Համարը 
ՀՕ-221-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2023
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.06.2023
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.07.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 14-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.

 

«Հոդված 24.1. Ոստիկանության իրավունքները լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս

 

1. Ոստիկանությունը լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս հանցագործություններ կամ վարչական իրավախախտումներ կանխելու կամ բացահայտելու նպատակով կամ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում իրավունք ունի՝

1) կանգնեցնելու լողամիջոցը և ստուգելու նավավարման իրավունքի վկայականը և լողամիջոցի շահագործման համար օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև առերևույթ անսարքությունների առկայությունը․

2) Կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնելու նավավարի սթափության վիճակի ստուգում․

3) մեկուսացնելու ոչ սթափ վիճակում լողամիջոցը վարող անձանց.

4) ստուգելու հրդեհային անվտանգության սահմանված կանոնների պահպանումը.

5) տիրապետողի կամ քաղաքացիների ներկայությամբ զննելու լողամիջոցը, ինչպես նաև փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում.

6) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 125.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ կամ 6-րդ մասերով նախատեսված իրավախախտման դեպքերում արգելելու լողամիջոցի շահագործումը:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 125.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ կամ 6-րդ մասերով նախատեսված իրավախախտման դեպքերում լողամիջոցն իրավասու պաշտոնատար անձի կողմից տեղափոխվում է լողափնյա հատվածներից դուրս գտնվող ափային տարածք կամ լողամիջոցների կանգատեղի մինչև նշված հիմքերը վերանալը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 125.1-ին հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված իրավախախտման դեպքում նավավարի կամ սեփականատիրոջ համաձայնությամբ լողամիջոցը կարող է հանձնվել նավավարման իրավունքի վկայական ունեցող այլ անձի։»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հուլիսի 10

Երևան

ՀՕ-221-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական: