ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«26» մայիս 2026 թ. |
N 42-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 37-Ն ՀՐԱՄԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 50-Ն ՀՐԱՄԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Վնասվածքների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 26-ի ««Սպորտային վնասվածքների հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-001-23 սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 37-Ն հրամանը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի ««Արտադրական վնասվածքների հաշվառմանն ու հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-003-23 սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 65-Ն հրամանը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 7-ի ««Մանկական վնասվածքների համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-033-2017 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» N 50-Ն հրամանը:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:
|
Պարտականությունները կատարող՝
26.05.2026 |
Լ. ՆանուշՅԱՆ |
|
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի մայիս «26»-ի N 42-Ն հրամանի |
«ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Վնասվածքների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ՝ Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն)՝ անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, ինչպես նաև համաճարակաբանական հետազոտությանը (հետախուզություն) մասնակցող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական անձանց (պացիենտ) համար։
2. Նորմատիվը սահմանում է վնասվածքների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը, հաշվառմանը և հաղորդմանը, համաճարակաբանական հետազոտությանը (հետախուզություն) ներկայացվող պահանջները:
ԳԼՈՒԽ 2. ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3. Վնասվածքը մարդու օրգանիզմին արտաքին գործոնների ազդեցության հետևանքով առաջացած անատոմիական ամբողջականության խախտում կամ օրգանների և հյուսվածքների ֆունկցիայի վնասումն է, որն ուղեկցվում է առողջական վիճակի փոփոխությամբ կամ մահվան ելքով։
4. Բնակչության շրջանում վնասվածքի դեպքերը հայտնաբերվում են բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից, ներառյալ՝ բժշկական կազմակերպությունից դուրս բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելիս (շտապօգնության կանչի վայրում, ներառյալ՝ մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ՝ տրանսպորտում)՝ համաձայն Նորմատիվի Աղյուսակ 1-ում սահմանված վնասվածքների և դրանց ստացման հետևյալ պայմանների.
1) սպորտային վնասվածք՝ ցանկացած մարմնական վնասվածք, որն առաջացել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված սպորտային գործունեության ընթացքում կամ դրա անմիջական հետևանքով․
2) աշխատանքային վնասվածք՝ ցանկացած մարմնական վնասվածք, որն առաջացել է աշխատանքի վայրում կամ աշխատանքային գործառույթները կատարելիս այլ վայրում՝ աշխատանքային ժամերի ընթացքում, արտաքին պատճառների ազդեցության հետևանքով.
3) ճանապարհատրանսպորտային վնասվածք՝ ցանկացած մարմնական վնասվածք, որն առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով.
4) կենցաղային վնասվածք՝ ցանկացած մարմնական վնասվածք, որն առաջացել է տանը կամ դրա անմիջական շրջակայքում՝ ոչ աշխատանքային, ոչ ճանապարհատրանսպորտային և ոչ սպորտային գործունեության ընթացքում․
5) այլ վնասվածք՝ սույն կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված վնասվածքներից բացի, ցանկացած այլ մարմնական վնասվածք:
Աղյուսակ 1
|
Հիվանդության կոդ՝ ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի |
Վնասվածքներ |
|
1. S00-S09 |
Գլխի վնասվածքներ |
|
2. S10–S19 |
Պարանոցի վնասվածքներ |
|
3. S20–S29 |
Կրծքավանդակի վնասվածքներ |
|
4. S30–S39 |
Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի գոտկային հատվածի և կոնքի վնասվածքներ |
|
5. S40–S49 |
Ուսագոտու և բազկի վնասվածքներ |
|
6. S50–S59 |
Արմունկի և նախաբազկի վնասվածքներ |
|
7. S60–S69 |
Դաստակի և նախադաստակի վնասվածքներ |
|
8. S70–S79 |
Կոնքազդրային հոդի և ազդրի վնասվածքներ |
|
9. S80–S89 |
Ծնկի և սրունքի վնասվածքներ |
|
10. S90–S99 |
Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքներ |
|
11. T00–T07 |
Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների վնասվածքներ |
|
12. T08–T14 |
Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ |
|
13. T15–T19 |
Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման հետևանքներ |
|
14. T20–T32 |
Ջերմային և քիմիական այրվածքներ |
|
15. T33–T35 |
Ցրտահարություն |
|
16. T66–T78 |
Արտաքին պատճառների ազդեցության այլ և չճշտված հետևանքներ |
|
17. T79–T79 |
Վնասվածքի որոշ վաղ բարդություններ |
|
18. T80–T88 |
Վիրաբուժական և թերապևտիկ միջամտությունների բարդություններ` այլ դասերում չդասակարգված |
|
19. T90–T98 (բացառությամբ՝ T96, T97) |
Վնասվածքների, թունավորումների և արտաքին այլ պատճառների ազդեցության հետևանքներ |
|
20. V01-V99 |
Տրանսպորտային դժբախտ պատահարներ |
|
21. W00-X59 (բացառությամբ՝ X20-X29, X40-X49, X53, X54, X57) |
Վնասվածքների այլ արտաքին պատճառներ` դժբախտ պատահարների ժամանակ |
5. Բժշկական կազմակերպությունները վնասվածքների դեպքերի հաշվառումն ու հաղորդումն իրականացնում են համաձայն Նորմատիվի։
6. Բժշկական կազմակերպությունները վնասվածքների դեպքերի մասին տեղեկատվությունը մուտքագրում են էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ։
7. Մարզերում գործող բժշկական կազմակերպությունները վնասվածքների դեպքերի մասին 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Պետական կազմակերպություն) համապատասխան մարզային մասնաճյուղի, իսկ Երևան քաղաքի վարչական տարածքում գործող բժշկական կազմակերպությունները՝ Պետական կազմակերպության Զանգերի կենտրոնի՝ Նորմատիվի Ձև 2-ում նշված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեներին՝ համաձայն Նորմատիվի Ձև 1-ի տվյալները պարունակող էքսել (Excel) ձևաչափի։
8. Բժշկական կազմակերպությունների կողմից վնասվածքների դեպքերը հաշվառվում են հաշվառման մատյանում, որը պետք է ներառի Նորմատիվի Ձև 1-ով հաստատված՝ վնասվածքների մասին ընթացիկ հաղորդման քարտում ընդգրկված բոլոր տվյալները:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից, այդ թվում՝ Պետական կազմակերպության միջոցով, իրականացվում է վնասվածքների դեպքերի համաճարակաբանական դիտարկում:
10. Համաճարակաբանական դիտարկման արդյունքում հավաքագրված տվյալների հիման վրա Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ Պետական կազմակերպության միջոցով, իրականացվում է՝
1) վնասվածքների դեպքերի վերլուծություն՝ կիսամյակային և տարեկան կտրվածքով, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ ելնելով դեպքերի բարձր ռիսկից, որը կարող է վտանգ ներկայացնել հանրային առողջապահության համար,
2) համաճարակային իրավիճակի գնահատում՝ վնասվածքների նախորդ նույն ժամանակահատվածի համաճարակաբանական ցուցանիշների համեմատության միջոցով,
3) վնասվածքների դեպքերի կանխատեսում՝ ելնելով առկա համաճարակային իրավիճակից, պատճառների սեզոնայնությունից և այլ առանձնահատկություններից։
11. Ելնելով առկա իրավիճակից, պատճառների սեզոնայնությունից, ցուցանիշներից և վնասվածքների այլ առանձնահատկություններից՝ Պետական կազմակերպության համապատասխան մասնագետը բնակչության շրջանում հանրային առողջապահական գիտելիքներ ապահովելու համար իրականացնում է հանրային իրազեկում, հանրային առողջապահական գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն, ինչպես նաև հանրային առողջապահական գիտելիքների ուսուցում։ Իրազեկման աշխատանքները կարող են իրականացվել թիրախային խմբերի համար, մասնավորապես՝ աշխատավայրերում կամ ուսումնական հաստատություններում դասընթացների և սեմինարների ձևով, տեղեկատվական նյութերի (բուկլետներ, պաստառներ, ուղեցույցներ), սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվամիջոցների, տեսանյութերի և ինֆոգրաֆիկաների, հանրային քննարկումների կամ համայնքներում հանդիպումների ձևով։ Քարոզչությունն ընդգրկում է վնասվածքների առաջացման պատճառների, նպաստող պայմանների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ իրազեկում։
ԳԼՈՒԽ 3. ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
12. Մինչև 18 տարեկան անձանց շրջանում Նորմատիվի Աղյուսակ 1-ում ներառված վնասվածքների դեպքերի արձանագրման ժամանակ Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ Պետական կազմակերպության միջոցով դեպքի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) իրականացվում է անկախ վնասվածքների ստացման պայմաններից։
13. 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում Նորմատիվի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմաններում արձանագրված վնասվածքների դեպքերի դեպքում Լիազոր մարմնի կողմից, այդ թվում՝ պետական կազմակերպության միջոցով, իրականացվում է դեպքի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն)։
14. Համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, բժշկական փաստաթղթերը տրամադրվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական անձանց (պացիենտ) կողմից, որն ուղղված է բացահայտելու վնասվածքի առաջացման գործոնները, պայմանները, շրջակա միջավայրի ազդեցությունները, սոցիալական բնորոշիչները (դետերմինանտները), ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը և ներկայացմանը։
15. Լիազոր մարմինը, այդ թվում՝ Պետական կազմակերպության միջոցով, Նորմատիվի Ձև 1-ի 13-րդ կետով ընտրված աշխատանքային վնասվածքների դեպքերի վերաբերյալ հաղորդումը ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով (Մալբրի համակարգի միջոցով) տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ ներկայացնելով հետևյալ տվյալները․ տնտեսվարող սուբյեկտի անվանումը, արձանագրված վնասվածքների դեպքերի քանակը, ախտորոշումը, ինչպես նաև հաղորդումն ուղարկած բժշկական կազմակերպության անվանումը։
Ձև 1
ՔԱՐՏ
ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԸՆԹԱՑԻԿ ՀԱՂՈՐԴՄԱՆ
1. ՍՈՑԻԱԼ - ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
1. Ընթացիկ հաղորդման ամսաթիվ (օր/ամիս/տարեթիվ). ________________
2. Ընթացիկ հաղորդում ուղարկող բժշկական կազմակերպության անվանում.
_______________________________________________________________________________
3. Ընթացիկ հաղորդում ուղարկող բուժաշխատողի տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսի համար).________________________________________
4. Պացիենտի տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսի համար).
__________________________________________________________________________
5. Տարիք (լրացած տարիների թիվ)______
6. Սեռ (ընտրել).
□ Արական □ Իգական
7. ՀԾՀ__________________________________________________
8. Հաշվառման և փաստացի բնակության վայր (մարզ, գյուղ/քաղաք, հասցե).
_________________________________________________________________________
9. Ախտորոշում. __________________________________________
10. ՀՄԴ-10 կոդ. _________
2. ՎՆԱՍՎԱԾՔԻ ԴԵՊՔԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11. Դեպքի օր/ամիս/տարեթիվ._______________________
12. Դեպքի վայր (մարզ, գյուղ/քաղաք, հասցե).
___________________________________________________________________________
13. Վնասվածքի տիպ (ընտրել).
□ Սպորտային □ Աշխատանքային □ Ճանապարհատրանսպորտային □ Կենցաղային □ Այլ (նշել) _____________________________________
3. ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԼՔ
14. Այցի (բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման) տեսակ (ընտրել).
□ Առաջնային բժշկական օգնություն և սպասարկման կազմակերպում □ Մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկման կազմակերպում □ Շտապ և անհետաձգելի օգնություն
15. Դեպքի ելք (ընտրել).
□ Լավացում □ Վատթարացում □ Անփոփոխ □ Տեղափոխվել է այլ բժշկական կազմակերպություն □ Մահ □ Այլ______(Նշել)
Ձև 2
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆԵՐ
|
N |
Մասնաճյուղ |
Էլեկտրոնային հասցե |
|
1․ |
«Արագածոտն» |
aragatsotn@ncdc.am |
|
2․ |
«Արարատ» |
ararat@ncdc.am |
|
3․ |
«Արմավիր» |
armavir@ncdc.am |
|
4․ |
«Գեղարքունիք» |
gegharqunik@ncdc.am |
|
5․ |
«Լոռի» |
lori@ncdc.am |
|
6․ |
«Կոտայք» |
kotayq@ncdc.am |
|
7․ |
«Շիրակ» |
shirak@ncdc.am |
|
8․ |
«Սյունիք» |
syunik@ncdc.am |
|
9․ |
«Վայոց Ձոր» |
vayotcdzor@ncdc.am |
|
10․ |
«Տավուշ» |
tavush@ncdc.am |
|
11․ |
«Զանգերի կենտրոն» (Երևան) |
yerevan.epid@ncdc.am |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|