«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
16 հուլիսի 2013 թ.
ք. Երևան |
N 422-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՍՏԵՐԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել գյուղատնտեսական կենդանիների պաստերելոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
|
Հավելված
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության
պետական ծառայության պետի
2013 թվականի հուլիսի 16-ի
N 422-Ն հրամանի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՍՏԵՐԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պաստերելոզ հիվանդությունը ընտանի և վայրի մի շարք կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություն է, որի սուր ընթացքը բնորոշվում է շճային և լորձային ծածկույթների բազմաթիվ արյունազեղումներով, իսկ խրոնիկը` առավելապես թոքերի ախտահարմամբ: Հիվանդության նկատմամբ ընկալունակ են ընտանի և վայրի կենդանիների շատ տեսակներ և թռչուններ: Հավերի և ճագարների մոտ հիվանդությունն առավելապես ընթանում է համաճարակի ձևով: Հիվանդության նկատմամբ ընկալունակ են նաև մարդիկ:
2. Հիվանդության հարուցիչը Պաստերելլա մուլտոցիդա (Pasteurella multocida) անշարժ, սպոր չառաջացնող, գրամբացասական ցուպիկ է: Հարուցչի աղբյուրը հիվանդ և հիվանդացած առողջացած պաստերելակիր կենդանիներն են: Գոմաղբում պաստերելլաները կենսունակ են մոտ 1 ամիս, ջրում՝ մինչև 6 ամիս, դիերում՝ մինչև 4 ամիս:
3. Պաստերելոզ հիվանդության դեպքեր հիմնականում գրանցվում են ամռանը և աշնանը: Հիվանդությունն արտահայտվում է սուր, ենթասուր և խրոնիկ ընթացքով: Սուր ընթացքի դեպքում նկատվում են սեպտիցեմիան, թոքերի կրուպոզային բորբոքում, թոքերի և թոքաթաղանթի այտուց, իսկ ենթասուր և խրոնիկ ընթացքների դեպքում՝ նեկրոզաթարախային թոքաբորբ, արտրիտ, մաստիտ, էնդոմետրիտ, երբեմն՝ էնտերիտ:
Հիվանդության տարածմանը նպաստող գործոններ են համարվում կենդանիների և թռչունների զանգվածային տեղափոխումները: Հիվանդության դեպքում հիվանդացությունը և մահացությունը կարող են ունենալ մեծ տատանումներ, որը կախված է հարուցչի վարակունակությունից, կերակրման և պահվածքի պայմաններից, ինչպես նաև մի շարք այլ գործոններից: Խոնավ և անձրևային պայմաններում կարող է դրսևորվել համաճարակային բռնկումներով, որի դեպքում անկումները հասնում են 70-100%-ի:
4. Վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ կենդանիները, հարկադիր սպանդի ենթարկված կամ անկած կենդանիներից ստացված կաթը, միսը, կաշին սպանդային այլ ենթամթերքը: Հիվանդությունը մեխանիկական եղանակով կարող է տարածվել վայրի գիշատիչների, կրծողների և արյունախում միջատների կողմից:
5. Հիվանդությունն ախտորոշվում է համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքների հիման վրա: Լաբորատոր ախտորոշման նպատակով ախտորոշիչ անասնաբուժական լաբորատորիա է ուղարկվում հակաբիոտիկներով և սուլֆանիլամիդներով բուժում չստացած կենդանիներից, իսկ դիակների դեպքում՝ անկումից 3-5 ժամից ոչ ուշ վերցված, փայծաղի (5x5 սմ չափի ունեցող), լյարդի, երիկամների, թոքերի ախտահարված կտորներ: Մանր կենդանիների դիակները փորձաքննության են ուղարկվում ամբողջական: Շոգ եղանակին նմուշները կոնսերվացվում են գլիցերինի 40%-անոց ջրային ստերիլ լուծույթով:
II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
6. Հիվանդության ներթափանցման կանխարգելման նպատակով գյուղացիական և ֆերմերային տնտեսությունները պարտավոր են պահպանել հետևյալ պայմանները՝
1) ձեռք բերված բոլոր կենդանիներին ենթարկել կարանտինային պահվածքի 30 օր.
2) հոտի համալրումն իրականացնել միայն հիվանդության նկատմամբ ապահով տնտեսությունների կենդանիներով.
3) այն տնտեսությունները կամ հոտերը, որտեղ գրանցվել են հիվանդության դեպքեր, 1 տարվա ընթացքում համալրել հիվանդության նկատմամբ պատվաստված կենդանիներով.
4) մսուրային պահվածքի դեպքում բացառել կենդանիների շփումն այլ տնտեսությունների կենդանիների հետ.
5) տնտեսությունը ապահովել սանիտարական անցակետով, իսկ սպասարկող ողջ անձնակազմին՝ փոխնորդ արտահագուստով և կոշիկներով.
6) արոտներում իրականացնել մելիորատիվ աշխատանքներ` ճահճոտված և կանգնած ջրերով (ջրակուտակման) վայրերը վերացնելու նպատակով.
7) տնտեսություններում իրականացնել կրծողների դեմ պայքար.
8) այն տարածքներում կամ համայնքներում, որտեղ գրանցվել են հիվանդության դեպքեր, ապահովել կենդանիների հարկադիր իմունականխարգելումը՝ համաձայն օգտագործվող պատվաստանյութի հրահանգի:
7. Տնտեսության առողջացումից հետո, մեկ տարվա ընթացքում, պաստերելոզի նկատմամբ չպատվաստված կենդանիների ներմուծումն արգելվում է:
8. Տնտեսություններ և տարածքներ նոր կենդանիների մուտքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է միայն պաստերելոզի նկատմամբ ապահով երկրներից կամ երկրների վայրերից՝ ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի առկայությամբ՝ կենդանու առողջ և/կամ պատվաստված լինելու հավաստմամբ:
III. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
9. Անասնաբուժության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից հիվանդությունն ախտորոշելուց կամ ախտորոշումը հաստատելուց հետո լիազոր մարմինը՝
1) որոշում է անապահով տարածքի սահմանները.
2) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հիվանդության դեմ պայքարի միջոցառումների և առողջացման պլանը հաստատելու և իրականացնելու նպատակով վերջինիս ներկայացնում է հիվանդության դեմ պայքարի վերաբերյալ առաջարկությունները.
3) սահմանում է պաստերելոզի դեմ պայքարի միջոցառումների համալիրում պարտադիր իրականացման ենթակա սահմանափակումները:
10. Սահմանափակումների պահանջներով արգելվում է՝
1) անապահով տնտեսություն կամ տարածք նոր կենդանիների մուտքը կամ ներկրումը, անապահով տնտեսությունից կամ տարածքներից կենդանիների արտահանումը և տարանցումը.
2) անապահով տնտեսությունների կամ ֆերմաների ներսում կամ տարածքներում կենդանիների վերախմբավորումը, պահվածքը և արածեցումը.
3) անապահով տնտեսություններից և տարածքներից խոտի, ծղոտի և այլ կոպիտ կերերի տեղափոխումը, առուվաճառքը այլ տարածքներ և տնտեսություններ.
4) անապահով տնտեսությունից կամ տարածքից գոմաղբի դուրս բերելը՝ առանց բիոթերմիկ մշակման.
5) անապահով տնտեսությունից կամ տարածքից պաստերելոզով հիվանդ գյուղատնտեսական, այդ թվում՝ տոհմային կենդանիների տեղաշարժը, փոխադրումը կամ իրացումը կամ առուվաճառքը.
6) հիվանդ կենդանիների մթերումը բազաներ և բտումով զբաղվող կազմակերպություններ.
7) անապահով տնտեսություններից կաթի, մսի և այլ անասնապահական մթերքի իրացումը վաճառքի նպատակով, իսկ վերամշակման համար թույլատրվում է միայն առողջ կենդանիներից ստացված կամ վնասազերծված մթերքի օգտագործումը.
8) անապահով և ապահով տնտեսությունների անասնագլխաքանակների համատեղ պահվածքը, ջրելը, արածեցումը, ամառային արոտավայրեր տեղափոխելը և գտնվելը.
9) արոտային պահվածքի ժամանակ 3 ամիսների ընթացքում այն արոտավայրերի օգտագործումը, որտեղ արածել են հիվանդ կենդանիներ.
10) հիվանդ կենդանիներին ջրելու համար օգտագործված չհոսող բաց կամ փակ ջրելատեղերի օգտագործումը առողջ կենդանիներին ջրելու նպատակով ջրելը դադարեցնելուց հետո 3 ամսվա ընթացքում.
11) հիվանդությունից անկած կենդանիների դիակների և տեղափոխումը անապահով տնտեսության կամ տարածքի սահմաններից դուրս՝ բացառությամբ լաբորատոր ախտորոշման դեպքերը: Դիակները ենթակա են անհապաղ ոչնչացման լիազոր մարմնի հսկողությամբ:
11. Հիվանդության բռնկման դեպքում օջախի մեկուսացման նպատակով գյուղացիական կամ ֆերմերային տնտեսությունները և սպասարկող անասնաբույժները պարտավոր են՝
1) անապահով հոտի (խմբի) բոլոր կենդանիներին ենթարկել կլինիկական զննման և ջերմաչափման: Հիվանդ և հիվանդության մեջ կասկածվող կենդանիներին մեկուսացնել, ապահովել սպասարկող անձնակազմով, գործիքներով, ախտահանիչներով և այլ պարագաներով.
2) բոլոր հիվանդ և նրանց հետ շփված կենդանիներին ներարկել հակապաստերելոզային գերիմուն շիճուկ՝ բուժիչ դոզայով և հետևյալ հակաբիոտիկներից մեկը՝ տերրամիցին (օքսիտետրացիկլին), բիոմիցին (քլորտետրացիկլին), տետրացիկլին, ստրեպտոմիցին, լևոմիցիտին, երկարաձգված ազդեցության հակաբիոտիկներ (դիբիոմիցին, դիտետրացիկլին, դիստրեպտոմիդազոլ, բիցիլին-3): Հակաբիոտիկները կիրառվում են համաձայն համապատասխան հրահանգների, ներարկվում են օրը 3 անգամ 3-5 օր տևողությամբ, իսկ երկարաձգված ազդեցության հակաբիոտիկները՝ միանվագ: Բուժման նպատակով կարող են օգտագործվել նաև գլյուկոզա, սուլֆանիլամիդային և այլ սիմպտոմատիկ դեղամիջոցներ.
3) կերակրող մայրերի մոտ գտնվող խոճկորներին և գառներին ներարկել հակապաստերելոզային գերիմուն շիճուկ՝ բուժիչ դոզայով և բուժել տետրացիկլինի խմբի հակաբիոտիկներով: Անապահով տնտեսության տարածքում գտնվող մինչև 3 ամսական հորթերին նույնպես ներարկել հակապաստերելոզային գերիմուն շիճուկ՝ բուժիչ դոզայով և կերակրել միայն առողջ կենդանիներից ստացված կաթով.
4) հակապաստերելոզային գերիմուն շիճուկ ստացած բոլոր կենդանիներին, որոնց իմունացման տարիքը լրացել է, շիճուկաբուժումից 14 օր հետո ենթարկել իմունականխարգելման՝ ըստ օգտագործվող պատվաստանյութի հրահանգի.
5) հիվանդ կենդանիների հետ շփված ամբողջ գլխաքանակը թողնել նույն տարածքում և ապահովել մսուրային պահվածք նաև արոտային շրջանում մինչև սահմանափակումների հանելը՝ նրանց ենթարկելով շիճուկաբուժման հակապաստերելոզային գերիմուն շիճուկով և 14 օր անց պատվաստել՝ ըստ օգտագործվող պատվաստանյութերի հրահանգի.
6) հիվանդ կենդանիների հետ շփված գլխաքանակից զատ մնացած գլխաքանակը տնտեսության ներսում կամ տարածքում ենթարկել կլինիկական զննման և ջերմաչափման, ջերմություն չունեցող կենդանիներին՝ իմունականխարգելիչ պատվաստման՝ ըստ պատվաստանյութի օգտագործման հրահանգի:
12. Անապահով տնտեսություններում կամ տարածքներում կենդանիների իմունականխարգելիչ կամ հարկադիր պատվաստումները իրականացվում են ըստ համաճարակային իրավիճակի ցուցումների և հաստատված ժամանակացույցի:
13. Իմունականխարգելիչ պատվաստումներն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմնի հսկողությամբ և լիազոր մարմնի վերահսկողությամբ:
14. Հիվանդության նկատմամբ անապահով տնտեսություններում կամ տարածքներում անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել կրծողների դեմ պայքարի միջոցառումներ:
15. Հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների անասնագոմերի մուտքի մոտ տեղադրվում են ախտահանիչ արգելապատնեշներ՝ կոշիկները, անիվները ախտահանելու նպատակով:
16. Ախտահանության համար օգտագործվում են 2% ակտիվ քլոր պարունակող թարմ հանգեցված կրի կամ քլորակրի 10-20%-անոց լուծույթներ, նատրիումի հիդրօքսիդի 2%-անոց լուծույթ, 0,5%-անոց ֆորմալդեհիդի լուծույթ, 5%-անոց կրեոլինի տաք լուծույթ:
17. Գոմաղբը և մինչև 70% խոնավություն ունեցող գոմաղբի պինդ ֆրակցիան ենթարկվում են բիոթերմիկ վարակազերծման պինդ անջրաթափանց ծածկույթով՝ հրապարակներում դարսակավորման եղանակով (դարսակում ջերմաստիճանը 600C-ի հասնելուց հետո տաք եղանակին պահվում է 2 ամիս, իսկ ցուրտ եղանակին՝ 3 ամիս):
18. 70-88% խոնավություն ունեցող գոմաղբը կոմպոստավորվում և պահվում է դարսակներում 6 ամիս:
19. Հեղուկ, կիսահեղուկ գոմաղբը և գոմաղբային հեղանյութը վարակազերծվում են քիմիական ճանապարհով՝ քլորակրի լուծույթի օգնությամբ (1 մ3 գոմաղբին 0,5 լ 25մգ/լ ակտիվ քլոր պարունակող քլորակրի բացված լուծույթ՝ 12-18 ժամ էքսպոզիցիայով):
20. Սպասարկող անձնակազմի արտահագուստի ախտահանության համար օգտագործվում է հոսող գոլորշի (1,5 ժամ գոլորշու խցում), եռացում (2%-անոց կալցիացված սոդայի լուծույթում 1 ժամ), ընկղմում 1%-անոց քլորամինի լուծույթի մեջ (2 ժամով, 5լ լուծույթ 1կգ-ին):
21. Ընթացիկ ախտահանությունն իրականացվում է՝
1) անասնաշենքերում կենդանիների հիվանդության կամ անկման դեպքի գրանցումից անմիջապես հետո՝ ներառյալ հատակը, պատերը, սարքավորումները, կերատաշտերը կամ մսուրները, սպասարկող անձնակազմի համազգեստը, կոշիկները և այն ամենը, ինչի հետ շփվել են հիվանդ կենդանիները.
2) տարածքներում, որտեղ պահվում են հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիները, յուրաքանչյուր առավոտ՝ մեխանիկական մաքրման աշխատանքներին զուգահեռ՝ ներառյալ հատակը, պատերը, սարքավորումները, կերատաշտերը կամ մսուրները, սպասարկող անձնակազմի համազգեստը, կոշիկները և այն ամենը, ինչի հետ շփվել են հիվանդ կենդանիները.
3) անասնաշենքերում և անասունների համար նախատեսված զբոսահրապարակներում, որտեղ պահվում են հիվանդության մեջ կասկածվող, սակայն պայմանական առողջ կենդանիները՝ հիվանդության յուրաքանչյուր նոր դեպքի հաստատումից կամ անկումից հետո, իսկ մինչև սահմանափակումների հանելը՝ յուրաքանչյուր 10 օրը մեկ.
4) կատարումը հավաստող փաստաթղթավորմամբ:
22. Հիվանդությունից անկած կենդանիների դիերը ոչնչացվում են այրման, օգտահանման կամ բիոթերմիկ հորի միջոցով:
23. Անապահով տնտեսությունում կամ տարածքում սահմանափակումները հանելուց առաջ իրականացվում են հետևյալ միջոցառումները, որոնց պատշաճ կատարումն արձանագրվում և հավաստվում է համապատասխան փաստաթղթավորմամբ՝
1) անասունների համար նախատեսված զբոսահրապարակների, փարախների և տարածքների մեխանիկական մաքրում՝ հետագա ախտահանումով և հողի վերավարում.
