ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԵՎ ՆՈՐ ՍՏԵՂԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ» ԿԱՄ «ՏԵՂԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 229-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.03.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.02-2026.03.15 Պաշտոնական հրապարակման օրը 03.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2026 թվականի N 229-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԵՎ ՆՈՐ ՍՏԵՂԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ» ԿԱՄ «ՏԵՂԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26.1-ին հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, նախապայմանները և չափանիշները՝ համաձայն հավելվածի:

2. Համաձայն «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային ոչ առևտրային կազմակերպությունները պահպանում են իրենց կարգավիճակը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

փետրվարի 26-ի N 229-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԵՎ ՆՈՐ ՍՏԵՂԾՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ» ԿԱՄ «ՏԵՂԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու հետ կապված հարաբերությունները, նախապայմանները և չափանիշները:

2. Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ շնորհում է, այն փոփոխում կամ դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) առաջարկությամբ:

3. Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին կարգավիճակ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ստեղծվում է 7 (յոթ) անդամից կազմված հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որի կազմը ձևավորվում է՝ ելնելով դիմող կազմակերպության գործունեության առարկայից և նպատակներից: Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է հանձնաժողովի նիստերի միջոցով: Նիստերը հրավիրում և նախագահում է նախարարը: Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում է նախարարի հրամանով:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են՝

1) թատերական, երաժշտական, պարարվեստի և կինոարվեստի կազմակերպությունների դեպքում՝

ա. շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ (2 (երկու) անդամ՝ համաձայնությամբ),

բ. տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ (2 (երկու) անդամ՝ համաձայնությամբ),

գ. մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ կամ մտավորականներ կամ մշակույթի գործիչներ կամ մշակույթի ոլորտի փորձագետներ (3 (երեք) անդամ՝ համաձայնությամբ):

Շահագրգիռ պետական և տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն ընդգրկվում են հանձնաժողովի կազմում պետական, տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկությամբ, իսկ մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչները կամ մտավորականները կամ մշակույթի գործիչները և մշակույթի ոլորտի փորձագետներն առաջադրվում են ստեղծագործական միությունների և գիտահետազոտական ինստիտուտների կողմից՝ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների կամ պետական պարգևների արժանացած անձանց կազմից կամ վերջին 5 (հինգ) տարիներին միջազգային հեղինակավոր մրցույթների և փառատոնի կազմում ընդգրկված հայ արվեստագետների կազմից.

2) թանգարանների, գրադարանների և արխիվների դեպքում՝

ա. շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ (երկու անդամ՝ համաձայնությամբ),

բ. տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ (երկու անդամ՝ համաձայնությամբ),

գ. գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ (2 (երկու) անդամ՝ համաձայնությամբ), որոնք առաջադրվում են գիտակրթական կազմակերպությունների կողմից՝ մասնագիտական կրթության ոլորտում ներգրավված մասնագիտական կազմից,

դ. «ԻԿՕՄ»-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ (1 (մեկ) անդամ՝ համաձայնությամբ), որն առաջադրվում է «ԻԿՕՄ»-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահի կողմից,

ե. «ԻՖԼԱ»-ի (Գրադարանային հաստատությունների և ասոցիացիաների միջազգային կազմակերպություն) Ազգային գրադարանների մշտական կոմիտեի Հայաստանի ներկայացուցիչ (1 (մեկ) անդամ՝ համաձայնությամբ), որն առաջադրվում է Հայաստանի ազգային գրադարանի կամ Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից,

զ. ԻԿԱ (ICA – արխիվների միջազգային կազմակերպություն) և Եվրազիկա (EURASICA) Հայաստանի ներկայացուցիչ (1 (մեկ) անդամ՝ համաձայնությամբ), որն առաջադրվում է Հայաստանի ազգային արխիվի կողմից:

Հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, կարող են հրավիրվել նաև համապատասխան ոլորտների մասնագետներ՝ խորհրդատվության նպատակով (առանց քվեարկության իրավունքի):

4. «Համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ կարող է շնորհվել այն մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք բավարարում են սույն կարգով սահմանված նախապայմաններն ու չափանիշները։

5. «Համապետական» կարգավիճակ տրամադրվում է՝

5.1. Թատերական, երաժշտական, պարարվեստի և կինոարվեստի կազմակերպություններ՝

1) նախապայմաններ՝

ա. իրականացնում է մշտական մշակութային գործունեություն տվյալ ոլորտում,

բ. ունի մշտական, կայուն խաղացանկ,

գ. մշտապես գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության մարզերում,

դ. պարբերաբար հանդես է գալիս միջազգայնորեն ճանաչված հեղինակավոր հարթակներում,

ե. ունի տվյալ ոլորտում առնվազն 15 (տասնհինգ) տարվա գործունեության փորձ.

2) չափանիշներ՝

ա. ունի զարգացման հայեցակարգ, որը համապատասխանում է մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ռազմավարական ծրագրերին,

բ. առանձնանում է կատարողական բարձր վարպետությամբ, մասնագիտական ինքնատիպությամբ և նորարարական մոտեցումներով (արհեստավարժ ստեղծագործական անձնակազմ և ձևավորված մասնագիտական դպրոց/ոճ/ժանր, մշակված հստակ խաղացանկ/երգացանկ),

գ. ունի նշանակալի ձեռքբերումներ, որոնք նպաստում են հայկական մշակույթի հարստացմանը և զարգացմանը (հյուրախաղային լայն գործունեություն, ճանաչելիություն ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև՝ արտերկրում, մասնակցություն ոլորտային հեղինակային փառատոներին և հարթակներին, հեղինակավոր միջազգային, տարածաշրջանային և համապետական նշանակություն ունեցող միջոցառումներին):

5.2. Թանգարաններ՝

1) նախապայմաններ՝

ա. ունի սահմանված կարգով թանգարանային հաշվառում անցած և համապատասխան կարգավիճակ ունեցող բնօրինակ մշակութային արժեքներից, գիտական սկզբնաղբյուր համարվող նյութերից կազմված հավաքածու, որն իր բնույթով և բովանդակությամբ ունի հիմնարար կարևորություն հայ ժողովրդի և Հայաստանի պատմության, մշակույթի, գիտության, արվեստի և այլ ոլորտների առանցքային փուլերի, երևույթների, անհատների կյանքի, գործունեության ուսումնասիրման, հանրահռչակման համար,

բ. ցուցաբերում է այլ թանգարաններին մեթոդական և մասնագիտական աջակցություն՝ թանգարանային առարկաների հաշվառման, հավաքածուների պահպանության, գիտական ուսումնասիրման, ցուցադրությունների կազմակերպման, կրթական ծրագրերի մշակման, աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման և լավագույն փորձի փոխանակման ուղղություններով.

2) չափանիշներ՝

ա. կազմակերպում է հանրապետական, միջազգային գիտաժողովներ, Հայաստանի Հանրապետության տարածքում և արտերկրում ժամանակավոր ցուցադրություններ, դասախոսություններ, սեմինարներ, մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ և այլ միջոցառումներ,

բ. համագործակցում է արտասահմանյան թանգարանների կամ մշակութային կառույցների, գիտահետազոտական հաստատությունների, բուհերի, միջազգային կազմակերպությունների հետ,

գ. ապահովում է այցելուների կայուն և բարձր հոսք՝ ներառյալ մարզերից և արտերկրից այցելուներ:

5.3. Գրադարաններ և արխիվներ

1) նախապայմաններ՝

ա. հանդես է գալիս որպես համաշխարհային և ազգային մշակութային գրավոր ժառանգության, հայկական տպագիր արտադրանքի և լեզվի տարածման ոլորտի հետ կապված նյութերի մշտական հավաքող, պահպանող, գրադարանագիտության, մատենագիտության մեթոդական և գիտահետազոտական աշխատանքները համակարգող, տպագիր ժառանգության հավաքածուները հաշվառող (անկախ դրանց տեղակայման վայրից) կենտրոն,

բ. իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում գրադարանագիտության, մատենագիտության, գրքագիտության գիտահետազոտական և տպագիր արտադրանքի վերականգնման աշխատանքներ,

գ. հավաքում, ձևավորում, պահպանում է գրավոր ժառանգության պատմական հիշողությունը, հայրենական և արտասահմանյան գրադարանային փաստաթղթերը, ինչպես նաև փաստաթղթերի պարտադիր օրինակը, ունի համապարփակ, լիակատար, հայատառ և Հայաստանի մասին այլ լեզուներով հավաքածու,

դ. կազմակերպում և իրականացնում է գրադարանային կադրերի վերապատրաստումն արդի պահանջներին համապատասխան.

2) չափանիշներ՝

ա. իրականացնում է մատենագիտական հաշվառում, գրական ժառանգության ամբողջական կամ ընտրովի հավաքագրում, գործում է որպես համապետական նշանակության նյութերի համար պահպանման հարթակ,

բ. կազմակերպում է համապետական միջոցառումներ, ցուցադրություններ, համաժողովներ, ապահովում է համապետական տեղեկատվական հասանելիություն, նպաստում է ընթերցանության, գիտելիքի տարածմանը, համապետական էլեկտրոնային շտեմարանների զարգացմանը։

6. «Տարածքային» կարգավիճակ տրվում է՝

6.1. Թատերական, երաժշտական, պարարվեստի և կինոարվեստի կազմակերպություններ՝

1) նախապայմաններ՝

ա. գործում է տվյալ մարզի վարչատարածքում,

բ. հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված մշակութային ոչ առևտրային կազմակերպություն,

գ. ունի տվյալ ոլորտում առնվազն 10 (տասը) տարվա գործունեության փորձ.

2) չափանիշներ՝

ա. իր գործունեությամբ նպաստում է մարզի մշակութային կյանքի ակտիվացմանը,

բ. իրականացնում է մարզային մշակութային նախաձեռնություններ,

գ. ապահովում է մարզի մշակութային կարիքների հաշվառում և քարտեզագրում,

դ. խթանում է մարզային մշակութային համագործակցության զարգացումը։

6.2. Թանգարաններ՝

1) նախապայմաններ՝

ա. ունի Հայաստանի Հանրապետության որևէ մարզի, համայնքի կամ պատմամշակութային տարածքի հետ ուղիղ առնչվող հավաքածու,

բ. ներկայացնում է տարածաշրջանի պատմությունը, մշակութային ավանդույթները, նշանավոր անձանց կամ իրադարձությունները.

2) չափանիշներ՝

ա. համագործակցում է դպրոցների, մշակութային կենտրոնների, համայնքային կառույցների հետ, ապահովում է միջհամայնքային թանգարանային համագործակցություն,

բ. նպաստում է տեղական համայնքի, առանձին մշակութային կամ ազգային խմբերի ինքնության պահպանմանը և զարգացմանը,

գ. նպաստում է մարզի պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը, մշակութային առանձնահատկության պահպանմանն ու զարգացմանը,

դ. մարզի/համայնքի բոլոր սոցիալական և տարիքային խմբերի համար իրականացնում է կրթամշակութային ծրագրեր, կազմակերպում է դասախոսություններ, էքսկուրսիաներ, վարպետության դասեր, նպաստում է մարզային մշակութային կյանքի ակտիվացմանը:

6.3. Գրադարաններ և արխիվներ՝

1) նախապայմաններ՝

ա. ունի մարզին կամ պատմամշակութային տարածքին վերաբերող, մարզի բնակչության կրթական, տեղեկատվական և մշակութային կարիքներին համապատասխան տպագիր արտադրանքի և այլ տեսակի փաստաթղթերի դասակարգված հավաքածու, հավաքում է մարզի պատմությանը, մշակույթին, կրթությանը, տնտեսությանը և նշանավոր անձանց վերաբերող նյութեր, պահպանում է տեղական հրատարակությունների, պարբերականների օրինակներ և արխիվային նյութեր,

բ. գործում է որպես մարզի գրադարանային համակարգի մեթոդական և համակարգող կենտրոն, աջակցում է համայնքային, հանրային գրադարաններին՝ մասնագիտական խորհրդատվությամբ, վերապատրաստումներով, մեթոդական նյութերով.

2) չափանիշներ՝

ա. իրականացնում է կրթական և տեղեկատվական ծրագրեր մարզի բնակչության համար, ապահովում է մարզային մակարդակով տեղեկատվության հասանելիություն,

բ. սպասարկում է տարբեր թիրախային խմբերին՝ աշակերտներ, ուսուցիչներ, հետազոտողներ,

գ. վարում է մարզային մատենագիտական հաշվառում, կազմում է և պահպանում է մարզային թեմատիկ շտեմարաններ, ապահովում է մարզին վերաբերող տեղեկատվության որոնելիություն և հասանելիություն,

դ. իրականացնում է մարզային նշանակության նյութերի թվայնացում, ապահովում է հասանելիություն թվային գրքային հարթակներին և շտեմարաններին, համագործակցում է ազգային գրադարանի հետ:

7. «Տեղային» կարգավիճակ՝

7.1. Թատերական, երաժշտական, պարարվեստի և կինոարվեստի կազմակերպություններ՝

1) նախապայմաններ՝

ա. գործում է համայնքի վարչատարածքում,

բ. հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված մշակութային ոչ առևտրային կազմակերպություն,

գ. ունի տվյալ ոլորտում առնվազն 5 (հինգ) տարվա գործունեության փորձ.

2) չափանիշներ՝

ա. իր գործունեությամբ նպաստում է համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը,

բ. կազմակերպում և իրականացում է համայնքային մշակութային նախաձեռնություններ,

գ. իրականացնում է համայնքի մշակութային կարիքների հաշվառում և քարտեզագրում,

դ. խթանում է համայնքային մշակութային միջավայրի զարգացումը և բնակչության ներգրավվածությունը մշակութային գործընթացներում։

7.2. Թանգարաններ՝

1) նախապայմաններ՝

ա. ունի կոնկրետ համայնքի կամ բնակավայրի ձևավորմանը վերաբերող պատմամշակութային արժեքների հավաքածու, ներկայացնում է համայնքի նյութական և ոչ նյութական ժառանգությունը,

բ. հավաքում է և ներկայացնում է կոնկրետ համայնքի պատմությանը, կենցաղին, մշակույթին կամ հիշողությանը վերաբերող նյութեր, նպաստում է համայնքի պատմական հիշողության, ինքնության պահպանմանը,

գ. հանրահռչակում է տեղական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերը, համայնքի նշանավոր անձանց կամ իրադարձությունները.

2) չափանիշներ՝

ա. համայնքի տարբեր սոցիալական խմբերի համար կազմակերպում է համայնքային միջոցառումներ, մշակութային ժամանցի ծրագրեր, դասախոսություններ, սեմինարներ, վարպետության դասեր,

բ. ներգրավում է համայնքի բոլոր տարիքային և սոցիալական խմբերին՝ օգտագործելով ավագ սերնդի ներկայացուցիչների, ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների ներուժը,

գ. հանդես է գալիս որպես համայնքային հիշողության պահպանման կենտրոն։

7.3. Գրադարաններ և արխիվներ՝

1) նախապայմաններ՝

ա. ունի համայնքի բնակչության կրթական, տեղեկատվական և մշակութային կարիքներին համապատասխան տպագիր արտադրանքի և այլ տեսակի փաստաթղթերի դասակարգված հավաքածու,

բ. գործում է համայնքի աջակցությամբ կամ ենթակայությամբ, համագործակցում է դպրոցների, մշակույթի տների, հասարակական կազմակերպությունների հետ,

գ. սպասարկում է հիմնականում տվյալ համայնքի բնակչությանը, ապահովում է տեղեկատվական ծառայություններ.

2) չափանիշներ՝

ա. կազմակերպում է ընթերցանության խթանման միջոցառումներ, իրականացնում է հանդիպումներ, քննարկումներ, մանկապատանեկան ծրագրեր, միջհամայնքային գրադարանային միջոցառումներ, մասնակցում է համապետական, մարզային, համայնքային մշակութային միջոցառումներին,

բ. հանդես է գալիս հանրային մշակութային նախաձեռնություններով,

գ. հանդես է գալիս որպես համայնքային կրթամշակութային կենտրոն,

դ. իրականացնում է ընթերցանության խթանման, երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումներ և նախաձեռնություններ:

8. Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունները կարգավիճակի փոփոխման համար կարող են հայտ ներկայացնել լիազորված մարմին սույն կարգի 9-րդ կետով սահմանված ընթացակարգով: Կարգավիճակի փոփոխման հայտադիմումները դիտարկվում են սույն կարգով սահմանված նախապայմանների և չափանիշների համաձայն և ընթացակարգով:

9. Օրենքի և սույն կարգի նախապայմաններին և չափանիշներին բավարարող մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը կարգավիճակ ստանալու նպատակով կարող է հայտ ներկայացնել լիազորված մարմին: Հայտատուն հայտը ներկայացնում է նախարարի անունով` նշելով մշակութային ոչ առևտրային կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և մշակութային ոչ առևտրային կազմակերպության գործունեության ոլորտը (ոլորտները): Հայտի հետ ներկայացվում են նաև կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները, օրենքի և սույն կարգի նախապայմաններին և չափանիշներին բավարարելու վերաբերյալ այլ փաստաթղթեր և նյութեր (համաձայնագրեր, հուշագրեր, շնորհակալագրեր, պատվոգրեր, երաշխավորագրեր, լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, պաստառներ և լուսաբանման հղումներ): Հայտը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով (լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին):

10. Հայտն ընդունում է լիազորված մարմնի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում), որն ուսումնասիրում է ներկայացված հայտը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում ստորաբաժանումն ուսումնասիրում է մշակութային ոչ առևտրային կազմակերպության կողմից ներկայացված հայտի փաստաթղթերի փաթեթի ամբողջականությունն ու իսկությունը:

12. Եթե ստորաբաժանումը սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքներն ամփոփելուց հետո, պարզում է, որ տվյալ հայտը բավարարում է սույն կարգի 8-րդ կետի պահանջներին, ապա 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում հայտն ու դրա ուսումնասիրության արդյունքի մասին գրավոր տեղեկանքը ներկայացվում են նախարարին:

13. Նախարարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի նիստ, որը հայտի (հայտերի) քննարկման արդյունքում՝ ձայների պարզ մեծամասնության քվեարկությամբ կայացնում է մշակութային ոչ առևտրային կազմակերպությանը կարգավիճակ շնորհելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկություն ներկայացնելու որոշումը:

14. Հանձնաժողովի նիստ հրավիրելու դեպքում, նախարարի հանձնարարությամբ, կառուցվածքային ստորաբաժանումը նիստի հրավիրման օրվանից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ հանձնաժողովի անդամներին իրազեկում է հանձնաժողովի նիստի հրավիրման, տեղի, ժամի մասին` նրանց տրամադրելով նիստի օրակարգը և համապատասխան նյութերը՝ էլեկտրոնային փոստի միջոցով:

15. Հանձնաժողովի կողմից հայտը բավարարվելու դեպքում, «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ շնորհելու համար, լիազորված պետական մարմինը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն՝ ոչ առևտրային կազմակերպությանը «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ շնորհելու մասին:

16. Ներկայացված հայտը հանձնաժողովի կողմից մերժվում է, եթե մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը չի համապատասխանում սույն կարգի նախապայմաններին և չափանիշներին:

17. Մշակութային ոչ առևտրային կազմակերպությանը կարգավիճակ շնորհելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկություն ներկայացնելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո, լիազորված մարմինը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է հայտատուին ընդունված որոշման վերաբերյալ՝ կցելով հանձնաժողովի որոշման պատճենը:

18. Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակի փոփոխությունը («տեղային» կարգավիճակից «տարածքային» կամ «տարածքային» կարգավիճակից «համապետական») իրականացվում է սույն կարգով սահմանված կարգավիճակի շնորհման ընթացակարգով։

19. Մշակութային ոչ առևտրային կազմակերպության «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակը կարող է դադարեցվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ լիազորված մարմնի առաջարկությամբ։ Կարգավիճակի դադարեցման առաջարկը կարող է ներկայացվել, եթե լիազորված մարմնի վերահսկողության արդյունքում իրականացված ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա պարզվել է, որ մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը՝

1) այլևս չի համապատասխանում սույն կարգով սահմանված նախապայմաններին և չափանիշներին.

2) դադարեցրել է իր գործունեությունը կամ գործունեության իրականացումը հակասում է օրենքի պահանջներին.

3) խախտել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սեփական կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները կամ պարտականությունները.

4) ներկայացրել է կեղծ կամ անվավեր տվյալներ կարգավիճակ ստանալու կամ պահպանելու ընթացքում:

20. Լիազորված մարմինը մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվությունների, վերահսկողության արդյունքների կամ ստացված տեղեկատվության հիման վրա կարող է նախաձեռնել հանձնաժողովի նիստ՝ սույն կարգի 3-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված ընթացակարգով։ Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվում են տվյալ կազմակերպության գործունեության արդյունքները և տրված կարգավիճակի պահպանման հիմնավորվածությունը։ Եթե հանձնաժողովը ձայների պարզ մեծամասնությամբ որոշում է, որ կազմակերպությունը չի բավարարում սույն կարգով սահմանված պահանջներին, լիազորված մարմինը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է տվյալ կազմակերպությանը կարգավիճակի դադարեցման կամ փոփոխելու («համապետական» կամ «ազգային» կարգավիճակից «տարածքային» կամ «տարածքային» կարգավիճակից «տեղային») վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ: Լիազորված մարմինը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն՝ տվյալ կազմակերպության «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակը դադարեցնելու կամ փոփոխելու մասին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մարտի 2026 թվական: