ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ1/0288/13/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.08.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.08.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա. Մաթևոսյան

ԵԴ1/0288/13/23

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

Կ. Հովհաննիսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

լ. թադևոսյանի

 

5 օգոստոսի 2025 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 16 որոշման դեմ վերջինիս և փաստաբան Լ.Հայրապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 9-ի դատավճռով Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 13 (տասներեք) տարի ժամկետով։ Պատժի սկիզբը հաշվվել է 2014 թվականի մայիսի 10-ից:

‎‎2018 թվականի դեկտեմբերի 10-ին «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա դատապարտյալ Ս.Գրիգորյանի պատժաչափը կրճատվել է 9 (ինը) ամսով և վերջնական պատիժ է սահմանվել՝ ազատազրկում 12 (տասներկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով։

2. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մայիսի 31-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը բավարարվել է, և դատապարտյալ Ս.Գրիգորյանը պատժի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդությամբ տառապելու հիմքով ազատվել է պատժի չկրած՝ 4 (չորս) տարի 2 (երկու) ամիս 8 (ութ) օր ժամկետով մասը կրելուց։

2.1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ դատախազի, տուժողի իրավահաջորդ Գ.Լավչյանի և նրա ներկայացուցիչ Վ.Սիմոնյանի վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել և փոփոխել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մայիսի 31-ի որոշումը՝ մերժելով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը։

2.2. Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի մարտի 28-ի որոշմամբ Ս.Գրիգորյանի փաստաբաններ Լ.Հայրապետյանի և Ա.Ղազարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

3. 2023 թվականի մայիսի 5-ին Ս.Գրիգորյանը պատժի հետագա կրման նպատակով տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

4. 2023 թվականի դեկտեմբերի 26-ին փաստաբաններ Լ.Հայրապետյանը և Ա.Ղազարյանը դատապարտյալ Ս.Գրիգորյանին ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

 4.1. 2024 թվականի հունվարի 15-ին Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել դատապարտյալ Ս.Գրիգորյանի նկատմամբ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որի կատարումը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարության բժշկական փորձաքննությունների միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձագետներին։

4.2. 2024 թվականի ապրիլի 12-ին Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել դատապարտյալ Ս.Գրիգորյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որի կատարումը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետներին։

5. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ՝ փաստաբաններ Լ.Հայրապետյանի և Ա.Ղազարյանի` Ս.Գրիգորյանին ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։

6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ փաստաբան Լ.Հայրապետյանի բողոքը մերժվել է։

7. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Լ.Հայրապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

8. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար։

8.1. Բողոքաբերը, վերլուծելով վերաբերելի օրենսդրական կարգավորումները, նշել է, որ ծանր հիվանդության հետևանքով դատապարտյալին պատժից ազատելու հարցի լուծման համար բժշկական փորձաքննություն իրականացնելու և եզրակացություն տալու իրավասությամբ օժտված է բացառապես ՀՀ արդարադատության նախարարության միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատաբժշկական փորձաքննություն նշանակվում է քրեական վարույթի (գործի) համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով։ Բողոքաբերի պնդմամբ` ստորադաս դատարանները, Ս.Գրիգորյանին ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու հարցը լուծելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելով և այդ փորձաքննության եզրակացությունը հիմք ընդունելով, թույլ են տվել դատական սխալ։

9. Բողոքաբերը, անդրադառնալով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության դիրքորոշմանը՝ Ս.Գրիգորյանի հիվանդություններն արձանագրված հետընթաց զարգացում չունենալու պատճառաբանությամբ կրկին փորձաքննություն չիրականացնելուն, նշել է, որ մեկ անգամ եզրակացություն տալուց հետո կրկին եզրակացություն տրամադրելուց հրաժարվելու պրակտիկան նախատեսված չէ ո՛չ օրենքով, ո՛չ որևէ այլ ենթաօրենսդրական ակտով, ինչն իրավական փակուղի է առաջացնում։

10. Բողոքաբերը նաև փաստել է, որ դատաբժշկական փորձաքննությունը կատարվել է ոչ ձեռնհաս փորձագետների կողմից, այն թերի է, չհիմնավորված և խախտում է Ս.Գրիգորյանի՝ որպես հաշմանդամություն ունեցող անձի մասնագիտացված բուժման և խնամքի իրավունքը։

11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

12. ՀՀ արդարադատության նախարարության միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Միջգերատեսչական բժշկական հանձնաժողով)՝ 2022 թվականի մայիսի 17-ի եզրակացության համաձայն՝ «(…) Ս.Գրիգորյանի ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի 10-րդ կետի, այն է՝ «Շաքարային դիաբետ ծանր ընթացքով, զգալի արտահայտված բարդություններով» 5) կետին, այն է՝ «դիաբետիկ պրեպրոլիֆերատիվ և պրոլիֆերատիվ ռետինոպաթիայով, [որի] բուժումը հնարավոր չէ իրականացնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում»1։

13. «Տոնոյան» բժշկական կենտրոնի կողմից տրամադրված՝ թիվ 257 տեղեկանքի համաձայն, 2023 թվականի հունիսի 20-ին Ս.Գրիգորյանը ենթարկվել է բժշկական զննության, որի արդյունքում արձանագրվել է, որ «Համեմատած վերջին զննման հետ, հիվանդի առողջական վիճակի մեջ դիտվում է զգալի բացասական դինամիկա (…)», և որ «Հաշվի առնելով հիվանդի ներկա վիճակը (մեծ քանակի բարդությունների առկայությունը), մեծ քանակի դեղերի համատեղ ճշգրիտ ընդունելու կարևորությունը, անհրաժեշտ է բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում (…)»2:

13.1. Տոնոյան բժշկական կենտրոնի կողմից տրամադրված՝ թիվ 286 տեղեկանքի համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 1-ին դատապարտյալ Ս.Գրիգորյանը կրկին ենթարկվել է բժշկական զննության, որի արդյունքում արձանագրվել է, որ «Համեմատած վերջին զննման հետ (20.06.2023թ), հիվանդի առողջական վիճակի մեջ դիտվում է զգալի բացասական դինամիկա (…)», և որ «Հաշվի առնելով հիվանդի ներկա վիճակը (մեծ քանակի բարդությունների առկայությունը), գտնվելու վայրը, մեծ քանակի դեղերի համատեղ ճշգրիտ ընդունելու կարևորությունը, անհրաժեշտ է կազմակերպել պլանային հետազոտություն և բուժում ստացիոնար պայմաններում (…)։ Ստացիոնար դուրս գրվելուց հետո անհրաժեշտ է կազմակերպել հետևողական շարունակական ամբուլատոր բուժումը, այլապես հիվանդի առողջական վիճակում կարող ենք ունենալ անդառնալի փոփոխություններ»3։

14. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» բժշկական ստորաբաժանման ղեկավարի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի տեղեկանքի համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ս.Գրիգորյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ստացել է խորհրդատվություն բժիշկ-մաշկաբանի կողմից, ով ախտորոշել է «Տարածուն նեյրոդերմիտ»4։

15. Ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու հիմքով պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ Ս.Գրիգորյանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի դիմումին5 ի պատասխան՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Մանուկյանը 2023 թվականի հուլիսի 25-ի գրությամբ պատասխանել է, որ. «(...) [Ս.Գրիգորյանի] ախտորոշումների համապատասխանությունը ՀՀ կառավարության կողմից 26.05.2006թ.-ին ընդունված թիվ 825-Ն որոշման՝ պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին 17.05.2022թ.-ին արդեն իսկ քննարկվել է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից (…)»6:

16. 2023 թվականի հոկտեմբերի 16-ին փաստաբան Լ.Հայրապետյանը դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով դատապարտյալ Ս.Գրիգորյանին պատժից ազատելու հարցը քննարկելու նպատակով կրկին դիմել դատարան: Նշված դիմումի մեջ Լ.Հայրապետյանը բարձրացրել է այն հարցը, որ. «(…) Սերգեյ Գրիգորյանն ունի պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն, այդ հանգամանքը հաստատված է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, նոր միջգերատեսչական բժշկական հանձնաժողով չի հրավիրվում՝ հղում անելով արդեն իսկ առկա և դեռևս գործող եզրակացությանը, սակայն Սերգեյ Գրիգորյանը չի կարողանում օգտվել յուրաքանչյուր դատապարտյալի համար երաշխավորված հիվանդության հետևանքով պատժից ազատվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու և այդ դիմումը քննության առարկա դառնալու իրավունքից»7։

16.1. Նշված դիմումին ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը 2023 թվականի հոկտեմբերի 18-ի գրությամբ հայտնել է, որ. «(…) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո՝ 05.05.2023թ. հետագա պատիժը կրելու համար ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանի վերաբերյալ միջգերատեսչական բժշկական եզրակացություն չի ներկայացվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որպիսի պայմաններում է միայն հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդությունը օրենքով սահմանված կարգով ներկայացվում դատարան»8։

17. Ս.Գրիգորյանի փաստաբան Լ.Հայրապետյանը 2023 թվականի նոյեմբերի 14-ին դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ խնդրելով հայտնել, թե «(…) ինչպես պետք է վարվի դատապարտյալ Սերգեյ Գրիգորյանը (…) որպեսզի դատարանի կողմից քննության առարկա դառնա հիվանդության հետևանքով (…) [վերջինիս] պատժից ազատելու միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ ինչպես քրեակատարողական հիմնարկին, այնպես էլ նման միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեցող մյուս սուբյեկտներին այդ հնարավորությունը տրվում է բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիրքորոշման համաձայն՝ նման հանձնաժողով հրավիրելու անհրաժեշտություն առկա չէ»9:

17.1. Վերոնշյալ դիմումի առնչությամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը 2023 թվականի նոյեմբերի 28-ի գրությամբ հայտնել է, որ. «(...) Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանի ախտորոշման մասով անփոփոխ է, ուստի նոր եզրակացություն կայացնելու անհրաժեշտություն չկա»10։

18. Փաստաբաններ Լ.Հայրապետյանի և Ա.Ղազարյանի՝ դատապարտյալ Ս.Գրիգորյանին ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդության քննության շրջանակում Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունվարի 15-ին որոշում է կայացրել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, համաձայն որի՝ «(…) Դատապարտյալի և նրա փաստաբանների կողմից նոր եզրակացություն ստանալու գործուն միջոցներից օգտվելու առերևույթ անհնարինության և ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի՝ 2023 թվականի նոյեմբերի 28-ի գրությամբ Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի՝ 2022 թվականի մայիսի 17-ի եզրակացությունը վերահաստատելու պայմաններում, այդ վերահաստատումը պետք է դիտել դատապարտյալ Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 28-ին տրված նոր եզրակացություն:

Դատապարտյալի առողջական վիճակի առերևույթ բացասական դինամիկան և Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի՝ 2022 թվականի մայիսի 17-ի եզրակացության բովանդակության հնարավոր փոփոխության վերաբերյալ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի ներկայացուցչի բացատրությունները, ըստ էության, կասկածի տակ են դնում վերահաստատված եզրակացությունը: Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 28-ի եզրակացությունն այլևս թերի է, քանի որ դրանում հաշվի չեն առնվել դատապարտյալ Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանի առողջական վիճակի փոփոխության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, որոնք հնարավոր է հանգեցնեին եզրակացության փոփոխությանը, հետևաբար առկա է լրացուցիչ դատաբաժշկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն:

Ինչ վերաբերում է հիվանդության հետևանքով դատապարտյալին պատժից ազատելու հարցի քննարկման ժամանակ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու օրենսդրական հնարավորությանը՝ Դատարանը գտնում է, որ անձի առողջական վիճակով պայմանավորված հարցի քննարկման հրատապության պայմաններում անհրաժեշտ է կիրառել քրեադատավարական օրենքի անալոգիա և ղեկավարվել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու կարգն ու պայմանները սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով (…)»11:

18.1. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի մարտի 18-ին գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ նշելով, որ. «(...) [Ս.Գրիգորյանին] հիվանդության հետևանքով պատժից ազատելու հարցի քննարկումն ունի որոշակի հրատապություն, խնդրում եմ հնարավոր սեղմ ժամկետներում դատարանին հայտնել դատապարտյալ[ի] (…) նկատմամբ նշանակված լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ընթացքի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն»12։

18.2. Ի պատասխան նշված գրության՝ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Մանուկյանը 2024 թվականի ապրիլի 8-ի գրությամբ պատասխանել է, որ. «(...) [Դ]ատաբժշկական փորձաքննություն իրականացնելը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության բժշկական փորձաքննությունների միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի իրավասությունից։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արդարադատության նախարարության բժշկական փորձաքննությունների միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանի նկատմամբ բժշկական փորձաքննություն չի կարող իրականացվել»13։

19. Դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 12-ին որոշման համաձայն՝ «(...) Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունը փաստացի չի կատարվել և չեն պարզվել վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանի առողջության վիճակը և նրա մոտ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդության(ների) և/կամ դրանց համակցության առկայությունը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում նրա խնամքն ու բուժումը կազմակերպելու հնարավորությունը պարզելու նպատակով պետք է նշանակել դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը պետք է հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետներին»14։

19.1. 2024 թվականի ապրիլի 30-ին ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գ.Հարությունյանը գրությամբ դիմել է Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով դիրքորոշում հայտնել 2024 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ նշանակված փորձաքննությունը՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմով իրականացնելու վերաբերյալ15։

19.2. Առաջին ատյանի դատարանը՝ 2024 թվականի մայիսի 22-ի պատասխան գրությամբ չի առարկել նշանակված փորձաքննությունը ցանկացած կազմով անցկացնելու վերոնշյալ առաջարկին16։

19.3. Նշանակված դատաբժշկական փորձաքննությունը կատարել են ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գ.Հարությունյանը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Ն.Բաբայանը17։

19.4. ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության՝ 2024 թվականի հուլիսի 17-ի թիվ 262/հձ եզրակացության համաձայն՝ «(…) Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանի վերաբերյալ սույն փորձաքննության ընթացքում հիմնավորված ախտորոշման մեջ արտացոլված հիվանդությունները՝ ոչ, չեն համապատասխանում ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշմամբ սահմանված «Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների խանգարումներ, վիճակներ/» կողմնորոշիչ ցանկում ընդգրկված հիվանդություններին և համատեղելի են վերջինիս նկատմամբ անազատության հետ կապված պատժի կիրառման հետ:

Ներկայիս առողջական վիճակով Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանի բժշկական խնամքն ու բուժումը հնարավոր է իրականացնել քրեակատարողական հիմնարկում կամ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստորաբաժանումներում՝ նշված գործընթացում կատարելով ներզատաբանի, սրտաբանի, ակնաբույժի խորհրդատվություններ (…)»18։

20. Առաջին ատյանի դատարանի՝ Ս․Գրիգորյանին հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ փաստաբաններ Լ.Հայրապետյանի և Ա.Ղազարյանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշման հանաձայն՝ «(...) 1. Դատապարտյալ Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանի մոտ չի ախտորոշվել այնպիսի հիվանդություն և նրա մոտ նախկինում ախտորոշված հիվանդությունները չեն ունեցել այնպիսի բացասական դինամիկա, որոնք կհանգեցնեին պատիժը կրելու անհնարինության։

2. Դատապարտյալ Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանի ֆիզիկական առողջության պահպանումը և բուժումը հնարավոր է իրականացնել քրեակատարողական հիմնարկում և/կամ դրա առանձին ստորաբաժանումներում։ Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ չի հիմնավորվել դատապարտյալ Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանի կողմից հիվանդության հետևանքով պատիժը կրելու անհնարինությունը և նրան պատժից ազատելու անհրաժեշտությունը»19:

21. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշումը, արձանագրել է հետևյալը. «(...) [Ա]ռկա եզրակացության հիմքով ներկայացված միջնորդության հիման վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում, Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գտել է, որ պետք է նշանակել նոր դատաբժշկական փորձաքննություն՝ անձի հիվանդության ծանրության աստիճանը, պատժի կրման հետ անհամատեղելիությունը պարզելու համար։ Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ նախորդիվ նշվածը առավել հիմնավորվում է այն փաստով, որ ՀՀ քրեական (...) օրենսգիրքը, ի տարբերություն նախկինի՝ անձի պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության առկայությունը փաստելու պարտադիր պայման է համարում դատաբժշկական փորձաքննության եզրակացության առկայությունը, մինչդեռ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ նշվում է միայն բժշկական եզրակացության մասին։ Բացի այդ, ի տարբերություն նախկին քրեադատավարական կարգավորումների, երբ ծանր հիվանդության առկայության դեպքում պատժի հետագա կրման հարցի լուծումը թողնված էր դատարանի հայեցողությանը և պետք է որոշում կայացվեր մի շարք հանգամանքների համակողմանի գնահատման արդյունքում, ներկա (...) կարգավորումները մի կողմից իմպերատիվ պահանջ են ներկայացնում նման հիվանդության դեպքում անձին հետագա պատժի կրումից ազատելու վերաբերյալ, մյուս կողմից պարտադիր պայման են նախատեսում դատաբժշկական փորձաքննության եզրակացության առկայության։ Նման պայմաններում, Առաջին ատյանի դատարանը, իրավացիորեն միջոցներ է ձեռնարկել դատաբժշկական փորձաքննություն կատարելու, իսկ նշված հանձնաժողովի կողմից, ըստ էության դատաբժշկական փորձաքննությունն իրականացնելուց հրաժարվելուց հետո (որի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը համապատասխան գրություն է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարին), ղեկավարվելով առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ՀՀ քրեական (...) օրենսգրքով, որով, ինչպես նշվեց, պահանջվում է դատաբժշկական փորձաքննության եզրակացության առկայություն, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն և դրա կատարումը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնին, որտեղ, միջգերատեսչական հանձնաժողովի կազմով իրականացվել է փորձաքննությունը և 22.07.2024թ. ստացվել է թիվ 262/հձ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։

(…) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի՝ վիճարկվող որոշմամբ արձանագրված հետևություններին և փաստում, որ սույն գործի փաստական տվյալները բավարար չեն արձանագրելու, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ինստիտուտի կիրառման՝ հիվանդության հետևանքով դատապարտյալին պատժից ազատելու հիմքերը։

Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության եզրակացությունն ունի ապացուցողական բարձր չափանիշ, որը չի կարող գնահատվել ավելի նվազ, քան որևէ դատավարության մասնակցի դիրքորոշումը, իսկ նրանց կողմից կատարված փորձաքննությունը հիմք չընդունելու հիմքեր չկան՝ վերը նշված հիմնավորումների համատեքստում (...)»20։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

22. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է իրավունքի զարգացման գործառույթի իրացմամբ: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիվանդության հետևանքով պատժից ազատելու հիմքի առկայությունը որոշելու կարգի, մասնավորապես դատաբժշկական փորձաքննություն նշանակելու իրավաչափության հարցի առնչությամբ առկա է նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք ուղղորդող նշանակություն կունենան նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

23. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք հիվանդության հետևանքով Ս.Գրիգորյանին պատժից ազատելու հարցը լուծելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և այդ փորձաքննության եզրակացության հիման վրա պատժից ազատելու միջնորդությունը մերժելու մասին ստորադաս դատարանների որոշումները:

24. ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Պատժի կատարման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերից, պատիժների կատարման ու պատժից ազատելու կարգն ու պայմանները կարգավորող օրենքներից, ինչպես նաև իրավական այլ ակտերից (...)»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակները և խնդիրները» վերտառությամբ՝ 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «(...) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը սահմանում է (…) պատժից ազատելու (…) կարգը (…)»:

24.1. Վերոշարադրյալ իրավական նորմերի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը, նախ, անդրադառնալով քրեակատարողական օրենսդրության հասկացությանը, նպատակներին ու խնդիրներին, արձանագրում է, որ քրեակատարողական օրենսդրությունը պատիժների կատարման ու կրման, դատապարտյալների նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի (օրենքներ և ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր) համակարգ է: Թեև քրեակատարողական օրենսդրությունը բաղկացած է ոչ միայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքից, այլև այլ նորմատիվ իրավական ակտերից, քրեական բոլոր պատժատեսակների կատարումը և կրումը կարգավորող հիմնական իրավական ակտը ՀՀ քրեակատարողական օրենսգիրքն է, իսկ այլ նորմատիվ իրավական ակտերը միայն լրացնում և զարգացնում են օրենսգրքի առանձին դրույթները։

24.2. Այս առնչությամբ կարևոր է քրեական պատժի հետ կապված հասարակական հարաբերությունները կարգավորող քրեական և քրեակատարողական օրենսգրքերի՝ իրավական կարգավորման առարկայի հարաբերակցության պարզումը: Խնդիրն այն է, որ եթե պատիժների նշանակումը կարգավորվում է քրեական, պատժի կատարումն ու կրումը՝ քրեակատարողական, ապա պատժից ազատելը՝ և՛ քրեական, և՛ քրեակատարողական օրենսդրությամբ։

Այսպես, ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատժի հասկացությունը, տեսակները և պատժատեսակներից յուրաքանչյուրը նշանակելու կանոնները, ինչպես նաև պատժից կամ դրա հետագա կրումից ազատելու հիմքերն ու պայմանները: Իսկ պատժից ազատելու կարգը նախատեսված է ՀՀ քրեակատարողական օրենսգրքով։ Այսպիսով, թեև թե՛ ՀՀ քրեական և թե՛ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը կարգավորում են պատժից ազատելու ինստիտուտը, սակայն քրեական իրավունքը, որպես իրավունքի նյութական ճյուղ, կոչված է կարգավորելու այս ինստիտուտի նյութական բովանդակությունը, իսկ քրեակատարողական օրենսդրությունը՝ դրա կիրառման ընթացակարգային կողմը: Այլ կերպ՝ պատժից ազատելու ինստիտուտի իրավական կարգավորման առարկայի սահմանազատման առումով քրեաիրավական և քրեակատարողական օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն այն հաշվով, որ քրեակատարողական իրավունքը` որպես ընթացակարգային իրավունք, նյութական (քրեական) իրավունքի իրականացման ձև է, այդ թվում՝ քրեական պատիժների կատարման կամ պատժից կամ դրա հետագա կրումից ազատելու մասով։

25. ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 4. Եթե դատավճիռ կայացնելուց հետո անձի մոտ ի հայտ է եկել այնպիսի այլ հիվանդություն, որն անհնարին է դարձնում պատիժ կրելը, ապա դատարանը դատաբժշկական փորձաքննության հիման վրա նրան ազատում է պատիժը կրելուց: Անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը, բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, հնարավոր է դարձնում պատժի կատարումը, դատարանը որոշում է կայացնում անձին ուղարկել պատիժը կրելու:

5. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում անձի առողջական վիճակի փոփոխության հարցը բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովը քննության է առնում 6 ամիսը մեկ պարբերականությամբ (…)»։

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «(...) Քրեակատարողական հիմնարկներում հիվանդության հետևանքով պատժից ազատելու (…) հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը և կազմը»:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդությունը օրենքով սահմանված դեպքերում դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը՝ բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Միջնորդության հետ միաժամանակ ներկայացվում են համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը և դատապարտյալի անձնական գործը (...)»։

ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» թիվ 1636-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ծանր հիվանդության հետևանքով, բացի հոգեկան առողջական վիճակին վերաբերող խնդիրներից, պատժից ազատելու նպատակով բժշկական փորձաքննությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմում, պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից բացի, որպես անդամ ընդգրկվում են նաև մեկական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից: Հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ»։

ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն (հիվանդությունների կողմնորոշիչ ցանկը փոփոխության է ենթարկվել ՀՀ Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի 1092-Ն որոշմամբ) որոշման 90-րդ կետի համաձայն՝ «Բժշկական հանձնաժողովի գործառույթներն են՝

1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կալանավորված անձի ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն տալը.

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տալը: (…)»:

25.1. Վերոշարադրյալ քրեակատարողական նորմերի վերլուծությունից բխում է, որ այդպիսիք սահմանում են պատժից հիվանդության հետևանքով ազատելու ընթացակարգը, ի թիվս այլնի, հստակեցնելով, որ պատժից ազատելու հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատվում են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ, և որ հիվանդության հետևանքով պատժից ազատելու հարցը քննարկելու վերաբերյալ իրավասու մարմնի կամ այլ պատշաճ սուբյեկտի կողմից համապատասխան միջնորդությունը դատարան է ներկայացվում՝ բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Ընդ որում, ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան հանձնաժողովի ստեղծման կարգն ու լիազորությունները՝ այդ թվում, հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տալու, նախատեսված են ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշումներով։ Այսպիսով, ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը՝ որպես պատժի կատարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտ, սահմանում է հիվանդության հետևանքով պատժից ազատելու կարգը, այդ թվում՝ միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտներին, միջնորդության ներկայացման ժամկետները և միջնորդությանը կցվող նյութերը։ Իսկ ՀՀ Կառավարության կողմից ընդունված վերոնշյալ որոշումները՝ որպես քրեակատարողական օրենսդրության բաղկացուցիչ մաս կազմող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, մանրամասնում են ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովների կազմավորման և գործունեության առանձնահատկությունները։

25.2. Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ՝ 87-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ պատժից ազատելու հարցը լուծելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ եթե միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու կարգն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշումներով, ապա պատժի կատարման փուլում դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հարցը որևէ նորմատիվ իրավական ակտով կարգավորված չէ։ Թեև փորձաքննություն նշանակելը՝ որպես ապացուցողական գործողություն, նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, սակայն քրեադատավարական կանոնները պատժի կատարման փուլում կիրառման ենթակա չեն։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթն ավարտվում է`

1) քրեական վարույթը կարճելու մաuին որոշումն ուժի մեջ մտնելով.

2) եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելով, եթե այն կատարման հանձնելու համար հատուկ միջոցների ձեռնարկում չի պահանջվում.

3) եզրափակիչ դատական ակտը կատարման հանձնելով»:

Վերոշարադրյալ քրեադատավարական նորմն ուղղակիորեն սահմանում է քրեական վարույթի ավարտման պահը՝ հստակ նախատեսելով, որ դատական ակտի կատարումը քրեական դատավարության փուլ չէ, քանի որ քրեական վարույթն ավարտվում է եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելով կամ այն կատարման հանձնելով (եթե դրա համար անհրաժեշտ է ձեռնարկել հատուկ միջոցներ)։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ դատական վարույթի այլ պայմանները սահմանող՝ 36-րդ գլխում, ի թիվս այլնի, սոսկ ամրագրվել են միայն վարութային բնույթ ունեցող առանձին դրույթներ, ինչպիսիք են դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը (281-րդ հոդված), դատավճիռը կատարման հանձնելը (282-րդ հոդված), ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի անհստակությունների լուծումը (283-րդ հոդված)։ ՀՀ գործող քրեադատավարական կարգավորումների ուժով դատական ակտերի կատարման փուլը դուրս է մնացել քրեական վարույթի շրջանակից, քանի որ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հիմնավորման համաձայն՝ լուծված սկզբունքային խնդիրներից մեկը հենց քրեական դատավարության կարգավորման առարկայի ճշգրտումն էր, մասնավորապես՝ քրեական դատավարության բաղկացուցիչ մաս չկազմող՝ քրեակատարողական ոլրտին վերաբերող դրույթների դուրսբերումը քրեական դատավարության օրենսգրքից: Հետևաբար, դատական ակտի կատարման փուլում ծագած՝ հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու հարցի քննարկումը դուրս է քրեական վարույթի, ուստի և քրեական դատավարության կարգավորման առարկայի շրջանակից, և դրա նկատմամբ կիրառելի չեն փորձաքննություն նշանակելու վերաբերյալ քրեադատավարական կարգավորումները:

25.3. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիվանդության հետևանքով պատժից ազատելու կարգի նկատմամբ կիրառելի են քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու վերաբերյալ կարգավորումները։ Այսինքն, պատժից ազատելու հիմք ծառայող՝ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված հիվանդության առկայության մասին եզրակացությունը կարող է տրամադրել ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» թիվ 1636-Ն որոշմամբ սահմանված կազմը՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան հանձնաժողովը:

26. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի՝ 2022 թվականի մայիսի 17-ի եզրակացության համաձայն՝ Ս.Գրիգորյանի մոտ ախտորոշվել է պատժի կրմանը խոչընդոտող՝ ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 10-րդ կետով նախատեսված՝ «Շաքարային դիաբետ ծանր ընթացքով, զգալի արտահայտված բարդություններով»21,

- Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մայիսի 31-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը բավարարվել է, և դատապարտյալ Ս.Գրիգորյանը պատժի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդությամբ տառապելու հիմքով ազատվել է պատժի հետագա կրումից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել և փոփոխել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մայիսի 31-ի որոշումը՝ մերժելով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը22,

- 2023 թվականի մայիսի 5-ին պատժի հետագա կրման նպատակով քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո23 դատապարտյալ Ս.Գրիգորյանը 2023 թվականի հունիսի 20-ին և 2023 թվականի օգոստոսի 1-ին ենթարկվել է բժշկական հետազոտությունների, որոնց արդյունքում յուրաքանչյուր անգամ արձանագրվել է նախորդ հետազոտության հետ համեմատած՝ անձի առողջական վիճակի բացասական դինամիկա, ինչպես նաև հաշվի առնելով բարդությունների առկայությունը՝ նշվել է բուժումը ստացիոնար պայմաններում շարունակելու անհրաժեշտության մասին24։ Բացի այդ, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում բժիշկ-մաշկաբանի կողմից ստացած խորհրդատվության արդյունքում դատապարտյալի մոտ ախտորոշվել է «Տարածուն նեյրոդերմիտ»25,

- Ս.Գրիգորյանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի և վերջինիս ներկայացուցիչ Լ.Հայրապետյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 14-ի դիմումներին ի պատասխան, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Մանուկյանը հայտնել է, որ. Ս.Գրիգորյանի ախտորոշումները համապատասխանում են ՀՀ Կառավարության կողմից սահմանված՝ պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին, ինչը 2022 թվականի մայիսի 17-ին արդեն իսկ քննարկվել է Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից, և որ Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը՝ Ս.Գրիգորյանի ախտորոշման մասով, անփոփոխ է, ուստի նոր եզրակացություն կայացնելու անհրաժեշտություն չկա26,

- Ս.Գրիգորյանին հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդության քննության շրջանակում Առաջին ատյանի դատարանը՝ 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ, նշանակել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության բժշկական փորձաքննությունների միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձագետներին27,

- Առաջին ատյանի դատարանը՝ 2024 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից Ս.Գրիգորյանին կրկին փորձաքննության ենթարկելուց հրաժարվելու հանգամանքը, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական գիտագործնական կենտրոնի փորձագետներին28,

- ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գ.Հարությունյանն Առաջին ատյանի դատարանից դիրքորոշում է խնդրել՝ 2024 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ նշանակված փորձաքննությունը միջգերատեսչական հանձնաժողովի կազմով իրականացնելու վերաբերյալ, որին Առաջին ատյանի դատարանը չի առարկել29,

- 2024 թվականի հուլիսի 22-ին Առաջին ատյանի դատարան է ստացվել դատապարտյալ Ս.Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գ.Հարությունյանի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Ն.Բաբայանի կողմից կատարված միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության թիվ 262/հձ եզրակացությունը, համաձայն որի, ի տարբերություն Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի՝ 2022 թվականի մայիսի 17-ի եզրակացության, դատապարտյալ Ս.Գրիգորյանի մոտ չի ախտորոշվել այնպիսի հիվանդություն, որը կհանգեցներ պատիժը կրելու անհնարինության, և որ նախկինում ախտորոշված հիվանդությունները չեն ունեցել այնպիսի բացասական դինամիկա, որի պայմաններում նրա ֆիզիկական առողջության պահպանումը և բուժումը հնարավոր չէ իրականացնել քրեակատարողական հիմնարկում և (կամ) դրա առանձին ստորաբաժանումներում30,

- Առաջին ատյանի դատարանը նշված միջնորդության հիման վրա մերժել է պատժից ազատելու վերաբերյալ փաստաբաններ Լ.Հայրապետյանի և Ա.Ղազարյանի միջնորդությունը31,

- Վերաքննիչ դատարանը՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ մերժել է փաստաբանների վերաքննիչ բողոքը` ըստ էության համաձայնելով Առաջին ատյանի դատարանի հետևություններին և արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով՝ ՀՀ քրեական օրենսգրքով, և որ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության եզրակացությունն ունի ապացուցողական բարձր չափանիշ, որը չի կարող գնահատվել ավելի նվազ, քան որևէ դատավարության մասնակցի դիրքորոշումը, իսկ նրանց կողմից կատարված փորձաքննությունը հիմք չընդունելու հիմքեր չկան32։

27. Վերոշարադրյալ փաստերի վերլուծությունից բխում է, որ Ս.Գրիգորյանի՝ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու վերաբերյալ 2022 թվականի մայիսի 17-ին Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացություն տալուց հետո, վերջինիս առողջական վիճակում արձանագրվել է բացասական դինամիկա, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից արձանագրվել է նոր եզրակացություն տալու անհրաժեշտություն բացակայությունը, ինչով պայմանավորված, Ս.Գրիգորյանի ներկայացուցիչները դիմել են Առաջին ատյանի դատարան՝ հիվանդության հետևանքով պատժից ազատվելու դատապարտյալի իրավունքն իրացնելու համար: ՀՀ արդարադատության նախարարության միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության փոխարեն Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության շրջանակում, կիրառման ոչ ենթակա դատավարական նորմերի համաձայն՝ նշանակել է դատաբժշկական փորձաքննություն և ստացել ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գ.Հարությունյանի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Ն.Բաբայանի կողմից կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի հաշվառմամբ էլ մերժվել է Ս.Գրիգորյանին հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդությունը։

27.1․ Սույն որոշման 26-27-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 24-25․3-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ս.Գրիգորյանի մոտ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության առկայության հանգամանքը որոշելու համար դատաբժշկական փորձաքննություն նշանակելով և դրա կատարումը ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետներին հանձնարարելով, ստացված փորձաքննության եզրակացության հիման վրա Ս.Գրիգորյանին հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելով, խախտել են ՀՀ արդարադատության նախարարության միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա դատապարտյալին պատժից ազատելու հարցի քննարկման՝ ՀՀ քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված կարգը՝ կիրառելով փորձաքննություն նշանակելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ կիրառման ոչ ենթակա դատավարական նորմերը: Արդյունքում Ս.Գրիգորյանին հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդությունը մերժվել է՝ անտեսելով պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու վերաբերյալ 2022 թվականի մայիսի 17-ին իրավասու մարմնի՝ Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացություն տալուց հետո Ս․Գրիգորյանի առողջական վիճակում առկա բացասական դինամիկան:

27․2․ Վճռաբեկ դատարանն իրավաչափ չի համարում նաև այն, որ Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը հրաժարվել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 15-ի որոշմամբ նշանակված փորձաքննությունն իրականացնելուց, քանի որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն (2-րդ և 3-րդ մասեր): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը պարտավոր էր կատարել Առաջին ատյանի դատարանի որոշումը, բժշկական տեղեկանքներով դատապարտյալի առողջական վիճակում արձանագրված բացասական դինամիկայի հաշվառմամբ կրկին գնահատել նրա առողջական վիճակը՝ տալով իր իրավասության շրջանակներում քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված համապատասխան եզրակացությունը։

 27․3․ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիտարկմանը, որ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության եզրակացությունն ունի ապացուցողական բարձր չափանիշ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ դեպքում խնդիրը ոչ թե ստացված եզրակացության ապացուցողական չափանիշն է, այլ կիրառման ենթակա քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված կարգով միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության փոխարեն կիրառման ոչ ենթակա դատավարական նորմերով սահմանված կարգով դատաբժշկական փորձաքննություն նշանակելն ու դրա եզրակացությունը հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդության քննության հիմքում դնելը:

27․4․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ. «(…) Առաջին ատյանի դատարանը, իրավացիորեն միջոցներ է ձեռնարկել դատաբժշկական փորձաքննություն կատարելու, իսկ նշված հանձնաժողովի կողմից, ըստ էության դատաբժշկական փորձաքննությունն իրականացնելուց հրաժարվելուց հետո (...), ղեկավարվելով առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ՀՀ քրեական (...) օրենսգրքով, որով, ինչպես նշվեց, պահանջվում է դատաբժշկական փորձաքննության եզրակացության առկայություն, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն և դրա կատարումը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնին», Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգիրքը՝ իրավաբանական ուժի աստիճանի տեսանկյունից պետք է հարաբերակցեր ոչ թե ՀՀ Կառավարության որոշումների՝ որպես առանձին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի հետ, այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի հաշվառմամբ՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի հետ, որը կարգավորում է նաև պատժից ազատելու կարգն ու պայմանները՝ քրեակատարողական օրենսդրության բաղկացուցիչ մասը կազմող, ի թիվս այլնի՝ ՀՀ Կառավարության վերը հիշատակված՝ 1636-Ն և 825-Ն որոշումներով։

28. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիվանդության հետևանքով Ս.Գրիգորյանին պատժից ազատելու հարցը լուծելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և այդ փորձաքննության եզրակացության հիման վրա պատժից ազատելու միջնորդությունը մերժելու մասին ստորադաս դատարանների որոշումներն իրավաչափ չեն:

29. Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում բողոքաբերի սույն որոշման 11-րդ կետում մատնանշված փաստարկներին անդրադառնալը։

30. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելիս, թույլ են տվել նյութական օրենքի խախտում՝ սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածը, չեն կիրառել կիրառման ենթակա՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 135-րդ հոդվածը, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը փոփոխելու և Ս․Գրիգորյանին ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ փաստաբաններ Լ.Հայրապետյանի և Ա․Ղազարյանի միջնորդությունը բավարարելու համար՝ Ս.Գրիգորյանին ազատելով պատժի մնացած՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 8 (ութ) օր ժամկետով ազատազրկումը կրելուց:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Ս․Գրիգորյանին հիվանդության հետևանքով պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ որոշում կայացնելը բխում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 3-րդ հոդվածով նախատեսված՝ խոշտանգումների կամ անմարդկային կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի շրջանակում պետության պոզիտիվ պարտականությունների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) ձևավորած դիրքորոշումներից։ Այսպես, Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ հիվանդ անձի կալանավորումը կարող է խնդիրներ առաջացնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակում, ու թեև այս հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես առողջական վիճակի հիմքով կալանավորված անձանց ազատ արձակելու ընդհանուր պարտավորություն առաջացնող դրույթ, այնուամենայնիվ այն պետության համար առաջացնում է ազատությունից զրկված անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը՝ այդ թվում անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու միջոցով պաշտպանելու պարտականություն: Նույն վճռի համաձայն՝ ազատությունից զրկված բոլոր անձանց համար պետք է ապահովվեն այնպիսի պայմաններ, որոնք համատեղելի են նրանց արժանապատվությունը հարգելու հետ, նրանք չպետք է ենթարկվեն այնպիսի ծանրության տառապանքների կամ զրկանքների, որոնք գերազանցում են անազատության մեջ գտնվելուն ներհատուկ տառապանքի անխուսափելի աստիճանը, նրանց առողջությունն ու բարեկեցությունը պետք է պատշաճորեն պահպանվի, ի թիվս այլ միջոցների՝ անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու միջոցով՝ հաշվի առնելով ազատությունից զրկելու հետ կապված գործնական պահանջները33: Ընդ որում, անդրադառնալով անհրաժեշտ բժշկական օգնության տարրին՝ Եվրոպական դատարանը նշել է, որ ներպետական իշխանությունները պետք է երաշխավորեն արագ ու պատշաճ ախտորոշում ու խնամք34, իսկ երբ դա անհրաժեշտ է առողջական վիճակով պայմանավորված՝ պարբերաբար և համակարգային հսկողություն, որը ներառում է համապարփակ թերապևտիկ օգնություն, որն ուղղված է կալանավորի առողջական խնդիրների համարժեք բուժմանը կամ դրանց սրման կանխարգելմանը35։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը փոփոխել։

2. Սերգեյ Ալեքսանդրի Գրիգորյանին հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ փաստաբաններ Լ.Հայրապետյանի և Ա․Ղազարյանի միջնորդությունը բավարարել և Ս․Գրիգորյանին ազատել պատժի մնացած՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 8 (ութ) օր ժամկետով ազատազրկումը կրելուց։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

_________________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 18-19:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 30:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 31:

4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 40։

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 32։

6 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 35։

7 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 41-44:

8 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 45:

9 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 46-48:

10 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 49։

11 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 96-103։

12 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 113:

13 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 119:

14 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 145-149:

15 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 8:

16 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 18:

17 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 44։

18 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 44-55։

19 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 72-85։

20 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 69-74։

21 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։

22 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 2․1-րդ կետերը։

23 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

24 Տե՛ս սույն որոշման 13-րդ և 13.1-րդ կետը։

25 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը։

26 Տե՛ս սույն որոշման 15-րդ, 17-րդ և 17.1-րդ կետերը։

27 Տե՛ս սույն որոշման 18-րդ կետը։

28 Տե՛ս սույն որոշման 18․1-րդ, 18․2-րդ և 19-րդ կետերը։

29 Տե՛ս սույն որոշման 19․1-րդ և 19․2-րդ կետերը։

30 Տե՛ս սույն որոշման 19․3-րդ և 19․4-րդ կետերը։

31 Տե՛ս սույն որոշման 20-րդ կետը։

32 Տե՛ս սույն որոշման 21-րդ կետը։

33 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2015 թվականի մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 29736/06, կետեր 80-81:

34 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Hummatov v. Azerbaijan գործով 2007 թվականի նոյեմբերի 29-ի վճիռը, գանգատներ թիվ 9852/03 and 13413/04, կետ 115, Yevgeniy Alekseyenko v. Russia գործով 2011 թվականի հունվարի 7-ի վճիռը, գանգատ թիվ 41833/04, կետ 100, Gladkiy v. Russia գործով 2010 թվականի դեկտեմբերի 21-ի վճիռը, գանգատ թիվ 3242/03, կետ 84, Khatayev v. Russia գործով 2011 թվականի հոկտեմբերի 11-ի վճիռը, գանգատ թիվ 56994/09, կետ 85:

35 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Hummatov v. Azerbaijan վերը հիշատակված վճիռը, կետեր 109 և 114, Sarban v. Moldova գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 3456/05, կետ 79, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, կետ 211։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. ԹադևոՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական: