040.0753.14.08.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2001 թվականի N 753
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատման գործընթացն ընդգրկում է վնասված շենքերի և կառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատումը և հասցված վնասի վերացման համար անհրաժեշտ ծախսերի արժեքային գնահատումը:
2. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատման համար`
ա) կազմվում է վնասված շենքերի և կառուցվածքների ցուցակը` նշելով տեսակը, գտնվելու վայրը և համառոտ բնութագիրը.
բ) ուսումնասիրվում և գնահատվում է վնասված շենքերի և կառուցվածքների տեխնիկական վիճակը.
գ) որոշվում է շենքերին և կառուցվածքներին պատճառված վնասի վերացման միջոցառումների շրջանակը և կազմվում համապատասխան ծրագիր.
դ) գնահատվում է շենքերին և կառուցվածքներին պատճառված վնասի չափը:
3. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատման գործընթացը` կախված աղետի ընդգրկման տարածքից, հետևանքների բնույթից և նշանակությունից, կազմակերպվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, պետական կառավարման հանրապետական կամ տարածքային մարմնի որոշումներով ստեղծված հանձնաժողովի կողմից:
4. Վնասված շենքերի և կառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված կարգով:
5. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին ու կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի չափը որոշելու համար` տեխնիկական վիճակի գնահատման, իսկ պատմության և մշակույթի հուշարձանների համար` նաև Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագիտական-փորձագիտական եզրակացության հիման վրա սահմանված կարգով կազմվում են անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր: Նախահաշվային արժեքի հաշվարկներում ներառվում են վնասի վերացման հետ կապված շինարարական և հարակից աշխատանքների ծախսերը, այդ թվում` ուժեղացման, վերանորոգման, քանդման, նորի կառուցման, տարածքի մաքրման, շինարարական աղբի տեղափոխման, բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովելու և այլ ծախսեր:
(5-րդ կետը խմբ. 05.12.01 N 1197)
6. Շինարարական աշխատանքների արժեքը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված կարգով:
Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի նախահաշվային արժեքի հաշվարկում հաշվի են առնվում նաև հարակից աշխատանքների ծախսերը` համաձայն պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի նախահաշվային արժեքի որոշման հարակից աշխատանքների ծախսերի ցանկը (կցվում է):
7. Սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
8. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատման արդյունքում կազմված` վնասի վերացման ծրագիրը` անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` նշված ծրագրի իրականացման նպատակահարմարությունը որոշելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց տվյալ համայնքին կամ իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատումը կազմակերպել սույն որոշմամբ սահմանված կարգով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 14-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |