Համարը 
ՀՕ-211
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.629
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.07.2001
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.08.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի հուլիսի 27-ին

 

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգը (այսուհետ` գանձապետարան), կարգավորում է գանձապետարանի գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Սույն օրենքի նպատակն է գանձապետարանի գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորման միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության և համայնքների ֆինանսական ակտիվների և պարտավորությունների արդյունավետ կառավարման համակարգի առկայությունը:

 

Հոդված 3. ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԸ

 

1. Գանձապետարանը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կենտրոնական գանձապետարանը (այսուհետ` Կենտրոնական գանձապետարան) և լիազոր մարմնի գանձապետարանի ստորաբաժանումները (այսուհետ` գանձապետարանի ստորաբաժանումներ):

2. Կենտրոնական գանձապետարանը, լիազոր մարմնի կենտրոնական ապարատի` սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացման կազմակերպումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների ամբողջությունն է, որը ղեկավարվում է լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ-գլխավոր գանձապետի (այսուհետ` գլխավոր գանձապետ) կողմից:

3. Գանձապետարանի ստորաբաժանումները գանձապետարանի առանձին տարածքային ստորաբաժանումներն են, որոնք սահմանված կարգով ապահովում են գանձապետարանի գործառույթների կատարումը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում: Գանձապետարանի ստորաբաժանումը ղեկավարում է բաժանմունքի պետը:

4. Գանձապետարանի ստորաբաժանումների թվաքանակը, կառուցվածքն ու տեղաբաշխումը սահմանում է լիազոր մարմինը:

5. Կենտրոնական գանձապետարանը և գանձապետարանի ստորաբաժանումներն ունեն կանոնադրություն, Հայաստանի Հանրապետության զինանշանով և իրենց անվանումով ձևաթուղթ: Կենտրոնական գանձապետարանի և գանձապետարանի ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

6. Սույն օրենքով նախատեսված խնդիրների իրագործման ժամանակ գանձապետարանը հանդես է գալիս լիազոր մարմնի անունից:

(3-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-18-Ն)

 

Հոդված 4. ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենքով իր առջև դրված խնդիրներն իրագործելու նպատակով գանձապետարանն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:

 

Հոդված 5. ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Գանձապետարանի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը.

գ) Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովման կազմակերպումը.

դ) Հայաստանի Հանրապետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը.

ե) պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման և բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառման նորմերի սահմանման ապահովումը.

զ) պետական և համայնքների բյուջեների կատարման ընթացքում պետական հիմնարկների կողմից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը.

է) Հայաստանի Հանրապետության և համայնքների ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը.

ը) պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը.

թ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների, արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ֆինանսական հաշվետվությունների ստացումը, դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատության գնահատումը, ամփոփումը և ներկայացումը.

ժ) Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկումը.

ժա) Հայաստանի Հանրապետության ներքին պետական պարտքի ընթացիկ կառավարումը.

ժբ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումը և հսկումը (մոնիտորինգ).

ժգ) Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը.

ժդ) սույն օրենքից բխող այլ գործառույթների իրականացումը:

 

Հոդված 6. ԳԼԽԱՎՈՐ ԳԱՆՁԱՊԵՏԸ

 

1. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե լիազոր մարմնի ղեկավարի տեղակալն է:

2. Գանձապետարանի` սույն օրենքով նախատեսված խնդիրներն իրագործելու նպատակով գլխավոր գանձապետն իրականացնում է իրեն վերապահված լիազորություններ, այդ թվում` կազմակերպում և ղեկավարում է գանձապետարանի աշխատանքները:

 

Հոդված 7. ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

 

1. Գանձապետարանի աշխատակիցներ են համարվում Կենտրոնական գանձապետարանի և գանձապետարանի ստորաբաժանումների` սահմանված կարգով հաստատված հաստիքացուցակներում ներառված պաշտոնները զբաղեցնող անձինք:

2. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-18-Ն)

(7-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-18-Ն)

 

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Հոդված 8. ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Գանձապետարանի խնդիրների իրականացման ընթացքում այլ մարմինների հետ առաջացող հարաբերությունների կարգավորման նպատակով բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման հոդվածներով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման յուրաքանչյուր մարմնում (այսուհետ` պետական մարմին) պաշտոնի է նշանակվում և ազատվում գլխավոր ֆինանսիստ:

2. Գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է պետական մարմնի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է պետական մարմնի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ և համապատասխան լիազորությունների դեպքում կարող է կատարել այլ պարտականություններ:

3. Գլխավոր ֆինանսիստի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պետական մարմնի ղեկավարի հրամանով նրան փոխարինում է այլ պաշտոնյա:

4. Պետական մարմնի և համակարգի պետական հիմնարկների ֆինանսական և հաշվապահական ծառայությունների կառուցվածքը և խնդիրները սահմանվում են լիազոր մարմնի համաձայնությամբ:

 

Հոդված 9. ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Գլխավոր ֆինանսիստն ապահովում է պետական մարմնի կողմից`

ա) ֆինանսական կառավարման համակարգերի առկայությունը.

բ) գնումների մասին օրենսդրությանը համապատասխան` գնումների համակարգի առկայությունը:

2. Գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է պետական մարմնի տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցների արդյունավետ և հրապարակային օգտագործման համար և ձեռնարկում է օրենսդրությամբ սահմանված միջոցներ`

ա) պետական մարմնի կողմից օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական միջոցների հավաքումն ապահովելու համար.

բ) միջոցների վատնումը, չնախատեսված ծախսերի կատարումը կանխելու համար.

գ) պետական մարմնի ֆինանսական պարտավորությունների և հիմնական միջոցների կառավարման համար, ներառյալ` հիմնական միջոցների հաշվառումը, պահպանությունը և շահագործումը.

դ) համակարգի պետական հիմնարկներին` բյուջետային դասակարգմանը համապատասխան, բյուջեով նախատեսված միջոցների բաշխումն ապահովելու համար:

3. Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է`

ա) պետական մարմնի և/կամ համակարգի որևէ պետական հիմնարկի միջոցներ հատկացնելուց առաջ համոզվել, որ վերջինս շարունակում է ապահովել ֆինանսական միջոցների կառավարման համակարգը.

բ) ապահովել պետական մարմնի կողմից սույն օրենքի և այլ ակտերի դրույթների պահպանումը.

գ) ապահովել ծախսերի գերակատարումը կամ պետական մարմնի կողմից հավաքվող եկամուտների թերակատարումը բացառելու անհնարինության դեպքում` պետական մարմնի անունից լիազոր մարմին այդ մասին հաշվետվությունների ներկայացումը.

դ) ապահովել պետական մարմնի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ սահմանված կարգով հաշվապահական գրանցումները.

ե) ապահովել ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը և լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով պետական մարմնի անունից ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատ և լիազոր մարմին.

զ) լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ, այդ թվում` նաև տեղեկատվություն` հաշվետու ժամանակահատվածի փաստացի եկամուտների, ծախսերի և կանխատեսումների մասին:

(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-18-Ն)

 

Հոդված 10. ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԸ

 

1. Պետական մարմնի համակարգում յուրաքանչյուր պետական հիմնարկի ղեկավարը վերադաս պետական մարմնի գլխավոր ֆինանսիստի համաձայնությամբ նշանակում է հիմնարկի գլխավոր հաշվապահ:

2. Սույն օրենքով գլխավոր ֆինանսիստին վերապահված լիազորությունները և պարտականությունները պետական հիմնարկում իրականացնում է գլխավոր հաշվապահը:

3. Գլխավոր հաշվապահի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պետական հիմնարկի ղեկավարի հրամանով նրան փոխարինում է այլ պաշտոնյա:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման նպատակով գանձապետարանն ապահովում է`

ա) օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և համայնքների ծախսերի ֆինանսավորման իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի ընթացիկ կառավարումը.

գ) լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած համաձայնագրի շրջանակներում դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների համակարգմանն ուղղված գործողությունների իրականացումը.

դ) դրամական հոսքերի կառավարման եռամսյակային, ամսական, շաբաթական և օրական ծրագրերի կազմումը.

ե) դրամական հոսքերի կառավարման ծրագրերի փաստացի կատարման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը և հաջորդ ժամանակահատվածի ծրագրերում համապատասխան ճշգրտումների կատարումը:

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՈՒ ՊԱՍՍԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության և համայնքների ակտիվների ու պասսիվների հաշվառման նպատակով գանձապետարանն ապահովում է`

ա) Հայաստանի Հանրապետության բյուջեների կատարման շրջանակներում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պետական բյուջեի կատարման, համայնքների բյուջեների կատարման, արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծրագրերի, Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեների պարտքերի և պետական ու համայնքների բյուջեների կատարման ընթացքում ստանձնված պարտավորությունների մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը, վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից դրանց արդյունքների սահմանված կարգով ներկայացումը.

բ) Հայաստանի Հանրապետության բյուջետային հատվածի վերաբերյալ պետական մարմիններից պետական հիմնարկների հաշվեկշիռների (ակտիվների ու պասսիվների), ֆինանսական հոսքերի (ներառյալ` արտաբյուջետային միջոցների գոյացման ու տնօրինման) մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը, վերլուծությունը և սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից դրանց արդյունքների ներկայացումը:

 

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԵՏԱԿԱՆ և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գանձապետարանի միջոցով ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը:

 

Հոդված 14. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ

 

1. Կենտրոնական գանձապետարանի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացվում և սույն օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարվում է լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշիվը (այսուհետ` գանձապետական միասնական հաշիվ), որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված հաշիվ:

2. Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված բոլոր միջոցները հաշվեգրվում են գանձապետական միասնական հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկները չեն կարող ունենալ բանկային հաշիվներ առևտրային բանկերում (եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով):

4. Հայաստանի Հանրապետության և համայնքների կողմից բոլոր վճարումներն իրականացվում են գանձապետական միասնական հաշվից (եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով)` լիազոր մարմնի սահմանած կարգով:

5. Գանձապետական միասնական հաշիվը ներառում է գանձապետարանի կողմից վարվող հետևյալ ենթահաշիվները`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների ենթահաշիվները.

բ) Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների միջոցների ենթահաշիվները.

գ) պետական և համայնքների արտաբյուջետային միջոցների ենթահաշիվները (այդ թվում` ավանդային).

դ) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների բանկային սպասարկման համար ենթահաշիվները.

ե) ծրագրեր իրականացնող գրասենյակների (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից) բանկային սպասարկման համար ենթահաշիվները:

5.1. Գանձապետական միասնական հաշվի հետևյալ ենթահաշիվները տնօրինում է լիազոր մարմինը`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ըստ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների չբաշխված միջոցների ենթահաշիվները.

բ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը ապրանքային տեսքով տրամադրված վարկերի և դրամաշնորհների դրամայնացումից առաջացող միջոցների կուտակման արտաբյուջետային ավանդային ենթահաշիվները.

գ) լիազոր մարմնի անվամբ` բյուջեների ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) առաջացող միջոցների հավաքագրման և ավանդադրման նպատակով բացված արտաբյուջետային ավանդային ենթահաշիվները:

6. Գանձապետական միասնական հաշվի ենթահաշիվներից`

ա) պետական մարմինները տնօրինում են`

- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների այն ենթահաշիվները, որոնց համար այդ մարմինները հանդիսանում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ,

- պետական հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) ենթահաշիվները.

բ) տեղական ինքնակառավարման մարմինները տնօրինում են`

- համայնքների բյուջեների միջոցների այն ենթահաշիվները, որոնց համար այդ մարմինները հանդիսանում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ,

- համայնքային հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) ենթահաշիվները.

գ) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.

դ) ծրագրեր իրականացնող գրասենյակները (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից) տնօրինում են այդ ծրագրերի իրականացման նպատակով նշված գրասենյակների բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները:

(14-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-240-Ն, լրաց., խմբ. 30.04.13 ՀՕ-46-Ն)

 

Հոդված 15. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ

 

Կենտրոնական գանձապետարանի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացվում և սույն օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարվում են նաև լիազոր մարմնի գանձապետական արտարժութային հաշիվները:

 

Հոդված 16. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ, ԱՄՓՈՓՈՒՄԸ և ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

1. Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով պետական մարմինը գանձապետարանին է ներկայացնում ֆինանսատնտեսական գործունեության տարեկան հաշվետվությունը (այսուհետ` տարեկան հաշվետվություն): Տարեկան հաշվետվությունը, ի լրումն հաշվետու ժամանակաշրջանի գործունեության, այլ հարցերի հետ պետք է ներառի հետևյալ հիմնական բաղկացուցիչները`

ա) պետական մարմնի ֆինանսատնտեսական գործունեության ամփոփ նկարագիրը, դրանք են`

- նպատակները,

- խնդիրները, որոնց իրագործումը հնարավորություն կընձեռի հասնել նպատակներին,

- ծրագրերը, որոնք նպատակաուղղված են խնդիրների իրագործմանը, դրանց նկարագրությունը և ծրագրի յուրաքանչյուր բաղկացուցչի համար առաջարկվող քանակական և որակական ցուցանիշների սահմանումը,

- ֆինանսական` բյուջետային կամ արտաբյուջետային միջոցները,

- մարդկային ռեսուրսները.

բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը` բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ, որը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը`

- տարեկան բյուջեն,

- Ազգային ժողովի կողմից հաստատված բյուջեում կատարված փոփոխությունները,

- կառավարության կամ պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված վերաբաշխումները,

- ճշգրտված բյուջեն,

- աճողական մուտքերը/վճարումները,

- շեղումը ճշգրտված բյուջեից,

- շեղումների համառոտ պատճառները.

գ) հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական մարմնի ամփոփ հաշվեկշիռը` ըստ ակտիվների և պասսիվների.

դ) բյուջետային տարվա ընթացքում դեբիտորական պարտքերի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման.

ե) տվյալ բյուջետային տարվա ընթացքում ֆինանսական ակտիվների շարժի վերաբերյալ հաշվետվությունը (բացի դեբիտորական պարտքերից).

զ) տվյալ բյուջետային տարվա ընթացքում պարտավորությունների շարժի վերաբերյալ հաշվետվությունը (բացի կրեդիտորական պարտքերից).

է) բյուջետային տարվա ընթացքում կրեդիտորական պարտքերի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը` բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ.

ը) բյուջետային տարվա ընթացքում ոչ ֆինանսական ակտիվների փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը:

2. Պետական հիմնարկի գլխավոր հաշվապահը լիազոր մարմնի սահմանած կարգով պատրաստում և հիմնարկի անունից պետական մարմնի գլխավոր ֆինանսիստին է ներկայացնում ամսական հաշվետվություններ, որոնք պետք է ներառեն`

ա) հաշվետվություն` նախորդ ամսվա ընթացքում պետական հիմնարկի եկամուտների և ծախսերի վերաբերյալ` բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ.

բ) ընթացիկ ֆինանսական տարվա մնացած ժամանակահատվածի համար սպասվող եկամուտների և ծախսերի կանխատեսումները.

գ) ամփոփ գործողությունների նկարագրությունը, որոնց իրագործման արդյունքում հնարավոր կլինի ապահովել ծրագրավորված եկամուտները և ծախսերը:

Պետական մարմնի գլխավոր ֆինանսիստը, սահմանված կարգով պետական հիմնարկներից ստանալով հաշվետվությունները, ամփոփում է դրանք և լիազոր մարմնի սահմանած կարգով ներկայացնում է վերջինիս:

Պետական հիմնարկներից ստացված հաշվետվություններից բացի, գլխավոր ֆինանսիստն ապահովում է նաև պետական մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և ծրագրերի կատարման մասին հաշվետվությունների ամփոփումը և լիազոր մարմին ներկայացնելը:

Գլխավոր ֆինանսիստը հաշվետվության հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում նաև հաշվետվության մանրամասն վերլուծությունը` ծրագրի համեմատ շեղումների պատճառների բացահայտմամբ:

 

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ և ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման նկատմամբ գանձապետարանն իրականացնում է նախնական հսկողություն, որի կարգը սահմանում է կառավարությունը:

2. Նախնական հսկողության շրջանակներում, նախքան պետական հիմնարկների անվամբ բացված գանձապետական հաշիվներից ֆինանսական միջոցների ելքագրումը, գանձապետարանում գնահատվում է պետական հիմնարկների կողմից իրականացվող ֆինանսական գործառույթների համապատասխանությունը` բյուջեների կատարման գործընթացը կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ ակտերով սահմանված պահանջներին: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում պետական հիմնարկների անվամբ բացված գանձապետական հաշիվներից ֆինանսական միջոցների ելքագրումը ժամանակավորապես դադարեցվում է, որից հետո`

ա) պետական հիմնարկների համար արձանագրված անհամապատասխանությունը վերջիններիս կողմից չկարգավորելու դեպքում գլխավոր գանձապետը հայտնում է լիազոր մարմնի ղեկավարին, որը տալիս է ցուցում հետագա գործողությունների մասին.

բ) համայնքների կողմից ստեղծված հիմնարկների համար գանձապետարանի ստորաբաժանումի պետը տեղյակ է պահում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, որն ապահովում է անհամապատասխանության շտկումը:

(17-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-18-Ն)

 

Հոդված 18. ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ և ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

Գանձապետարանը գնահատում է պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների արժանահավատությունը, համախմբում է ներկայացված հաշվետվությունները և ապահովում է սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից ամփոփ հաշվետվությունների ներկայացումը:

 

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

Գանձապետարանն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկման ծրագրավորումը և այդ ծրագրին համապատասխան` արտաքին պետական պարտքի սպասարկումը` Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեի մասին օրենքների և համապատասխան համաձայնագրերով սահմանված պայմանների համաձայն:

 

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության ՆԵՐՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԸՆԹԱՑԻԿ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Գանձապետարանը Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեներին պատկանող դրամական միջոցների և ընթացիկ դրամական հոսքերի արդյունավետ կառավարման նպատակով մշակում և իրականացնում է ծրագրեր` ընթացիկ ներքին պետական պարտքի արդյունավետ կառավարման համար, ինչպես նաև ապահովում է ներքին պետական պարտքի սպասարկման հետ կապված գործառնությունների սպասարկումը:

 

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտավորությունների սպասարկումը գանձապետարանն ապահովում է լիազոր մարմնի սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 22. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
22 օգոստոսի 2001 թ.
ՀՕ-211