2) եզրափակիչ ախտահանություն, որն ուղեկցվում է նաև անասնաշենքերում կոսմետիկ՝ սպիտակեցման, փայտե կամ մաշված և ոչ պիտանի գույքի, կոնստրուկցիաների փոխարինման կամ նորոգման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի մեծ աշխատանքներ), եզրափակիչ ախտահանությունն իրականացվում է սույն հրահանգի 15-րդ կետում նշված նյութերով:
24. Տնտեսությունից (տարածքից) սահմանափակումները հանվում են համատարած իմունացումից և պաստերելոզ հիվանդության կամ անկման դեպքի գրանցումից և սույն հրահանգի 22-րդ կետով նախատեսված միջոցառումների և աշխատանքների ավարտից 14 օր հետո:
25. Սահմանափակումները հանելուց հետո 1 տարվա ընթացքում տնտեսությունում կամ տարածքներում իրականացվում է գլխաքանակի իմունականխարգելում համապատասխան պատվաստանյութով: Նոր տեղափոխված կենդանիներն իմունացվում են կարանտինացման ժամանակաշրջանում, եթե չեն պատվաստվել մատակարար տնտեսությունում:
26. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում իմունականխարգելիչ միջոցառումների իրականացման համար, ընդգրկելով անասնագերեզմանոցների, բիոթերմիկ հորերի և կենդանիների դիակների թաղման այլ տեղերի կահավորման և սանիտարական վիճակում պահպանման կազմակերպատնտեսական միջոցառումները, ինչպես նաև կենդանիների սպանդի, մսի, մսամթերքների և կաշվե հումքի պահպանման համար պատշաճ պայմանների ստեղծումը:
IV. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄՍԻ, ԵՆԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
27. Արգելվում է հիվանդության մեջ կասկածվող կամ հիվանդ կենդանիներից ստացված մսի տեղափոխումը հում վիճակում:
28. Մսեղիքի կամ մսի վրա դիստրոֆիկ կամ այլ ախտաբանական փոփոխությունների՝ աբսցեսների և այլն առկայության դեպքում մսեղիքը և ներքին օրգանները ենթակա են ոչնչացման:
29. Մսեղիքում և օրգաններում ախտաբանական փոփոխությունների բացակայության դեպքում սպանդից առաջացած մսի և սպանդային մթերքի օգտագործումը թույլատրվում է բակտերիոլոգիական հետազոտության արդյունքներով սննդում օգտագործման համար պիտանի ճանաչվելուց հետո:
30. Բակտերիոլոգիական հետազոտությամբ մսեղիքում և/կամ ներքին օրգաններում լիստերիաներ հայտնաբերելու դեպքում դրանք ենթակա են ոչնչացման ամբողջությամբ:
31. Մսեղիքում և/կամ ներքին օրգաններում սալմոնելաների հայտնաբերման դեպքում ներքին օրգանները ենթակա են ոչնչացման, իսկ մսեղիքը՝ ջերմային մշակումից հետո օգտագործման պահածոների կամ մսային հացերի արտադրություններում:
32. Մսեղիքում և/կամ ներքին օրգաններում սալմոնելաների բացակայության դեպքում դրանք ենթակա են օգտագործման եփած կամ եփած-ապխտած երշիկների պատրաստման արտադրություններում:
33. Հիվանդության մեջ կասկածվող կամ հիվանդ կենդանիներից ստացված կաթը պաստերիզացվում է տնտեսությունում 900C ջերմաստիճանային պայմաններում` 5 րոպե և հետագայում օգտագործվում է բացառապես կենդանիների կերակրման նպատակով:
34. Անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների կաշին վարակազերծվում է 1%-անոց կերակրի աղի 20%-անոց բացված աղաթթվի լուծույթով (1 միավոր կաշվին` 4 միավոր լուծույթ): Կաշիները պահվում են ախտահանիչ լուծույթում 48 ժամ (17-200C ջերմաստիճանային պայմաններում): Կաշվի վերամշակման գործարան տեղափոխումը թույլատրվում է բացառապես հերմետիկ փակ տարայով:
35. Սույն հրահանգով նախատեսված գործողությունների կատարումը ենթակա է արձանագրման և փաստաթղթավորման, կազմված փաստաթղթերը ենթակա են պահպանության:
36. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը: