ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 329
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Չի գործում (03.06.1992-01.08.1996)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/6-7, հունիս, հուլիս 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 1992 թվականի N 329

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 2-ի N 168 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության աշխատանքներում բացահայտվել են լուրջ թերություններ: Բավարար մակարդակով չի ապահովվում թռիչքների անվտանգությունը և անհրաժեշտ կարգապահությունը, խոչընդոտներ են ծագում քաղաքացիական ավիացիայի այլընտրանքային ավիաձեռնարկությունների ստեղծման և շուկայական հարաբերությունների զարգացման բնագավառում:

Նման վիճակը հետևանք է նաև քաղաքացիական ավիացիայի գործունեությունը կարգավորող իրավական բազայի բացակայության, հանրապետությունում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական շրջափակումների, ինչպես նաև վառելիքային ճգնաժամի:

Լուրջ վերակառուցման կարիք ունի հանրապետության քաղաքացիական ավիացիայի գործող կառուցվածքը:

Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում ստեղծված իրավիճակը կարգավորելու և նրա հետագա զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բարեփոխումների ու նրա կառուցվածքի կատարելագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության կողմից ներկայացված հայեցակարգին (կոնցեպցիային):

Նշված հայեցակարգի իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ, համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` 1992 թվականի հուլիսի 10-ին շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանրապետության քաղաքացիական ավիացիայի նոր կառուցվածքի, օդանավի հրամանատարի և անձնակազմի կարգավիճակի վերաբերյալ իրավական ակտերի փաթեթը և նրա կանոնադրությունը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչությանը` միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 2-ի N 168 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկանքում նշված ֆինանսատնտեսական գործունեության, ուղևորների փոխադրման աշխատանքների կազմակերպման, ավիատոմսերի վաճառքի, բեռնափոխադրումների կազմակերպման, ռազմականացված պահպանության ծառայության գործունեության, թռիչքների անվտանգության ապահովման և այլ հարցերի վերաբերյալ թերություններն ու բացթողումները վերացնելու համար ու 20-օրյա ժամկետում արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության ուշադրությունը հրավիրել ինքնաթիռային պարկի համալրման և սարքինության, արտասահմանյան չվերթների կազմակերպման, ինչպես նաև կանխիկ գումարների գանձումը կարգավորելու հարցերի վրա:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչությանը` մինչև նոր կառուցվածքի անցնելը, ապահովել թռիչքների անվտանգությունը` գործող կանոններին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մինչև 1992 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տրանսպորտային օրենսդրության կատարելագործման, մասնավորապես, օդային տրանսպորտում իրավախախտումների համար քաղաքացիների և պաշտոնատար անձանց պատասխանատվության բարձրացման մասին:

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության առանձին կատեգորիայի աշխատողների երկարամյա ծառայության համար աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության տեսակների ցանկում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության անդամակցությունը ԱՊՀ-ի միջպետական ավիացիայի կոմիտեին և մինչև 1992 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչությանը` մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավական ակտերի ընդունումը, ղեկավարվել Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի անձնակազմի և հրամանատարի կարգավիճակի մասին նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ:

9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` հաստատել այն անձանց ցուցակը, ովքեր կարող են օգտվել պաշտոնական պատվիրակությունների ընդունման դահլիճի ծառայություններից:

10. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ուժեղացնել մաքսային ծառայությունների գործունեությունը հանրապետության օդանավակայաններում: 

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության 1992

թվականի հունիսի 3-ի

N 329 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ

 

Մ. Շիշմանյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (ղեկավար)
Գ. Մարգարյան   - Հայաստանի տրանսպորտային ներքին գործերի վարչության պետ
Ս. Հակոբյան   - ՀՀ ֆինանսների նախարարության բաժնի պետ
Վ. Նազարյան   - ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության պետ
Հ. Միրիջանյան   - օդանավի հրամանատար
Ա. Պետրոսյան   - ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Ա. Հարությունյան   - ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության պետի օգնական
Վ. Պողոսյան   - երկրորդ օդաչու

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.1996, N 236 03.06.1992, N 329
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան