ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 75-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (14.03.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.02-2026.03.15 Պաշտոնական հրապարակման օրը 04.03.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.02.2026
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«27» փետրվար 2026 թ.

N 18-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 75-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 8-ի «էթիկայի հանձնաժողովի անդամների մրցութային ընտրության կարգը, էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատելու մասին» թիվ 75-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելված 1-ով հաստատված Էթիկայի հանձնաժողովի անդամների մրցութային ընտրության կարգի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«9. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն ձևավորված մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է լիազոր մարմինը: Մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովն իրավազոր է, եթե դրա աշխատանքներին մասնակցում են հանձնաժողովի ընդհանուր թվի կեսից ավելին».

2) Հրամանի հավելված 3-ով հաստատված Էթիկայի հանձնաժողովում գործերի քննության կարգի՝

ա. 2-րդ կետում «որոշում կայացնում է» բառերը փոխարինել «որոշումներն ընդունում է» բառերով.

բ. 6-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

գ. 7-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7) սեփական նախաձեռնությամբ`

ա. լրատվության միջոցներով հայտնի դարձած տեղեկատվության հիման վրա կամ

բ. սույն կետով չնախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված գրավոր տեղեկության հիման վրա:».

դ. 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Սույն կարգի 6-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված դիմումները ներկայացվում են գրավոր: Դիմումները կարող են ներկայացվել, իսկ էթիկայի հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ գործի քննությունը կարող է սկսվել, եթե դիմումի կամ սեփական նախաձեռնությամբ գործի քննության համար հիմք հանդիսացած ենթադրյալ խախտման օրվանից չի անցել մեկ օրացուցային տարի: Դիմումը պարտադիր պարունակում է՝

1) դիմումի հասցեատիրոջ անվանումը.

2) դիմումատուի անուն, ազգանունը (պացիենտի օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կամ ընտանիքի անդամի դեպքում՝ նաև պացիենտի անուն, ազգանունը).

3) դիմումատուի բնակության վայրի հասցեն, բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում).

4) ենթադրյալ խախտում կատարած բուժաշխատողի անուն ազգանունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի անվանումը, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի համարը, տրման օրը, ամիսը, տարին և գործունեության վայրը, որտեղ իր մասնագիտական գործունեությունը ծավալում է էթիկայի կանոնի ենթադրյալ խախտում կատարած բուժաշխատողը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշմամբ սահմանված էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման օրը, ամիսը, տարին և բովանդակությունը.

6) դիմումատուի անուն, ազգանունը, ստորագրությունը.

7) դիմումի ներկայացման օրը, ամիսը, տարին:».

ե. 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«9. Դիմումը կարող է ներկայացվել՝

1) փոստով կամ առձեռն՝ «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ փակ ծրարով, ընդ որում, ներկայացնելիս ծրարի վրա պարտադիր նշվում են դիմումատուի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, իսկ առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստի հասցեն.

2) էլեկտրոնային եղանակով՝

ա. էթիկայի հանձնաժողովի www.mec.am պաշտոնական կայքի՝ դիմում ներկայացնելու համար հատուկ նախատեսված «Ներկայացնել դիմում» բաժնի միջոցով՝ պահպանելով էլեկտրոնային դիմում ներկայացնելու կայքում նշված պահանջները.

բ. էթիկայի հանձնաժողովի էլեկտրոնային փոստի info@mec.am հասցեին էլեկտրոնային նամակ առաքելու միջոցով՝ պահպանելով սույն կարգի 7-րդ կետի պահանջները:».

զ. 9-րդ կետից հետո լրացնել նոր 9.1-րդ և 9.2 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«9.1 Սույն կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետի բ. պարբերությամբ սահմանված գրավոր տեղեկությունը կարող է ներկայացվել սույն կարգի 7-րդ կետով սահմանված դրույթներին համապատասխան՝ փոստով կամ առձեռն՝ «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ փակ ծրարով, ընդ որում, ներկայացնելիս ծրարի վրա պարտադիր նշվում են առաքողի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, իսկ առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստի հասցեն կամ էթիկայի հանձնաժողովի էլեկտրոնային փոստի info@mec.am հասցեին էլեկտրոնային նամակ առաքելու միջոցով:

9.2 Սույն կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքերում բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման գործի քննությունը կարող է սկսվել, եթե լրատվության միջոցներով հայտնի դարձած տեղեկությունը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած գրավոր տեղեկությունը պարունակում է բավարար տվյալներ ենթադրյալ խախտում կատարած բուժաշխատողի, ենթադրյալ խախտման օրվա, ամսի, տարվա և ենթադրյալ խախտում համարվող արարքի մասին:»:

է. 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կարգով դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուին էթիկայի հանձնաժողովի կողմից ծանուցումների, որոշումների, այլ փաստաթղթերի առաքումը (այսուհետ՝ գրագրություն) էթիկայի հանձնաժողովի կողմից իրականացվում է էլեկտրոնային եղանակով, իսկ փոստով կամ առձեռն ստացված դիմումների դեպքում գրագրությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով՝ դիմումատուի համաձայնությամբ: Գործի քննությանը ներգրավված այլ անձանց համաձայնության դեպքում ևս գրագրությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով: Սույն կետով նախատեսված համաձայնությունը տրամադրվում է գրավոր՝ դիմումի մեջ դրա մասին համապատասխան նշում կատարելու եղանակով կամ էթիկայի հանձնաժողովին տրամադրված գրավոր համաձայնությամբ կամ լսման ընթացքում տրամադրված բանավոր համաձայնությամբ:».

ը. 10-րդ կետից հետո լրացնել նոր 10.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«10.1 Բուժաշխատողի դեմ ներկայացված դիմումին ընթացք տալու կամ սեփական նախաձեռնությամբ սկսված գործի քննություն սկսելու դեպքում, էթիկայի հանձնաժողովը իրավասու է դիմել և ստանալ տվյալ բուժաշխատողի մասով Բուժաշխատողների ռեգիստրում առկա բուժաշխատողին ծանուցելու համար անհրաժեշտ տվյալներ:».

թ. 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Էթիկայի կանոնի խախտման հետ կապված դիմումի վերաբերյալ տվյալները, եթե այն ներկայացվել է սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հունիսի 2-ի N 2772-Լ հրամանի համապատասխան, մուտքագրվում են լիազոր մարմին, որն առանց ծրարը բացելու, այն տրամադրում է էթիկայի հանձնաժողովին՝ դիմումին սույն կարգին համապատասխան ընթացք տալու նպատակով: Եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, ապա դրանք մուտքագրվում են անմիջականորեն էթիկայի հանձնաժողովի կողմից:».

ժ. 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«12. Դիմումն էթիկայի հանձնաժողովին սույն կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, կետերի պահանջներին համապատասխան տրամադրվելու օրվանից, իսկ սեփական նախաձեռնության դեպքում գործի քննություն սկսելու օրվանից, էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթը համարվում է հարուցված».

ժա. 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«13. էթիկայի հանձնաժողովն էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթը հարուցելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ ինքնուրույն կամ լիազոր մարմնի քարտուղարության միջոցով «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերում՝ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է՝

1) այն բուժաշխատողին, ում դեմ ներկայացվել է դիմումը.

2) այն անձին կամ մարմնին, որը ներկայացրել է դիմումը:».

ժբ. 13-րդ կետից հետո լրացնել նոր 13.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

«13.1 Այն դեպքերում, երբ «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով առաքված ծանուցումը բուժաշխատողը հրաժարվում է ստանալ կամ փոստատարին չի հաջողվում այն հանձնել բուժաշխատողին, էթիկայի հանձնաժողովն իրավասու է ծանուցումն առաքել բուժաշխատողի գործատուին՝ նրան հանձնելու նպատակով:»

ժգ. 16-րդ կետի 2-րդ ենթակետում «գտնվելու» բառից հետո լրացնել «կամ էթիկայի հանձնաժողովի կողմից հարգելի համարված (պատահար կամ անհետաձգելի աշխատանք կամ չկանխատեսված իրադարձություն, որի վերաբերյալ առկա է էթիկայի հանձնաժողովին անձի գրավոր կամ բանավոր ծանուցումը) այլ» բառերը.

ժդ. 21.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«21.3 Մասնագետի գրավոր եզրակացությունը պետք է պարունակի պատասխաններ էթիկայի հանձնաժողովի կողմից առաջադրված բոլոր հարցերից, իսկ դրանց պատասխանելու անհնարինության դեպքում՝ նշում այդ մասին: Մասնագետի եզրակացության մեջ նշվում է նրա անունը, ազգանունը, ստորագրությունը և կազմման օրը, ամիսը, տարին։».

ժե. 21.3-րդ կետից հետո լրացնել նոր 21.4-րդ, 21.5-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«21.4 Եթեբ սույն կարգի համաձայն ներկայացված դիմումի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված գործի քննության շրջանակում Հանձնաժողովը պարզում է, որ տվյալ գործով առկա է բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի ենթադրյալ այլ խախտում, որը չի ներկայացվել դիմումի մեջ կամ չի արձանագրվել սեփական նախաձեռնությամբ սկսված գործի հարուցման փուլում, ապա Հանձնաժողովն իրավասու է դրա մասին ծանուցելով բուժաշխատողին՝ տվյալ ենթադրյալ խախտման մասով քննություն իրականացնել և որոշում ընդունել հարուցված վարույթի շրջանակում:

21.5 Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով սահմանված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի ենթադրյալ խախտումների գործերի քննության շրջանակում, եթե պարզվում է, որ ենթադրյալ իրավունքը խախտված բուժաշխատողի կողմից թույլ են տրվել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնի ենթադրյալ խախտում այն բուժաշխատողի նկատմամբ, ում դեմ հարուցվել է գործի քննության վարույթը, ապա էթիկայի հանձնաժողովը իրավասու է տվյալ ենթադրյալ խախտման մասով քննությունը իրականացնել և որոշում ընդունել հարուցված վարույթի շրջանակում՝ դրա մասին ծանուցելով բուժաշխատողին:».

ժզ. 23-րդ կետում «համաձայնության դեպքում» բառերից հետո լրացնել «կամ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերում» բառերով.

ժէ. 25-րդ կետը լրացնել նոր 7-րդ և 8-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7) բողոք բերողի ստորագրությունը.

 8) լիազորված անձի կողմից բողոք բերելու դեպքում՝ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը».

ժը. 27.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«27․1․ Էթիկայի հանձնաժողովի որոշումների եզրափակիչ մասերը՝ պացիենտի մասին տվյալների ծածկագրմամբ, հրապարակվում են Բուժաշխատողների ռեգիստրի և էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքերում».

ժթ. 27.1-րդ կետից հետո լրացնել նոր՝ 27.2-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«27․2․ Բուժաշխատողների շարունակական կրթման և մասնագիտական էթիկայի խնդրահարույց հարցերում ուղղորդելու նպատակով Էթիկայի հանձնաժողովի որոշումները՝ դրանց ընդունումից հետո երեք տարի հետո ամբողջովին հրապարակվում են էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ որոշումներում պացիենտների, բուժաշխատողների, գործի քննության ընթացքում ներգրավված երրորդ անձանց առկա անձնական տվյալները, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի անհատական տվյալներն ամբողջովին ծածկագրված տարբերակով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

27.02.2026

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2026 թվական: