Համարը 
N 287-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.02.2024
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.02.2024
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.02.2024
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.03.2024
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի:
Տես 3-րդ կետը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 փետրվարի 2024 թվականի N 287-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը «դեղատոմսերի ձևերը» բառերից առաջ լրացնել «թղթային» բառով.

2) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Էլեկտրոնային դեղատոմսերի համարակալումը, հաշվառումը, ինչպես նաև դրանց համապատասխան դեղերի դուրսգրումը և բացթողումն իրականացվում են էլեկտրոնային առողջապահության համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով: Էլեկտրոնային դեղատոմսով դեղերի դուրսգրումը և բացթողումը, հաշվառումը համակարգի միջոցով իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 99-Ն հրամանի համաձայն։».

3) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում «Էլեկտրոնային առողջապահության համակարգը» բառերը փոխարինել «Համակարգը» բառով.

4) որոշման N 1 հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝

«5.1. Դեղատոմսերը գրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքի, ինչպես նաև սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսերի, որոնք գրվում են միայն թղթային տարբերակով։».

5) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Դեղատոմսը թղթային տարբերակով գրվում է այն դեպքում, երբ համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով հասանելի չէ: Տեխնիկական խնդիրը կարգավորելուց հետո այն մուտքագրվում է համակարգ, վերջինիս հասանելիությունը վերականգնվելուց հետո՝ նույն օրվա ընթացքում։ Էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում թղթային տարբերակը տպագրվում է համակարգից և տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին՝ վերջիններիս պահանջի դեպքում:».

6) որոշման N 1 հավելվածի 2-րդ գլխի վերնագրում «ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ» բառը փոխարինել «ԳՐՈՒՄԸ» բառով.

7) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի`

ա. 1-ին ենթակետը «լիցենզիայի համարը» բառերից հետո լրացնել «կամ հարկ վճարողի հաշվառման համարը» բառերով,

բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրսգրման դեպքում պացիենտի անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը (այսուհետ՝ ՀԾՀ) կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը.»,

գ. 10-րդ ենթակետը «բժշկի ստորագրությունը» բառերից հետո լրացնել «` թղթային դեղատոմսի դեպքում:» բառերով.

8) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Էլեկտրոնային դեղատոմսը, սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալներից բացի, պետք է պարունակի նաև՝

1) ախտորոշման ծածկագիրը՝ հիվանդությունների դասակարգման համաձայն.

2) դեղի անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիրը՝ ըստ գրանցամատյանի.

3) պացիենտի ՀԾՀ-ն կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, ծննդյան ամսաթիվը, սեռը.

4) բժշկի մասնագիտացումը.

5) արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ (այսուհետ՝ փոխհատուցվող) դեղերի տրամադրումը հիմնավորող փաստաթղթի համարը, տրման ամսաթիվը և ուժի մեջ գտնվելու ժամկետը.

6) լիազորված անձի դեպքում` անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ ՀԾՀ-ն կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը.

7) էլեկտրոնային դեղատոմսը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում փաստաթղթերի վավերականացման համար QR կոդը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում դեղատոմսի վավերականությունը ստուգելու նպատակով։».

9) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են սույն որոշման N 2 հավելվածով հաստատված դեղատոմսերի ձևաթղթերի հետևյալ ձևերը՝

1) N 1 դեղատոմսային ձև` թմրամիջոց պարունակող դեղերի համար` թղթային տարբերակով.

2) N 2 դեղատոմսային ձև` հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի համար` էլեկտրոնային կամ թղթային տարբերակով.

3) N 3 դեղատոմսային ձև՝ փոխհատուցվող դեղերի համար` էլեկտրոնային կամ թղթային տարբերակով.

4) N 4 դեղատոմսային ձև՝ դեղերի և դեղանյութերի մեկանգամյա կամ բազմակի բացթողման համար` էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:».

10) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը «դրոշմակնիք:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տվյալները ներբեռնվում են համակարգից ինքնաշխատ եղանակով:».

11) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին փոխհատուցվող դեղերի դեղատոմսեր կարող են գրվել միայն համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատության բժշկի կողմից մեկ ամսվա համար: Պացիենտի գանգատների բացակայության դեպքում` երկրորդ և երրորդ ամիսների համար դեղատոմսերը համակարգի միջոցով կարող են առանց որևէ փոփոխության կրկնօրինակվել բուժող բժշկի բուժքրոջ կողմից և հաստատվել բժշկի կողմից: Թմրամիջոց պարունակող և միաժամանակ փոխհատուցվող դեղերը դուրս են գրվում N 1 դեղատոմսային ձևի վրա, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող և միաժամանակ փոխհատուցվող դեղերը դուրս են գրվում N 2 դեղատոմսային ձևի վրա:».

