Համարը 
ՀՕ-223-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1375
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.11.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 28-ին

 

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 փետրվարի 1994 թվականի, Հ.Ն.-1005-1-ՀՕ-101) 1-ին հոդվածից հանել «և ժամանակավոր» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 7. Հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկի պարտավորությունը դադարում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Ֆիզիկական անձի կողմից հարկվող օբյեկտն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ առկա` տվյալ հարկվող օբյեկտի համար հողի հարկի չմարված հարկային պարտավորությունները:

Ֆիզիկական անձի կողմից հարկվող օբյեկտն օտարելու դեպքում օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի գծով վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար հողի հարկի պարտավորություններն առաջանում են այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից:

Հարկ վճարող ֆիզիկական անձի մահվան դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում ֆիզիկական անձի մահվան օրվանից մինչև օրենքով սահմանված կարգով սեփականության (ժառանգության) իրավունքի ծագման ամիսը ներառյալ տվյալ հարկվող օբյեկտի հողի հարկի պարտավորությունները:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 8. Ընդհանուր սեփականության դեպքում հարկվող օբյեկտ համարվող հողամասի հողի հարկը հաշվարկվում է ամբողջ հողամասի հարկման օբյեկտից՝ սույն օրենքով սահմանված հաշվառող մարմնի կամ համասեփականատեր կազմակերպության կողմից:

Եթե հողի հարկով հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

Եթե հողի հարկով հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն՝ յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից սույն օրենքի 15 հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր ֆիզիկական անձանց հողի հարկը հաշվարկում են`

ա) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի բոլոր պարտավորությունները համասեփականատերերից որևէ մեկի համար.

բ) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի պարտավորությունները համասեփականատերերից յուրաքանչյուրի համար (իր բաժնի չափով):

Եթե ընդհանուր սեփականության դեպքում համասեփականատերերից որևէ մեկը կազմակերպություն է, ապա հարկվող օբյեկտ համարվող հողամասի հողի հարկը հաշվարկում է համասեփականատեր կազմակերպությունը`

ա) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի բոլոր պարտավորությունները, հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձևում նշելով համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալները.

բ) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում ամբողջ հողամասի հարկման օբյեկտից` հողի հարկի պարտավորությունն իր բաժնի չափով, հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձևում նշելով համասեփականատերերի և նրանց բաժնեմասերի վերաբերյալ պահանջվող տվյալները:»:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 13. Կազմակերպությունների համար հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:

Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 1-ը (ներառյալ) հարկային մարմնի կողմից հաստատված ձևով հողի հարկի տարեկան հաշվարկները ներկայացնում են`

ա) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասի համար՝ հողամասի գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին (սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկները հարկային մարմին ներկայացնելու դեպքում՝ առանձնացված ըստ համայնքների).

բ) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ իրենց գտնվելու վայրի հարկային մարմին:

Անկախ սույն հոդվածով սահմանված ժամկետներից` հաշվետու տարվա ընթացքում նոր հարկվող օբյեկտի առաջացման դեպքում կազմակերպություններն այդ հողամասի հողի հարկի տարեկան հաշվարկը (հաշվի առնելով հողամասի հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թիվը) ներկայացնում են սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով ծագելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է կազմակերպության հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Հաշվետու տարվա ընթացքում հարկվող օբյեկտի օտարման կամ մշտական օգտագործման իրավունքի դադարման դեպքում կազմակերպություններն այդ հողամասի հողի հարկի տարեկան հաշվարկը (հաշվի առնելով հողամասի հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թիվը) ներկայացնում են սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Սույն օրենքով սահմանված գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքերի) փոփոխությունների դեպքում կազմակերպություններն այդ հողամասի հողի հարկի տարեկան հաշվարկը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված փոփոխություններից հետո` մեկ ամսվա ընթացքում, որի արդյունքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների հողի հարկի տարեկան հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները կարող են ներկայացնել հողի հարկի ճշտված տարեկան հաշվարկներ, որոնց հիման վրա հաշվառող մարմինը կատարում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմինների կողմից կազմակերպությունների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո կազմակերպությունների կողմից հաշվառող մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:»:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 14. Ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:

Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից սույն օրենքի 15 հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, հաշվարկում են ֆիզիկական անձանց հողի հարկի տարեկան գումարները:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, սույն օրենքի 15 հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններից ստացված տեղեկությունների կամ հաշվառող մարմին հանդիսանալու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով իրենց կատարած հաշվարկների հիման վրա հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում (այդ թվում` փոստով ուղարկում կամ առձեռն հանձնում) են հարկային մարմնի սահմանած ձևով հողի հարկի վճարման ծանուցագրեր` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը, իսկ սույն օրենքի 21 հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքերում` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից հողամասի գնահատության վերաբերյալ տեղեկություններն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:»:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 15. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝

ա) հարկվող օբյեկտ համարվող հողամասերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմինը ներկայացնում է հաշվառող մարմին.

բ) հարկային և տեղական ինքնակառավարման մարմինները հողի հարկի պարտավորությունների հաշվարկման, հողի հարկի գումարների գանձման և վճարումների հաշվառման նպատակով միմյանց ներկայացնում են անհրաժեշտ տեղեկություններ:

Ֆիզիկական անձինք հողի հարկի իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք կամ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հողի հարկի հաշվարկների ճշգրտման նպատակով կարող են դիմել հաշվառող մարմիններ: Կազմակերպությունները հողի հարկի հաշվարկման նպատակով հարկվող օբյեկտ համարվող հողամասի հարկման օբյեկտի տվյալներն ստանալու համար դիմում են համապատասխան հաշվառող մարմին: Ֆիզիկական անձինք և կազմակերպությունները հարկվող օբյեկտ համարվող հարկման օբյեկտի կամ դրա տվյալների ճշգրտման նպատակով անհրաժեշտ տեղեկություններն ու տվյալներն օրենքով սահմանված կարգով կարող են ստանալ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից:»:

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 16. Կազմակերպությունները սույն օրենքի 13 հոդվածի համաձայն հաշվարկված հողի հարկի տարեկան գումարները (եռամսյակային կտրվածքով` հաշվի առնելով հաշվառող մարմին ներկայացված հաշվարկների հիման վրա նոր առաջացած, օտարված կամ մշտական օգտագործման իրավունքը դադարած, ինչպես նաև նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հարկվող օբյեկտների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկները) սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ): Ֆիզիկական անձի չկատարած պարտավորությունների կատարումն ապահովող պահանջների վրա հայցային վաղեմություն չի տարածվում:

Հողի հարկի գումարը վճարվում է`

ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.

բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:

 

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 17. Սույն օրենքի իմաստով հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են հանդիսանում`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները՝ 2009 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն մասի «բ» կետում նշված դեպքի.

բ) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցերորդ ամիսը լրանալու օրվանից սկսած, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառող մարմին հանդիսանալու գործառույթներն ստանձնելու նպատակով համապատասխան հայտը հարկային մարմնի հետ համաձայնեցրած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած տեղական ինքնակառավարման մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի` հողամասերի հաշվառման և գնահատման վերաբերյալ ներկայացրած տեղեկությունները՝ հաշվարկում են ֆիզիկական անձանց հարկվող օբյեկտ համարվող հողամասերի հողի հարկը: Ֆիզիկական անձանց հողի հարկի ինքնուրույն հաշվարկն սկսելու օրվանից տեղական ինքնակառավարման մարմինները հանդիսանում են ֆիզիկական անձանց հաշվառող մարմին:

Սույն օրենքի իմաստով հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչև 2008 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները՝ 2009 թվականի առաջին եռամսյակից սկսած, բացառությամբ սույն մասի «բ» կետում նշված դեպքի.

բ) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցերորդ ամիսը լրանալու օրվանից սկսած, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառող մարմին հանդիսանալու գործառույթներն ստանձնելու նպատակով համապատասխան հայտը հարկային մարմնի հետ համաձայնեցրած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց ստեղծած տեղական ինքնակառավարման մարմինները հայտի համաձայնեցման եռամսյակին հաջորդող եռամսյակից սկսած համարվում են հողի հարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմիններ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ կամավոր միջհամայնքային կառույցի միջոցով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ու կազմակերպությունների գույքահարկի հաշվառումն ավտոմատացնող տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների և կազմակերպությունների հողի հարկի հաշվառման ավտոմատացումը պարտադիր կարգով իրականացնում են համատեղ կամավոր միջհամայնքային կառույցի միջոցով.

գ) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում նրանց գտնվելու վայրի համապատասխան հարկային մարմինները:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ հոդվածով`

 

«Հոդված 21. Հողի հարկով հարկման օբյեկտի որոշման նպատակով հողամասերի կադաստրային գնահատումները (վերագնահատումները) իրականացվում են երեք տարին մեկ անգամ, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից՝ գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա հաշվառման տվյալների հիման վրա, որի արդյունքները հիմք են ընդունվում գնահատման (վերագնահատման) տարվան հաջորդող երեք տարիների հողի հարկի հաշվարկման համար:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված եռամյա պարբերականությամբ կադաստրային գնահատությունների առաջին կադաստրային գնահատությունն իրականացվում է 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում հաշվառված տվյալների հիման վրա, իսկ հետագա գնահատություններն իրականացվում են սույն հոդվածի առաջին մասում նշված պարբերականությամբ:

Անկախ սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետներից` գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասերի, ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հողամասերի հարկման օբյեկտի որոշման նպատակով իրականացված կադաստրային գնահատության արդյունքները հիմք են ընդունվում մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ հողի հարկի հաշվարկման համար:»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 19
Երևան
ՀՕ-223-Ն