանի տեսաներածված (սքանավորված) պատճենը և որակավորման վկայականի պատճենը Կոմիտեն ուղարկում է դիմողի էլեկտրոնային փոստին հրամանն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
2. Դիմողը կարող է առձեռն պահանջել որակավորման վկայականի բնօրինակը՝ Կոմիտեի stc@mineconomy.am էլեկտրոնային փոստին պաշտոնական գրություն ուղարկելու միջոցով։
3. Որակավորման վկայականի բնօրինակը Կոմիտեն տրամադրում է դիմողին սույն հավելվածի 2-րդ կետում նշված գրությունը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
4. Որակավորման վկայականը կորցնելու դեպքում դիմողը կարող է Կոմիտեից ստանալ կրկնօրինակը Կոմիտեի stc@mineconomy.am էլեկտրոնային փոստին գրություն ուղարկելու միջոցով: Դիմելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողին տրվում է նոր վկայական:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 984-Ն որոշման |
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության որակավորումը դադարեցվում է, եթե՝
1) ի հայտ են եկել «Զբոսաշրջության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-5-րդ մասերով սահմանված հիմքերը.
2) որակավորված անձն այլևս չի համապատասխանում սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված չափորոշչին.
3) դադարել է գործել որպես իրավաբանական անձ.
4) որակավորման վկայականի ժամկետը լրացել է, և որակավորվող անձը չի ստացել որակավորման նոր վկայական.
5) որակավորված անձը դիմել է որակավորումը դադարեցնելու համար.
6) միևնույն զբոսաշրջային կենտրոնի տարածքում տեղական և մարզային մակարդակներում գործող զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունները սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 13-րդ կետով նախատեսված համաձայնագիրը սահմանված ժամկետում չի ներկայացնում Կոմիտե։
2. Սույն հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված դեպքում որակավորումը դադարեցվում է միևնույն զբոսաշրջային կենտրոնի տարածքում տեղական և մարզային մակարդակներում գործող բոլոր զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների համար։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|