Համարը 
N 319-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.04.14/15(749) Հոդ.389
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.03.2010
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
07.04.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
24.02.2023


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2010 թվականի N 319-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. ապրիլի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 4-ի N 319-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում`

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար, որը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի անդամ.

2) հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) եռօրյա ժամկետում ընդունում է որոշում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին:

3. Խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:

4. Խորհրդի նախագահը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը եռօրյա ժամկետում գրավոր ներկայացնում է լիազորված մարմին: Լիազորված մարմինը հնգօրյա ժամկետում խորհուրդ գրավոր ներկայացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման վերաբերյալ իր առարկությունները և առաջարկությունները:

5. Լիազորված մարմնի կողմից առարկություններ և առաջարկություններ չներկայացվելու դեպքում խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում:

6. Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ) հնգօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր պետք է նշվեն մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը, տեղը, սույն կարգի 9-րդ կետով սահմանված պայմանները, հայտերի ընդունման վերջնաժամկետը և սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաև azdarar.am կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(6-րդ կետը լրաց. 25.08.11 N 1221-Ն)

6.1. Խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ սույն կարգի 6-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը տրամադրում է կրթության կառավարման պետական լիազորված մարմնին (այսուհետ` նախարարություն), որը երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում:

(6.1 կետը լրաց. 25.08.11 N 1221-Ն)

7. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ շուտ, քան երրորդ և ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը:

(7-րդ կետը խմբ. 25.08.11 N 1221-Ն)

8. Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի հայտն ընդունում է մրցույթ հայտարարած հաստատությունում:

9. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը.

3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

10. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).

5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).

6) աշխատանքային գրքույկի պատճենը:

11. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:

12. Հաստատության տնօրենի պաշտոնակատարը պարտավոր է հավակնորդներին տրամադրել տվյալ հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար անհրաժեշտ տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին):

13. Մրցույթն անցկացնում է խորհուրդը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչ) պարտադիր մասնակցությամբ:

14. Մրցույթի անցկացման օրվանից առնվազն հինգ օր առաջ խորհուրդը հրավիրում է (գրավոր) ներկայացուցչին` դրա մասին պատշաճ կարգով տեղեկացնելով լիազորված մարմնին:

15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված պահանջը խորհրդի կողմից չկատարվելու դեպքում ներկայացուցչի մասնակցությունը մրցույթին (հավակնորդի պահանջով) ապահովում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

16. Ներկայացուցիչը քվեարկելու իրավունք չունի:

17. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամներից առնվազն 6-ը:

(17-րդ կետը խմբ. 09.09.10 N 1176-Ն) 

18. Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ (բացառությամբ անկանխատեսելի դեպքերի) և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե`

1) խորհրդի նիստը իրավազոր չէ: Այս հիմքով հետաձգված մրցույթի ժամանակ խորհրդի անդամների մասնակցության նվազագույն թիվը մեկով պակասեցվում է.

2) հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել ընտրությանը.

3) ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:

19. Խորհրդի նախագահը կամ նախագահին փոխարինող խորհրդի անդամը մրցույթի հետաձգման որոշման և մրցույթի նոր օրվա մասին երկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հավակնորդին (հավակնորդներին) և լիազորված պետական մարմնին:

20. Հայաստանի Հանրապետության մարզպետի (Երևանի քաղաքապետի)` խորհրդի անդամ չհանդիսացող ներկայացուցիչը մրցույթին կարող է մասնակցել որպես դիտորդ:

21. Կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ընտրությանը կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով:

22. Հավակնորդը բանավոր ներկայացնում է տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը:

23. Հավակնորդի գործնական հմտություններն ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց:

24. Հարցազրույցի ընթացքում հավակնորդի գործնական հմտություններն ստուգելու նպատակով տրվում է հինգ հարց` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած և հրապարակած հարցաշարից: Հարցերն ընտրում է հավակնորդը` վիճակահանությամբ: Հարցերի պատասխանները նախապատրաստելու համար հավակնորդին տրվում է մինչև տասնհինգ րոպե ժամանակ:

25. Մրցույթի ընթացքն արձանագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը կարող է ձայնագրվել:

26. Տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

27. Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո մինչև նիստի ավարտը հավակնորդների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները:

28. Եթե տնօրեն չի ընտրվում, նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն, որին մասնակցում են առնվազն երկու ձայն ստացած հավակնորդները: Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում սույն կարգի համաձայն հայտարարվում է նոր մրցույթ:

28.1. Երկրորդ մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն:

 Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:

 Նախարարությունը հավակնորդներից որևէ մեկին, հիմք ընդունելով նշված փաստաթղթերը, որոշում է ընդունում մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ և 5-օրյա ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություն` սույն կարգի 34-րդ կետի պահանջի համաձայն աշխատանքային պայմանագիր կնքելու համար:

(28.1 կետը լրաց. 25.08.11 N 1221-Ն)

29. Ընտրության արդյունքները չեղյալ են համարվում դատական կարգով կամ ներկայացուցչի բացասական եզրակացության, լիազորված մարմնի, հավակնորդի, խորհրդի անդամի բողոքների հիմքերով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազորված մարմնի կողմից:

30. Լիազորված մարմնի, հավակնորդի, ինչպես նաև խորհրդի անդամի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ուղղված գրավոր բողոքի դեպքում կամ ներկայացուցչի բացասական եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորվում է հանձնաժողով (հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, լիազորված մարմնի մասնագետները և տեղական ինքնակառավարման մարմնի լիազոր ներկայացուցիչը), որն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` բողոքը կամ ներկայացուցչի բացասական եզրակացությունը նախարարություն ներկայացնելուց յոթնօրյա ժամկետում:

31. Խորհրդի նախագահը տնօրենի ընտրության մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին` ներկայացնելով նիստի արձանագրությունը, ընտրված տնօրենի անձնական գործը, փաստաթղթերը և ներկայացուցչի եզրակացությունը:

32. Լիազորված մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է խորհրդի կողմից ընտրված տնօրենի ներկայացրած անձնական գործը, փաստաթղթերը, ներկայացուցչի եզրակացությունը, ինչպես նաև դիտորդի, խորհրդի անդամների կարծիքները (դրանց առկայության դեպքում) ընտրության կազմակերպման ու անցկացման մասին և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) հաստատության (հաստատության անվանումը) տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթը համապատասխանում է հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի պահանջներին.

2) հաստատության (հաստատության անվանումը) տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթը չի համապատասխանում հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի պահանջներին (նշվում են խախտումները):

33. Լիազորված մարմնի կողմից սույն կարգի 32-րդ կետով սահմանված որոշումներից որևէ մեկը չընդունվելու դեպքում ընդունված է համարվում նույն կետի 1-ին ենթակետով սահմանված որոշումը:

34. Լիազորված մարմինն ընտրված տնօրենի կամ սույն կարգի 28.1-ին կետի համաձայն երաշխավորվող հավակնորդի հետ տասնհինգ օրվանից ոչ ուշ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով:

(34-րդ կետը լրաց. 25.08.11 N 1221-Ն)

35. Խորհրդի արձակումը, կազմի փոփոխումը կամ լիազորությունների ավարտը չեն կարող հիմք հանդիսանալ տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

36. Տնօրենի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան