Համարը 
N 884-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2003.08.04/40(275) Հոդ.741
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.07.2003
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.07.2003
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
26.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2003 թվականի N 884-Ն

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիներ են համարվում սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում և Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում չընդգրկված վայրի կենդանիների տեսակները:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ 6-ամսյա ժամկետում`

ա) հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) հայտի և պայմանագրի ձևերը,

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների սիրողական որսի և ձկնորսության, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որսի կատարման կանոնները հաստատելու մասին» որոշման նախագիծը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների խորհրդի 1981 թվականի հունվարի 21-ի «Հայկական ՍՍՀ-ի որսորդական և արգելոցային տնտեսությունների բարելավման միջոցառումների մասին» N 26 որոշման 12-րդ կետը` Հայկական ՍՍՀ տարածքում որսի և որսորդական տնտեսության վարման կանոնադրության մասով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 12
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 884-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) պայմանագրերի կնքման հետ կապված հարաբերությունները:

2. Վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերը կնքվում են Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական լիազորված մարմնի հետ (այսուհետ՝ լիազորված մարմին):

3. Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերը (այսուհետ՝ պայմանագիր) յուրաքանչյուր որսաշրջանի համար կնքում է սահմանված կարգով համապատասխան գործունեության տեսակով (որս, ձկնորսություն) զբաղվող մասնագիտացված իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ:

4. Վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման ժամկետները, ցանկը, չափաքանակները և վայրերը յուրաքանչյուր տարվա համար որսաշրջանի բացումից ոչ ուշ‚ քան 2 ամիս առաջ սահմանում է լիազորված մարմինը՝ դրա մասին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով ծանուցելով հասարակությանը:

5. Վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման‚ որսաշրջանի ժամկետների, ցանկի և չափաքանակների սահմանման համար հիմք են հանդիսանում կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով կատարված ուսումնասիրությունների արդյունքները (տվյալները):

6. Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման տարածքների սահմանման համար հիմք են հանդիսանում այդ տարածքների կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար` օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստացված բարենպաստ ցուցանիշները և (կամ) պայմանները:

7. Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում կենդանական աշխարհի օբյեկտների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործումը թույլատրվում է այդ տարածքների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմների համաձայն:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների սիրողական որս և ձկնորսություն կարող են կատարել օրենքով սահմանված կարգով որսի և ձկնորսության կանոններին իրազեկ անձինք:

 

II. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ

 

9. Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման համար իրավաբանական և ֆիզիկական անձինք լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) պայմանագրի կնքման մասին հայտ՝ նշելով սոցիալական նպատակներով օգտագործման ենթակա վայրի կենդանիների տեսակները, թիվը, տարածքը և որսամիջոցները,

բ) իրավաբանական անձինք՝ իրավաբանական անձի կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները,

գ) ֆիզիկական անձինք՝ որս կատարելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որսորդական զենք կրելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը:

10. Հայտերի ընդունումն ավարտվում է հայտարարված որսաշրջանի սկզբից մեկ ամիս առաջ:

11. Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:

12. Հայտի մերժման հիմք են հանդիսանում`

ա) դիմողի կողմից հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տվյալների առկայությունը,

բ) հայտում ներկայացված վայրի կենդանու տեսակի վիճակի վերաբերյալ ոչ բարենպաստ ցուցանիշները,

գ) հայտում ներկայացված վայրի կենդանու տեսակը Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված լինելը:

13. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

14. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման դեպքում պայմանագիրը կարող է լուծվել օրենքով սահմանված կարգով:

15. Պայմանագրի և հայտի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:

16. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տվյալները (վավերապայմանները), օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը, չափերը, օգտագործման ժամանակահատվածը, վայրի կենդանիների տեսակները, օգտագործման եղանակը‚ չափաքանակը, բնօգտագործման վճարի չափը, գործող օրենսդրության համաձայն վճարման կարգն ու պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը:

17. Պայմանագիր կնքած իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատու են բնապահպանական նորմերի ու սահմանափակումների պահպանման և պայմանագրում նշված պայմանների կատարման համար:

18. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է կազմակերպության կամ ֆիզիկական անձի‚ իսկ մյուսը՝ լիազորված մարմնի մոտ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 884-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետությունում սիրողական որսի ԵՎ ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների

 

ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ

Ջրահովվիկներ Ծածանազգիներ
Գիշատիչներ 21. Եղեգնահավ 40. Կարմրակն
1. Գայլ 22. Փարփար 41. Թեփուղ
2. Շնագայլ Ներկարարներ 42. Սպիտակ ամուր
3. Աղվես 23. Մեղվակեր ոսկեբույն 43. Սև ամուր
4. Գորշուկ Աղավնանմաններ 44. Հաշամ
5. Քարակզաքիս 24. Սովորական տատրակ 45. Ենթաբերան
6. Եղեգնակատու 25. Թխակապույտ աղավնի 46. Կապուտ
7. Լուսան 26. Անտառային աղավնի 47. Կողակ
Կրծողներ Կտցարներ 48. Բեղաձուկ
8. Ջրառնետ 27. Սովորական կիվիվ 49. Ճանար
9. Ճահճակուղբ 28. Կռվակտցար 50. Մուրցա
Նապաստակներ 29. Կարմրաոտ կտցար 51. Տառեխիկ
10. Նապաստակ 30. Մորակտցար 52. Գուստեր
Զույգսմբակավորներ Ճնճղուկանմաններ 53. Ծածան
11. Վայրի խոզ 31. Տնային ճնճղուկ 54. Սպիտակ հաստաճակատ
12. Այծյամ 32. Սովորական սարյակ 55. Խայտաբղետ հաստաճակատ

ԹՌՉՈՒՆՆԵՐ

33. Սև կեռնեխ 56. Կարաս
Սուզակներ 34. Սինակեռնեխ 57. Բրամ
13. Մեծ սուզակ 35. Դաշտային արտույտ 58. Մարտակ
Սագանմաններ 36. Տափաստանային արտույտ Լոքոազգիներ
14. Սուլող մրտիմն

ՁԿՆԵՐ

59. Լոքո
15. Կռնչան բադ Սաղմոնազգիներ Խեցգետնակերպեր
16. Ճքճքան մրտիմն 37. Կարմրախայտ 60. Խեցգետին
17. Կարմրագլուխ սուզաբադ 38. Ծիածանային սաղմոն
18. Փուփուլավոր սուզաբադ 39. Սիգ
Հավանմաններ
19. Քարակաքավ
20. Լոր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