ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․
«1.1. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո` եռօրյա ժամկետում՝ գրավոր դիմում ներկայացնելով։»․
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված դեպքերում և 8-րդ կետով նախատեսված դեպքում, եթե սույն հոդվածի 1․1-ին մասով սահմանված կարգով ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում հետ չի վերցրել, ապա ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով, իսկ 7-րդ կետով սահմանված դեպքում ավագանին նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունում է համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում, կամ նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են արձանագրություն, որը հաստատվում է նիստին ներկա ավագանու անդամների երկու երրորդով:»։
Հոդված 2․ Օրենքի 70-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին մասով․
«1․1. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո` եռօրյա ժամկետում ` գրավոր դիմում ներկայացնելով։»․
2) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4․ Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված դեպքերում և 6-րդ կետով նախատեսված դեպքում, եթե սույն հոդվածի 1․1-ին մասով սահմանված կարգով ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում հետ չի վերցրել, ապա համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կամ աշխատակազմի քարտուղարը կազմում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 15 Երևան ՀՕ-106-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|