Համարը 
ՆՀ-1065
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.03.20/9.1  Հոդ.162
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
16.03.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի «ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների իրականացման և քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման նպատակով որոշում եմ.

I. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրում (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի սեպտեմբերի 28-ի ՆՀ-679 հրամանագրի խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանագրի 1.2-րդ կետի`

ա) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետը իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի և մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով:»,

բ) չորրորդ պարբերությունը հանել.

2) հրամանագրի 1.3-րդ կետի երկրորդ մասի «ա» ենթակետի «մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների» բառերը փոխարինել «մարզպետարանի աշխատակազմի» բառերով.

3) հրամանագրի 1.5-րդ կետում`

ա) «ը» ենթակետի «մարզպետարանի» բառից հետո լրացնել «աշխատակազմի» բառը,

բ) «ժա» ենթակետի «և ձեռնարկությունների» բառերը հանել,

գ) «ժգ» ենթակետը հանել,

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժէ» ենթակետ`

«ժէ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով մարզպետարանի աշխատակազմում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին:».

4) հրամանագրի 1.7-րդ կետում`

ա) երրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «առաջարկությամբ» բառից հետո լրացնել «մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը»,

բ) հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ.

«Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Մարզպետի խորհրդականների և օգնականների մամուլի քարտուղարի պաշտոնները և թվաքանակը սահմանվում է մարզպետարանի կանոնադրությամբ: Մարզպետի խորհրդականին, մամուլի քարտուղարին և օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:

Մարզպետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը:

Մարզպետարանի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է կառավարությունը, իսկ աշխատողների թվաքանակը` վարչապետը:».

5) հրամանագրի 1.8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ`

«1.8. Մարզպետարանի գործունեությունն իրականացվում է Մարզպետի տեղակալի (տեղակալների), խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի և մարզպետարանի աշխատակազմի միջոցով:

Մարզպետարանի աշխատակազմի աշխատողներ են համարվում տվյալ մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը:

Մարզպետարանի աշխատակազմն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև մարզպետարանի կանոնադրությամբ սահմանված գործառույթներ ու լիազորություններ:

Մարզպետի նստավայրը և մարզպետարանի շենքը գտնվում են մարզի վարչական կենտրոնում:

Մարզպետարանի շենքի վրա և մարզպետի աշխատասենյակում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության դրոշը և Հայաստանի Հանրապետության զինանշանը:».

6) հրամանագրի 1.9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«1.9. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով` մարզպետի կողմից` քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից` քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը`

ա) իր լիազորության շրջանակում կազմակերպում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը և իրականացնում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների վարչական համակարգումը.

բ) ապահովում է մարզպետի որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների կատարման ընթացքը և զեկուցում մարզպետին.

գ) մշակում և մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման ժամկետայնության նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է մարզպետին.

դ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

ե) ապահովում է մարզպետարանի աշխատակազմի բյուջետային ծախսերի կատարումը.

զ) կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների` սահմանված կարգով քննարկումը.

է) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Մարզպետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք աշխատանքի են ընդունվում և աշխատանքից ազատվում մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից:

Համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը կարող է մարզպետին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը բարելավելու վերաբերյալ:

Մարզպետը պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում տեղեկացնում նրան արդյունքների մասին:

Ձեռնարկված միջոցներն անբավարար համարելու դեպքում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը հարցը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը` վերջնական լուծման համար:

Մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում մարզպետը:».

7) հրամանագրի 1.10-րդ կետի «գ» ենթակետի «և ձեռնարկությունների» բառերը հանել.

8) հրամանագրի 1.11-րդ կետի երկրորդ պարբերության «մարզպետարանի» բառից հետո լրացնել «աշխատակազմի» բառը.

9) հրամանագրի 1.13-րդ կետի «զ» ենթակետի «և ձեռնարկությունների» բառերը հանել.

10) հրամանագրի 1.14-րդ կետի «ա» ենթակետի «և ձեռնարկությունների» բառերը հանել.

11) հրամանագրի 1.15-րդ կետի «ժդ» ենթակետի «ձեռնարկությունների» բառերը փոխարինել «կազմակերպությունների» բառով.

12) հրամանագրի 1.20(1)-րդ կետի «ա» ենթակետի «ձեռնարկությունների և այլ» բառերը հանել:

II. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

III. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
16 մարտի 2002 թ.
ՆՀ-1065