12) որոշման N 1 հավելվածի 27-րդ կետում «անվանմամբ» բառը փոխարինել «անվանումով» բառով, «դուրս գրելը» բառերը փոխարինել «գրելը» բառով.

13) որոշման N 1 հավելվածի 30-րդ կետում «Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև փոխհատուցվող (այդ թվում՝ կենտրոնացված կարգով ձեռք բերված և մարդասիրական օգնության ճանապարհով ստացված) դեղի» բառերը փոխարինել «Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի» բառերով, «դուրս գրվող» բառերը փոխարինել «գրվող» բառով.

14) որոշման N 1 հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«31. Դեղատոմս գրող բժիշկը հաշվառում է N 1 և N 2 ձևաթղթերի վրա գրված դեղատոմսերն ըստ տեսակների առանձնացված մատյաններում, որոնց էջերը համարակալվում, կարվում և հաստատվում են բժշկական հաստատության տնօրենի ստորագրությամբ: Մատյանում գրիչով նշվում են դուրսգրման ամիսը, ամսաթիվը, պացիենտի անունը, ազգանունը, բնակության վայրը, բժշկական փաստաթղթի համարը, զեղչի հիմքը և չափը (տոկոսով), դեղատոմսի համարը, բովանդակությունը և պացիենտի ստորագրությունը: N 2 և N 3 ձևաթղթերի վրա գրված էլեկտրոնային դեղատոմսերի գրանցամատյանը էլեկտրոնային համակարգում ձևավորվում է ինքնաշխատ եղանակով: N 4 ձևաթղթի վրա գրված էլեկտրոնային դեղատոմսերի գրանցամատյան չի վարվում:».

15) որոշման N 1 հավելվածի 33-րդ կետում «դուրսգրման» բառը փոխարինել «գրման» բառով.

16) որոշման N 1 հավելվածի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԴԵՂԱՏՈՄՍԱՅԻՆ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՇԽՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄԸ».

17) որոշման N 1 հավելվածի 43-րդ կետում «նախարարությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)» բառերով.

18) որոշման N 1 հավելվածի 3-րդ գլուխը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 50.1-ին կետով՝

«50.1. Էլեկտրոնային դեղատոմսերի համարակալումն իրականացվում է համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով։ Անվավեր ճանաչված էլեկտրոնային դեղատոմսերի համարներն այլևս չեն օգտագործվում։ Յուրաքանչյուր հաշվետու տարվա սկզբում էլեկտրոնային դեղատոմսերի ձևերի համարակալումը սկսվում է սկզբից (զրոյից): Համարը ներառում է բժշկական հաստատության հարկ վճարողի հաշվառման համարը, տվյալ տարվա տարեթիվը, դեղատոմսին բնորոշող տառ, վեցանիշ թիվ, որի հաշվարկը սկսվում է 000001-ից:».

19) որոշման N 1 հավելվածի 52-րդ կետում «դուրս գրված» բառերը փոխարինել «գրված» բառով.

20) որոշման N 1 հավելվածի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«53. Սույն կարգով սահմանված որոշ տվյալների բացակայության և (կամ) սխալների և (կամ) ուղղումների և (կամ) անհամատեղելի բաղադրատարրերի առկայության դեպքում դեղատան աշխատակիցը դեղատոմսը գրող բժշկի հետ ճշտելուց հետո կարող է դեղը բաց թողնել: Բաց թողնվող դեղի քանակի սխալների և (կամ) քանակի ուղղումների դեպքում դեղատոմսը դեղատան աշխատակցի կողմից ճանաչվում է անվավեր, և բժշկին տեղեկացվում է նոր դեղատոմս գրելու անհրաժեշտության մասին: Էլեկտրոնային դեղատոմսն անվավեր ճանաչելու դեպքում այն պահպանվում է համակարգում, և դրա անվավեր ճանաչելու ժամկետը և անվավեր ճանաչողի վերաբերյալ տվյալները պահպանվում են համակարգի իրադարձությունների մատյանում:».

21) որոշման N 1 հավելվածի 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«54. Թղթային դեղատոմսով դուրս գրված դեղը բաց թողնելիս դեղատոմսի դարձերեսին նշվում են բաց թողնված դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, բացթողման ամսաթիվը, բաց թողնողի անունը, ազգանունը և ստորագրվում է բաց թողնողի կողմից: Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում՝ համակարգում ամրագրվում են դուրս գրված դեղի քանակները։».

22) որոշման N 1 հավելվածի 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«60. Թղթային դեղատոմսով դուրս գրված դեղը ոչ ամբողջական սպառողական փաթեթով բաց թողնելու կամ բազմակի բացթողման դեպքում մնացած քանակները կարող են շարունակաբար տրամադրվել նույն դեղատնից՝ դեղատոմսի դարձերեսին նշելով դեղի անվանումը, դեղաչափը, բաց թողնված քանակը, ամսաթիվը, բաց թողնողի ու ստացողի անունները և նրանց ստորագրությունները: Էլեկտրոնային դեղատոմսի դեպքում՝ դեղատոմսը մնում է ակտիվ դեղատան աշխատողի համար, քանի դեռ դեղատոմսում առկա ամբողջ քանակը չի տրամադրվել և տրամադրման մասին տեղեկատվությունը չի ամրագրվել համակարգում, կամ չի լրացել սույն կարգի 33-րդ կետով սահմանված դեղատոմսի ժամկետը։».

23) որոշման N 1 հավելվածի 64-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«64. Պացիենտի դեղատուն այցելության անհնարինության դեպքում դեղերը ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը` անձը հաստատող փաստաթղթով: Այդ դեպքում դեղատոմսի դարձերեսին նշվում են դեղի առևտրային անվանումը, դեղաչափը, դեղաձևը, բաց թողնված քանակը, բացթողման ամսաթիվը, բաց թողնողի անունը, ազգանունը, ստորագրությունը և լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ ՀԾՀ-ն կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը։».

24) որոշման N 1 հավելվածի 68-րդ կետը «պայմաններում:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Էլեկտրոնային դեղատոմսերն ինքնաշխատ եղանակով պահպանվում են համակարգում՝ անժամկետ։».

25) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի:

3. Սույն որոշման 1-ին կետի՝

1) 4-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում՝

ա. անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի գրման մասով` 2024 թվականի մարտի 1-ից,

բ. համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի), հորմոնային և միզոպրոստոլ պարունակող դեղերի դեղատոմսերի գրման մասով` 2024 թվականի մարտի 1-ից,

գ. դեղատոմսով բաց թողնվող՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չներառված այլ դեղերի, ինչպես նաև հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերի գրման մասով` 2025 թվականի հունվարի 1-ից.

2) 25-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 29-ի N 287-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշման

 

Դեղատոմսային ձև N 1

ԴԵՂԱՏՈՄՍ

Թմրամիջոց պարունակող դեղի

Ա 000001

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը

 

 

Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը (այսուհետ՝ ՀԾՀ) կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը

 

 

Զեղչի չափը

100% 

50% 

30% 

0%

Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման ցուցումները, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը, տևողությունը (оրերով)

 

 

Դեղատոմսը գրելու ամսաթիվը

 

Դեղատոմսն ուժի մեջ է 10 օր

Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը

 

Բժշկի ստորագրությունը

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 10 տարի:

 

Դեղատոմսային ձև N 2

ԴԵՂԱՏՈՄՍ

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղի

Ա 000001

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը

 

 

Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը (այսուհետ՝ ՀԾՀ) կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը

 

 

Զեղչի չափը

100% 

50% 

30%

0%

Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման ցուցումները, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը, տևողությունը (оրերով)

 

 

Դեղատոմսը գրելու ամսաթիվը

 

Դեղատոմսն ուժի մեջ է 10 օր

 

Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը

 

Բժշկի ստորագրությունը

 

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 10 տարի:

 

Դեղատոմսային ձև N 3

ԴԵՂԱՏՈՄՍ

Փոխհատուցվող դեղի

Ա 000001

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը

 

 

Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության վայրը

 

 

Զեղչի չափը

100%

50%

30%

0%

Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման ցուցումները, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը, տևողությունը (оրերով)

 

 

Դեղատոմսը գրելու ամսաթիվը

 

Դեղատոմսն ուժի մեջ է 30 օր

Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը

 

Բժշկի ստորագրությունը

 

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 5 տարի:

 

Դեղատոմսային ձև N 4

ԴԵՂԱՏՈՄՍ

Մեկանգամյա կամ բազմակի դեղերի և դեղանյութերի բացթողման համար

Ա 000001

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը

 

 

Պացիենտի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը կամ տարիքը, բնակության վայրը

 

 

Դեղի բացթողումների թիվը

մեկ անգամ

երկու անգամ

երեք անգամ

Նշանակվող դեղի անվանումը կամ բաղադրակազմը, դեղաչափը, դեղաձևը, քանակը, միանվագ կիրառման չափաբաժինը, պատրաստման ու բացթողման ցուցումները, կիրառման եղանակը, ժամանակը, հաճախականությունը, տևողությունը (оրերով)

 

 

Դեղատոմսը գրելու ամսաթիվը

Դեղատոմսն ուժի մեջ է

30 օր

180 օր

Բժշկի անունը, ազգանունը, հեռախոսահամարը

 

Բժշկի ստորագրությունը

 

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 6 ամիս:»։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: